Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 12135 articles
Browse latest View live

4 Միլիոն Տոլար Կը Հանգանակուի Ի Նպաստ Հայաստանի Գիւղերուն

$
0
0

Հայաստանի մանուկներու հիմնադրամի (COAF) 15-րդ տարեկան ընթրիքին  ընթացքին, որ տեղի ունեցաւ շաբաթ, 15 դեկտեմբերին, հանգանակուեցաւ շուրջ 4 միլիոն տոլար, ինչ որ նոր մրցանիշ մըն է կազմակերպութեան համար, որ 2003-էն ի վեր կրցած է 44 միլիոն տոլար հաւաքել ի նպաստ Հայաստանի 44 գիւղերու մէջ ապրող մօտաւորապէս 75.000 քաղաքացիներու:

Երեկոյթին ընթացքին հանգանակուած ամբողջ գումարը այս տարի եւս պիտի յատկացուի գիւղական շրջաններու մէջ հիմնադրամին ձեռնարկած կրթական, առողջապահական եւ ընկերային ծրագիրներու իրականացման: Առանձին ուշադրութեան պիտի արժանանայ նորարար SMART նախաձեռնութեան ամբողջացման ապահովումը: Նշենք, որ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը վերջերս այցելած էր SMART նախաձեռնութեան կեդրոնատեղին:

SMART նախաձեռնութիւնը կ՛առաջադրէ թուային արհեստագիտութեան կրթութիւն ջամբել գիւղական շրջաններու երեխաներուն:

«Տպաւորիչ երեկոյ էր, եւ մենք անսահմանօրէն ոգեւորուած ենք սփիւռքի եւ մեր համաշխարհային ընտանիքին աջակցութեամբ, մարդոց, որոնք 15 տարի շարունակ խորապէս հաւատացած ու նուիրաբերած են կազմակերպութեան առաքելութեան: Ձեռնարկը առիթ պիտի տայ ընդարձակելու մեր գործունէութիւնը` ծառայելու 100 համայնքներու 150.000 բնակիչի: Աւելի՛ն. այս ապրիլին տեղի ունեցած խաղաղ յեղափոխութիւնը առաւել ցայտուն կերպով կ՛ընդգծէ կազմակերպութեան հիմնարար արժէքները` ժողովրդավարութիւն եւ ազատութիւն սերմանելով, որ քաղաքացին ինք սահմանէ իր ապագան», իր ելոյթին մէջ ըսաւ Հայաստանի մանուկներու հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրէն տոքթ. Կարօ Արմէնը:

Ձեռնարկին հանդիսավարն էր ամերիկահայ դերասանուհի Անտրէա Մարթինը, իսկ ներկաներուն մէջ կային` Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանը, ՄԱԿ-ի մէջ Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարեանը, արուեստի աշխարհի հեղինակաւոր դէմքերէն պարսկահայ Թոնի Շաֆրազին, «Էմի» մրցանակի թեկնածու դերասան Վիքթոր Կարպըրը եւ «Կրեմի» մրցանակի թեկնածու երգչուհի Մելոտի Կարտոն:

Երեկոյթին ընթացքին կազմակերպութեան «Մարդասիրական մրցանակ»-ը շնորհուեցաւ «Քառնըկի» հիմնարկութեան նախագահ դոկտ. Վարդան Գրիգորեանին եւ անոր հանգուցեալ կնոջ` Քլերին, որ կազմակերպութեան հիմնադիր խորհուրդի կազմի անդամ էր, իսկ դոկտ. Վարդան Գրիգորեանը իբրեւ խորհրդատու կը ծառայէ այդ կազմին: Հայաստանի համալսարաններու 9 ուսանողներ Հայաստանի մանուկներու հիմնադրամին միջոցով Քլեր Գրիգորեանի յիշատակի կրթաթոշակներ կը ստանան:

Ձեռնարկին ընթացքին ոգեւորող ելոյթով հանդէս եկաւ եւ Հայաստանի մանուկներու հիմնադրամին աջակցութեամբ ներկայիս Քոլորատոյի մէջ ուսանող Մարինա Միրզոյեանը, որ Արմաւիրի մարզի Հացիկ գիւղէն է:

Երեկոյի մշակութային մասով հանդէս եկան Հայաստանէն դաշնակահար Արմէն Պուչինեանը եւ սաքսոֆոնահար Արմէն Դաղենցը:

Նաեւ յարգանքի տուրք մատուցուեցաւ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրին:

Նշենք, որ կազմակերպութեան SMART կեդրոնները պիտի հանդիսանան գիւղական շրջաններու երեխաներուն կրթական արդի ծառայութիւններ մատուցող հաստատութիւններ, ուր պիտի տրամադրուին անգլերէնի, արհեստագիտութեան, արուեստի, երաժշտութեան, առողջապահութեան, մարմնամարզի եւ արդի հողագործութեան դասընթացքներ:

 


Ապրէ՛ք Եւ Ապրեցրէ՛ք. ՀՕՄ-ի Ամանորեայ Խնճոյքը Հայրենիքի Պաշտպանների Հետ

$
0
0

ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ

ՀՅ Դաշնակցութեան հզօրագոյն ուղեկից կազմակերպութիւններից մէկը` Հայ օգնութեան միութիւնը (ՀՕՄ), հաւատարիմ` իր առաքելութեանը, երէկ ամանորեայ խնճոյք էր կազմակերպել հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրաւորուած մեր հերոսների համար:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինուորներին ուղղուած բացման խօսքում ՀՕՄ-ի ատենապետ Համեստուհի Սասունեանը նշեց, որ անկախ Հայաստանի բանակի զինուորներից իւրաքանչիւրը հայկական պետականութեան հպարտ ներկայացուցիչն է, որը թէ՛ 90-ականներին, թէ՛ ապրիլեան պատերազմին եւ թէ՛ այս տարիների ընթացքում թոյլ չի տուել, որ պղծուի հայկական հողը:

«Դո՛ւք էք ներկայացնում այսօր սահմանին կանգնած իւրաքանչիւր զինուորին: Հայրենիքը պաշտպանող երեք սերունդ, որոնցից իւրաքանչիւրն իր ուրոյն տեղն է զբաղեցրել մեր ժողովրդի պատմութեան մէջ: Այսօր Հայ օգնութեան միութեան իւրաքանչիւր անդամի անունից Հայաստանի ամենահեռաւոր գիւղից մինչեւ Աւստրալիայի հեռաւոր ափեր, Արցախից ու Ջաւախքից մինչեւ ամերիկաներ եւ եւրոպաներ ձգուող մեր միութեան անունից ես ձեզ, զինուորնե՛ր, ասում եմ` մենք ձեր կողքին ենք եւ ձեզ շատ ենք սիրում», նշեց նա` մաղթելով, որ յաջորդ Ամանորին զինուորները ընտանիք կազմած կը լինեն, իսկ նրանք, ովքեր արդէն կազմել են, կը լինեն իրենց բալիկների հետ:

Ելոյթից յետոյ զինուորները պարահրապարակում էին ծնողների, ՀՕՄ-ուհիների եւ իրենց կեանքի համար պայքարող ու իւրաքանչիւրին մայրական գուրգուրանքով շրջապատած բժշկուհիների հետ: Մէկը պարում էր` սայլակին նստած, մէկը` առաջին անգամ սայլակից վեր կացած, միւսը` ձեռնափայտով,  մէկը ծափ էր տալիս, սուլում, միւսը` պարի հրաւիրում: Ամենակարեւորը` բոլորը ժպտում էին:

Մինչ խնճոյքը շարունակւում էր, Yerkir.am-ի թղթակիցը զրուցում էր զինուորների հետ, որոնք ոգեւորութեամբ պատասխանում էին իւրաքանչիւր հարցի:

Հարցին, թէ ի՞նչ են ցանկանում  որպէս Նոր տարուայ նուէր, զինուորներից մէկը կատակեց. «40 Ձիւնանուշ»: Դէ, ինչպէս ասում են, կատակի կէսն է կատակ, մենք էլ մեր կողմից մաղթեցինք, որ նրա ցանկութիւնն իրականանայ, եւ Նոր տարին զինուորին բերի «լիքը Ձիւնանուշներ»:

Մթնոլորտն աննկարագրելի խանդավառ էր, սակայն չէինք կարող չզրուցել ապրիլեան պատերազմի մասնակից Յովհաննէս Պօղոսեանի հետ ու չանդրադառնալ վիրաւորուելու օրուան: Զինուորն ապրիլի 3-ին Թալիշում մարտական գործողութիւնների ժամանակ ոտքի հրազէնային վիրաւորում ստանալուց յետոյ կրկին բարձրացել էր դիրքերը, իսկ մայիսի 13-ին` վիրաւորուել գլխի շրջանում`  ընկնելով մահաքունի մէջ: Ծայրայեղ ծանր վիճակից Յովհաննէսը դուրս է եկել: Որոշակի դժուարութեամբ կարողանում է ինքնուրոյն քայլել, բառեր արտաբերել եւ կոչ է անում զինուորներին. «Ծառայէ՛ք, եկէ՛ք, հասէ՛ք ձեր ընտանիքներին»:

Հայրենիքի պաշտպանութեան համար առողջութիւնը զոհաբերած զինուորը ո՛չ մի վայրկեան չի ափսոսում: «Ինչ արել եմ` յանուն հայրենիքի եմ արել, յանուն դրա եմ կռուել, պէտք լինի, էլի՛ կը կռուեմ», հպարտօրէն ասաց կրտսեր սերժանտը, որը Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի կողմից Արիութեան մետալի է արժանացել:

Յովհաննէսի հետ փորձեցինք խօսել նաեւ անձնականի մասին, բայց 23-ամեայ երիտասարդը խուսափեց. «Հիմա ժամանակը չէ, աւելի կարեւոր բաներ կան»: Իսկ թէ ի՞նչն է աւելի կարեւոր, նա ընդամէնը լռեց…

Yerkir.am-ը զրուցեց նաեւ հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրէն, «Աջակցութիւն վիրաւոր զինուորներին, զինուորական հաշմանդամներին» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասեանի հետ, որը, չնայած փոքրամարմին լինելուն` հսկայական գործ է իրականացնում զինուորների համար:

Նա ցաւով նշեց, որ այսօր վիրաւոր զինուորները գնահատուած չեն, եւ շատերը վիրաւորումից եւ հերոսի կոչմանն արժանանալուց յետոյ մնում են իրենց խնդիրների հետ միայնակ: Նոյնը` նրանց ընտանիքները:

«Իսկ այսօրուայ միջոցառման ընթացքում բոլորն իրենց գնահատուած զգացին: Մեր վիրաւոր տղաներից ոեւէ մէկը երբեք չի ասում` ինչո՞ւ ես վիրաւորուեցի, որովհետեւ բոլորն իրենց հպարտ են զգում հայրենիքի պաշտպանութիւնն իրականացնելու համար: Սակայն միշտ ասում են` մենք մեր պետականութեան, մեր հայրենիքի ու ժողովրդի համար մեր առողջութիւնը տուեցինք, մի՞թէ փոխադարձ որեւէ բան պիտի չստանանք: Երբ նման միջոցառումներ են լինում, բոլորն իրենց գնահատուած են զգում: Հպարտ են զգում` թէ՛ այն մարդիկ, որոնք իրենց պաշտպանի մատից մի փուշ են հանում, թէ՛ զինուորները: Ես զինուորներին այսքան երջանիկ շատ հազուադէպ եմ տեսել, այսօր այդ եզակի օրերից մէկն է», ասաց Մինասեանը:

Նա նաեւ ընդգծեց, որ ՀՕՄ-ը միշտ եղել է զինուորների կողքին: «Միշտ լսել էի ՀՕՄ-ի մասին, սակայն ինքս չէի պատկերացնում, որ այսքան մեծ փորձ ունի: ՀՕՄ-ը եզակի կազմակերպութիւն է, որը տիտանական գործ է անում, բայց որեւէ տեղ չի լուսաբանւում այդ մասին: Ես տարիների ընթացքում տեսայ, թէ ՀՕՄ-ը որքան ծրագրեր է իրականացնում ոչ միայն զինուորների համար, այլեւ Հայաստանում որքան մարդկանց է օգնում: Թէ՛ կառավարման եւ թէ՛ միջոցառումների համակարգման մէջ շատ բան եմ ՀՕՄ-ից սովորել», անկեղծացաւ Մինասեանը` նշելով, որ կենտրոնը շատ ծրագրեր չէր կարող իրականացնել առանց ՀՕՄ-ի եւ ՀՕՄ-ուհիների անմիջական աջակցութեան:

«Սնունդ, դեղորայք… Ամէն օր ինչի կարիք մեր զինուորներն ունեցել են` թէ՛ անհատապէս, թէ՛ հաւաքաբար, ՀՕՄ-ը հոգացել է: Բացառիկ աջակցութիւն են ցուցաբերել», նշեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրէնը:

Ըստ Հայկուհի Մինասեանի, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մօտ 40 զինհաշմանդամ կայ` մնայուն այցելու, որոնց թիւը կարող է աւելանալ համապատասխան ֆինանսաւորում ունենալու դէպքում:

Միջոցառման ընթացքում «ԱՐԾԻՒ-30 ԱՐԱՐԱՏ» մահապարտների յատուկ ջոկատի կողմից Հայկուհի Մինասեանն արժանացաւ պտուոգրի` զինուորների նկատմամբ նուիրական գործունէութիւն ծաւալելու համար:

Զինուորների ամանորեայ խնճոյքը ՀՕՄ-ը կազմակերպել էր լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրեանի աջակցութեամբ: Սակայն ի՞նչ Նոր տարի` առանց նուէրների: Ձմեռ պապը բաժանեց զինուորների համար պատրաստուած յատուկ նուէրները: Անմասն չմնացին նաեւ ՀՕՄ-ն ու վերականգնողական կենտրոնը. բարերարն անակնկալ մատուցեց` մէկական մեքենայ նուիրելով ՀՕՄ-ին եւ կենտրոնին:

Զինուորների երջանկութիւնը տեսնել էր պէտք այն պահին, երբ տեղեկացան` կենտրոնին նուիրուած մեքենան յատուկ հնարաւորութիւններ ունի, որը կը դիւրացնի նրանց`  մեքենայ նստելն ու տեղափոխուելը:

Զինուորներն է՛լ աւելի ոգեւորուեցին եւ պարահրապարակ եկան ազգային-հայրենասիրական երգերի անզուգական մեկնաբան Արսէն Գրիգորեանի` Մրոյի կատարումներով: Սրահը թնդաց «Վերցրունք, տղե՛րք, զհրացան» երգից, տղերքն ասես լսեցին` ի զէն…

Պարային եւ դհոլային կատարումներով, զինուորներին նուիրուած կենացներով ամանորեայ խնճոյքը մօտենում էր աւարտին. զինուորները, նրանց ծնողները,  բուժանձնակազմն ու ՀՕՄ-ուհիները միասնաբար կտրեցին կարկանդակը եւ հրաժեշտ տուեցին նախորդ տարուան` մաղթելով, որ Նոր տարին բերի խաղաղութիւն, առողջութիւն եւ սէր:

Զինուորների անունից երեկոն կազմակերպող ՀՕՄ-ին  եւ բարերար Խաչատուրեանին շնորհակալութիւն յայտնած զինուորներից մէկն ընդգծեց` իրենք ուրախ են այն փաստով, որ Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, ինչպէս` ՀՕՄ-ուհիները, որոնք կանգնած են զինուորի կողքին եւ ամէն կերպ աջակցում են իրենց:

«Դուք մեզ ուրախացրեցիք, խոստանում ենք` մենք էլ ձեզ կ՛ուրախացնենք», ասաց զինուորը:

Օրուայ աւարտին Yerkir.am-ը զրուցեց նաեւ ՀՕՄ-ի փոխատենապետ Մարի Համբարձումեանի հետ: Նա չէր կարողանում թաքցնել ոգեւորութիւնը: «Այս խնճոյքը կազմակերպելու հիմնական նպատակը զինուորների աչքերում ուրախութիւն տեսնելն էր: ՀՕՄ-ը միշտ եղել է զինուորների կողքին, եւ ապրիլեան պատերազմից ի վեր այնտեղ բուժուող զինուորներն ընտելացել են մեզ եւ մեր այցերին: Երիտասարդ տղաներ են, բնականաբար, սկզբնական շրջանում ամաչում էին, բայց այս տարիներին սերտ, ընտանեկան ջերմ միջավայր ստեղծուեց ՀՕՄ-ի եւ զինուորների միջեւ, եւ նրանք մեզ ընդունեցին որպէս հարազատի: Տարիների ընթացքում մենք ունեցել ենք վիրաւորներ, որոնք անտեսուած են եղել: Սա մեզ համար ցաւ էր: Երբ քառօրեան սկսուեց, ՀՕՄ-ն այցելեց հիւանդանոց, ուր Դաւիթ Սարգսեանը, որն այսօր այստեղ է, վիրաւորուել էր մէկ տարի առաջ, այնպիսի վիճակում էր, որ եթէ չլինէին երկու բժիշկները` նոյնպէս Դաւիթ, եւ ՀՕՄ-ը…  Մենք տեսանք տղաների, որոնք վիրաւորում են ստացել տարիներ առաջ եւ անուշադրութեան մատնուել, սա ուղղակի անմարդկային է: 20 տարեկան երիտասարդին ինչպէ՞ս կարելի է անտեսել: Մենք միայն քառօրեայի ընթացքում խնդիրներ ունեցած տղաների հետ չենք աշխատում, մենք բոլորի կողքին ենք», ասաց Մարի Համբարձումեանը:

Նա նշեց, որ վերականգնողական կենտրոնում բուժում ստանալիս տարբեր տարիքային խմբերի տղաները մտերմացել են, իսկ դա շատ կարեւոր է: «Նրանք ընտանիք են դարձել: Միմեանց շատ լաւ են հասկանում եւ զօրավիգ լինում: Միայն այն, որ այսօր զինուորները ցանկացան կարկանդակը միասին կտրել, ապրելու ճիչ էր, ոչ թէ` գոյատեւելու, այլ` ապրելու ճիչ: Զինուորները Ձիւնանուշիկ էին ուզում, ինչո՞ւ: Նրանք սէր են ուզում, գուրգուրանք են ուզում», նշեց Մարի Համբարձումեանը` յիշելով մի դէպք, երբ կենտրոն այցելութեան ժամանակ զինուոր Դաւիթ Սարգսեանն անկեղծացել  էր` ասելով. «Տիկի՛ն Մարի, ես լաւանալու եմ, ամուսնանալու եմ եւ երեխաներ եմ ունենալու»:

«Նրանց մէջ կեանքը չի մեռել: Մենք իսկապէս ունենք հայրենիքի պաշտպաններ: Պատերազմի դաշտում իր առողջութիւնը կորցրած զինուորն այսօր կրկին պատրաստ է կանգնել այդ դաշտում: Սա ուղղակի աննկարագրելի է», նշեց ՀՕՄ-ուհին:

Հայ օգնութեան միութեան կազմակերպած այս միջոցառման նպատակը զինուորներին երջանկացնելն էր եւ վերահաստատելը, որ նրանք միայնակ չեն: Բոլորի յորդորն ու խնդրանքը զինուորներին մէկն էր` ապրե՛լ եւ ապրեցնե՛լ: Մռնչալով ապրել, բայց ապրե՛լ, ամենակարեւորը` պայքարելով եւ սերունդ տալով ապրել: Սայլակին գամուած, թէ` ոտքի, պարտաւո՛ր են ապրել: Մեր զինուորները լաւագոյնս ապացուցել են, որ կեանքը պայքար է, իսկ հայրենիքը ո՛չ մի դէպքում այլոց չեն մատուցում…

 

Հա՞յը, Թէ՞ Մարդը (Բ.)

$
0
0

ՊԵՏԻԿ

Այո՛, այս յօդուածիս վերնագիրը ճիշդ կարդացէք, «Հա՞յը, թէ՞ մարդը Բ.», որովհետեւ մօտ երկու տարի առաջ գրած էի առաջինը` յստակօրէն «հայը» նախապատիւ նկատելով մարդէն, բարձրաձայն ըսելու համար, որ հայուն ներելի չէ այն, ինչ որ ընդունելի է սովորական ոեւէ մարդու, եթէ ան կը պատկանի ուրիշ որեւէ ազգութեան:

Մենք հայ ենք եւ մեզի համար ունինք կեանքի հոսանքները սահմանող հատու սահմաններ, որոնք պէտք չէ, ներելի չէ, որ անցնինք. սահմաններուն գլխաւորը կը մնայ մեր երիտասարդութեան եւ խառն ամուսնութիւններուն մէջ: Հայուն համար խառն ամուսնութիւն` կը նշանակէ անհաւասարակշիռ ընտանիքի մը հիմնադրութիւնը: Եթէ մէկը ընդունի այդպիսի քայլ մը առնել, կրնա՞յ ըսել, թէ զաւակներուն անունները ի՛նչ կրնան ըլլալ, անոնք ի՛նչ դպրոց պիտի երթան ու հասակ պիտի առնեն ու մեծնան իբր ի՞նչ…

Աւելի՛ն. հայը ունի «մարդ» բառին յստակ սահմանումներ, ու այն, ինչ որ ներելի է մարդուն, այդ կրնայ բացարձակօրէն անընդունելի ըլլալ «հայ»-ուն:

Աւելի պարզ ըսեմ. մենք հայ ենք եւ ունինք մեր ազգին հանդէպ պարտաւորութիւններ, չըսելու համար` միայն պարտականութիւններ: Այսինքն մեզի արտօնուած չէ մեր «հայ» ըլլալը երբեմն, ըստ անձնական հաճոյքներու կամ քմահաճոյքներու, մոռնալ կամ նախապատիւ չնկատել ու յանձնուիլ կեանքի աշխարհիկ հոսանքներուն:

Խօսքս կ՛ուղղեմ «հայ» ծնողներուն, որոնք պարտաւորութիւնը ունին իրենց զաւակները դաստիարակել` պատրաստելով հայ երիտասարդ-երիտասարդուհիներ, որոնք գիտակցօրէն եւ ճակատաբաց կը յայտարարեն եւ չեն զիջիր իրենց հայութիւնը` ի՛նչ ալ ըլլան աշխարհիկ հրապոյրները: Եթէ մեր զաւակները այս հաւատքը ոտնակոխ ըրած` նետուին ոչ հայկական հոսանքի թեւերուն մէջ, մեղադրելի եւ պատասխանատու ենք մենք` իբրեւ ծնողք, իբրեւ «հա՛յ» ծնողք:

Մենք իբրեւ սփիւռքահայութիւն, մեր բոլոր գաղութներուն մէջ ունինք մեր մարզամշակութային թէ կուսակցական ակումբները, որոնք մեր զաւակներուն կու տան հպարտ հայու հիմնաւորումը եւ անզիջող ըլլալու հաւատամքը: Մեր ակումբները նոր սերունդի դաստիարակութեան անհրաժեշտ մէկ  հանգրուանն են. հոն է, որ մեր ազգային գիտակցութեան կարեւորութեան հիմը կը դրուի, հետեւաբար, ինչպէս դպրոցական փուլերը մեր զաւակներուն տարիքի յառաջացումի զուգահեռ կ՛ընթանան, նոյնպէս պէտք է ընդունինք մեր ակումբներուն անդամակցութեան կարեւորութիւնը` պատանութեան շրջանէն սկսեալ:

 

 

Անհրաժե՞շտ Է Արդեօք Սփիւռքի Նախարարութիւնը

$
0
0

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Խնդրի ազգային-քաղաքական կողմը

Պատմական իրադարձութիւնների բերումով, հայութեան հատուածները տարբեր պատմափուլերում հեռացել են հայրենիքից եւ հաստատուել ամէնուր: 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանութեան ու հայրենազրկման պատճառով առաւել ստուարացաւ հայոց ներկայութիւնը աշխարհի տարբեր երկրներում: Հայոց պետականութեան բացակայութեան պայմաններում, ինչպէս եւ` խորհրդային իշխանութեան հակասական տարիներին, սփիւռքահայ կեանքը կազմակերպել են հայկական աւանդական կուսակցութիւնները, զանազան միութիւններն ու կրթամշակութային կազմակերպութիւնները:

Այսօր, անխօս, ոեւէ մէկը չի կարող ժխտել, որ, բացի նշեալ կազմակերպութիւնների ազգանուէր աշխատանքից, պետականութեան գոյութեան պայմաններում անհրաժեշտ է սփիւռքահայ կեանքը կազմակերպող եւ համակարգող պետական հաստատութիւն, մի կառոյց, որը կը գործէր հայեցակարգային ուղենիշով եւ իրապէս կը դառնար մի կողմից սփիւռքահայ ներուժը հայրենիքին ծառայեցնող, միւս կողմից` հայրենիքի հոգեւոր ներուժը սփիւռքի պահպանմանն ու զարգացմանը մղող լայն հարթակ: Այդպէ՞ս էր, արդեօք, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն անցած տասը տարիներին: Որքան էլ գնահատելու լինենք նախարար Հ. Յակոբեանի կազմակերպչական մեծ ջիղը, նախարարութեան, նրա տարբեր օղակների կայացման գործում նրա ունեցած ակնյայտ ներդրումը, այդուհանդերձ, պէտք է փաստել, որ այն, անկախ նախարարի կամքից, այդպէս էլ չգործեց վերոնշեալ հայեցակարգի հենքի վրայ` շահագրգիռ տարբեր շրջանակների կողմից շատ անգամներ արժանանալով ծանր քննադատութեան:

Հայաստանի նոր իշխանութիւնները, փաստօրէն, գնացին ոչ թէ նշեալ հայեցակարգի մշակման եւ առաջադրման, այլ նախարարութիւնը վերացնելու եւ այն արտաքին գործոց նախարարութեան կազմում վարչութեան վերածման ճանապարհով: Ինչ-որ իմաստով տեղի ունեցաւ վերադարձ դէպի խորհրդային շրջան:

Խնդրի իրաւական կողմը

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարի պաշտօնակատար Մ. Հայրապետեանն օրերս հանդիպել է նախարարութեան աշխատակիցների հետ եւ հրաժեշտ տուել: Նախարարի պաշտօնակատարի խօսքերից յայտնի է դարձել, որ ինքը ոչ միայն այլեւս չի պատրաստւում Ամանորից յետոյ ձեւաւորուելիք կառավարութեան կազմում աշխատել որպէս նախարար (վերջինս նորընտիր խորհրդարանում հանդիսանալու է պատկան յանձնաժողովի նախագահը), այլեւ, աւելի՛ն, քննարկւում է սփիւռքի նախարարութեան կրճատման հարցը: Նախարարութեան աշխատակիցները լաւ հասկանալով, որ իրենց հիմնարկութիւնն ապրում է աշխատանքային վերջին տասնօրեակը, արդէն դիմել են բողոքի զանգուածային գործողութիւնների եւ, յայտարարելով զանգուածային գործադուլ, կրճատուող այլ նախարարութիւնների աշխատակիցների հետ դուրս եկել փողոց:

Այն, որ նախարարութեան կրճատումն ունի որոշակի ընթացակարգ, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Նախ եւ առաջ, յունուարին պէտք էր գումարուէր խորհրդարանի նիստը, ընտրուէր վարչապետը, Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան 150-րդ յօդուածի պահանջներով վարչապետը նախագահի հաստատմանը ներկայացնէր կառավարութեան նոր կազմը, եւ այս փուլում է, որ պէտք էր կրճատուէին կամ վերակազմաւորուէին նախարարութիւնները: Այստեղ պարզորոշ է, որ նախարարի պաշտօնակատարն այսքան շտապ հրաժեշտ տալով իր աշխատակիցներին` առաջնորդուել է ոչ թէ սահմանադրութեամբ, այլ` սեփական կուսակցութեան գրասենեակի որոշմամբ: Իսկ ինչն այսօր որոշւում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գրասենեակում, բոլորի համար պարզ է, որ շուտով դառնալու է իրականութիւն, եւ այստեղ նախկինում իշխող ՀՀԿ-ի հետ տարբերութիւնը միայն գրասենեակի հասցէների մէջ է. Հայաստանում ոչ միայն չի աւարտուել քաղաքական մենիշխանութեան դարաշրջանը, այլեւ գնալով ամրապնդւում են վերջինիս հիմքերը:

Իրականում` սփիւռքի նման նախարարութեան գոյութեան նպատակայարմարութեան հարցը, որը հայութեան համար ունի ընդգրկուն նշանակութիւն, պէտք էր որոշուէր ոչ թէ իշխող կուսակցութեան գրասենեակում (համեմատիր ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի որոշումների հետ) կամ կառավարական մէկ-երկու փորձագէտների կարծիքի հիման վրայ, այլ` հասարակական-քաղաքական եւ, յատկապէս, սփիւռքի բոլոր շահագրգիռ կազմակերպութիւնների եւ շրջանակների հետ լայն քննարկումների եւ լսումների արդիւնքում: Սա նաեւ պետութիւն-սփիւռք յարաբերութիւնները համակարգող պետական գերատեսչութեան գործունէութեան համար յստակ հայեցակարգի մշակման առիթ կը ծառայէր: Միւս կողմից` հարցը կը նետուէր ոչ թէ փողոց, ինչպէս այս օրերին է դա տեղի ունենում, այլ կ՛արժանանար բովանդակային եւ մասնագիտական խորը քննարկման:

Հարցի ընկերային կողմը

Պարզորոշ է, որ Փաշինեանի իշխանութեան կողմից իրականացուող լայնատարած կրճատումներն, որոնք իրականացւում են կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման քողի տակ, իրենց խորքում արտացոլում են նաեւ պետական միջոցների սղութեան կամ բացակայութեան փաստը: Վերջին իրողութիւնն անգամ յայտարարւում է բացէիբաց. պետութիւնը միջոցներ չունի: Իրականում այս բեռնաթափումն այնքան էլ անսպասելի չէր հանրութեան համար, եւ դրա մասին խօսակցութիւնները սկսուել էին նախորդ իշխանութիւնների օրօք: Այդուհանդերձ, մարդիկ յոյս էին տածում, որ Փաշինեանը չի գնայ կտրուկ քայլերի եւ կրճատումների այդ քաղաքականութիւնը միս ու արիւն կը ստանայ փտածութեան կրճատմամբ տնտեսուած միջոցների աճին, համատարած ներդրումներին, այլընտրանքային աշխատատեղերի ստեղծմանը, կարճ ասած` տնտեսութեան արագընթաց վերելքին զուգահեռ: Այդ պայմաններում, բնականաբար, պետական ուռճացուած համակարգից անցումը կառավարման արդիւնաւէտ համակարգի կը լինէր անցնցում:

Ամփոփենք.

Ինչպէս շատ ոլորտներ, այնպէս էլ սփիւռքի հետ համակարգող գերատեսչութեան աշխատանքները կարիք ունեն հայեցակարգային հենքի: Չտեսնելով որեւէ հակակշիռ` Փաշինեանի կառավարութիւնը համազգային շահերին առնչուող կարեւորագոյն որոշումներն ընդունում է ոչ թէ հանրային լայն քննարկումների արդիւնքում, այլ սեփական կուսակցութեան գրասենեակում` համախոհների տուած կարծիքների հենքի վրայ: Փաշինեանի իշխանութիւնը լայնատարած կրճատումների գործընթացը սկսում է ընկերային անորոշութեան, սպասուելիք թանկացումների, այլընտրանքային աշխատատեղերի ամբողջական բացակայութեան պայմաններում: Կրճատուող նախարարութիւնների աշխատակիցների զանգուածային դժգոհութիւնները Հայաստանում հաստատուած քաղաքական մենիշխանութեան կամ, աւելի ճիշդ կը լինի ասել, մշակոյթի հաստատման հետեւանքների առաջին ծիծեռնակներն են:

 

 

Եւ Ոչ Միայն Մշակոյթի Մասին

$
0
0

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Մշակոյթի, մարմնակրթութեան եւ կրթութեան նախարարութիւնների հնարաւոր կամ արդէն ուրուագծուող միացումն անհանգստացնող է, եթէ ոչ` անհասկանալի: Գուցէ հետագայում հիմնաւորումներ կը բերուեն ոլորտում կրճատումների անհրաժեշտութեան, կառավարման նոր մոտելներ որդեգրելու, այլ առաջնահերթութիւններ սահմանուելու վերաբերեալ, սակայն հրապարակում սոսկ միացման առաջնահերթութիւնն է եւ ոչինչ` բովանդակութեան կամ տեսլականի մասին, այն մասին, թէ մշակութային ի՛նչ քաղաքականութեան, ի՛նչ ռազմավարութեան վրայ է յենուելու կրճատումը կամ` Հայաստանի քաղաքական ներկայում եւ հեռանկարում ի՞նչ տեղ է վերապահուած նրան:

Հայաստանի համար առանցքային, խիստ ընդգրկուն երկու ոլորտները` կրթութիւն-մշակոյթ, մէկ տանիքի տակ ամփոփելու մտայնութիւնը թոյլ է տալիս տարակուսել` արդեօ՞ք գիտակցւում եւ կարեւորւում է մշակոյթի դերակատարութիւնը ինքնութեան, պետականութեան, անվտանգութեան պարունակում: (Գրեթէ չեմ կասկածում, որ մշակոյթը լուսանցքուելու է):

Այնպէս էի ուզում հաւատալ, որ Հայաստանում իրականացուող մշակութային քաղաքականութիւնը պիտի կարողանար պատասխանել հասարակութեան առջեւ կանգնած կարեւորագոյն խնդիրների` ի՞նչ երկիր ենք կառուցում, ո՞վ է նրա քաղաքացին, ո՞ւր ենք գնում: Այդ քաղաքականութիւնը կենսունակ պիտի լինէր ամէնուր` հանրակրթութեան մէջ, զանգուածային լրատուամիջոցներում, քաղաքաշինութեան եւ ճարտարապետութեան մէջ, արդարադատութեան համակարգում եւ առհասարակ երկրի ընկերային-քաղաքական փոփոխութիւնների պարունակում:

Աւա՜ղ, մշակոյթի բախտը յամառօրէն չի բերում… Տարիներ շարունակ չմտնելով պիւտճէական  առաջնահերթութիւնների մէջ, կրելով թերֆինանսաւորման կնիքը` այն այնուամենայնիւ նուիրեալների ջանքերով արդիւնքներ է ապահովել, յաճախ` արժանապատիւ ներկայութիւն: Այս դժուար ժամանակներում մենք կարողացել ենք միջազգային հարթակներում ներկայանալ մեր մշակութային կերպով (թերեւս` մեր միակ մրցունակ պրենտով): Չեմ դադարում արձանագրել` մշակոյթի յատկապէս քաղաքական ընկալումն ու իմաստաւորումը մեզանում այդպէս էլ չի աշխատում, իսկ մշակութային քաղաքականութիւնը նախեւառաջ ընկալւում է սոսկ որպէս գործառոյթների հաստատութենական հենքի ապահովում:

Աւա՜ղ, երկրի քաղաքական վերնախաւը այս պահին այլ առաջնահերթութիւնների շրջագծում է, իսկ գիտամշակութային, հոգեւոր կամ մտաւոր վերնախաւը առաւել քան մեկուսացած է, հասարակութեան հետ նրա երկխօսութեան մակարդակը ցածր է, եթէ ոչ` զրոյական:

Արդիւնքում` մեր ազգային գաղափարական բանավէճից բացակայում են ստեղծարար օրակարգերը եւ դրանցից բխող այնպիսի ծրագրային գործողութիւններ, որոնք կը յաղթահարեն երկրի մարտահրաւէրները, կը խթանեն հանրային լաւակեցութիւնը եւ մեզ` որպէս հասարակութիւն եւ պետութիւն, կը մօտեցնէին մրցունակ ապագային:

Ի՞նչ անել.

– Մշակոյթի դերի համակողմանի գիտակցումը եւ իմաստաւորումը դարձնել հանրային գիտակցութեան անբաժանելի մաս,

– Վերակազմակերպել մշակոյթի պիւտճէական ֆինանսաւորումը` այն հասցնելով նուազագոյնը 3%-ի,

– Արհեստավարժ եւ յանձնառու անձնակազմերով բարձրացնել ոլորտի կառավարման արդիւնաւէտութիւնը, ամրագրել գործուն վերահսկողական մեքանիզմներ,

– Ապահովել օրէնսդրական երաշխիքներ եւ ընթացակարգեր` հաստատութենական կառոյցների գործունէութեան, մշակոյթի ապակենտրոնացման, տարածքային համաչափ զարգացման, գեղարուեստական կրթութեան մատչելիութեան եւ որակի ապահովման համար,

– Ի վերջոյ, մշակութային դրամագլխի հաշուարկով մշակել Հայաստան 2023 հեռանկարային ծրագիր, որը կը ծառայի Հայաստանի արտաքին պրենտի սպասարկմանը, կը դառնայ քաղաքակրթական, մրցակցային արժէք, միւս կողմից` կ՛ապահովի հայ ինքնութեան սպասարկմանը` ի հակադրութիւն բարոյական նահանջների եւ պարտութիւնների:

Պարոնա՛յք, սիրելինե՛ր, մշակոյթում մեծ գործնապաշտութիւն կայ, այն մրցունակ երկրի նախապայմանն է, ոչ միայն ընկերային խնդիրներ է լուծում, այլեւ` ձեւաւորում ինքնութիւն ու պետականութիւն գիտակցող քաղաքացի:

 

 

Նշմար. Գլուխները Պահել Մշուշէն Վեր

$
0
0

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ

Հայաստանի մէջ Ազգային ժողովի ընտրութիւններուն ու արդիւնքներուն շուրջ բարձրացած փոթորիկը տակաւին չէ խաղաղած. քաղաքական բեմն ու անոր հետեւող մամուլը ամէն օր նորութիւն կը փնտռեն, եւ կը գտնեն, գնահատելու այս քայլը կամ դատափետելու մէկ այլ որոշում` սկսելով նոր խորհրդարանի դիւանին, յանձնաժողովներուն, նախարարութեանց եւ յարակից հարցերէն, ներքին ու արտաքին ընդդիմադիր ճակատներու ձեւաւորումէն, մինչեւ` իրաւական հետապնդումներ եւ գողօններու վերադարձ: Այս բոլորը «ներքին կարգով» քննարկելի եւ լուծելի հարցեր են, կը ստեղծեն իրաւ կամ խոշորացոյցով դիտուող մտահոգութիւններ:

Զուգահեռ գիծի մը վրայ, եւ մասնաւորաբար վերջին շաբաթներուն արձանագրուեցան «արտաքին» շարք մը զարգացումներ, որոնք եթէ իրենց բնոյթով աննախընթաց չեն, սակայն մտահոգիչ վիճակի մը նախանշանները կը բերեն եւ հաւասարապէս պատասխանատուութեան, հայաստանակեդրո՛ն պատասխանատու մօտեցումի կը հրաւիրեն բոլորը` իշխանութիւն, ընդդիմադիրներ, ինչո՞ւ չէ, նաեւ ամբողջ սփիւռքը` հաւասարապէս: Պատճա՞ռը. այդ զարգացումներուն շուրջ ստեղծուած վէճերն ու ըսի-ըսաւներն են:

Թուենք զարգացումներէն մէկ քանին.

– Ամերիկացի բարձրաստիճան պաշտօնատար Պոլթընի յայտարարութիւնները, զորս կանխած էր պաշտօնաւարտ դեսպան Միլզը:

– Ազրպէյճանի կողմէ զինարշաւի նոր քայլերը, սահմանային գօտիներու մէջ շարժումներ կատարած ըլլալ-չըլլալու մասին զրոյցները:

– Հայաստանի հետ «համախոհութեան նախանշան» տեսնելու Մամետեարովի յայտարարութիւնը, Հայաստանի հակազդեցութիւնը, Ալիեւի ռազմաշունչ յայտարարութիւնները եւ անոնց գտած հակազդեցութիւնները:

– Հայաստանի մէջ կենսաբանական գիտաշխատանոցներու մէջ օտար զինուորականներու ներկայութեան-բացակայութեան մասին արտայայտութիւնները, որոնք ծայր առին Լաւրովի ծանօթ յայտարարութենէն ետք, ապա նաեւ` Քարասինի «հակազդեցութիւնը»:

– Այս բոլորէն առաջ, ՀԱՊԿ-ի ընդհանուր քարտուղարի պաշտօնին շուրջ ստեղծուած վէճերն ու անոնցմէ ծնունդ առած բազմաճիւղ հարցերը:

Ցանկը կարելի է երկարել, յառաջիկային ալ կրնայ երկարիլ:

Այս ու նմանօրինակ զարգացումներու զուգադիպութիւնը որոշ մտահոգութիւն կը պատճառէ. անոնց մէջ կարելի է նախանշաններ տեսնել, թէ փորձ կը կատարուի Հայաստանը վերածելու քաղաքական «ոտնագնդակ»-ի` զայն ենթակայ դարձնելով արտաքին այլօրինակ ճնշումներու, որոնցմէ բարիք պէտք չէ սպասել յամենայն դէպս: Նոյնքան մտահոգիչ է, որ ներքին բեմին վրայ վէճերը երբեմն հրահրում կը ստանան առաւելաբար արտաքին աղբիւրներէ «սպրդած» տեղեկութիւններով:

Առաջին անգամը չէ, որ արտաքին քաղաքական ուժեր կամ լրատու աղբիւրներ կը փորձեն խառնաշփոթ մթնոլորտ ստեղծել Հայաստանի մէջ եւ անոր շուրջ` անուղղակիօրէն ներշնչում տալով ներքին հակաճառութեանց ու բանավէճերու: Ո՛չ նման տեղեկութիւններէ եւ ո՛չ ալ անոնցմով հրահրուած բանավէճերէն բարիք կրնայ ծնիլ Հայաստանի ու ընդհանրապէս հայութեան դիտանկիւնէն. մանաւանդ պէտք է գերզգուշ ըլլալ` չտարուելու ապատեղեկատուութեան ու խրամատներ ստեղծելու, ստեղծուածը խորացնելու միտող արշաւներէն: Իշխանութեան թէ ընդդիմադիրներու համար ազերիական յայտարարութիւններն ու «թելադրանքները» չեն կրնար ուղեցոյց դառնալ, այլ զանոնք պէտք է ընկալել իբրեւ մեր շահերու միահամուռ պաշտպանութեան համար ձեռքերը միացնելու հրաւէր, ի՛նչ դիրքերու վրայ ալ որ գտնուինք այսօր կամ վաղը:

Պէտք է գլուխները պահել շինծու մշուշէն վեր, չկորսնցնել յստակատեսութիւնը:

20 դեկտեմբեր 2018

 

 

ԼԵՄ-ի 45-ամեակին Առիթով Անի Բագրատունիի Արտասանած Խօսքը

$
0
0

45  տարի  առաջ Լիբանանի քաղաքացիական  պատերազմը  չէր սկսած:
45 տարի  առաջ Հայ դատի հետապնդումը նոր անկիւնադարձ  մը  չէր  ապրած:
45 տարի առաջ արցախեան գոյամարտը չէր սկսած:
45 տարի առաջ Հայաստանը  չէր անկախացած:

45 տարի առաջ ՀՅԴ կանոնագիրին եւ ծրագիրին բոլորովին անյարիր` Լիբանանի ՀՅԴ կառոյցը  իգական սեռէ շարքայիններ չունէր: Աւելի՛ն. դասակարգային խտրութեամբ  մը միայն  ուսանողուհիներու իրաւունք տրուած էր ՀՅԴ-ին անդամակցիլ եւ նոյնիսկ  դաշնակցական  երդում  տալէ  ետք, երբ տարիքի բերումով դադրէին ԶՈՄ-էն, չէին կրնար կոմիտէութեան մը մաս կազմել, այլ կը փոխանցուէին ԼՕԽ:

45 տարի առաջ Պատանեկան միութիւն կա՛ր, սակայն` ո՛չ երկսեռ: Անոր անդամները երբեմն  30 տարիքը անց կ՛ըլլային, որովհետեւ ժամանակ առ ժամանակ, բիւրեղացումի պատճառով, շարքերը  նոր անդամներ չէին առներ, եւ պատանի կոչուած  այդ  հասուն երիտասարդները կը շարունակէին  գործել ու  մնալ  պատանեկան  միութիւններու մէջ:

45 տարի առաջ, սակայն, ՀՅԴ 20-րդ Ընդհանուր  ժողովին ներկայ պատգամաւորները, անդրադառնալով ՀՅԴ-ին համար երիտասարդութեան դերի կարեւորութեան, գաղափարը  ունեցան ստեղծելու ՀՅԴ Երիտասարդական միութիւնը, որուն կրնար  անդամագրուիլ 16-25 տարեկան ամէն անհատ`  առանց սեռի եւ դասակարգի խտրութեան:

Շուտով Լիբանանի զանազան շրջաններու մէջ  կազմուեցան երիտասարդական կորիզներ, որոնք  նախաձեռնեցին մասնաճիւղերու կազմութեան:

ԼԵՄ-ը  հիմնուած է իբրեւ ՀՅԴ-ի  դաստիարակչական միաւոր: Միաւոր, որ նախ պիտի դաստիարակուի` ծանօթանալով ՀՅԴ-ի  պատմութեան եւ հերոսներուն: Միաւոր, որ  պիտի  սորվի ու հասկնայ ՀՅԴ կանոնագիրն ու ծրագիրը: Միաւոր, որ ամէն բանէ  վեր պիտի  դասէ հայ ժողովուրդին  ծառայութիւնը: Միաւոր, որ  գործի մէջ  խտրութիւն  պիտի  չդնէ: Միաւոր, որ պիտի  գիտնայ  ծառայել պատերազմի  եւ  խաղաղութեան մէջ: Միաւոր, որ Հայ դատը պիտի  դարձնէ  իր  մտասեւեռումի առարկան: Միաւոր, որուն մէջ  պիտի թրծուի նաեւ ՀՅԴ-ի հաւատարիմ  համակիրը:

Դժբախտաբար, սակայն,  իր  ծնունդէն  երկու  տարի ետք պայթեցաւ Լիբանանի  քաղաքացիական պատերազմը:

ԼԵՄ-ի դաստիարակութիւնը փորձաքարի զարնուեցաւ եւ յաջող  ու հպարտ դուրս  եկաւ ան: Երկու տարեկան ԼԵՄ-ը եւ ԼԵՄ-ականները շնորհիւ իրենց դաստիարակութեան` պատրաստ էին  ստանձնելու մերթ պաշտպանողի, մերթ Կարմիր  խաչի, մերթ  մատակարարողի դերը: Վերջապէս, ԼԵՄ-ը հոն  էր, ուր կարիք կար եւ  ամէն  ճակատի  վրայ արդարացուց իր վրայ  դրուած յոյսերը:

Քաղաքացիական պատերազմը երկարեցաւ, եւ ԼԵՄ-ի առաջին սերունդը իր գործը  կուսակցութեան շարքերուն մէջ շարունակեց  եւ ԼԵՄ-ի ջահը փոխանցեց  պատերազմի օրերուն  անդամագրուած երիտասարդներու: Իշխողը  քաղաքացիական պատերազմի մթնոլորտն  էր, սակայն երբեք կանգ չառաւ ԼԵՄ-ականի դաստիարակչական բաժինը: Յաճախ հաղորդակցելու դժուարութեան  պատճառով որդեգրուեցան ինքնազարգացման ձեւեր:

Պատերազմ… առա՞նց զոհի… երանի՜: Դժբախտաբար ԼԵՄ-ն ալ վճարեց սուղ գին: Անդրանիկ Տումանեան, Երուանդ Խզարճեան, Գէորգ Թէքէեան, Կարպիս Պարսումեան, Եղիկ Գայայեան, Հրայր Վարդանեան, Րաֆֆի Զատիկեան, Գէորգ Աշճեան, Ժոզեֆ Պլեզիկճեան, Պարոյր  Տուտագլեան, Կարօ Գափլանեան, Յարութ Խշուաճեան` ճակատի վրայ  կամ  ակումբի  մէջ  կորսնցուցին իրենց  երիտասարդ կեանքը, որպէսզի  իրենց  ազգակիցները ապրին: Յարգա՛նք ձեզ, վստահ եղէ՛ք, որ այսօր  դուք  կ՛ապրիք  ամէն մէկ ԼԵՄ-ականի  սրտին  ու  հոգիին մէջ:

1975-1983  ժամանակաշրջանը նոյն  ատեն  կը  զուգադիպի Հայ դատի պայքարի նոր փուլի մը` զինեալ պայքարի: Ցոյցերը, բողոքագիրները, քայլարշաւները չէին տուած սպասուած  արդիւնքը: Եւ  ահա «ձայն մը հնչեց» Վիեննայէն: Բացուեցաւ  նոր փուլ մը, որ վերջ  գտաւ Լիզպոնի անձնասպանական գործողութեամբ: Բազմաթիւ  երկիրներու մէջ քաղաքական բանտարկեալներ, բոլորը  անխտիր` երիտասարդականի անդամներ, որոնց վերջինը` սքանչելի Համբիկ Սասունեանը,  տակաւին կալանաւոր կը  մնայ  Միացեալ  Նահանգներու  մէջ: Իսկ  ի՜նչ  ըսենք Լիզպոնի Սիմոնին, Վաչէին, Սագոյին, Արային եւ Սեդոյին մասին, բացի խոնարհելէ  անոնց արարքին  մեծութեան  առջեւ:

Երբ կը յիշենք այս բոլորը, երբ կը մէկտեղենք  այս  բոլորը, միայն այն ատեն կ՛անդրադառնանք  կատարուած գործին տարողութեան եւ կը  զարմանանք ու կը հիանանք նոյն ատեն, թէ այդ  ի՜նչ  մղում էր, ո՞ւր թաքնուած  էր այդ քաջութիւնը, կազմակերպութիւնը` մինչեւ 1973: Լիբանանի քաղաքացիական պատերազմին նոր Սերոբ Աղբիւրներ, Գէորգ Չաւուշներ, Նիկոլ Դումաններ  ծնած  էին կարծէք: Իսկ Հայ դատի մարտիկները կարծէք  երէկ կը գործէին Դրոներու, Թեհլիրեաններու, Շիրակեաններու հետ, հակառակ  անոր որ 50-է աւելի  տարիներ  կը  բաժնէին զիրենք անոնց ժամանակաշրջանէն:

Եւ  մտածե՜լ ու երեւակայե՜լ, հապա՞ եթէ ԼԵՄ-ը չըլլար, ի՞նչ պիտի  պատահէր, ո՞վ պիտի  կատարէր այդ բոլորը: Ե՞րբ  եւ ինչպէ՞ս  պիտի  պատրաստուէր երիտասարդութիւնը հոգեպէս  եւ ֆիզիքապէս, որպէսզի  կարողանար հասնիլ  մեր ժողովուրդի կարիքներուն:

Այսօր, 45  տարի ետք, կրնանք յայտարարել, որ ԼԵՄ-ը արդարացուց իր հիմնադիրներուն  կողմէ  իր վրայ դրուած յոյսերը: ԼԵՄ-ը յաջողած է միշտ գործօն ներկայութիւն ըլլալ Լիբանանի գաղութի կեանքին  մէջ: «Ո՞ւր  են  ԼԵՄ-ականները…», «Կանչեցէ՛ք ԼԵՄ-ականները, որպէսզի  աֆիշ  փակցնեն», «Թող ընեն  այս գործը…» կամ  «այն  գործը…»: Սովորական եւ յաճախ լսուած  խօսքեր են  ասոնք մեր ակումբներուն  մէջ: ԼԵՄ-ականին  համար  թերեւս անհաճոյ այս  արտայայտութիւնները, եթէ լաւ մտածենք, պէտք  է  ուրախացնեն  ձեզ, որովհետեւ  այդ  արտայայտութիւններէն ի յայտ կու  գայ ԼԵՄ-ի  կարեւորութիւնն ու  անհրաժեշտութիւնը մեր կուսակցական եւ ազգային  կեանքին  մէջ:

«Մենք, երբ որ ԼԵՄ-ական էինք…». այս  արտայայտութիւնն ալ յաճախ լսուած  է պատասխանատուներու  կողմէ. «Ինծի համար  այդ ալ հաճելի կը թուի, որովհետեւ այսօր  մեր  կուսակցական  մարմիններու անդամները մեծ  մասամբ ԼԵՄ-ի մէջ թրծուած ընկերներ են եւ  գիտեն, թէ ի՛նչ պէտք  է ակնկալեն ԼԵՄ-ականներէ, որովհետեւ կուսակցութեան ապագան անոնց է:

ԼԵՄ-ականը խորապէս պէտք է ըմբռնէ ՀՅԴ զինանշանով, ծրագիրով ու կանոնագիրով փոխանցուած խորհուրդները եւ ըստ այնմ պէտք  է  գործէ: ՀՅԴ-ն պէտք ունի մտաւորականներու, որոնք իբրեւ  գործիչներ պիտի ծանօթացնեն  կուսակցութիւնը եւ Հայ դատը` տանելով  համապատասխան քարոզչական աշխատանք: ՀՅԴ-ն նոյն ատեն պէտք  ունի  մարտիկներու, որոնք ի հարկին պիտի ստանձնեն գաղութի  կամ  հայրենիքի պաշտպանութիւնը: Մարտականը,  սակայն, զէնք  գործածել գիտցողը  չէ: Զէնք  գործածել սորվիլը դիւրին է, դժուարը, սակայն, զայն գործածելու որոշում տալն է: Դժուարը յարմար  ժամանակին զայն  գործածելն  է, իսկ  ա՛լ աւելի  դժուարը զայն չգործածելն է եւ առանց  արիւնահեղութեան  լուծումներ գտնելն է…

Թիւր  հասկացողութեամբ  մը մեր  ժողովուրդին  մէջ  կայ այն տպաւորութիւնը, որ ԼԵՄ-ը կուսակցութեան զինուոր  պատրաստելու թեւն է, վարկած  մը, զոր մեր հակառակորդներն  ալ  կ՛օգտագործեն վնասելու համար  ԼԵՄ-ի դիմագիծին: Վարկած մը, որ  յաճախ ԼԵՄ-ականներն ալ կը յայտարարեն  եւ սխալ  մեկնաբանութեամբ մը կը  բացատրեն ՀՅԴ-ի  յեղափոխական կուսակցութիւն  ըլլալու իրականութիւնը: Յեղափոխութիւնը, սիրելի՛  ընկերներ, գաղափար մը, կառոյց մը, իշխանութիւն մը արմատէն փոխելու գործընթացն է, եւ զէնքը յեղափոխութեան միջոցներէն մէկն է միայն, եւ պէտք է գործածել զայն, երբ  խաղաղ բոլոր միջոցները սպառած են: Եւ ճիշդ վերը նշուած  պատճառներուն համար ԼԵՄ-ականը  պէտք է ըլլայ զարգացած (ակնարկը  ուսումի  չի  վերաբերիր, ինքնազարգացումը լաւագոյն  միջոցն  է զարգանալու) մարզուած եւ պատրաստակամ, որպէսզի  ամէն  կացութեան  մէջ  տալիք  ունենայ:

Փառաւոր 45 տարիներ, հարուստ  պատմութիւն մը, որ սակայն կը  դժուարացնէ  ներկան: Այսպիսի  անցեալ  ունեցող  միութեան  մը  անդամ  ըլլալը հպարտալի  է, բայց նախորդներու  գործը  շարունակելը` դժուար: Դժուար  է նաեւ անոնց  արժանի  ըլլալը եւ ոչ թէ` անոնց «փառքերով» հպարտանալը: Դժուար է  դիմագրաւել անծանօթ  ապագան, բայց`  ո՛չ  անկարելի:

Այսօրուան  ԼԵՄ-ականը  անցեալի  փորձառութենէն  ունի  ամուր  հիմեր, որոնց  վրայ  պէտք  է կառուցէ յարկեր, բայց նաեւ  ունի անկախ Հայաստան  եւ  անկախ Արցախ, 45 տարի  առաջ  անկարելի եւ երազային թուող փափաքներ: Անոնք  ո՛չ միայն շօշափելի  իրականութիւն  դարձած  են, այլ կը  բարգաւաճին ու  կը  զարգանան: ԼԵՄ-ականը  հայրենի  հողին  վրայ  բանակում կ՛ընէ, գործուղումներ  կը  կատարէ  դէպի Հայաստան  եւ Արցախ` ուղղակի  շփում  հաստատելով հայրենիքի  երիտասարդութեան  հետ:

Այսօր ԼԵՄ-ը ճանչցողները յարգանք  եւ հպարտութիւն  պիտի զգան: Մեր նահատակ եւ մահացած ընկերները  թող  ննջեն խաղաղ, որովհետեւ իրենց գործը շարունակող  ԼԵՄ-ականը պատնէշի վրայ  է միշտ եւ  երբեք չի  մտածեր յանձնուելու մասին:

Այսօրուան  ԼԵՄ-ը, ի  տարբերութիւն նախորդներուն, տարբեր տեսակի  ճակատամարտեր մղելու պարտաւորութեան  տակ  է: Այդ  ճակատամարտերը  կը  կոչուին ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄ, ԱՐՀԵՍՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ, ԱՅԼԱՍԵՐՈՒՄ, ԱՊԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՒ ՁՈՒԼՈՒՄ: Եւ որպէսզի այս պատերազմներէն յաղթական  դուրս  գան, պէտք  ունին  համապատասխան  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԵԱՆ եւ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ` միշտ պահելով դաշնակցական գաղափարական եւ կազմակերպական պատրաստութեամբ հաւատաւոր երիտասարդին դիմագիծը:

Շնորհաւոր 45-ամեակդ, սիրելի՛ ԼԵՄ, հաւատացէ՛ք, մէկը, որ ԼԵՄ-ական  եղած  է, միշտ  սրտին խորը կը մնայ ԼԵՄ-ական:

Նորանոր տարեդարձներ եւ յաջողութիւններ կը մաղթեմ  այս սիրելի  միութեան:

Քեզի՛ Համար, Հայաստան…

$
0
0

Մ. Ն.

Շաբաթ երեկոյեան, 22 դեկտեմբեր 2018, 2019-ի Ամանորը եւ Յիսուսի ծնունդը կանխող տօնական օրերուն, Համազգայինի «Կարկաչ» մանկական, պատանեկան եւ երիտասարդական երգչախումբը Պէյրութի մէջ հանդէս եկաւ Լիբանանի երգերու փառատօնի շրջագիծին մէջ:

Հայութեան համար հպարտութեան եզակի առիթ մըն էր այս համերգը, որովհետեւ եկեղեցին լեցուցած հայ եւ օտար երաժշտասէր հասարակութիւնը Ս. Ծննդեան աւանդական երգերուն հետ ըմբոշխնեց Մակար Եկմալեանի դաշնաւորած սուրբ պատարագէն շարականներ եւ որոտընդոստ ծափերով գնահատեց վերջին երգը` Շարլ Ազնաւուրի «Քեզի՛ համար, Հայաստան»-ը:

«Քեզի՛ համար, Հայաստան»-ը զիս տարաւ հայութեան Բեթղեհէմը` մեր յաւերժական հայրենիքը, ուր Քրիստոս Իր սուրբ անունով մեզ հայ-քրիստոնեայ մկրտեց եւ երկնային անջնջելի կնիքով մեր ինքնութիւնը դրոշմեց:

Երբ հայ նոր սերունդի շրթներէն «գարունդ դարձեալ կը ծաղկի, լաւ օրերդ նորէն կու գան եւ կենաց ծառդ կը պտղաբերի» բառերը կը ծորէին, ես հրաշագործ թեւածումով Հայաստան փոխադրուած էի. երէկուան, այսօրուան եւ վաղուան Հայաստա՛նը. անցեալի, ներկայի եւ ապագայի Հայաստա՛նը. ժամանակը, իշխողներն ու վարչակարգերը անդրանցող Հայաստա՛նը. մշտադալար կաղնի Հայաստա՛նը, որուն շուքին տակ երկրաշարժով պատուհասուած մեր երկիրը 30 տարի ետք ոտքի կանգնած էր Լիբանանէն Հայաստան հասնող հայ երգի կշռոյթով, եւ աշխարհին կ՛աւետէր` ի տես մանկացեալ Աստուածորդիին բուժարար հպումով մեր հողերուն սպիացման.- «Եկած է երգելու օրը, երբ մեր մանուկները դարձեալ զօրացած են» :

Նոր տարուան սեմին «Քեզի՛ համար, Հայաստան»-ը այս գիշեր զգօնութեան հրաւէր մըն էր նո՛ր Հայաստանը, մեր երազա՛ծ Հայաստանը, համա՛յն հայութեան Հայաստանը, հայրենաբնակ եւ աշխարհաքաղաքացի հայութեան միա՛կ Հայաստանը, համահայկական աւելի՛ լաւ Հայաստանը սիրով գրկելու ու յոյսով համբուրելու եւ մեր բախտը վճռականօրէն մեր ձեռքերուն մէջ առնելու ու պահելու համար:

Քեզի՛ համար, Հայաստան այս բոլորը եւ նոյնիսկ աւելին քիչ են, որովհետեւ դուն բառ չես, երգ չես, հող չես, սակարան չես. դուն հայօրէն ապրող հա՛յ մանուկներուն աչքերուն փայլքն ես, հա՛յ պատանիներուն հուրհրան կայծն ես, հա՛յ երիտասարդներուն երկնուղէշ հասակն ես, հա՛յ յաւիտենական արժէքները կերտած մեր նախնիներուն սրբազան մասունքն ես: Դուն ամէ՛ն տեղ մեզի հետ ես…

 

 

 


Անդրադարձ. Ռումբի Մը Պայթումին Համազօր Գրառումը

$
0
0

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ 19 դեկտեմբերին «Թուիթըր»-ի վրայ քանի մը տողերէ բաղկացած գրառում մը կատարելով վճռեց Սուրիոյ մէջ Եփրատի արեւելեան ափին վրայ եւ Մընպեժ գտնուող քիւրտերուն եւ այլ փոքրամասնութիւններու ճակատագիրը` անակնկալի մատնելով բոլորը, մանաւանդ ՏԱՀԵՇ-ի դէմ պայքարի Միջազգային դաշինքի մնացեալ անդամները: Քիւրտերը այդ արարքը իրաւամբ կոչեցին «թիկունքէն դաշոյնի հարուած մը» եւ պատրաստակամութիւն յայտնեցին Մընպեժի վերեւ բարձրացնելու Սուրիոյ դրօշը: Այդ յուսահատ քայլը եւ նմանօրինակ յայտարարութիւնները, սակայն, պիտի չկարենան փրկել զանոնք, ինչպէս որ չկրցան փրկել Աֆրինի մէջ:

Ստեղծուած կացութեան մէջ Փենթակոնի ղեկավարն ու ՏԱՀԵՇ-ի դէմ պայքարին մէջ Միացեալ Նահանգներու յատուկ ներկայացուցիչն ու Անգարայի աչքին փուշը եղող Պրաթ Մքկըրք հրաժարեցան: Ըստ տեղեկութեանց, վերջինս իր երկրի որոշումին մասին տեղեակ դարձած է «Թուիթըր»-ի վրայ կատարուած գրառումէն, մինչ Պաղտատի մէջ ՏԱՀԵՇ-ի դէմ պայքարի ծիրին մէջ կ՛ունենար հանդիպումներ: Կարելի է միայն երեւակայել այն նեղ ու խայտառակ կացութիւնը, որուն դէմ յանդիման գտնուած է ան: Հեգնական է, որ, ըստ տեղեկութեանց, Անգարան, ի տարբերութիւն Մքկըրքի, այդ ծրագիրէն տեղեակ եղած է արդէն 17 դեկտեմբերին:

Ճիշդ է, որ Ուաշինկթըն նախապէս յայտարարած էր, թէ ՏԱՀԵՇ-ի պարտութենէն ետք, քիւրտերուն հետ իր դաշինքը վերջ կը գտնէ, սակայն ահա անակնկալ կերպով եւ նախքան ՏԱՀԵՇ-ի պարտութիւնը կը հեռանայ շրջանէն` ստեղծելով բաց մը: Այժմ Ռուսիոյ կամ Իրանի այդ բացը լեցնելու վտանգը կանխարգիլելու համար, նախապէս գոյացած համաձայնութեամբ մը, յառաջ կը մղուի Թուրքիոյ «թեկնածութիւնը»: Թրամփ կը հաւաստէ, թէ Էրտողան խոստացած է վերջ տալ ՏԱՀԵՇ-ի մնացորդացին եւ ան «անձ մըն է, որ կրնայ ատիկա կատարել», մանաւանդ որ Թուրքիան մերձակայ երկիր է: Կարելի՞ է բացառել, թէ շաբաթը ուրբաթէն առաջ կրնայ գալ…:

Թրամփի գրառումը մեծ ռումբի մը պէս պայթեցաւ եւ ստեղծեց կատարուած իրողութիւն մը` հաւասարապէս անակնկալի մատնելով դաշնակիցներն ու հակառակորդները: Առաջիններուն, եւ ընդհանրապէս արար աշխարհի մօտ, ամերիկեան վարչակարգին նկատմամբ անվստահութիւնը առաւել եւս ամրապնդուեցաւ: Ամրապնդուեցաւ նաեւ թուիթըրեան դիւանագիտութիւնը, որ աշխարհի միակ գերուժի նախագահին կողմէ կը կիրարկուի փոխան աւանդական դիւանագիտութեան` առաւել եւս ամրագրելով զայն կիրարկողին անկանխատեսելիութիւնը եւ ականահարելով Միացեալ Նահանգներու իբրեւ դաշնակից վստահելիութիւնը:

 

 

 

Մանուկ Յիսուսը` Հաշտութեան Առաքեալ

$
0
0

ՀԱՅՐ ԳԷՈՐԳ ԵՊՍ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
Օգնական Եպիսկոպոս

Հայ Կաթողիկէ Պէյրութի Թեմին

Ս. Ծնունդին կը տօնենք մանուկ Յիսուսը, որ երկինքէն իջաւ մեզի բերելու համար սէրը, խաղաղութիւնն ու հաշտութիւնը` յաղթահարելու համար ատելութիւնը եւ յոյս տալու` անյոյսներուն, յոգնածներուն, տկարներուն եւ յուսախաբ եղողներուն:

Հրեշտակը ուրախ լուրը հռչակեց. «Ձեզի մեծ ուրախութիւն մը կը հռչակեմ այսօր, ձեզի ծնաւ Փրկիչ մը, որն է Տէրը» : Այս ուրախ լուրին առաջին ունկնդիրները այս աշխարհիս մեծերը չէին, այլ` աղքատները եւ անոնք, որ աւելի պէտք ունէին: Հովիւները` այն ժամանակուան աղքատները եւ անոնք, որ աւելի պէտք ունէին: Տէր Յիսուսը, զոր կը տօնենք, եկած է յատուկ առաքելութեան մը համար: Ինքն իսկ կ՛ըսէ Աւետարանին մէջ. «Ես եմ լոյսը աշխարհի, ով որ ինծի կը հետեւի խաւարին մէջ չի քալեր», «Ես եմ ճանապարհը» կամ «Ես եմ դուռը» : Արդարեւ, Քրիստոս եկաւ բանալու իսկական կեանքին դուռը: Այս տօներուն առիթով, խորհինք բոլոր անոնց մասին, որոնց Յիսուս դուռ մը կը բանայ:

Մեծ ուրախութիւն է, երբ կ՛անդրադառնանք, թէ Յիսուս ներկայ է ամէն վայրկեան: Ներկայ է մեզ մաքրելու եւ մեզ ձերբազատելու մեր մեղքերէն եւ խեղճութիւններէն:  Իսկական ուրախութիւնը իր խաղաղութիւնն է: Իսկ ուրախ լուրը այն է, որ այս խաղաղութիւնը կրնանք ամբողջ մարդկութեան նուիրել:

Մեր անձին, մեր հոգիին փրկութիւնը կը ցոլայ աչքերուն մէջ, այս նորածին մանկան, որ մեզի կը սպասէ ախոռի մը մէկ անկիւնը, մսուրի մը մէջ խանձարուրուած, բացարձակապէս մերկացած աստուածային իր փառքէն  եւ զգեցած մարդկային մեր խեղճութիւնները` մեզմէ վերցնելու համար ամէն վախ ու մեզ կապելու եւ հաշտեցնելու մենք մեզի հետ, Աստուծոյ հետ եւ մեր նմանակից եղբայրներուն հետ:

Ծնունդին առիթով, շնորհակալութիւն յայտնենք անոր որ մեր Փրկիչը եղաւ: Շնորհակալ ըլլանք, որ մինչեւ մեզի եկաւ` մեր մարդկութիւնը իր ուսերուն վրայ առնելով: Ներողութիւն խնդրենք ամէն բանի համար, որ թերի է մեր պատասխանին մէջ` իր տուած սիրոյն փոխարէն: Մենք հրաւիրուած ենք մսուր երթալու մանուկ Յիսուսի ձեռքերուն մէջ դնելու ինչ որ կոտրած է մեր սրտերուն մէջ: Գտնենք ճամբան, որ կը տանի դէպի Յիսուսի սիրտը, ի՛նք, որ գթութեան եւ ողորմութեան տիպարն է:

Ամէնքս հրաւիրուած ենք դիմաւորելու եւ ընդունելու Փրկիչը: հրաւիրենք զինք, որ մեզ վերանորոգէ: Բանանք մեր դռները, որպէսզի Ան իր իսկական տեղը գրաւէ մեր սրտերուն մէջ: Թողունք, որ իր շնորհը մեզ ազատէ ամէն բանէ, որ մեր որդիական հաղորդութիւնը կ՛ուշացնէ Հօր հետ: Ս. Ծնունդի խորհուրդը ապրիլ կը նշանակէ ընդունիլ Յիսուսը որ կու գայ եւ ամէն բան կը վերանորոգէ մեր մէջ:

Ի՞նչ կ՛ընենք հրեշտակին եւ հովիւներուն պատգամով: Հովիւները պարտականութիւնն ունէին աշխարհին հռչակելու աւետիսը: Մեր կարգին` զայն լսելէ ետք, մենք ալ պարտինք զայն փոխանցել աշխարհին: Մեզի կը մնայ ապրիլ Ս. Ծնունդը, մեր պարտականութիւնն է  վկայել անոր առաքելութեան: Մեզի կը մնայ աղօթել մանուկ Յիսուսին հետ` խաղաղութեան համար, որ տուաւ եկեղեցւոյ եւ ամբողջ մարդկութեան սրտերուն:

 

 

Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքի Ս. Ծննդեան Պատգամը . «Մեր Աչքերը Սեւեռենք Մսուրին Մէջ Մարմնացած Աստուածորդիին»

$
0
0

ՏԷՐ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ Ի.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՏԱՆՆ
ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ

«Ժողովուրդ որ խաւարի մէջ կը քալէր, տեսաւ մեծ լոյս մը. եւ դուք որ կը քալէք աշխարհի եւ մահուան ստուերին մէջ, լոյս պիտի ծագի ձեր վրայ»

(Ես. 9,2)

Սիրելի՛ եւ հաւատացեալ եղբայրներ եւ քոյրեր,

Եսայի մարգարէին հիազմայլ բացագանչութիւնն է այս, որ կը նախերգէ անձկութեամբ սպասուած Մեսիային գալուստը: Մարգարէն, այդ գալուստին առնչուած բարիքները եւս կ՛աւետէ, որոնց ամէնէն աչքառուն ու թանկարժէքը լոյսն է, որ յանկարծակիօրէն պիտի ծագի խաւարին մէջ եւ պիտի լուսաւորէ համայն տիեզերքը, եւ այդ պիտի ըլլայ նշանակը Մեսիային գալուստին:

Մարգարէին տեսիլքին մէջ մութին ու խաւարին հետ նոյնացած կը տեսնենք մահը: Ըստ անոր, ուր չկայ լոյս, հոն չկայ կեանք, որովհետեւ մութին մէջ մահն է, որ կը տիրէ, եւ կեանքը կ՛անէանայ, չձգելով կեանքի նշոյլն անգամ:

Խաւարը, մահը, հետեւանքն են մարդու մեղքին: Աստուածային դատավճիռն է, որ մահը կը մտցնէ արարչութեան մէջ, եւ կը լուծուի` երբ Տէրը ջնջէ իր մահավճիռը: Այդ պիտի իրականանայ, երբ երեւնայ աշխարհի լոյսը, Քրիստոս, Աստուծոյ Միածինը` իր Հօր իսկ կամքով աշխարհ գալով:

Մարգարէն կը նկարագրէ մարդուն դժբախտ վիճակը` մեղքի գերին դառնալով: Սակայն միաժամանակ անոր յոյսը կ՛արծարծէ` մարգարէանալով, որ պիտի ծագի լոյս մը, որ պիտի փարատէ խաւարն ու մահուան ստուերն անգամ:

Սուրբ հայրերը միահամուր կը մեկնաբանեն Եսայի մարգարէին այս նախագուշակութիւնները` զանոնք վերագրելով գալիք Մեսիային, աշխարհի Փրկիչին` Քրիստոսի: Արդարեւ, իր միտքը աւելի պարզաբանելով, ան կը յարէ. «Որդի մը պիտի ծնի մեզի, որդի մը պիտի տրուի մեզի, որուն ուսերուն վրայ իշխանութիւն պիտի դրուի. ան պիտի կոչուի Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան խաղաղութեան, Հայր հանդերձեալ աշխարհին»: Այլ խօսքով` ան պիտի գայ վանելու այս ամէնը, որ պատճառ եղած է մահուան` կեանքի լոյսը վանելով: Ուստի աշխարհի Փրկիչը ամէնէն առաջ պիտի յայտնուի իբրեւ տէրն ու բաշխողը լոյսին:

Ամէն անգամ, որ մենք` քրիստոնեաներս, կը տօնենք Յիսուսի Ծնունդը, շատ բնականօրէն մեր մտքին առջեւ կու գայ ուրախութիւնը, ցնծութիւնը, որ յատուկ է մանաւանդ մանուկներուն, այսինքն` ամէն անոնց, որ մաքուր են սրտով: Յիսուս երանի պիտի տայ անոնց, որոնք մանուկներու նման կը դառնան, այդպէսով պայմանաւորելով անոնց մուտքը Աստուծոյ արքայութեան մէջ:

Ուստի, մենք ամէնքս, մեծ ու փոքր, Աւետարանի մտքով` պէտք է մանկանանք այդ օրը, յատկապէս, մեր մտքի անմեղութեամբ` մտաբերելով զԱստուած իբրեւ Հայր, որուն սիրտը լի է ողորմութեամբ եւ սիրով, եւ կը մոռնայ մեր մարդկային տկարութիւնները եւ կրկին կը դասէ մեզ իր զաւակներուն դասին մէջ:

Այդ ողորմութիւնն ու սէրը Աստուած չյայտնեց նախ իշխաններուն կամ քահանայապետներուն, պալատներուն եւ տաճարներուն մէջ, այլ` հովիւներուն ու աղքատներուն, քարայրի մը մէջ, որ իբրեւ ախոռ կը ծառայէր: Ատկէ է, որ ծագեցաւ լոյսը, որ լուսաւորեց աշխարհը` փրկութեան յոյսը բերելով կորսուած մարդկութեան:

Մեր սուրբ հայրերը եւս, երբ Քրիստոսի ծնունդը կը գովերգեն, կը պատկերացնեն զայն Լոյսի խորհրդանիշով: Մեր առաւօտեան աղօթքը կը սկսինք երգելով` «Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա»: Արեւագալի ժամերգութեամբ կը գովաբանենք զայն ըսելով. «Լոյս, արարիչ լուսոյ, առաջին Լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց…»: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին` դարձեալ կ՛աղերսենք զայն այդ տիտղոսով. «Լոյս զուարթ, սուրբ, անմահ փառքին երկնաւոր Հօր…»:

Յովհաննէս աւետարանիչ կը պատմէ Յիսուսի բուռն վէճը փարիսեցիներուն հետ, երբ ան տիրական կերպով կը հռչակէ. «Ե՛ս եմ աշխարհի լո՛յսը. Ով որ ետեւէս գայ` խաւարի մէջ պիտի չքալէ, այլ պիտի ընդունի յաւիտենական կեանքը»: Այլուր, խստօրէն կը մեղադրէ մարդոց կուրութիւնն ու չարակամութիւնը, երբ կ՛ըսէ. «Լոյսը աշխարհ եկաւ, եւ մարդիկ խաւարը աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին: Ով որ չար կը գործէ, կ՛ատէ լոյսը»:

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

ԱյսօրուաՆ աշխարհը շատ չի զանազանուիր նախկինէն: Մութն ու խաւարը կը տիրեն միշտ աշխարհի վրայ. շատ տեղեր կան, ուր ոչ իսկ լսուած է Քրիստոսի պատգամը կամ իր գալուստին աւետիսը` իբրեւ լոյս ու փրկիչ աշխարհի: Պատճառը, որովհետեւ կան մարդիկ, որոնք չեն ուզեր, որ լոյսը գայ եւ յայտնաբերէ իրենց վատ գործերը: Սակաւաթիւ են այն մարդիկը, որոնք կ՛ակնկալեն, որ խաւարը անհետանայ վերջնականապէս եւ ծագի լոյսը` միաժամանակ հարց տալով, թէ մինչեւ ե՞րբ մարդիկ պիտի փակեն իրենց աչքերը լոյսին դիմաց` արգելք հանդիսանալով սիրոյ եւ արդարութեան տիրապետութեան աշխարհի վրայ:

Մարգարէն կը նկարագրէ Մեսիան նաեւ իբրեւ Իշխան խաղաղութեան: Հրեշտակները, որոնք ծանուցին անոր գալուստը Բեթղեհէմի քարայրին մէջ, այդ աւետիսը տուին մարդկութեան` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն»: Արդեօք այդ աւետիսը կը շարունակէ՞ հնչել տակաւին մարդոց սրտերուն մէջ, արդեօք շա՞տ են անոնք, որոնք իսկապէս կը բաղձան եւ կը գործեն. որպէսզի խաղաղութիւնը հաստատուի աշխարհի վրայ:

Երեւոյթները հակառակը ցոյց կու տան դժբախտաբար: Ժողովուրդներ ու պետութիւններ կը մրցակցին իրարու հետ` ամէն գնով մին միւսին վրայ տիրապետելու համար, բռնութեամբ ու չարաշահութեամբ զիրար գերազանցելով: Եւ այսպէս է, որ կը բազմանան ու կ՛աճին աղքատները, գաղթականներն ու այլեւայլ թշուառութիւնները:

Մեր յոյսը, սիրելի՛ քոյրեր ու եղբայրներ, մարդիկը չեն, ո՛չ ալ կրնան ըլլալ, այնքան ատեն որ անոնք իրենց հայեացքը հեռու կը պահեն Լոյսէն, որ մարմնացած է Քրիստոսի մէջ` մերժելով անոր սիրոյ եւ խաղաղութեան պատգամը եւ չհրաժարելով տիրապետելու ու իրաւազրկելու տենչանքէն: Եւ սակայն չկայ այլ կերպ ուղղելու ու դարմանելու ողբալի վիճակը, որուն մատնուած են ներկայիս այդ երկիրներու տառապող ժողովուրդները:

Ս. Ծննդեան այս օրհնաբեր օրերէն օգտուելով, պահ մը սեւեռենք մեր աչքերը մսուրին մէջ մարմնացած Աստուածորդիին, Լոյս ազգաց եւ Իշխան խաղաղութեան, եւ աղերսենք անկէ որ շարժէ, ցնցէ խիղճերը անոնց, որոնք մարդկութեան ճակատագիրը ձեռք առած, աշխարհի խաղաղութիւնը վտանգի մէջ կը պահեն, թշուառներու տառապանքը անտեսելով եւ իրենց փառքն ու շահերը միայն հետապնդելով:

Մեր աղօթքը յատուկ կերպով կը բարձրանայ` մեր հայրենիքին խաղաղութեան ու բարօրութեան համար, մանաւանդ այս օրերուս, ուր նկատելի փոփոխութիւններ տեղի կ՛ունենան հոն, մեծ յոյսեր յարուցանելով մեր ժողովուրդին սրտերուն մէջ: Կ՛աղօթենք մեր սիրելի Արցախին համար, որպէսզի յարգուի անոր իրաւունքը ազատ ու անկախ հայրենիք մը կերտելու: Կ՛աղօթենք Լիբանանի, Սուրիոյ, Իրաքի եւ Միջին Արեւելքի բոլոր երկիրներուն համար, ուր ի զուր յոյսեր կ՛արծարծուին, որ վերջ պիտի գտնեն աղէտաբեր խռովութիւնները: Կ՛աղօթենք վերջապէս համայն աշխարհի խաղաղութեան համար, «Զի լռեսցեն պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի»:

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

Հակառակ բոլոր խռովայոյզ երեւոյթներուն, մեզի համար ուրախութեան եւ ցնծութեան օր է Ս. Ծնունդը, որ խաղաղութեան, սիրոյ եւ վերազարթնումի հրաւէր կ՛ուղղէ մեզի:

Այս համոզումով է, որ պիտի մերձենանք սուրբ մսուրին, մանկացած սրտով աղաչելու համար Տիրոջ, որ չլքէ իր ժողովուրդը, որուն համար ան մեզի նման մարդ եղաւ, մեր մեղքերուն համար չարչարուեցաւ ու մեռաւ, մեզի կեանք պարգեւելու համար ինք եւս վերակենդանացաւ:

Ամբողջ սրտով սուրբ եւ օրհնեալ Ծնունդ ու երջանիկ Նոր տարի կը մաղթենք ձեզի եւ Տիրոջ աստուածային օրհնութիւնները կը հրաւիրենք ձեր ընտանիքներուն, ձեր անձերուն եւ ձեր բարի ձեռնարկներուն վրայ:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶԻ ՄԵԶԻ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

 

 

 

Ակնարկ. Նախապայմանային Արձագանգումներ

$
0
0

Արցախեան հակամարտութեան հանգուցալուծման ուղղութեամբ յաջորդական յայտարարութիւններ տեղի կը կատարուին Պաքուի եւ Անգարայի կողմէ։ Ըստ էութեան, նոյն յանկերգի վերաբարձրաձայնումն է, որ կ՛արձանագրուի պարզապէս այն թիւր տպաւորութիւնը ձգելու, որ բանակցային նոր մեկնարկի ազդանշան տրուած է։

Առաջին անգամը չէ, որ Պաքուն եւ Անգարան խաբուսիկ (իմիթացիոն) քարոզչաքաղաքական գործողութիւն կը կազմակերպեն յատկապէս արցախեան հակամարտութեան լուծման առումով ապատեղեկատուութիւն տարածելու կամ թիւր տպաւորութիւն ստեղծելու միտումով։

Ներկայ պահուն նման գործողութեան դիմելը եւ անոնց յարակից ենթահող պատրաստելու համար այլ նախաբաններ հրամցնելը պարզապէս ընդհանուր այդ վարքագիծի վերջին դրսեւորումն է։

Հայկական կողմի արձագանգումները արագ են, սակայն հիմնականին մէջ՝ հակազդողի դերով։ Մամետեարով-Չաւուշօղլու համընթաց յայտարարութիւնները միեւնոյն նախապայմանային քաղաքականութեան վերաբանաձեւումն են։ Այս անգամ հայկական կողմէն արձագանգած են փոխվարչապետն ու արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբերը։ Ընդ որում, փոխվարչապետը ընկերային ցանցի գրառումով։ Հակազդեցութեան մակարդակը այս պարագային նշանակութիւն ունի։ Երկու արտաքին գործոց նախարարներու կ՛արձագանգէ ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարը, այլ մամլոյ բանբերը եւ փոխվարչապետը, վերջինս՝ ընկերային ցանցի միջոցով. մինչ արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբերը ոչ թէ յատուկ յայտարարութիւն կը կատարէ այդ մասին, այլ պարզապէս կը պատասխանէ լրագրողի հարցումին։ Եւ ընդհանուր հաշուով, եթէ թուրքեւազրպէյճանական միացեալ նախապայմանային քաղաքականութեան մէջ չկայ որեւէ երանգաին փոփոխութիւն, նոյնպէս հայկական դիրքորոշումները կը վերահաստատեն մինչ այժմ որդեգրուած մօտեցումը։ Թէ՛ փոխվարչապետը եւ թէ՛ մամլոյ բանբերը հանգուցալուծումը կը պայմանաւորեն արցախահայութեան որոշումով, անոր համաձայնութեամբ։ Եւ եթէ ընկերային ցանցի վրայ փոխվարչապետը ամփոփոխ գրառումով յաւելեալ հիմնաւորումներու կարիքը չէ զգացած, ապա նախարարութեան մամլոյ բանբերը գերակայած է կարգավիճակն ու անվտանգութիւնը։ Փոխլրացնելով հայ պաշտօնեաներու հրապարակածները, կարելի է ըսել, ինչպէս ակնկալելի է, վերաբանաձեւուած է հայկական պաշտօնական դիրքորոշումը։

Թուրքեւազրպէյճանական նախապայմանային քաղաքականութեան եւ արցախահայութեան բարձրագոյն ինքնավարութիւն շնորհելու Մամետեարովի հրապարակումին տարբեր շեշտադրումով հակազդած է Արցախի Հանրապետութեան նախագահի մամլոյ բանբերը, որ Մամետեարովի յայտարարութիւնները  գնահատած է  ոչ այլ կերպ, քան Պաքուի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում: Բովանդակային բանակցութիւններու սկսելու համար Ազրպէյճանի իշխանութիւնները պէտք է փոխեն իրենց հռետորաբանութիւնն ու մօտեցումները՝ պաշտօնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցութիւներու ձեռնարկելով։

Ահա այստեղ արդէն փոխլրացում կարելի է նկատել հայկական կողմի եռակողմ յայտարարութիւնները համադրելով։ Հայաստանեան մօտեցումը արցախահայութեան մասնակցութեան եւ որոշումի իրաւունքի գերադասումն է, իսկ Արցախի պաշտօնական բանբերը որեւէ բովանդակային բանակցութեան վերսկսում կը պայմանաւորէ պաշտօնական Ստեփանակերտի բանակցային գործընթացին ներգրաւումով։

Այս բոլոր երեւոյթներուն զուգահեռ բնականաբար պէտք է վերլուծել քաղաքական պահի ընտրութեան շարժառիթները՝ նման առաջարկներ վերստին հրապարակելու կամ անոնցմէ առաջ հայկական կողմին հետ փոխըմռնումի յանգելու ծխածածկութաւոր յայտարարութիւններուն մէջ։

Նախապայմանները նախապայմանային արձագանգներ կ՛ունենան։ Այս պարագային որեւէ բովանդակային բանակցութիւն սկսելու համար պէտք է ներգրաւել պաշտօնական Ստեփանակերտը։ Մինչ այդ, պէտք է յարգել Վիեննայի, Փեթերսպուրկի եւ Ժընեւի մէջ կայացած համաձայնութիւնները։

«Ա.»

Ընտրութեան Ժամը

$
0
0

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

(Ա) Եթէ ծրագիր չունիք ազգային տնտեսութեան ճակատին վրայ համակարգային արմատական փոփոխութիւններ մտցնելու եւ մենաշնորհային համակարգը վճռականօրէն տանելու մրցակցային դաշտ եւ տնտեսութեան իրական աճը ԱՅԴ ՃԱՄԲՈՎ բարելաւելու,

(Բ) Եւ եթէ որոշած էք երկրի արտաքին պարտքի ընդհանուր ծաւալը պահել էապէս նոյնը, այսինքն` զայն զգալիօրէն չաւելցնել նոր փոխառութիւններով (որ ճի՛շդ նախանձախնդրութիւն է որոշ տրամաբանական սահմաններու մէջ),

(Գ) Ինքնաբերաբար պիտի ստիպուիք դիմելու «ներքին խնայողութեան»` համապատասխան գումարներ զեղչելով պետական պիւտճէի բոլոր «ոչ կենսական» նկատուող յատկացումներէն…

Այսքան պարզ կը թուի ըլլալ այս թուաբանութիւնը հեռուէն դիտողին համար եւ` այսքան թափանցիկ: Եւ սակայն այդ պարզ գիծերուն մէջ քաղաքական մեծ եւ ճակատագրական որոշումներ կան տրուելիք եւ` փորձանաւոր ընտրութիւննե՛ր, զորս կառավարութիւնը պիտի ընէ բանալով ծալքերը պետութեան ֆինանսաւորման իր դժուարին օրակարգին:

Հարց է, թէ ո՞ր գումարներն են, որոնք պիտի զեղչուին ընդհանուր նախահաշիւէն : Որո՞նք պիտի ըլլան իշխանութեան «դանակին տակ» յայտնուող առաջին «դժբախտ» յատկացումները եւ ի՞նչ կարգով: Ամէն գործադիր իշխանութիւն եւ ամէն խորհրդարան այս հարցումին պատասխան պիտի տայ` ըստ իր երկրի դիմագրաւած հրամայականներուն եւ ըստ իր դաւանած իսկական արժեհամակարգին: Այսինքն` ի պատկերի իւրու՛մ… Եւ հոս է, որ կը բացայայտուի «յեղափոխութիւն» լոզունգին իսկական բովանդակութիւնը եւ երեւան կու գայ անոր իսկական եւ անպաճոյճ էութիւնը: Հոս է, որ կը մերկանայ իշխանութեան գաղափարախօսական յանձնառութիւնը: Հոս է, որ ան կը յայտնուի առանց կեղծ փետուրներու: Կրթութիւն, գիտութիւն, կենսոլորտ, առողջապահութիւն եւ մեր պարագային` մշակոյթ, զրկեալ խաւերու իրաւանց պահպանութիւն եւ աշխարհածաւալ սփիւռքի գոյութեան հետ խորապէս առնչուելու կարողականութիւն եւ այլ ոչ շօշափելի թուող կենսատարածքներ: Ասոնք, սկզբունքով, «վտանգուած» պիւտճէական ծաւալներն են, ուր իշխանութիւնը պիտի ընէ իր ընտրութիւնները եւ հանրութեան ներկայանայ իր իսկական դիմագծով:

Հեռուէն դիտելով եւ, անշուշտ, տեսակա՛ն տարբերակով ` ասոնք կը թուին ըլլալ այսօր վարչապետի պաշտօնակատար Փաշինեանի տնտեսական քաղաքականութիւնը ճշդող հաւասարութեան անյայտները:

Մեր տպաւորութիւնն այն է, որ ցարդ նոր իշխանութեան ներքին տնտեսական քաղաքականութիւնը կը թեքի դէպի ելեւմտական պահպանողականութիւն (fiscal conservatism), որ կրնայ այսօր խոհեմ թուիլ (եւ նոյնիսկ ընդունելի ըլլալ իշխանութեան գործի առաջին փուլին համար) եւ, սակայն, ան կու գայ հաստատելու, որ այս իշխանութեան օրով տնտեսական համակարգը կը յամառի մնալ գաղափարական նոյն հին եզրերուն ենթակայ: Մենաշնորհի տէրերը կը մնան նոյն տեղը: Աղքատութիւն, որակաւոր աշխատատեղերու սով, վերաներդրումային ծաւալներու անբաւարար մակարդակ, արտագաղթ, արտաքին պարտքի մեծ բեռ` տնտեսութեան եւ հարկատուի ուսերուն եւ ընկերային ապահովութեան գոհացուցիչ փաթեթի բացակայութիւն. այս բոլոր մարտահրաւէրներուն իշխանութեան կողմէ «ընդառաջումը» առայժմ տեղի կ՛ունենայ աշխատաւորութեան հաշուոյն` փոխանակ շահագործող ուժերու հաշուոյն ըլլալու: Կրկին անգամ շահատէրերը կը թուին յաջողած ըլլալ: Անոնք կը թուին այս վտանգն ալ յաջողապէս շրջանցած ըլլալ… Իսկական ընդդիմութիւնը, յանձինս Դաշնակցութեան, դուրս դրուած է խորհրդարանէն: Փտած ուժերը, յանձինս Հանրապետականներու, չէզոքացուած են եւ` փշրուած: Եւ իրենք` մենաշնորհային ուժերը յանկարծ բնական դաշնակիցներ են նոր իշխանութեան հետ… Ա՞յս է պատկերը իրականութեան: Այս բանի՞ն կը ձգտէին Նիկոլ Փաշինեան եւ իր համախոհները: Ժողովրդային շարժման ուժերը ասո՞ր պիտի զիջին, նոյնիսկ եթէ ան իրենց կը հրամցուի իրենց առաջնորդին հաւաստիքներով:

Մենք կը գտնուինք տնտեսական քաղաքականութեան ձեւաւորման սկզբնական փուլին մէջ եւ, բնականաբար, պէտք է խուսափինք կանխադատութեան որեւէ փորձութենէ:

Մեր ակնկալութիւնն է, որ նոր կառավարութիւնը հաստատէ չափագրելի ու ողջմիտ եւ միաժամանակ համարձակ թիրախներ (ժամանակի յստակ կտրուածքով)` բոլոր վերոյիշեալ ծաւալներու ոլորտին մէջ նշանակալի ոստիւններ իրագործելու ուղղութեամբ: Կ՛ակնկալենք, որ Փաշինեան ըսէ յստակօրէն, թէ ե՞րբ վերջ կը գտնէ «առաջին փուլ»-ը: Ի՞նչ անմիջական եւ շօշափելի քայլեր կը պարունակէ այսօր իր կառավարութեան քաղաքականութիւնը մենաշնորհային համակարգը կազմաքանդելու մարզին մէջ: Մեր պահանջն է եւ` ակնկալութիւնը, որ այս յօդուածի առաջին պարբերութեան մէջ նշուած ենթադրութիւնը հիմնովին շրջուի նոր կառավարութեան քաղաքականութեամբ: Կը պահանջենք, որ մենաշնորհային համակարգի ճանկերէն դուրս բերուի տնտեսութիւնը եւ վերադարձուի իսկական արտադրողին, եւ մենք դադրինք մեր սովահար ժողովուրդին պարտադրելէ այն «ոգու սովը», որուն ազդարարութիւնը ըրած է Աւետիք Իսահակեան հարիւր տասնըհինգ տարիներ առաջ:

Ըսած ենք ասկէ առաջ եւ կը կրկնենք: Ներկայ իրավիճակը` սթաթիւս քո-ն ընդունելի չէ: Ընդունելի չէ որեւէ շաքարազօծումով: Դաշնակցութիւնը դուրս եկած է Ազգային ժողովէն, բայց ան ամէն տեղ է իր յստակ պահանջատիրութեամբ: Ինչպէս միշտ, մեզ ակնկալեցէք ամէն անկիւնադարձի վրայ: Մենք ձեր ամէնէն հզօր զօրակիցներն ենք, եթէ դուք գործէք մեր ազգային գերագոյն շահերու դիրքերէն` թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատներու վրայ: Եւ անշուշտ մի՛ կասկածիք, որ հակառակն ալ ճիշդ է: Մեզ կապողն ու բաժնողը պիտի ըլլայ մեր ազգային գերագոյն շահի ստուգանիշը, որ նաեւ էական չափորոշիչն է մեր անկախ պետականութեան լինելիութեան կառուցման գործին:

Ուաշինկթըն.
23 դեկտեմբեր 2018

Քարանթինա

$
0
0

ՊՕՂՈՍ ՇԱՀՄԵԼԻՔԵԱՆ

«Քարանթինա»-ն արաբացուած տարբերակն է Quarantaine բառին, որ կը նշանակէ քառասնօրեայ արգելափակման վայր: Արգելափակում` ո՛չ բանտարկեալի իմաստով:

Լիբանան հասած գաղթականները նաւահանգիստէն անմիջապէս կը փոխադրուէին վայր մը, ուր կը մնային 40 օր եւ բժշկական մանրակրկիտ քննութենէ անցնելէ եւ վստահ ըլլալէ ետք, որ որեւէ փոխանցիկ հիւանդութիւններով պիտի չվարակեն տեղացի ժողովուրդը, հրաման կը ստանային մուտք գործելու քաղաք: Այդ «քառասունքի» վայրն է, որ կը կոչէին Քարանթինա:

Նիւ Եորքի նման նաւահանգիստ ունեցող մեծ քաղաքներ եւս ունեցած են նման կեդրոններ, ուր Ամերիկա հասած գաղթականները նոյնպէս որոշ շրջան մը կը մնային, ապա կ՛ուղղուէին տարբեր քաղաքներ կամ նահանգներ:

Պէյրութի Քարանթինան կը գտնուէր» նաւահանգիստին մօտիկ:

Կիլիկիայէն Լիբանան հասած գաղթական հայերը եւս, 40 օրեր անցընելէ ետք այդ վայրին մէջ, թիթեղաշէն խրճիթներու մէջ տեղաւորուած են Քարանթինայի ամենամօտ շրջանը, ու այնուհետեւ շրջանը կոչուած է Քարանթինա:

Բաւական մեծ էր այդ շրջանի հայութեան թիւը, սակայն Պուրճ Համուտի նման` զուտ հայաբնակ չէր: Կային նաեւ պաղեստինցի գաղթականներ, շիի իսլամներ եւ քիւրտեր: Հաւանաբար պետեւիներ էին, սակայն հայերու բնորոշումով, անոնք «քիւրտեր» էին:

Հայերը կարճ ժամանակ ետք կառուցած են դպրոց, եկեղեցի եւ ակումբ: Այդ մէկը հայկական սովորութիւն է: Նախապայման մը:

Վստահ չեմ, թէ պաղեստինցի եւ քիւրտ գաղթականները հայերու նման դպրոց կամ կրօնատեղի կառուցած էի՞ն, թէ՞ ոչ:

Տարբեր գրութիւններու մէջ, յաճախ յիշած եմ ժամանակին հայահոծ Էշրեֆիէն, Ճերմակ տուները, Հայաշէնը, Բաղնիքին բակը եւ  մանաւանդ հայութեան բաբախող սիրտը` Պուրճ Համուտը, սակայն Քարանթինայի մասին, նախապէս երբե՛ք չեմ անդրադարձած: Վայր մը, որ եղաւ Կիլիկիայէն Լիբանան գաղթած հայերու առաջին կացարանը, ուրկէ կարճ ժամանակ ետք շատեր փոխադրուեցան Պէյրութի արեւելքը գտնուող, Նահր Պէյրութի կողքին գտնուող վայրը, որ կը կոչուէր Պուրճ Համուտ: Հոն կերտեցին` Նոր Մարաշը, Նոր Սիսը, Նոր Ատանան: Պուրճ Համուտը դարձաւ «Նոր Կիլիկիա»:

Քարանթինայի մէջ հայեր, պաղեստինցիներ եւ քիւրտեր կ՛ապրէին թիթեղաշէն խրճիթներու մէջ` մինչեւ այն տարիները, երբ հողատէրերը, զանազան միջոցներու դիմելով, կարողացան «ձերբազատիլ» հոն բնակութիւն հաստատած գաղթականներէն:

Թիթեղաշէն խրճիթներէն ոչ շատ հեռու կային նաեւ քարաշէն տուներ, ուր կը բնակէին առաւելաբար հայեր:

60-ական թուականներուն, խրճիթներու հրկիզումէն ետք, կարգ մը հայեր փոխադրուեցան Չարչապուխ եւ Պուրճ Համուտի մուտքին գտնուող Թիրօ քեմփը, իսկ շատեր փոխադրուեցան Քարանթինայի մօտիկ, Մար Մխայէլի շրջանը եւ բնակեցան քարաշէն շէնքերու մէջ, եւ այսպիսով, Քարանթինայի հայութեան թիւը զգալապէս նուազեցաւ, եւ մեծամասնութիւն դարձան պաղեստինցիներն ու շիի իսլամները:

***

Կանուխ մանկութեանս տարիներուն յաճախ կ՛ընկերակցէի ծնողքիս` այցելելու Քարանթինա բնակող  հօրս հայրենակից երզնկացի քանի մը ընտանիքներու:

Տակաւին Էշրեֆիէ կը բնակէինք եւ քալելով կ՛երթայինք: Մեր ճամբուն վրայ նախ կը հանդիպէինք դարձեալ հայերով բնակուած Նոր Հաճըն թաղամասը: Կ՛այցելէինք մեզի ծանօթ ընտանիքի մը, ապա կ՛ուղղուէինք դէպի Քարանթինա:

Օթոսթրատ գոյութիւն չունէր տակաւին: Նեղ ու ցեխոտ ճամբաներէն քալելով` կը հասնէինք այդ տարիներուն շրջանի միակ գործատունը` Sleep Comfort եւ թեքելով ձախ` կը հասնէիք Քարանթինայի «մայր պողոտան»:

Ձախին Վարդգէս «ամմոյին» նպարատունն էր, որուն ճիշդ կողքին քարաշէն տան մը մէջ կը բնակէր իր քրոջ ընտանիքը` Լեւոնեանները:

Ժամադրուելու կարիքը չունէինք: Կը մտնէինք ներս: Հայրս եւ Յակոբ աղան  համագիւղացիներ եղած են եւ իրենց գիւղը յիշելով` վստահաբար խօսելիք նիւթեր  շատ ունին, սակայն հազիւ տուն մուտք գործած, ինծի տարեկից կամ քիչ մը աւելի մեծ երեխաներով, բոլորս կ՛ուղղուէինք փողոց` խաղալու:

Ճամբաները կուպրապատ չէին: Քանի մը քայլ անդին` աջին կը գտնուէր թիթեղաշէն Սուրբ Երրորդութիւն եկեղեցին, իսկ անոր կողքին` Մեսրոպեան ազգային Վարժարանը, որոնք կառուցուած էին հողի մը վրայ, որ վարձու էր:

Եկեղեցիին ու դպրոցին կողքի թիթեղաշէն խրճիթները բնակուած էին հայերով:

Ներկայիս Մար Մխայէլ գտնուող Տիգրան Ծամհուր ակումբը նախապէս կը գտնուէր Քարանթինա, ուր միայն մէկ անգամ այցելած եմ` մասնակցելու միջպատանեկան միութիւններուն կազմակերպած արտասանական մրցումի մը:

Կը պատահէր, որ մեր այցելութիւնները երկարէին մինչեւ գիշերուան ուշ ժամերը: Բնականաբար փոքրերս չէինք կրնար այդքան երկարարթուն մնալ:

Ամառուան եղանակին կը գիշերէինք իրենց տան տանիքը, կողք կողքի փռուած անկողիններու մէջ:Մեծերը քալելով կ՛երթային տուն: Յաջորդ օր հայրս կամ երէց եղբայրս կու գար եւ մեզ կը տանէր տուն:

Պուրճ Համուտի նման` հայկական անուններ կրող փողոցներ կամ թաղամասեր չկային Քարանթինայի մէջ:

Սպանդանոցը կը գտնուէր ծովեզերեայ շրջանը, ուր առաւելաբար կը բնակէին պաղեստինցի գաղթականներ եւ շիի իսլամներ, իսկ աւելի ուշ եկած են քիւրտեր:

Շրջանի մը մէջ, ուր կողք կողքի կը բնակին տարբեր համայնքներ, մասնաւորաբար` Լիբանանի նման երկրի մը մէջ, կը պատահէր, որ աննշան դէպք մը վերածուէր հայ-իսլամ հակամարտութիւններու: Երկու կողմերու պատասխանատուներու միջնորդութեամբ, կարելի եղածին չափ շուտ կը կասեցնէին միջադէպը` նախքան համայնքային կռուի մը վերածուիլը: Ոչ մէկ ոխակալութիւն: «Պասիթա» կամ` «Մենք եղբայրներ ենք ըսելով, հարցը «անուշի կապելով» կը վերջացնէին, սակայն քանի մը օր ետք մեծերուն «կիսատ ձգած» գործը կը շարունակէին թաղի երեխաները… զիրար քարկոծելով:

Հակառակ քանի մը փոքրիկ միջադէպերու` ընդհանրապէս իրարու հետ համերաշխ կ՛ապրէին:

***

Քարանթինան, Պէյրութի ամենաաղտոտ թաղամասերէն մէկն էր: Հոն կը գտնուէր սպանդանոցը: Ծովեզերք կը փոխադրուէին ամբողջ քաղաքին աղբերը: Փողոցները կուպրապատ չէին: Խրճիթները օժտուած չէին ելեկտրականութեամբ: Ջուրի պակասը զգալի էր, եւ հրդեհները շատ շուտ կը տարածուէին: Դիտումնաւոր կերպով հրշէջները կ՛ուշանային, եւ երբ հասնէին, արդէն մեծ թիւով խրճիթներ հրոյ ճարակ դարձած կ՛ըլլային:

Խրճիթները կառուցուած էին բարեսիրական միութեան մը հողաշերտին վրայ, որուն համար կը գանձէին յատկանշական, չնչին գումար մը: Հաւանաբար կրօնականներ էին այդ հողաշերտերուն տէրերը,եւ տեղացիք, խուրիները կ՛անուանէին, եւ այդ մէկը ո՛չ մէկ կապ ունէր լիբանանցի հանրածանօթ Խուրի ընտանիքին հետ: Արաբերէն լեզուին տակաւին անծանօթ հայերը ոեւէ կղերական «խուրի» կ՛անուանէին:

«Խուրիները», զանազան միջոցներու դիմած էին ձերբազատուելու համար այդ խրճիթներէն, որոնցմէ «ամենահեշտ» ձեւը… լուցքի մը տալով հրդեհելն էր:

1960-1967, 3 անգամ հրդեհուած են Քարանթինայի խրճիթները: Հրդեհէն ազատողները ժամանակաւոր ապաստանած են «Ռեժի»-ի շէնքը, որ կը գտնուէր Քարանթինայէն ոչ շատ հեռու:

Իւրաքանչիւր հրդեհէ ետք հրկիզուած խրճիթները չէին նորոգուեր, եւ անոնց բնակիչները կը փոխադրուէին տարբեր վայրեր, ինչպէս` Չարչապուխ կամ Պուրճ Համուտի մուտքին գտնուող Թիրօ քէմփը, եւ այսպիսով, աստիճանաբար հայութիւնը պարպուեցաւ, մասնաւորաբար երբ Կիլիկիոյ կաթողիկոսարանը,  բարերարուհի Լէյլա Գարակէօզեանի նիւթական օժանդակութեամբ, Ֆանարի մէջ կառուցել տուաւ քարաշէն եւ հանգստաւէտ բնակարաններ, եւ այդ թաղամասը բարերարին անունով կոչուեցաւ Լէյլաւան: Կառուցուեցաւ նաեւ մատուռ մը, որ կը կրէ Քարանթինայի Սուրբ Երրորդութիւն, թիթեղաշէն եկեղեւոյ անունը:

Վրայ հասաւ Լիբանանի քաղաքացիական պատերազմը:

1976-ին տեղի ունեցաւ Թալ Զաաթարի, ապա Պուրճ Համուտի իսլամներով բնակուած Նապաայի անկումը: Արեւելեան Պէյրութը մասամբ «մաքրագործուած» էր իսլամներէ: Կը մնար Քարանթինան, ուր տակաւին կային բաւական մեծ թիւով պաղեստինցիներ եւ շիի Իսլամներ, եւ անոնցմէ ձերբազատելու լաւագոյն առիթն էր:

Քանի մը օրուան ընթացքին քրիստոնեայ միլիսներու կողմէ տեղի ունեցաւ պաղեստինցի գաղթականներու սպանդը, որմէ ետք ուժանակներով պայթեցուցին  մինչեւ իսկ քարաշէն բնակարաններն ու շէնքերը, իսկ աւելի ուշ, պուլտոզըրներով գետնի հաւասար դարձուցին ամբողջ շրջանը:

Բարեբախտաբար հայերը արդէն իսկ հեռացած էին այդ շրջանէն եւ հաստատուած` Լէյլաւան:

***

Քարանթինան լիբանանահայութեան տուած է մեծ թիւով նշանաւոր դէմքեր, որոնցմէ ամենայայտնի դէմքը Արամ Ա. վեհափառն է, որ մանկութեան տարիները անցուցած է Քարանթինա:Յաճախած է տեղւոյն Մեսրոպեան վարժարանը, ապա, կանուխ պատանեկութեան տարիներուն ուղարկուած է Անթիլիասի մայրավանք, հետագային դառնալով Լիբանանի հայոց թեմի առաջնորդ, իսկ աւելի ուշ` Կիլիկիոյ վեհափառ հայրապետը:

Քարանթինան  հայութեան տուած է նաեւ երկու տարբեր բարձրաստիճան կղերականներ.

Վաչէ արք. Յովսէփեանը` նախկին առաջնորդ Ամերիկայի Արեւմտեան թեմի էջմիածնական թեմին, եւ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանը, նախկին առաջնորդ Պարսկաստանի թեմին:

Քարանթինա ծնած ու հասակ առած է ազգային բարերար Վահան Շամլեանը, որուն անունով կը յիշուի Լոս Անճելըսի Վահան եւ Անուշ Շամլեան» ազգային վարժարանը, ինչպէս նաեւ` Լոս Անճելըսի Ազգային «Ֆերահեան» վարժարանի նախկին տնօրէններէն լուսահոգի Լեւոն Գասպարեանը:

Յիշատակութեան արժանի է նահատակ հերոս Յակոբ Լեւոնեանը, որ նոյնպէս Քարանթինայի ծնունդ է: Մեր յաճախակի այցելութիւնները կ՛ըլլային իրենց տունը: Իր մեծ հայրը Յակոբ աղա Լեւոնեանը եւ հայրս համագիւղացիներ եղած են:

Բացի հայերէն` Քարանթինան տուած է նաեւ շիի համայնքին պատկանող նշանաւոր դէմք մը:

Լիբանանի «Հըզպալլա» կուսակցութեան ընդհանուր քարտուղար սէյիտ Հասան Նասրալլա մանկութեան տարիները անցուցած է Քարանթինա, եւ 15 տարեկանին, Քարանթինայի ջարդի ժամանակ, ստիպողաբար հեռացած է իր ծննդավայրէն:

Կը պատմեն, որ մանկութեան տարիներուն հայու մը արձակած քարը պատռած է սէյիտ Նասրալլայի գլուխը, եւ ճակտին վրայ գոյացած սպի մը յիշատակ մնացած է հայերէն:

***

Չքաւորութիւն էր այդ տարիներուն: Գաղթականներուն մեծամասնութիւնը բազմանդամ ընտանիքներ էին եւ կը բնակէին խրճիթներու մէջ:

Ընտանիքը պահելու համար ամէն տեսակի գործ կը կատարէր հայը: Զանազան արհեստներէն մինչեւ բանուորութիւն: Հազուադէպ էր հայ մուրացկանի մը հանդիպիլը, եւ տեղացիները նկատած էին այդ մէկն  ու յաճախ կրկնած են` «Հայը չի մուրար»:

Հայը քարէն հաց կը հանէ: Ծովեզերքի աղբանոցներուն մէջէն կը հանէին թիթեղ, պղինձ կամ ապակեայ շիշեր եւ անոնք ծախելով` կ՛ապահովէին իրենց օրապահիկը: Կային նաեւ մարդիկ, որոնք կը զբաղէին ձկնորսութեամբ:

Լիբանանի, յատկապէս Պուրճ Համուտի, Էշրեֆիէի եւ Հայաշէնի հայկական եկեղեցիներն ու դպրոցները սկզբնական շրջանին եղած են թիթեղաշէն, սակայն կարճ ժամանակ ետք փոխարինուած են քարաշէն կառոյցներով:

Թիթեղաշէն խրճիթներու հայ բնակիչները հետագային փոխադրուած են քարաշէն բնակարաններ:

***

Ամերիկա աշխարհի ամենահարուստ եւ ամենահզօր երկիրն է անկասկած, ուր տարբեր երկիրներէ մեծ թիւով գաղթականներ, երբեմն` անօրէն, մուտք կը գործեն «Աւետեաց երկիր»` յուսալով «հանգիստ» կեանք մը ապահովել, սակայն այս «հարուստ» երկրին մէջ, անտուններու եւ մուրացկաններու հանդիպիլը բնական երեւոյթ դարձած է:

Վերջին քանի մը տասնամեակներուն Միջին Արեւելքէն եւ մայր հայրենիքէն մեծ թիւով հայեր եւս գաղթեցին Միացեալ Նահանգներ, սակայն անոնց մէջ ԲՆԱՒ չհանդիպեցանք անտուններու եւ մուրացկաններու:

Վերադառնալով Քարանթինա` ներկայիս այդ շրջանը ոչինչ կը յիշեցնէ նախկինէն: Վերածուած է առեւտրական կեդրոնի:

Լոս Անճելըս, 2018

 

«Համազգային». 90-ամեակէն Դէպի 100-ամեակ Եւ Անդին. Հիմնադիր Սերունդի Տեսլականով Առաջնորդուելու Կամքով

$
0
0

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ

2018 տարուան փակումին հետ պիտի փակուի նաեւ Համազգայինի հիմնադրութեան 90-րդ տարեդարձի յիշատակումը, եւ այս միութեան դրօշին տակ գործողները` կամաւոր թէ արհեստավարժ, իրենց աչքերը պիտի սեւեռեն դէպի 100-ամեակ ու անկէ անդին:

Սովորութիւն է, որ տարեդարձները վերածուին` կերտուած ճամբուն գնահատման, իրականացումներով հպարտանալու, քննական ինքնագնահատումի եւ, անոնց հիմամբ, դէպի նոր հորիզոններ սեւեռելու առիթի: 2018 տարին եղաւ այդպիսին. արձանագրուեցան շնորհաւորանքի արտայայտութիւններ, տեղի ունեցան մշակութային բազմայարկ ձեռնարկներ ու յոբելենական հանդիսութիւններ, որոնք առաւել կամ նուազ չափով լուսարձակի տակ բերին Համազգայինի առաքելութիւնն ու վաստակը. ընդհանուր պատկերին մէջ յատուկ ուշադրութեան առարկայ էին այն ձեռնարկները, որոնք իրականացան Հալէպի մէջ, որ հազիւ 2 տարի առաջ փակեց իր կամքէն անկախ տեղի ունեցած ահաւոր պատերազմին էջը եւ կ՛աշխատի թօթափել պարտադրեալ կէս անդամալուծութեան թմբիրը: Միւս գաղութներուն ձեռնարկները արհամարհելի չէին, սակայն Հալէպի ու ընդհանրապէս Սուրիոյ մեր գաղութի պարագան կը զատորոշուի մեր պատմութեան ներկայ փուլին, ինչպէս որ Լիբանանը իւրայատուկ ու դաժան պայմաններու մէջ մշակոյթին հաւատարիմ մնաց 1975-էն մինչեւ 90-ական տարիներ, այսօր ալ կը հանդիսանայ ամէնէն շարժունակ շրջանը:

***

Համազգայինի աշխարհատարած մեքենան այսօր կը գործէ կամաւորներու հսկայական բանակով մը, որուն կողքին կայ նաեւ արհեստավարժներու փոքրաթիւ խումբ մը: Իւրաքանչիւր անցնող տարի նոր մղոն մը կ՛արձանագրէ այն ճամբուն վրայ, որ բացուեցաւ 90 տարի առաջ, մեր պատմութեան պատգամին խորապէս գիտակից սերունդի մը կողմէ: Այդ սերունդը ունէր նաեւ անպարագիծ տեսլական ու մտքի հզօր թռիչք: Աղբալեան, Շանթ եւ գործակիցները սոսկական զբօսաշրջիկներ չէին մեր մշակոյթի անդաստանին մէջ, այլ մասնակի՛ց էին մշակոյթի արարման, պահպանման ու ծաղկումին: Ազգային-քաղաքական գործիչներ ըլլալու կողքին, անոնք էին նաեւ` գրական քննադատ, վիպագիր ու թատերագիր, հրատարակչականի ու դպրոցի հիմնադիր, թատերական, երգչախմբային-երաժշտական ու գրական շարժումներ նախաձեռնող ու անոնց մղում տուող ռահվիրաներ` սփիւռքեան առումով: Անոնք հայութեան կեանքի կեդրոնական թատերաբեմը մտած էին լայն դուռերէ` գործնապէս վկայելով, որ հաւատարիմ դրօշակիրներն էին Հայ Մշակոյթի հիմնադիրներուն ու կերտիչներուն: Խորապէս ըմբռնած էին Մեսրոպ Մաշտոցի ու գործակիցներու պատգամը, որ սկիզբ առած էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ…» նախադասութեամբ եւ զարգացած` այնպիսի նախաձեռնութիւններով ու գործերով, որոնք էապէս կը վկայէին, որ հայուն գոյատեւման ու ծաղկումին գլխաւոր երաշխիքը անոր մշակոյթն է` այս բառին ամէնէն լայն հասկացողութեամբ ու տարածքով: Եթէ Մեծ Վարդապետը հրաշքով մը իր աչքերը բանար 1928-ին եւ յաջորդ տասնամեակներուն հետեւէր Համազգայինի կողմէ մշակուած իրագործումներուն, անվարան պիտի գնահատէր հաւատարիմ ծառաները եւ հաստատէր, որ անոնք իր ուղեկիցներն են: Եթէ մեր գրաւոր պատմութեան ծիրը առանց ընդհատումի կտրած ըլլար չորրորդ դարու ջրբաժան փուլը, այսօր հաւանաբար ունենայինք այնպիսի արձանագրութիւններ, որոնք կրնային վկայել, որ հայը, Հայկ նահապետի ու Արա Գեղեցիկի օրերէն իսկ, իր կեանքին ու գոյատեւման ամէնէն ամուր ենթահողը նկատած է մշակոյթը: Գիրերու գիւտը կանխող դարերէն փրկուած պատառիկները նման ենթադրութիւն ընելու հիմք կու տան մեզի…

Այլ խօսքով, Շանթի, Աղբալեանի, Իփէկեանի ու սերնդակիցներուն սկսած գործը ուղղակի արձագանգ մըն էր թարգմանչաց սերունդի արարչագործութեան, ու ճամբայ կ՛ելլէր մեր նորագոյն պատմութեան ամէնէն մութ ու տագնապալի փուլէն` Ցեղասպանութենէն կարճ ատեն մը ետք, այդպէսո՛վ իսկ վկայակոչելով մշակոյթին կենարար զօրութիւնը մեր գոյատեւման երթին մէջ, ամէնէն դժուարին խոչընդոտները յաղթահարելու անժամանցելի պատգամ մը հասցնելով յետնորդներուս:

***

Համազգայինի հիմնադիրներուն գործով հպարտանալը, անոնց բացած ուղին շարունակած ըլլալու եւ անոր նոր տարածք տալու գոհունակութիւնը կը կազմեն պատկերին մէկ երեսը, որ արհամարհելի կամ երկրորդական չէ:

Կայ սակայն մէկ այլ երես` մեր այսօրն ու ապագայի հորիզոնները, որոնք կազմուած են երկու մեծ «կէսեր»-ով. Հայաստանն ու սփիւռքը: Այսօրուան իրավիճակները ազնիւ մարտահրաւէրներ ու նոր իրագործումներու խթան են Համազգայինին համար, որ կոչուած է պահպանելու եւ վերընձիւղելու մշակոյթի տարբեր արտայայտութեանց որակը: Իսկ Համազգայինը նման մարտահրաւէր դիմագրաւող միակ միաւորը չէ:

Դրական իրագործումներով բաւարարուիլը ի վերջոյ տեղքայլի, հետեւաբար նաեւ նահանջի մատնուիլ կը նշանակէ, վիճակ մը, որ ո՛չ մէկ ձեւով կը համապատասխանէ հիմնադիրներուն տեսլականին: Ու եթէ պահ մը արագ ակնարկ մը նետենք մեր շուրջ-բոլորը, պիտի տեսնենք, որ ինչպիսի՛ խորագիրներ կախուած են Համազգայինի յառաջիկայ աշխատանքի դաշտերուն վերեւ: Իսկ հետագայ նշումներ ո՛չ մէկ ձեւով պէտք է ընդունիլ իբրեւ իրագործումներուն կամ ընթացքի մէջ եղողներուն նսեմացումը, լուսանցքայնացումը:

Իբրեւ մշակոյթի պահապան եւ կերտիչ` Համազգայինը իր դիմաց ունի Հայաստանի եւ սփիւռքի մշակութային դիմագիծը աղարտող բազմաթիւ իրականութիւններ, որոնց դիմաց յեղափոխական կամքով գործելու կոչուած է անիկա` իր բոլոր միաւորներով ու գործակիցներով: Ծանօթ խօսք է, որ յեղափոխութիւնը միայն զէնքով ու սուրով, աւելցնենք նաեւ` ցոյցերով չ՛ըլլար, այլ նաեւ` միտքի ու մշակոյթի զէնքերով: Վկա՛յ մեր գոյատեւման պատմութիւնը:

Արագ թւումի ճամբով կարելի է արձանագրել յիշեալ խորագիրներէն մէկ քանին:

Մեր լեզուն կը գտնուի նահանջի ընթացքի մէջ: Մաշտոցի, Աբովեանի ու յետնորդներուն պատգամները այսօր սկսած են հնչել առաւելաբար իբրեւ նշանախօսք, քան թէ` լիարժէքօրէն կիրարկելի ուղի: Հայաստանի մէջ օտարաբանութիւնը ամէնէն օր նոր «նուաճումներ» կ՛արձանագրէ բանաւոր ու գրաւոր արտայայտութեանց մէջ, մինչեւ իսկ զանգուածները ներգրաւող «թաւշեայ յեղափոխութիւն»-ը առաջնորդուեցաւ ու կ՛առաջնորդուի «դուխով»-ի նման օտարաբանութիւններով: Սփիւռքի մէջ հայերէնի գործածութիւնը արագօրէն կը վազէ… դէպի ետ, ու մինչեւ իսկ հեղինակաւոր դէմքեր կը փորձեն «մեղմացուցիչ դէպ յանցանաց» գտնել` հաւաստելով, որ հայախօսութիւնը, հայերէն կարդալն ու գրելը երկրորդական են, կարեւորը հայու ոգի ունենալն է: Կը ցանկագրուին նաեւ բազմաթիւ «առարկայական ազդակներ»: Բայց ի՞նչ հոգիի մասին է խօսքը, երբ զայն կաղապարողը կը խորտակուի ու այդ հոգին ցրիւ կ՛երթայ ամէն տեսակ հովերու ազդեցութեամբ… Լեզուի պահպանման որոշ բերդեր եւս կը քանդուին` արդի արհեստագիտութեան հրաշալիքներուն զանգուածներու կամաւոր գերութեամբ. գիրքն ու մամուլը կը մղուին բեմին յետսամասը, հող կը պատրաստուի զանոնք միանգամընդմիշտ վանելու մեր կեանքէն` գերի դառնալով արագ հաղորդակցութեան զմայլելի հնարքներուն, որոնք կորսնցուցած են իրենց իսկական առաքելութիւնը: Նոր սերունդները հետզհետէ աւելի՛ արագօրէն կը կտրուին մեր մշակութային անցեալէն ու անոր կերտիչներէն, կը վերածուին մազանման արմատներով բոյսի, որ երկար կեանք չ՛ունենար, կամ ալ ոչնչացումի կը մատնուի կիզիչ արեւուն ու ամէնէն թեթեւ հովին պատճառով: Եթէ այս գիծերուն վրայ աւելցնենք նոյնինքն գրականութեան` մեր անմիջական կեանքին արձագանգող, զայն գեղարուեստականօրէն վերլուծող ու ճամբայ ցոյց տուո՛ղ գրականութեան տժգունացումը, անոր նկատմամբ արհամարհանքն ու անտեսումի մօտեցումները, արդէն պատկերը կը տեսնենք աւելի տարածուն, թէեւ` ոչ ամբողջական,  շրջագիծին մէջ: Ալ ի՜նչ խօսք` որակաւոր գիրքի տարածման միջոցներու մասին… (անշուշտ կայ հարցին մէկ այլ երեսը, որ գրականութիւնը հեռու կը պահէ ժողովրդականացումի, ընթերցող զանգուած ներգրաւելու կարողութենէն ու ինքզինք կ՛արդարացնէ արուեստին ծառայելու յաւակնութեամբ: Գրողին առաքելութիւնն ու նպատակն է եղած հասնիլ հաւաքականութեան, արուեստէն չզիջիլ, սակայն նաեւ` չդառնալ փղոսկրեայ աշտարակի բնակիչ): Նահանջի այս վիճակը ոչ մէկ ձեւով կրնայ արդարանալ, մտածելով, որ մենք` հայերս առանձին չենք այս տագնապին մէջ, ամբողջ աշխարհը, մարդկութի՛ւնը ինկած է նոյն յորձանուտին մէջ: Արդարացում չունի, որովհետեւ մեզի համար այս վիճակը մահացու է:

Նոյնքան տժգոյն վիճակ կը պարզէ մեր երգի աշխարհը: Կոմիտասեան եւ աւելի վաղ ժամանակներու աւանդները զանգուածին կողմէ կը դիտուին իբրեւ «հինցած երգ». հանրութեան կրաւորականութիւնը կը սպառնայ ո՛չ միայն մեր ժողովրդային երաժշտութեան փրկիչ-վարդապետի աւանդին փոշիացման, այլ օտարամուտը գրկաբաց ընդունելու տրամադրութիւնը` Հայաստանի մէջ եւ սփիւռքի տարածքին, հայը արագօրէն կը հեռացնէ իր մշակոյթի սնուցիչ ակունքներէն: Ուրախալի իրականութիւն մը կը պարզուի Հայաստանի մէջ, ուր երիտասարդ արուեստագէտներ գտած են ձեւերը մեր ժողովրդային ու աշուղական երգերը վերաձեւաւորելու` արդի ճաշակներուն համաձայն, առանց հեռանալու արմատներէն, սակայն անոնց վառած մոմին դիմաց թրքատիպն ու «ոռնոցային» երգերը այնքան ուժեղ կը հնչեն ու կը փայլեցուին, որ այլանդակ «հմայք» մը կը ձեւաւորեն իրենց շուրջ` միաժամանակ վայելելով բարձրագոյն հովանաւորչութիւն. որակի նահանջը կը դառնայ անխուսափելի, անոր ճամբուն վրայ կը բարձրանան ամեհի խոչընդոտներ: Իսկ սփիւռքը, ինչպէս անցեալին, նաեւ` այսօր, այս կալուածին մէջ մեծ մասամբ կը հետեւի Հայաստանէն «արտածուող»-ին: «Այսօրուան աշխարհը ընդհանուր նահանջի մէջ է, մենք չենք կրնար հզօր հոսանքներուն դէմ դնել»-ը հոս ալ կրնայ իբրեւ բացատրութիւն դիտուիլ, սակայն արդարացում չունի: Խորհրդային տարիներուն, Թաթուլ Ալթունեանի «անսամպլ»-էն առաջ ալ, ու մինչեւ 70-ական-80-ական տարիներ, կային հսկող-հակակշռող աչքեր (բացարձակօրէն չենք իտէալականացներ այդ տարիները, այլ կ՛ուզենք կանգ առնել համեմատութեան վրայ): Այսօր «ազատականութիւնը» եւ շուկայականութիւնը ահաւոր սպառնալիքի վերածուած են երաժշտական մշակոյթի կալուածին դէմ: Այո՛, ունինք որակաւոր երգչախումբեր ու երգիչներ, երգահաններ ու երաժիշտներ, սակայն, ինչպէս նշեցինք, անտառայինին աղմուկը շատ աւելի ուժեղ է, ան իր դիմաց որակը կը վերածուի հզօր ալիքներու կուրծք տուող առուակի: Եթէ պետական մեքենաները անտարբեր կը մնան, կարելի է ու պէ՛տք է գտնել զանոնք զգաստութեան բերելու ազդու ձեւերը, հասկցնել, որ «մարդկային ազատութիւն» կոչուած արժէքը չի կրնար թարգմանուիլ մշակոյթ ու արժէք ցեխը նետելու քայլերով:

Թատրոնի կալուածը մերթ ընդ մերթ փայլատակումներ կ՛ապրի, աւելի մեծ ճիգ ի գործ կը դրուի որակի պահպանումին ի խնդիր, սակայն հոն ալ շուկայիկն ու միտքի ոլորտէն հեռացումը բաւական տիրական են: Սկսած ենք մինչեւ իսկ անվնաս դատարկաբանութիւններու յարիլ, զանոնք ողջունել-հիւրընկալել` առ ի չգոյէ ընդունելի տարբերակ, ի հակադրութիւն միւսին, որ ո՛չ միայն սնամէջ է, այլեւ գռեհիկի սահմաններէն ներս կը դեգերի: Բազմարուեստ թատրոնը վերածուած է աժան խնդուք մուրացող, հետք չձգող… շահու աղբիւրի: Իսկ երբ խօսք կ՛ըլլայ հայ թէ օտար իսկական թատերագիրներու գործերուն մասին, յաճախ կը դիմենք «ինքնապաշտպանութեան»` առարկելով, որ այդ գործերը «դժուարահասկնալի են», «մարդիկ տրամադրութիւն չունին ծանր բաներ լսելու» (Աստուած երկար կեանք տայ… դիմատետրեան սնկային մտածողութեան), ու տակաւին` «պայմանները թոյլատու չեն, առարկայական դժուարութիւնները անյաղթահարելի են», «նիւթական լայն միջոցներու կը կարօտինք» եւ այլն: Այս կալուածին տագնապը աւելի շօշափելի կը դառնայ, եթէ աչքի առջեւ ունենանք այն վիճակը, որ կը պարզէ թատրոնին յարակից, եւ շատ աւելի ազդու ու տարածում ունեցող կալուած մը` պատկերասփիւռն ու ժապաւէններու աշխարհը: Անբովանդակ, անիրական, օտարին անմակարդակը կապկող-ընդօրինակող-թարգմանող ու նմանապէս գռեհիկի ոլորտները քերող պատկերասփիւռային շարքեր, խեղաթիւրեալ ժապաւէններ ու նման «իրագործումներ» հեռու են մշակոյթի ծառայելու դերակատարութենէ: Յաճախ սքանչացումով կարելի է դիտել խորհրդային տարիներուն արտադրուած կարգ մը ժապաւէններ, ուր կեանքն ու տեսլականը գերակշիռ տեղ ունէին ու կը հմայէին դիտողը: Անոնք այսօր դրուած են «հին են, ձանձրացուցիչ են, ժամանակավրէպ են»-ի պիտակներուն տակ: (Մեր խօսքը բնականաբար չի վերաբերիր այն ժապաւէններուն, որոնք արտադրուած են համայնավար իշխանութիւններուն «ճաշակ»-ին գոհացում տալու տրամադրութեամբ, այլ կ՛ուզենք մատնացոյց ընել, որ շարժապատկերի մարզին մէջ ալ հայ հանճարը այսօր նահանջի մատնուած է ու ահագին տեղ զիջած` շուկայիկին ու անվաղորդայնին):

Կարելի է մտնել նաեւ մեր մշակոյթի ու արուեստի տարբեր դարպասներէն ներս` տեսնելու համար, որ որակն ու մնայունը ընդհանրապէս նսեմացուած են, կարծէք թէ անոնց հանդէպ հակակրանք ստեղծելու դիտումնաւոր գործընթաց մը կայ, եւ այս բոլորը մեզ կը հեռացնեն այն ուղիէն, որ սփիւռքի մէջ բացուած էր «Համազգային»-ի հիմնադիրներուն նման երախտաւորներու կողմէ` իբրեւ ուղղակի շարունակութիւն հայ մշակոյթի կերտիչներուն ու պահապաններուն դերակատարութեան:

***

Ահա թէ ինչպիսի՛ հորիզոններու դիմաց կը կանգնին Համազգայինն ու անոր նման մշակութակերտ, մշակոյթի պաշտպան միութիւններ ու կազմակերպութիւններ: Եւ այս իրականութեան ի տես` պէտք է ընդունինք, որ դէպի 100-ամեակ ու անկէ անդին երթը կը կարօտի խիզախութեան, հոգեկան ամրութեան, տեսլականի ու մանաւանդ մեզի ժառանգ հասած արժէքներուն իմացութեան, այդ իմացութիւնը ժողովրդականացնելու, նոր սերունդներուն սեփականութիւնը դարձնելու ձգտող ԳՈՐԾԻ:

Մշակոյթի պահպանումն ու նորին արարումը կը պահանջեն շա՛տ աւելին, քան` ընթացիկ ծրագրումներն ու կարգ մը իրագործումներու կրկնութիւնը: Կրկնենք. այս տողերը իրագործումները արհամարհելու կամ նսեմացնելու դիտաւորութեամբ չենք արձանագրեր, այլ իբրեւ հրաւէր` ըլլալու աւելի շրջահայեաց ու հեռուները սեւեռող, ինչպէս ըրած են հիմնադիրները եւ անոնց դրօշը բարձր պահողները:

Նման մատրահրաւէրներ դիմագրաւելը դիւրի՞ն է:

Ո՛չ, հազա՛ր անգամ ոչ: Սակայն եթէ պահ մը մտաբերենք այն պայմաններն ու վիթխարի դժուարութիւնները, որոնց մէջ հիմնուեցաւ ու գործեց Համազգայինը, նաեւ` մեր մշակութային այլ միաւորները, կը հասկնանք, որ համեմատութիւն ու բաղդատութիւն ընելը կը դառնայ անիմաստ: Ոչինչէն արարելը, նիւթական ու այլ պայմաններ ստեղծելը շատ աւելի դժուար է, քան` թաւալող անիւներու վրայ յառաջ ընթացող ինքնաշարժին վառելանիւթ հասցնելն ու զայն արդի պայմաններու պատշաճեցնելը:

Նորութիւն ըսած պիտի չըլլանք, եթէ անգամ մը եւս հաստատենք, որ Համազգայինը կեանքի կոչուած է նախարարութեան տարողութեամբ գործ կատարելու տեսլականով, ու, ըստ կարելւոյն, հաւատարիմ մնացած է այս դերակատարութեան: Մեր ժողովուրդին նիւթական պայմաններն ալ այսօր աւելի նպաստաւոր ենթահող կրնան տրամադրել որակաւոր գործի, եթէ այդ գործը ըլլայ հետեւողական, սկսի ազդեցութիւն ու դրական հետք թողուլ հայ կեանքին վրայ:

Տակաւին, կամաւորներով գործելու անփոխարինելի ու վսեմ դրութեան կողքին, այսօրուան աշխարհը կը պարտադրէ, որ արհեստավարժներն ու իսկական մտաւորականները ներգրաւուին մշակութակերտ գործին մէջ: Համազգայինը անցեալին, ըստ բաւականին յաջողապէս կատարած է այս առաքելութիւնը, նոյն ջահը սկզբնապէս բարձր պահուեցաւ վերանկախացած Հայաստանի մէջ, սակայն երկու դաշտերուն մէջ ալ, հազար ու մէկ պատճառով, անիկա նոյն ուժգնութեամբ չի փայլիր այսօր: Որքան որ կարեւոր է քաղաքական մշակոյթի որակի ստեղծումը, նոյնքան կարեւոր է մշակոյթի քաղաքականութեան յստակացումը, հայակեդրոն մշակոյթի վերականգնումը, որ, յամենայն դէպս, չի նշանակեր այլոց որակին մերժումը: Փոխադարձ հարստացումը նորութիւն չէ, վաղն ալ մերժելի պիտի չըլլայ: Հետեւաբար գրողը, արուեստագէտն ու մշակոյթի տարբեր ոլորտներուն մէջ գործողները մագնիսացնելը մեր դիմաց կը կանգի իբրեւ ազնիւ մարտահրաւէր, այն գիտակցութեամբ, որ արուեստի աշխարհին մէջ գործողներուն հետ յաճախ կան «հասկցուելու» դժուարութիւններ, սակայն նոյնինքն Համազգայինի փորձը` զանազան գաղութներու մէջ, փաստած է, որ սա անշրջանցելի պատուար չէ, ոչ ալ բացատրութիւն ունի մշակոյթի ու արուեստի ծառայողներուն «վանումը» գործի դաշտերէն: Արդի աշխարհին մէջ նման գործակցութիւն, ինքնին, կրնայ դառնալ մշակոյթի ծրագիրներ ու զարգացում ինքնաֆինանսաւորող դաշտի…

***

Հայաստանի եւ աշխարհացրիւ մեր գաղութներուն մէջ դէմ յանդիման ենք ուժեղ հոսանքներու, մշակոյթի կալուածը տժգունող ազդեցութիւններու: Այս ախտը կը կարօտի նոյնքան եւ աւելի ուժեղ հականեխիչներու, զանոնք չէզոքացնող ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՒ յառաջացման` ա՛յն կամքով ու հաւատքով, փայլուն հորիզոններ կերտելու տեսլականով, որ մեզի հասած է հիմնադիրներէն ու անոնց ներշնչում տուող տիտաններէն:

Համազգայինի հիմնադիրներէն Նիկոլ Աղբալեան երիտասարդ տարիքին հեղինակաւոր ու անվիճելի խօսք ունեցող մարդ եղած է մասնաւորաբար մշակոյթի կալուածին մէջ: Եղած է բազմաթիւ տաղանդաւոր գրողներ յայտնաբերողն ու քաջալերողը, հրապարակ եկողներու մասին անառարկելի վճիռներ արձակողը, ժողովրդականացնողը: Դաշնակցական Աղբալեանին համար հարց չէ եղած համայնավար Չարենց մը քաջալերելն ու գրական աշխարհին մէջ անոր առաջին քայլերը քաջալերելը, թէեւ հետագային անոր հետ ունեցած է այլապէս պատմական բանավէճ: Ան խորապէս ըմբռնած է ու` մեզի պատգամ թողած, որ մշակոյթը քաղաքականացուելիք ապրանք չէ, չի կրնար խաղալիք դառնալ մասնակի հաշիւներու, որովհետեւ հայութեան լինելութիւնը սերտօրէն աղերսուած է անոր: Համազգայինը աղբալեանական այս ներուժը ունի իբրեւ անփոխարինելի աւանդ, որ պէտք է այսօր ու վաղը ի սպաս դրուի մեր մշակոյթի արժէքին պահպանման ու հարստացման: Այլ խօսքով, այս միութիւնը հրաւիրուած է ունենալու վճռական խօսք` մշակոյթի կալուածին մէջ լաւին լաւ ու անորակին անորակ ըսելու, բարձր կանգնելու իբրեւ լուսատու փարոս, զարգացնելու մշակութային հայակեդրոն քաղաքականութիւն:

Մեկնակէտը ազգային մշակոյթի արժէքներուն գիտակցումն ու ժողովրդականացումն է, նոր արժէքներու արարման հետամտութիւնը, մանաւանդ երիտասարդ սերունդին ներգրաւումը` ազգային արժէքներու եւ մշակոյթի կալուածներուն մէջ, ցոյց տալով, որ արուեստի ու մշակոյթի արժէքները չեն կրնար հիննալ, այլ անոնց կուտակումը կը հարստացնէ մեր այսօրն ու ապագան:

Սա առաքելութիւնն է դարաւոր մշակոյթ կերտած բոլոր ազգերուն:

Այս ոգիով բարի երթ պէտք է մաղթել Համազգայինին ու անոր առաքեալներուն:

Դեկտեմբեր 2018

 


Թրամփ Ինկաւ Թրքական Ծուղակին Մէջ

$
0
0

ՄԱՐՏԻԿ ՄԱՏԷՆՃԵԱՆ

Վերջին երեք ամիսները եռուզեռի մէջ դրին համաշխարհային քաղաքական կեանքը: Մանաւանդ երբ Թուրքիոյ նախագահը սպառնաց Մընպեժը գրաւել` հակառակ Ամերիկայի զգուշացումին: Իբրեւ հետեւանք այդ սպառնալիքին` աշխարհի ամենազօր երկրին նախագահը այնպիսի սխալ որոշում մը տուաւ, որ ափ ի բերան ձգեց նոյնիսկ իրեն ամենամօտիկ գործակիցները կամ զօրակցողները: Մէկ բան յստակ է` լաւ օրերու մէջ չենք ապրիր:

Դեկտեմբեր 14-ին նախագահ Էրտողան հեռաձայնային զրոյց մը ունեցած է նախագահ Թրամփին հետ: Թուրք նախագահը համոզած է ամերիկացին, որ Սուրիայէն քաշէ իր զօրքերը:

Բոլորս գիտենք, թէ Թուրքիոյ նախագահը ինչո՛ւ կը կատարէ այս բոլորը եւ ինչե՜ր կան իր ուղեղին մէջ, զորս ամերիկեան քաղաքագէտները ընդհանրապէս չեն հասկցած եւ չեն ալ կրնար հասկնալ:

Նախագահ Էրտողան տարիներէ ի վեր հետամուտ է Սուրիոյ հիւսիսը գրաւելու, Անտիոքէն մինչեւ Մուսուլ, անցնելով Հալէպէն: Անտիոքը արդէն Թուրքիոյ մաս կը կազմէ` ֆրանսական դաւադրութեամբ եւ Աթաթիւրքի ջանքերով: Սակայն Աթաթիւրք չէր կրցած իր երազած թրքական սահմանագիծը իրականացնել: Այսօր Էրտողան կը փորձէ անոր ծրագրած սահմանները իրականացնել` Թուրքիոյ հողատարածքը ընդլայնելու համար: 2023-ին Թրքական Հանրապետութեան հռչակման 100-րդ տարեդարձը պիտի տօնակատարուի, եւ Էրտողան այդ առիթով պիտի յոխորտայ` ըսելով. «Ինչ որ Աթաթիւրքը երազեց, բայց չկրցաւ իրականացնել, ես կրցայ»:

Իտլիպը Հալէպէն 40 քիլոմեթր հեռու է` դէպի հարաւ- արեւմուտք: Մընպեժն ալ եթէ գրաւէ, Հալէպը երկուքին միջեւ կը մնայ եւ, փաստօրէն, իրեն ենթակայ պիտի դառնայ: Ամերիկայէն զատ` ո՛չ մէկ ուժ կրնայ Թուրքիոյ ախորժակը սանձել, բայց հզօրներու հզօր երկիրը անփորձ ու անգէտ նախագահ մը ունի դժբախտաբար, որ գործարարի վերաբերումով կը կառավարէ երկիրը` առանց ոեւէ մէկու կարծիքը առնելու, եւ մէկ բառով գործէ կ՛արձակէ չհաւնած պաշտօնեան:

Ռուսիոյ հաւանութեամբ եւ Ամերիկայի օրհնութեամբ Աֆրինը առնելէ ետք, հիմա կարգը եկած է Մընպեժին: Ռուսական դիւանագիտութիւնը 1920-ի քաղաքականութեան հետամուտ է Թուրքիան սիրաշահելու համար եւ Ամերիկային եւ այդ երկրին փոխյարաբերութիւններուն միջեւ ցից խրելու համար թուրք պետութեան կը նուիրէ Սուրիոյ հիւսիսը: Նոյնը չէի՞ն միթէ Կարսն ու Արտահանը եւ Արարատը Աթաթիւրքին յանձնելու քաղաքականութիւնը եւ ռուս-թրքական համաձայնագրի ստորագրութիւնը:

Թուրքիոյ դիւանագիտութիւնը աղուէսային է եւ շատ դերասանական, այսինքն` կեղծ ու խաբուսիկ: Լենինը խաբող պետութիւնը կը խաբէ նաեւ Ամերիկան եւ պիտի խաբէ Ռուսիան եւ Իրանն ալ: Իրանը պատրաստ է Իրաքի հիւսիսը` քրտական հայրենիքը նուիրել Թուրքիոյ եւ անոր պատճառները շատ են:

Իրան քրտական խնդիրէ մը կ՛ազատի, որուն անդրադարձը տեղի կ՛ունենայ Իրանի քրտաբնակ շրջաններուն վրայ: Սիւննի հատուածէ մը կը փրկուի եւ Թուրքիոյ միջոցով դէպի Միջերկրական ծով ճանապարհ կը բանայ: Որո՞ւ հոգը, թէ քիւրտերը ի՛նչ ճակատագիր կ՛ունենան:

Ռուսիա, Թուրքիա, Իրան եւ Ազրպէյճան իրենց սահմաններուն մէջ պաշարած են Հայաստանը: Այս երկիրը նշուած երկիրներու սրտին վրայ է եւ կը մնայ միակ խոչընդոտը` անոնց իրարու միանալու ցանկութեան մէջ:

Իրան կը վստահի Թուրքիոյ` ամերիկեան տնտեսական պաշարումը յաղթահարելու համար: Էրտողան քանի՜ քանի՛ անգամներ յայտարարած էր, որ պիտի չենթարկուէր ամերիկեան պատժամիջոցները կիրարկելու գործին եւ … չես գիտեր` ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ամերիկեան նախագահին կողմէ արտօնուեցաւ չենթարկուիլ ամպարկոյին: Ո՞վ պիտի պատժէ Իրանը, կրնա՞ք ըսել:

Թուրքիա ռուսական հրթիռներ ապսպրած էր եւ կատղեցուցած` թէ՛ ՕԹԱՆ-ի անդամ երկիրները եւ թէ՛ Ամերիկան: Հիմա, որ Ռուսիոյ հետ համաձայնագիրը վաւերացուած է, Ամերիկա վազեց Թուրքիոյ առաջարկելու իր օդանաւերու եւ հրթիռներու վրայ դրած արգելքը վերացնելու որոշումը եւ անոր տրամադրելու լաւագոյն զինատեսակները:

Այս բոլորէն ետք, պալարը պայթելու վրայ էր ամերիկեան երկերես քաղաքականութեան պատճառով եւ թրքական դիւանագիտութեան պատճառած վէրքով:

Դեկտեմբեր 14-ին, Թրամփ հեռաձայնային զրոյց մը ունենալէ ետք Էրտողանի հետ, որուն ընթացքին Թուրքիոյ նախագահը դիւրութեամբ (հասկնալի է) կրցած է համոզել ամերիկացին, որ ՏԱՀԵՇ-ը պարտուած է, եւ ամերիկեան ուժերը հեռանալու են Սուրիայէն: ՏԱՀԵՇ-ի մնացորդացը հետապնդելու յանձնառութիւնը առած է, միա՛յն թէ Ամերիկան հեռանայ:

Անգամ մը եւս թրքական դիւանագիտութիւնը յաղթած էր, իսկ ամերիկեանը` պարտուած:

Ազգին շահերը փնտռող ամերիկացի հռչակաւոր զինուորականը` պաշտպանութեան նախարար Ճիմ Մաթիս, հինգշաբթի, դեկտեմբեր 20-ին իսկոյն հրաժարեցաւ իր պաշտօնէն, երբ չկրցաւ համոզել` որ Թրամփի կատարած խոստումը Էրտողանին սխալ էր: Նոյնիսկ փորձած էր համոզել` գէթ յետաձգել որոշ ժամանակ մը: Նախագահը յայտարարեց, որ Մաթիս հանգստեան կը կոչուի: Մաթիս հակազդեց` ըսելով, որ հրաժարած է եւ ոչ թէ` հանգստեան կոչուած:

Քոնկրեսականներ, նոյնիսկ` հանրապետական շրջանակներ, դատապարտեցին որոշումը:

Պրեթ ՄքՔուրք` Ամերիկայի պատուիրակը, որուն պաշտօնն էր համակարգել դաշնակիցներուն հետ կապն ու գործունէութիւնը Սուրիոյ մէջ, շատ աւելի ուժեղ հակազդեց իր հրաժարականով` հետեւելով Մաթիսի օրինակին, ուրբաթ, դեկտեմբեր 21-ին: Միայն տասը օր տուաւ նախագահին, այսինքն` մինչեւ դեկտեմբեր 31: Նախագահը իր պատուիրակը նսեմացնելու համար  զայն «ոչնչութիւն» կոչեց` առանց ամչնալու:

Ամերիկայի դաշնակիցները անակնկալի եկան` այս անկարելի եւ դատապարտելի որոշումը լսելով: Տակաւին յստակ քայլեր չկան, բայց շուտով կը հրատարակուին դատապարտութիւնները:

Այս բոլորը արդեօք թրքական տեղական քաղաքականութեան վրայ ազդելու համար պատրաստուած զաւեշտ չե՞ն: Շաբաթներէ ի վեր Պոլսոյ փողոցներուն եւ այլ քաղաքներու մէջ հակապետական ցոյցեր տեղի կ՛ունենան: Ժողովուրդը դժգոհ է սղաճէն: Պաստառներու վրայ գրուած են` «գործ ու հաց», «հաց եւ ազատութիւն», նաեւ «Յունիս» բառերը: Յունիսը կ՛ակնարկէ 2013-ի յունիսի ցոյցերուն` նախագահ Էրտողանի դէմ, Պոլսոյ Կիզէ Փարքի բողոքի ցոյցերուն: Իր ներքին դժուարութիւնները քողարկելու համար նախագահ Էրտողան արտասահմանի մէջ յաղթանակ կ՛որոնէ Թուրքիոյ համար, որուն ազգային լիրան 25 տոկոսով արժեզրկուած է այս տարի, եւ ժողովուրդը կը տուժէ տնտեսական քաղաքականութեան սխալ գործելակերպին պատճառած սղութենէն եւ անգործութենէն:

Ամերիկեան դիւանագէտները կամ ապահովութեան պատասխանատուները մոռցա՞ծ են, որ Թուրքիոյ կառավարութիւնը, աւելի ճիշդ` Էրտողան, օգնած են եւ թիկունք կանգնած` ՏԱՀԵՇ-ին եւ օգտուած են անոր ընձեռած շահաբեր առիթներէն:

Մոռցա՞ծ են, որ Էրտողան քանի՜ քանի՛ անգամ մերժեց Ինճիրլիքի օդակայանը տրամադրել Ամերիկայի եւ դաշնակիցներուն, որուն պատճառով Գերմանիան հրաժարեցաւ Ինճիրլիքի խարիսխէն:

Մոռցա՞ծ են, որ տակաւին քանի մը շաբաթ առաջ Թուրքիա բացագանչած էր, որ պիտի չենթարկուէր Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցներուն: «Ո՛չ մէկ ուժ կրնայ մեզի պարտադրել իր կամքը կամ որոշումը», եւ նման` խօսքեր:

Քրտական հակազդեցութիւնը եւ քրտական կազմակերպութիւնները «դաւաճանութիւն» որակեցին Թրամփին որոշումը: Անոնք կը նախզգան, որ ցեղասպանութեան պիտի ենթարկուին, ինչ որ ճիշդ է: Էրտողան բազմիցս յայտարարած էր եւ` խոստացած, որ` «վերջ պիտի դնէ քրտական հարցին եւ պիտի բնաջնջէ կամ լուծէ այդ ժահրը»: Այդ պարագային, ո՞վ պիտի բռնէ Թուրքիոյ ձեռքը, որ չխողխողէ քիւրտ ժողովուրդը:

Նոյն այս քաղաքականութինն էր, որ Թալէաթ 1910-ի երիտթուրքերու յեղափոխականներու քոնկրեսին առաջարկեց` «ձերբազատիլ փոքրամասնութիւններէ եւ վերջ դնել «Հայկական հարց»-ին:

 

 

«Հպարտ» Բանաստեղծը…

$
0
0

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ

«Ես բանաստեղծ չեմ, որպէսզի կարենամ գրախօսական մը գրել քու նոր հրատարակած երկու գիրքերուդ համար»:

Խաչիկ Տէտէեանին հետ ունիմ տարիներու վրայ երկարող բարեկամութիւն, որ անցած է անհատական բարեկամութենէ` հասնելով ընտանեկան ջերմ յարաբերութիւններու եւ հանդիպումներու: Իր երկու նոր հրատարակած բանաստեղծութիւններու հատորները` «Երազէն անդին», որոնք լոյս տեսած են Երեւան, ինծի եւ ընտանիքիս մակագրեց ու նուիրեց: Ինչ խօսք` մեծ ուրախութիւն եւ հպարտութիւն էր ինծի համար տեսնել իմ բանաստեղծ բարեկամիս նոր իրագործումը: Նկատի ունենալով, որ մեր հանդիպումներուն մէջ բացակայ չեն նաեւ կատակ-դիպուկները, չուշացաւ իմ խօսքը. «Ես բանաստեղծ չեմ… Գրախօսական չեմ կրնար գրել»: Չուշացաւ Խաչիկին արագ եւ նոյնքան կատակ-սրամիտ պատասխանը. «Գործէն փախչելու լաւ պատճառաբանութիւն»:

Ճիշդ էր Խաչիկ Տէտէեանը: Ես պէտք էր յիշէի, որ աշակերտական տարիներուս որքան հայ բանաստեղծներու քերթուածները գոց կը սորվէի եւ ատենամարզանքի պահերուն կը մասնակցէի մրցոյթներու: Հայ բանաստեղծութիւնը միշտ ալ ինծի հետ «քալած» է տարիներու ընթացքին:

Խաչիկին հետ մեր զրոյցներուն մէջ նաեւ անպակաս չեն ազգային-հայրենական ու եկեղեցական-միութենական եւ գաղութային հարցերը, որոնց մէջէն անպայմանօրէն դուրս պիտի ելլէին հոգեներաշխարհային մտահոգութիւններ եւ տագնապներ, որոնցմէ մէկը` «Ես յոռետես անձ եմ», որ քանիցս ըսած է Խաչիկ:

Իր երկու նոր հրատարակած բանաստեղծութիւններու հատորները կարդալով` ըմբոշխնեցի իմ բանաստեղծ բարեկամիս մէկ կողմէ «ներաշխարհ»-ը, միւս կողմէ ալ` այն բոլոր «յոռետես» վիճակները, որոնք կը տագնապեցնեն զինք… Ճիշդ է, որ այս «յոռետեսական» հարցերը երբեմն կը քննարկենք իրարու հետ, բայց տարբեր զգացի, երբ կարդացի զանոնք իր բանաստեղծութիւններուն մէջ: Հոն տեսայ իմ բանաստեղծ բարեկամս իր «ամբողջութեան» մէջ:

Փրոֆ. Երուանդ Տէր Խաչատուրեանը, որ հայրենի ու հայկական ընդհանրական իրականութեան մէջ ունի իր արժանի դիրքը եւ վաստակը` որպէս մտաւորական-գրող եւ արուեստաբան, խմբագրած եւ կազմած է Խաչիկին հատորները: Ան յառաջաբանին մէջ կ՛ըսէ. « Խաչիկ Տէտէեանը բազմաթեմա բանաստեղծ է եւ` անսովոր բազմաթեմա»:

Այս «անսովոր բազմաթեմա»-ն էր, որ ապրեցայ եւ ընկալեցի Խաչիկին երկու հատոր նոր քերթուածներու հաւաքածոյին մէջ: Տեսայ նաեւ, թէ ինչպէ՛ս Խաչիկ Տէտէեանը «յոռետես» անձ-բանաստեղծն է: Բայց իրարու հետ շաղկապուած իր բոլոր բանաստեղծութիւններուն մէջ տեսայ «յոռետեսութիւն»-ը, որ սակայն կեցած ու անշարժ չէր, այլ` քալող, եւ ինչպէս Երուանդ Տէր Խաչատուրեանը որակած էր, «շարունակուող» բանաստեղծ-բանաստեղծութիւնն մըն է: Ան միշտ ամուր կանգնած է, բայց նաեւ պայքարած ու  պոռթկացած է, եւ Երուանդ Տէր Խաչատուրեանին նկարագրականով` «սփիւռքահայ հոգեբանական եւ հոգեկան ներկայ վիճակներու, որոնք այլ են»` իմա հեռու մարդկային-ազգային արժէքի խորքային գիտակցութենէ: Խաչիկ Տէտէեանը իր յոռետեսութիւնը զարգացուցած է, իմա՛ «շարունակած», որպէսզի ինք հասնի, բայց նաեւ հասցնէ հայը, ազգը, հայրենիքն ու, տակաւին, մարդկութիւնը այս արժէքի գիտակցութեան:

Բանաստեղծութիւններու այս երկու հատորներուն մէջէն սկսայ քակել մէկ-մէկ «բազմաթեմա» նիւթերը եւ տեսնել, թէ ինչպէ՛ս Խաչիկը իւրաքանչիւր յոռետեսական տագնապները շարունակած է հասցնել արժէքի կեանքին, որ պէտք է շարունակուի:

Իսկ Խաչիկ Տէտէեանի աշխարհը մարդն է իր «սիրոյն» մէջ, «վիշտին», «բնութեան», «մահուան», «անորոշութեան», «կեանքին», «պարզութեան» ու այս բոլորը` իր «հոգիի թռիչքին» մէջ ու մէջէն: Մարդուն մասին է, որ կը խօսի եւ կը յայտնէ, թէ «ո՛ւր կ՛երթայ…» եւ «կը խարխափէ անյոյս ճակատագրով մը»: Տակաւին, ան «կ՛որոնէ իմաստը այս բոլոր անդուլ վազքին» եւ կը տեսնէ աշխարհ մը` «կ՛երպարանափոխուած եւ անիծուած»: Այս բոլորին մէջէն ան կ՛ուզէ կորսուիլ. «Կորսուիլ կ՛ուզեմ հորիզոնի անհունին մէջ»: Բայց այս «անյոյս ճակատագրին» ան կու տայ ընթացք, եւ իր «կորսուելու փափաք»-ն ալ կը դառնայ նպատակասլաց:  Ան կը փնտռէ  «նոր հաւատք ու երազ ներշնչող» իրականութիւնները` թափ տալով իր հոգիի թռիչքին: «Պիտի ուզէի որոտալ, ժայթքիլ, դուրս գալ նոր երազի մը ուղիով»: Եւ այս նոր երազին մէջ պէտք է տեսնել յոռետես բանաստեղծին շարունակուող սլացքը` հասնելու եւ ձգտելու համար արժէքին «ճշմարտութեանը», որ «աղջամուղջին մէջ կորսուած» է: «Ճշմարտութիւնը» բանաստեղծը կը գտնէ հաւատքին մէջ: «Տո՛ւր ինծի իմաստութիւն, տէ՛ր»: Այս այն «իմաստութիւնն» է, որ «խաւար իր կեանքին համար դառնայ ջահը անմար»: Ան կ՛ուզէ քալել այս «ջահին» ուղղութեամբ, որպէսզի կարենայ ըմբռնել Տիրոջ «խորհուրդները խորհրդաւոր»:

Խաչիկ Տէտէեանը հայն է, սփիւռքահայը եւ Հայաստան հայրենիքը սիրող, բայց եւ որուն «ապագան զինք կը յուզէ»: Ան կը տեսնէ իր ժողովուրդին «նահանջը` կամաւոր եւ այլասերող»:  Ան այս իրականութիւնը վերածած է «վիշտի»: «Իմ ցեղի կորուստն է դանդաղ… կ՛երթանք կորստեան ուղիներէ… Կը զոհաբերուին սրբութիւններ, արժէքներ, հայրենիք, ազգ, լեզու, անցեալ, կը նուազի յոյսը. կ՛աղաւաղուի դիմագիծը` մարդուն սրբակենցաղ, որ տեսակ է հազուագիւտ: Ո՞ւր է ան`այդ տեսակը կորսուած»: Ան այս բոլորը կ՛որակէ որպէս` «Տագնապն է ան հայուն ներկային, հայրենիքէն դուրս նահանջող հայուն»:

Ան կ՛ակնարկէ հայուն մեծ երազի ճամբու իտէալին եւ տեսիլքներուն, որոնք` «զիջեցանք զանոնք տեղայնական մտայնութեամբ»: Խաչիկ Տէտէեանին համար «հայութիւն, հայրենիք ամէն բանէ վեր» են: Իր յոռետեսութիւնը այն է, որ հայը միաբան չէ: Ան կը ձգտի միաբանութեան: Հոս դարձեալ ակնյայտ է շարժող յոռետեսութիւնը, եւ ան կ՛ըսէ. «Մէկը ամբողջին ու ամբողջը մէկին կարգախօսով, հաւաքական գործին հաւատացած»: Խաչիկը իր հայրենասիրութեան թռիչք-սլացքը կը հասցնէ «ուրիշ» մը ըլլալու գիտակցութեան. «Ահա այն ատեն միայն հաւատացի, որ մերն իրաւամբ ուրիշ է… որ Հայաստան աշխարհ կոչուած այս դրախտը իրաւամբ հրաշք մըն է հողեղէն…»: Բայց Խաչիկին սլացքը տակաւին վեր է. «Պիտի հասկնանք ուշ կամ կանուխ, անպայման, թէ հայրենիքն է միայն փրկութեան լաստը վերջին»: Ան կը վստահեցնէ` մեկնելով իր սփիւռքահայու փորձէն, որ`   «օտար ամայի ճամբէքի վրայ չկայ խաղաղութիւն»:

Խաչիկ Տէտէեանը պահանջատէր բանաստեղծ է իր ժողովուրդի ահաւոր Ցեղասպանութեան փորձառութեան մէջ. «Սպաննեցիր մարմինը, բայց չբեկանեցիր անոր կամքը: Լսէ՛, հայը կը բախէ դուռդ հիմա` ուժգնօրէն, արեան մուրհակները ձեռքին, արդար վրէժխնդրութեամբ. յարութեան ղօղանջները կը հնչեն ծագէ ծագ, յարութեան շունչով զօրացած»:

Խաչիկ Տէտէեանը կը հաւատայ եւ ամուր կառչած է մայրենիին. «Հայուն դժուար երթին դուն աղաղակող օրագրութիւն»: Բոլոր «փոթորկոտ ու փոխուող» օրերուն մէջէն ան կը հաստատէ չփոխուող իրականութիւնը, որ` «Կը մնան փորագրուած երեսունվեց տառեր հրաշագործ` որպէս անջնջելի, նուիրական սխրանք իւրայատուկ»:

Կայ նաեւ Խաչիկ Տէտէեան «Տեսիլքի» բանաստեղծը: Հոս դարձեալ իր յոռետեսութիւնը կը շարժի… «Կը տեսնեմ երկիր ազատ ու արդար, պետութիւն, ժողովուրդ ձեռք-ձեռքի տուած, կը կերտեն նոր, ազատ հայրենիք, նոր սխրանք, ուժեղ ապագայ»:

Խաչիկ Տէտէեանը կը հաւատայ նաեւ իր ծննդավայր Լիբանանին. «Չէ՞ որ իմ հայրենիքն է նաեւ ան, այդ որդեգիր ծնողքս հարազատ»:  Բայց նաեւ կ՛ափսոսայ Լիբանանին վիճակուած սեւ ճակատագրին, որ ան ապրած է ամէն հարազատութեամբ. «Մնացիր եւ միայնակ ճակատագրին դէմ…»: Ան կը գիտակցի մեծերուն բոլոր խաղերուն. «Կ՛օգտագործեն քեզ մեծերը այս աշխարհի»: Խաչիկ Տէտէեանը կը տեսնէ, թէ ինչպէ՛ս «Երկիրն այս, նահանջի ու կորստեան ուղին է բռնած», եւ այդ պատերազմի արհաւիրքին մէջ ան կը գծէ` «ատելութեան դիմագիծը», «նախանձը անհանդուրժող», «անարգ ոճիր»-ը եւ այդ բոլորը կը սեղմէ իր մէջ` որպէս «քաոս իմ ներսիդիս»:

Բայց Խաչիկ Տէտէեան յոռետեսը կրնայ տեսնել «նոր Լիբանան»: Լիբանանը, «որ կը ցցէ գլուխը յաղթական` մահաքունէն զարթնած»:

Խաչիկ Տէտէեանին յոռետեսութիւնը իրաւամբ շարժող է, որովհետեւ ան գիտէ դէմ կենալ ներկայ օրերու ընթացքին, որ «այլ» է: Բայց ինք հոն չէ, քանի գիտէ դիավարել «անտարբերութեան» մէջէն, որ «ախտ» է եւ «կը սուրայ մոլագար»: Խաչիկ Տէտէեանը «անցեալի տխուր յուշերը վանած» է ու, տակաւին, «ամօթի ու պարտութեան բարդոյթէն ձերբազատած», ան կը նայի «վաղուան օրուան յաղթութեան` հպարտութեամբ գօտեպնդուած»:

Այս յաղթութեան հպարտութիւնն է, որ Խաչիկ Տէտէեանը դարձուցած է «հպարտ» բանաստեղծ… Հպարտը երբեք գերակայութեան համար չէ: Ինչպէս որ ինք կ՛ըսէ` «Աժան ու սին ինքնապարծութեամբ»: Այլ հպարտութիւն մըն է, որ Խաչիկ Տէտէեան յոռետես բանաստեղծը վերածած է շարժող եւ շարժուն: Շարժուն` կեանքի մէջ արժէքին տենչալով եւ հասնելու ձգտումով: Ահա թէ ինչո՛ւ իր բանաստեղծութիւնը «շարունակուող» է, քանի արժէքի կեանքի ձգտումը երբեք պէտք չէ կենայ:

Իսկ արժէ՞քը… Ան հպարտ է` «հայ ծնած ըլլալով», հպարտ է` «հայու արիւն կրելով»: Այս հպարտութիւնը իր մէջ կերտած է «հաւատք» մը, որ միշտ «վառ» է, կենդանի, ապրող եւ շարժող: Տակաւին, կեանքի նկատմամբ «համոզմունքով» մը, որ իր անձը եւ ապրած օրերը վերածած են «ջերմութեան»: Այս «համոզմունքը» եւ «ջերմութիւնը» Խաչիկ Տէտէեան, հպարտ բանաստեղծը եւ մեզ բոլորս կը տանին յոռետեսութենէն դէպի արժէքի կեանքը տեսնելու եւ կերտելու մարտահրաւէրին:

Շնորհակալութի՛ւն, Խաչիկ Տէտէեան, այս արժէքին ու ինքնութեան գիտակցութեան համար: Քեզի, մեզի եւ մեր բոլորին:

Խաչիկ Տէտէեան` հպարտ բանաստեղծը, որ կը խթանէ մեզ բոլորս, որ մենք հպարտ հայեր ենք…

Հպարտ բանաստեղծը: Ան, որ յոռետես իրավիճակները կը շարժէ հասնելու եւ հասցնելու համար մեզ բոլորս արժէքի գիտակցութեան:

 

Վերանում Է Նաեւ Ջաւախահայութեանը ՀՀ-ի Հետ Կապող Օղակը

$
0
0

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Հայաստանի սփիւռքի նախարարութեան կրճատման թոհուբոհում առաջացող ազգային-քաղաքական եւ ընկերային խնդիրների շարքում հարկ ենք համարում անդրադառնալ յոյժ կարեւոր մի խնդրի` ջաւախահայութեան հիմնահարցին: Փաստենք, որ նախարարութիւնն ունի մի օղակ` Մերձաւոր սփիւռքի հետ կապերի վարչութիւնը, որը, Թուրքիայի, Հիւսիսային Կովկասի ինքնավար կազմաւորումների եւ Վրաստանի հայկական համայնքների շարքում, այս կամ այն կերպ համակարգում էր նաեւ ջաւախահայութեան հոգեւոր-մշակութային կապը ՀՀ-ի հետ:

Ջաւախքի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնները, յայտնի գործիչներ եւ շահագրգիռ այլ շրջանակներ բազմիցս պահանջել են ՀՀ իշխանութիւններից` Ջաւախքի ուղղութեամբ հանդէս գալ հայեցակարգային մօտեցումներով, այդուհանդերձ, տարբեր պատճառներով սայլը մինչ օրս տեղից չի շարժուել, եւ ջաւախահայութեանը յուզող հիմնահարցերը, ՀՀ-ի կողմից, արծարծուել են կառավարական միջին օղակի այսպիսի վարչութիւններում կամ բաժիններում: Նախորդ շրջանում Վրաստանի (այդ թւում` Ջաւախքի) դպրոցներին ՀՀ-ի կողմից դասագրքեր են տրամադրուել ԿԳ նախարարութեան Արտաքին կապերի եւ սփիւռքի վարչութեան սփիւռքի հետ կապերի բաժնի միջոցով, իսկ սփիւռքի նախարարութեան կայացումից յետոյ այդ գործառոյթն անցել է նշեալ նախարարութեանը: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարութեան նշեալ ստորաբաժանմանը, ապա վերջինս ներկայումս նախաձեռնում է կրթական ոլորտին առնչուող համահայկական բնոյթի ձեռնարկներ (խորհրդաժողովներ, ողիմպիականներ եւ այլն), որոնց մասնակցում են նաեւ Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:

Փաստօրէն, վերջին տարիներին, Վրաստանի (այդ թւում` Ջաւախքի) հայ ազգաբնակչութեան հոգեւոր կարիքները քննարկել, գնահատել, հաշուառել եւ, յանձինս սփիւռքի նախարարութեան, պետութեանն է ներկայացրել նոյն նախարարութեան համապատասխան օղակը:

Որպէս նախապատմութիւն` փաստենք, որ ՀՀ-ի կողմից Ջաւախքին յատկացուող օժանդակութիւնը 1990-ական թթ. ի վեր համակարգուել է մի քանի կազմակերպութիւնների միջոցով: Դրանց շարքում, որպէս պետական օղակ, հանդէս էր գալիս ՀՀ կառավարութեանն առընթեր Յատուկ ծրագրերի վարչութիւնը, որն ստեղծուել էր 1990-ական թթ. սկզբներին եւ համակարգում էր Արցախին եւ Ջաւախքին (Վրաստանին) առնչուող մի շարք հարցեր` այդ շրջանակներում համակարգելով նաեւ ՀՀ-ի կողմից Ջաւախքում իրականացուող ծրագրերը: Ռ. Քոչարեանի օրօք այս հիմնարկը վերանուանուեց Տարածաշրջանային համարկման վարչութեան, գոյատեւեց մինչեւ 2000-ական թթ. սկիզբը: Վերջինիս ղեկավար, ջաւախահայ գործիչ Ս. Մարգարեանն այնուհետեւ հանդիսանում էր նոյն հարցերով ՀՀ վարչապետի խորհրդականը: Նա աշխատանքից ազատուեց, եւ այս ոլորտը վերջնականօրէն կառավարութեան կողմից անտեսուեց վարչապետ Տ. Սարգսեանի օրօք:

Որպէս պետական ստորաբաժանում, որն այս կամ այն կերպ կարող էր առնչութիւն ունենալ Ջաւախքին` ԱԳ նախարարութեան Սահմանակից երկրների վարչութիւնն է, որն ունի Վրաստանի բաժին: Չնայած վերջինիս գործառոյթների մէջ մտնում են` Վրաստանի նկատմամբ ՀՀ քաղաքականութեան մշակումը, առաջնահերթութիւնների սահմանումը, քաղաքական երկխօսութեան խթանումը, իրաւապայմանագրային դաշտի ու առեւտրատնտեսական յարաբերութիւնների, կրթամշակութային ծրագրերի իրականացման ու զարգացման համար համապատասխան պայմանների ձեւաւորումը, ինչպէս նաեւ ՀՀ-ի համար առաջնային հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրների վերաբերեալ տեղեկանքների եւ վերլուծութիւնների կազմումը, այդուհանդերձ, Ջաւախքում առաջին անգամ են լսում այս ստորաբաժանման գոյութեան մասին: Հետեւաբար այս բաժնի աշխատանքները կա՛մ եղել են անարդիւնաւէտ, կա՛մ` գերգաղտնի, կա՛մ էլ որեւէ կերպ չեն առնչուել ջաւախահայութեան խնդիրներին: ԱԳՆ-ի կայքում նշուած է, որ վերոնշեալ ստորաբաժանումը մշտական կապի մէջ է Վրաստանում ՀՀ, ինչպէս նաեւ Երեւանում Վրաստանի դեսպանութիւնների հետ:

Խօսելով Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատանքների մասին` պէտք է փաստել, որ դեսպան Ռ. Սադոյեանի օրօք դրանք բաւականին աշխուժացել են, եւ նոր դեսպանի կողմից փորձ է արւում որոշակի շունչ հաղորդել տարիներով անգործութեան մատնուած այս կառոյցին: Այդուհանդերձ, բազմիցս ենք նշել, որ Վրաստանն առանձնայատուկ երկիր է: Վրաստանի հարաւային ողջ երկայնքով թուրքական գործօնի օրաւուր աշխուժացման պայմաններում Ջաւախքի խնդիրն այսօր անմիջականօրէն առնչւում է ՀՀ անվտանգութեանը` ինքնաբերաբար վերածուելով ՀՀ սահմանակից միակ քրիստոնեայ օճախի: Ջաւախքի խնդիրն, այսօր, ընկերային-տնտեսական, ազգային-քաղաքական երանգաւորումից անցում է կատարել դէպի քաղաքակրթական հարթութիւն. այն տարածաշրջանում քրիստոնէական քաղաքակրթութեան յարատեւման առանցքային երաշխիքներից մէկն է այսօր, եթէ ոչ` ամենագլխաւորը:

Հետեւաբար այս ընդգրկուն, բազմաշերտ եւ բազմաբովանդակ հարցերի կարգաւորումը, որոնց համար անհրաժեշտ են պետական հաստատութիւններ եւ մասնագիտացուած գերատեսչութիւններ, սպասել Վրաստանում ՀՀ դեսպանատնից` իրատեսական չէ:

Մենք այստեղ խօսում ենք խնդրոյ առարկայ ոլորտին առնչուող պետական մարմինների գործառոյթների մասին, եւ պետութեան հետ այս կամ այն կերպ համագործակցող բարեգործական միութիւնների, հասարակական կազմակերպութիւնների եւ հիմնադրամների, ինչպէս նաեւ կրօնական հաստատութիւնների` նշեալ ուղղութեամբ տարուող աշխատանքների խնդիրը դուրս է մեր քննարկման տիրոյթից:

Պէտք է փաստել, որ ջաւախահայութեանը յուզող հիմնահարցերի հանդէպ` որպէս ՀՀ անվտանգութեանն առնչուող գործօնների, պետական հայեցակարգի եւ մշակուած գործողութիւնների բացակայութեան, նշեալ խնդիրների շարունակական անտեսման կամ շրջանցման, ինչպէս նաեւ բացասական այլեւայլ իրողութիւնների առկայութեան պայմաններում, պետական միջին եւ եզակի օղակ է հանդիսացել ՀՀ սփիւռքի նախարարութեան վերոնշեալ ստորաբաժանումը: Աշխատակիցների նուիրումի շնորհիւ` այն այսօր դրական կերպով է ընկալւում Ջաւախքում, Թիֆլիսում եւ այլուր:

Մեծ վերապահումներով մօտենալով ջաւախահայութեանը սփիւռք համարելու իրողութեանը, այդուհանդերձ, Ջաւախքի մեր հայրենակիցները փաստում են, որ սփիւռքի նախարարութեան կրճատմամբ կը վերանայ նաեւ պետական այն օղակը, որը վերջին շրջանում վերածուել էր ջաւախահայութեան խնդիրների արծարծման եւ լուծման ուղիների որոնման թէեւ փոքրիկ, բայց հաճելի ու օգտակար միջավայրի: Պարզորոշ է, որ ԱԳՆ-ի կազմում ստեղծուելիք վարչութեան շրջանակներում այլեւս անհնար է լինելու վերակազմաւորել նման օղակ: Փաստօրէն, եթէ այլ երկրների հայկական համայնքների պարագաներում պետութեան հետ կապի գործառոյթները ինչ-որ չափով կարող են ԱԳՆ-ի միջոցով իրենց վրայ վերցնել ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնները, ապա ջաւախահայութեան դէպքում, ելնելով ոլորտի վերոնշեալ առանձնայատկութիւններից, այդ խնդիրը բաց է մնում: Միւս կողմից, եթէ նշեալ վարչութեան գործառոյթները վերաբաշխուեն եւ յանձնուեն այլ գերատեսչութիւնների, ապա այստեղ էլ կը վերանայ վիրահայութեան (յատկապէս` ջաւախահայութեան) կարիքների գնահատման եւ հաշուառման կենտրոնացուած կերպով իրականացման գաղափարը:

Ամփոփենք. սփիւռքի նախարարութեան վերացմամբ վերանում է նաեւ պետական այն փոքրիկ (թերեւս` վերջին) օղակը, որը այս կամ այն կերպ ամբարում էր Ջաւախքի հոգեւոր-մշակութային կարիքները, եւ որի միջոցով ջաւախահայութիւնը հոգեւոր-մշակութային կապ էր հաստատում ՀՀ-ի` որպէս մայր պետութեան հետ: Այդ օղակի վերացմամբ ոտնահարւում է նաեւ ջաւախահայութեան խնդիրներին պետականօրէն համակարգուած մօտեցում ցուցաբերելու գաղափարը: ՀՀ նոր իշխանութիւնները, փոխարէնն, առայժմ ոչինչ չեն առաջարկում, իսկ իրագործուող կառուցուածքային փոփոխութիւններում որեւէ իրատեսական կամ խոստմնալից զարգացումներ չեն ուրուագծւում:

 

Յուշ-Երեկոյ` Շարլ Ազնաւուրի Մահուան Քառասունքին Առիթով. Ան Ցերեկները Թերթ Կը Վաճառէր Փարիզի Փողոցներուն Մէջ, Բա՛յց Երբեք Չէր Կրնար Երեւակայել, Որ Այդ Նոյն Թերթերը Իր Մասին Պիտի Գրէին Ապագային

$
0
0

ՆՈՒՊԱՐ ՏԵՄԻՐՃԵԱՆ

Նախաձեռնութեամբ Սան Ֆրանսիսքոյի Համազգայինի «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղի վարչութեան եւ Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական (ԳԶՎ) Ազգային վարժարանի տնօրէնութեան, Շարլ Ազնաւուրի մահուան քառասունքին առիթով տեղի ունեցաւ ոգեկոչական հանդիսութիւն մը` կիրակի, 9 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 7:00-էն սկսեալ, Սան Ֆրանսիսքոյի «Խաչատուրեան» Հայ կեդրոնի «Սարոյեան» սրահին մէջ` ներկայութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Պարոյր վրդ. Շէրնէզեանի, շրջանի կազմակերպութիւններու եւ յարակից միութիւններու ու Շարլ Ազնաւուրի յիշատակը յարգողներու հոծ բազմութեան մը:

Երեկոյթին բացման խօսքով ելոյթ ունեցաւ Համազգայինի վարչութեան ատենապետ Ռուբինա Գասպարեանը, որ ըսաւ. «Համազգայինի «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղի եւ ԳԶՎ ազգային վարժարանին կողմէ շնորհակալութիւն կը յայտնեմ բոլորիդ` ձեր ներկայութեան համար, որ արձագանգելով մեր հրաւէրին` եկած էք միասնաբար ոգեկոչելու համաշխարհային ճանաչում ստացած ֆրանսահայ երգիչ, բանաստեղծ, դերասան, դիւանագէտ, մարդասէր գործիչ եւ բարերար Շարլ Ազնաւուրի կեանքն ու վաստակը յիշատակելու համար կազմակերպուած սոյն ձեռնարկին»:

Շարունակելով իր խօսքը` Գասպարեանը նշեց. «Իր երգարուեստին եւ բեմական կեանքին զուգահեռ, ան իր գործով փաստեց, որ արուեստը կարելի է օգտագործել նաեւ արդար դատերու ծանօթացման նպատակին: Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած «Իլ սոն թոմպէ» («Անոնք ինկան») երգը, իսկ 1988-ի երկրաշարժին առիթով «Փուր թուա Արմենի» («Քեզի համար, Հայաստա՛ն») երգերը մեծ ընդունելութիւն գտան համայն աշխարհին մէջ` ծանօթացնելով հայ ժողովուրդն ու Հայ դատը. իսկ 2001-էն ետք Ազնաւուր պայքարեցաւ, որ Ֆրանսա օրէնքի ուժով ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը: Մենք այսօր կը խոնարհինք անոր յիշատակին առջեւ եւ միասնաբար պիտի տօնախմբենք իր կեանքը, որովհետեւ 1 հոկտեմբեր 2018-ին սկսաւ Շարլ Ազնաւուրի համաշխարհային շրջագայութիւնը` անմահութեան ուղիով»:

Բարի գալուստի խօսքերով հանդիսութիւնը ձեռնհասօրէն վարեց Սոնա Թոմոյեանը, որ ըսաւ. «Այս երեկոյ մենք հաւաքուած ենք յիշելու ու մեծարելու ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրի արուեստն ու կեանքը: Ֆրանսական թերթերը իր մահէն ետք գրեցին. «Ֆրանսան կորսնցուց ֆրանսական երգի իր վերջին արքան»: Շարլը երգիչ էր, երգահան, դերասան եւ գրող: Ան գրած է 1200-էն աւելի երգեր, դերեր ստանձնած է աւելի քան 60 ժապաւէններու մէջ, վաճառուած են շուրջ 180 միլիոն իր երգերու ձայնասկաւառակներէն: Ազնաւուր, զոր յաճախ կ՛անուանեն Ֆրանսայի Ֆրենք Սինաթրան, դարձաւ ամենամեծ միջազգային ճանաչում ստացած ֆրանսացի երգիչը: Սկիզբը Շարլը կը քննադատէին իր արտաքինին եւ «ջղաձիգ» ձայնին, բառերուն տարօրինակ անկեղծութեան համար: Ան 1956-ին մեծ յաջողութեամբ ելոյթ ունեցաւ Փարիզի «Օլիմփիա» համերգասրահին մէջ ու անկէ ետք ունեցաւ աննախադէպ յաջողութիւն ե՛ւ ֆրանսական, ե՛ւ միջազգային բեմերու վրայ: 1965-ին Ազնաւուր գրեց «Լա Պոէմ»-ը երգը, որ դարձաւ իր ամէնէն ճանչցուած եւ սիրուած երգերէն մէկը` թարգմանուելով 7-ը լեզուներու: Շարլը ի՛նք զայն երգած է 5 լեզուներով. այդպիսով, այդ երգը դարձաւ Շարլ Ազնաւուրի ստորագրութիւնը»:

Սկսելով օրուան յայտագիրին` Թոմոյեանը ըսաւ. «Այս երեկոյ պիտի փորձենք ճամբորդել Շարլ Ազնաւուրի կեանքի անցած ճանապարհով` ծնունդէն մինչեւ երկրային կեանքին աւարտը: Պիտի սկսինք «Լա Պոէմ»-ը երգին երաժշտութեամբ»:

Ան բեմ հրաւիրեց սանֆրանսիսքոցի երկու սիրուած երաժիշտներ` ջութակահար Յակոբ Նազարեանը եւ դաշնակահար Արա Քիւլլիւքեանը, որոնք մեծ հմտութեամբ կատարեցին «Լա Պոէմ»-ը` արժանանալով բուռն ծափահարութիւններու:

Ապա յայտագիրը շարունակուեցաւ Շարլի մանկութեան եւ պատանեկութեան մասին տեսերիզի մը ցուցադրութեամբ, որուն մէջ երեւցան լուսանկարներ` Ազնաւուրի մանկութենէն, եւ խօսուեցաւ Շարլի ընտանիքին ու հայկական այն միջավայրին մասին, ուր մեծցաւ ու հասակ առաւ Շարլը:

Այնուհետեւ ելոյթ ունեցան Համազգայինի «Ն. Աղբալեան» մասնաճիւղի «Արազ» պարախումբէն անդամներ` ղեկավարութեամբ Մարալ Ստեփանեանի: Ձայնագրուած երգեցողութեամբ` Շարլ եւ Սեդա Ազնաւուրներու, Սայաթ Նովայի «Աշխարհումս իմս դուն իս» երգին վրայ պարեցին պարուհիներ` Ալիք Անտոնեանը, Ալիսա Պեզճեանը, Էմիլի Աւետիսեանը եւ Շրեկըն Թիւթիւնճեանը:

Ապա Թոմոյեանը ներկայացուց Շարլի առաջին հանդիպումը Էտիթ Փիաֆի հետ, ինչպէս նաեւ` այն դժուարութիւնները, զորս ան ապրեցաւ իբրեւ երգիչ, երբ կը քննադատուէր իր արտաքինին ու ձայնին համար: Հանդիսավարը նշեց, որ Շարլը յաջողութեան հասաւ այդ շրջանին, երբ երգեց շատ նշանաւոր երգ մը` «Զիս տարէք»-ը, զոր դաշնամուրով կատարեց գաղութիս սիրուած դաշնակահարուհի Նայիրի Սարգիսը` արժանանալով հանդիսականներու բուռն գնահատանքին:

Ազնաւուրի միջազգային ճանաչումը սկսաւ, երբ ան սկսաւ համերգներ տալ Ֆրանսայէն դուրս: Շարլը 1963-ին առաջին համերգը ունեցաւ հեղինակաւոր «Քարնըկի հոլ»-ի մէջ: Ամերիկայի մէջ Ազնաւուր առաւել յայտնի դարձաւ իր «Եսթըրտէյ ուէն այ ուազ եանկ» երգով: Այդ երգը երգած են շատ մը նշանաւոր երգիչներ, բայց մեր հանդիսութեան օրը այդ երգը երգեց մեր հանդիսավարուհին` Սոնա Թոմոյեանը` խոր ապրումներով ու բացառիկ երգեցողութեամբ, արժանանալով հանդիսականներու բուռն ծափահարութիւններուն:

Ֆրանսական երգի տարածման մէջ Ազնաւուրի ներդրումին մասին խօսելէ ետք, ԳԶՎ վարժարանի տնօրէնուհի Կրէյս Անտոնեանը ֆրանսերէնով կարդաց Ազնաւուրի բանաստեղծութիւններէն մէկը, իսկ հայերէնի թարգմանուած «Զիս տարէք-ը կարդաց ԳԶՎ-ի շրջանաւարտներէն Զեփիւռ Գասպարեանը:

Նշելէ ետք, որ 1988-ի Հայաստանի երկրաշարժէն ետք Շարլ Ազնաւուր ստեղծեց «Ազնաւուր` Հայաստանի համար» հիմնադրամը, ԳԶՎ-ի վարժարանի աշակերտները, ղեկավարութեամբ Սոնա Թոմոյեանի, երգեցին երկրաշարժի զոհերուն ի նպաստ դրամահաւաքի համար գրուած` «Քեզի համար, Հայաստա՛ն» երգը: Երգին բառերուն հեղինակն է Ազնաւուր, իսկ երաժշտութեան հեղինակը` Ժորժ Կառվարենց:

Աւարտին, Համազգայինի ատենապետ Ռ. Գասպարեանը բեմ հրաւիրեց օրուան յայտագիրին բոլոր մասնակցողները եւ իր շնորհակալական խօսքերէն ետք, մեծապէս գնահատելով անոնց մասնակցութիւնը հանդիսութեան, առ ի գնահատանք, նուիրեց մէկական ծաղկեփունջ:

Հոս կ՛արժէ նաեւ հակիրճ կերպով անդրադառնալ Ազնաւուրի մանկութեան: Ան ծնած է 22 մայիս 1924-ին, Փարիզ: Նորածինին անունը հայրը կը դնէ Շահնուր Վաղինակ Ազնաւուրեան, ապա, ֆրանսացի մանկաբարձուհիին խորհուրդով, Շահնուրը կը փոխուի Շարլի: Փոքրիկն Շարլը առաջին անգամ բեմ կ՛ելլէ 5 տարեկանին. ան կ՛ուզէր դերասան դառնալ եւ սկսաւ մասնակից դառնալ մանկական թատերախումբի մը ու շատ շուտով կարեւոր դերեր ստանձնեց ներկայացումներու մէջ: Ան 9 տարեկանին կը ձգէ դպրոցը եւ կը միանայ շրջիկ թատերախումբի մը: Ան ցերեկները թերթ կը վաճառէր Փարիզի փողոցներուն մէջ, բա՛յց երբեք չէր կրնար երեւակայել, որ այդ նոյն թերթերը իր մասին պիտի գրէին ապագային:

 

 

ՀՄԸՄ-ի Անթիլիասի Մասնաճիւղ. «Միասնաբար Օգնենք Ուրիշին» Կարգախօսով Բարեսիրական Աշխատանք

$
0
0

Շաբաթ, 22 դեկտեմբեր 2018-ին, յաջորդաբար երրորդ տարին ըլլալով, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրին մէջ  տեղի ունեցաւ «Միասնաբար օգնենք ուրիշին» կարգախօսով բարեսիրական աշխատանքը` կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Անթիլիասի մասնաճիւղի Սկաուտական խորհուրդին եւ խմբապետական կազմին:

Այս աշխատանքին յաջողութեան համար նախապէս տարուեցաւ քարոզչական աշխատանք` ապահովելու մեծ թիւով մասնակցութիւն:

Ձեռնարկին նախօրեակին սկաուտները գիշերը անցուցին` իրագործելու իրենց ձեռային աշխատանքով պատրաստուած գեղեցիկ տօնածառ մը:

Ձեռնարկին օրը, կէսօրուան ժամը 12:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 6:00 սկաուտները ստանձնեցին մասնաճիւղի մարզիկներուն, բարեկամներուն, ծնողներուն եւ «Աղբալեան-ՀՄԸՄ» համալիրի այցելուներուն բերած նուիրատուութիւնները: Իրենց կարգին, սկաուտական բոլոր խումբերը իրենց հետ բերած զանազան տեսակի ուտեստեղէնները` կաթնեղէն, ձէթ, ընդեղէն, քաղցրեղէն, պահածոներ, ինչպէս նաեւ տան մաքրութեան անհրաժեշտ նիւթեր զետեղեցին տօնածառին առջեւ:

Սկաուտները շատ մեծ խանդավառութեամբ տարին այս աշխատանքը` տօնական օրերու իրենց ուրախութիւնը կիսելու հայ կարիքաւոր ընտանիքներու անդամներուն հետ: Առաջնորդուելով «Միշտ օգնել ուրիշին» սկաուտական դաւանանքով` այս աշխատանքը առիթ մըն է գործադրելու սկաուտական հիմնական խոստումներէն մէկը եւ նոր սերունդին ջամբելու  կարիքաւորը  յիշելու եւ անոր օգնելու գիտակցութիւնը:

ՀՄԸՄ-ի Անթիլիասի սկաուտներուն հաւաքած ուտելիքները հաւասարապէս տեղադրուեցան 40 տուփերու մէջ, որոնք տօնական օրերուն ընթացքին պիտի բաշխուին 40 հայ կարիքաւոր ընտանիքներու: Տուփերուն մէկ մասը Լիբանանահայ օգնութեան խաչի (ԼՕԽ) միջոցով պիտի բաժնուի, իսկ մաս մըն ալ սկաուտական խմբապետները անձամբ պիտի յանձնեն ընտանիքներուն` աւելի մօտէն ճանչնալու համար հայ  համայնքի անդամներուն հետ:

Viewing all 12135 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>
<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596344.js" async> </script>