Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ
Վենետիկի յանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկոյցում (յունիսի 21-22) յոյժ կարեւոր նկատառումներ են ներառուել Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ: Այսօր պարզ դարձաւ, որ հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ Վենետիկի յանձնաժողովի զեկոյցի կապակցութեամբ նամակով դիմել են Հայաստանի իշխանութիւններին, որում ասւում է. «2019 թուականի յուլիսի 15-ին Վենետիկի յանձնաժողովի միայն անդամներին հասանելի եւ ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտօնապէս հասանելիութիւն չունեցող կազմակերպութեան կողմից հրապարակուել է Վենետիկի յանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրութեան Հայաստանին վերաբերող հատուածը… ըստ Վենետիկի յանձնաժողովի կանոնակարգի 8.5 յօդուածի` «Յանձնաժողովի նիստի օրակարգը հաստատւում է նախապէս պատրաստուած նախագծի հիման վրայ, որը կազմւում է անդամների առաջարկներից եւ այն հաստատւում է նիստի սկզբում»:
Նոյն կանոնակարգի 9-րդ յօդուածի համաձայն, «Յանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգուած են որպէս «սահմանափակ» կամ «գաղտնի» եւ դրանով պայմանաւորուած սահմանուած է ժամկէտ, թէ երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիութեան փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մէկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը` 10 տարի անց»:
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը yerkir.am-ի հետ զրոյցում արձագանգելով հասարակական կազմակերպութիւնների յայտարարութեանը` նշեց, որ այն ստորագրած հասարակական կազմակերպութիւնների քայլը զարմանք է յարուցում, քանի որ դրանք այն կազմակերպութիւններն են` «Թրանսփարէնսի ինթերնեշընլ» հակափտածութեան կեդրոն, երեւանի մամուլի ակումբ, հելսինքեան քաղաքացիական խորհրդի Վանաձորի գրասենեակ եւ այլն, որոնք տասնամեակներ հանդէս են եկել իշխանութիւնների թափանցիկ աշխատանքի եւ հաշուետուողականութեան պահանջներով:
– Նախորդ վարչակազմերն այս նոյն կազմակերպութիւնների կողմից բազմիցս քննադատուել են այն բանի համար, որ թափանցիկ չեն աշխատել, հաշուետու չեն եղել, եւ հիմա նրանք ոչ թէ որպէս իրաւապաշտպան, ժողովրդավարութեան պահանջների պաշտպան են հանդէս գալիս, այլ` աւելի շուտ մեղադրողի դերով, «լրտես» փնտռելու: Եւ իշխանութիւններից պահանջում են սկսել հետաքննութիւն կամ վարոյթ` պարզելու, թէ որտեղից է եղել այս փաստաթղթի «արտահոսքը»: Այսինքն խնդիրը տեսնում են ոչ թէ փաստաթղթի բովանդակութեան մէջ` արդեօ՞ք հաւաստի է փաստաթուղթը, արդեօ՞ք այնտեղ շարադրուած փաստերն իրականում գոյութիւն ունեցել են, ի՞նչ պատճառներ, հետեւանքներ ունեն, նրանք պահանջում են պետութիւնից սկսել հետաքննութիւն, թէ ինչպէ՛ս է պարզուել, կամ ի՛նչ է եղել իշխանութեան ինչ-որ մարմինների, պաշտօնեաների, անհատ քաղաքացիների դերակատարութիւնը գոյութիւն ունեցող փաստաթղթի դրսեւորման հարցում: Քննարկումը բովանդակային չէ: Այստեղ ես երկրորդ խնդիրն եմ տեսնում, որ այս հասարակական կազմակերպութիւններն ուղղակի որոշակի պատուէր են կատարում եւ փորձում պետութեան կամ իշխանութեան մարմինների առաջ իբր հասարակական պահանջ դնել կամ ներկայացնել, թէ պիտի գտնուեն մեղաւորներն այս «յանցանքում» եւ պատժուեն:
Անցնենք այս հարցի երկրորդ կողմին. արդեօ՞ք իշխանութիւններն են այս պահանջի հասցէատէրը: Պետական, վերպետական, ինչպէս նաեւ այլ կազմակերպութիւնների փաստաթղթերը եթէ դասակարգւում են, այսինքն ոչ բաց փաստաթուղթ է գնահատւում նրանց կողմից, նրանք են պատասխանատու այդ փաստաթղթի համապատասխան ռեժիմն ապահովելու հարցում: Եւ հիմա եթէ Եւրոպայի խորհրդի Վենետիկի յանձնաժողովի այս փաստաթուղթը դասակարգուել է որպէս սահմանափակ տարածում ունեցող, ուրեմն տարածման սահմանափակութիւնը պէտք է յուզի առաջին հերթին Եւրոպայի խորհրդին, ոչ թէ` Հայաստանի իշխանութիւններին: Այստեղ հարցը շատ լուրջ է, քանի որ գուցէ ինչ-որ եւրոչինովնիկ է դուրս բերել փաստաթուղթը, Հայաստանի իշխանութիւնն ի՞նչ կապ ունի ուրիշ կազմակերպութեան, խորհրդի փաստաթղթի դասակարգուածութեան հետ: Այստեղ յստակ քաղաքական նպատակ կայ, եւ խնդիրը դրւում է ոչ թէ փաստաթղթի բովանդակութեան, այլ, ինչպէս Վանեցեան-Խաչատրեան, Վանեցեան-Փաշինեան հեռախօսազրոյցների գաղտնալսման դէպքում, երբ հասարակութեան ուշադրութիւնը փորձ արուեց շեղել խօսակցութիւնների բովանդակութիւնից` քննարկելով, թէ ինչպէս է գաղտնալսուել: Սա դեռ ներքին հարց էր, բայց հիմա հրապարակայնացուել է Եւրոպայի խորհրդի Վենետիկի յանձնաժողովի փաստաթուղթը, Հայաստանի իշխանութիւններն ի՞նչ կապ ունեն: Մշտական գործելակերպ է` եթէ ինչ-որ բան իշխանութեան քիմքին հաճոյ չէ, ուրեմն փորձում են գտնել հակայեղափոխականներ, նախորդ յանցաւոր վարչակարգի շօշափուկներ, մեղաւորներ, սեւեր, փորձում են գործարկել պատժիչ իրաւապահ համակարգը, որին յստակ ասւում է` վերցրէք, գտէք նրան կամ առնուազն թիրախաւորէք այն խմբին, որին մենք կասկածում են, եւ որը «հակապետական» գործունէութիւն է ծաւալում: Սա այդ շարքից չէ, քանի որ փաստաթղթի իսկութիւնը հաստատուած է: Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակութեանը, ապա առաջին էջում յստակ նշուած էր, որ սա Եւրոպայի խորհրդի Վենետիկ յանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկոյցն է, եւ Հայաստանին վերաբերող հատուածում գրուած է, որ Վենետիկի յանձնաժողովի քարտուղար Մարքերթը յիշեցրել է, որ անցեալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ յեղափոխութիւն` սահմանադրութեան դրոյթների պահպանմամբ:
Իսկ ինչ վերաբերում է վեթինկին կամ անցումային արդարադատութեանը, այդ գործիքը գործարկելուն, ապա յստակ նշւում է Վենետիկի յանձնաժողովի վերաբերմունքը` դրա հետ կապուած: Երկրորդը վերաբերում է ՍԴ-ի դատաւոր Վահէ Գրիգորեանի նամակին, մտավարժանքին, որն իշխանութիւնները փորձում են ներկայացնել որպէս սահմանադրական ճգնաժամ կամ դրա դրսեւորման ձեւ: Եւ այստեղ վերաբերմունքը շատ աւելի խիստ է, եւ ուղղակի ասւում է, որ սա անմիջական վտանգ է ՍԴ-ի անկախութեանը: Յանձնաժողովը լիազօրել է իր նախագահին հետեւել Սահմանադրական դատարանի հետ կապուած իրավիճակի զարգացմանը եւ նպատակայարմարութեան դէպքում հանդէս գալ հրապարակային յայտարարութեամբ:
Սա լուրջ ազդանշան է Հայաստանի իշխանութիւնների համար երկու ուղղութեամբ էլ, որ ձեռնարկուած քայլերը կամ մտադրութիւնները իսկապէս յղի են ծանր հետեւանքներով, որովհետեւ Վենետիկի յանձնաժողովը, որը կոչուած է հետեւելու իրաւական դաշտում Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների կողմից խաղի կանոնների պահպանմանը, յստակ դեղին քարտ է ցոյց տուել իշխանութիւններին` այս երկու ուղղութիւններով դուք սահմաններ էք անցնում եւ, եթէ շարունակէք այս ուղղութեամբ առնուազն յայտարարած քայլերի իրականացումը, կը յայտնուէք խաղից դուրս վիճակում: Ես կարծում եմ, որ իշխանութիւնը պիտի ականջալուր լինի այս ազդանշանին եւ ինչ-որ ձեւով փորձի շտկել, սրբագրել իր կողմից արուող քայլերը: ի դէպ, այսօրուայ իշխանութիւնները ոչ թէ ականջալուր են լինում Վենետիկի յանձնաժողովի դիրքորոշումներին, այն է` չխախտել դատական իշխանութեան անկախութիւնը, դատաւորների գործերին չմիջամտել, նրանց լիազօրութիւնները հարցականի տակ չդնել: Սակայն դատաւոր Դաւիթ Գրիգորեանի, որը Ռոպերթ Քոչարեանի գործով առաջին ատեանի դատաւորն է, աշխատասենեակում խուզարկութիւն է իրականացւում, առգրաւուում է համակարգիչը, ինչը ցոյց է տալիս, որ իշխանութիւնը չի կարողանում լուրջ վերաբերուել իր դերին կամ էլ այնպիսի կարեւոր խաղադրոյք է փորձում կատարել, որից յետ չի կանգնում: Ինձ սա է ամենաշատը մտահոգում, որովհետեւ չեմ հաւատում, թէ Ռոպերթ Քոչարեանի ազատազրկումը կեանքի նպատակ դարձրած այս իշխանութիւնը չի հասկանում, որ ռուսի ասած` «իկրանէ սթոյիոթ սվեզ», եթէ, ի հարկէ, կրկնում եմ, շատ լուրջ խաղադրոյք արուած չէ: Իսկ ո՞րը կարող է լինել խաղադրոյքը, այսինքն` ինչո՞ւ են ամէն գնով գնում Քոչարեանի կալանաւորմանը, նրան ճաղավանդակի յետեւում պահելուն, դատական իշխանութեանը միջամտելուն, ՍԴ-ն «հեծելազօրային գրոհով» վերցնելուն, միայն կարծես թէ մի նպատակով, այն է, ես չեմ ուզում ենթադրութիւն անել, բայց կարծում եմ, որ սրանով փորձում են չէզոքացնել իրենց հետագայ ծրագրերին հասարակութեան հաւանական ընդդիմացող հատուածին, թիրախաւորել հետագայում իրենց քայլերին դիմադրութիւն ցոյց տուող օճախը, այլապէս չեմ հասկանում, երբ գնում ես շատ մեծ ռիսքի, ընդհուպ` Եւրոպայի խորհրդի կողմից սահմանուած խաղի կանոններից դուրս գործ ձեռնարկելու մեղադրանքի տակ մտնելու գնով, երբ միակ նպատակը Քոչարեանին բանտում պահելն է եւ` այնպիսի դատական իշխանութիւն ձեւաւորելը, որ այլեւս այդ խնդիրը չունենաս, կարծում եմ` կշիռքի միւս նժարին համարժէք բան պիտի ունենաս, որ խախտումդ ինչ-որ ձեւով արդարացնի ձեռքբերումդ:
– Եւրոպայի խորհուրդը, Վենետիկի յանձնաժողովը, կարծես, մտահոգուած չեն իրենց` սահմանափակ տարածման համար ընդունուած փաստաթղթի «արտահոսքից» հարցում:
– Ինձ թւում է ինչ-որ բաներ իրենք ձեռնարկում են, պարզապէս այդքան ցաւագին չեն ընդունում, որովհետեւ մտածում են` շատ լաւ փաստաթուղթ է, որում քննարկուած հարցերը գուցէ ծառայողական կամ սահմանափակ շրջանակի մարդկանց պէտք է հասանելի լինէր, բայց եւրոպացիները երբ փաստաթուղթ են հրապարակում, նրանք չեն փորձում ջղագար քայլեր ձեռնարկել եւ թշնամիներ փնտռել, հետախոյզներ եւ լրտեսներ իրենց շարքերում գտնել, ուղղակի ընդունում են, որ փաստաթուղթը եղել է, եւ եթէ ինչ-որ մէկը ծառայողական բացթողում, անփութութիւն, չարամտութիւն է թոյլ տուել, ինքն իր պատիժը զուտ ծառայողական առումով կը ստանայ: Մինչդեռ Հայաստանի իշխանութիւնների դրսեւորած ջղագար արձագանգը, պատուէրով գործող հասարակական կազմակերպութիւնների ջղագարութիւնը ցոյց է տալիս, որ, բացի փաստաթղթի դասակարգուածութեան խախտումից, իրենց համար անցանկալի քաղաքական հետեւանքներ ունի այս հրապարակայնացումը` հեղինակութեան վրայ ազդող: Ստացւում է, որ երբ փորձում էին օրէնսդիր, գործադիր իշխանութիւնները վերցնելուց յետոյ բոլոր ճիշդ եւ սխալ միջոցներով իրենց 100 տոկոս վերահսկողութեան տակ վերցնել դատական իշխանութիւնը, եւրոպացիներն ասում են` տղե՛րք, խաղի կանոնները խախտում էք: Շատ լուրջ դեղին քարտ է ցոյց տրուել Հայաստանի իշխանութիւններին, եւ սրանից է նրանց ջղագար հակազդեցութիւնը:
– Ակնարկեցիք հետեւանքների մասին, ինչի՞ մասին է խօսքը, բարդութիւննե՞ր կը լինեն Եւրոպայից ֆինանսաւորում ստանալու հարցում` կապուած դատաիրաւական բարեփոխումների իրականացման հետ:
– Դաշնակցութեան կողմից հնչեցուած կոչը մէկ անգամ եւս պէտք է հնչեցուի, որովհետեւ այն դիրքորոշումը, թէ` եւրոպացիներն ո՞վ են, որ միջամտեն մեր ներքին գործերին, Եւրոպան ի՞նչ գործ ունի, թէ մենք ի՛նչ ենք անում, ո՛նց ենք անում, մենք մեր տանն իրավիճակ ենք ուզում փոխել, քանի որ դատական իշխանութիւնը մեզ խանգարում է` հասնելու մեր քաղաքական նպատակներին, եւ ոչ ոք իրաւունք չունի մեզ խանգարելու սրա իրականացման հարցում, մանկամիտ եւ անլուրջ մօտեցում է: Եւ Եւրոպայի խորհրդի, Վենետիկի յանձնաժողովի դիրքորոշումը ազդանշան է` եթէ այսպէս շարունակէք, ուղղակի կը խախտէք ձեր պարտաւորութիւնները, դուրս կը դնէք Եւրոպայի խորհրդում ընդունուած խաղի կանոններից, որը կ՛ունենայ յստակ հետեւանքներ: Թէ ինչպիսի՛ հետեւանքներ կը լինեն` պատժամիջոցներ, անդամութեան որոշ սահմանափակումներ, չեմ կարող ասել, բայց որ հետեւանքներ կը լինեն, սա յստակ է: