Ջանիկեանի համար դէպի Խոտորջուր ճանապարհորդութիւնը հաւասարազօր է դրախտ վերադարձին: Ռաֆայէլը փնտռում է դրախտում անցկացրած իր մանկութիւնը, սակայն գտած աւերակները որեւէ կապ չունեն իր մօտ եղած Խոտորջուրի լուսանկարների հետ, որոնք 1910 թ. լուսանկարել է վանահայր Յակոբ Թաշչեանը: Ռաֆայէլ (Րաֆֆի) Ջանիկեանը ծնուել է 1906 թ., Խոտորջուրում: Խոտորջուրը գտնւում է հիւսիսարեւելեան Անատոլիայի լեռների միջեւ ընկած հովտում, որը Սեւ ծովի ափերից բաժանուած է Քաջքարի լեռնաշղթայով, եւ որի միջով հոսում է Ճորոխ գետը: Ռաֆայէլի համար Խոտորջուրը հայրենիք, տուն ու երջանկութիւն է նշանակում: Միաժամանակ այն նաեւ նշանակում է աքսոր, կորուստ, ցաւ ու մահ: Այն բանից յետոյ, երբ 1915 թ. օգոստոսին բռնի աքսորուեցին, Րաֆֆին ստիպուած էր տարբեր վայրերում ամբողջովին տարբեր կեանքով ապրել: Նա երբեք չի մոռանայ հօր` մահուան մահճում ասած խօսքերը` «Տղանե՛ր, վերադարձէ՛ք Խոտորջուր, մեր հայրենիքը դա է»:
Թէեւ բախտ չվիճակուեց վերադառնալ կորուսեալ հայրենիք, սակայն Խոտորջուրը գոնէ վերջին անգամ տեսնելու համար ճանապարհորդութեան դուրս եկած Րաֆֆին, ով թեւակոխում էր իր եօթերորդ տասնամեակը, ապրումները վերածել է ճանապարհորդի օրագրի, որը միաժամանակ ե՛ւ գրաւիչ է, ե՛ւ տակն ու վրայ է անում մարդու հոգին: Օրագրի առաջին մասը նուիրուած է Ջանիկեանի` 1977 թ. կատարած ճանապարհորդութեանը եւ` շարունակ յետաձգած անցեալի եւ ներկայի համեմատութեանը, իսկ երկրորդ մասը` Րաֆֆիի եւ ընտանիքի 1915 թ. աքսորի եւ ցեղասպանութեան պատմութեանը:
Ես մի ուխտաւոր եմ
«Գնում եմ հայրենիքս փնտռելու: 70-ամեայ բաժանումից յետոյ ճանապարհ ընկած ուխտաւոր եմ (էջ 19)»:
«Եկել եմ մօրս գերեզմանը գտնելու, ուխտաւոր եմ: Ուզում եմ հայրենիքս վերջին անգամ տեսնել (էջ 28)»:
Ռաֆայէլ Ջանիկեանը ուխտագնացութիւն է անուանում 1977 թ. դէպի Երկիր իր ճանապարհորդութիւնը, հայրենիք, որից իրենց բռնի արմատախիլ են արել Ցեղասպանութեան ժամանակ: Փաստ է, որ հայրենիքը, որտեղ ծնուել-մեծացել է, եւ որը շատ է սիրում, սուրբ է: Դրա մասին լսել է նաեւ մեծերից եւ ինքն էլ է համոզուած դրանում: Այդ իսկ պատճառով էլ Խոտորջուր ոտք դնելն ու մօր գերեզմանին աղօթելը համեմատում է ուխտագնացութեան հետ:
Խոտորջուր
Ջանիկեանի այն յամառ պնդումը, թէ արդէն ծերացել է եւ ուզում է մի վերջին անգամ տեսնել այդ հողերը, ստիպում է մտածել, որ իւրաքանչիւր ուխտաւորի պէս ինքն էլ է ցանկանում վախճանուել սուրբ հողում: Հողին հաւասարուած տների աւերակների տակ ընտանիքի գերեզմանը փնտռելիս գիւղացիներից մէկը պատմում է, որ մարմարէ գերեզմանաքարերը հանել են ու հիմա օգտագործում են որպէս դաշտերի սահմանաբաժան պատ: Ռաֆայէլը, դաշտի երկայնքով քայլելով եւ մէկ առ մէկ գտնելով բոլոր գերեզմանաքարերը, կարդում է անունները` Գրիգոր, Յարութիւն, Սերոբ, Գասպար, Նանուզ, Հռիփսիմէ, Թագուհի: Մօրը` Ռեճինային, դիմում է հետեւեալ խօսքով. «Բախտաւո՜ր էիր, Գիսակում մահացար, օտարութեան տառապանքները չկրեցիր, անմարդկային ստորացումներ չտեսար» (էջ 63): Մի կողմից ուրախանում է, որ մայրը հայրենիքում է մահացել, միւս կողմից էլ նեղւում է, որ` «շիրիմը օտար երկրում է. այլեւս այստեղ ոչ մի բարեկամ չի մնացել, որ գերեզմանին ծաղիկ դնի, աղօթի»: Անգամ քարերի աւերակների մէջ գտած խաչքարերը երազում է տանել նոր հայրենիք` Քորթինա: Այս աւերակներում երբեմնի քաղաքակրթութիւնից միայն դրանք են մնացել…
Կորուսեալ դրախտ
Ջանիկեանի համար դէպի Խոտորջուր ճանապարհորդութիւնը հաւասարազօր է դրախտ վերադարձին: Ռաֆայէլը փնտռում է դրախտում անցկացրած իր մանկութիւնը, սակայն գտած աւերակները որեւէ կապ չունեն իր մօտ եղած Խոտորջուրի լուսանկարների հետ, որոնք 1910 թ. լուսանկարել է վանահայր Յակոբ Թաշչեանը:
Հասկանում է, որ իր երազների դրախտը յաւերժ կորսուել է, եթէ նկարներն էլ չլինեն, ոչ ոք չի հաւատայ Խոտորջուրի երբեմնի բարօրութեանը: Արեքիի ամենատարեց բնակիչ Մահմուտ աղան, ում տանը հիւրընկալւում է Ռաֆայէլը, եւ ով ընտանիքի նախկին ծանօթներից է, տեսնելով ընտանեկան լուսանկարները` զարմանում եւ ասում է. «Հայերի մեծ աքսորից յետոյ մեր այս կողմերի ճակատագիրը շատ վատ դասաւորուեց, այդ օրուանից աղքատութեան մէջ ենք» (էջ 52): Եթէ մի կողմ թողենք նրա` «Ինչ ցանես, այն էլ կը հնձես» արտայայտութեան տիպի խօսքերը, ապա կը տեսնենք, որ նա ցանկանում է ասել` «Աշխատանքն է դրախտ ստեղծում»: Երբ գնում են նրանք, ովքեր աշխատում, ստեղծում են, ապա ոչինչ չի մնում: Ջանիկեանի` հայրենիքի հանդէպ այսքան տարի քաշած կարօտը, ճանապարհ չունեցող, կամուրջը քանդուած, ջուրն անգամ չհոսող գիւղեր, հովիտ ու լեռ ճանապարհորդութիւնը, իր բոլոր ծանօթների գիւղերի, տների ու գերեզմանների փնտռտուքը խօսում է այն մասին, որ հայրենիքից արմատախիլ արուած մարդկանց մէջ եղած դատարկութիւնը երբեք չի լցւում, սակայն միւս կողմից էլ իր այցելած բոլոր գիւղերի աղքատութիւնը, անպտղութիւնը ստիպում է մտածել, որ Ցեղասպանութիւնը լոկ մարդկանց չէ, որ իրենց հողերից արմատախիլ է արել. այն միաժամանակ նաեւ հողն է միայնակ թողել: Հողը նեղացրել, օտար է դարձրել: Երբ դարեր շարունակ այս հողերում արմատներ ձգած մարդիկ, ովքեր հողն ու ջրում հերկում ու քրտինք էին թափում, գնում են, հողն էլ է անպտղաբեր դառնում:
Օձերով լի աւերակներ
Հայկական ունեցուածքը թալանելու, տները բռնազաւթելու, այգի-դաշտերը իւրացնելու համար այստեղից-այնտեղից հաւաքուած եւ գիւղերում վերաբնակեցուածները գուցէ մի քանի տարի կամ մէկ սերունդ վայելել են այդ հարստութիւնը, սակայն ունեցածի վրայ մի գրոշ անգամ չեն աւելացրել, որպէս հայրենիք չեն ընդունել այդ հողը, արմատներ չեն կարողացել նետել այստեղ, ակնյայտօրէն չեն սիրել այն: Ջանիկեանի ճանապարհորդութեան ընթացքում ամենաակնյայտն այն է, որ իւրաքանչիւր գիւղում ծանօթացած բոլոր երիտասարդները երազում են գաղթել: Պոլիս, Գերմանիա, Ամերիկա, որտեղ էլ լինի, միայն թէ գնան: Ասում են, որ` «Մնացել ենք, հող ենք մշակում, սակայն դաշտերը քարքարոտ ու անբարեբեր են»: Որտեղից իմանան այն խօսքը, թէ երբեմնի «Խոտորջուրի այգիներում կանաչ խոտի փոխարէն` նոր հատած ոսկէ մետաղադրամ էր աճում»:
Երբ վերջապէս Րաֆֆին հասնում է Գիսակ, որտեղ ծնուել է, իր ընտանիքի երբեմնի ողջ ունեցուածքին տիրացած տան կինը հարցնում է Րաֆֆիի պապիկից մնացած ոսկիների տեղը, աշխատանք եւ հարստութիւն յարաբերութիւնները յստակ են դառնում: Ընտանիքը, որն անգամ թոյլ չի տալիս այցելել ներկայում մզկիթի վերածուած Ջիջիբաղ տաճարում գտնուող պապիկի գերեզման, առանց ամաչելու պահանջում է տէր Կարապետի «քսակներով ոսկիները»:
«Տիկի՛ն, ընտանիքդ գիւղի տէրն է, տուն-տեղ, դաշտեր, անասուններ ու այգիներ ունէք: Անհաւատալի է` 70 տարի շարունակ սեփական ունեցուածքում թաքցրած ոսկի էք փնտռում: Պէտք է երջանիկ լինէք, դրախտում էք ապրում: Մի օր կը հարստանաք: Խոտորջուրը սուրբ վայր է»:
Նայում եմ դէմքին, ցնցուած է, առարկում է` «ճիշդ չես ասում, այս տեղն անիծուած է: Խոտորջուրի անէծքը մեր դաշտերին է իջել, աւերակներ են, օձերն էլ վխտում են» (էջ 60):
«Այս գիւղից եօթ հոգի է փրկուել, որից մէկն էլ ես եմ»
Գիսակի նոր գիւղացիներից մէկի այն հարցին, թէ` «Այժմ քո համերկրացի` խոտորջուրցի գիւղացիները Թուրքիայի ո՞ր կողմերում են», Րաֆֆին սկսում է պատմել 1915 թ. աքսորի եւ Ցեղասպանութեան պատմութիւնը. «1915 թ. երիտթուրքերի կուսակցութիւնը մօտաւորապէս 10 հազար մարդու սպաննեց: Խոտորջուրի 10 հազար բնակիչներից միայն եօթ հոգի փրկուեց, որից մէկն էլ ես եմ»:
1915-1919 թթ. ձգուող պատմութիւնը լի է կորստի ու ցաւի ամէն տեսակի տարրերով: Նրանք, որոնց ընտանիքներից մէկ հոգի անգամ ողջ չի մնացել, կատարուածին չդիմանալով` խելքները կորցրածներ, ամէն տեսակի տառապանքների եւ դաժանութիւնների ենթարկուածներ… Րաֆֆին, ողջ մնալ յաջողուած բազմաթիւ մարդկանց պէս, ստիպուած է եղել անունը, կրօնն ու ինքնութիւնը թաքցնել, չորս տարի շարունակ ապրել է քրդերի հետ, մայրենի լեզուն` հայերէնը, ամբողջովին մոռացել է: Պատերազմն աւարտուելուն պէս ամերիկացի միսիոնարների աջակցութեամբ մեկնարկած` հայ որբերին հաւաքելու ծրագրի շրջանակներում յիշում է, որ հայ է, եւ ընտանիքից ողջ մնացած մի քանի հոգու հետ 1919 թ. գալիս Պոլիս: Փոխում է հագուստը, սկսում օգտագործել իր իսկական անունը, վերստին սովորել մոռացած լեզուն: Այլեւս դառնում է «քրիստոնեայ երիտասարդ»:
Թէեւ գլխովն անցածի մասին խօսում է հանգիստ, առանց չափազանցելու եւ սառնասրտօրէն, սակայն Ջանիկեանի գիրքը մարդու յոյզերը տակնուվրայ է անում: Երբեմն անիծում ես, յաճախ արցունքները խեղդում են կոկորդդ, փորձում ես փոքր բաներով մխիթարուել, սակայն հետեւանքն անփոփոխ է. ծաղկուն, գեղեցիկ առանձնատներով, մեծ դղեակներով, պատմական եկեղեցիներով Խոտորջուրի փոխարէն` այլեւս աւերակներ են: Ցեղասպանութիւնը լոկ մարդկանց չի սպաննել. մի հսկայական մշակութային ժառանգութիւն է աւերել, թալանել, յիշողութիւնից ջնջել:
Հայերը, որ բաւականին համարկուած էին այդտեղի հասարակութեանը, տնտեսական, արուեստի, մշակութային կեանքում մեծ ազդեցութիւն ունէին: Բաւականին հեռու էին ահաբեկչի, անջատողականի, զէնքով սպառնացողի պաշտօնական կարծրատիպից, որը ստեղծուել եւ անգիր է արուել Թուրքիայում, եւ որն այստեղ անընդհատ կրկնել են տալիս: Հայերը կառուցում էին մի կեանք, որ տեղեակ էլ չէին, թէ մի օր ընդհատուելու է: 1915 թ. «ընդհատումը» չսահմանափակուեց լոկ մշակութային, տնտեսական եւ մտաւոր կեանքի ընդհատումով. նաեւ խոչընդոտ հանդիսացաւ նախքան 1915 թ. վերաբերեալ տեղեկութիւնները նոր սերունդներին փոխանցելու հարցում:
Դրախտի ամենագեղեցիկ մեկնաբանութիւններից մէկում Նաբոկովն ասում է, որ այնտեղ գտնում ենք մեր կորուսեալ սիրելիներին ու իրերը: Մեր բոլոր իրերը, նամակները եւ նօթերը, ճարմանդներն ու ակնոցները, վերնաշապիկներն ու շալերը, հովհարներն ու օփերայի հեռադիտակները, որոնք չենք արխիւացրել, չենք թաքցրել, չենք դասակարգել… Խոտորջուրը պատմում է այս կորստի ու այս դրախտի մասին: Կորսուած յիշողութիւնը ի յայտ բերելով` մեզ ցոյց է տալիս դրախտը:
*Աշուղ Քերեմի «Ամառս ձմրան վերածեցիր» թիւրքիւյի Նեշեթ Էրթաշի մեկնաբանութիւնից երկու տող:
http://t24.com.tr/k24/yazi/yazimi-kisa-cevirdin-viran-oldu-evim-yurdum,775
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»