Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13424

Վրաստանը Դառնում Է Թուրքիայի Պատանդը

$
0
0

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ

13391643_1360305863983336_1994368666234067203_o

Թուրքիան ու Ազրպէյճանը աշխուժօրէն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մէջ` գործադրելով շանթաժի բոլոր ձեւերը: Թիֆլիսի նկատմամբ իրականացւում է թուրք-ազրպէյճանական ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական էքսներխուժում, որը կարող է լրջօրէն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականութեանը, ստիպել վրացական վերնախաւին` հետեւել Անգարայի եւ Պաքուի կողմից ընտրած ուղեծրով:

Թիֆլիսի մասնակցութեամբ Անդրկովկասում ձեւաւորւում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտուած է ոչ միայն հակադրուել

Մոսկուա-Երեւան-Թեհրան առանցքին, այլ նաեւ` լրջապէս վերափոխել ուժերի միջեւ հաւասարակշռութիւնը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարուել է մայիսի 15-ին Վրաստանի, Ազրպէյճանի եւ Թուրքիայի պաշտպանութեան նախարարների` 2017 թուականին համատեղ զօրավարժութիւններ անցկացնելու մասին համատեղ յայտարարութիւնով:

2008 թուականի օգոստոսեան պատերազմից յետոյ Վրաստանը դուրս է եկել յետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական եւ տնտեսական համակարգերից` ընտրելով եւրահամարկման եւ ՕԹԱՆ-ի հետ յարաբերութիւնների սերտացման ուղին: Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախութեան ճանաչումից հետ Մոսկուան կորցրել է Թիֆլիսի վրայ ներազդելու բոլոր հնարաւորութիւնները, եւ վրացական իշխանութիւններին այլեւս ոչինչ չի խոչընդոտում իւրովի կառուցել իր զարգացման տեսլականը` միաժամանակ ներքաշուելով հակառուսական ցանկացած ձեւաչափերի մէջ:

Եւ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտուել Թուրքիան եւ Ազրպէյճանը` ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաեւ հակահայկական իրենց արկածախնդրութիւնների մէջ: Աւելի՛ն. որպէսզի թուլացնեն Թիֆլիսի դիմադրողականութիւնը, Անգարան եւ Պաքուն լայնօրէն գործադրում են տնտեսական եւ ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները:

Ռազմաքաղաքական Գործօն

Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թէ ՕԹԱՆ-ի հետ յարաբերութիւնների սերտացման եւ նոյնիսկ անդամակցութեան բանալին գտնւում է միայն իր ձեռքում, եւ Թիֆլիսը պարտաւոր է մեծացնել Անգարայի հետ ռազմական համագործակցութիւնը: Ցաւալի է, բայց նման մօտեցումը կիսում են նոյնիսկ վրացական վերնախաւում: Վրաստանի պաշտպանութեան նախարար Թինաթի Խուտաշելին օրեր առաջ յայտարարել է, թէ` «Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ երկրներից միակն է, որն անվերապահօրէն կողմ է Հիւսիսատլանտեան դաշինքի հետ Վրաստանի համարկմանը»:

Թիֆլիսում փորձում են անտեսել, որ Անգարայի նման մօտեցումը նախեւառաջ ուղղուած է Մոսկուայի դէմ: Ի տարբերութիւն Թուրքիայի` ՕԹԱՆ-ի միւս անդամ երկրները զգուշաւոր են արտայայտւում ՕԹԱՆ-Վրաստան յարաբերութիւնների տեսլականի մասին` չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրութիւնը, ուստի վրացական վերնախաւի համար թուրքական յայտարարութիւնները հոգեբանական այլ նշանակութիւն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցութիւնը սկսել է զարգանալ 2007 թուականից` որպէս ՕԹԱՆ-ի հետ համագործակցութեան մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անգարան անթաքոյց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձեւով ներքաշել նաեւ Թիֆլիսը:

Մայիսի 15-ին Կապալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ յայտարարութիւնը բացայայտում են, որ Թուրքիային մասնակի յաջողուել է հասնել իր նպատակին եւ առանց Հիւսիսատլանտեան դաշինքի գործօնի օգտագործման, քանի որ ձեւաւորուող այդ դաշինքի մէջ Ազրպէյճանը ՕԹԱՆ-ի անդամ չի հանդիսանում:

Վրաստանի միջոցով Թուրքիան եւ Ազրպէյճանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի սահմանին, եւ օգտուելով Ռուսաստանի միջամտութիւնից եւ զբաղուածութիւնից` նոր արկածախնդրութեան դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարաւոր նոր տագնապի դէպքում ռուսական 102-րդ խարիսխը ստիպուած կը լինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին եւ չի կարողանայ որեւէ լուրջ աջակցութիւն ցուցաբերել հայկական զինուած ուժերին, իսկ դա հնարաւորութիւն կը տայ աւելի մեծ ուժեր կենտրոնացնել ոչ միայն ղարաբաղեան ռազմաճակատում, այլ` փորձարկել նաեւ Նախիջեւանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպէսզի հայկական զինուած ուժերը երկու թեւով պաշտպանուեն:

Տարածքային Ամբողջականութեան Գործօն

Պաքուի եւ Անգարայի հետ յարաբերութիւնների նոր որակը երկիմաստ է դարձնում Երեւանի հետ Թիֆլիսի յարաբերութիւնները: Վրացական վերնախաւը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական յարաբերութիւններ»-ի մասին, սակայն երկու հակահայկական տրամադրուածութեամբ երկրների հետ նոյն դաշինքի մէջ գտնուելը ստուերում է այդ յայտարարութիւնների անկեղծութիւնը:

Անգարան եւ Պաքուն Թիֆլիսին փորձում են համոզել, թէ Երեւանը, գտնուելով Մոսկուայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ Ջաւախքում վրացական իշխանութեան համար, եւ նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցութիւնը: Իրականում, սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականութեանը սպառնում է հէնց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղեալ համարել Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, որոնցով Աճարիան գտնւում է Վրաստանի պետականութեան կազմում, այլ` հէնց Աճարիայի հետագայ պատկանելութեան հարցով պարտադրել Թիֆլիսին շարժուել իր համար ցանկալի ճանապարհով:

Եթէ Վրաստանը հրաժարուի մասնակցութիւն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառւում, որ Թուրքիան կարող է Ջաւախքում հրահրել վրաց-հայկական ընդհարումներ կամ խռովութիւն կազմակերպելով Աճարիայում` պահանջել այդ երկրամասին աւելի լայն ինքնավարութեան տրամադրում, նոյնիսկ` անկախացում: Վրաստանի Քուեմօ-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր յաւակնութիւնները չի թաքցնում նաեւ Ազրպէյճանը, որը վերջին տարիներին բազմիցս է բարձրացրել վրաց-ազրպէյճանական պետական սահմանի վերանայման հարցը: Պաքուն կարող է աշխուժացնել նաեւ Մառնէուլիի շրջանում բնակուող մահմետականների կենտրոնախոյս մղումները:

Փաստացի, թէ՛ Թուրքիան եւ թէ՛ Ազրպէյճանը բացայայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականութեանը այն դէպքում, որ Հայաստանի պետական վերնախաւը բազմիցս յայտարարել է, որ հայ-վրացական որեւէ տարածքային հարց գոյութիւն չունի:

13411635_1360306413983281_5399419039113590165_o

Տնտեսական Գործօն

Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանին նաեւ տնտեսական բազմաբնոյթ դաշինքների մէջ: Աւարտին է հասցւում Պաքու-Թիֆլիս-Ճէյհան ռազմավարական նշանակութիւն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան եւ Ազրպէյճանը կը կապուեն երկաթգծով:

Վրաստանի` տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները թերեւս նուազեցւում են հէնց թուրքական ազդեցութեամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան-Իրան տարանցիկ ծրագրերի:

Օգտագործելով ռազմաքաղաքական գործօնը` Անգարան համոզում է Թիֆլիսին սառնասրտօրէն մօտենալ Մոսկուայից առաջարկուող բոլոր նախաձեռնութիւններին, իսկ ղարաբաղեան պատերազմի հնարաւոր վերսկսման դէպքում` նոյնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թիֆլիսում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կը բերի երկրում իրավիճակի սրացում, նոյնիսկ` ներքաղաքական ճգնաժամ, հասարակութեան աւելի լայն շերտեր կը պահանջեն նաեւ ռուսական խարսխի հեռացումը, ինչը կը վերացնի լուրջ վտանգը հարաւից: Սակայն թուրք-ազրպէյճանական տնտեսական ծաւալապաշտութիւնը միտուած չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մէջ պահելու ուղղութեամբ:

Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում` Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղութեանը: 2000 թուականից թուրքական ներդրումները կազմել են աւելի քան 1,4 միլիառ տոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթէ 20 տոկոսը: Սակայն թէ՛ թուրք եւ թէ՛ ազրպէյճանցի գործարարները վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աճարիայում` իրենց վերահսկողութեան տակ վերցնելով այդ երկրամասի արդիւնաբերական եւ զբօսաշրջութեան կարեւոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաեւ լաւագոյն լողափների զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թուի 75 տոկոսը: Մեծացել է նաեւ Պաթումի նաւահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում` թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ աւել վարձատրութիւն, քան տեղացիները:

Կրօնա-Մշակութային Գործօն

Վրաստանի քաղաքացիութիւն` երկքաղաքացիութեան սկզբունքով, 2011 թուականից ստացել է աւելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաեւ մահմետական բնակչութեան թիւը ոչ միայն Աճարիայում, այլեւ` Վրաստանի միւս շրջաններում, ընդ որում` սիւննի մահմետականների:

Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում է նաեւ շիա ազրպէյճանցիների սիւննիացում` ոչ առանց Թուրքիայի մասնակցութեան: Աճարիայում այսօր խօսւում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն տոլարի ներդրում` միայն մահմետականներով բնակեցուող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացւում են թուրքերէնի անվճար ուսուցմամբ կենտրոններ: Աճարիայում ներկայումս բնակւում է 150 հազար վրացի մահմետական: Նրանց մէջ նկատելի են դառնում կրօնական ծայրայեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացւում են Թուրքիայից եկող կրօնական գործիչների կողմից: Մարդու իրաւունքների պաշտպան կառոյցների, կրօնական, հասարակական տարբեր կազմակերպութիւնների ձեւով այստեղ գալիս են կառոյցներ, որոնք միտուած են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաեւ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառոյցներ, ինչպիսին է «Իսլամական պետութիւնը»:

Վերջին տարուայ ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա մեկնած մահմետական վրացիների թիւը: ՏԱՀԵՇ-ի պարտութիւնից յետոյ վերադառնալով հայրենիք` չի բացառւում, որ նրանց կ՛օգտագործեն կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների դէմ, մասնաւորապէս` հէնց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառնում Վրաց ուղղափառ եկեղեցու մօտեցումը: Թէեւ Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանութիւններին` նոր մզկիթ կառուցելու թոյլտուութիւն տալու վերաբերեալ, սակայն իր գործելաոճով վրացական հոգեւորականութիւնը միտուած է աւելի շատ հակահայկական, քան թէ սեփական հաւատքի պահպանութեանը: Թէեւ հասկանալի է, թէ ինչո՞ւ. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանութիւնները չբացառեցին Տրապիզոնում եւ միւս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ:

Փաստօրէն` Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականին, այլ նաեւ փորձում է պատանդ վերցնել այն ամբողջութեամբ: Օգտագործելով տարբեր գործօնները` Անգարային արդէն իսկ յաջողւում է ներքաշել որոշակի, թէեւ դեռ անհասկանալի դաշինքների մէջ, սակայն նման գործելաոճի շարունակելիութեան դէպքում Վրաստանը նոյնպէս կարող է դառնալ լուրջ գլխացաւանք Հայաստանի համար:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13424

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>