Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Մայր Հայաստանը Բոլոր Հայերի Հայրենիքն Է` Անկախ Քաղաքական Եւ Այլ Կողմնորոշումներից. Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանի Ելոյթը Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ Համաժողովին

$
0
0

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու համայն հայութեան մայրաքաղաք Երեւանում` Հայաստան-սփիւռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում: Արդէն բարի աւանդոյթ է դարձել Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի համայնքների եւ կառոյցների այս ներկայացուցչական համաժողովի պարբերաբար անցկացումը մայր հայրենիքում, որի ընթացքում բոլորս միասին քննարկում ենք իրականացուող ծրագրերի ընթացքը եւ նախանշում նոր նախաձեռնութիւնների մեկնարկը տարբեր ուղղութիւններով:

Ձեզանից շատերը հեռուից երկար ճանապարհ են կտրել դէպի քաղաքամայր Երեւան: Ոմանց անգամ պէտք է եղել երեք-չորս ինքնաթիռ փոխել` այսօր այստեղ գտնուելու համար, իրենց համայնքի պատգամը, յոյզերն ու հարցադրումները բերելու համար: Ջերմօրէն ողջունում եմ բոլորիդ եւ բարի գալուստ եմ մաղթում մայր Հայաստան:

Համաժողովի երկու օրերի ընթացքում այստեղ, անշուշտ, կը քննարկուեն կարեւոր մարտահրաւէրներ եւ կը նախանշուեն նոր հնարաւորութիւններ Հայաստան աշխարհի եւ հայ ժողովրդի ապագայի համար: Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու էք մեր հայրենիքի շէնացման եւ արդար, զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականը:

Արագ զարգացող աշխարհում փոխւում ենք նաեւ մենք` ողջ հայ ժողովուրդը: Փոխւում են` սփիւռքի համայնքները, եկեղեցին, համայնքային եւ համահայկական կառոյցները եւ, հետեւաբար, փոխւում է նաեւ մեր օրակարգը: Հայաստան-սփիւռք համաժողովները պատեհ առիթ են կարեւոր հանգրուաններում միմեանց շունչը զգալու համար:

Նախորդ համաժողովին լսուեցին շատ կարծիքներ, եղան մի շարք արժէքաւոր առաջարկութիւններ, որոնց մի մասն արդէն վերածուել է ընթացիկ ծրագրերի: Նախորդ համաժողովի ընթացքում, օրինակ, հաւանութեան արժանացաւ Համահայկական խորհուրդ ձեւաւորելու գաղափարը, ի մի բերուեցին Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման վերաբերեալ իրաւական մի քանի թղթածրարներ եւ այլն:

Ի հարկէ, լաւ գաղափարները դառնում են նախաձեռնութիւններ, իսկ դրանք արդէն պէտք է վերածուեն ծրագրերի եւ գործողութիւնների: Սովորաբար գաղափարներ ու նախաձեռնութիւններ հնչեցնելը շատ աւելի հեշտ է, քան` դրանք իրականացնելը:

Այժմ, անշուշտ, հասունացել է մեր անցած ճանապարհն ամենայն ուշադրութեամբ ուսումնասիրելու պահը: Դրան զուգահեռ, առաջարկում եմ այս համաժողովն օգտագործել որպէս Հայաստան-սփիւռք ռազմավարական երկխօսութեան հարթակ, որտեղ միասնականութեան եւ բազմակարծութեան ոգով անցկացուող քննարկումների արդիւնքում կը ծնուեն ապագային միտուած նոր գործողութիւնների ծրագրեր` Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի համայնքների զարգացման ու հզօրացման համար:

Կասկածից վեր է, որ Հայաստանի երրորդ հանրապետութիւնն անհամեմատ ուժեղ է սփիւռքի աւանդական կառոյցների միջազգային համայնքում համարկուած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիւ: Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ եւ իւրաքանչիւրիդ ներդրումը: Հայաստանում եւ Արցախում այսօր գոյութիւն ունեն բոլոր հնարաւորութիւնները առաջին հերթին մեր հայրենակիցների ինքնադրսեւորման, հանրային, հասարակական կամ մասնաւոր ոլորտներում յաջողութիւններ գրանցելու եւ, ի վերջոյ, աւելի լաւ երկիր կառուցելու մեր ջանքերին գործնական աշխատանքով կամ բարի խորհրդով օժանդակելու ձեր մղումը կեանքի կոչելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Որքան էլ մենք գնահատենք աւանդական կառոյցների եւ փորձառու նուիրեալների ջանքերը, կ՛ուզէի յիշեցնել բոլորիս, որ առանց երիտասարդութեան, առանց նոր սերնդի կառուցողական ներգրաւման` մեր ջանքերը լիարժէք չեն լինելու: Ուստի, խօսքս այս պահին ուղղում եմ մեր պայծառ երիտասարդութեանը:

Սփիւռքի տարբեր համայնքներում, պայմանաւորուած համաշխարհայնացող աշխարհի միտումներով, յատկապէս երիտասարդութեան շրջանում ստուարանում են իրենց բազմացեղային բնորոշող անհատների շարքերը: Մենք պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնենք այս միտումներին եւ նոր ծրագրեր մշակենք մեր երիտասարդութեան մշակութային եւ մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնութիւնը հարստացնելու համար:

Այս առումով յատուկ դրուատանքի են արժանի սփիւռքի նուիրեալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հաւաքների հնարաւորութիւններ ընձեռող կազմակերպութիւնները: Մենք պէտք է հարստացնենք մեր կեանքը թէ՛ Հայաստանում ու Արցախում, թէ՛ սփիւռքի տարբեր համայնքներում` երիտասարդների համար` հէնց իրենց իսկ ուժերով:

Կարեւոր եմ համարում ընդգծել եւս մէկ, յաճախ թիւրընկալուող հանգամանք. մեր պապերից ժառանգած միասնականութեան պատգամը երբեք չի նշանակել միակարծութիւն կամ մեծամասնութեան կարծիքը անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտութիւն: Թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում մենք ողջունում եւ գնահատում ենք բազմակարծութիւնը, ինչը կարեւոր պայման է նորը ստեղծելու համար:

Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան կոչը պէտք չէ դիտուի որպէս ինքնուրոյնութեան հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տուած եւ միայն տարբեր մօտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդիւնաւէտ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծութեան մէջ է:

Իւրաքանչիւր արտասահմանեան ուղեւորութեան ժամանակ ես բաց չեմ թողնում տեղում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթը: Բոլոր այդ հանդիպումներն առանձնացել են յատուկ ջերմութեամբ, եւ մեծ հպարտութիւն եմ զգացել` տեսնելով մեր քոյրերի ու եղբայրների յաջողութիւնները: Ամէն տեղ ես տեսել եմ հպարտ հայեր, ովքեր պահպանել են իրենց ազգային դիմագիծը եւ ամէն ինչ անում են մեր ընդհանուր հարուստ ժառանգութիւնը սերնդեսերունդ փոխանցելու համար:

Իւրաքանչիւր հանդիպման ժամանակ ես տեսել եմ, որ ամէն համայնք ունի իր յատուկ դիմագիծը: Իւրաքանչիւր հանդիպման ժամանակ ես դիմել եմ ձեզ եւ խնդրել` պահպանել հայկական ինքնութիւնը եւ միաժամանակ լինել ձեր երկրի լաւագոյն քաղաքացին, մերժել ուծացումը, բայց միեւնոյն ժամանակ լաւագոյնս համարկուել:

Հայաստան-սփիւռք համահայկական 6-րդ համաժողովի համար ընտրուած քննարկումների չորս ուղղութիւնները լաւ հարթակ են մեր ընդգրկուն օրակարգի խնդիրները վերհանելու, լուծումներ քննարկելու, տարբեր պետական, հասարակական եւ համահայկական կառոյցների ջանքերը համադրելու ու սերտ գործակցութեան նոր ուղղութիւններ հաստատելու առումով:

Յարգելի՛ բարեկամներ,

Նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կեանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձութիւններ: Այժմ գտնւում ենք լիարժէք խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին: Սա նշանակում է, որ նոր հնարաւորութիւններ են ստեղծւում երկրի հասարակական-քաղաքական կեանքին մասնակցելու եւ ապագայի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու առումով:

Կոչս առաջին հերթին ուղղուած է մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ ի վեր ճանապարհներ են փնտռել զարգացման եւ բարեփոխումների իրենց գաղափարները Հայաստանում լսելի դարձնելու համար: Հիմա եկել է գաղափարները կեանքի կոչելու ժամանակը:

Ինչպէս գիտէք, 2015 թուականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում համապետական հանրաքուէով ընդունուեցին սահմանադրութեան փոփոխութիւնները, որոնք յեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել մեր պետական կառավարման, հանրային կեանքի եւ քաղաքական բնագաւառներում: Հայաստանը փոխւում է, դառնում աւելի բաց, ճկուն եւ ժողովրդավար:

Փոխւում են նաեւ մեր քաղաքացիները, քաղաքական եւ հասարակական կեանքը` դառնալով աւելի օրինապաշտ եւ կազմակերպուած: Ժողովրդավարութեան խորացման, օրէնքի գերակայութեան, իշխանութիւնների պատասխանատուութեան, քաղաքական կուսակցութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հասունութեան իրողութիւններն են, որ պէտք է անընդհատ կատարելագործենք:

2017 թուականի ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրութիւնները, որոնք անցան աննախադէպ թափանցիկութեան, եւ միջազգային մասնագիտական կառոյցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրէնսգրքի հիման վրայ: Միջազգային եւ տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարութեան կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը, որը, ի հարկէ, հնարաւոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատուութիւնը գիտակցող քաղաքական ուժերի, արմատաւորուող երկխօսութեան մշակոյթի եւ միջազգային մեր գործընկերների քաղաքական եւ ֆինանսական աջակցութեան:

Միս ու արիւն ստացող սահմանադրական նոր կարգը լաւ հիմք է քաղաքական երկխօսութեան մշակոյթը ամրացնելու, քաղաքական կուսակցութիւններն ու քաղաքացիական հասարակութիւնը ուժեղացնելու եւ օրինականութեան հանդէպ յարգանքը մեր երկրում խորացնելու եւ անշրջելիօրէն արմատաւորելու համար: Կարեւոր է նաեւ, որպէսզի մենք պայմաններ ստեղծենք բոլոր հնարաւոր ժամանակակից միջոցներով սփիւռքի մեր եղբայրներին եւ քոյրերին Հայաստանի իրական կեանքին ծանօթացնելու համար` անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրութիւններից: Միայն առարկայական իրականութիւնը եւ միմեանց կարիքները հասկանալով մենք կարող ենք ստեղծել ներառական եւ իրական օրակարգ:

Հայրենակիցնե՛ր,

Ամփոփելով անկախութեան քսանհինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները` 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայութիւնների մասին մեր պատկերացումները: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելաւումը հիմնական շեշտադրումներից մէկն էր այդտեղ:

Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարեայ առարկայական եւ ենթակայական բազմաթիւ գործօնների: Առաջիկայ բոլոր տարիների մեր քայլերն ուղղուելու են Հայաստանում բնակչութեան բնական աճի կշռոյթի աւելացմանը, արտագաղթի եւ ներգաղթի յարաբերակցութեան էապէս վերափոխմանը:

Մենք յայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպէսզի Հայաստանը 2040 թուականին ունենայ առնուազն 4 միլիոն բնակիչ: Ակնյայտ է, որ միայն ծնելիութեան մակարդակի աւելացման, մարդկանց կեանքի տեւողութեան երկարացման եւ ժողովրդագրական պատկերը բարելաւող միւս քայլերով մենք այդ նպատակին դժուարութեամբ կը հասնենք` չնայած այդ ուղղութիւններով հաստատակամօրէն առաջ ենք գնալու: Հետեւաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դէպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում:

Հէնց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփիւռք համաժողովների քննարկման հիմնական թեման: Մինչեւ յաջորդ համաժողով մենք կ՛աւարտենք բոլորիս անելիքների քարտէզագրումը, կը բիւրեղացնենք ինչպէս մեր միասնական քայլերի տրամաբանութիւնը, այնպէս էլ սփիւռքի իւրաքանչիւր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը:

Յաջորդ Հայաստան-սփիւռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հաւաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը: Սա պայմանաւորւում ենք հէնց հիմա այստեղ:

Հայաստանեան եւ համահայկական կառոյցները արդէն երկար ժամանակ համակարգուած աշխատանք են տանում սփիւռքի համայնքներից դէպի հայաստանեան կեանք երիտասարդ մասնագէտների, գործարարների հայրենադարձութեանը օժանդակելու համար, ինչի համար երախտապարտ ենք նրանց: Կարծում եմ, որ մենք հասունացել ենք հայրենադարձութեան կազմակերպման հարցի շուրջ լրջօրէն քննարկում ծաւալելու համար:

Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ,

Ցաւօք, անցած երեք տարիներին շարունակուեց լարուածութիւնը մեր տարածաշրջանում:

2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրուեց պատերազմ, եւ մենք նորից պատուով դիմագրաւեցինք հակառակորդի կողմից նախնադարեան մտածողութեան արգասիք վայրագութեանը: Այսօր մենք պէտք է դրուատենք մեր զինուորների եւ սպաների անձնուիրութիւնը, հերոսութիւնը եւ մարտական ոգին, բայց պէտք է չմոռանանք, որ կարճատեւ պատերազմում մենք ունեցանք նաեւ կորուստներ: Փա՛ռք ու պատիւ մեր զինուած ուժերին:

2016-ի ապրիլին մենք կրկին ցոյց տուեցինք աշխարհին մեր միասնականութիւնը եւ հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբուեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպէսզի այնուհետեւ ամրագրենք մեր շահերը բանակցութիւնների սեղանի շուրջ: Ազրպէյճանի վայրագութիւնների վերաբերեալ միջազգային դատարանները, համոզուած եմ, դեռ իրենց վճիռները կը կայացնեն:

Հայաստանի եւ Արցախի զինուած ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգութեան եւ խաղաղութեան երաշխաւորը, եւ համաշխարհային հանրութեան առջեւ մենք կատարում ենք մեր միջազգային պարտաւորութիւնները: Հայ զինուորն է այստեղ պահպանում խաղաղութիւնը` իրականութեան հետ կապը կորցրած հարեւան երկրի իշխանութիւնների դէմ: Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից հայատեացութեան քարոզը երկրի ներսում եւ այդ քարոզչութիւնը միջազգային ասպարէզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակութիւնը` Արցախում, Հայաստանում ու սփիւռքում, աւելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը:

Չի կարող լինել որեւէ կայուն խաղաղութիւն, մինչեւ Ազրպէյճանի ղեկավարութիւնը չհամակերպուի միջազգային հանրութեան կողմից ամրագրուած սկզբունքների գոյութեան հետ: Մենք համոզուած ենք, որ միջազգային խաղաղութեան պահպանման եւ հակամարտութիւնների կանխարգելման համար կարեւոր է մարդու իրաւունքների, այդ թւում` ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքների իրացումը, քանի որ գրեթէ բոլոր դէպքերում այդ իրաւունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ եւ ապա` պատերազմ:

Վերջին տասնամեակում, ինչո՞ւ ոչ, անգամ 1994-ի մայիսից շատ է խօսուել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման, կարգաւորման տարրերի եւ սկզբունքների մասին: Դուք էլ այս համաժողովի ընթացքում անկասկած կը քննարկէք խնդիրը` դիտարկելով այն բոլոր հնարաւոր տեսանկիւններից:

Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետութեան դիրքորոշումը մնացել է նոյնը` Արցախի Հանրապետութեան բնակչութիւնը ունի սեփական երկրում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու բնական իրաւունք, եւ պարբերաբար անցկացուող հերթական ընտրութիւններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսութեամբ ու հայրենասէր քաղաքացիների ջանքերով ամէն օր իրացնում է իր այդ իրաւունքը:

Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրաւունքի իրացումը պատմական փաստ է: Մնացեալ հարցերը կարելի է կարգաւորել խաղաղ բանակցութիւնների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին, մենք ապացուցել ենք, որ այս ուղուց մեզ շեղել հնարաւոր չէ:

Յարգելի՛ գործընկերներ,

Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախեւառաջ մեզ ստիպում է աւելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ եւ ինքնակազմակերպուել մեր երկրում` կառուցելով աւելի արդիւնաւէտ պետական կառավարման համակարգ` շարունակելով ուժեղացնել ժողովրդավարական հիմնարկները, ամրապնդելով եւ զարգացնելով տնտեսութիւնը: Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրուած ենք ապրելու շրջափակման մէջ:

Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատուած քաղաքական խիզախութեանը` Թուրքիան հրաժարուեց կեանքի կոչել 2009 թուականին ստորագրուած ցիւրիխեան երկու արձանագրութիւնները: Աւելի՛ն. փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրութիւններին` մէկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում:

2015 թուականի փետրուարի 16-ին ես յետ կանչեցի ստորագրուած արձանագրութիւնները Ազգային ժողովի օրակարգից: Նոյն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդէն յայտարարել եմ այս հարցի առնչութեամբ Հայաստանի վերջին խօսքը, եւ այդ իմ դիրքորոշումը չի փոխուել:

Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրէին դարձաւ պարզապէս արհամարհանք` ժամանակակից քաղաքակրթութեան արժէքների նկատմամբ, կարծում եմ` միջազգային հանրութիւնը եւ հայկական սփիւռքը այլեւս պէտք է հետամուտ լինեն նոր ռազմավարութեան:

Աշխարհի շատ առաջատար երկրներ արդէն իսկ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտութեամբ հռչակել իրենց յաղթանակը, եւ այդ հպարտութեամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձեւաւորման ուղղութեամբ:

Արդի աշխարհի փոփոխութիւնների ընդհանուր պարունակում մենք պէտք է նորովի դիտարկենք մեր սփիւռքի «փափուկ ուժը» եւ հանրային դիւանագիտութեան կարողութիւնները` պաշտօնական դիւանագիտութիւնը առաւել զօրացնելու համար: Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղուած իմ ուղերձում արդէն ներկայացրել եմ խորհրդարանական դիւանագիտութեան արդիւնաւէտութեան բարձրացմանն ուղղուած սկզբունքների ներդրման կարեւորութիւնը, որը, անշուշտ, աւելի զօրեղ կը դառնայ սփիւռքի անհատների եւ կառոյցների աջակցութեամբ:

Վստահ եմ, որ սփիւռքի եւ հայրենիքի ներուժի շարունակական բացայայտման ջանքերը նոր լիցք կը տան Համահայկական խորհրդի ձեւաւորմամբ: Այս համաժողովը նշանաւորւում է նաեւ այդ խորհրդի ձեւաւորմանն ուղղուած եւս մէկ որոշիչ քայլով: Այսօր մենք ի մի կը բերենք նախորդ երկու տարիներին կատարուած նախապատրաստական աշխատանքները եւ 1918 թուականի մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակման 100-րդ տարեդարձի տօնակատարութիւնների շրջանակներում կ՛ընդունենք վերջնական որոշում:

Սիրելի՛ բարեկամներ,

Սփիւռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրաւուածութիւնը քաջալերելը, սփիւռքում հայապահպանութեանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում յայտնուած մեր հայրենակիցներին, յատկապէս սիրիահայութեանը հնարաւորինս աջակցութիւն տրամադրելը եւ համակարգումը եղել է պետական քաղաքականութեան առանցքում: Անկախութեան 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նուիրատուութիւններ եւ բարեգործութիւններ են իրականացրել Հայաստանում եւ Արցախում: Ներդրումներ են արուել նաեւ մեր լուսաւոր ապագայի մէջ` ի դէմս «Թումօ», «Սմարթ» կենտրոնների եւ այլն:

Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պէտք է անենք եւ դէպի Հայաստան ուղղենք նաեւ սփիւռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարութեամբ զբաղուել եւ շահոյթ ստանալ` զուգահեռաբար շէնացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով ընկերային դրամագլխի զարգացմանը եւ ի վերջոյ` հայրենադարձութեանը: Այդպիսի ոգեւորիչ բազմաթիւ օրինակներ մենք արդէն ունենք այսօր:

Դրա համար Հայաստանում ստեղծուած են բոլոր անհրաժեշտ պայմանները եւ ներդրումային միջավայրը: Սփիւռքահայ մեր քոյրերի ու եղբայրների ներգրաւումը թոյլ կը տայ նաեւ հարստացնել ու զարգացնել մեր հայաստանեան գործարար մշակոյթը, կը բարձրացնի երկրի գրաւչութիւնը արտաքին շուկաների համար, ընկալելիութիւնը` աշխարհում, կը բազմապատկի մեր հարստութիւնը: Կառավարութիւնը բոլոր պիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծաւալից, ամենայն աջակցութիւն ցուցաբերելու յանձնառութիւն է ստանձնել:

Ոտքերի վրայ ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ եւ կամք ունի վերջապէս մշակելու Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների ռազմավարական զարգացման հայեցակարգը:

Այն դաշտը, որի վրայ մենք պէտք է կառուցենք հայրենիք-սփիւռք համագործակցութիւնը` ուժեղ եւ զարգացած Հայաստան, անկախ եւ անվտանգ Արցախ, սփիւռքի կազմակերպուած համայնքներ ունենալու տեսլականն է` հայկականութեան ոգով, եռանդով եւ հային բնորոշ մտքի թռիչքով:

Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է` անկախ քաղաքական եւ այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում եւ արժեւորում ենք սփիւռքն իր բազմաշերտ էութեան մէջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ յաջողութիւնների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնուող բազմաթիւ երիտասարդների, տեսնում եմ նրանց աւիւնը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պէտք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրաւուածութիւնը ապահովելու համար:

Մեր սփիւռքի գաղթօճախները բազմազան են եւ ոչ միատարր` կախուած նրանից, թէ ե՛րբ եւ ի՛նչ պատճառներով են ձեւաւորուել: Միատարր չեն թէ՛ իրենց պատմական փորձով եւ թէ՛ քաղաքական հայեացքներով: Իւրօրինակ լինելով` ցանցերը միմեանց հետ պէտք է շաղկապուեն եւ համագործակցեն թէ՛ իրենց հիւրընկալ երկրներում յաջողութեան հասնելու, թէ՛ մայր Հայաստանի ապագան կառուցելու նպատակով:

Յարգելի՛ գործընկերներ,

Խօսելով սփիւռքի ապագայի, տարբեր համայնքներում ինքնութեան պահպանման, մշակութային զարգացման եւ օտար հասարակութիւններում ներգրաւուելու ու յաջողութեան հասնելու մասին, անշուշտ պէտք է նկատի ունենանք աշխարհում տեղի ունեցող կարեւոր փոփոխութիւնները եւ քայլենք ժամանակին համընթաց:

Համընդհանուր գաղթականական միտումները վերաբերում են նաեւ Հայաստանին ու աշխարհասփիւռ հայ համայնքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի գաղթ ոչ միայն նախկին համայնավարական ճամբարի երկրներից դէպի աւելի հրապուրիչ աշխատաշուկայ ունեցող երկրներ, այլեւ Մերձաւոր Արեւելքի երկրներից դէպի` Քանատա, Միացեալ Նահանգներ ու Եւրոպա:

Մենք այսօր ականատես ենք, թէ ինչպէս է փոխւում հէնց սփիւռքի կայացած համայնքների կառուցուածքը: Այո՛, մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ հայկական տարբեր համայնքներ դարձել ենք հաղորդակից անօթներ: Մեր խնդիրն է, որ այդ շփումները եւ հաղորդակցութիւնը գան զարգացնելու եւ զօրացնելու ինչպէս Հայաստանը, այնպէս էլ աշխարհի ցանկացած անկիւնում գտնուող հայ համայնքը:

Մենք անխուսափելիօրէն քննութեան առարկայ պէտք է դարձնենք հայի ինքնութեան հետ կապուած հարցերը: Ուրախ եմ, որ այս հարցադրումը տեղ է գտել այս համաժողովի օրակարգում: Համոզուած եմ, որ հայրենիքից դուրս հայի ինքնութեան պահպանման կարեւորագոյն գրաւականը հզօր, զարգացող ու արդար Հայաստանն է:

Սա է այն ձգողական եւ կենսատու ուժը, որը առաւել հզօրացնում է մեր քոյրերին եւ եղբայրներին իրենց բնակութեան երկրներում: Ի հարկէ, ինչպէս եզրակացրել էին «Գիւլբենկեան» հիմնադրամի հովանու ներքոյ իրականացուած մի հետազօտութեան հեղինակները, այս ընթացքում մենք պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնենք եւ մշտական հոգածութիւն ներքոյ պահենք գոյութիւն ունեցող համահայկական եւ համայնքային կառոյցների զարգացումը եւ ներառական բնոյթի նախաձեռնութիւնների իրականացումը:

Պէտք է նկատենք, որ անկախութեան հռչակումից յետոյ փոխուել է նաեւ հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների տրամաբանութիւնը եւ ուժականութիւնը: Նախորդ 26 տարիների ընթացքում մենք դեռ իւրացնում էինք անկախ պետականութիւն ունենալուց բխող բոլոր հնարաւորութիւնները եւ բացայայտում գործակցութեան նոր հորիզոններ:

Հայաստանը լինելու է աշխարհին լիարժէք համարկուած, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>