Մեծարգո՛յ պարոն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մէկ անգամ եւս ջերմօրէն ողջունում եմ Լիբանանի Հանրապետութեան նախագահ, զօրավար Միշել Աունին եւ նրան ուղեկցող պատուիրակութեան անդամներին Հայաստանում: Պարո՛ն նախագահ, սա ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կը հաղորդի ամուր պատմական կապերի վրայ խարսխուած մեր բարեկամական յարաբերութիւններին:
Գոհունակութեամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Աունի հետ մեր զրոյցն անցաւ ջերմ մթնոլորտում` հայ-լիբանանեան բարեկամութեան ոգուն համապատասխան: Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցութեան ողջ օրակարգի վերաբերեալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամութիւնը` շարունակելու փոխադարձ վստահութեան հենքի վրա խորացնել եւ ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցութիւնը:
Թէեւ նախորդ տարի մեր դիւանագիտական յարաբերութիւնները թեւակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամութիւնն ունի բազմադարեայ պատմութիւն, որում, անխօս, իր ուրոյն դերն ունի լիբանանահայ համայնքը: Երկուստեք գոհունակութեամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ յաջողուել է մեր բարեկամութեանը հաղորդել նոր որակ` ձեւաւորելով փոխգործակցութեան ամուր կապեր քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագաւառներում:
Կարեւորեցինք մեր երկրների միջեւ առկայ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան պահպանումը` որպէս բոլոր ոլորտներում փոխշահաւէտ համագործակցութեան կարեւոր խթան:
Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագայ զարգացման կարեւորութիւնը` յատկապէս, հաշուի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժէք խորհրդարանական համակարգի:
Երկկողմ յարաբերութիւնների զարգացման առումով մեծապէս կարեւորեցինք տնտեսական բաղադրիչը: Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանեան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանեան ներկայութիւնը Հայաստանում տեսանելի է դրամատնային, ծառայութիւնների, գիւղատնտեսութեան եւ բազմաթիւ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք աւելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանաւորուեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալների մեծացման ուղղութեամբ: Առկայ է գրեթէ ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրաւապայմանագրային դաշտը, ինչը յաւելեալ վստահութեան միջավայր է ձեւաւորում մեր գործարարների համար:
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջեւ կնքուած շուրջ հինգ տասնեակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդիւնաւէտ փոխգործակցութեան համար:
Բարձր գնահատեցինք միջազգային կառոյցներում մեր երկրների արդիւնաւէտ փոխգործակցութիւնը եւ փոխադարձ աջակցութիւնը յատկապէս մեզ համար կենսական կարեւորութիւն ներկայացնող հարցերում: Պայմանաւորուեցինք նոյն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցութիւնն աւելի խորացնելու ուղղութեամբ:
Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբայ համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որեւէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրաւունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգաւորումը, դրա հիմքում պէտք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը իր պատմական տարածքում: Եւ պէտք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաեւ համակարծիք էինք, որ Երուսաղէմի խնդրում ամենակարեւորը բանակցային գործընթացն է, եւ ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծուել:
Արդէն աւելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանութիւնից, բայց կան պատմական իրադարձութիւններ եւ երախտագիտութեան զգացում, որ վաղեմութեան ժամկէտ չունեն: Վերստին երախտագիտութիւն յայտնեցի Լիբանանի ժողովրդին եւ իշխանութիւններին` մեր պատմութեան այդ դաժան հատուածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու եւ արարելու հնարաւորութիւն ընձեռելու համար: Շնորհակալ ենք, որ այդ յանցագործութեան դատապարտման եւ կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաեւ այսօր:
Ցաւօք, այսօր մերձաւորարեւելեան տարածաշրջանում, մասնաւորապէս` Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկութեան դէմ կատարուող ոճրագործութիւնների: Այս առումով կարեւորում ենք Լիբանանի գործնական եւ արդիւնաւէտ ներդրումը ահաբեկչութեան եւ արմատականութեան դէմ պայքարում եւ բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերուած մարդասիրական օգնութիւնը: Հայաստանը եւս իր համեստ հնարաւորութիւնների չափով օգնութեան ձեռք է մեկնել սիրիացի մեր քոյրերին եւ եղբայրներին:
Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունութեան եւ անվտանգութեան ապահովման գործում` երկրի հարաւում տեղակայուած` ՄԱԿ-ի ՖԻՆԻՒԼ-ի առաքելութեանը հայկական խաղաղապահների մասնակցութեամբ:
Լիբանանի նախագահի հետ պայմանաւորուեցինք նոյն ոգով շարունակել հայ-լիբանանեան աշխուժ շփումները եւ խթանել համագործակցութիւնը փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր բնագաւառներում: Եւ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր յաջորդ հրաւէրը` աշնանը Հայաստան գալու եւ մասնակցելու Ֆրանսախօս երկրների գագաթնաժողովին:
Պարո՛ն նախագահ, շատ շնորհակալ եմ եւ այժմ հաճոյքով խօսքը փոխանցում եմ ձեզ: