Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Հերացու Անուան Ոսկէ Յուշամետալ «Եղնիկներ»-ի Բժշկուհուն

$
0
0

Արցախեան պատերազմին իր մասնակցութեան մասին Արմինա Նալբանդեանը խօսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կեանքի կարեւոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմէնիա» բժշկական կեդրոնում, վիրաբուժ է: Երբ գնացինք նրա հետ հարցազրոյցի, հերթապահում էր: Զրոյցը պարբերաբար ընդհատւում էր. բժշկուհին անընդհատ կապի մէջ էր հիւանդների հետ:

Արմինա Նալբանդեանը կամաւոր է մեկնել Արցախ: «Ամուսինս Շահումեանում էր: Երբ հարց դրուեց յետ վերցնել Շահումեանը, վճռեցի ես էլ ամուսնուս հետ գնամ այնտեղ: Ամուսնու` Արտակ Խաչատրեանի հետ սովորել են Մխիթար Հերացու անուան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Պսակադրութիւնը դեկտեմբերին էր, ընդամէնը մի քանի ամիս անց` ապրիլի 17-ին, ամուսինը զոհւում է:

Ամուսնացել են ասպիրանտուրա ընդունուելուց յետոյ` 1992-ին: 1993թ. մարտին Արտակը մեկնել էր Վլատիկավկազ` ձնակոյտի տակ մնացած մարդկանց փրկելու: Վերադառնալուց յետոյ կնոջն ասել էր, թէ քաղաքում պատահաբար հանդիպել է զօրավար Սերգէյ Չալեանին, որն ասել էր` պատրաստւում են յարձակում գործել Շահումեանի վրայ, եւ իրենց բժշիկ է պէտք:

«1993 թուականի ապրիլին ամուսնուս հետ ուղղաթիռով գնացինք Մարտակերտ, հանդիպեցինք Շահէն Մեղրեանին, խօսեցինք նրա հետ: Ասաց, որ բուժսարքաւորումների կարիք կայ: Վերադարձայ Երեւան` այդ սարքերն այնտեղ ուղարկելու համար:

Առողջապահութեան նախարարութեան օգնութեամբ Եղակերում պէտք էր հիմնուէր դաշտային հիւանդանոց, եւս մէկ պահուստային հիւանդանոց` Արտատափում»: Հրամանատար Շահէն Մեղրեանին եւ նրա զինակիցներին Երեւան տանող ուղղաթիռը խփուեց:

«Երբ զանգեցի հարցնելու` եկե՞լ են, թէ՞ ոչ, ինձ խաբեցին, ասացին` դեռ ոչ, չեն եկել: Ասել էին, թէ ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանակերտում, չասացին, որ ուղղաթիռը խփել են», պատմում է Արմինա Նալբանդեանը:

Պատահարի մասին բժշկուհին իմանում է աւելի ուշ:

«Բժիշկ Նորիկը, որ Արտակի հետ Շահումեանում էին լինում, ասաց, որ ուղղաթիռը խփել են, եւ անհրաժեշտ է գնալ մարմինները ճանաչելու»:

Ամուսնու մահուան 40 օրը լրանալուց յետոյ Արմինան որոշեց վերադառնալ Եղակեր` օգնելու վիրաւոր տղաներին:

«1993թ. յուլիսին եկայ Երեւան, հիւանդանոցը տեղափոխեցի»: Չէի՞ք վախենում հարցին` Արմինա Նալբանդեանն արձագանգում է ժպիտով: «Դուք հիմա կարող է դուրս գաք, Աստուած մի արասցէ` ինքնաշարժի պատահար լինի, ծառը ջարդուի… արդէն չգիտեմ` վախ կար, չկա՞ր: Բժիշկ էր պէտք` ես գնացի: Պատերազմը պատերազմ է, երեւի պարզապէս սովորում ես, ինձ համար դարձել էր առօրեայ»: Բժշկուհին պատմում է, որ թեթեւ վնասուածքներին ուշադրութիւն չէին դարձնում, թեթեւ վիրակապւում եւ մեկնում էին դիրքեր:

«Սկսւում էր արիւնահոսութիւն, իջնում էին, դադարեցնում էինք, էլի բարձրանում էին, ջղայնանում էի, նստեցնում, կապում էի, ասում էի` պէտք է մնաս այստեղ եւ վե՛րջ», ժպիտով վերյիշում է բժշկուհին: Պատմում է, որ ճանապարհը փակ լինելու պատճառով դաշտային հիւանդանոցում նոյնիսկ կուրաղիքի վիրահատութիւն են արել: Արմինա Նալբանդեանը զէնք է կրել, բայց երբեք չի կրակել, յիշում է զինակից ընկերներին` բժշկականի ուսանողներին: «Վահիկ Բաղդասարեանը 6-րդ լսարանում էր, զոհուեց աւարտական քննութիւնից մի քանի օր առաջ: Վիրաբուժ Գէորգը, որ հիմա աշխատում է Երեւանի բուժկեդրոններից մէկում, Աբոն արտասահմանում հոգեբուժ է, Սմբատ Ջամալեանը Դանիայում սրտաբան է, Մհերը ռէանիմաթոլոկ, Տիգրան ունէինք, ցաւօք, տեղեկութիւն չունեմ` հիմա որտեղ է», կարօտով յիշում է բժշկուհին: Տխրում է, երբ յիշում է, որ պատերազմը յաղթած զինակիցներն արժանի գնահատականի չարժանացան: Գործընկերները դրուատանքով են խօսում բժշկուհու մասին: Վիրաբուժ Արմէն Աշոտեանն առաջինն ընդգծում է Արմինա Նալբանդեանի բարձր մարդկային յատկանիշները:

«Երկար տարիներ աշխատում եմ Արմինա Ռոբերտովնայի հետ: Նրան մի քանի բառով բնութագրելը դժուար է: Նա անձնուրացութեամբ է նուիրուած իր գործին: Կեանքը չի խնայում հիւանդի համար: Երբ 1998 թուականին պատիւ ունեցայ բժշկուհու հետ ծանօթանալու, առաջինը, որ ինձ ասաց` կարեւոր չէ` լաւ բժիշկ կը դառնաս, թէ ոչ, ասաց` կարեւորը լաւ մարդ լինես… Այս պատգամը միշտ յիշում եմ: Աննկարագրելի բարի է, հոգատար բոլորի` գործընկերների, հարազատների, հիւանդների համար»:

Մեր զրոյցի ընթացքում բժշկուհին անընդհատ ներսուդուրս է անում, երբ լսում իր մասին գործընկերոջ գովասանական խօսքը, ընդհատում է, չի թողնում շարունակել…

Սխրանքներ կատարած մարդկանց մեծարել պարտաւոր ենք:

ԵՊԲՀ ռազմաբժշկական բաժանմունքի ստեղծման 25-ամեակի կապակցութեամբ, «Եղնիկների բժշկուհին»` Արմինա Նալբանդեանն արժանացաւ Հերացու անուան ոսկէ յուշամետալի: Նոյնիսկ մարտի դաշտում` կորցնելով ընկերներին եւ հարազատներին, բժշկի վեհ կոչումով շարունակել է ազնուաբարոյ աշխատանքը` ծառայելով հայրենիքին եւ օրինակ լինելով իւրաքանչիւր ապագայ բժշկի համար:

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles