ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Յուլիսի 14-ին հերթական միջադէպն է տեղի ունեցել վրաց-ազրպէյճանական սահմանի չսահմանազատուած մասում` Դաւիթ Կարեճի 6-րդ դարի քարանձաւային վանական համալիրի մօտ, տեղի բնակիչների եւ ազրպէյճանցի սահմանապահների միջեւ: Վրացական բնակչութեան դժգոհութիւնն էր առաջացրել այն տեղեկութիւնը, որ ազրպէյճանցի սահմանապահները վրացական Ուտապնօ տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին:
Տեղեկութիւն տարածուեց, որ բացատրութիւնների համար Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւն (ԱԳՆ) է կանչուել Վրաստանի դեսպանը: Իր պաշտօնական յայտարարութիւնում Ազրպէյճանի ԱԳՆ-ն կատարուածը «սադրանք» է անուանել, «որն ուղղուած է երկու երկրների միջեւ հակամարտութիւն հրահրելուն»: Պաքուն նաեւ վրացական կողմից պահանջում է հետաքննել միջադէպը:
Մամուլին արդէն հասանելի է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը, որում ասւում է. «Համարում ենք, որ ժամանակին պէտք է շարունակուեն փորձագիտական խմբերի եւ սահմանագծման յանձնաժողովների հանդիպումները, որի համար վրացական կողմը յայտնում է պատրաստակամութիւն: Նման միջադէպերը չեն համապատասխանում մեր երկրների միջեւ առկայ ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւններին»:
Դաւիթ Կարեճիի ժայռափոր վանական համալիրը վրաց-ազրպէյճանական յարաբերութիւնների ամենացաւոտ հարցերից է: Վրաց-ազրպէյճանական սահմանն անցնում է յուշարձանային համալիրի մէջտեղով, իսկ չճշգրտուած սահմանների եւ փոխադարձ անընդունելի պահանջների պայմաններում լարուածութիւնը պարբերաբար աճում է` յաճախ վերածուելով բախումների: Խնդրի շուրջ կրքերը վերջին անգամ բորբոքուել էին 2019 թ. գարնանը: Այդ ժամանակ եւս, ինչպէս բոլոր դէպքերում, վրացական կողմը բարձրաստիճան պաշտօնեաների միջոցով արուած յայտարարութիւններով ձգտեց ամէն կերպ չսրել հարցը եւ բերել այն խաղաղ բանակցութիւնների հարթութիւն: Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար եւ ԱԽ քարտուղար Կիորկի Կախարիան մայիսի 1-ին տեղի ունեցած ԱԽ նիստի աւարտին այդ կապակցութեամբ յայտարարել էր. «վստահ ենք, որ սահմանագծման շրջանակներում ռազմավարական գործընկերների եւ եղբայրական պետութիւնների հետ կը հասնենք այնպիսի համաձայնութեան, որ հաշուի առնուած լինի ինչպէս մշակութային ժառանգութիւնը, այնպէս էլ մեր եկեղեցիների շահը: Ինչ վերաբերում է Դաւիթ Կարեճիին, ի հարկէ, բոլորս գիտենք, որ սա շատ զգայուն նիւթ է: Ի հարկէ, սա մեր ժառանգութիւնն է` յետխորհրդային ժառանգութիւնը, եւ սահմանագծումը պէտք է աւարտենք առաւելագոյնս սեղմ ժամկէտներում»:
Փաստենք, որ, որքան էլ Վրաստանի ղեկավարութիւնը փորձի հարցը դասել բանակցութիւնների արդիւնքում լուծուող խնդիրների շարքը, այդուհանդերձ, խնդիրն իրականում առաւել քան խորն է, եւ վրացական կողմի այն յոյսերը, թէ Ազրպէյճանը սահմանագծման աշխատանքների ընթացքում տեղի կը տայ, հազիւ թէ արդարանան:
Դաւիթ Կարեճիի վանական համալիրի շուրջ ընթացող թէժ պայքարի, վրացիներին նեարդայնացնող ազրպէյճանական կարծր եւ անզիջում կեցուածքի հիմքերում, որքան էլ առաջին հայեացքից տարօրինակ կամ զարմանալի թուայ, ընկած է արցախեան հակամարտութիւնը: Աւելի՛ն. հարցի խորքային ուսումնասիրման արդիւնքում պարզւում է, որ վրացական կողմը Դաւիթ Կարեճիի հարցում դարձել է իր իսկ քայլերի եւ դիրքորոշումների գերին:
Մինչ փակագծերը բացելը` մատնանշենք, թէ ինչո՛ւ է ազրպէյճանական կողմն այդքան անզիջում, եւ միթէ՞ այդքան դժուար է սահմանագծման յանձնաժողովին իրաւունք տալ սահմանագիծն այնպէս անցկացնելու, որի արդիւնքում վրացական հինաւուրց յուշարձանն անցնի իրական տէրերին: Վրացական կողմի համար այս ամէնը ե՛ւ նեարդայնացնող է, եւ՝ զարմանալի, ե՛ւ վրաց լայն հանրութեան համար` անհասկանալի: Իսկ իրականում ամէն ինչ օրինաչափ է, եւ, ինչպէս նշեցինք, հիմնահարցն ուղիղ առնչութիւն ունի արցախեան հակամարտութեան հետ:
Յայտնի է, որ Ազրպէյճանը Դաւիթ Կարեճին եւս պաշտօնապէս համարում է աղուանական մշակոյթի արգասիք (Ազրպէյճանում այն անուանում են Քեշիշտաղ) եւ յուշարձանի նկատմամբ իր յաւակնութիւններում յենւում է այն նոյն կեղծ վարկածների վրայ, որոնց համաձայն, ներկայիս ազրպէյճանական մշակոյթը հնագոյն աղուանականն է, հետեւաբար Ազրպէյճանը բոլոր այն յուշարձանների «իրաւատէրն» է, որոնք աղուանական են: Արդիւնքում Դաւիթ Կարեճիի հարցում զիջումը սոսկ սահմանագծային աշխատանքներում տեղի ունեցող զիջում չի կարող համարուել, ինչն ակնկալում է վրացական կողմը, Դաւիթ Կարեճիի զիջումը նշանակում է «աղուանական ժառանգութիւնից» հրաժարում, ինչի պատճառով կը փլուզուի տասնամեակների կեղծիքի վրայ ստեղծուած մի ամբողջ հայեցակարգ, հիմքից կը սասանուի ազրպէյճանական քարոզչամեքենայի շէնքը, որի վրայ ծախսուել են միլիառաւոր տոլարներ: Այսպիսով, Դաւիթ Կարեճիի հարցում փոխզիջումներն այդքան կործանարար չէին լինի Ազրպէյճանի համար, եթէ չլինէր արցախեան հակամարտութիւնը կամ, աւելի պարզ, Արցախի հանդէպ ազրպէյճանական «պահանջատիրութեան» հիմքում դրուած այն նոյն կեղծիքը, որը շրջանառւում է վրացական հնագոյն համալիրի պարագայում:
Պարզորոշ է, որ Դաւիթ Կարեճիից հրաժարումն ազդարարելու է «աղուանական ժառանգութիւնից» հրաժարուելու մեկնարկը, ինչը տոմինոյի օրէնքով շղթայական եւ ծանր ազդեցութիւն է ունենալու Արցախի հանդէպ ազրպէյճանական նկրտումների վրայ, բացայայտուելու են Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից սեփական հասարակութեանը տասնամեակներով մոլորեցնելու, իսկ միջազգային հանրութեանը կեղծիք մատուցելու փաստերը, որոնք էլ իրենց հերթին ճակատագրական կարող են դառնալ հնարածին հայեցակարգերի միջոցով իշխանութիւնը գերդաստանական բոստանի վերածած Ազրպէյճանի ղեկավարի համար:
Ի՞նչ նկատի ունէինք վերեւում, երբ նշեցինք այն միտքը, որ Դաւիթ Կարեճիի խնդրում վրացական կողմը դարձել է սեփական քայլերի եւ դիրքորոշումների գերին: Վերջերս 1999-2009 թթ. վրացալեզու տպագիր մամուլի ուսումնասիրման շրջանակներում հետազօտեցինք նաեւ արցախեան խնդրի հանդէպ վրաց հասարակական-քաղաքական մտքի դիրքորոշումները եւ փաստական նիւթի վրայ պարզեցինք հետեւեալը.
1.- Վրաց հասարակական-քաղաքական մտքի դիրքորոշումներն արցախեան հիմնահարցի նկատմամբ առանձնակի չեն տարբերւում Վրաստանի պաշտօնական դիրքորոշումներից, որոնք շատ դէպքերում ազրպէյճանամէտ են, լաւագոյն պարագաներում` չէզոք:
2.- Վրաց հասարակական-քաղաքական միտքն արցախեան հիմնահարցի եւ, ընդհանրապէս, տարածաշրջանում հայկական գործօնի մասին խօսելիս գրեթէ չի մատնանշում երկու երկրների` Հայաստանի եւ Վրաստանի, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների` հայերի ու վրացիների, բազմահազարամեայ արմատներ ունեցող ընդհանուր քաղաքակրթական արժէքները, քրիստոնէական ընտանիքի մաս կազմելու հանգամանքը:
3.- Վրաց հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչների շատ փոքր, կարելի է ասել` աննշան հատուածն է մատնանշում այն տնտեսական, ժողովրդագրական եւ քաղաքակրթական վտանգները, որոնք տարածաշրջանում առաջանում են Թուրքիայի եւ Ազրպէյճանի մասնակցութեամբ ձեւաւորուող հորիզոնական առանցքով:
4.- Վրաց հասարակական-քաղաքական միտքն արցախեան հիմնահարցը շատ դէպքերում քննարկել է ջաւախքեան իրադարձութիւնների համապատկերին, ինչից ելնելով էլ արցախեան ազգային-ազատագրական պայքարը, նոյնացուելով Ջաւախքի հիմնահարցի վրացական ընկալումների հետ, դիտուել է որպէս «հայկական անջատողականութեան» կամ «մեծ Հայաստանի ստեղծմանն ուղղուած» դրսեւորում, Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան դէմ իրականացուած գործողութիւն եւ այլն:
5.- Վրաց հասարակական-քաղաքական միտքը, ինչպէս` պետական շատ շրջանակներ, այս կամ այն կերպ կախուածութիւն ունին տարիներով Վրաստան հոսող ազրպէյճանական տնտեսական եւ դրամական դրամագլխից, եւ արցախեան խնդրում նրանց արտայայտած դիրքորոշումները նման դէպքերում պայմանաւորուած են նաեւ այս հանգամանքով:
Ելնելով վերոնշեալ եզրայանգումներից` պէտք է փաստել, որ արցախեան հակամարտութեան խնդրում պաշտպանելով Ազրպէյճանին եւ նրա դիրքորոշումները, աւելի՛ն, հայութեանը մեղադրելով Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան դէմ դուրս գալու եւ այլնի մէջ, վրացական պետական եւ հասարակական շրջանակները կամայ, թէ ակամայ, ուղղակի կամ անուղղակի համաձայնում են նաեւ Ազրպէյճանի այն դիրքորոշման հետ, ըստ որի` Արցախի տարածքում առկայ հայ մշակութային ժառանգութիւնը, այդ թւում` պատմաճարտարապետական յուշարձաններն «աղուանական» են:
Մենք լաւագոյնս հասկանում ենք, որ Վրաստանի պաշտօնական եւ հասարակական դիրքորոշումն արցախեան հիմնահարցի նկատմամբ պայմանաւորուած է նաեւ աբխազական ու հարաւօսական հիմնահարցերի, Ազրպէյճանի հետ բարիդրացիական յարաբերութիւնների առկայութեամբ, Ազրպէյճանի հետ ունեցած տարանցիկ, ուժանիւթային, ֆինանսատնտեսական եւ այլ կապերով, ինչպէս նաեւ` նշեալ ոլորտներում Ազրպէյճանից ունեցած մեծ կախուածութեամբ, երկրի հարաւային երկու խոշոր նահանգներում հոծ կերպով կողք կողքի ապրող հայկական եւ ազրպէյճանական բնակչութեան առկայութեամբ, Ռուսաստանին հակընդդէմ հորիզոնական առանցքի ձեւաւորման եւ ամրացման նկատմամբ իր մեծ հետաքրքրութիւններով եւ այլն: Այստեղ պէտք է հակադարձել վերոնշեալ մի քանի կէտերին` փաստելով, որ Վրաստանը եւ Ազրպէյճանը ունեն խորքային փոխադարձ կախուածութիւն, աւելի՛ն, բոլոր նախադրեալները կան, որպէսզի Վրաստանի կողմից տարածաշրջանային ճիշդ քաղաքականութիւն որդեգրելու պայմաններում այդ կախուածութիւնը դառնայ միակողմանի` ի վնաս Ազրպէյճանի:
Վերոնշեալով հանդերձ, Դաւիթ Կարեճիի խնդիրը ցոյց է տալիս, թէ քրիստոնէական քաղաքակրթութեան համար ինչպիսի՛ աղէտ է իրենից ներկայացնում Ազրպէյճանը, եւ քաղաքական շահերը քաղաքակրթականից վեր դասելու դաժան իրողութիւնից ինչպիսի՛ հարուածներ են ստանում Այսրկովկասի պատմամշակութային հնագոյն արժէքները:
Արցախի նկատմամբ վրացական կողմի ազրպէյճանամէտ դիրքորոշումները, այսպիսով, պումերանկի ազդեցութեամբ հարուածում են վրացական հնագոյն քաղաքակրթական արժէքներին, աւելի «հիմնաւոր» դարձնում ազրպէյճանական պահանջները, վտանգում հոյակերտ յուշարձանների գոյութիւնն ու աղաւաղում դրանց պատմութիւնը:
Այսպիսով, քանի դեռ տարածաշրջանում չկայ հայ-վրացական համատեղ պայքար` ընդդէմ ազրպէյճանական կեղծիքի, ընդդէմ հայկական եւ վրացական քաղաքակրթական հնամենի արժէքների իւրացման, քանի դեռ արժեհամակարգային դաշտում հայ-վրացական խոր համագործակցութիւնը չի ստիպել Ազրպէյճանին` յետ կանգնել իր հիւանդ երեւակայութիւններից, քանի դեռ վրացական իշխանութիւնների մօտ շարունակուելու է գերակայել այն տեսակէտը, ըստ որի, Ազրպէյճանի հետ տնտեսական «իւղալի» յարաբերութիւնները վեր են ամէն ինչից, եզրակացութիւնը մէկն է` Դաւիթ Կարեճիի ցաւոտ խնդիրը երբեք չի լուծուի յօգուտ Վրաստանի: Աւելի՛ն. նման իրավիճակի առկայութիւնը շատ շուտով նորանոր աղէտներ է պատճառելու Վրաստանին:
Դաւիթ Կարեճիի խնդիրը պէտք է դառնայ քաղաքակրթական դաշտում հայ-վրացական բարձր համագործակցութեան հիմնաքարերից մէկը: Այն պէտք է արմատապէս փոխի վրացական պետական եւ հասարակական բոլոր շրջանակների կարծրացած ոչ հայանպաստ դիրքորոշումները` տեղի տալով այն գիտակցութեանը, որ հայ ժողովրդի տասնամեակների պայքարն ընդդէմ ազրպէյճանական կեղծ հայեցակարգերի պայքար է նաեւ յանուն Դաւիթ Կարեճիի, Ազրպէյճանի լծի տակ հեծեծող ժողովուրդների ազատասիրական պայքարին Հայաստանի աջակցութիւնը աջակցութիւն է նաեւ Ազրպէյճանի կողմից բռնազաւթած վրացապատկան շրջաններում` Պելոքանում, Զաքաթալայում եւ Կախում ապրող կամ, աւելի բնորոշիչ բառով ասած, տառապող ինկիլոյներին, եւ այսպէս շարունակ: