ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ
Միջազգային ու տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական, ինչպէս նաեւ տնտեսական (ուժանիւթի) զարգացումները ցոյց են տալիս, որ միջազգային անվտանգային միջավայրը շարունակում է բաւական խոցելի մնալ: Աւելի՛ն. միջազգային յարաբերութիւններում անվտանգային համակարգի մեքանիզմների անարդիւնաւէտութիւնը, շատ յաճախ դրանց գրեթէ անգործութիւնը դրական սպասումներ չեն տալիս` յամենայն դէպս առաջիկայ հեռանկարների դիտանկիւնից:
Դա են հաստատում միջազգային, տարածաշրջանային մակարդակներում առկայ ու զարգացող ռիսքերն ու մարտահրաւէրները, որոնք ժամանակ առ ժամանակ դրսեւորւում են այս կամ այն իրավիճակում: Աւելի՛ն. միջազգային հիմնական խաղացողների, միջազգային մակարդակով որոշումներ կայացնող առաջնորդների միջեւ կարծես չեն գործում այդ թւում, այսպէս կոչուած, փոխվստահութեան մեքանիզմները, ինչը կարող է ցանկացած իրավիճակում, դուրս գալով վերահսկողութիւնից, պարունակել լուրջ եւ իրական սպառնալիքներ միջազգային հանրութեան համար` առհասարակ:
Միջազգային անվտանգային համակարգի խոցելիութեան ցուցիչներից է այն, որ միջազգային հանրութիւնը գտնւում է պատերի ու պատնէշների կառուցման ժամանակաշրջանում. տեղին է յիշատակել Մեքսիքայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու` Թրամփի մտադրութիւնը, կամ Իսրայէլի նախաձեռնած` Կազայի հատուածի հետ սահմանի երկայնքով 65 քմ երկարութեամբ պատի կառուցումը:
Միացեալ Նահանգները Դուրս Է Գալիս Մփհհպ Պայմանագրից
Վերջին շրջանում միջազգային հնչեղութիւն ստացած, արդի անվտանգային եւ միեւնոյն ժամանակ ռիսքային հիմնահարցերից մէկը վերաբերում էր Միացեալ Նահանգների` միջին եւ փոքր հեռահարութեան հրթիռների ոչնչացման մասին 1987 թուականին ստորագրուած պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալու իրողութեանը: Փետրուարի 1-ին հնչեցուած պաշտօնական այդ յայտարարութիւնը Ուաշինկթընը մեկնաբանում է որպէս Մոսկուայի կողմից նշեալ պայմանագրի դրոյթները խախտելու հետեւանք կամ արձագանգ` նշելով ռուսական կողմից պայմանագրի դրոյթներին հակասող հրթիռ
ստեղծելու հանգամանքը: Միացեալ Նահանգներ գերատեսչութիւնների կողմից տարածուած յայտարարութիւնների մէջ մասնաւորապէս նշւում է, որ Միացեալ Նահանգներն ս.թ. փետրուարի 2-ից կը դադարեցնի համաձայնագրով սահմանուած իր պարտականութիւնների կատարումը` կէս տարուայ ընթացքում տեղեկացնելով Ռուսաստանին պայմանագրից իր դուրս գալու մասին:
Խօսքը 9M729 «Նովաթոր» (ՕԹԱՆ-ի դասակարգմամբ` յայտնի է նաեւ SSC-8 տարբերակով) տեսակի միջուկային մարտագլխիկով, միջին հեռահարութեան թեւաւոր հրթիռի մասին է, որը, ռուսական կողմի պնդմամբ, չի հակասում 1987 թուականին ԽՍՀՄ-ի եւ Միացեալ Նահանգների միջեւ ստորագրուած պայմանագրին: Արդիւնքում` Թրամփի վարչակազմը Ռուսաստանի իշխանութիւններից պահանջել է դադարեցնել այդ հրթիռի արտադրութիւնը կամ դրա ռազմական-թեքնիք չափանիշները համապատասխանեցնել պայմանագրին:
Ռուսական կողմն, իր հերթին, մեղադրում է Ուաշինկթընին այն բանում, որ կողմերի միջեւ ռազմական մրցավազքը սկսուեց շատ աւելի վաղ` 2001թ. դեկտեմբերի կէսերին Միացեալ Նահանգների նախկին նախագահ Ճորճ Պուշի` Հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) պայմանագրից Միացեալ Նահանգների դուրս գալու մասին յայտարարութիւնից յետոյ:
Միացեալ Նահանգներ-Ռուսաստան յարաբերութիւններում խորացող լարուածութեան հաստատումն էր օրերս ՌԴ նախագահ Փութինի` ՌԴ Դաշնային ժողովին ուղերձում հնչեցրած միտքը, ըստ որի` «Ռուսաստանը մտադիր չէ համապատասխան հրթիռներ տեղադրել Եւրոպայում, բայց կը գնայ պատասխան քայլերի, եթէ դա անեն Միացեալ Նահանգները: Ռուսաստանը ստիպուած կը լինի ստեղծել եւ տեղակայել սպառազինութեան այնպիսի տեսակներ, որոնց թիրախում կը լինեն ոչ միայն այն տարածքները, որոնցից կայ անմիջական սպառնալիք, այլ նաեւ` այն տարածքները, որտեղ գտնւում են Ռուսաստանի անվտանգութեանը սպառնացող որոշումների կայացման կենտրոնները»: Նա նաեւ յաւելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հայելային եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթէ Միացեալ Նահանգները որոշի Եւրոպայում տեղադրել միջին եւ փոքր հեռահարութեան հրթիռներ: Մասնաւորապէս անդրադարձ է եղել ռուսաստանեան նորագոյն հրթիռային այնպիսի համակարգերին, ինչպիսիք են, օրինակ, «Քինժալ» տեսակի գերձայնային օդային միջմայրցամաքային պալեստիք հրթիռային համալիրները, «Սարմաթ» տեսակի ռազմավարական հրթիռային համալիրները, «Աւանկարտ» տեսակի թեւաւոր հրթիռային գերձայնային համալիրները, «Փերեսվեթ» տեսակի նորագոյն լազերային համակարգերը եւ այլն:
Այս խրապատկերին փետրուարի կէսերին լուրեր տարածուեցին, որ ՕԹԱՆ-ն նախատեսում է Սեւ ծովի հիւսիսարեւմտեան հատուածում անցկացնել լայնածաւալ Sea Breeze կոչուող զօրավարժութիւնները, որոնց կը մասնակցեն նաեւ Ուքրանիայի ռազմածովային ստորաբաժանումները: Նոյն ժամանակահատուածում ՕԹԱՆ-ն, նախատեսում է միջազգային հրամանատարական Agile Spirit 2019 զօրավարժութիւններն անցկացնել Վրաստանում, որին մասնակցելու են ՕԹԱՆ-ի անդամ երկրների ու կազմակերպութեան գործընկեր պետութիւնների աւելի քան 3000 զինծառայողներ: Այդ զօրավարժանքները նոյնպէս աչքի են ընկնում իրենց ծաւալով: Յիշեցնենք, որ Agile Spirit 2019 զօրավարժանքներն անցկացւում են 2011թ.ից եւ Միացեալ Նահանգների ու ՕԹԱՆ-ի հետ Վրաստանի ռազմական-թեքնիք, ռազմաքաղաքական գործակցութեան կարեւոր բաղկացուցիչներից են:
Միացեալ Նահանգներ-Չժհ Առեւտրատնտեսական Պատերազմը
Վերջին ամիսներին Միացեալ Նահանգների եւ Չինաստանի առեւտրատնտեսական յարաբերութիւնները յայտնուել են բաւական բարդ վիճակում, որոնց շատ յաճախ տալիս են «Ուաշինկթընի ու Փեքինի միջեւ առեւտրատնտեսական պատերազմ» ձեւակերպումը: Միացեալ Նահանգների նախագահ Թրամփը չինական կողմի հետ տնտեսական առճակատման գնաց այն ժամանակ, երբ 2018թ. յուլիսի սկզբներին Միացեալ Նահանգների կառավարութիւնը Չինաստանից ալիւմինիոմի եւ պողպատի ներկրման համար, համապատասխանաբար, 10 եւ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանեց: Նախագահ Թրամփի հնչեցրած յայտարարութեան համաձայն, 10% մաքսատուրքը նախատեսւում էր սահմանել շուրջ 200 միլիառ տոլար ընդհանուր արժողութեամբ` Չինաստանից ներկրուող ապրանքատեսակների համար: Ի պատասխան Միացեալ Նահանգների պատժամիջոցների` Չինաստանն իր հերթին բարձրացրել է ամերիկեան արտադրանքի մաքսատուրքը:
Արժոյթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, երկկողմ տնտեսական դիմակայութիւնը բացասաբար է անդրադառնալու երկու կողմերի տնտեսական զարգացման վրայ. ԱՄՀ կանխատեսումներով, Չինաստանի 2018թ. տնտեսութեան աճը 6,6%-ից նուազելու էր 6,2%-ի, Միացեալ Նահանգների դէպքում` 2,9%-ից մինչեւ 2,5%-ի: Աւելացնենք սակայն, որ աշխարհի հզօր տնտեսական կարողութիւններ ունեցող երկրների միջեւ առեւտրատնտեսական ցանկացած դիմակայութիւն յանգեցնելու է ոչ միայն կողմերի տնտեսական զարգացման նուազմանը, այլեւ կ՛ունենայ շատ աւելի խոշոր` միջազգային նշանակութիւն` անդրադառնալով նաեւ համաշխարհային տնտեսական աճի ընթացքի վրայ: Դա, ի հարկէ, շատ աւելի ցայտուն կ՛արձանագրուի արդէն ընթացիկ տարուայ վերջին ամփոփուող տնտեսական ցուցանիշներում:
Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան կանխատեսումների համաձայն, Միացեալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական պատերազմի հետագայ սրացումը կարող է լուրջ ազդեցութիւն ունենալ համաշխարհային տնտեսական աճի վրայ 2021թ.-ին: Փորձագիտական գնահատականներով, 2018թ. համաշխարհային տնտեսական աճը 3,7%-ից, 2019-2020թթ. կտրուածքով, կը նուազի մինչեւ 3,5%
Վենեզուելայի Շուրջ Ճգնաժամը
Վենեզուելայում շարունակւում են նախագահ Նիքոլաս Մատուրոյի դէմ ցոյցերը: Ընդդիմութեան առաջնորդ Խուան Կուայտոն իրեն երկրի նախագահ է հռչակել, ինչն ընդունել են Միացեալ Նահանգները, Վրաստանը եւ այլ երկրներ: Միացեալ Նահանգների նախագահը կրկին սպառնացել է ռազմական ներխուժմամբ Վենեզուելա` համարելով դա ճգնաժամի կարգաւորման տարբերակներից մէկը:
Վենեզուելայի շուրջ ծաւալուող իրադարձութիւններն ունեն ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ տնտեսական-ուժանիւթային կարեւորութիւն: Յայտնի է, որ նաւթի համաշխարհային պաշարներում երկիրն ունի իր ուրոյն դիրքը: «Պրիթիշ փեթրոլիում» ընկերութեան զեկոյցի տուեալներով, 2011թ. Վենեզուելայի նաւթի պաշարները կազմել են 296,5 միլիառ տակառ` համաշխարհային պաշարների 18%-ը: Համադրութեան համար նշենք, որ Սէուտական Արաբիայի նաւթի պաշարները կազմում էին 265,4 միլիառ տակառ (համաշխարհային նաւթային պաշարների 16%-ը): Որոշ տուեալներով, ամերիկեան պատժամիջոցների պատճառով Վենեզուելայի պետական նաւթային ընկերութիւնը նաւթային համատեղ ձեռնարկութիւնների դրամատնային հաշիւները տեղափոխում է ռուսաստանեան «Կազփրոմպանք», ինչը, սակայն, դա չի հաստատուել:
Հետեւաբար սխալուած չենք լինի, եթէ ասենք, որ վենեզուելական ճգնաժամը կարող է առաջիկայում բացասական հետեւանքներ թողնել համաշխարհային տնտեսութեան, մասնաւորապէս` նաւթային շուկայի վրայ: Որոշ փորձագէտներ չյապաղեցին նոյնիսկ զուգահեռներ անցկացնել վենեզուելական իրադարձութիւնների ու նախորդ դարի Քուպայի ճգնաժամի միջեւ, եթէ Վենեզուելայում անկայուն իրավիճակը երկարաձգուի առաջիկայում:
Խնդիրներ Եւրոպական Ճակատում
Ֆրանսայում չեն դադարում նոյեմբերի կէսերին սկիզբ առած փողոցային ցոյցերը: Դրանք անցկացւում են ոչ միայն մայրաքաղաք Փարիզում, այլ նաեւ` Պորտոյում, Լիոնում եւ ֆրանսական միւս քաղաքներում: Առիթը պենզինի եւ տիզելային վառելիքի գները բարձրացնելու վերաբերեալ կառավարութեան որոշումն է: Նոյեմբերի 17-ին Ֆրանսայում սկսուած հակակառավարական բողոքի ալիքը շարունակւում է մինչ օրս:
Փորձագիտական դաշտում առկայ գնահատականների մի մասով` Ֆրանսայում տեղի ունեցող իրադարձութիւնները թէեւ ունեն ընկերային դրդապատճառներ, սակայն փոխկապակցուած են աշխարհաքաղաքական գործընթացների հետ` մասնաւորապէս Ֆրանսայի նախագահ Մաքրոնի` համաեւրոպական զինուած ուժեր ստեղծելու առաջարկութեան եւ այդ հարցում Ուաշինկթընի դժգոհութիւնների, ինչպէս նաեւ Ֆրանսա-Ռուսաստան բաւական ջերմ յարաբերութիւնների:
Ֆրանսայում ներքաղաքական լարուածութեան միտումներին զուգահեռ` ճգնաժամային կարելի է որակել Brexit-ի ներկայիս գործընթացը, որն, անշուշտ, համընդհանուր եւրոպական խնդիր է` որպէս նախադէպ` իր հետագայ հնարաւոր քաղաքական զարգացումներով: Յիշեցնենք, որ 2019թ. յունուարի վերջերին բրիտանական խորհրդարանը Brexit-ը յետաձգելուն դէմ քուէարկեց: Փետրուարի սկզբին Daily Telegraph թերթը հաղորդել էր, որ Մեծն Բրիտանիայի կառավարութեան անդամները ցանկանում են երկիրը թողնել ԵՄ կազմում մինչեւ սոյն թուականի մայիսի վերջը:
Brexit-ի հարցում միանշական չէ մօտեցումը նաեւ Մեծն Բրիտանիայի հասարակութիւնում: BMG Research ընկերութեան հարցման տուեալներով, բրիտանացի ընտրողների մեծ մասը` 53%-ը, ցանկանում է յետաձգել ԵՄ-ից երկրի դուրս գալը: Հարցուածների 49%-ը համարում է, որ Brexit-ի գործընթացի իրագործումը, առանց համապատասխան համաձայնագրի, կը վերածուի տնտեսական աղէտի: