Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի Ողջոյնի Խօսքը` Հայաստան-Սփիւռք 6-րդ Համաժողովին

$
0
0

Թոյլ տուէք ջերմօրէն ողջունել ձեզ` «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-սփիւռք 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցներիդ:

Բարձր մակարդակով կազմակերպուած այս միջոցառումը կարեւոր է ու պահանջուած` ե՛ւ մայր Հայաստանի, ե՛ւ սփիւռքի, ե՛ւ Արցախի համար:

Ակնյայտ է, որ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը հայոց անկախ պետականութեան գոյութեան, նրա բնականոն զարգացման ու զօրացման, սփիւռքում ազգային ինքնութեան պահպանման եւ նրա կենսունակութեան ապահովման կարեւորագոյն գրաւականն է:

Խնդիրները, որոնք ընդգրկուած են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակութիւն` մեր պետականութեան շարունակական  զարգացման հեռանկարների նախանշման տեսանկիւնից:

Դրանց համակողմանի քննարկումը, ապագայ անելիքների ճշգրտումն ու յստակեցումը պահանջում են համակարգուած աշխատանք, իրատեսական ու յաւակնոտ ծրագրերի մշակում եւ իրականացում, առկայ ներուժի արդիւնաւէտ օգտագործում: Եւ անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, հաշուի առնելով ազգային շահերը եւ ժամանակի մարտահրաւէրները` կը նախանշեն մեր հաստատուն առաջընթացը:

Մենք ունենք նման համատեղ աշխատանքների շնորհիւ արձանագրուած նշանակալի յաղթանակներ ու ձեռքբերումներ, որոնց շարքում առանձնանում են Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից եւ այլ խողովակներով իրականացուած բազմաթիւ ծրագրեր:

Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են յայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` աշխարհի շատ երկրներից:

Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաեւ հանդիսանում է տարբեր ժողովուրդների եւ պետութիւնների հետ երկխօսութեան հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման յարմար հարթակ:

Հայ ժողովուրդն ունի լաւ բարեկամներ աշխարհով մէկ, եւ մենք բարձր ենք գնահատում նրանց անկեղծ, անշահախնդիր ընկերութիւնը` այն համարելով մեծ եւ մնայուն հարստութիւն:

Նրանցից ոմանք այսօր այստեղ են, եւ ես ուզում եմ մէկ անգամ եւս ողջունել բոլորին:

Յարգելի՛ ներկաներ,

Համոզուած եմ, որ համաժողովը յաջողութեամբ կ՛իրականացնի իր աշխատանքները եւ արժանի ներդրում կ՛ունենայ համազգային խնդիրների լուծման գործում:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղութիւն, քաջառողջութիւն, մեծագոյն յաջողութիւններ ու ամենայն բարիք:

Շնորհակալութիւն:


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>