Գրաբարից թարգմանեց
ԱՆՆԱ ԿԻՇԻՆԵՒՍԿԱՅԱՆ
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
Ս. Գէորգը` Քրիստոսի քաջամարտիկ մարտիրոսը, արի նահատակը, մարտիրոսների պարծանքի թագը եւ Քրիստոսի յաղթող զօրականը, կապադովկացիների գաւառից էր, որ հայերը Գամիրք էին կոչում: Նրա անունը թարգմանւում է «մշակ», «հողագործ»: Նա մեծատուն ծնողների առաքինի զաւակ էր` ազատների եւ քաջերի ազգից: Ս. Գէորգը տարիքով երիտասարդ էր, վայելուչ էր հասակով եւ տեսքով գեղեցիկ: Լինելով արեւելեան զօրագնդի զօրավար` արիաբար յարատեւում էր Քրիստոսի հաւատքի մէջ:
Այն ժամանակ Դիոկղետիանոս ամբարիշտ արքան հրաման արձակեց դատել քրիստոնեաներին: Այդ պատճառով ատեանում նստեց ամբարիշտ դատաւոր Դատիանոսը` Նիկոմիդիա քաղաքից, եւ բոլոր քրիստոնեաներին, ում գտնում էր, չարաչար տանջում էր: Իսկ զօրեղ զինուորը` Քրիստոսի քաջ նահատակ Գէորգը, փայլում էր որպէս պայծառ աստղ ասպարէզում: Նա համարձակ եկաւ դատաւորի մօտ եւ ասաց. «Ես քրիստոնեայ եմ` Քրիստոսի ծառայ, եւ անարգում եմ ձեր կռապաշտ մոլորութիւնը»: Դատաւորը, տեսնելով նրա այսքան վայելուչ հասակն ու տեսքը, կանչեց նրան իր մօտ եւ ողոքական խօսքերով համոզում էր ուրանալ Քրիստոսին եւ զոհ մատուցել կուռքերին, խոստանում էր նրան բազում պարգեւներ: Իսկ Քրիստոսի սուրբ վկան արհամարհեց նրա խօսքերը եւ ասաց. «Ես քրիստոնեայ եմ եւ Քրիստոսի ծառայ»: Այն ժամանակ չէին դադարում ամէնքը Գէորգի քաղցրագեղ դէմքին նայելուց, եւ չէր ախորժում ականջը լսել ուրիշ բան, քան թէ` նրա քաղցրախօս բառերը, որոնցով անարգում էր նրանց կուռքերը եւ դաւանում էր Քրիստոս Աստծուն:
Այնժամ զօրականներից մէկը գեղարդով հարուած հասցրեց Գէորգի որովայնին, եւ թափուեց շատ արիւն: Սրբին տարան բանտ, կապեցին փայտին, եւ Տիրոջ հրեշտակը իջաւ նրա մօտ եւ բժշկեց նրա վէրքերը: Օրեր անց, հանելով բանտից, սրբին կրկին հարցաքննեցին, թէ կուրանա՞յ Քրիստոսին, եւ տեսան, որ հաստատուն է Քրիստոսի հաւատի մէջ եւ անարգում է կուռքերին: Այն ժամանակ պատրաստեցին մի փայտէ անիւ, շուրջանակի պատելով սուր սլաքներով, հագցրեցին այն Սուրբ Գէորգին եւ գլորեցին զառիվայր տեղով, որտեղ ամբողջ մարմինը սրբի կտրատուեց:
Տիրոջ հրեշտակը իջաւ երկնքից, ազատեց Ս. Գէորգին անիւից եւ բժշկեց նրա բոլոր վէրքերը: Տեսնելով դա` անհաւատները ամաչեցին, բայց վերցնելով տարան սրբին բանտ` մի այրի կնոջ տուն: Ս. Գէորգը նստեց տան սիւներից մէկի պատուանդանի մօտ, եւ նոյն ժամին սիւնը կանաչելով ծաղկեց եւ արմատացաւ, եւ տան տանիքի վրայ բարձրացաւ տասնհինգ կանգուն ունեցող ծառ: Ս. Գէորգը ասաց այրի կնոջը, թէ` «Քաղցած եմ, բեր ինձ հաց ուտելու»: Կինը պատասխանեց` «Իմ տանը հաց չկայ: Սուրբն ասաց.
– Ո՞ր աստծունն ես պաշտում:
Կինը պատասխանեց.
– Ապողոնին:
Սուրբն ասաց.
– Յիրաւի չունես հաց, որ Ապողոնին ես պաշտում:
Եւ կինը դուրս եկաւ տնից, որ հաց բերի սրբին: Նոյնժամ Ռափայէլ հրեշտակապետը դրեց սրբի առաջ բարիքներով լի սեղան, եւ նա կերաւ ու յագեցաւ` գոհութիւն յայտնելով Աստծուն: Երբ կինը եկաւ, տեսաւ բարիքներով լի սեղանը, կանաչած սիւնը եւ բարձրացած ծառը, ընկաւ սրբի ոտքերի մօտ, հաւատաց ի Քրիստոս ու ասաց.
– Ողորմի՛ր ինձ, ծառայ Աստծոյ Բարձրեալի: Կինը` վեր կենալով գնաց իր մառանը եւ բերեց սրբի առաջ իննամեայ եւ իննամսեկան մի անդամալոյծ մանուկ, որին պահում էր այնտեղ: Բերելով մանկանը` դրեց սրբի ոտքերի մօտ, եւ նա դրոշմեց երեխային աստուածային նշանով: Իսկոյն բժշկուեց մանկան ամբողջ մարմինը` բացի ոտքերից: Սուրբն ասաց. «Պատշաճ ժամին ոտքերն էլ կը բժշկուեն` իմ խօսքերը կատարելու պահին»:
Ս. Գէորգը վեր կենալով` գնաց դատաւորների ատեանը եւ յանդիմանում էր նրանց կռապաշտ մոլորութիւնը: Նրանք ասում էին` «Ո՞վ է սա»: Սուրբը պատասխանեց.
– Ես եմ, Աստծոյ ծառան` Գէորգը, որ անիւով ձեր կողմից գլորուեցի եւ սրախողխող լինելով` կտրատուեցի: Ա՛րդ, տեսէք եւ ամաչէք, որովհետեւ իմ Տէր Աստուած Յիսուս Քրիստոսը, ողջացրեց ինձ եւ նորոգեց իմ կտրատուած անդամները: Եւ անհաւատներից շատերը հաւատացին ի Քրիստոս, որովհետեւ տեսել էին նրան մահացած անիւում եւ` կենդանացած:
Թագաւորի հրամանով բոլոր նորադարձ քրիստոնեաներին հանեցին քաղաքից դուրս եւ սպաննեցին: Ս. Գէորգի մասին լսեց նաեւ թագուհին` Ալեքսանդրիան եւ հաւատաց ի Քրիստոս, եկաւ, ընկաւ սուրբի ոտքերը` աղաչելով նրան սովորեցնել ճշմարտութեան հաւատքը:
Ս. Գէորգին գցեցին կրէ հորի մէջ եւ դրեցին նրա վրայ ծանր սայլ: Տիրոջ հրեշտակը պահեց նրան կրի մէջ անվնաս, որտեղ սուրբը թաղուած մնաց երեք օր: Նա դուրս եկաւ կրից` առանց վնասի, ինչի համար շատերը հաւատացին ի Քրիստոս: Այդ բանի մասին լսեց Ալեքսանդրիա թագուհին եւ ուրախութեամբ գոհացաւ Աստծուն իր ի Քրիստոս հաւատի համար: Ս. Գէորգին հագցրեցին երկաթէ կօշիկներ, մեխերով գամեցին դրանք ոտքերին եւ մանացնում էին նրան այսկողմ եւ այնկողմ, իսկ սուրբը չէր դադարում Աստծուն փառք տալուց: Եւ ձայն եղաւ նրան երկնքից, որ ասում էր. «Զօրացի՛ր եւ քաջ եղիր, ծառա՛յ իմ Գէորգ, որովհետեւ Ես քեզ հետ եմ, դու կը լինես յայտնի բոլոր սուրբերին, ամբողջ երկրում»: Որովհետեւ ինչպէս Պետրոսը բոլոր սուրբ առաքեալների գլուխն է, այնպէս էլ Ս. Գէորգը գլուխն է բոլոր մարտիրոսների: Որովհետեւ երկու թագաւորների` Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի եւ եօթանասուն դատաւորների առջեւ եօթ ամիս վկայեց Քրիստոսի աստուածութիւնը եւ երեք անգամ մահացաւ կարծրագոյն տանջանքներից եւ դարձեալ կենդանացաւ եւ յարութիւն առաւ մեռելներից: Չորրորդ մահուամբ կատարելութեան հասաւ եւ հանգեց ի Քրիստոս:
Մինչդեռ դատաւորները նստած էին ատեանում, կային այն տեղում վաղ ժամանակներից մահացած մարդկանց շիրիմներ: Այնժամ ասաց Մագնետիոս դատաւորը. «Ո՜վ Գէորգիէ, կենդանացրու այս մահացածներին, եւ մենք կը հաւատանք քո Աստծուն»: Եւ սուրբը ծնկի գալով` սկսեց աղօթել: Այնժամ շարժուեց այդ տեղը, եւ հողը եռալով` երկրի երես հանեց ինը մարդ` չորս այր, երեք կին եւ երկու երեխայ: Դատաւորները կանչեցին յարուցեալ մարդկանցից մէկին եւ հարցրեցին, թէ քանի տարի է անցել ինչ մահացել էին: Յարուցեալը ասաց.
– Երկու հարիւր տարուց մի քիչ աւել կամ պակաս:
Նրան ասում են.
– Քրիստոս այն ժամանակ արդէն եկե՞լ էր, թէ՞ ոչ:
Մարդը պատասխանեց.
– Ես չէի լսել Քրիստոսի մասին:
Նրան ասում են.
– Ապա ո՞ր աստծուն էիր պաշտում:
Մարդն ասաց.
– Չեմ յիշում:
Նրան ասում են.
– Բաւ է, ասա՛:
Եւ նա ասաց.
– Պիղծ Ապողոնին, որովհետեւ ովքեր նրան են պաշտում, յաւիտենական խաւարի եւ տանջանքների համար են դա անում:
Եւ ովքեր հարցաքննում էին, ամօթից լռեցին: Իսկ Ս. Գէորգը կանչեց իր մօտ յարութիւն առածներին եւ ասաց.
– Հաւատո՞ւմ էք Քրիստոս Աստծուն իմ, որ յարութիւն ձեզ տուեց մեռելներից եւ կենդանացրեց:
Նրանք ասում են.
– Հաւատում ենք քո Աստծուն, քաջ նահատակդ, ծառայ Աստծոյ, որովհետեւ Նա է միայն Աստուած:
Ս. Գէորգը հրամայեց մի քահանայի մկրտել նրանց եւ ուղարկեց Ադամի դրախտը, որ անմահ մնան եւ այն վայելեն մինչեւ Քրիստոսի գալուստը:
Եւ դարձեալ գցեցին սրբին բանտ: Հաւատացեալներից շատերը գալիս էին նրա մօտ, եւ սուրբը մխիթարում էր նրանց, փարատում` իրենց ցաւերը Քրիստոսի անուամբ: Գղերիկոս անունով մի մարդ վարում էր հողը երկու եզներով եւ մինչդեռ աշխատում էր, եզներից մէկը ընկաւ եւ սատկեց: Հողագործը, գալով սուրբ վկայի մօտ, աղաչեց նրան, որ կենդանացնի անասունին:
Սուրբն ասաց.
– Հաւատո՞ւմ ես Քրիստոսին:
Գղերիկոսը պատասխանեց.
– Հաւատո՛ւմ եմ, որ չկայ ուրիշ աստուած բացի Նրանից:
Սուրբն ասաց.
– Թող լինի քեզ ըստ քո հաւատի:
Գղերիկոսը գնաց եւ գտաւ եզին կենդանացած: Այդ բանի մասին լսեց դատաւորը, ուղարկեց դահճին, եւ Գղերիկոսին, սրախողխող անելով, կտրատեցին եւ սպաննեցին:
Շուտով սրբին, հանելով բանտից, տարան ատեան: Նա անվեհեր պատասխան էր տալիս, անարգում էր կուռքերին եւ դաւանում էր Քրիստոս Աստծուն: Դատաւորներից մէկն ասաց. «Գէորգիէ, տեսնո՞ւմ ես այս աթոռները, արդ, աղաչիր քո Աստծուն` տալ դրանց կանաչ տերեւներ, որ իմանանք, թէ որ ազգի ծառից են»: Սուրբը ծնրադրելով աղօթեց Աստծուն, եւ իսկոյն կանաչած եւ տերեւներով գեղազարդուած աթոռները ցոյց տուեցին, թէ ինչ ազգի ծառերից են պատրաստուած: Եւ ամէնքը զարմացած` փառք էին տալիս Աստծուն: Անատոլէ անունով մի զօրապետ իր զօրքով հաւատաց ի Քրիստոս: Եւ ովքեր ընդունում էին քրիստոնէութիւնը, բոլորը սպաննւում էին եւ իրենց արեամբ մկրտւում:
Դատիանոս դատաւորը ասաց Ս. Գէորգին.
– Իմ ձեռքից չես ազատուելու եւ չես ապրելու, եթէ զոհ չմատուցես կուռքերին, քանզի երկու զօրապետերին իրենց զօրքերով դարձրիր քո հաւատքի եւ կործանեցիր նրանց:
Գէորգն ասաց.
– Արի՛, ցոյց տուր քո կուռքերին, որ զոհ մատուցեմ: Այնժամ դատաւորները ուրախացան, աղմուկ բարձրացրեցին եւ ասում էին, թէ Գէորգը համաձայնուեց զոհել կուռքերին, աղաղակելով յայտարարում էին քաղաքի հրապարակում: Եւ ամբողջ քաղաքը գրոհելով ընթանում էր Ապողոնի տաճարը` տեսնելու համար Գէորգի զոհ մատուցելը: Այդ լուրը լսեց Ալեքսանդրիա թագուհին, նա ծեծում էր իրեն, ծուատում իր երեսը, պոկում էր մազերը եւ լալիս էր` մեծապէս ողբալով: Լսեց եւ այրի կինը, որն ունէր անդամալոյծ որդի: Նա վերցրեց իր որդուն եւ նստեց Ապողոնի տաճարը տանող ճանապարհին, որով պիտի անցնէր դատաւորը եւ նրա հետ Գէորգը: Այրի կինը լալիս էր եւ ծեծում էր իրեն: Գէորգը անցնելիս տեսաւ, որ կինը` գիրկն առած մանկանը, լալիս է եւ ասաց նրան. «Շտապեցրու մանկանդ, որ գայ ինձ հետ»: Իսկոյն ամրացան տղայի ազդրերն ու սրունքները եւ, իջնելով մօր գրկից, վազում եւ գնում էր սրբի առաջ բազմախուռն ամբոխում, մինչեւ տաճարի դուռը: Ս. Գէորգը ասաց տղային. «Մտիր եւ ասա բագինին. «Ո՛վ ամենապիղծ, ել արտաքս, առաջի Աստծոյ ծառայի»: Եւ տղան, մտնելով, ասաց այսպէս: Ապողոնի բագինը իսկոյն ընկաւ ու փշրուեց:
Դեւերը, ճիչ բարձրացնելով, աղաղակեցին եւ անյայտացան: Այնժամ բարկացաւ Դատիանոս դատաւորը եւ հրամայեց գլխատել սրբին: Մինչդեռ Ս. Գէորգին տանում էին գլխատման վայր, Ալեքսանդրիա թագուհին հասաւ այդտեղ, ընկաւ Ս. Գէորգի ոտքերը եւ ասաց. «Մի՛ թող ինձ, ծառայ Աստծոյ»: Սուրբը աղաչեց Աստծուն նրա համար, որպէսզի եւ նա վախճանուի Քրիստոսի համար բարի հաւատով: Դատաւորը հրամայեց, որպէսզի եւ թագուհուն սպաննեն: Հասնելով նահատակութեան տեղը` թագուհին տարածեց ձեռքերը երկինք եւ աղաչեց Աստծուն, եւ նախքան դահճի հարուածելը աւանդեց իր հոգին Աստծուն:
Ս. Գէորգը խնդրեց դահիճներին համբերել փոքր-ինչ, որպէսզի աղօթք անի Աստծուն, տարածեց ձեռքերը եւ ասաց. «Աստուած իմ, որ յաւիտեաններից առաջ ես, Քեզ յանձն եղայ ես հաւատովս եւ Քո վրայ յոյսս դրեցի իմ մանկութիւնից: Լսի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տուր շնորհ իմ անուան եւ ոսկորներին, որ ովքեր խնդրեն Քեզ իմ անունով եւ կանչեն ինձ օգնութեան իրենց նեղութիւնների մէջ, Դո՛ւ, Տէ՛ր, հասի՛ր արագապէս եւ փրկի՛ր նրանց որոգայթից: Պահի՛ր ամէն վաստակը եւ նրանց անասուններին եւ կատարի՛ր ի բարի նրանց խնդրուածքները: Իմ հոգին առաջնորդի՛ր Քո փառքի շաւղով` արդարների օթեւանը»: Այնժամ ձայն եղաւ նրան երկնքից եւ ասաց. «Ով որ կը խնդրի հաւատով յանուն քո, կը լինի, եւ կը տամ նրանց ամէն ինչ ըստ իրենց կամքի: Եւ դու արի՛, հանգստացի՛ր անանց ուրախութեան մէջ, որ պատրաստեցիր դու քեզ քո ճգնութեամբ: Եւ կը տամ քեզ զօրութիւն եւ իշխանութիւն բոլոր դեւերի եւ հիւանդութիւնների վրայ, եւ կը դարձնեմ քեզ անուանի բոլոր ազգերի մէջ, մինչեւ որ քո անունից կը հալածուեն դեւերը, եւ կը բուժուեն հիւանդները: Եւ ովքեր կը կատարեն քո յիշատակը եւ կը պատուեն քո նահատակութեան օրը, Ես կ՛օգնեմ նրանց իրենց նեղութիւնների մէջ եւ կը փրկեմ նրանց ամէն վտանգից եւ փորձութիւններից եւ կը պահեմ նրանց ամէն չար պատահարներից»:
Ս. Գէորգը գոհացաւ Աստծուց եւ ասաց դահիճներին. «Ահա կատարէ՛ք դատաւորից ձեզ հրամայուածը»: Եւ նրան գլխատեցին ապրիլի 23-ին (Այժմ Հայ եկեղեցին նշում է Ս. Գէորգի յիշատակի օրը սեպտեմբերի վերջին կիրակի օրը):
Ես` Պասիկրատեսս, Ս. Գէորգի ծառան, ամենեւին չհեռացայ նրանից, այլ սրբի մարտիրոսութեան ժամանակ նրա հետ էի եւ բոլոր նահատակութիւնները իմ աչքերով տեսայ եւ պատասխանները լսեցի, բոլոր հրաշքներին ականատես լինելով` ամէն ինչ ստուգութեամբ գրեցի` ի փառս Քրիստոսի Աստծոյ: Ամէն:
Կը պատմեմ մի ուրիշ հրաշք, որ եղաւ Ս. Գէորգի հետ: Քռանկաց երկրում ապրում էր մի մարդ` արդար, աստուածապաշտ եւ Աստծոյ հանդէպ երկիւղով լեցուն, նոյնպէս նրա կինը բարեպաշտ էր եւ բարի գործերով լի: Երկուսն էլ արդար էին եւ ողորմած, ընթանում էին Տիրոջ օրէնքներով անարատ վարքով, դարմանում էին աղքատներին եւ լիացնում կարօտեալներին: Քանի որ չունէին զաւակ, խնդրեցին դրա համար Աստծուն եւ Ս. Գէորգին ուխտելով, եւ Աստուած տուեց նրանց որդի: Դրա համար ուրախացան նրանք, ծախեցին իրենց ամբողջ ունեցուածքը եւ եկեղեցի կառուցեցին Ս. Գէորգի անունով` հոյակապ եւ վայելուչ: Տաճարի նաւակատիքի օրը խոյեր եւ հորթեր մատաղ արեցին եւ գիշերը պաշտամունքով հսկեցին: Օրհնեցին եկեղեցին, մկրտեցին իրենց որդուն եւ նրա անունը դրեցին Գէորգ: Ամէն տարի Ս. Գէորգի տօնի տարելիցին` ապրիլի 23-ին նշում էին սուրբի տօնը, ուրախացնում էին քահանաներին եւ աղքատներին կերակուրներով եւ ըմպելիքներով, նրանք ուրախանում էին եւ փառք տալիս Աստծուն: Այդպէս անում էին ամէն տարի, Ս. Գէորգ զօրավարի տօնին:
Այդ ժողովրդի եւ ունկռուզաց ազգի միջեւ թշնամութիւն եղաւ, եւ ասպատակելով` թշնամիները շատերի հետ միասին Գէորգ պատանուն գերեվարեցին` մեծ տրտմութիւն պատճառելով նրա ծնողներին: Ս. Գէորգի տօնի օրը աղքատները, հոգեւորականները, ոչ էլ Գէորգի բարեպաշտ ծնողները չէին ուրախանում եւ սուրբ տաճարում տօնախմբութիւն չեղաւ, քանզի Գէորգ պատանին գերութեան մէջ էր, իսկ նրա ծնողները` տրտմութեան եւ սգոյ: Աղքատները եւ քահանաները, որ սրբի տօնին միշտ ուրախանում էին, այն օրը անմխիթար, վարանելով սգի մէջ էին նստած եւ հոգոց էին հանում Գէորգ պատանու համար, թէ ո՞ւր է եւ ի՞նչ պատահեց նրան` իր ծնողների լաւութեան համար:
Այնպէս ստացուեց, որ պատանուն առեւանգող մարդը Ս. Գէորգի տօնի օրը հրամայեց տղային թերմոն եփել (լաւ եռացրած գինի) եւ յետոյ խմել: Մինչդեռ տղան գինի էր եփում, խորասուզուեց մտքերի մէջ եւ լաց էր լինում, թէ` «այսօր մեր եկեղեցու տօնն է ի պատիւ Ս. Գէորգի, իսկ ես այստեղ ծառայութեան մէջ եմ օտար մարդկանց մօտ` գոռոզ, չար եւ խստասիրտ, արիւնարբու եւ գազանաբարոյ ազգի»: Եւ մինչդեռ նա այս բանն էր խորհում եւ փղձկալով լաց լինում, յանկարծակի երեւաց կարմիր մի ձիաւոր եւ նստացրեց իրեն ձիու գաւակին: Դրանից յետոյ չիմացաւ, թէ ինչ եղաւ, բացելով աչքերը` տեսաւ իրեն իրենց եկեղեցու դրան մօտ:
Դրա մասին իմանալով` նրա ծնողները եւ բազում ուրիշ մարդիկ, որ եկան եւ տեսան պատանուն, ուրախացան եւ փառք տուեցին Աստծուն եւ նրա սուրբ վկայ Գէորգին: Հարցրեցին տղային, թէ ինչպէ՞ս ազատուեցիր եւ ինչպէ՞ս եկար: Եւ նա ասաց. «Ոչինչ չգիտեմ, բացի նրանից, որ մինչդեռ ես այսպիսի մտքերով էի, ահա տեսայ կարմիր մի ձիաւոր, որ առաւ ինձ, նստացրեց ձիու գաւակին, եւ միայն դա իմացայ, որ ջրի ճողփիւնն էր գալիս, եւ ես, բացելով աչքերս, ինձ այստեղ տեսայ»: Այնժամ բոլորը հիացած փառք էին տալիս Աստծուն եւ նրա վկային` Ս. Գէորգին, քանի որ վաթսուն օրից աւելի էր ճանապարհը` ծովով եւ ցամաքով, որ մի ակնթարթում, ազատելով բերեց Գէորգ պատանուն իր եկեղեցու դրանը, արագահաս քաջ զօրական Գէորգը:
Ում բարեխօսութեամբ եւ աղօթքներով ողորմի՛ր, Քրիստոս Աստուած, այս գիրը կարդացողին: