Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13232

Մուտք Եւ Ելք` Արցախեան Կարգաւորման Փակուղուց. Գուցէ Դո՞ւրս Գանք Պատրանքներից

$
0
0

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

Արդէն միանշանակ է կարծես թէ բոլորի համար` անկախ նրանից, թէ ո՛վ է երկրի ղեկավարը, ինչպիսի՛ ներքին կամ արտաքին քաղաքական միջավայրում ենք գտնւում, արցախեան կարգաւորման ներկայիս գիծը մշտապէս տանում է դէպի հանրութեան կողմից չընդունուող տարբերակների իրականացում: Այս իրավիճակը կարող է յանգեցնել երկու շատ վտանգաւոր եզրակացութեան.
– Առաջին` առանց հայկական կողմից ըստ էութեան միակողմանի զիջումների` լուծումը հնարաւոր չէ,
– Երկրորդ` ով էլ գայ իշխանութեան, վերջում ստացւում է «Մատրիտեան սկզբունք»:
Այս տրամադրութիւնները վտանգաւոր են, քանի որ կարող են առաջացնել յուսալքութիւն եւ ցանկութիւն կա՛մ հաշտուել ճնշումների հետ, կա՛մ վճռական կտրել այս հանգոյցը:
Սակայն այստեղ շատ աւելի կարեւոր է հասկանալ, թէ ինչպէ՛ս մենք յայտնուեցինք այն վիճակում, երբ որոշ օտարերկրեայ պաշտօնեաներ, նոյնիսկ անտեսելով դիւանագիտական բարոյագիտութիւնը, թոյլ են տալիս փաստացի միջամտել մեր ազգային անվտանգութեան հարցերին, եւ ո՞րն է այն սկզբունքային յենասիւնը, որը կորցնելով` յայտնուեցինք այսպիսի, ոչ նախանձելի վիճակում:
Արցախեան խնդիրը վերջին 30 տարում եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական քաղաքական օրակարգը: Անկախ երկրի իշխանութիւնից` Արցախը հանդիսանալու է այն փորձաքարը, որի արդիւնաւէտ յաղթահարումը կարող է բեկումնային լինել ողջ քաղաքական համակարգի համար: Պատահական չէ, որ սա ոչ միայն իշխանափոխութեան վրայ ազդող գործօն է, ինչի ականատեսն ենք եղել, այլ նաեւ` իշխանութեան համար հանրային վստահութեան պաշար ապահովող հիմնական հարց:
Սակայն առաջին նախագահից մինչեւ ներկայիս իշխանութիւն ընկած ժամանակահատուածում օրակարգի հիմնական հարցը եղել է եւ մնում է Հայաստանի կողմից ինչ-որ զիջումների հարցը, ընդ որում` յաճախ յստակ բարձրաձայնւում է որոշ շրջանների վերադարձի խնդիրը:
Եւ այստեղ հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս ստացուեց, որ անկախ թէ՛ երկրի իշխանութիւնից, թէ՛ հայ ժողովրդի ցանկութիւնից, օրակարգային հարցերը` պտտուելով տարբեր հարցերի շուրջ, վերադառնում են այդ միեւնոյն վտանգաւոր կէտին:
Խնդիրն այն է, որ արցախեան կարգաւորման այն մոտելը, որը որոշ պատճառներով որդեգրուեց մեր կողմից եւ դարձաւ բանակցութիւնների հիմք, արդէն պարունակում է այդ ականը: Եւ այսօր շատ կարեւոր է հասկանալ այն սխալները, որոնք արուել են կարգաւորման գործընթացում եւ օր առաջ քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղութեամբ:
Տասնամեակներ շարունակ բանակցութիւնները գնացել են այդ ուղով, սակայն մենք քայլ առ քայլ պէտք է փորձենք շրջել բանակցային ղեկը` այն տանելով դէպի իրական խնդրի բացայայտում եւ լուծում, որպէսզի ակնկալենք տարիներ անց ունենալ իրական կարգաւորման մեքանիզմ:
Կարգաւորման համար ոչ նպաստաւոր պայմանները ունեն ինչպէս առարկայական, այնպէս էլ ենթակայական պատճառներ: Եւ կան երեւոյթներ, որոնց վրայ Հայաստանի հնարաւոր ազդեցութիւնը ուղղակի չէ: Մենք օրէցօր հեռանում ենք հակամարտութեան թէժ տարիներից, ինչը դրսեւորւում է խնդրի աղաւաղուած ընկալմամբ, այլ երկրներում ի յայտ է եկել գործիչների նոր սերունդ, որի համար անցեալը գոյութիւն չունի, եւ կայ միայն վերջին տարիների ազրպէյճանական քարոզչութիւնը: Ազրպէյճանի նաւթային հզօրութիւնը եւ աշխուժ լոպիստական աշխատանքը ձեւաւորել են ազրպէյճանամէտ գործիչների բանակ արտերկրում, ինչը չկար 1990-ականների սկզբին: Օտարերկրեայ գործիչները ընդհանրապէս չեն պատկերացնում խնդրի էութիւնը եւ դիտարկում են այն ազգային կամ միջպետական հակամարտութիւնների սեփական պարզունակ մոտելների ընդհանուր պարունակում:
Վերը նշուած երեւոյթների վրայ Հայաստանի ազդեցութիւնը ուղղակի չէ, սակայն դա չի նշանակում, որ մեր երկիրը չէր կարող դրանց ուղղութեամբ աշխատել` աշխուժ եւ ճիշդ արտաքին քաղաքականութեան պարագայում:
Այստեղ անդրադառնանք աւելի շատ այն խնդիրներին, որոնց միջոցով երկրի արտաքին քաղաքականութիւնը կարող է ուղղորդել կարգաւորման ուղին:

Հայկական դիւանագիտութեան
«առանձնայատկութիւնը»

Դիւանագիտութիւնը ունի երկու կողմ: Առաջինը հրապարակայինն է, երբ տեսախցիկների առջեւ փողկապաւոր մարդիկ խօսում են խաղաղութեան, մարդու հիմնարար իրաւունքները յարգելու կամ միջազգային իրաւունքը պաշտելու մասին: Դա տեսախցիկների, լուրերի թողարկումների եւ շարքային քաղաքացիների համար է: Սակայն կայ դիւանագիտութեան երկրորդ կողմը, երբ բաց ու անկեղծ միջավայրում դիւանագէտները ներկայացնում են իրենց իրական նպատակները, քննարկում են հնարաւոր լուծումները, փոխադարձ շահերի գնահատմամբ, տալիս են կարգաւորումներ եւ պայմանաւորւում են, թէ ի՛նչ են անելու ԻՐԱԿԱՆՈՒՄ:
Այն դիւանագիտութիւնը, որը ունի միայն մէկ կողմ եւ իրական լուծումների փոխարէն` հեքիաթներ է պատմում մարդու իրաւունքների, տարածքային ամբողջականութեան կամ ազգերի ինքնորոշման մասին, որեւէ աղերս չի կարող ունենալ հակամարտութիւնների լուծումների հետ:
Հետեւաբար. առաջանում է առաջին հարցը` արդեօ՞ք Հայաստանը երբեւիցէ պարզ ու անկեղծ ներկայացրել է (եթէ ի հարկէ գիտի այն) հայ ժողովրդի իրական դիրքորոշումը սեփական ճակատագրի վերաբերեալ` այս տարածաշրջանում: Արդեօ՞ք այն մարդիկ, որոնք այլ երկրներում արհեստավարժ կարգով զբաղւում են արցախեան կարգաւորմամբ, երբեւիցէ լսել են այն մասին, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի ցանկանում որեւէ տարածք զիջել, այլ նոյնիսկ համարում է, որ դարեր շարունակ կորցնելով սեփական հայրենիքը եւ ենթարկուելով Ցեղասպանութեան` իրականում երազում է հայրենիքի վերականգնման եւ աւելի մեծ Հայաստան ունենալու մասին: Այլ կերպ ասած` արդեօ՞ք Հայաստանը գործում է «սեղանի տակ»: Արդեօ՞ք մենք ասել ենք, թէ ի՛նչ ենք իրականում մտածում թուրքերի եւ ազրպէյճանցիների շրջապատում ապրելու մասին եւ ինչպէ՛ս ենք տեսնում մեր երկրի ապագան:
Իրականութիւնն այն է, որ Հայաստանի մօտ, երկու մակարդակներում էլ, նոյն «վերսեղանային» լղոզուած սահմանումներով բանաձեւումն է, որին ծանօթ ենք թէկուզ մեր ԱԳՆ կամ եռանախագահների յայտարարութիւնների միջոցով:

Միջազգային իրաւունքի փակուղին
եւ ինքնորոշման ջրափոսը

Տարածքային վէճերը, պատերազմները, հակամարտութիւնները երբեք չեն լուծուել եւ չեն լուծուելու միջազգային իրաւունքի տեսանկիւնից: Իրականում մշտապէս տեղի է ունեցել հակառակ գործընթացը` որոշակի կոնֆիգուրացիայով խնդրի լուծումը գտնելուց յետոյ, միջազգային փաստաթղթերը յարմարեցուել են գտնուած լուծմանը: Եւ եթէ ոեւէ մէկը կարծում է, որ ինչ-որ մի տեղ գրուած է արցախեան կարգաւորման բանաձեւը, ապա առնուազն անկեղծ մոլորութեան մէջ է: Հետեւաբար յստակ պէտք է ընկալենք` որքան միջազգային իրաւունքի կէտեր մենք գիտենք յօգուտ մեզ, այդքան էլ կարող են գտնել ընդդիմախօսները: Եւ այստեղ ընդհանուր լուծման որեւէ բանաձեւ լինել չի կարող:
Աւելի՛ն. Հայաստանը գնալով (իր կարծիքով) միջազգային իրաւունքի տեսանկիւնից` ինքն է իրեն մտցրել փակուղի:
25-30 տարի առաջ բոլորի համար արցախեան խնդիրը շատ յստակ էր` Խորհրդային Միութեան կողմից կամայական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառուել էր Ազրպէյճանի կազմ եւ ԽՍՀՄ ժողովրդավարացման, իսկ այնուհետեւ փլուզման գործընթացը թոյլ էին տալիս վերականգնել պատմական արդարութիւնը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ազրպէյճանական զինուած նախայարձակումը օրինականացրեց զինուած պայքարը եւ հիմնաւորեց Արցախի ինքնապաշտպանութիւնը:
Այսինքն այն տարիներին Արցախի հարցը ընկալւում էր որպէս 1920-ական թուականների ԽՍՀՄ ծնունդ, իսկ դրա լուծումը` որպէս ԽՍՀՄ փլուզման բնական արդիւնք:
1991 թուականից աստիճանաբար ազգային ազատագրական պայքարի շեշտը դրուեց խնդրի իրաւական կարգաւորման վրայ: Այդ ճանապարհը որդեգրուել էր ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի պարագայում: Պատահական չէր, որ Հայաստանը այդպէս էլ մնաց միակ խորհրդային հանրապետութիւնը, որը ԽՍՀՄ-ից դուրս եկաւ ԽՍՀՄ օրէնքներով: ԽՍՀՄ օրէնսդրութեան տառին եւ ոգուն համապատասխան անցկացուեց անկախութեան հանրաքուէ եւ հռչակուեց երկրի անկախութիւնը: Նոյն իրաւական ճանապարհը բռնեց Լեռնային Ղարաբաղը, որը նոյնպէս անցկացրեց հանրաքուէ եւ հաստատեց հռչակուած անկախութիւնը:
Նշուած հանրաքուէով մեր բանակցութիւններում դրուեց «ազգերի ինքնորոշում» սահմանման անկիւնաքարը, որի շուրջ կառուցւում է հայկական կողմի ողջ դիւանագիտութիւնը եւ հիմնաւորւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Եւ իրաւական կարգաւորման եզրոյթը, որի հիմքը դրուեց առաջին նախագահի օրօք, իսկ երկրորդ նախագահի կողմից յայտարարուեց իրաւական հարթութեան մէջ հարցը քննարկելու պատրաստակամութեան մասին, ինչը շարունակւում է մինչ օրս, հայ ժողովրդի անվտանգութեան առանցքային հարցը տարաւ եւ մտցրեց «միջազգային իրաւունք» կոչուող ջրափոսը: Այլ կերպ ասած` հայ ազգը իր անվտանգութեան հարցը, այսինքն` ճակատագիրը, վստահեց «միջազգային իրաւունքին»:
Եւ եթէ հէնց այդ իրաւական գործընթացը պէտք է հանդիսանայ ԼՂՀ անկախութեան հիմք, ապա այն տարածքների ներգրաւումը ԼՂՀ կազմ, որտեղ նման հանրաքուէ չի անցկացուել, առնուազն նման հանգամանքով չի կարող հիմնաւորուել:

Անվտանգութեան երաշխիքներ`
«անվտանգութեան գօտու» դիմաց

Ցանկացած չէզոք միջազգային փորձագէտի մօտ վերը նշուած կոնֆիգուրացիային ծանօթանալու դէպքում առաջանում է բնական հարց. «Արդեօ՞ք սա չի նշանակում, որ անվտանգութեան երաշխիքների դէպքում հանրաքուէով չընդգրկուած տարածքների պահպանումը կարող է գնահատուել որպէս բռնագրաւում կամ տարածքային սակարկման առարկայ»:
Այսպիսով, արցախեան խնդրի սկզբնակէտը` 1991 թուականի ինքնորոշման հանրաքուէն եւ դրանից բխող ինքնորոշման իրաւունքի իրացումը թելադրում են խնդրի բանակցային սեղանի պարունակութիւնը: Հէնց այս ամէնն է պատճառը, որ տարբեր եռանախագահներ կամ արտաքին գործերի նախարարներ այդպէս էլ չեն ըմբռնում Հայաստանի յամառութիւնը իր իսկ կողմից ներկայացուած լուծման յղացքի գործադրմանը հակազդելու հարցում: Կարծես թէ Հայաստանն է պնդում ինքնորոշման մասին, սակայն փաստացի վարում է բոլորովին այլ` նրանց տեսակէտից անհասկանալի քաղաքականութիւն, ինչն էլ ակամայից ձեւաւորում է ճնշումների համար համապատասխան մթնոլորտ:
Եւ եթէ հայ ժողովուրդը կամ փորձագիտական հանրութիւնը մինչ օրս չի ըմբռնել տարբեր օտարերկրացիների կոչերը Հայաստանին, որը նրանք յաճախ ներկայացնում են իբրեւ հայանպաստ, ապա պէտք է հասկանան, որ դրա պատճառը մեր իսկ որդեգրած եւ տարածաշրջանային խնդիրների ու Հայաստանի անվտանգութեան հետ որեւէ կապ չունեցող ռազմավարութեան որդեգրումն է:

«Առաւօտ»
(Շար. 1)


Viewing all articles
Browse latest Browse all 13232

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>