Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13456

Լուսնամութ Մի Օր, Արեւշող Մի Գիշեր (Հատուած` Նախիջեւանի Մասին Վէպից, Որը Դեռ Խորագիր Չունի)

$
0
0

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Արմինէին տատը պատմել, ո՛չ, հաւատացրել էր`  նահապետ Նոյը առաւօտ վաղ Արարատի գագաթին զարթնել, տեսել էր, որ արեգակի շողերը Ցղնայի սարաւանդներն  են ուղղւում, Ցղնայի հողն են ջերմացնում ու  գուրգուրում,  իջել, առը բացել, առաջին որթն էր տնկել: Դրա համար էր իրենց խաղողը ամենաքաղցրը:

***

Այդպէս եղաւ` Տէր Զօրում, Ռաս Ուլ Այնում, Ռաքքայում տարապարտներին սրատեցին, մահաջնջեցին, բայց ողջ մնացողները շարունակեցին  քայլել: Քայլեցին մինչեւ  Սումկայիթ, որտեղ նրանց էլի՛ փողոտեցին, էլի՛ ողջակիզեցին, ու  էլի՛ ողջ մնացողները քայլեցին: Քայլեցին,  Երեւանի մայր հրապարակը հասան,  շատրուանների հառաչը լսելով` կանգ  առան: Արմինէն հպուել էր մեծ ժամացոյցի աշտարակասեանն ու  տուֆ քարի ծիրանագոյն ջերմութեամբ տաքանում էր: Աչքերը փակեց, արեան հոտ առաւ: Զարմացաւ` արիւնը հոտ կ՛ունենա՞յ:  Ինքնաշարժների` մարդատարների, բեռնատարների, ծանրատարների հռնդիւն լսեց, բացեց աչքերը:  Փոխադրամիջոցները մղձաւանջ չէին, թափքերից  գորշ ստուերներ էին ցատկում,  խցկւում էին  բռնագաղթածների  արանքը, ձայնձայնում.

– Տաք թէյ ո՞վ ա ուզում…

– Բրդէ ծածկոց ո՞ւմ ա պէտք …

Քանի որ սումկայիթցիները, սպանդի մղձաւանջը հայեացքներում, չէին արձագանգում, հայաստանահայերի ձայները կոշտացան, խստացան.

– Չէ՛, ըսենց չի լինի, ելէ՛ք` տուն  գնանք…

Տարապարտներն իրարից բաժանուելուց էլ էին վախենում, չնայած` հայաստանահայերը սիրտ էին տալիս.

– Մօտիկներով  եկէ՛ք,  տեղ շատ ունենք…

Մէկը գոռգոռոցով աշխատում էր խլացնել միւսներին.

– Եզիտի մարդ եմ, Ջանֆիդայում երեք յարկանի տուն ունեմ, տասը հոգի տանեմ…

Նոյն գոռգոռոցն  այնքան կրկնուեց, որ վերջում խռպոտեց.

– Ինչի՞ էք ըտենց անում, ուրեմն որ եզիտի եմ, հայ չե՞մ…

Մէկ էլ  խճողումից մէկը  դուրս պրծաւ, «քուր ջան, քուր ջան« ճչալով Արմինէին փաթաթուեց: Էլ այս կողմ-այն կողմ չնայեց, երեխայի պէս գրկեց, ինքնաշարժ մտցրեց:

***

Դեռեւս փետրուարի կէսերին լիքը-լիքը «Վոլկայով»` կճուճներով, թակոյկներով, քթոցներով, տարբեր  փքուածութեան կուժ-կուլաներով Ցղնայից Սումկայիթ եկան հայրն ու մայրը: Հայրը  ձմեռուայ խաշի, կերուխումների  էն ամենալաւ ժամանակը գիւղից բացակայելու շատ լուրջ պատճառ ունէր: Յայտնի չէ` ո՛վ, գլուխը մտցրել էր Սումկայիթում սահմանափակ պատասխանատուութեամբ ձեռնարկութիւն ստեղծել, Ցղնայի էն համով ծիրաններն ու սալորները, տանձերն ու դեղձերը, որ ծառերի տակ փտում էին, բերել, մրգաջուր, մրգանուշ դարձնել, մեծ շահոյթով վաճառել:

Հօր հեռախօսային խօսակցութիւնից Արմինէն գլխի ընկաւ, որ պիտի այդ օրը Սումկայիթում հաստատուած ցղնացի հին դասընկերներին հանդիպի, նրանք էլ տեղի պատասխանատու պաշտօնեաներին ծանօթացնեն, գործը գլուխ բերեն: Աղջիկը գիտէր, թէ այդ հանդիպումները ինչո՛վ են վերջանում. հայրը կէս գիշերին հարբած  գալու էր, յետեւից իր պէս մի-երկու հարբած  էլ բերելու, կնոջն անկողնուց հանելու, հրամայելու էր.

– Սեղա՛ն գցիր…

Հայրը  հարբած, բայց  մենակ էր եկել, մեծ-մեծ  խօսում, դղեակներ էր կառուցում, լսեցնել էր տալիս, թէ որտեղ էր հիմնելու մրգապրանքի արտադրութեան իր ձեռնարկութիւնը, ամէն  բերքահաւաքի ինչքան եկամուտներ էր ստանալու: Իբր ամէն պայմանաւորուածութիւն կայացել էր,  առաւօտ շուտ հիմնարկէքը պիտի անէր:

– Հե՛չ չմտածես, կնի՛կ ջան,- հայրն իր խօսելուց  յոգնեց, փլուեց  արտասահմանեան` անյարմար թիկնակով բազկաթոռին, մնչաց,- սրանից յետոյ դու Ֆրանսան ու Իտալիան էլ չես հաւանելու, ամերիկեան լողափերում ես հանգստանալու: Շե՛ն մնայ Սումկայիթը…

Խօսքը չաւարտած` քնեց: Նրա մրափը ստեպ-ստեպ խռկոցով խզւում ու այդ  արանքում դրսից յիշոցներ,   հայհոյանքներ էին լսւում, որոնք հետզհետէ մօտենում էին: Հարայհրոցը  հարկ հասաւ: Մետաղէ լինգերի ճռռոցով տեղահան արեցին նախ ձախ,  յետոյ աջ  կողմի բնակարանների  դռները:

Իրենցը ամենավերջում  ծեծեցին: Չէին ծեծում, աքացիներով  կոտրում էին:

– Մե՛լս, խաթրո՛վ բաց,- գոռում էին հարկով մէկ,- թէ բացես, կեանքդ կը բախշենք, թէ որ ջարդելով մտնենք, բոլորիդ կը մորթենք:

Հայրը մշուշուած մտածումներով, խումարի մէջ վեր թռաւ, վերնաշապիկը պատռեց: Նա ոչ  միայն անունն էր փոխել` Մելս դարձել, այլեւ կրծքին կողք-կողքի դաջել  էր տուել Մարքսի, Էնգելսի, Լենինի, Ստալինի կիսադէմերը: Դուռը բացեց, մազոտ կուրծքը ցցեց.

– Թէ համարձակութիւն ունէք, սրանց մատով դիպէք:

Կացինը կուրծքը մխրճեցին: Յետոյ մայրը  աչքներով ընկաւ, հօր թպրտացող մարմինը արեան  ճապաղիքի մէջ թողեցին, նրա վրայ հասան: Դէ՛, մայրն  այդ տարիքում էլ սիրուն  էր: Մի քանի հոգի նրան տարան, մի քանի հոգի թալանով ընկան, մի քանի հոգի էլ Արմինէին ու տատին քաշքշելով` բակ իջեցրին: Թէ այդ իրարանցման, պատերին ցայտող արեան շիթերի մէջ հօրեղբօր կինը ինչպէ՞ս միակ որդուն փէշի տակ  թաքցրեց, ո՞ւր փախցրեց,  Արմինէն գլխի չընկաւ: Յետոյ Վահագիկին  Նախիջեւանի ազատագրութեան պատերազմում,  Ցղնայի մատոյցներում  էր տեսնող եղել…

Ցուրտ փետրուարի ձմրան վերջին օրը ազրպէյճանցիները բակում բարկ խարոյկ էին բորբոքել, հա՛մ տաքանում, հա՛մ էլ շէնքի յարկերից հրհրած հայերի ձեռքերն ու ոտքերը մետաղալարով կապում, ողջակիզում էին: Շատերին անուադողերի մէջ էին խցկում, յետոյ  խարոյկը նետում: Որ լաւ վառուեն: Ով հողը չանգռում, դուրս պրծնել էր ուզում, շիկացած նիգերով կիսաեփ մարմինը քրքրում, հետ` անթեղի վրայ  էին հրում:

Տատի ձեռք ու ոտքը չկապեցին էլ, վրան մի բաժակ քարիւղ լցրին, բոցերի մէջ նետեցին:

– Տա՜տ,- Արմինէն տեսաւ, թէ ինչպէ՛ս բռնկուեցին տատի մազերը, ուզեց յետեւից նետուել, չեչոտ դէմքով մի տղայ ձեռքը պինդ բռնեց, չթողեց.

– Դու իմ էսօրուայ թալանն ես:

Հէնց այդ պահին էր, որ ռուս զինուորներ յայտնուեցին, հայերին հաւաքեցին,  զրահամեքենաների մետաղէ որկորը լցրին:

***

Ծանօթ ձայնը լսելուց յետոյ  միայն Արմինէն փղձկաց: Արշամ ապերիկին վերջին անգամ շատ  տարիներ առաջ Ցղնայում, ուսման մեկնելու օրն էր տեսել: Մատաղ արուած գառան աչքերը դեռ չէին փակուել, տղան հօր տուած մի տրցակ փողը ծոցագրպանը խցկեց, ճամբայ ընկաւ, որ նրա  ուզած տեղը` Պաքուի բարձրագոյն կուսակցական  դպրոցում ուսանի: Յետոյ Նախիջեւան վերադառնայ, իբր` բարձր պաշտօն ստանայ:

Սեպտեմբերին էլ պարզուեց, որ Պաքուի փոխարէն` Երեւան է գնացել, ճարտարագիտական համալսարանի ճարտարապետական կրթաճիւղն ընդունուել:

Ուխտել էր` պիտի աւարտէր, Ցղնա վերադառնար, նահապետ Նոյի դամբարանը վերականգնէր…

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13456

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>