Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13232

Ձեր Ժամացոյցը Մէկ Տարով Յետ Է Ընկել, Տիկի՛ն Աննա

$
0
0

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Եթէ «Հայկական ժամանակ» թերթի այս տարուայ մարտի 27-ի համարում տպագրուած «Բանակը քրէականացնողներին ասֆալթին փռելու ժամանակը» յօդուածը տպագրուէր մօտ մէկ տարի առաջ, մենք այսօր չէինք անդրադառնայ Մեղրիի զօրամասերից մէկում տեղի ունեցած դէպքին:

Եւ դա, գուցէ, համարէինք սպայակազմի ցուցաբերած անփութութեան կամ զինուորների հանդէպ ոչ կանոնագրային վերաբերմունքի հետեւանք: Չմոռանանք նաեւ, որ բանակը տղամարդկանց միջավայր է, որտեղ կարող են նաեւ վէճեր ծագել, թէեւ դա հիմք չի տալիս արդարացնելու նման միջադէպերը: Զինուորները լքել են զօրամասը, իսկ դա դասալքութիւն է եւ միշտ պէտք է պատժուի` անկախ պատճառներից:

Եւ, ուրեմն, ինչո՞ւ է մեզ անհանգստացնում «Հայկական ժամանակ»-ում տպագրուած յօդուածի ժամանակավրէպ լինելը: Բանն այն է, որ այդ թերթն ուղիղ մէկ տարի առաջ հերոսացրել է զօրամասն ինքնակամ լքած զինուորականների (հիմնականում` սպաներ) հակականոնագրային եւ հակասահմանադրական գործողութիւնները, այն է` համազգեստի կոճակներն արձակած, խելքները յեղափոխական քամուն տուած` Երեւանի փողոցներն ընկնելը, չսափրուելը եւ «տըմփ-տըմփ-հու» անելը: Այսօր, սակայն, նոյն թերթը Մեղրիի զօրամասի դէպքի մասին գրում է. «Այդ միջադէպը պէտք է մանրամասն ուսումնասիրուի, մեղաւորները բացայայտուեն ու պատժուեն, ԶՈՒ հրամանատարութիւնն էլ պէտք է համապատասխան հետեւութիւններ անի ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի»: Ինչո՞ւ, ի՞նչ տարբերութիւն` դէպքը Երեւանո՞ւմ է տեղի ունեցել, թէ՞ Մեղրիում: Իսկ գուցէ Երեւանում իսկապէ՞ս ցուցադրաբար էին փողոց հանել սպաներին, որոնք պէտք էր տպաւորութիւն ստեղծէին, թէ բանակը միանում է յեղափոխութեանը: Բայց ի՞նչ պակաս է յեղափոխութեանը միացել Մեղրիի այդ զօրամասը: Գրեթէ բոլոր լրատուամիջոցները գրեցին, որ զօրամասը լքած զինուորները գոչել են «տըմփ-տըմփ-հու», չեն սափրուել` ընդօրինակելով վարչապետ Փաշինեանին եւ, որ շատ կարեւոր է, չեն պահանջել նախկին իշխանութիւնների վերադարձը, այսինքն նրանք հակայեղափոխական չեն:

Առաջ չանցնելով` ՀԺ-ի գործընկերներիս ասեմ, որ բանակի մասին գրելու համար առնուազն պէտք է բանակի տեղն իմանալ, այլապէս այս կարգի հրապարակումներով կարող ես աւելի փչացնել գործը եւ բարոյալքել անգամ ամենականոնագրային բանակները: Քանի որ խնդրոյ առարկայ յօդուածը ստորագրութիւն չունի, ստիպուած եմ դիմել թերթի գլխաւոր խմբագրին` Աննա Յակոբեանին, որ համատեղութեան կարգով նաեւ մեր վարչապետի կինն է, իսկ օրուայ որոշակի ժամերի` համարեա մեր վարչապետը: Տիկի՛ն Աննա, մեկնաբանէք, խնդրեմ, ձեր այս ընդհանրացումը. «Պէտք է անկեղծ լինել` շատերն այսօր էլ խուսափում են բանակում ծառայելուց ոչ թէ այն պատճառով, որ վախենում են դժուարութիւններից կամ թշնամու գնդակից, այլ որովհետեւ չեն ցանկանում երկու տարի անցկացնել քրէական միջավայրում, որտեղ ինչ-որ «եախշի» կարող է իրպէսների վոհմակով նուաստացնել ցանկացած նորմալ մարդու»: Հետաքրքիր է, արդեօք, հայկական բանակի բոլո՞ր զօրամասերն են «քրէական միջավայր»: Մեր կարծիքով, դա շատ լուրջ պատճառ է բանակում չծառայելն արդարացնելու համար, մինչդեռ մեզ թւում էր, որ բանակից թռածները «գժի թուղթ» ու նման բաներ էին հանում բոլորովին այլ դրդապատճառներով, օրինակ` կարճատեսութեան, հարթաթաթութեան, թերաճութեան, անորոշ սեռական կողմնորոշում ունենալու եւ այլն: Բայց չմոռանանք, որ բանակում ծառայելը նաեւ սահմանադրական պահանջ է, ՀՀ քաղաքացու պարտականութիւն, իսկ, ահա, ծառայութիւնից խուսափելու համար այնպիսի ծանրակշիռ փաստարկ բերելը, թէ հայկական բանակը «քրէական միջավայր է», մեղմ ասած` դասալքութեան պէս մի բան է:

Եւ, վերջապէս, տիկի՛ն Աննա, դուք` որպէս բանակում ծառայող զինուորի ծնող, կարո՞ղ էք նոյնն ասել նաեւ այն զօրամասի մասին, որտեղ ծառայում է ձեր զաւակը: Եթէ` այո՛, մենք այլ հարցեր չունենք, իսկ եթէ` ոչ, ապա պէտք է բացատրութիւն տալ այն մայրերին, որոնց որդիները ծառայում են այլ զօրամասերում, որոնք «քրէական միջավայր» են: Այդ ինչպէ՞ս է պատահել, որ ձեր որդին աւելի լաւ զօրամասում է ծառայում:

Նաեւ կարիք չկայ նեղանալու այն լրատուամիջոցներից, որոնք փաստերը ներկայացրել են այնպէս, ինչպէս դրանք կան, դուք վստա՞հ էք, որ փորձ է արուել «հասարակութեան գիտակցութեան մէջ արմատաւորել այն միտքը, թէ` ահա, խնդրեմ, յեղափոխութիւնը հասաւ բանակ, եւ արդիւնքներն աղէտալի են»: Այդ դէպքում ինչո՞ւ էք բանավէճի մէջ մտնում եւ յաջորդիւ գրում. «Իրականում խնդիրը հէնց այն է, որ շատ դէպքերում յեղափոխութիւնը դեռ չի հասել զօրամասեր»: Հարց է առաջանում` իսկ ինչո՞վ էր զբաղուած ձեր ամուսինն արդէն մէկ տարի, որ յեղափոխութիւնը չի հասել բանակ: Այդքան մարդու փռեց ասֆալթին, ծեփեց պատերին, փտածութիւնն ու մենաշնորհները վերացրեց, էսա-էսա` ուսուցիչների ու զինուորականների աշխատավարձերն է բարձրացնում, էդ մի քանի «եախշիներին», որոնց վերագրում էք այս խայտառակութիւնը, չկարողացա՞ւ կարգի հրաւիրել կամ հանել համազգեստի միջից: Ինչ-որ չեմ հաւատում, աւելի ստոյգ` չեմ ուզում թերագնահատել Փաշինեանի հնարաւորութիւնները:

Երկու խօսք էլ ասեմ այն «պատժի» մասին, որից խօսում են միջադէպից «անակնկալի» եկած «պալկաւոդեցներն ու մարշալները»: Միջադէպը դեռեւս ամբողջութեամբ չի ուսումնասիրուել, յայտնի չեն զինուորականների վարքագծի դրդապատճառներն ու մեղաւորները, բայց արդէն յայտարարում են, որ կարգազանցներին «քշելու» են Ղարաբաղ` առաջին գիծ: Ի դէպ, սովետի ժամանակ «առաջին» գիծ` մսաղաց էին քշում կարգազանցներին ու քրէական յանցագործներին` որպէս պատժելու իւրայատուկ ձեւ: Սրանո՞վ ենք սպառնում մեր զինուորներին: Ղարաբաղը պատժի վայր չէ, պարոնա՛յք մարշալներ, Ղարաբաղը հայրենիք է, որտեղ այսօր կանգնած են ու միշտ պէտք է կանգնած լինեն ապրիլեան քառօրեայում իրենց հերոսութեամբ փայլած տղերքի նմանները:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13232

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>