Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Տոհմականչի Ղօղանջներ

$
0
0

ՆՈՒԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Արցախի Գրողների եւ լրագրողների միութիւնների անդամ

Գիւղից վերեւ, ծմակի մէջ, հարեւան Առաջաձոր հասցնող կարճ ճամբաբաժանում է իր սրտի աղօթարանը: Ինքը միշտ մտովի այնտեղ  է, չնայած` իրենց բաժանում է մի ամբողջ յաւէրժութիւն: Բայց հէնց այդ աղօթարանում է ինքն իրեն «ծանում» վերյիշելով ապրած լաւ ու վատ օրերը եւ, ասես, հէնց այդտեղ է պատսպարւում  իրեն պատուհասած ցաւերից, աղէտներից:

… Մայրը կաթնապուրով լի պուլիկը ձեռքին  շպապում է որդուն ընդառաջ: Ի՞նչ է այդ պահին յուշել մայրական սիրտը, որ բան ու գործ թողած` կէսօրուայ տապին հասել է ամբողջ գիւղն իր բոլոր թաղամասերով երեւացնող ու այդ իրաւունքով էլ  իրեն սար կարգած  բլրի գագաթը: Եւ հէնց այդտեղ է մայրը հանդիպել հարեւան գիւղի դպրոցից տուն դարձող  որդուն… Դպրոցականն  էլ նստել է խոտերին ու ճաշակել մօր տաք շնչից ջերմութիւնը պահած կաթնապուրը` նրա գոհունակ ու գուրգուրոտ հայեացքի ներքոյ:

Անուանի արձակագիր Լեւոն Ադեանի պատանեկութեան յուշերից մէկն է, բայց եւ` առանձնայատուկ ու խորախորհուրդ, քանզի դարձել է թալիսման գրողի համար, որ նրա  միտքը որքան էլ թեւածի հեռուներում, այնուհանդերձ, իր հանգրուանն ունենայ այդ բարձունքում եւ նրա բացած աննման  տեսարանում, գրելով. «Ես ապրում եմ անցեալի մէջ…»:

Բանաստեղծի յանգով ասած` իւրաքանչիւրիս սիրտը ժամանակի ընթացքում դառնում է յիշատակներով լեցուն իւրօրինակ մի սափոր` ունակ աշխարհը տեղաւորելու: Ինչ խօսք, արուեստագէտի պարագայում անհնար է, որ այդ յիշատակութիւնները նրա գործերում իրենց մէջ պահած թանկ ու անմոռաց սարսուռով նորովի չատաղձուեն ու գեղարուեստական հնարանքի  ուժով ձեռք չմեկնեն ներկային: Եւ հայ գրականութեան մէջ իրենց զաւակների ձեռամբ կերտուած ու դրանով իսկ անսպառ ու անհատնում ներշնչանքի աղբիւր դարձած պատուանուն բնակավայրերին աւելացել է Լեւոն Ադեանի Չլդրան-Հնձախութը: Մէկը միւսին չեն խանգարում, քանզի երկուսն էլ այսօր ապրում   ու շնչում են Սառնատուն սարով, Կաղնախաչ բարձունքով, Բարակ  ջուր գետակով եւ այլ նուիրական վայրերով, որոնք իրենց տիրականութեամբ գրողին մշտապէս պահում են իրենց հայեացքում: Եւ այդ հայեացքի ներքոյ էլ ստեղծած աշխարհը Լեւոն Ադեանը բնակեցրել է իր հերոսներով: Չի վարանել ու գիւղավարի պարզ, միամիտ, յաճախ էլ խեղճութիւնից սայթաքող հերոսներին պատկերել է նաեւ  էութեան յոռի գծերով: Ինքն էլ է իր հերոսներից, իր կեանքն էլ խառնել է նրանց կեանքին, բայց ինքը չէ գլխաւոր հերոսը: Անանցն ու գլխաւորը  իր կերտած Հնձախութն է` ժողովրդական բառ  ու բանի իմաստնութեամբ յառնող տեղանուններով  ու իրական հերոսներով: Իսկ հերոսներից  իւրաքանչիւրն էլ  ահա փակուել է իր մտքերի եօթնակողպէքով: Ու ընթերցողիս համար էլ ոչինչ այնքան խորհրդաւոր չէ, որքան` փակ դուռը, որն ուր որ է կը բացուի հեղինակի միջոցով: Իսկ դա  ամէն անգամ բացւում է անսպասելի ու անակնկալ` իր հետ մէկ այլ դուռ փակելով, ասել է թէ` հեղինակը դեռ ասելիք ունի, սպասելիք ունի  եւ իրեն ուղեկից արեւի ցոյց տուած ճամբան էլ  երկար-երկար է: Եւ ամէն անգամ բացուելով իր ընթերցողի առջեւ` ինքն իրեն սաստում է պահել հէնց նոր երեւացած փակ դուռը, թէ չէ իր առջեւ բոլոր դռները կը գոցուեն: Ու այդ ամէնն էլ դառնում է մի զարմանահրաշ բանալի , որով կարող է իր քնած ու արթմնի երազները ներկայացնել ընթերցողին եւ գրողական ներշնչանքը դարձնել իր շնչառութիւնն ու կեանքի իմաստը:

Տողերիս հեղինակի կարծիքով, այսպէս  է ընկալելի անուանի արձակագիր ու թարգմանիչ  Լեւոն Ադեանի ողջ ստեղծագործութիւնը: Արցախի Չլդրան գիւղում ծնուած մարդը  իր ստեղծագործական ճանապարհի  ոչ միայն սկիզբը, այլեւ ամբողջ ընթացքի շարժիչ ուժ է  կարգել իր ծննդավայրը: Այնքան միաձոյլ է հայրենի գիւղին, որ ոչ միայն նրա շունչն է առել, այլեւ իր կենսագրութիւնը մաս-մաս պահ տուել  այնտեղ ապրողներին, որ քայլքը իր հերոսների հետ լինի իրական: Դրանից էլ  ընթերցողի յոյզ ու մորմոքը աննիւթ, անմարմին  չեն, որքան էլ ռոմանթիք լինեն Ադեանի պատումներն ու գործող անձանց  վարքն ու էութիւնը յաճախ իրավիճակին անյարիր  ու անհասկանալի, եւ որ ընթերցողի մտքում երկար, շատ երկար շարունակուի նոյնքան  անակնկալ վերջաբանը: Յիրաւի, որքան քիչ բան է պէտք մարդու երջանկութեան համար, միաժամանակ, որքան քիչ բան է պէտք  նոյն մարդու կեանքը, ճակատագիրը խեղելու  համար: Իր հերոսների համար ահա այսպիսի դժուարին  ու տրամաթիք իրավիճակ է ստեղծել Լեւոն Ադեանը, ասես` փորձելու նրանց տոկունութիւնը, կամքը, եւ այդ շարքում նաեւ փորձաքար են նաեւ իր խառնուածքին բնորոշ գծերը` իր հերոսներից մէկի լիիրաւ իրաւունքով:

Երկար տարիներ ապրել եւ աշխատել է Պաքւում: Ընթերցողի հետ այսօր էլ շարունակուող զրոյցը սկսել է տասնամեակներ առաջ` հրապարակ հանելով պատմուածքներ, վիպակներ, վէպեր: Հեղինակ է ինքնուրոյն ու թարգմանական երեսուն գրքերի` «Կեանքի ճանապարհին», «Հեռու  լեռներում», «Իմ երկրի մարդիկ», «Աշնանային ցրտեր», «Կորսուած բարտիներ», «Այն հեռաւոր ամրանը», «Տունը գիւղի ծայրին», «Մոռացուած երգը», «Դարձ ի շրջանս իւր», «Հեռացող եզերք», «Իրկնային աղջամուղջ», «Անձրեւից յետոյ», «Թուխ ճայը» եւ այլն:

ԽՍՀՄ, ՌԴ, ՀՀ  եւ  ԱՀ գրողների միութիւնների անդամ է: Գրքերը լոյս են տեսել նաեւ այլ լեզուներով:

Իր կեանքում հազար ու մի փորձութիւն է ճաշակել` ստեղծագործական յաջողութիւններով ու վայրէջքներով, առանց իմանալու, որ մի օր էլ պանդխտութեան ցուպը կ՛առնի ու Պաքուից կը հեռանայ` իր տեսած ու ապրած ցեղասպանութեան անամոք վիշտն ու կսկիծն առած: Անցեալ դարավերջին ազրպէյճանցիների կազմակերպած արիւնոտ Սումկայիթի  շարունակութիւնը դարձած Պաքուի հայկական ջարդերի մասին վաւերագրութիւնը  հրապարակ  է հանել ժամանակ անց: Ու «Հեռացող  եզերք» վէպ դարձած այդ գործում արցախահայերիս արդար պահանջին ի պատասխան` պետականօրէն  հայերի սպանդ իրականացնող բերանն արնոտ մարդակեր ազրպէյճանցուն հակակշիռ, Լեւոն Ադեանը հայ գրողի ազնուականութեամբ պիտի ներկայացնի նաեւ այդ ցեղի ողջախոհներին, որոնք ի պատիւ իրենց, կարողացան իրենց մարդկային էութիւնը պահել անգամ խառնակ, դժոխային ժամանակներում: Հեղինակն անձամբ  շատերին էր ճանաչում երկու «բարիկադներից»: Եւ «Հեռացող եզերքը»  իր ցաւով ու տառապանքով, իր մէջ ամփոփուած հայ երիտասարդի ու ազրպէյճանուհու զարմանահրաշ սիրոյ պատմութեամբ, ասել է թէ` կեանքի յաղթանակով պիտի միանար իր արձակին` հայրենի բնութեան հանդէպ պաշտամունքի   ղօղանջներով հիւսուած մարդկային ճակատագրերի իւրօրինակ պատկերասրահին: Այդ ամէնից յետոյ գրողն առաւել կապուել է իր հայրենիքին, իր անցեալին` նրանց իր համար ապաստան ու հոգեւոր նեցուկ կարգելով: Այնտեղ ինքը անպարտ է, անխոցելի, իր սիրելիներով բնակեցուած աշխարհից է սկսւում գալիքի մեկնակէտը:

«Հեռուից նայողը ինձ չի հասկանայ, իմ սիրտը հեռու լեռներում է միշտ, այնտեղ է հոգիս, ու ես կարօտից գիշեր ու ցերեկ այրւում եմ անծուխ… դարձիր արմատներիդ` որտեղից  գալիս եւ ուր ես գնում…»: Ասենք, որ վէպը վերահրատարակուել է, թարգմանուել է ռուսերէն, յառաջիկայում այն կ՛ունենայ նաեւ անգլերէն տարբերակը:

Լեւոն Ադեանի գունեղ արձակում այսօր համարեա թէ   բոլոր ժանրերն էլ ներկայ են` մանրաքանդակներից մինչեւ պատմուածք, վիպակ ու վէպ: Այս շարքում աննկատ չեն մնում մանրաքանդակները, որոնք քնարական շնչով արարուած արձակ բանաստեղծութիւններ են, եւ իւրատեսակ բանալի` գրողի ժամանակ առաջ լոյս տեսած մի շարք գործեր ընկալելու համար: Նոր ժամանակներում, այսինքն վերջին տարիներին են գրուել ու հանրագումարում են, դասդասում հեղինակի յոյզերը` մէկ անգամ եւս հաստատելով, որ  գրողական հայեացքը սնող գեղագիտական հենքը` կեանքի վայր ի վերումներին հակառակ`  մնացել է նոյնը: Մանրաքանդակներն իրենց նախորդած վիպակներից ու պատմուածքներից, ասել է թէ` մի ամբողջ կեանք ապրելուց յետոյ են գրուել եւ գրողի` ինքն իրեն վերադառնալու յետագիծն են երեւացնում… «Իլեայ Սելուինսկին, տես, ինչ է ասում. եթէ  որեւէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թւում է` ես եմ մեղաւոր… ժամանակները  փոխուել են հիմա… Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժէ` նայած նենգ լեզուն ինչ կը տարածի քո անուան շուրջ. ձիւնն էլ է ճերմակ, բայց աղտոտւում է կեղտոտ ոտքերից»:

Ժամանակ է անցել` փոթորկուն իրադարձութիւններով լի, ու  կեանքի դժուարին դասերն առածի  քննախոյզ հայեացքով է գրողն անցեալն ամփոփում: Անցեալի անուշ պատկերներին, հայրենի գիւղի աննման յուշերին, ցաւօք,  աւելացել են նաեւ  աւերի ու բռնութեան, տան ու օճախի,  հարազատների կորստի անանց ցաւը, Պաքւում, Սումկայիթում, Ազրպէյճանի հայաշատ այլ վայրերում թշնամու կազմակերպած նախճիրին զոհ գնացած ընկերների յիշատակի առջեւ ունեցած մորմոքը, որի համար անցնող օրը մխիթարանք չունի…

Ս. Պեթերպուրկում հանգրուանած   գրողն այսօր էլ շարունակում է ստեղծագործել: Նրա բերած գրականութիւնը հայրենի տան, բնակավայրի, իր հարազատ եզերքի պատմութեան գեղարուեստական ընթերցումն է, տոհմականչի ղօղանջների արձագանգը` ժամանակների հոլովոյթում: Լեւոն Ադեանի ստեղծագործութեան գեղարուեստական արժանիքը պայմանաւորուած է հայրենի եզերքի գեղեցկութեան հեղինակին տեսանելի պատկերով,  դրա եզակիութեան իր ընկալմամբ, հմայքից ապրած իր հիացմամբ: Ուստի, զարմանալի չէ, որ Լեւոն Ադեանի տողը մնացել է իր ծիրում` տարիների ընթացքում  նոր արտայայտչամիջոցներով հորիզոն ընդլայնելով եւ  տոհմականչը նոր ելեւէջներով երեւացնելով: Եւ այս ամէնը դարձել է իր արձակի տարբերանշանը  հայ գրականութեան մէջ:

 

 

 

Ստեփանակերտ

Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>