Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13232

Մենք Ձեզ Հետ Ենք

$
0
0

ՍԵՐԳԷՅ ԼԵՌՆԱՅԻՆ

Սովորական գիշեր էր, ինչպէս տասնեակ գիշերները` դիրքերում: Հարթագողի ճանապարհը կախուել էր բոցկլտուն ծածկոցի պէս:

Անքնութիւնը վաղուց սովորական էր դարձել: Ազրպէյճանական զինուժն անընդհատ գնդակոծում էր առաջապահ դիրքերը: Դիպուկահարներն առանց աչք թարթելու` հետեւում էին հայ զինուորներին եւ, հնարաւորութեան դէպքում, կրակում:

Գիշերը համեմատաբար անվտանգ էր: Զինուորները կատակում էին, որ ազերիները գիշերը կրակել են աւելի շուտ վախից` վախենալով, որ մեր հետախուզութիւնը կը թափանցի իրենց մօտ: Բայց ամէն դէպքում պէտք էր զգուշ լինել: Առաւել եւս` հիմա, երբ արեւելքում արեւն արդէն ծագել է: Վատ ժամ է:

– 9 ամիս է մնացել ծառայութեանս եւ վերջ` «քաղաքացիական» եմ: Կը քնեմ` ինչքան ուզեմ, եւ ոչ մի հրամանատար չի լինի,- մտածեց ու ժպտաց:

–  Քնած չե՞ս, զինուո՛ր,- հրամանատարի ցածր ձայնը լսեց անմիջապէս կողքին:

–  Ոչ մի կերպ, հրամանատա՛ր,- շշնջաց նա` նահանջող խաւարի մէջ շարունակելով նայել եւ լսել գիշերային ձայները:

Այստեղ` առաջապահ դիրքում, ընդունուած չէ սովորականի պէս հրամանատարին պատիւ տալը:

Մշտական լարուածութիւնն ու զգուշաւորութիւնը իրենց հետքն են թողել փոխյարաբերութիւնների վրայ:

Այնպէս չէ, որ տնավարութիւն է եղել, հրամանատարը մնում է հրամանատար: Բոլորը գիտեն, որ վայրկենական սխալը կարող է կեանք արժենալ:

– Հանգի՞ստ է ամէն ինչ: Ոչինչ չի՞ լսւում:

– Ճիշդ այդպէս: Ինչպէս միշտ:

– Դէ ես առաջ եմ գնում: Քեզ շուտով կը փոխարինեն, –  ուսին թփթփացրեց հրամանատարը եւ կորաւ խաւարի մէջ:

Հրամանատարի հարցում նրա բախտը բերել է: Զինուորները նրան յարգում էին: Նա երբեք չէր բարձրացնում ձայնը եւ կարող էր երկար բացատրել ու ցոյց տալ, թէ ինչպէս պէտք է գործել այս կամ այն իրավիճակում: Զինուորների հերթափոխ է արել, երբ տեսել է, որ չեն կարողանում շարունակել հսկողութիւնը:

Ոչ ոք չգիտէր, թէ երբ է նա քնում: Միշտ ոտքի վրայ էր: Քայլում է, նայում, սթափեցնում:

Ահա եւ հիմա նա լուռ շարժուեց առաջ` դիրքերի ուղղութեամբ եւ ոգեւորում` հերթապահութիւն իրականացնող զինուորներին:

Շուոց… պայթիւն…

Պայթիւնի ալիքը նրան խրամատի խորքը շպրտեց:

Մինչեւ հասկանար, թէ ի՛նչ պէտք է անել, արագ վերցրեց ինքնաձիգը, իջեցրեց ապահովիչը եւ ձգեց փակաղակը:

Նայեց շուրջը:

Աջից բղաւելով վազում էր հրամանատարը: Բայց աղմուկի մէջ հնարաւոր չէր նրան լսել: Արկերը ծածկել էին դիրքը: Դրանցից մէկն ընկել էր կացարանի վրայ: Փառք Աստծոյ, զինուորները հասցրել էին դուրս պրծնել այնտեղից:

Հրամանատարը հանգիստ, ինչպէս զօրավարժութիւնների ժամանակ, հրամայեց.

– Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանէք: Հակառակորդը գրոհելու է: Հատ-հատ էք կրակում: Հրամանատարութեանը հաղորդել այն մասին, որ մենք գնդակոծութեան տակ ենք:

Արկերի պայթիւնները շարունակում էին ողողել մեր դիրքերը: Սարսափելի է:

–  Տէ՛ր Աստուած, պահիր ու պահպանիր:

Հրամանատարը պահը որսալով` խրամատից դուրս նայեց:

–  Գրո՜հ: Ձեր մերը… Կրա՜կ:

Ոտնաձայները չեն լսւում: Ցանկութիւն չկայ խրամատից դուրս գալու: Այստեղ անվտանգ է: Պայթիւններ: Դրանք ծածկւում են ալիքով, հողով: Շուրջը փոշու ամպ է:

Ծխի եւ փոշու միջով նա տեսաւ հրամանատարի դէմքը:

– Առա՜ջ, որդի՛ս: Նրանք գալիս են: Յետոյ կը վախենանք:

– Ես քեզ ի՞նչ որդի: Ընդամէնը ութ տարով ես մեծ ինձանից,- հազիւ էր հասցրել մտածել, երբ հրամանատարի ձեռքը հրեց նրան դէպի խրամախորշ:

Հրասայլերը նա անմիջապէս նկատել էր: Լուսադէմի մշուշի մէջ դրանք մի տեսակ անսովոր էին:

Ամէն ինչ, ասես, ֆիլմ լինէր: բայց ֆիլմ չէր…

– Կրա՜կ: Կրա՜կ:

Պայթիւնների ձայների մէջ նա լսեց ինքնաձիգերի եւ գնդացիրների կրակոցները:

– Ինչո՞ւ իմ ինքնաձիգը չի կրակում,- նա շարունակում էր սեղմել ձգանը, բայց չէր կրակում:

–  Գրողը տանի: Փամփշտակալը դատարկ է:

Երկու րոպէում նա դատարկել էր ամբողջ փամփշտակալը: Մոռացել էր հատ-հատ կրակոցների վրայ դնել:

– Կեցցե՛ս, զինուո՛ր: Ճզմի դրանց,- հրամանատարը մի զինուորի մօտից միւսի մօտ էր վազում` ոգեւորելով նրանց:

Հրասայլերը կրակ էին թափում միաժամանակ: Դիրքերը պայթիւնների տակ էին:

Վայրկենական դադար ու կրկին կրակոցներ:

–  Առա՜ջ, տղե՛րք: Օգնութիւնը հիմա կը հասնի: Կրա՜կ, Կրա՜կ:

Արդէն սարսափելի չէ: Չէ, ստում եմ. սարսափելի է: Բայց նրանց համար աւելի սարսափելի է: Նրանք վախենում են:

Հակառակորդի հետեւազօրն արդէն չի երեւում: Նրանք պառկած են: Հրասայլերի շուրջ պայթիւնների սիւներ են բարձրանում: Ուռա՜: Պատերազմի աստուածները: Հրետանին սկսել է հարուածել թշնամուն:

Թշնամու հրետանին չի լռում, կրակում է մեր դիրքերի վրայ: Հրասայլերը շարունակում են առաջ շարժուել: Գոնէ մէկը ոչնչացրէք:

Նրա մտքերը կարծես կարդացին. հրասայլերից մէկը կորաւ ծխի մէջ:

– Վրիպեց,- նա հազիւ էր մտածել, երբ նկատեց, որ հրասայլի աշտարակը թռել է:

«Ուռա՜» լսուեց խրամատներով մէկ: Եւ, միանալով այդ ձայնին` երկրորդ հրասայլն էլ կանգնեց ու կորաւ ծխի մէջ:

Թշնամին շարունակում էր հարուածել բոլոր զինատեսակներից: Չնայած կորուստներին` առաջ էր շարժւում:

Ինքնաձիգերն ու գնդացիրները տաքացել էին: Հազարաւոր մահաբեր փամփուշտներ թռչում էին թշնամու ուղղութեամբ:

– Առա՜ջ, գնդացրի մօտ, գնդացրորդը զոհուել է,- հրամանատարը գոռաց նրա ականջին եւ զբաղեցրեց իր տեղը:

Ենթարկուելով` զինուորը նետուեց գնդացրի մօտ: Բայց, տեսնելով սպաննուած գնդացրորդին, կանգ առաւ:

–  Վա՜յ,- վախը կրկին գլուխ բարձրացրեց:- Հնարաւոր է ես է՞լ մեռնեմ: Այդ դէպքում ի՞նչ կը լինի հօրս ու մօրս հետ:

–  Զինուոր, մի՛ վախեցիր: Մենք պէտք է կանգնեցնենք թշնամուն: Այլապէս բոլորս կը սպաննուենք: «Տաւա~յ», ցաւդ տանեմ: Լոխ լեաւա իննան,- հրամանատար, հասկանալով զինուորի վիճակը, յայտնուեց նրա կողքին,- Տաւա՜յ, կանգնեցրու նրանց:

Թշնամին նկատելով, որ գնդացիրը լռել է, կրակի ուղղութիւնը փոխեց:

Ստուգելով պահեստատուփը` զինուորը շոյեց ձեռքի գնդացիրը եւ նայեց զոհուած գնդացրորդին:

– Լոխ լեաւա իննան: Ես կը լուծեմ քո վրէժը, եղբա՛յր:

Գնդակներն ուղղուեցին թշնամու վրայ, որ կրկին գրոհել էր:

Գնդացիրը հարուածում էր ուղիղ նրանց դիմաց: Պայթիւնի ալիքը ետ էր շպրտել նրան:

Գլխում ամէն ինչ հանգիստ է:

Ինչ-որ մէկը խփեց նրա ուսին: Զինուորը բացեց աչքերը: Նրա առաջ մէկը գլուխ խոնարհեց:

Տարիքով տղամարդ էր` անթրաշ դէմքով: Տարօրինակ համազգեստ ունէր հագին: Նրանց գնդում նման համազգեստ չկայ:

– Մի՞թէ ազերիները ճեղքել են պաշտպանութիւնը,- մտածեց նա եւ վախեցած նայեց տղամարդու դէմքին: Վերջինս ժպտաց: Այդ ժպիտի մէջ ինչ-որ ծանօթ բան կար: Չի կարող պատահել:

– Արմէն քեռի՞,- անվստահ հարցրեց նա:

– Հա, տղա՛ս, ես եմ,- ժպտաց տղամարդը եւ գրկեց զինուորին:

–  Բայց ինչպէ՞ս: Չէ՞ որ դու 24 տարի առաջ զոհուել ես: Ես է՞լ եմ զոհուել,- սարսափահար մտածեց նա եւ կրկին յիշեց մօրն ու հօրը:

– Ո՛չ, տղա՛ս, դու ողջ ես:

–  Այդ ինչպէ՞ս է, որ դու այստեղ ես:

–  Կանգնի՛ր,- Արմէն քեռին բարձրացրեց նրան,- նայի՛ր ինձ:

Շուրջը բոլոր պայթիւնի ամպ էր բարձրացել, լսւում էր արկերի եւ ռումբերի սուլոցը: Չորս կողմում, խելագարուածի պէս, թափւում էին փամփուշտները: Երեք հրասայլ վառւում էր հէնց խրամատների առաջ: Զինուորներն առանց աւելորդ իրարանցման եւ զարմանալի հանգստութեամբ պաշտպանւում էին: Այնպիսի զգացողութիւն է, որ նրանք նորակոչիկներ չեն, այլ` մի քանի մարտ տեսած տղամարդիկ:

Նա պարզ տեսաւ թշնամուն` անմիջապէս կողքին: Զինուորը զգաց նրանց: Նրանք սարսափում էին:

–  Նայի՛ր:

Նա նայեց ծխի ամպի, փոշու միջով…

Տասնեակ տղամարդիկ` տարօրինակ համազգեստով, քաղաքացիական հագուստով, յոգնած աչքերով, կանգնեցին դիրքերում` զօրակոչուածների կողքին:

Ուխ, այս ե՞րբ է հասցրել հասնել օգնութիւնը:

– Արմէն քեռի, նա… նա, ախր, մեր հարեւանն է: Նա զոհուել է Շուշիի ազատագրման ժամանակ:

–  Այո՛, տղաս: Դա նա է: Բոլորն այստեղ են: Բոլորը եկել են: Բոլորը, որ այն ժամանակ զոհուել են, բոլորն այստեղ են, իրենց որդիների, թոռների կողքին, նրանց կողքին` յանուն որոնց զոհուել են: Քանի դեռ մեզ յիշում էք, մենք ձեզ հետ ենք: Քանի դեռ մեր տղաներն ու աղջիկները ապրում եւ կռւում են յանուն հայրենիքի, մենք ձեզ հետ ենք, չենք մեռնի: Յիշո՞ւմ ես ի՛նչ է ասել Մոնթէն: «Եթէ մենք կորցնենք Արցախը, կը շրջենք մեր պատմութեան վերջին էջը»: Այնտեղ` երկնքում, ես ուզում եմ հպարտանալ քեզանով եւ բոլոր մեր տղաներով, ինչպէս դուք էք հպարտանում մեզանով: Այնպէս որ` ի մարտ: Ոչնչից մի՛ վախեցիր: Ես քեզ հետ եմ, տղա՛ս:

Կրկին պայթիւն…

Զինուորը նետուեց դէպի գնդացիրը: Փամփուշտները կուլ էին տալիս թշնամուն: Իսկ իր կողքին, թիրախային կրակ վարելով, պառկած էր քեռին:

Թշնամին թողեց զոհերին ու վիրաւորներին եւ սկսեց նահանջել: Իսկ խրամատներն արդէն լցուել էին զինուորներով եւ կամաւորներով` տագնապ տալուն պէս:

Լռութիւն է:

Բոլորը, որոնք պատերազմ են տեսել, գիտեն, թէ որքա՛ն թանկ է այդ լռութիւնը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թւում: Ուրախ տագնապային է…

Լռութիւն է:

Նա մի կողմ դրեց գնդացիրը եւ յենուեց հողապատնէշին: Ձեռքերը դողում էին: Ոտքերի տակ գլորւում էին դեռեւս չմարած պարկուճները:

Նա նայեց շուրջը: Ոչ ոք չկար:

Հարեւան խրամախորշի մօտ նստած էր հրամանատարը: Զինուորը մօտեցաւ նրան:

Հրամանատարը ծերացել էր ուղիղ 20 տարով:

– Ապրենք բոլորս: Հպարտանում եմ ձեզանով:

– Պարո՛ն հրամանատար… ուզում եմ ասել… ես տեսել եմ… տեսել եմ:

Հրամանատարն անհասկանալի հայեացքով նայեց նրան: Գրկեց:

– Գիտեմ: Մենք բոլորս տեսել ենք… Զոհուած հայրս էլ էր կռւում ինձ հետ…

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13232

Trending Articles