Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

«Եկէք Ընթերցենք Միասին…»

$
0
0

Հակառակ նիւթաբարոյական լուրջ տագնապներու` հայրենի «Էկոնոմիկա» տնտեսական, հասարակական, կրթամշակութային եւ վերլուծական պարբերականը կը շարունակէ լոյս տեսնել շնորհիւ անոր գլխաւոր խմբագրի` Լուսիա Մեհրաբեանի յարատեւ ճիգերուն ու կարգ մը գիտակից հովանաւորներուն:

Այս եռամսեան մեր ազգային կեանքի տարբեր բնագաւառներու մէջ ուղղորդող, շինիչ եւ միաժամանակ դաստիարակիչ դեր կատարելու առաքելութեան լծուած կը թուի ըլլալ… Այս մասնագիտական բնոյթի յօդուածներու եւ քննարկումներու զուգահեռ, «Էկոնոմիկա»-ն ունի նաեւ ընթերցանութեան նուիրուած յատուկ բաժին մը` «Եկէք ընթերցենք միասին» ընդհանուր խորագրին տակ, ուր կը գրախօսուին ու կը գնահատուին ուշագրաւ ու բովանդակալից գիրքեր: Տեղի անբաւարարութեան պատճառով պարբերականի 35-րդ համարին մէջ ներկայացուած վեց գիրքերէն երկուքը միայն կը հրատարակենք ստորեւ` հաւատալով, որ ասոնք առաւել եւս շահեկան եւ հետաքրքրական կրնան ըլլալ մեր ընթերցողներուն համար:

«Ա.»

Երբ մի քանի գրքեր միաժամանակ ես կարդում, ընթերցանութիւնը մտաւոր լուրջ աշխատանք է դառնում

Երբ որեւէ գիրք էք սկսում կարդալ, փորձէք չբաւարարուել ու չտարուել այդ մէկի ընթերցանութեամբ: Զարմանալի վիճակ է ստեղծւում, մանաւանդ երբ այդ մի քանի գրքերը տարբեր ժամանակաշրջանների են վերաբերում: Դէ, գիրք է` զգացմունքներ, դէպքեր, մարդիկ, միջավայր, կենդանի, բաբախուն կեանք, եթէ անգամ այն մի քանի դար առաջուայ իրականութիւն է պատկերում: Եւ դու միաժամանակ գտնւում ես այդ բոլորի մէջ, տեսնում ես այդ ամէնը, ապրումներ ես ունենում: Հրաշքի նման է: Մի քիչ երազանման վիճակ մը, դու կաս մի տեղ, ինչը, պարզւում է, պատրանք է, բայց շատ իրական են մտքերդ ու յոյզերդ:

Կարծես թէ ամէն գիրք օրուայ իր ժամն ունի: Չեմ կարող քնելուց առաջ կարդալ Արմէն Մարգարեանի «Կարապետը»: Այդ ժամին կարդում եմ Կէօթէի «Բանաստեղծութիւն եւ ճշմարտութիւն» ինքնակենսագրական պատումը: Առաւօտեան է պէտք կարդալ Թոյնպի պատմաբանի «Քաղաքակրթութիւնը պատմութեան դատաստանի առաջ»-ը: Իսկ Օրուէլի «1984»-ը ամբողջովին ազատ մտքով,  շաբաթ, կիրակիի ընթերցանութեան ծանր նիւթ է: «Մանդիլիոնը» կարդալ սկսելով` վայր չես դնի, եթէ միայն ինքդ քեզ չստիպես դադար տալ կարդացածիդ շուրջ մտորելու համար: Նոյն կերպ քեզ կուլ է տալիս նաեւ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը», վայր դնել չես ուզում, նոր տիպի նիւթ է զարգանում, ինչը այսուհետ կարծես փոխելու է Եղեռնի մասին պատումների բովանդակային ու գաղափարական ուղղուածութիւնը, նոր հերոսներ են գլխաւոր դառնալու, եւ այսօրուայ իրականութիւնը գերակշռելու եւ գեղարուեստի  միջոցով պատմա-հոգեբանական վերլուծութեան դաշտում: Արեւմտեան Հայաստանի այսօրուայ քաղաքացին պէտք է ինքնաբացայայտման ու ինքնահաստատման ճամբան համարձակօրէն անցնի:

Վահան Յովհաննիսեան, «Մանդիլիոն»

Երեւան, «Անտարես» հրատարակչութիւն, 2014 թ.

Կայ եւս մէկ գիրք, որը ցնցեց մի քանի առումով: Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոնը»: Գաղափարական հզօր ներուժով, տեթեքթիւի ժանրը որպէս գրաւիչ ընթերցանութեան առաջմղիչ ընտրուած եւ ամենայն գեղարուեստականութեամբ գրուած այս գիրքն ընթերցում ես զուգահեռ ընթացող կորստի զգացումով: Հեղինակին բոլորս ճանաչում էինք որպէս կուսակցական եւ քաղաքական գործիչ: Նրան ընդունում կամ չէինք ընդունում, գովում կամ քննադատում էինք բացարձակապէս իր կուսակցութեան տարածքում: Մինչդեռ, ինչ հզօր գիրք է գրել, վերջապէս գաղափարական ուղիղ եւ արդիական խնդիրներ է համախմբել, նպատակ դարձրել:

Հայոց դարաւոր տառապանքի թեման գրողական միջավայրին անծանօթ մարդկանց աւելի տաղանդաշատ ու ազդեցիկ գործերի հեղինակ է դարձնում, ինչպէս Կարապետ պապի պատմութիւնը անձնական վերապրում դարձրած գործարար Արմէն Մարգարեանի եւ ժողովրդի մի ստուար զանգուածի համար թերեւս ոչ այնքան ընդունելի կուսակցական գործիչ Վահան Յովհաննիսեանի հեղինակած հրաշալի գրքերը: «Մանդիլիոնը» առանձին վերլուծութեան կարիքն ունի, որովհետեւ այն պէտք է խրախուսել կարդալու բոլոր հայ երիտասարդներին, եւ` թարգմանաբար, նաեւ` հարեւան ոչ բարեկամներին ու բարեկամներին: Լաւ է, որ գիրքը գրուել է ռուսերէն, թարգմանուել է նաեւ գերմաներէն: Գուցէ թէ Գերմանիայի Դաշնութիւնում հայոց դեսպանի դերակատարութիւնը կայ Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ Պունտեսթակի վերջապէս ընդունած որոշման առումով: Կարդացող, ուսեալ ժողովուրդ են, թէկուզեւ գիրքը կարդալով կարող էին խորութեամբ ընկալել չարիքի արմատներն ու տեսնել վեր խոյացած կենսունակ սաղարթների թոյնը:

Այսօր հոգեւոր առաջնորդներն են ոտքի կանգնել հոգեւոր արժէքները վերարթնացնելու տագնապով: Հռոմի պապը հանդիպում է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ, Վատիկանում պատարագ են մատուցում Եղեռնի զոհերի հարիւրամեայ յիշատակին, նորայայտ բարբարոս իսլամիստներ են գետին հաւասարեցնում իրենց իսկ կրօնի քարոզած բարոյական արժէքները, աշխարհի հզօրներն են կշեռքի նժարներին դնում կրամ-կրամ շահերը, ինչո՞ւ, ի՞նչ է կրկին պատահել մարդկութեանը, սա ի՞նչ խառնաշփոթ է, եւ ինչո՞ւ չի ստացւում հանգիստ ու ստեղծագործ, գեղեցիկ ու համերաշխ համակեցութիւնը սեփական տանը, թէ հարեւանութեան հետ: Մանդիլիոնը քրիստոնէական հոգեւոր սուրբ մասունք է: Պարզւում է` հոգեւոր մասունքների ոչնչացման ծրագիրն են յղացել հիմա էլ, ֆիզիքապէս ոչնչացնելու ոճրագործութեան տապալումից յետոյ ձեռնարկել են հոգեւոր ոճրագործութեան միջոցով քրիստոնեայ հայութեան ոգու թուլացման եղեռնին: Որոնում են մանդիլիոնը, սուրբ մասունք դաստանակը, օգտագործում են ժամանակակից բոլոր արհեստագիտութիւնները` համացանց, բջջային, գաղտնալսում, հետապնդում… հասնում են մինչեւ Հայաստան, ովքե՞ր… Գորշ գայլերը, որոնք ոչ պակաս եռանդով են լծուել իրենց գործին, քան դարասկզբին դա անում էին ժողովրդասպան թուրք բորենիները:

Ուրեմն, մեզ նետուած է մի նոր մարտահրաւէր: Եւ ի՞նչ: Եւ այն, որ հիմա մենք պետութիւն ունենք եւ պետական լուրջ կառոյցներ, որոնց դէմ դուրս գալը նոյնը չէ, ինչ էր հպատակ ու անզէն ժողովրդին խաբելով սուինահարելը: Աւելի՛ն. այդ պետութիւնը պահանջատէր է ու հատուցմանը հետամուտ: Այդ պետութիւնը բանակ ունի եւ ոգով արի ու կռուելու պատրաստ զինուած զինուոր:

Գրականութեան միջոցով փոխանցուող տեղեկատուութիւնը ոչ միայն փաստական է, այլեւ հոգեւոր, մշակութային, մարդակենտրոն: Քսանմէկերորդ դարում դեռեւս փորձում են կրօնական հակամարտութիւններով անասնական վիճակի հասցնել մարդ արարածին, անկախ այն բանից, թէ նա ուսեալ, թէ անգրագէտ է, հզօր, թէ թշուառ երկրի համայնքում է մտածելակերպ ու ապրելակերպ ձեւաւորել: Բոլոր ժամանակների պատերազմները ալան-թալանի համար էին, հիմա այն ժամանակակից բնորոշում ունի` պիզնես է, աշխատատեղ գործազուրկ մարդակերների համար:

«Սրբութիւն» բառ գոյութիւն ունի մարդու ստեղծած հազարամեակների բառապաշարում: Սրբութիւն եւ մասունք: Եւ այսօր ապրող ու իր հասկացողութեամբ խելամիտ  դարձած մարդակերպ վայրենին ոչնչացման նորայայտ եւ ոչ անխելք ելք է գտել: Հասկացել է, որ մարդու մարմնից առաւել մի ուժ կայ, ինչն անվերջ ծիլ է տալիս, ու սպաննուածների միջից նոր սերունդ է յառնում` որպէս ահ ու սարսափ ոչնչացնողների: Ինչպէս հեքիաթում, երբ այլանդակ թագաւորին յայտնում են, որ ծնուել է այն մանուկը, ով իր վերջը տալու է: Ահա այդ մանուկի դերում նրանք այսօր տեսնում են իրենց հակառակորդ ժողովրդի Սրբութիւնների ուժը: Եւ գայլերը որսի են դուրս գալիս: Խեղճ գիտնականներ, նրանց մտքի յայտնագործութիւնները թռուառապէս կրկին օգտագործւում են մարդկային քաղաքակրթութեան գանձերի ոչնչացման վրայ: Բջջայինին հեռախօսները լսելով, համացանցային գրագրութիւնները որսալով` գայլերը սրբութիւններ են որոնում, միամիտներին իրենց ծուղակը գցում, սպաննելով` առաջ գնում, մինչեւ հասնեն փրկուած ամենավերջին մասունքին ու ի՞նչ անեն` տրորեն, կոխկռտեն, ոչնչացնեն… Եւ, աշխարհը կը լինի իրենցը… Պարզւում է` այդ մասունքները նախորդ սերունդները թաքցրել են թշնամի աչքերից, պահել են ու գիտեն, որ հէնց միայն իրենց լինելով ուժ են տալու նրանց, ովքեր նրա տեղն են ու հաւատում են այդ ուժին:

Յիշո՞ւմ էք հայոց պատմութեան այն զարմանալի դրուագը, երբ պարսիկները իրենց երկիր են տանում հայոց թագաւորների ոսկորները: Եւ պարզ ասում էին, որ այդ քաջազունների ոսկորներից շարունակաբար արձակուող ուժն են իրենցը դարձնում: Բնականաբար` մեզ զրկելով այդ նոյն ուժից:

Երբ գրւում էր «Մանդիլիոնը», երբ բարձրացւում էր մասունքի ոչնչացման չարանենգ նպատակների հարցը, դեռ կանգուն էին Մերձաւոր Արեւելքի բազմաթիւ հնագոյն յուշարձաններ: Դրանք թիրախաւորուեցին ու ոչնչացուեցին: Ոչնչացուեցին նաեւ Ջուղայի խաչքարերը… Զարմանում ենք, թէ ի՞նչ էին արել պատմութեան այդ լուռ ու անզէն վկաները, ու, պարզւում է, որ իսկապէս նրանք սոսկ յուշարձաններ չեն, որոնց պահպանութիւնը յաջորդ սերունդների պատասխանատուութեանն է յանձնւում: Ոգեղէնով լիքն են, իսկապէս հեռուներից եկող ուժի վկաներ են, որոնց ներկայութիւնը շարունակաբար աշխատում է, մէկին ուժեղացնում ու միւսին թուլացնում է: Եւ, պայթեցնում, ջնջում են աշխարհի երեսից, որպէսզի իրենց յետեւից ի սպառ ջնջուեն նաեւ օդում մշտապէս ներկայ ուժի աղբիւրները: Մասունք յուշարձանները ատելի ու վտանգաւոր են դառնում թշնամու կերպարանքի մէջ մտցրած ազգութիւնների ու ժողովուրդների նման: Ահա այսպիսին է նաեւ այսօրուայ, մեր օրերի, ոչ թէ պատմութեան հեռուների աշխարհը: Ու հէնց մեր քթի տակ, մի քիչ ներքեւ, կամ մի քիչ աջ ու ձախ:

«Մանդիլիոնը» միւս գրքերի հետ զուգահեռ ընթերցանութեան ընթացքում շատ աւելի հզօր է դառնում իր ասելիքով: Քրիստոնէական մասունքի փրկութեան տեթեքթիւ պատմութիւնը համամարդկային արժէքների փրկութեան կոչ է դառնում, այն, ինչ Հռոմի պապի ու Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հանդիպման շուրջ քննարկուող հարցադրումներն էին: Մարդկութեան հոգեւոր նուաճումները չեն կարողանում յաղթանակել, մշտական սպառնալիք է մնում աւերող, ոչնչացնող, մարդակործան վայրենի ուժը: Ի՞նչ անել: Եւ միաւորուեցին Ամերիկան ու Ռուսաստանը: Մասունքների, մարդկութեան պատմութեան ողջ ընթացքում ձեռք բերուած բարձունքների ոչնչացման սպառնալիքը համաշխարհային տագնապի է վերաճել: Զէնքը խաղալիք դարձնելով` մարդկութեան Մանդիլիոնը, այսինքն` Աստուածաստեղծ Մարդկութիւնը, ոչնչացնող նոր գազան են գոյացրել: Եւ կապ չունի, թէ այդ գազանը գերմանացին է, թուրքը, թէ վայրենացած մուսլումանը, նրանց բոլորին ինչ-որ մի պահի, ինչ-որ գերազանցութեան նպատակի համար ստեղծում են հզօրները: Մի՞թէ հզօրների առաքելութիւնը սպանդն է, աւերումը: Մի՞թէ մարդկութեան ստեղծած բարիքները ոչնչանալու համար են ստեղծւում:

Սիրիան ամբողջովին աւերեցին, հիմա մարդասիրական կոչուած գումարներ կ՛ուղղեն այն կրկին կառուցելու համար: Եւ կրկին աշխատատեղեր կը ստեղծուեն, նոր բնակչութիւն կը հաւաքուի, նոր երկիր կը կառուցուի: Բայց քանդելու համար կ՛ընտրուի յաջորդը…

Մարկ Արէն, «Այնտեղ, Որտեղ
Ծաղկում Են Վայրի Վարդերը»

Ռուսաստանաբնակ հայազգի Մարկ Արէնը հայոց Եղեռնին անդրադարձել է բոլորովին նոր տեսանկիւնից: Եւ դա սպասելի շրջադարձ է, որովհետեւ անցեալի մասին խօսելով այսօրուայ հերոսների միջոցով` հնարաւոր է այնպիսի շքեղ ցնցում ապահովել, ինչպիսին յաջողուել է Մարկ Արէնին:

Ովքե՞ր են այսօրուայ թուրքերը: Քանի որ նրանք շատ փոքրաթիւ էին, երբ ներխուժեցին ու կարողացան տիրել մեր չքնաղ երկիրը, բնական է, սերունդների արեան բաղադրութիւնը փոխուել է, հէնց իրենք են նպատակադրուած ցեղափոխման աշխատանք կատարել եւ վայրենի ու այլանդակ դէմքերը գեղեցկացրել գեղեցիկ ազգերի հետ բռնի ամուսնութիւններ պարտադրելով: Ատելի բռնութիւնից ծնուած երեխայի ներաշխարհի վերլուծութեան հարցը մի կողմ թողնելով` թուրքական իրականութեան մէկ այլ խորքային ժամանակակից թեմայի յետեւից գնանք: Գրքի եօթանասունամեայ հայատեաց հերոսը բոլորովին պատահականօրէն, դէպքերի, գուցէ թէ, վերին կամեցողութեան դասաւորութեամբ, պարզւում է, որ իր ծնողները հայ են եղել, ովքեր փախել են թուրքերից` վերադարձի խոստում տալով խնամակալ թուրք հարեւաններին: Եօթ տարեկանում իմանալով, որ իր մայրը սպաննուել է խառը ժամանակների կռիւներում, սեփական ենթադրութեամբ մեղաւոր է համարում այդ ապստամբ ու երախտամոռ հայերին ու նրանց հանդէպ լցւում ամբողջ կեանքը թունաւորուած ատելութեամբ:

Եօթանասունամեայ ծերունին պատահաբար օրօրոցային է լսում… փշաքաղւում է, շատ ծանօթ է, մայրն էր այն իր համար երգում, ու այն, ասացին` հայերէն է… Եւ ի՞նչ` ինքը հա՞յ է… կեանքն ի զո՞ւր է անցել, ծերութեան օրօք ինքնաժխտո՞ւմ… Բայց սա շատ քիչ կը լինէր գեղարուեստական ստեղծագործութեան համար: Մարդը ատել է ինքն իրեն, ու հիմա այդ ատող մարդը յայտնւում է հակառակ կողմում, մաշկափոխ է լինում, ցած է գլորւում յաղթող վայրենու պատուանդանից, եւ դեռ ինչպէս էր երազել Բ. Համաշխարհային պատերազմի թոհուբոհին Հայաստան մտնել, ատելի երկիրը գետնին հաւասարեցնել, վստահօրէն` իր երկիրը… զոհուած ծնողների դահիճների հետ նրանց երկիրը ոչնչացնելու երազանքն էր իրեն զինուորական դարձրել ու աստիճաններով բարձրացրել: Հայերին ու Հայաստանը ոչնչացնելու երազանքով էր ապրում այս թուրք բարձրաստիճան զինուորականը:

Ահա քեզ եւ հարիւր տարի առաջուայ դառն իրողութեան ժամանակակից շարունակութիւն: Թող փորփրեն, հարցուփորձ անեն եւ մեզ հետ միասին հատուցում պահանջեն հայութեան հետ այսօր էլ անհաշտ միլիոնաւոր թուրքերը: Որովհետեւ նրանից իւրաքանչիւրը պիտի կասկածի, թէ ինքը իրապէս ո՞վ է… Մենք, որ բնիկներ ենք ու տասնեակ հազարաւոր տարիներ այս հայրենիքի զաւակները, չենք աւելանում, իսկ նրանք մի հարիւրամեակում վեց տասնեակ միլիոն դարձան: Մեր հաշուին է պատկանում այդ միլիոնների գերազանց մասը: Թող բացայայտեն, դուրս գան թաքստոցից, մեզ հետ միասին լինեն պատմութեան դատարանում…

Հեղինակը թեթեւ հումոր է մտցնում այս վշտալի պատմութեան վերջում, իբր ծերուկին յանձնուած նամակը իրականում մէկ այլ մարդու էր հասցէագրուած, այդ ինքը չէ, ում մայրը նամակ խոստովանութիւն է թողել հարեւաններին: Հայատեացութեամբ ապրած ծերուկն արդէն տառապանքների միջով անցած հայի մաշկի մէջ է մտել, նա այլ մարդ է դարձել, այլեւս սպաննելու մոլուցքով տարուած ու գորշ գայլ որդի մեծացրած թուրքը չէ… Նա տառապում է իմաստազրկուած եօթանասուն տարիների համար: Հակառակ ճանապարհը պիտի լինէր իրենը, իմաստալիցը, արժանաւորը:

Մանկութեան թաքստոցից լսուած օրօրոցայինը բաւական էր մարդ դառնալու համար: Շատ մի՛ ատիր, սիրել կայ, ասում է ժողովուրդը: Գրքում թուրքի հանդէպ հայի ատելութիւն չկայ, աւելի՛ն, կայ թուրքի ատելութիւն` մարդասպանների հանդէպ: Ազրպէյճանից մազապուրծ փարիզաբնակ ներգաղթեալ երկու տղամարդիկ իրենք են նզովում իրենց ազգակիցներին ու սահմռկում Սումկայիթում ու Պաքւում տեսած վայրագութիւններից: Նրանք հայ բարեկամների էին փրկել ու նրանց հետ միասին փախել, հեռացել այդ մարդասպան երկրից:

Ժողովուրդները պէտք է միասնական լինեն չարիքի դէմ: Ժողովուրդների թողտուութեամբ ու չարագործ առաջնորդներին հետեւելու արդիւնքում են տեղի ունենում չարիքները: Ուսեալ գերմանական ժողովուրդը, որ դէպի տիեզերք թռչելու ծրագրերի առաջամարտիկներից էր, միայն մէկ դարում երկու համաշխարհային պատերազմ սանձազերծեց, ահաւոր բարբարոսութիւններ հեղինակեց: Հիմա հանդուրժողականութեան քարոզիչ է ու համաշխարհային ժողովրդավար: Ստալինի մերձաւորները, որ հսկայ երկրի ղեկավարներ էին, առանձին-առանձին դողում էին ու իրենց կաշին փրկելու մասին էին մտածում` փոխանակ նրա ձեռքերն ոլորելու եւ օրինական դատաստան տեսնելու: Հիմա Ռուսաստանը արդարութեան համաշխարհային դրօշակակիր պաշտպան է հանդէս գալիս ու շախ ու մատ է անում հակառակորդ հզօրներին: Թուրքերի  անունը խարանով մտաւ պատմութեան մէջ, որովհետեւ մի քանի մարդասպան գործիչների դատապարտելու փոխարէն` ենթարկուեցին նրանց չարանենգ հրամաններին ու մինչեւ այսօր արեան մէջ են ազգովին: Ա՛յ, նրանք դեռ նոյնն են, ապաշխարելուց փախչելով` փորձում են ուժեղ լինելու հին դեղատոմսով ուժեղ լինել:

Իւրաքանչիւր յաջորդ խումբ գրքերը, որոնք պիտի փոխարինեն ընթերցուածներին, նոր մտորումների են մղելու: Նոր աշխարհ ես յայտնագործելու ոչ միայն նրանց իրարից տարբեր բովանդակութիւններում, այլեւ` ինքդ քո մէջ:

Ընթերցողն ինքնայայտնագործման լեցուն մի աշխարհ է կերտում ընթերցանութեան մտախորհուրդ ընթացքում: Սա է, որ գիրքը մարդկութեան լաւագոյն գիւտերի առաջին տեղերում է հաստատապէս պահում:

Իսկ հիմա ընտրենք ընթերցանութեան յաջորդ խումբը եւ միասին անցնենք այդ ճանապարհը: Տեսնենք, թէ ընկալման ինչպիսի նմանութիւններ ու տարբերութիւններ են ի յայտ գալիս մտաւոր այդ աշխատանքի արդիւնքում:

ԼՈՒՍԻԱ ՄԵՀՐԱՊԵԱՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>