Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13251

Սպիտակ Տան «Դարի Գործարքը»

$
0
0

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Փետրուարի վերջերին մեկնարկեց Միացեալ Նահանգների նախագահ Թրամփի աւագ խորհրդական Ճարետ Քուշների այցելութիւնների շարքը Մերձաւոր Արեւելք: Այցելութեան նպատակը  պաղեստինա-իսրայէլեան հակամարտութեան կարգաւորման` Թրամփի վարչակազմի առաջարկ-փաթեթի տնտեսական հարցերի շուրջ բանակցութիւնների, քննարկումների կազմակերպումն էր: Թրամփի աւագ խորհրդականին ուղեկցում էին Մերձաւոր Արեւելքում Միացեալ Նահանգների նախագահի յատուկ յանձնարարականներով դեսպան-ներկայացուցիչ Ճէյսոն Կրինպլաթը եւ Իրանի հարցերով Միացեալ Նահանգների յատուկ ներկայացուցիչ Պրայան Հուքը: Այցելութիւնների շարքում ներառուել են` Օմանը, Պահրէյնը, Սէուտական Արաբիան, Քաթարը եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնները:

Յիշեցնենք, որ Քուշները, որը նախագահ Թրամփի դստեր` Իվանքայի ամուսինն է,  ժամանակին մեծ դերակատարութիւն է ունեցել Միացեալ Նահանգներ-Իսրայէլի քաղաքական յարաբերութիւնների խորացման, մասնաւորապէս` Երուսաղէմը Իսրայէլի պետութեան մայրաքաղաք ճանաչելու եւ Թել Աւիւից Երուսաղէմ Միացեալ Նահանգների դեսպանութիւնը տեղափոխելու գործընթացում:

Այս ամէնուն հետաքրքիրն այն է, որ այս անգամ Թրամփը հակամարտութեան կարգաւորման փաթեթի շուրջ քննարկումների ընդհանուր պարունակում իր փեսային գործուղում է Մերձաւոր Արեւելք` զուտ տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցելու: Մասնաւորապէս բանակցութիւնների հիմնական թեմաներից մէկն, ըստ ամենայնի, վերաբերելու էր Կազայի հատուածում ստեղծուած ճգնաժամային իրադրութեան յաղթահարման մեքանիզմների ձեւաւորման հարցերին, ինչն, ըստ Ուաշինկթընի, դրական ազդեցութիւն կ՛ունենայ ոչ միայն իսրայէլցիների ու պաղեստինցիների, այլեւ ամբողջ տարածաշրջանի տնտեսական իրադրութեան վրայ:

Այցելութիւնների օրակարգում յստակ նշւում է, որ հանդիպումների ընթացքում նախատեսուած չէ քննարկել պաղեստինա-իսրայէլեան հակամարտութեան կարգաւորման` Ուաշինկթընի առաջարկի քաղաքական հարցերը, որն այլ կերպ ստացել է «դարի գործարք» անուանումը:

Արաբական «Սքայ Նիուզ» հեռուստաալիքին տուած հարցազրոյցում Քուշները որոշ մանրամասնէր է ներկայացրել «դարի գործարքից», որը նախատեսւում է հանրայնացնել Իսրայէլում ապրիլի 9-ին նախատեսուող խորհրդարանական ընտրութիւնների անցկացումից յետոյ միայն: Նրա խօսքով, Սպիտակ տան կողմից մշակուող առաջարկ-փաթեթում առանձնակի կարեւորութիւն է տրւում Իսրայէլի պետութեան սահմանների, ինչպէս նաեւ վիճելի տարածքների կարգավիճակի յստակեցման ու կարգաւորման հարցերին: Քուշների համոզմամբ, առհասարակ, «դարի գործարքը» ենթադրում է հարցերի` փոխզիջումների հիման վրայ կարգաւորում, եւ «իսրայէլեան կողմից կը պահանջուեն աւելի շատ ջանքեր»:

Փաթեթում մասնաւորապէս առաջ են քաշւում 4 հիմնարար սկզբունքներ, որոնք են` ազատութիւնը, յարգանքը հաւատքի նկատմամբ, հնարաւորութիւնների օգտագործումը եւ անվտանգութիւնը: Փաստաթղթում կարեւորւում է Կազայի հատուածում եւ Յորդանան գետի արեւմտեան ափին միասնական կառավարութեան ձեւաւորման հարցը, որը կը կարողանայ լիարժէքօրէն պաշտպանել պաղեստինցի ժողովրդի շահերն ու իրաւունքները:

Հարցի բուն էութիւնից փոքր-ինչ հեռանալով` նշենք, որ Թրամփի աւագ խորհրդական Քուշների քաղաքական կերպարի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ Միացեալ Նահանգների գործադիր ու օրէնսդիր թեւերում. դեռեւս նախորդ տարուայ մարտին Միացեալ Նահանգների դեմոկրատական թեւի օրէնսդիրները Հետաքննութիւնների դաշնային պիւրոյին (Էֆ. Պի. Այ.) կոչ էին արել հետաքննութիւն սկսել այն տուեալների ուղղութեամբ, որոնց համաձայն, Քուշները գաղտնի տեղեկութիւններ է տրամադրել Սէուտական Արաբիայի արքայազն Մոհամետ պեն Սալմանին:

Ինչեւէ, կրկին վերադառնալով հակամարտութեան կարգաւորման ամերիկեան առաջարկին` նշենք, որ դեռեւս նախորդ տարուայ մայիսին յայտնի իսրայէլական DEBKAfile համացանցային կայքը, որը մասնագիտացած է ռազմական հետախուզութեան բնագաւառում, որոշ մանրամասներ էր ներկայացրել փաստաթղթի վերաբերեալ: Մասնաւորապէս խօսւում էր հետեւեալ հարցերի մասին.

– Յորդանան գետի արեւմտեան ափի մօտաւորապէս 1/2 տարածքում եւ Կազայի հատուածում սահմանափակ իշխանութեամբ պաղեստինեան պետութեան ստեղծում,

– Յորդանանի հովտի նկատմամբ Իսրայէլի կողմից գերիշխանութեան եւ ռազմական վերահսկողութեան պահպանում,

– Արեւելեան Երուսաղէմի մի քանի արաբական թաղամասերի յանձնում պաղեստինեան պետութեան իրաւասութեանը,

– Իսրայէլի` որպէս հրեայ ժողովրդի «ազգային օճախի», իսկ սահմանափակ իշխանութեամբ պաղեստինեան պետութեան` որպէս պաղեստինցի արաբների «ազգային օճախի» ճանաչում:

Այլ` ոչ պաշտօնական աղբիւրների համաձայն, պաղեստինցիներին են յանձնուելու աւելի մեծ տարածքներ, քան այսօր իրենց վերահսկողութեան տակ ունեն, սակայն Երուսաղէմ քաղաքի պատմական կենտրոնը` իր կրօնական սրբավայրերով եւ յարակից շրջաններով, ինչպէս նաեւ քաղաքի արեւմտեան հատուածը մնալու են Իսրայէլի գերիշխան վերահսկողութեան ներքոյ:

Փետրուարի 28-ին Երուսաղէմում լոյս տեսնող արաբական «Քուտս» թերթն իր հերթին նոր մանրամասներ է ներկայացրել «դարի գործարքի»  բովանդակութեան վերաբերեալ` հիմնուելով սեփական տեղեկատուական աղբիւրների վրայ: Նշեալ պարբերականի հաղորդմամբ, փաստաթուղթը չի քննարկում Երուսաղէմ մայրաքաղաքով Պաղեստինի պետութեան ստեղծման հարցը, այլ խօսքը Կազայի հատուածում ինքնավարութեան ձեւաւորման մասին է: Ըստ թերթի,  փաստաթղթում կարեւոր կէտերից մէկը վերաբերում է Երուսաղէմ քաղաքի Աքսա մզկիթի վերահսկման-կառավարման հարցերում Իսրայէլի, Յորդանանի եւ պաղեստինեան ինքնավարութեան միջեւ համագործակցութեան ամրապնդման հարցերին:

Կողմերի Սպասելիքները

Պաղեստինեան կողմը շարունակում է թերահաւատութեամբ վերաբերուել պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման` Ուաշինկթընի կողմից մշակուող առաջարկ-փաթեթին: Որպէս պատճառաբանութիւն` նշւում են մի քանի հիմնական փաստարկներ` Ուաշինկթընի կողմից Երուսաղէմը Իսրայէլի պետութեան մայրաքաղաք ճանաչելը, Միացեալ Նահանգների կողմից Պաղեստինին ցուցաբերուող ֆինանսական աջակցութեան կրճատումը: Պաղեստինեան կողմի հաւաստիացմամբ, Ուաշինկթընն ի սկզբանէ հանդէս է գալիս կողմնակալ դիրքորոշմամբ եւ, ըստ էութեան, չի կարող ներկայանալ որպէս հակամարտութեան կարգաւորման անաչառ միջնորդ, հետեւաբար «դարի գործարքը» նոյնպէս կողմնապահ փաստաթուղթ է:

«Դարի գործարքից» անհամեմատ մեծ եւ միեւնոյն ժամանակ սկզբունքօրէն հակադիր են սպասելիքները իսրայէլական կողմում: Փետրուարի 14-ին Վարշաւայում կայացած Նեթանիահու-Փենս (Միացեալ Նահանգների  փոխնախագահ) աշխատանքային հանդիպման ընթացքում Նեթանիահուն եւս մէկ անգամ կարեւորեց «դարի գործարքը» իսրայէլական կողմի համար: Նրա խօսքով, «Իսրայէլը սպասում է այս գործարքին, մենք գիտենք, որ երկար ժամանակ նախագահ Թրամփի վարչակազմը ուղիներ է որոնում Իսրայէլի պետութեան անվտանգութիւնն ապահովելու համար»: Փաստաթղթի կեանքի կոչման հարցում, սակայն, Իսրայէլի քաղաքական դաշտում մօտեցումները հակասական են: Կարող ենք ենթադրել, որ Իսրայէլում ապրիլին նախատեսուող խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական պայքարում «դարի գործարքը» կը համալրի երկրի գործող ղեկավարութեանը հասցէագրուած հիմնական քննադատական հարցերի շարքը: Աւելի՛ն. եթէ ընտրութիւններում Նեթանիահուին չյաջողուի պահպանել դիրքերը, այնքան էլ պարզ չի լինի նաեւ «դարի գործարքի» ճակատագիրը: Նշենք նաեւ, որ նախընտրական պայքարի խորապատկերին` Նեթանիահուի նկատմամբ քաղաքական ճնշումները գնալով կ՛ուժեղանան: Իսրայէլի գլխաւոր դատախազ Աւիխայ Մանտելպլիթը, որը նաեւ Իսրայէլի պետութեան կառավարութեան իրաւախորհրդատուն է, արդէն իսկ յայտարարել է, որ երկրի վարչապետի նկատմամբ փտածութեան հարցով կը ներկայացուեն համապատասխան մեղադրանքներ:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13251

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>