ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Ապրիլեան քառօրեայ պատերազմի արձագանգներն իրապէս անլռելի են մեզնից իւրաքանչիւրի սրտում, թէկուզ արդէն երեք տարի է, ինչ լռել են հրթիռահրետանային համազարկերն Արցախի Հանրապետութեան արեւելեան սահմանի ողջ երկայնքում, կամ, ռազմական ամփոփագրերի ոճով ասած, արցախա-ազրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գօտում: Ի հարկէ, տակաւին չեն լռել սովորական հրաձգային զինատեսակների կրակոցները, որոնց մենք կարծես թէ ընտելացել ենք 1994-ի հրադադարին յաջորդած առանց բացառութեան բոլոր տարիներին` դրանք ընդունելով որպէս անխուսափելի երեւոյթ մեր կեանքում եւ առանձնապէս մարտական հերթապահութիւն իրականացնող մեր դիրքապահների առօրեայում` որպէս Ազրպէյճանի ծայրայեղ թշնամական պահուածքի արտայայտութիւն:
Բայց, քանի որ օրերս Վիեննայում կայացած Փաշինեան-Ալիեւ առաջին պաշտօնական հանդիպումը դարձեալ ոչ մի սփոփիչ արդիւնք չի արձանագրել, յամենայն դէպս, դատելով ըստ հասանելի տեղեկատուութիւնից, ուստի, կարելի է ենթադրել` կրակոցները նուազ, թէ աւելի չափաքանակով այսուհետեւ շարունակուելու են շփման գծում ցանկացած պահի` կոյր գնդակի տրամաբանութեամբ վտանգելով երիտասարդ դիրքապահների կեանքը: Վտանգն այդ առաւել եւս ահագնանում է նրանով, որ այդ բանակցութիւններում կարծես թէ օրակարգից հանուել էր Վիեննայում, ապա եւ Ս. Փեթերսպուրկում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարման խնդիրը: Բանակցող կողմերն արդեօ՞ք երբեւէ առաջիկայում կ՛անդրադառնան այդ խնդրին` դժուար է ասել: Երեւի թէ` քիչ հաւանական է, եթէ չասենք` ոչ:
Անշուշտ Պաքուն գերադասում է մշտապէս սրել լարուածութիւնը շփման գծում` այն կիրառելով որպէս ազդեցիկ միջոց բանակցային գործընթացում թէ՛ հայկական կողմի եւ թէ՛ միջազգային միջնորդների վրայ ճնշում գործադրելու համար: Այս առումով, ինչ խօսք, յատկանշական են Պաքուի կողմից հայկական դիրքերի ուղղութեամբ հրաձգութեան պարբերական սաստկացումները, նոյն այդ դիրքերի մերձակայքում ռազմական, ընդ որում` յարձակողական բնոյթի խոշորածաւալ վարժանքների անցկացումը, մանաւանդ բանակցութիւնների հերթական մեկնարկի եւ կամ համանախագահների, ինչպէս նաեւ միջազգային բարձր ատեանների ղեկավարների այցերի նախաշեմին եւ կամ նոյն այդ օրերին:
Երեւի թէ աւելորդ է մէկ անգամ եւս յատկանշել Պաքուի ռազմաշունչ հռետորաբանութիւնը ղարաբաղեան թնճուկն ուժի կիրառմամբ լուծելու պատրաստակամութեան մասին: Նման յայտարարութիւններն առաւել յաճախակի են դարձել առանձնապէս 2016-ի ապրիլեան պատերազմից յետոյ, որը Իլհամ Ալիեւի եւ նրա մերձաւոր շրջապատի քաղաքական ու ռազմական գործիչների անհիմն, սնանկ պնդմամբ, իւրօրինակ դաս էր հայկական կողմի համար: Աւելի՛ն. ապրիլեան քառօրեան Պաքուն ներկայացնում է որպէս ազրպէյճանական զինուժի «պատմական յաղթանակ» 1994-ի հրադադարից յետոյ, որի արդիւնքում իբր թէ ազատագրուել է աւելի քան 2 հազար հեկտար տարածք, գրաւուել են թշնամու ռազմավարական նշանակութեան մի ամբողջ շարք դիրքեր` ինչպէս հիւսիսում, նոյնպէս եւ հարաւում: Ընդ որում` հիւսիսում շեշտւում են Թալիշ գիւղի մերձակայ մի քանի դիրքերը, իսկ հարաւում` ազատագրուած նախկին Ջաբրայիլ շրջկենտրոնից, ներկայիս Մեխակաւանից ոչ այնքան հեռու գտնուող Լալա-Թափա բարձունքը եւ չէզոք գօտում ծուարած Չոճուխ-Մարճանլի անմարդաբնակ գիւղը, որոնք ազրպէյճանական զինուժը կարողացել էր վերահսկողութեան տակ առնել յարձակման առաջին իսկ օրը:
Ընդամէնն այս է ազրպէյճանական զօրքերի, այսպէս կոչուած, «պատմական յաղթանակի» ողջ ծաւալը, որն իր պարագծերով յիշեցնում է հին հայկական առածը` «Լեռը մուկ ծնեց»: Եւ իրօք, այն վիթխարի զինուժը, որ ապրիլի լոյս 2-ի գիշերը Պաքուն մարտադաշտ էր նետել, պէտք էր որ, համաձայն յանկարծակի յարձակման, այսպէս կոչուած, «պլից-քրիկի» տրամաբանութեան, շատ աւելիին հասնէր: Բաւական է ասել, որ ազրպէյճանական բանակն առաջին իսկ օրուանից գործի էր դրել իր սպառազինութեան գրեթէ ողջ պաշարը` «Սմերչ», «Կրատ», «Սփայք» հրթիռային կայանքներ, տարբեր տրամաչափի հրետանի, հետախուզական եւ հարուածային բնոյթի թռչող անօդաչու սարքեր, արդիական այլ զինատեսակներ: Տեղական, այսինքն` ազրպէյճանցի մասնագէտների բացակայութեան կամ, մեղմ ասած, պակասի պատճառով դրանք կառավարւում էին մատակարար երկրների մասնագէտների անմիջական մասնակցութեամբ: Մասնաւորապէս անօդաչու թռչող սարքերն ուղղորդում էին իսրայէլցի մասնագէտները, ինչը հետագայում պարզուեց Թել Աւիւում այդ կապակցութեամբ ծագած քաղաքական աղմուկի արդիւնքում: Գումարած դրան` հսկայական կենդանի ուժը, որը համալրուած էր յատուկ նշանակութեան առանձին գունդով, «իսլամական պետութիւն» կոչեցեալ ահաբեկչական կազմաւորման շարքերում ծառայած թուրք եւ ազրպէյճանցի բազմաթիւ հրոսակներով:
Ինչպէս օրերս իր մի հարցազրոյցում նշել է ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, զօրավար-հազարապետ Վիտալի Բալասանեանը, ով առանցքային դեր է կատարել ռազմաճակատի կենտրոնական հատուածում հակառակորդի զինատեսակների ոչնչացման գործում, միայն Ակնայի ուղղութեամբ հակառակորդի կողմից մասնակցում էին շուրջ 229 հրասայլ եւ այլ զրահամեքենաներ: Սակայն, ինչպէս ցոյց տուեց մարտական գործողութիւնների հետագայ ընթացքը, կենդանի ուժի ու սպառազինութեան այդ անչափելի քանակութիւնը փաստօրէն անզօր գտնուեց հայ զինուորի ու սպայի հոգու ու սրտի կանչով դիրքերում նրանց օգնութեան հասած կամաւորական աշխարհազօրայինների աննկուն կամքի, անձնուէր խիզախութեան ու հերոսականութեան, հայկական ռազմարուեստի փայլուն դրսեւորումների առջեւ: Մասնաւորապէս խօսելով ռազմաճակատի կենտրոնական ուղղութեամբ ձեռնարկուած հակամիջոցների մասին` Վիտալի Բալասանեանը նոյն հրապարակման մէջ վկայում է հետեւեալը. «Հակառակորդի այդ շարժը կասեցնելու համար մեր կողմից որոշում է կայացուել, որ 15-17 քմ խորութեամբ խոցում իրականացնենք, եւ մեր հրետանին գերազանց կատարել է այդ խնդիրը` կասեցնելով երկու օր անընդմէջ հակառակորդի առաջխաղացման փորձերը: Յստակ տեղեկութիւն ունենք նաեւ, որ մեր հրետակոծութեան արդիւնքում սպաննուել է թշնամու գնդի հրամանատարը»:
Հանդիպելով հայկական կողմի յամառ եւ ուժեղ դիմադրութեանը, վախենալով հետագայ զարգացումներից, առաւել եւս` հաշուի առնելով, որ Արցախի ՊԲ-ն արդէն յարձակման գործողութիւնների է պատրաստւում, ապրիլի 4-ին Պաքուն դիմեց Մոսկուային` խնդրելով Ռուսաստանի ղեկավարութեան միջնորդութիւնը: Յաջորդ օրը, ինչպէս յայտնի է, Մոսկուայում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ազրպէյճանի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետերի հանդիպումը: Կնքուեց զինադադարի պայմանագիրը, թէկուզ այն որոշիչ չդարձաւ մարտական գործողութիւնների վերջնական դադարեցման համար: Դրանք ընդհատումներով տեւեցին ամբողջ ամսուայ ընթացքում ու շարունակուեցին մինչեւ մայիսի կէսերը, ընդ որում` ազրպէյճանական կողմի թոյլ տուած խախտումների պատճառով: Հայկական կողմը մինչ այդ հասցրել էր յետ գրաւել պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերի մի զգալի մասը, բայց` ոչ աւելին, թէկուզ ակնյայտ առկայ էր դրա հնարաւորութիւնը: Բայց արդէն հնչել էր մարտերը դադարեցնելու հրամանը, եւ ՊԲ-ն ստիպուած էր չշարունակել սկիզբ առած հակայարձակ առաջխաղացումը:
Թւում էր, թէ պատերազմի կանոններով, երբ հակամարտ կողմերը պայման են կապում մարտական գործողութիւնները դադարեցնելու մասին, Մոսկուայի հանդիպմանը պէտք էր, որ համաձայնութիւն կայացուէր կողմերի զօրքերը ելման դիրքեր յետքաշելու վերաբերեալ: Սակայն անհասկանալի պատճառով դա տեղի չունեցաւ, ինչի արդիւնքում յանկարծակի յարձակման առաջին օրն ազրպէյճանական զինուժի գրաւած հայկական դիրքերը մնացին հակառակորդի վերահսկողութեան տակ, ինչը հետագայում Պաքուն սկսեց թմբկահարել եւ առ այսօր ճոռոմաբանում է որպէս յաղթանակ` հայկական զինուժի նկատմամբ: Այս իրողութիւնը, կամայ թէ ակամայ, այն հետեւութեանն է յանգեցնում, որ, ըստ երեւոյթին, ի սկզբանէ էր բանը: Իսկ բանն այն է, որ ղարաբաղեան առաջին պատերազմում խայտառակ պարտութեան մատնուած Ազրպէյճանին նոյնպէս յաղթողի դափնեպսակ տրամադրելու խնդիր կար` բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի` որպէս հաւասարը հաւասարի հետ բանակցելու առերեւոյթ տեսլական ստեղծելու համար: Այն, ինչ փաստօրէն կատարուեց Մոսկուայի հանդիպմանը, ըստ իս, հայկական կողմի համար միանգամայն ոչ ձեռնտու պայմանաւորուածութիւնների տեսքով: Արդիւնքում, բնականաբար, յաղթողի դափնեպսակ շնորհուեց նաեւ Իլհամ Ալիեւին, ինչը նա ահա երեք տարի ի վեր օգտագործում է: Թէկուզ թէ՛ նա եւ թէ՛ նրա մերձաւոր շրջապատը‚ մանաւանդ` զինուորական հրամանատարութիւնը‚ քաջ գիտակցում են‚ որ եթէ ապրիլի 4-ին փութաջան չաղերսէին Մոսկուայի միջամտութիւնը, եւ վերջինս չյորդորէր Երեւանին‚ ապա հազիւ թէ այդպէս շուտափոյթ հրադադար հաստատուէր‚ եւ արցախեան զօրամիաւորումները կը խորանային նրա թիկունքային տարածքները‚ այո՛‚ հէնց այսպէս` ազրպէյճանական գերութիւնից ազատագրելով հիւսիսային Արցախի հայոց պատմական տարածքները: Առաւել եւս, որ չնայած պաշտօնական Պաքուի այն հաղորդագրութեանը, թէ պատերազմի օրերին զոհուել է ընդամէնը 31 ազրպէյճանցի զինծառայող, սակայն հետագայում գաղտնազերծուած եւ լայն հանրութեան սեփականութիւն դարձած փաստաթղթերից յայտնի դարձաւ, որ այդ թիւը շուրջ քսան անգամ զիջում է զոհերի իրական ցուցանիշին: Աւելի՛ն. ՊԲ հուժկու հարուածների արդիւնքում գլխովին ոչնչացուել է Ազրպէյճանի զինուժի յատուկ նշանակութեան մի ամբողջ գունդ, որի պատրաստմանը Թուրքիայում եւ Ազրպէյճանի տարածքում մասնակցել են թուրք զինուորական հրահանգիչները:
Այնուամենայնիւ, մոսկովեան հանդիպմանը կատարուել է այն, ինչ կատարուել է, ընդ որում` պայմանաւորուածութիւնները կայացել են ոչ հայկական կողմերի, ի մասնաւորի` Արցախի օգտին: Խոստովանենք, որ ազրպէյճանական զօրքերի վերահսկողութեան տակ անցած արցախեան տարածքները, մանաւանդ` դիրքերը, իրօք, ռազմավարական նշանակութիւն ունեն շփման գծի թէ՛ հիւսիսային եւ թէ՛ հարաւային հատուածներում: Յամենայն դէպս այդ դիրքերից ազրպէյճանական զինուժն ակնդէտ վերահսկում է հայկական կողմի ցանկացած տեղաշարժ` ռազմական, թէ հանրային-քաղաքացիական, խոչընդոտելով ինչպէս լիարժէք անվտանգութեան ապահովմանը, նոյնպէս եւ` տնտեսվարման ու ժողովրդագրական գործընթացներին:
Միւս կողմից, չգիտես` ինչո՞ւ, Արցախի անվտանգութեան ապահովումը մինչեւ ապրիլեան պատերազմը եւ հետագայում եւս կառուցուած էր եւ է սոսկ պաշտպանական հայեցակարգի հիման վրայ` անուշադրութեան մատնելով անհրաժեշտութեան դէպքում հակայարձակողական գործողութիւնների ռազմավարութիւնը: Մինչեւ ե՞րբ մենք պէտք է եւ կարող ենք գործել «Հռոմի պապից առաւել կաթոլիկ» սկզբունքով` միակողմանիօրէն ճշդապահ հաւատարիմ մնալով բանակցային գործընթացում ձեռք բերուած գրաւոր թէ բանաւոր պայմանաւորուածութիւններին: Արդեօ՞ք չափից դուրս միամիտ ու անհարկի անփոյթ չենք` մտածելով, որ բացարձակապէս պաշտպանութեամբ կարող ենք հասնել վերջնական խաղաղութեան, աւելի՛ն, մեր հիմնահարցի վերջնական եւ արդարացի լուծման: Ինչո՞ւ չէ, եկէք, մի բան էլ մեր թշնամուց սովորենք. պարբերական հարուածներով ինքներս մեր հերթին մշտապէս նեղը գցենք նրան` հասկացնելով, թէ, ռուսական արտայայտութեան ասած, «որտեղ են ձմեռում խեցգետինները»: Այլապէս, մշտապէս պաշտպանութեան անցնելով` մենք թոյլի տպաւորութիւն ենք թողնում Պաքուի աչքին, ինչը հետզհետէ է՛լ աւելի է լկտիացնում մեր թշնամուն` խթանելով ու մղելով նոր ոտնձգութիւնների մեր երկրի ու ժողովրդի անվտանգութեան նկատմամբ:
Ի վերջոյ, ապրիլեան պատերազմի մարտերում մենք այդ օրերին անհամաչափ թուով զոհեր ենք տուել` 110 հոգի, քաջ ու հերոս տղաներ, որոնք արցախեան առաջին պատերազմի մասնակիցների օրինակով չխնայեցին իրենց կեանքը հայրենի հողն արժանավայել պաշտպանելու, իրենց հարազատների, մեր ողջ ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու համար: Մենք այսօր խոնարհւում ենք նրանց բոլորի սուրբ յիշատակի առաջ: Մենք քնած, թէ արթմնի կիսւում ենք նրանց հետ, մտովի խօսում ամէն ինչի մասին` խուսափելով սակայն պատասխանել մեզ ուղղուած գլխաւոր հարցին` մինչեւ ե՞րբ պէտք է այդպէս անպատիժ թողնենք յանդուգն անարգ թշնամուն:
«Ապառաժ»