Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13232

«Ապառաժ»-ի Խմբագրական. Դարձ Ի Շրջանս Իւր

$
0
0

ԵԱՀԿ Մինսքի խմբի հովանու ներքոյ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցաւ Փաշինեան-Ալիեւ պաշտօնական հանդիպումը: Վիեննայի 2019-ի հանդիպումից յետոյ եռանախագահները եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարները իրենց համատեղ յայտարարութիւնը հրապարակեցին, որի մէջ որեւէ նորութիւն չէր նշմարւում, բացի մարդասիրական ուղղութեամբ տարուող աշխատանքներին վերաբերող կէտից, այն էլ` յայտնի չէ, թէ ո՛ր կողմին էր ուղղուած, ինչպէս եւ` մինչ այժմ:

Առիթ չունենք կասկածելու, որ Վիեննայում Փաշինեանի կողմից չեն բարձրացուել մարտի 12-ին Արցախում կայացած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում քննարկուած հարցերը: Սակայն Փաշինեանը Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վեր հանեց մի պարկ հարցեր, որոնք մեկնաբանութեան կարիք են զգում: Իսկ Ալիեւի հիմնական մեկնաբանութիւնը մէկն էր` բանակցութիւնների ձեւաչափը չի փոխուելու:

11 ամիս առաջ, 2018 թուականի մայիսին Նիկոլ Փաշինեանը Ստեփանակերտում յայտարարեց, որ Արցախի իշխանութիւնները պէտք է մասնակցեն Ղարաբաղի հարցի կարգաւորման բանակցութիւններին: Դրանից յետոյ հայկական կողմից ղարաբաղեան հարցին վերլուծութիւնների ու մեկնաբանութիւնների առանցքային կէտը Արցախի մասնակցութեան հիմնաւորումն էր:

Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններում Արցախի` որպէս առանձին տարրի առարկայական գոյութեան հաւաստիացման առհաւատչեան է:

Ղարաբաղեան հարցի վերաբերեալ Ազրպէյճանի բանակցային փիլիսոփայութիւնը հիմնուած է տարածքային ամբողջականութեան վրայ: Իսկ Արցախի առարկայական գոյութիւնը հակասում է այդ փիլիսոփայութեանը: Ազրպէյճանը, հիմք ընդունելով իր տարածքային ամբողջականութիւնը, 2016-ին սանձազերծեց ապրիլեան պատերազմը: Քառօրեայ պատերազմից յետոյ Ս. Փեթերսպուրկում եւ Վիեննայում կայացած բանակցութիւններում շփման գիծը ճանաչուեց որպէս Արցախի փաստացի սահման: Միջազգային ճնշման ներքոյ Ազրպէյճանը պարտաւոր եղաւ համաձայնուել հետաքննութեան մեքանիզմների կիրառմանը եւ մշտադիտարկման սարքերի տեղադրմանը: Ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները չիրականացան որ միայն ազրպէյճանական կողմի պայմանադրժութեան, այլ նաեւ հայկական կողմի ընկրկման եւ միջնորդների պատեհապաշտութեան պատճառով:

Եռանախագահների եւ երկու կողմերի արտաքին գործերի նախարարների վերջերս հնչեցրած յայտարարութիւններում ոչ միայն չի ներառւում բանակցութիւններին Արցախի մասնակցութեան անհրաժեշտութիւնը, այլ նաեւ չի շեշտւում 2016թ. Ս. Փեթերսպուրկի ու Վիեննայի պայմանաւորուածութիւնների մասին:

Եւ այսպիսով, Վիեննա 2019-ով վերսկսւում են 2016 թուականի նախապատերազմեան բանակցութիւնները: Ակնկալիքները պարզ են: Հաւասարութեան սկզբունքը պահելով` եռանախագահները փորձելու են երկու կողմերին յորդորել ջանք չխնայել խաղաղութեան համար, Ազրպէյճանը բանակցելու է «տարածքային ամբողջականութեան» վերականգնման եւ հայկական կողմից «գրաւուած» տարածքների վերադարձի համար, իսկ հայկական կողմին մնում է պատրաստուել պատերազմի` խաղաղութիւնն ապահովելու համար:

Յ. Գ.- Արժէ հարց տալ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Էնտրիւ Շիֆըրին. արդեօ՞ք կիսում է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարը այն մեկնաբանութիւնը, ըստ որի` «Կոլանի ճանաչումը` որպէս Իսրայէլի մաս, ամբողջութեամբ համապատասխանում է տեղում ստեղծուած իրավիճակին եւ տեղում ստեղծուած փաստին»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 13232

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>