Անցնել 20-րդ դարի փորձութիւնների միջով, տեսնել Երկրորդ Համաշխարհային պատերազմի սարսափները: Բայց պահպանել լուսաւորի ձգտումն ու լոյսը: Միայն ուժեղ անհատներին է դա տրուած: Քչերին: Ընտրեալներին:
ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ, «Սփութնիք Արմենիա»
Կեանքի 100-րդ տարին բոլորող գիտնական Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանը այդ ընտրեալներից է, ում հայրենակիցը լինելն արդէն իսկ հպարտանալու առիթ է:
«Լսի՛, գիտե՞ս` Գրիգոր Նարեկացու տաղերն առաջին անգամ ռուսերէն են թարգմանուել: Թարգմանիչը, աւելի ճիշդ` թարգմանչուհին` Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանը, Մատենադարանի աւագ գիտաշխատող է ե՛ւ գիտական իմաստով, ե՛ւ տարիքի», իրեն յայտնի դարձած տեղեկութիւնը փոխանցեց «Սփութնիք Արմենիա» բարեկամ-գործընկեր Նիկոլայ Դաւթեանը` չթաքցնելով յուզմունքը:
Այն փաստը, որ առաջին անգամ, այն էլ ուղղակիօրէն գրաբարից ռուսերէն են թարգմանուել Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերը, որ «Քնիկա մելիզմաթիշեսքիխ փեսնոփենիի անուանմամբ գրքոյկով «BMB փրինթ» հրատարակչութիւնն օրերս է թողարկել, ինքնին նշանակալի իրադարձութիւն է: Ինչպէս էլ նայես` նշանակալի է թէ՛ միջնադարեան հայ գրականութեան մարգարիտ` տաղերի թարգմանութեան եւ ռուսալեզու գիտական ու ընթերցասէր հանրութեանը ներկայացնելու, թէ՛ հայ-ռուսական մշակութային կապերի շղթային մի անզուգական ադամանդ աւելացնելու, թէ՛ զուտ գիտական առումով:
Բայց այն, որ այդ թարգմանութիւնը կեանքի 100-րդ տարին մտած` 99-ամեայ գիտնական Մարգարիտա Յովնանի Դարբինեան-Մելիքեանի շուրջ 10 տարուայ տքնանքի ու պրպտումների արդիւնքն է, մի առանձնայատուկ շուք է հաղորդում այս իրադարձութեանը:
Առասպելների հետ «դու»-ով հաղորդակցուող տիկին Մարգարիտան
Սովորական երեւանեան բնակարան է, անցեալ դարի 60-ականներին վարդագոյն տուֆից կառուցուած հինգյարկանի բազմաբնակարան շէնքում: Սովորակա՞ն: Չէ՛, մեղք գործել կը նշանակի` այդպէս ասելը: Արտաքին պատերը, գուցէ, սովորական են: Բայց տան ներսո՜ւմ…
Թւում է` հազարամեայ մագաղաթների բոյրով է ներծծուած տունը, գրապահարանները, դաշնամուրը, անպաճոյճ հիւրասենեակը, որի կեդրոնում կանգնած մեզ դիմաւորում է տանտիրուհին: Թւում է, թէ տանտիրուհին էլ մագաղաթեայ մի մանրանկարից է իջել` իր մէջ մի ամբողջ Մատենադարան կուտակած, բայց նա նոյնքան իրական է, շօշափելի, իսկ դու երջանկութիւն ունես զրուցել նման լուսաւոր անձնաւորութեան հետ:
Մարդ, որ «դու»-ով է կարող հաղորդակցուել անցեալի մեր մեծերի հետ` Խորենացուց մինչեւ Դրասխանակերտցի, Թովմա Արծրունուց մինչեւ Շապուհ Բագրատունի ու Սիմէոն Լեհացի, Ստեփանոս Օրբէլեանից մինչեւ Նարեկացի:
Մարդ, որ չնայած պատկառելի տարիքին` դեռ Մատենադարանի աւագ գիտաշխատող է եւ հիմա էլ սպասում է իր մէկ ուրիշ խոշոր աշխատանքի` 13-րդ դարի յայտնի հեղինակ, արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբէլեանի (Ստեփանոս Սիւնեցի) «պատմութիւն տանն Սիսական» աշխատութեան ռուսերէն թարգմանութեան, հրատարակութեան պատրաստուող «Իսթորիա տոմա Սիսական» գրքի լոյսընծայմանը…
Միայն գիտական նեղ շրջանակում, այն էլ քչերը գիտեն, որ Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աշխարհակշիռ պոէմի` «Նարեկի» ռուսերէն գեղարուեստական թարգմանութիւնները, որ կատարել են Ն. Կրեպնեովը (1969թ.) եւ յետոյ` Վ. Միկուշեւիչը (1985թ.) հիմնուած են տիկին Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանի եւ իր գործընկերուհի Լենա Խանլարեանի` գրաբարից արուած տողացի թարգմանութեան վրայ: Իսկ արդէն 1988-ին «Արեւելքի մատենագրութեան յուշարձաններ» շարքի շրջանակում լոյս ընծայուեց «Մատեան ողբերգութեան» ռուսերէն թարգմանութեան գիտական ու ամբողջական տարբերակը` գործընկերուհիներ Մ. Դարբինեան-Մելիքեանի եւ Լ. Խանլարեանի թարգմանութեամբ:
«Հայրս հայ կաթոլիկ էր, մայրիկս` լեհուհի կաթոլիկ, պատմում է տիկին Մարգարիտան:- Երկուսն էլ շատ լաւ ռուսերէն գիտէին, հայրս լեհերէն չգիտէր, իսկ մայրիկս չգիտէր հայերէն: Եւ մեր տանը ռուսերէնն էր խօսակցական լեզուն:
«Իսկ գրաբարն այն լեզուն է, որով սկսեցի սովորել հայերէնը: Երբ ասպիրանտուրա ընդունուեցի, խօսում էի միայն ռուսերէն, աշխատում էի Գիտութիւնների ակադեմիայի լեզուի հիմնարկում, որտեղ պաշտպանեցի թեկնածուական թեզը, եւ սկսեցի գրաբար սովորել: Իմ գրաբարի ուսուցիչը Աշոտ Աբրահամեանն է եղել. նա այնքան շատ էր սիրում գրաբարը, այնքան լաւ գիտէր, որ ազատ խօսում էր գրաբարով, ինչպէս, ասենք ես` ռուսերէն էի ազատ խօսում: Հէնց նա էլ ինձ ոգեշնչեց, գրաբարի նկատմամբ մեծ սէր ներշնչեց: Ես գրաբարը շատ աւելի լաւ գիտեմ, քան` ժամանակակից հայերէնը», ծիծաղելով նկատում է վաստակաշատ զրուցակիցս: Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանը թարգմանութիւններ է արել նաեւ` պարսկերէնից, գերմաներէնից, անգլերէնից, ֆրանսերէնից, իտալերէնից, անգամ արաբերէնից:
«Իմ դասախօս Պորշնեւը յորդորում էր, որ պիտի չասէք` այս լեզուն չգիտեմ, պէտք է իմանաք լեզուները: Այնպէս որ, բացի չինարէնից ու ճափոներէնից, բազմաթիւ լեզուներից եմ թարգմանութիւններ արել», ասում է Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանը:
Իսկ վաղը պատերազմ էր…
Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանը նաեւ Բ. Աշխարհամարտի վեթերան է: Ըստ որում, կամաւոր է մեկնել ռազմաճակատ: Ստացուել էր այնպէս, որ 1941-ին Մոսկուայում մանկավարժական հիմնարկն աւարտելն ու պատերազմի սկիզբը գրեթէ համընկան: Վերադառնալով հայրենի եզերք` երիտասարդ, նորաւարտ մանկավարժը աշխատանքային նշանակում ստացաւ Չիբուխլու, ներկայիս Ծովագիւղում:
«Մտածում էի, որ այնտեղ մնամ, իսկ գիւղում ապրողներին անգամ անձնագիր չէր տրւում այն ժամանակ, նոյնիսկ մօտակայ քաղաք գնալու համար թոյլտւութիւն էր պէտք: Մի խօսքով, գրեթէ` ճորտատիրական կարգեր, որոնք հակասում էին գիտութեամբ զբաղուելու իմ ցանկութեանը: Մտածեցի, որ ելքը ռազմաճակատ մեկնելն է: Կամաւոր գրուեցի, վերցրին, յետոյ տեսան բարձրագոյնաւարտ եմ, նորից յետ ուղարկեցին, բայց այնքան դիմում գրեցի, մինչեւ մի օր մեր զինկոմն ասաց, դէ՛ լաւ, որ այդքան շատ ես ուզում, յիմարիկ, գնա՛ պատերազմ…», վերյիշում է տիկին Մարգարիտան:
Որոշ ժամանակ անց լեզուների ու գրաբարի ապագայ մասնագէտն արդէն հրետանաւոր էր` Պաթումի ափամերձ տարածքը թշնամու օդային յարձակումից պաշտպանող 352-րդ զենիթահրթիռային գնդում, ընդ որում, հաշուարկելու բաւականին լուրջ կարողութիւն պահանջող զենիթահրետանային կրակի կառավարման սարքի, ինչպէս հիմա կ՛ասէին` օպերատոր: Եւ, երեւի, էլի Աստծոյ մատը խառն էր այդ ամէնին, որովհետեւ տիկին Մարգարիտան 1920-ին ծնուել է հէնց Պաթումում, երբ ծնողները կարճ ժամանակով այնտեղ էին:
Տիկին Մարգարիտան հասցրել է մասնակցել նաեւ Ճափոնի դէմ պատերազմին, բայց դա մէկ այլ պատմութիւն է, որի մի վկայութիւն-յուշն էլ «Հայրենական պատերազմի շքանշանն» է…
Նարեկացուն հաղորդակցուելու համար գրաբարի իմացութիւնը քիչ է
Թերթում ենք Նարեկացու տաղերը: Ես` վիրթուալ տիրոյթում գտած գրաբարով եւ արդի արեւելահայերէնով, տիկին Մարգարիտան` իր հրաշալի թարգմանութիւնն ամփոփող գրքոյկով: Նա ազնուականական ներողամտութեամբ ժպտում է իմ արտասանութեանը:
«Գիտէք, Նարեկացուն անդրադառնալու, լիարժէք ընկալելու, առաւել եւս` թարգմանելու համար միայն գրաբարի իմացութիւնը քիչ է: Ես գրաբարը, տաղերը ընկալում եմ ըստ իմ մտքում հնչող մեղեդու:
«Թարգմանելիս պէտք է գտնել բառեր, որոնք մեղեդային են հնչում, Նարեկացու կիրառած բաղաձայնոյթին` ալիտերացիային համապատասխան: Քիչ է` ճիշդ թարգմանելը, էական է մեղեդայնութիւնը փոխանցել, այնպէս որ դա գեղեցիկ հնչի», ասում է նա:
Ընդգծում եմ, որ Նարեկացուն անհնար է անդրադառնալ, թարգմանել, եթէ խորապէս չես հաւատում, ինչին նա պատասխանում է:
«Ճիշդն ասած` ես հաւատում եմ Աստծուն: Այնպէս է ստացուել իմ կեանքում, որ ամէն անգամ, երբ ինձ հետ ինչ-որ բան պիտի կատարուէր` թէ՛ լաւ, թէ՛ վատ, կանխազգացում եմ ունեցել: Այն, ինչը սովորաբար ասում ենք` սիրտս վկայեց, ասես մի վերին նախախնամութիւն, մի ձայն ինձ յուշէր, զգուշացնէր ամենակարեւորի մասին», ժպտում է գրաբարեան մարգարիտները ռուսերէն վերամարմնաւորող համեստ գիտնականը:
Ու նրա այդ մի հատիկ նախադասութեան մէջ, թէ` «ճիշդն ասած` հաւատում եմ», զգում ես խորհրդային իշխանութեան առաջին տասնամեակների խտացուած միջավայրը, երբ այդ մի քանի բառն իսկ բաւարար էր, որ խեղուէր մարդու կեանքի ընթացքը: Տիկին Մարգարիտան պատմում է, որ երբ հեռաւոր 1930-ականների կէսերին Գիւմրիում (այն ժամանակ` Լենինական) աւարտել է դպրոցը, լուրջ երկընտրանքի առջեւ է կանգնել` ընտրել երաժշտութի՞ւնը, սիրելի դաշնամո՞ւրը, թէ՞ ուսումը շարունակել այլ ուղղութեամբ: Վստահաբար, նա աշխարհահռչակ դաշնակահարուհի կարող էր դառնալ, բայց ինչպիսի բախտաւորութիւն է, որ Մարգարիտա Դարբինեան-Մելիքեանը ընտրեց մէկ այլ ուղի եւ յանձն առաւ այն առաքելութիւնը, որն անձնուիրաբար շարունակում է իրականացնել:
Ինձ թերեւս մնում է միայն յաւելել, որ «Քնիկա մելիզմաթիչեսքիխ փեսոնփենիի» գրքոյկում ամփոփուած են Նարեկացու տաղերից ու ներբողներից 13 թարգմանութիւն` թարգմանչուհու նախաբանով, եւ որ շատ կարեւոր է` գիտական բացատրութիւններով ու ծանօթագրութիւններով:
Գիրքը հրատարակուել է թոռների աջակցութեամբ: Ափսոս միայն, որ ընդամէնը` 150 օրինակով: Թէպէտ, կարծում ենք, որ այս գիրքը դեռ մէկ անգամ չէ, որ կը վերահրատարակուի: