Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 12135 articles
Browse latest View live

Ինչո՞ւ Է Վանում Արամը, Եւ Ինչո՞ւ Նրա Արձանը Չեն Դնում Հանրապետութեան Հրապարակում

$
0
0

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Վահան Իշխանեանի ստորագրութիւնը կրող այս յօդուածը ամբողջականօրէն կ՛ամփոփէ եւ կը բնութագրէ Արամ Մանուկեանի արձանին կապուած ոդիսականին պատմականն ու ներկան:

Հարկ զգացինք ճշդելու, որ «ով դաշնակցական չէ հայ չէ» կարծրատիպը ըստ էութեան մտայղացքային արտադրանքն է «ով դաշնակ է, մարդ չէ» ըսող հակադաշնակցականներուն:

«Ա.»

Քաղաքաշինութեան պետական  կոմիտէն դադարեցրել է Արամ Մանուկեանի արձանի տեղադրման աշխատանքները` պատճառաբանելով, թէ հաստատման համապատասխան ընթացակարգ չի անցել:

Արձանը կազմաքանդելու պատրուակներից մէկն էլ այն է, թէ այն խաթարում է մեթրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի ճարտարապետական կառոյցը:

Մշակոյթի նախարարութիւնը յայտարարում է, թէ` «կիսում է հասարակութեան ու մասնագէտների մտահոգութիւնը» կայարանի պատմագեղարուեստական կերպարը փոխելու հարցում»:

Սակայն այդպէս չէ, իրականում կան մասնագէտներ, ովքեր հակառակ կարծիքն են յայտնում, բայց նրանց կարծիքը չի շրջանառւում լրատուութեան մէջ:

Օրինակ` ճարտարապետ Միսաք Խոստիկեանը ասում է, որ ճիշդ կը լինի արձանը չհանեն. «Քննադատութիւնը որոշումների ընթացակարգի հետ կապուած կարծեմ կարեւոր է, բայց դա կապ չունի սկզբունքօրէն Արամ Մանուկեանին արձան դնելու հետ: Չնայած` անշուշտ նշանակալից է մեթրոյի կայարանի համալիրը, (որը ցաւօք անխնամ վիճակում է), բայց չեմ կարծում, որ դա բացառում է որոշակիօրէն այս առումով միջամտութեան հնարաւորութիւնը` հաշուի առնելով դրա «քաղաքաշինական» առանձնայատկութիւնները: Ի դէպ, այդ առանձնայատկութիւնների մասին ոչ ոք չի խօսում, բովանդակային առումով, միստիֆիկացւում է բառը եւ սրբացւում ակադեմիկոս վարպետի այս գործը, որին, ի դէպ, ջերմօրէն եմ վերաբերւում, բայց` ոչ կուրօրէն: Քանդակի քիչ թէ շատ բովանդակալից քննադատութիւն չեմ հանդիպել, չնայած` վստահ եմ, որ կան, կամ կը լինեն իրաւացիօրէն, անտրամաբանական արտայայտութիւններից բացի: Կարծեմ պէտք է թողնել, որ մնայ»:

Արամ Մանուկեանին գնահատելու խնդիրն այն է, որ նա կուսակցական է եղել` դաշնակցական:

Խորհրդային Հայաստանի վերնախաւը չէր կարող անտեսել Սարդարապատի ճակատամարտը, քանի որ Սարդարապատի շնորհիւ ստեղծուեց Հայաստանի հանրապետութիւն, որին էլ յաջորդեց Խորհրդային Հայաստանը: Այսպիսով, խորհրդային իշխանութիւնը 1968 թուին ճակատամարտի 50-ամեակի առթիւ կառուցեց Սարդարապատի յուշահամալիրը: Սակայն միւս կողմից էլ չէր կարող խոստովանել, որ Սարդարապատի կազմակերպիչն է եղել մէկը, ով դաշնակցական էր` Արամ Մանուկեանը: Ուրեմն պէտք էր եւ Սարդարապատը փառաբանել եւ միեւնոյն ժամանակ` թաքցնել, ու խորհրդային  պատմագրութիւնը ամէն կերպ նսեմացնում էր Արամ Մանուկեանի դերն ու յաղթանակը, վերագրում` վերացական ժողովրդի: Ապա խորհրդային պատմագրութեան ոգով Տիգրան Խզմալեանը «Սարդարապատ» ժապաւէնը նկարեց, որտեղ յաղթում է ինչ-որ առասպելական ժողովուրդ` առանց կազմակերպման ու առաջնորդի, հոգեւորականները եկեղեցիների զանգերը խփում են, մարդիկ էլ տներից դուրս են գալիս ու յաղթում:

20-րդ դարասկզբի հայ ժողովրդի երկու մեծագոյն ռազմական յաջողութիւնները` Վանի պաշտպանութիւնը եւ Սարդարապատի ու Բաշ Ապարանի յաղթանակները Արամ Մանուկեանի շնորհիւ են եղել (ի հարկէ, մեծ դեր են խաղացել նաեւ հրամանատարները, մասնաւորապէս Բաշ Ապարանում Դրոն, բայց ե՛ւ Ապարանի, ե՛ւ Սարդարապատի ճակատամարտերի յաղթանակները նախապատրաստուել էին շատ աւելի վաղ, երկու ամիս առաջ, 1918֊ի մարտին, երբ Արամ Մանուկեանը հռչակուեց Երեւանի նահանգի տիքթաթոր, ու նա էր թուրքական բանակին դիմադրելու ճակատամարտերի ոգին, ի հարկէ առաջին հերթին անմիջականօրէն` Սարդարապատի դիմադրութեան: Ահա ի՛նչ է ասում հայկական բանակի հրամանատար Մովսէս Սիլիկեանը. «Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ` ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում. իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագայում, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ: Ոչ մի զինուորական վերարկու ո՛չ ոքի չի տայ այն, ինչ որ ունի Արամը»): Վանի պաշտպանութիւնը հեշտութեամբ կարող են անտեսել, սակայն նշել Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակ` առանց Արամ Մանուկեանին գնահատելու, ակնյայտ անարդարութիւն կը լինէր, հետեւաբար նախկին կառավարութիւնը ստիպուած` Արամի արձանը որոշեց դնել:

Այժմ Արամ Մանուկեանին նսեմացնում է նաեւ նոր կառավարութիւնը:

Այսպէս, Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանի մամուլի խօսնակ Կարպիս Փաշոյեանը ֆեյսպուքային իր էջում գրել է. «Ես երբեք հիացած չեմ եղել Արամ Մանուկեանի կերպարով, ընդհակառակը, նա ինձ միշտ վանել է»: Ապա այլանդակ որակելով Արամ Մանուկեանի արձանը իր ուրախութիւնն է յայտնում, որ այն «այլանդակ» է. «Գուրգէն Մահարին տեսնում է եւ ուրախանում, ճիշդ էլ անում է, միանում եմ նրան»:

Առաջին փոխվարչապետի խօսնակի գրառումը

Փոխվարչապետի խօսնակի յայտարարութիւնից յետոյ եթէ եզրակացութիւն արուի, որ Արամ Մանուկեանի արձանի կազմաքանդումը կապուած է նրա նկատմամբ նոր կառավարութեան վերաբերմունքի հետ, սխալ չի լինի (այն, որ խօսնակ Կարպիս Փաշոյեանը արտայայտում է կառավարութիւնում իշխող մթնոլորտը, ցոյց է տալիս նաեւ այն, որ մէկ տարի առաջ` 2017թ. յունուարին,  երբ նա խօսնակ չէր, լրիւ հակառակ բանն էր ասում Արամ Մանուկեանի մասին.  «Հայկական նոր պետականութեան հիմնադիր-հայր, Վասպուրականի եւ Երեւանի տիքթաթոր, կեանքը հայրենիքին զոհաբերած Արամ Մանուկեանը մահացել է բծաւոր տիֆից: Վարակուել էր, որովհետեւ չէր փակուել իր աշխատասենեակում, ինչպէս ներկայիս գործիչներն են, այլ ապրում էր սովի ու վարակիչ հիւանդութիւնների արդիւնքում մորթուող ժողովրդի կողքին»):

Ծայրայեղ դաշնակցականներն ասում են` ով դաշնակցական չէ, հայ չէ, իսկ ծայրայեղ հակադաշնակցականներն ասում են` ով դաշնակ է, մարդ չէ: Ուրեմն, Դաշնակցութեանը ատողների հարցը պարզ է, ինչքան էլ փաստարկներ բերես, որ Արամի շնորհիւ են 20-րդ դարի երկու գլխաւոր դիմադրութիւնները հայերը յաղթել, մէկ է, չես համոզի, դաշնակ է եւ վե՛րջ, իսկ դաշնակը չի կարող ինչ-որ դրական դեր խաղացած լինել:

Իսկ նրանք, ովքեր այլ կուսակցութիւններից են, դժկամութեամբ են Արամին գնահատում, որովհետեւ Արամը նրանց համար մրցակից կուսակցութեան անդամ է. հայ կուսակցականի համար, եթէ այլ կուսակցութեան գործչին գնահատեն, նրա միաւորները կը շատանան: Մասնաւորապէս Արամի անունը ամէն անգամ տալիս` կուսակցականին թւում է, թէ ընտրութիւններին Դաշնակցութեան տոկոսը աւելացնում է, հետեւաբար իր կուսակցութեան տոկոսը նուազում է, հո չե՞ն գժուել` մրցակից կուսակցութեան քարոզչութիւնը անեն:  Հայ կուսակցականը աշխարհին նայելու մի ակնոց ունի, որի միջով մարդիկ երեւում են կա՛մ որպէս կուսակցական` իր կուսակցական անդամը` մերոնցական, ուրիշ կուսակցութեան անդամը` մրցակից, թշնամի` սվոյ-չուժոյ, կա՛մ  էլ որպէս ձայն տուող:

Նժդեհին ու Անդրանիկին գնահատուած լինելու առումով փրկել է այն, որ հեռացուել են Դաշնակցութիւնից, որեւէ այլ կուսակցութեան մտքում նրանց գովելը, արձանները շարելը Դաշնակցութեանը միաւոր չի բերում: Հակառակը, եթէ հեռացուել են, ուրեմն նրանց փառաբանելը Դաշնակցութիւնից միաւոր է խլում: Եթէ Նժդեհը դաշնակցական մնացած լինէր, էսօր հաստատ, հանրապետականը նժդեհական չէր լինելու:

Ուրեմն, Արամը կարող է բարձր գնահատուել երկու դէպքում` եթէ Դաշնակցութիւնը փակուի եւ որպէս մրցակից վերանայ, իսկ դա մօտ ապագայում անհնար է, եւ մէկ էլ, որ իշխանութիւնը վերցնի ու իր հերոսներին քարոզչութիւնը անի: Էդպէս է, ինչպէս Վալտեր Պենեամինին է ասում,  պատմութիւնը գրում է յաղթողը, նա` պատմութիւնը, թեքւում է ուժեղի կողմը, այս դէպքում կուսակցութեան կամ խմբաւորման կողմը (տես` Մարկ Նշանեանի դասախօսութիւնը. «Պենեամին` պատմութիւն եւ սեւամաղձոտութիւն»): Հայաստանի պատմութիւնն էլ լաւ օրինակ է դա ցոյց տալու համար` հայոց պատմութեան դասագրքերը խորհրդային ժամանակներում մի բան էին, ՀՀՇ-ի ժամանակ` լրիւ այլ բան, հանրապետականների ժամանակ` մի ուրիշ բան, հիմա էլ լրիւ այլ բան է լինելու, ու եթէ պատմութիւնից անտեղեակ մէկը տարբեր ժամանակաշրջանների դասագրքերը իրար կողք դնի, կը կարծի, թէ տարբեր ժողովուրդների մասին են դրանք:

Բայց միւս կողմից էլ Հայաստանում ի՛նչ կուսակցութիւն էլ իշխանութեան գայ, Արամին լրիւ անտեսել չի կարող, անհնար է անտեսել մէկին, ում շնորհիւ ստեղծուած կառավարութիւնն են նրանք ղեկավարում: Խորհրդային Միութիւնը հնարաւորութիւն ունէր անտեսելու, գրաքննութիւն կար, գրադարաններում ուրիշ բան ասող գրքերը փակի տակ էին, հեշտօրէն անտեսում էր: Հիմա ինչպէ՞ս անտեսեն, չեն կարող:

Ուրեմն, նոր կառավարութեանը ինչքան էլ վանի Արամի կերպարը, մէկ է, ստիպուած է նրա ինչ-որ արձան ինչ-որ տեղ դնել: Տեղը գտնելը դժուար չէ, մի այգի կը գտնեն:

Հանրապետութեան հրապարակից Լենինի արձանը հանելուց յետոյ հասարակութեան մէջ քննարկւում է, թէ տեղը ի՛նչ դրուի: Տարբեր առաջարկներ են եղել, օրինակ` Սասունցի Դաւթի արձանը կայարանից տեղափոխել հրապարակ: Նաեւ հնչել է Արամ Մանուկեանի արձանը դնելու առաջարկ, բայց այն պաշտպաններ չի ունեցել, հայ մտաւորական շրջանակներն ու քաղաքացիական հասարակութիւնը լռութեամբ կամ էլ ինչ-որ անհիմն պատճառաբանութիւններով մերժել է այդ գաղափարը:

Ինչո՞ւ:

Կուսակցութիւնների դէպքում պարզ է, արդէն ասեցի` նրա մէջ մրցակից կուսակցութեան անդամ են տեսնում, ո՞նց կը լինի` ամէն օր հազարաւոր մարդիկ հրապարակում զբօսնելիս տեսնեն դաշնակցականի արձան, հո յիմար չե՞ն իրենց ձեռքով հակառակորդի քարոզարշաւ տանեն:

Բայց հրապարակում Արամի արձանը բարձրացնելուն դէմ են նաեւ բազմաթիւ այլ մտաւորականներ, նաեւ` այնպիսիք, ովքեր չեն զգուշանում Արամին բարձր գնահատել, նրա յիշատակին դիֆերամբներ ձօնել, ինչպէս, օրինակ,  «Հայեր» կայքի խմբագիր Արայիկ Մանուկեանն է շարում Արամին փառաբանող տողեր` «Արամ Մանուկեանը սխրանք գործած եւ անհնարինը հնարաւոր դարձրած պետական, քաղաքական, ռազմական այրն է «եւ վե՛րջ», նա պնդում է` «Հայաստանը պէտք է ունենար Ա. հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանը»: Սակայն` ոչ Հանրապետութեան հրապարակում, ահա թէ ինչո՛ւ. «Անձնապէս ոչ մի կերպ չէի ուզենայ, որ այն լինէր Լենինի տեղում, բայց դա չէ կարեւորը: Դեռ երկար ժամանակ կայ, կարծում եմ, անցնելու, որպէսզի այդ պղծուած տարածքը դարձի գայ ու պատահական չէ, որ միայն մաքուր, կանաչ խոտը` բնութեան հրաշքը, կարող է դառնալ այդ դարձի գրաւականը»:

Եթէ նոյնիսկ նա անկեղծ է (ինչո՞ւ եմ կասկածում անկեղծութեանը, քանի որ ամբողջ գրութեան մէջ զուգահեռ խորհրդային ճարտարապետութեան գովքն է անում), ապա պէտք է ենթադրել, որ խորհրդայնատեացութիւնը կրօնի է վերածուել, որի համար պիղծ թապու է շփումը որեւէ խորհրդային յիշողութեան հետ, ինչպէս գողականը` «գեառլախ»-ի հետ, ինչպէս հինդուն է պղծուած իրեն զգում, երբ ոտքը դիպչում է անձեռնմխելի կաստայի մարդու ոտնահետքին:

Ուրեմն, չհամոզեց:

Իսկ ինչո՞ւ են դէմ:

Հայ մտաւորականներն ու քաղաքացիական հասարակութիւնը հրապարակում Արամի արձանը դնելուն դէմ են այնպիսի մի պատճառով,  որը չեն կարող խոստովանել, չեն կարող նաեւ նրա համար, որ այն թաքնուած է նրանց անգիտակցականի անկիւնում:

Հանրապետութեան հրապարակը կառուցուել է որպէս աշխարհի ամենահզօր պետութեան խորհրդանիշ, շրջանի կենտրոնում տեղադրուած հսկայ Լենինի արձանն էլ թելադրում էր նաեւ հրապարակի անունը` Լենինի հրապարակ: Այդտեղ ում արձանն էլ դրուի, հրապարակին թելադրելու է իր անունը, հրապարակը Նրանն է դառնալու: Հայ մտաւորականները չեն կարողանում պատկերացնել, որ  մի տեղ, որը նախատեսուած է կոթողային յուշարձանի համար, ուր եղել է աշխարհացունց յեղափոխութեան առաջնորդի արձանը, կարող է դրուել մի փոքրիկ` 12 հազար քառակուսի քիլոմեթր տարածքում (այսքան էր Հայաստանի Ա. Հանրապետութեան տարածքը հռչակման պահին) թշուառ, Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած բնակչութեանը փրկող գործչի արձանը: Նրանք ծաւալների հարց ունեն չլուծուած, մի տեսակ չեն կարողանում սազացնել Արամին Լենինի տեղում:

Գլխաւոր լուսանկարում` Արամ Մանուկեանի արձանը կազմաքանդման սպասելիս`մոմլաթով թաքցուած /© Ռաֆայէլ Իշխանեան

«Հետք»

 


Ոգին Հայկական

$
0
0

ՊԱՐԷՏ ՔՀՆՅ. ԽԱՉԵՐԵԱՆ

Մեծ յուզումով եւ մտահոգութեամբ կը հետեւիմ Սուրիոյ տխուր դէպքերուն: Ամէն օր լրատուական կայաններէն կը լսեմ ու կը տեսնեմ կացութիւնը եւ անհամբեր կը սպասեմ պատերազմին աւարտը: Պատահածը, ըստ ինծի, պատերազմ չէ, այլ ահաւոր ոճիր` սուտ խորագիրներով ծածկուած:

Մէկ կողմէ աշխարհը կը զարգանայ, միւս կողմէ` Սուրիոյ պատերազմը կը ներկայացնէ աշխարհի միւս երեսը: Տգիտութեան եւ վայրագութեան պատկերը: Պատերազմէն անկախ` մարդակերութիւն: Կը տեսնենք գլխատում, հրկիզում, քարկոծում եւ այլ ձեւերով մարդասպանութիւն: Հարիւր հազարաւոր մարդիկ մահացան, եւ տակաւին կը շարունակուի: Հաւաքական թաղումներ կը կատարուին` առանց հարազատի ու աղօթքի, իսկ շատերու մարմինները տակաւին կը մնան անյայտ: Միլիոնաւոր մարդիկ իրենց հայրենի հողը լքեցին եւ գաղթեցին դէպի դրացի երկիրներ, Եւրոպա, Քանատա եւ Աւստրալիա: Նոր լեզու, նոր մշակոյթ, նոր ապրելակերպ ու այլ նոր դժուարութիւններ` անոնց համար: Երկիրը հիմնովին կը կործանի:

Սուրիահայ պատմական ու պատուական գաղութը այդ փոթորիկին մէջ կը գտնուի: Քանդուեցան կամ վնասուեցան հայկական բազմաթիւ բնակարաններ, եկեղեցիներ, դպրոցներ ու կեդրոններ: Առաւել եւս, նահատակուեցան Սուրիոյ բանակին մէջ ծառայող հայ զինուորներ ու անհատներ: Եւ շատեր վերստին գաղթի ճամբան բռնեցին: Պէտք է ըսել, որ վերստին բառը հոս յատուկ նպատակով գրեցի:

Հարիւր տարիներ առաջ, Մեծ եղեռնի աղէտէն ճողոպրած հայութեան համար Սուրիան դարձաւ ապահով գետին: Մեծ թիւով գաղթական հայեր հասան Սուրիա` Տէր Զօրի անապատէն անցնելով: Հոն փոխադրուեցաւ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Աթոռը: Սուրիան դարձաւ Միջին Արեւելքի հայութեան դուռը: Ժամանակ մը ետք շատեր այդտեղէն մեկնեցան` Լիբանան, Յորդանան, Եգիպտոս եւ Իրաք:

Պատմութիւնը կը վկայէ, որ արաբ ու մեծ մասամբ իսլամ սուրիացի ժողովուրդը յարգանքով ու հոգատարութեամբ ընդունեց գաղթական հայերը, ապա անոնց տուաւ քաղաքացիութիւն: Սուրիահայութիւնը կարճ ժամանակի ընթացքին իր վրայէն թօթափեց անապատի փոշին, գաղթականի անունը եւ ինքզինք վերականգնեց: Պահեց իր անունն ու մականունը, կրօնը, լեզուն, մշակոյթն ու սովորութիւնները: Գաղթակայանը բնակարանի վերածեց եւ հաւաքավայրը` եկեղեցիի, դպրոցի ու ակումբի: Ունեցաւ պետական երեսփոխան եւ Տէր Զօրի մէջ կանգնեցուց Մեծ եղեռնի յուշակոթողը: Հայը ինքզինք գտաւ եւ գաղութի վերածուեցաւ` շնորհիւ հայկական ոգիին: Սուրիահայութիւնը տեղւոյն պետութեան եւ ժողովուրդին վստահութիւնը շահեցաւ իր ճակտի քրտինքով ու հայու արժանապատուութեամբ: Իսկ արտաքին ճակատի վրայ, լիբանանահայութեան կողքին, ան դարձաւ սիւնը սփիւռքահայութեան: Դաժան պատմութիւնը այսօր անգամ մը եւս իր էջը կը բանայ այդ գաղութին դիմաց, որուն մէջ դեր ունի նաեւ մեր պատմական թշնամին` թուրքը:

Լիբանանցի հայ եմ: Գիտեմ` ի՛նչ կ՛ըսեմ ու կը գրեմ, որովհետեւ ապրած եմ պատերազմի անբաղձալի փորձառութիւնը: Լիբանանի հայութիւնը եւս 1975 թուականէն սկսեալ դիմագրաւեց նոյնանման տագնապ: Մօտ 17 երկար տարիներ ան ապրեցաւ պատերազմի շրջան, որուն պատճառով կրեց շատ մեծ վնասներ: Ի վերջոյ, գաղութը աւերակներէն յաղթական դուրս եկաւ` շնորհիւ իր հայկական ոգիին: Բազմաթիւ դէպքերէն իմ մտքին մէջ միշտ թարմ կը մնան երկուքը, որոնց կը փափաքիմ անդրադառնալ.

– Փոքր տարիքէս մաս կը կազմէի Պուրճ Համուտի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ դպրաց դասին եւ, առանց բացակայութեան, կը մասնակցէի շաբաթ օրերու կիրակմուտքի ժամերգութեանց ու կիրակի օրերու պատարագներուն: Շաբաթ օր մը, ժամերգութեան ընթացքին, սկսաւ ռմբակոծումը: Քահանայ հայրը, դպրապետն ու ժամկոչը մտահոգ իրարու նայեցան եւ աչքի նշաններով համաձայնեցան շարունակելու արարողութիւնը: Մենք ու հաւատացեալները ուժ առինք անոնցմէ եւ հետեւեցանք աղօթքին: Յաջորդ օրերուն երկու ռումբեր հարուածեցին եկեղեցին եւ մեծ վնաս հասցուցին: Հարկ է նշել, որ մինչեւ եկեղեցւոյ նորոգութիւնը` արարողութիւնները շարունակուեցան բնականոն ձեւով:

– Դպրոցական օր մըն էր, երբ դասապահի ընթացքին յանկարծ սկսաւ ռմբակոծումը: Դպրոցին մէջ` վախ ու իրարանցում: Շատերը կու լային, ուրիշները կը ճչային, միւսները իրենց մայրերը կ՛ուզէին: Տնօրէնն ու ուսուցչական կազմը ի՞նչ ընէին կամ որո՞ւ հասնէին: Չափազանց մեծ պատասխանատուութիւն` իրենց ուսերուն վրայ: Կրնա՞ք երեւակայել այդ պահուն մօտ հազար աշակերտներով դպրոցի մը ներքին վիճակը: Արագօրէն մեզի ճաշասրահ հաւաքեցին ու ժամեր ետք, երբ կացութիւնը քիչ մը հանդարտեցաւ, տնօրէնութիւնը հազար ու մէկ վախով արձակեց մեզ: Եւ` նման այլ դէպքեր ու դէմքեր:

Հայկական գաղութներ շատ անգամներ քաղաքական խաղաղ պայմաններու մէջ կը տագնապին իրենց ինքնութիւնը պահելու համար: Մինչ սուրիահայութիւնը այսօր կը քալէ դէպի նոր Գողգոթա: Սուրիահայութիւնը այսօր մէկ պատերազմի դաշտին վրայ երեք տարբեր ճակատամարտեր կը մղէ: Ապրելու, հողը պաշտպանելու եւ ինքնութիւնը պահելու պայքար: Եւ հակառակ մեծ վնասներուն ու կորուստներուն` այդ գաղութը մինչեւ այսօր կը տոկայ: Այդտեղի հայերը մինչեւ այսօր կը դիմանան` շնորհիւ իրենց հայկական ոգիին: Լուսաւորչի հաւատքով, Մամիկոնեանի սուրով եւ Մաշտոցի այբուբենով զօրացած` անոնք կը մղեն իրենց լինելութեան ճակատագրական պայքարը:

Աւերակ քաղաքներուն, մահի սարսափին, վէրքին ու սուգին մէջ տակաւին կ՛ապրի հերոս հայու ոգին: Կը շնչէ ու իւրաքանչիւրին վերապրելու յոյսը կը նորոգէ: Կը շնչէ ու կամքի տոկունութիւն կը շնորհէ: Կը շնչէ ու հեռաւոր ապագայի փայլուն հորիզոնը ցոյց կու տայ: Ու այս բոլորին փաստը վերաշինումի ու վերականգնումի խօսուն պատկերն է: Հպարտութեամբ կը տեսնենք, որ հակառակ շարունակուող պատերազմին` հայերը արդէն սկսած են վերանորոգել իրենց բնակարաններն ու խանութները: Հաւաքական ու միասնական ուժերով կը վերաշինեն հայկական դպրոցները, սրահներն ու կեդրոնները: Կը վերականգնեն եկեղեցիներու գմբէթներու խաչերը: Այո՛, բնակարանը անհրաժեշտ է իւրաքանչիւր մարդու համար, բայց նոյնքան անհրաժեշտ են եկեղեցին ու դպրոցը հայուն համար: Անոնք մեր նուիրական կառոյցներն են, ուր յաւերժ կ՛ապրի հայկական ոգին եւ այնտեղէն կը տարածէ իր շունչը եւ կը սփռէ իր լոյսը: Այսպիսով, Սուրիոյ հայկական գաղութի հոգեւոր ու ազգային կեանքը եւս սկսաւ աշխուժանալ:

Միւս կողմէ` աշխարհով մէկ տարածուած հայութիւնը ջանք չխնայեց ամէն ձեւով օգտակար դառնալու իր կարեւոր մէկ հատուածին: Ա՛յս է հայկական ոգին, որ հրաշքներ կը գործէ: Ա՛յս է Քրիստոսի յարութեան գաղափարին հաւատացող հայ ժողովուրդը, որուն ազգային ոգին հիմնաքարն է իր գոյութեան: Ոգին լոկ երեւակայական պատկեր մը չէ կամ` ճառախօսութեան պայթուցիկ բառեր: Անիկա ներգործող ուժ մըն է, որ դէպի արտաքին աշխարհ կ՛արտացոլացնէ իր աշխատանքն ու յաջողութիւնը:

Գաղութներու պատմութեան մէջ կը պատահին դժուարին ժամանակաշրջաններ, որոնք լինելու ու չլինելու հրամայականին առջեւ կը դնեն հայութիւնը: Սուրիոյ հայկական գաղութը այսօր այդ հրամայականին դիմաց կը գտնուի եւ արդէն ընդհանուր զօրաշարժ յայտարարած է: Ան պիտի յաղթէ եւ պէ՛տք է յաղթէ, որպէսզի մեծ օրինակ եւ մղիչ ուժ դառնայ բոլորին, ինչպէս նաեւ վերստին ստանձնէ սփիւռքահայութեան մէջ իր կարեւոր դերը:

Այնտեղ, ուր հայու ոգին կ՛ապրի, հայը բնա՛ւ չի մեռնիր:

 

«Մենք Խոնարհ Ժողովուրդ Ենք»

$
0
0

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ

«Կը սիրեմ իմ երկիրս, ժողովուրդը, եկեղեցին եւ մեր երաժշտութիւնը»: Խոէլ Օրթեկան երիտասարդ հոգեւորական-կղերական մըն է եւ Քուպայի եկեղեցիներու խորհուրդի քարտուղարն է: Այս խորհուրդն է, որ միեւնոյն ժամանակ կը դասաւորէ եւ կը տնօրինէ Աստուածաշունչի բաժանումը ամբողջ Քուպայի տարածքին: Այս իմաստով, որպէս Աստուածաշունչի ընկերութիւններ, կը գործակցինք Եկեղեցիներու խորհուրդին հետ, որպէսզի, ըստ պատշաճի, աստուածաշունչերը բաժնուին ամբողջ երկրի տարածքին իրենց մայրենիով` սպաներէն լեզուով:

Խոէլը հանգիստ եւ հաղորդական մարդ է: Այս ներաշխարհային բնագիծը քիչ մը ամէն քուպացիի մէջ կը տեսնես` անկախ այն երեւոյթէն, որ Քուպան միջազգային ընտանիքին կողմէ մեկուսացուած երկիր մըն է… Ասիկա արդէն զարմանալի հակասական իրականութիւն մըն է, նկատի ունենալով, որ երկիրը բաւական ողողուած է զբօսաշրջիկներով` քիչ մը ամէն ցամաքամասերէ եւ ի մասնաւորի Հիւսիսային Ամերիկայէն…

1-11 յունիս 2018, Հաւանա-Քուպա: Եթէ մէկ կողմէն պիտի մասնակցէինք միջազգային մեր ընկերութեան համագումարին, բայց նաեւ պիտի տօնախմբէինք աւելի քան մէկ միլիոն Աստուածաշունչի բաժանմունքի յաջող գործընթացը` վերջին քանի մը տարիներուն վրայ երկարած: Յարմար առիթ էր նաեւ մասնակցելու այլ յայտագիրներու եւ տեսնելու երկիրը իր հարազատութեամբ: Պէտք էր փորձէինք «ընկալել» Քուպան` ապրելով տեղական իրավիճակին մէջ, հասկնալու համար զայն իր իրականութեան մէջ, եւ ոչ թէ այնպէս, ինչպէս որ կը գծուի միջազգային քաղաքական խճանկարին մէջ: Պէտք է տեսնել եւ ապրիլ Քուպան «Ֆիտէլ Քասթրոյէն առաջ եւ վերջ», ինչպէս որ կարգախօսները կը նշեն:

«Մեր երկրին մէջ համայնավար-ընկերվար վարչակարգը չի նմանիր Խորհրդային Միութեան եւ Արեւելեան Եւրոպայի նման օրինակներուն: Պէտք չէ մոռնալ, որ մենք լատինամերիկեան երկիր ենք եւ պետական վարչամեքենան չի կրնար խափանել մեր մշակոյթը եւ կենցաղը», Խոէլն է խօսողը: «Այս իմաստով, մենք կը տարբերինք եւ լաւ կ՛ըլլայ, որ կրնաս տեսնել այս իրավիճակը»: Խոէլ ոչ թէ կը ներկայացնէր իր երկիրը ինծի, բայց նաեւ որոշ ձեւով կը փորձէր օգնել, որպէսզի տեսնէի Քուպան իր հարազատութեամբ եւ ոչ թէ` այն պատկերը, որ կազմուած է արտաքին տպաւորութիւններուն մէջ:

Խոէլ կը հաւատայ, որ եկեղեցին կարեւոր դերակատարութիւն ունի իր երկրի ընկերային-քաղաքական արժեչափերու զարգացման եւ բարօրութեան մէջ: «Ռաուլ Քասթրոն եկեղեցական առաջնորդները հրաւիրելով խնդրեց ու նաեւ պահանջեց, որ եկեղեցին աշխուժ ներդրում ունենայ մեր ազգին մէջ արժէքներ կերտելու իրականութեան համար», ըսաւ ան: Խոէլ կ՛աշխատի այս արժէքին համար եւ կը հաւատայ, որ Աստուածաշունչի դաստիարակութիւնը կարեւոր դեր ունի այս արժէքի համակարգը ստեղծելու երկրին մէջ:

Քուպան ունի շատ գեղեցիկ բնութիւն: Կեդրոնական Ամերիկային պէս երկիրը կանաչ է, եւ ովկիանոսը` գեղեցիկ, թէեւ երկիրը տնտեսական տագնապի մէջ է, որ ծանր կը ճնշէ ժողովուրդին վրայ: «Միջին հաշուով, աշխատողի մը օրապահիկը տասնհինգ ամերիկեան տոլար է», ըսաւ Ճոանտրան, որ միջին տարիքի ընկերային ծառայող կին մըն է: «Մեր ընկերային ծառայութիւնը կը հիմնենք Աստուածաշունչի բաժանումին եւ դաստիարակութեան հետ,- ըսաւ ան,- որովհետեւ Աստուածաշունչը մարդոց սրտերը կը փոխէ, եւ մենք կ՛ուզենք մեր երկիրը կերտել նոր հոգիով»: Եւ չուշացաւ Ճոանտրայի հաստատումը. «Մենք մեր երկիրը կը սիրենք եւ կ՛ուզենք անոր համար ապրիլ»:

Բայց այդ «սիրելուն» մէջ կայ երկրին ազգային մշակոյթը, որ ճամբայ կը հարթէ սիրոյ զգացումին: Եւ սէրը կու գայ իրենց երաժշտութեան միջոցով… Երաժշտութիւնը, որ քիչ մը ամէն տեղ է եւ քուպացին կը մղէ ըլլալու լաւատես եւ սիրելու իր իսկ ապրած կեանքը իր երկրին մէջ, նոյնիսկ երբ այդ այդքան ալ դիւրին չէ… Եւ երաժշտութիւնը ոչ միայն հանրային կեանքին մէջ է, այլ նաեւ` եկեղեցական: Հոն, ուր կը տեսնես, թէ ինչպէ՛ս անոնք իրենց սէրը կը յայտնեն Աստուծոյ իրենց երաժշտութեան ընդմէջէն: Պատանիներ, որոնք պաշտամունքի ընթացքին երգեցին եւ պարեցին… Երեւի քիչ մը տարօրինակ էր ինծի-մեզի համար, բայց անոնք կ՛արտայայտէին իրենց սէրը… Եւ սէրը Աստուծոյ, իրենց կեանքերուն, բայց նաեւ` իրենց երկրին: Այն երկիրը, որ անոնք կ՛ապրին եւ կ՛ուզեն ապրիլ… Ես ալ ապրեցայ այդ օր զգացումը: Երաժշտութիւնը որքան կը հարստացնէ մարդու հոգին, եւ ան` նոյն մարդը, կ՛ապրի այդ հարստութիւնը` սիրելով կեանքը եւ հողը… Եւ վերջապէս, որքա՛ն ճիշդ է եղեր հայ բանաստեղծը, որ սիրած է երաժշտութիւնը այն աստիճան, որ ուզած է նոյնիսկ «երգելով մեռնիլ»…

Քուպան խաղաղ երկիր է ու նաեւ` ապահով: «Մենք խոնարհ ժողովուրդ ենք,- ըսաւ Խոէլ:- Քուպացին կը սիրէ ընտանիքը, բարեկամը եւ հաղորդակցութիւնը»: «Եւ ասոր համար ալ կը բաւարարուի իր ունեցածովը», եզրափակեց ան:

Եւ այս արդէն զգայացունց այն իրականութիւնն էր, որուն հանդիպեցայ եւ, աւելի ճիշդ, ընտելացայ իմ կեցութեանս ընթացքին: Բայց նաեւ այս երեւոյթը տեսայ մանուկներուն եւ անոնց ուրախութեան մէջէն…

Կիրակի, 10 յունիս: Քուպայի արեւմտեան շրջանի մէկ գեղեցիկ հովիտ-ձորի մը փոքր քաղաքի մը մէջ աւելի քան երեք հարիւր մանուկներու պատանիներ հաւաքուած էին եկեղեցիի մը շրջափակին մէջ, որովհետեւ ունէին յատուկ յայտագիր: Եւ այդ յայտագիրի ընթացքին տեղի ունեցաւ Աստուածաշունչի բաժանումը, յատուկ` իրենց տարիքին: Մանուկներ, որոնք առաւելաբար կու գային բարեկեցիկ ընտանիքներէ եւ այդ շրջանի տարբեր գիւղերէն: Բայց իրենց այդ բարեկեցիկ վիճակին մէջ մանուկներ էին, որոնք ունէին գոհունակութիւն մը: Բայց արդեօք պիտի համարձակէի ըսելու բաւարարութի՞ւն… Իմ-մեր իրականութեան մէջ, չեմ գիտեր, թէ ո՞ւր է սահմանը բաւարարութեան: Բայց հոս` Քուպա, իմ չորս կողմս հաւաքուած էին մանուկներ: «Մանկութիւն (չ)ունեցող մանուկնե՞ր»… Թերեւս… Բայց` ուրախ եւ բաւարարուած: Եւ եթէ իրենց ուրախութիւնը ապրեցայ իրենց հետ եւ իրենց երկրին մէջ, բայց նաեւ կիսեցին ինծի հետ կեանքի իրենց համոզմունք-տուեալները: Բաւարարուած են… Եւ այդ բաւարարութիւնը քուպացին դարձուցած է խոնարհ ժողովուրդ:

Պէտք էր բաժնուէի ուրախ մանուկներէն, բայց կային իմ մտորումներս: Ինչո՞ւ աշխարհը չ՛ուզեր հանգիստ ձգել այս «խոնարհ» ժողովուրդն ու երկիրը եւ` ձգել այս մարդիկը, որ ապրին կեանքը, ինչպէս որ կ՛ուզեն: Իրենք իրենց վիճակներուն մէջ, ինչպէս որ հանգիստ կը զգան:

Բայց նաեւ կայ ուսանելի կեանքի արժէք մը այս երկրէն…

Թէ՛ ընչաքաղցութիւնը սահման չունի եւ թէ՛ ան կը քանդէ, եթէ հաշուարկուած չըլլայ: Եւ թէ` բաւարարութիւնը կը կերտէ գոհունակութիւն ու նաեւ ուրախութիւն: Նոյնիսկ երբ բաւարար չունիս…

«Ցոյց տուր ինծի երկիր մը, որ հարցեր չունի», Խոէլն է դարձեալ: «Մենք ալ հարցեր ունինք, բայց այդ բոլորին մէջէն կը հաւատանք, որ մեր երկիրը պիտի շինենք», եզրափակեց ան:

Եւ չուշացաւ իմ` հայո՛ւ գիտակցութիւնը:

Հայն ալ այս օրերուն սկսած է շինել եւ վերաշինել իր հայրենիքը…

Եւ երկիր շինելու համար արժէ հաւատալ արժէքի համաչափին: Այն արժէքի համաչափին, որ մեզի կրնայ դարձնել խոնարհ… Եւ խոնարհութիւնը կը սանձէ ընչաքաղցութիւնը եւ կը ստեղծէ բաւարարութիւն: Եւ բաւարարութիւնը հոգեւոր գիտակցութիւն է: Հոն, ուր կրնաս բաւականանալ քու ունեցածովդ, բայց նաեւ` գիտակցիլ դիմացինին պէտքին եւ անոր անհրաժեշտութեանը… Բայց նաեւ` բաժնեկցիլ…

Եւ այս բաւարարութիւնը անպայմանօրէն կը շինէ… Կը շինէ բոլորս… Քեզ եւ զիս: Եւ կը շինէ մեր` հայուն երկիրը…

«Մենք խոնարհ ժողովուրդ ենք»: Քուպայի օրինակը, բայց նաեւ ըլլայ հայունը…

Իմ եւ իւրաքանչիւրիս…

 

 

Ուխտի Ճանապարհներ. Սօսէ Մայրիկի Վերաթաղուած Գերեզմանին Դիմաց

$
0
0

ԴՈԿՏ. ՎԵՀՈՒՆԻ ՄԻՆԱՍԵԱՆ

Հայրենիքի վերանկախացումէն տասնեակ մը տարի ետք, առաջին զբօսապտոյտիս բախտը ունեցայ Եռաբլուրի մէջ այցելելու մանկութենէս զիս մեծապէս տպաւորած մեր ազգային-ազատագրական շարժման պանծալի հերոսներէն` Առիւծ Սերոբի մարտնչումներուն մասնակից իր կողակիցին` Սօսէի գերեզմանը այցելելու: Կէս դար առաջ Եգիպտոս համալսարանական շրջապտոյտիս ընթացքին առիթ չունեցայ Աղեքսանդրիոյ մէջ կէս օրուան ընթացքին իր գերեզմանը այցելելու: Ուստի տեղեակ ըլլալով իր աճիւններու հայրենիք տեղափոխուելուն` Հայաստանի Հանրապետութեան 80-ամեակին առիթով, ծաղկեփունջ վերցուցած, կնոջս հետ այստեղ եմ ահա:

Լուռ եւ չափազանց զգացուած պահուն յիշողութիւններով մտաբերեցի բոլոր ընթերցումներս մեր ժողովուրդի պատմական շրջանի ֆետայական շարժման կանացի պայքարի դիւցազնուհիին հետ կապուած դէպքերը, իր հերոս ամուսինին ու անդրանիկ զաւակ` Յակոբի սպաննուիլը` Գեալիգիւզան, եւ միւս կորիւնին` Սամսոնի մահը Կարինի ջարդին, տխուր, դառն ու դաժան մնացեալ աւելի քան յիսուն տարուան պատմութիւնը հայ դիւցազնուհիին: Աղեքսանդրիոյ մէջ պատմեցին, թէ կը յուսար, որ յաւիտենական կեանքին մէջ ամուսինին պիտի միանայ կրկին. «Սերոբ կը կանչէ զիս, իր մօտ  կ՛երթամ», եղած են անոր վերջին խօսքերը:

Կնոջս հետ խնկարկելէ եւ աղօթելէ ետք, Եռաբլուրէն դեռ չհեռացած, կնոջս ըսի, որ` «Դարեր շարունակ հայի արգանդը բեղուն եղած է: Ժամանակն է հայ հերոսուհիներու ծնելուն», ու կ՛ընկերանամ կնոջս ցած ձայնով արդէն սկսած հանրայայտ երգին.

«Ձայն տուաւ Սօսէն, Սերո՛բ ջան, հոս եմ,
Զինուած պատրաստուած` ձայնիդ կը սպասեմ.
Քեզի հետ կռուելու, քու կողքին մեռնելու
Ամէն օր, ամէն ժամ պատրաստ է Սօսէն»:

 

 

Աթաթուրքէն Ետք` Էրտողան

$
0
0

Ա. Ա.

Քեմալ Աթաթուրքէն ետք, Թուրքիոյ արդի պատմութեան մէջ քաղաքական ամէնէն ուժեղ անձը եղաւ Ռեճեփ Էրտողանը, որ քանի մը օր առաջ տուաւ իր նախագահական երդումը` դառնալով կառավարման նախագահական համակարգի առաջին նախագահը:

Թուրքիոյ սահմանադրութեան փոփոխութենէն ետք, նախագահական կանխահաս ընտրութեան յաղթանակ արձանագրելով, Էրտողան քաղաքական իր ասպարէզը ապահովեց գէթ մինչեւ 2023` կառավարման բացառիկ իրաւասութիւններով եւ լծակներով, որոնց գործադրութեան առաջին իսկ ցուցանիշով` պետական գանձարկղի եւ ելեւմուտքի նախարար նշանակեց իր փեսան` Պերաթ Ալպայրաքը, որ արդէն Էրտողանի ելեւմտական հարցերով խորհրդականն էր, եւ որուն անունին շուրջ Փանամայի թղթածրարին մէջ գոյութիւն ունի ելեւմտական բաւական լայնածաւալ գայթակղութիւն մը:

Էրտողան Թուրքիոյ առաջին նախագահն է, որ ունի բացառիկ լիազօրութիւններ` ուղղակիօրէն ղեկավարելու համար տնտեսական-ելեւմտական մարզերը, նշանակելու փոխնախագահները, կազմելու կառավարութիւնը, նշանակելու նաեւ` Սահմանադրական դատարանին անդամ դատաւորներուն կէսը: Նախագահական համակարգի կառավարման անցնելով` Էրտողանի Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան վերնախաւը կը յոխորտայ, որ Թուրքիոյ տնտեսութիւնը պիտի վերածէ առաջատար եւ զարգացած մարզի մը` լուծելու համար եօթանասուն միլիոնէ աւելի բնակչութիւն ունեցող երկրին ելեւմտատնտեսական հարցերը:

Սակայն ամէն ոք այս համոզումը չունի:

Առաջին հերթին ընդդիմութիւնը եւ միջազգային ընտանիքը ունին փաստարկուած իրողութիւններու վրայ հիմնուած լուրջ մտավախութիւններ, թէ` Էրտողան կը ձգտի եւ կ՛ուղղուի դէպի ամբողջատիրութիւն եւ ամբողջատիրական կարգեր, ուր խօսքի ազատութիւնը եւ մարդու իրաւունքները կոպտօրէնկ՛ոտնակոխուին տարբեր պատճառաբանութիւններով: Էրտողանի ընդդիմադիրները լաւապէս կը գիտակցին, որ ան կը շահագործէ յատկապէս աշխատաւոր դասակարգը, որ երկար տարիներ աշխարհիկ կարգերու պաշտպան իրերայաջորդ վարչակարգերու կողմէ մեկուսացուած եւ առաւել ճնշուած էր: Թէեւ այս դասակարգին շնորհուեցաւ համեմատաբար առաւել բարեկեցիկ կեանք մը, սակայն գինը, որ կը վճարուի, Էրտողանի ամբողջատիրական ախորժակներուն յագուրդ տալու մուրհակն է, որ այնքան ալ հանգստութիւն չի պատճառեր միջազգային հանրութեան:

Միւս կողմէ` Թուրքիոյ շրջանային եւ միջազգային քաղաքական ուղեգիծին մէջ որոշ թեքումներ միջազգային ընտանիքը եւ յատկապէս ՕԹԱՆ-ի դաշնակիցներն ու Միացեալ Նահանգները կը մղեն չափազանց զգուշ ըլլալու Թուրքիոյ ղեկավարութեան հետ, որովհետեւ ակնյայտ են Էրտողանի ձգտումները` վերադառնալու շրջանային եւ միջազգային բեմ, իբրեւ այնպիսի ուժ մը, որուն հետ անպայման պէտք է հաշուի նստիլ, նկատի ունենալ անոր դերակատարութիւնը եւ նոյնիսկ տարբեր պարագաներու ալ ընդունիլ, որ խաղին մէջ միակ ազդեցիկ կողմն է: Անշուշտ Էրտողան այս քաղաքականութեան մէջ բնաւ մտահան չ՛ըներ, այլ օրէ օր աւելի կը շեշտէ Օսմանեան կայսրութեան երբեմնի սահմաններուն մէջ ինկող աշխարհագրական տարածքներուն վրայ Թուրքիոյ ազդեցութեան տարածման անհրաժեշտութիւնը` իբրեւ հովանաւոր եւ միջնորդ:

Այս ծիրին մէջ ալ Էրտողանի համար Ռուսիա յատուկ նշանակութիւն ունի: Անգարա-Մոսկուա մերձեցումը իրականացաւ բաւական սուր լարուածութեան փուլէ մը ետք, երբ պահ մը ստեղծուեցաւ այն տպաւորութիւնը, թէ Ռուսիա զինուորական հարուած մը պիտի տայ Թուրքիոյ` Սուրիոյ օդային սահմաններէն ներս ռուսական հալածիչի մը վար առնուելու դէպքէն ետք: Սակայն հարցերը կամաց կամաց լուծուեցան, կիրքերը հանդարտեցան եւ Փութին-Էրտողան իրերայաջորդ հանդիպումներու ընթացքին կարեւորութեամբ ընդգծուեցաւ Ռուսիա-Թուրքիա գործակցութեան ամրապնդումը` Սուրիոյ տագնապին լուծման ճիգերուն մէջ: Նաեւ` Թուրքիոյ կորիզային մարզի զարգացման ծրագիրներուն եւ յատկապէս` զինման մարզին մէջ, ուր ռուսական վարկով գնուած «Էս-400» տիպի գերարդիական հրթիռներու համակարգը նոր գլխացաւ մը պատճառեց Միացեալ Նահանգներու եւ ՕԹԱՆ-ի:

Շրջանային մակարդակի վրայ Էրտողան իր ձեռքերուն մէջ ունի երկու խաղաքարտ` Սուրիոյ տագնապը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, որուն ուղղութեամբ յղուած պատգամը առաւել քան յստակ եղաւ: Էրտողան, իր սովորութեան համաձայն, նախագահ վերընտրուելէն ետք, պաշտօնական առաջին այցելութիւնը տուաւ Ազրպէյճան, ուր նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերահաստատեց Թուրքիա-Ազրպէյճան յարաբերութիւններուն «եղբայրական» բնոյթը, ինչպէս նաեւ, Լեռնային Ղարաբաղի տագնապին պարագային, Ազրպէյճանի հողային ամբողջականութեան անվերապահ զօրակցութիւնը:

Էրտողան քաղաքական եւ տնտեսական յստակ նպատակներ եւ ծրագիրներ ունի` ամբողջապէս լիազօրուած նախագահի հանգամանքով Թուրքիան ղեկավարելու շրջանին մէջ: Միայն ժամանակը ցոյց պիտի տայ, թէ ան իսկապէս պիտի յաջողի՞ իր առաջադրանքներուն մէջ, թէ՞ արդէն իսկ բռնատէրի նախանշանները ցոյց տուած` պիտի վերածուի ամբողջատիրական իշխանութեան մը մէկ սովորական իշխանաւորին:

 

 

Թատրոնի Նուիրեալ Մըն Ալ Հեռացաւ. Վազգէն Դարբինեանի Մահուան Քառասունքին Առիթով

$
0
0

ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԻ ԸՆԿԵՐՆԵՐՈՒԴ ԱՆՈՒՆՈՎ`
ԶԱՒԷՆ ՊԱԱՔԼԻՆԻ

Վազգէն Դարբինեանը, որ լիբանանահայ թատերական կեանքին մէջ ծանօթ անուն մը եղած է, քառասուն օրեր առաջ առյաւէտ հեռացաւ մեզմէ` իր ընկերներուն սրտերուն մէջ իրմէ լաւ յիշատակներ ձգելով:

51 տարի առաջ էր, «Ազդակ» օրաթերթին մէջ յայտարարուեցաւ, որ Վարուժան Խտըշեանը վերադարձած է Անգլիայէն եւ լծուած է «Լեւոն Շանթ» թատերախումբը վերակազմելու աշխատանքին. ուստի որոշում տրուած է նոր անդամներ ներգրաւելու գործին թափ տալու:

Ուղղուեցանք դէպի «Սիմոն Վրացեան» սրահ` մեր առաջին հանդիպումը ունենալու եւ իրարու ծանօթանալու:

Հոն էին 16-24 տարեկան նորեկ տղաք ու աղջիկներ: Յանկարծ սրահ մտան տարիքով մեզմէ մեծ երկու անձեր` մէկը Միսակ Ապաճեանն էր, 50 տարեկանի մօտ, միւսը` Վազգէն Դարբինեանը` 40-ի շուրջ:

Տեսակ մը վախ մտաւ մեր մէջ, գոնէ` իմ. Միսակ Ապաճեանը իր սպիտակ մազերով, թափանցիկ ակնոցներով մեր վրայ այն տպաւորութիւնը ձգեց, որ կարծէք ղրկուած է վերին մարմինի մը կողմէ` իբրեւ հսկիչ, իսկ Վազգէն Դարբինեանին մասին, երբ գիտցանք, որ կու գար «Գասպար Իփէկեան» թատերախումբէն, ունեցանք այն մտավախութիւնը, թէ ինչպէ՛ս պիտի կարենայինք տեղ ունենալ այդ թատերախումբին մէջ, մանաւանդ որ բոլորս ալ շատ բան չէինք գիտեր:

Բայց եւ այնպէս շատ արագօրէն շաղուեցանք իրարու հետ, եւ ամէն ինչ հեզասահ ընթացաւ: Եղանք լաւ ընկերներ, եւ արդէն Միսակ Ապաճեանը դարձաւ Աճապ, իսկ Վազգէն Դարբինեանը` Դարբին:

Մեր առաջին ներկայացումը եղաւ «Սալեմի վհուկները», որուն մէջ դատախազի մը դերը վստահուեցաւ Վազգէնին, որ շատ գեղեցիկ կերպով կատարեց դերը:

Տարիներ ետք, երբ օր մը հաւաքուած էինք Վարուժան Խտըշեանին տունը, փոքր անհասկացողութեան պատճառով վէճ ծագեցաւ Վարուժին եւ Վազգէնին միջեւ, որ դրան առջեւ կենալով, չափազանց զայրացած, պոռալով ըսաւ. «Այս տունդ ոտք չեմ դներ ալ» եւ ուժգին փակեց դուռը: Վայրկեաններ ետք ան կրկին բացաւ դուռը եւ շարունակեց. «Բացի եթէ դեր մը տաս ինծի, այն ատեն կու գամ»:

Այս կը պատմեմ պարզապէս նկարագրելու Դարբինին ունեցած մեծ սէրն ու նուիրուածութիւնը թատրոնին հանդէպ:

Վազգէն Դարբինեանը ստանձնած է բազմաթիւ դերեր` «Գասպար Իփէկեան» թատերախումբին մէջ, Ժորժ Սարգիսեանի խումբին հետ: Մասնակցած է աւելի քան 20 ներկայացումներու, իսկ Վարուժան Խտըշեանին բեմադրած թատերախաղերուն մէջ ստանձնած է կարեւոր դերեր` «Շղթայուածը», «Սալեմի վհուկները», «Ինկած բերդի իշխանուհին», «Հին աստուածներ», «Պէպօ», «Քննիչը», «Ժողովուրդի թշնամին», «Ոսկի աքաղաղ», «Քնոք», «Փառքի վաշխառուները», «Տան փեսայ»:

Ան եղած է ընկերային, ներկաներուն հանդէպ յարգանքով: Միշտ լրջութեամբ հետեւեցաւ թատերական փորձերուն, իսկ իրեն վստահուած դերերը կատարեց լիուլի, ամենայն բծախնդրութեամբ:

Վա՛րձքդ կատար, Վազգէ՛ն, քու այս 50 տարիներու աշխատանքիդ եւ նուիրուածութեանդ համար:

Յիշատակդ միշտ վառ պիտի մնայ մեր սրտերուն ու մտքերուն մէջ:

Հողը թեթեւ, սիրելի՛ Դարբին:

 

 

Քաղաքական Անդրադարձ. Թուրքիոյ Ընտրութիւններուն Արդիւնքը` Ազգայնամոլութեան Եւ Կրօնամոլութեան Ամուսնութիւնը

$
0
0

ԵՂԻԱ ԹԱՇՃԵԱՆ

24 յունիս 2018-ին Թուրքիոյ մէջ տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, եւ դարձեալ Ռեճեփ Թայիփ Էրտողանը ընտրուեցաւ նախագահ, իսկ անոր հիմնած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը (ԱԲԿ) ապահովեց մեծամասնութիւն, սակայն այս անգամ այլ տարիներէ տարբերութիւնը եղաւ այն, որ Էրտողանի օգնութեան հասաւ ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցութիւնը (ԱՇԿ):

Էրտողան նախագահ ընտրուեցաւ ապահովելով ձայներուն 53 առ հարիւրը` շնորհիւ ԱԲԿ-ի եւ ԱՇԿ-ի միջեւ դաշինքին: Իսկ խորհրդարանական ընտրութիւններուն 600 երեսփոխաններէն ԱԲԿ-ն ներկայիս ունի 295 երեսփոխան, իսկ ԱՇԿ-ն` 49, այսինքն որեւէ բանաձեւ անցընելու համար ԱԲԿ-ն կարիքը ունի իր դաշնակիցին ձայներուն, որպէսզի մեծամասնութիւն կազմէ խորհրդարանին մէջ:

Ի՞նչ փոփոխութիւններ կ՛ակնկալուին ԱԲԿ-ԱՇԿ դաշինքէն` Թուրքիոյ արտաքին եւ ներքին քաղաքականութեան մէջ:

Թրքական արտաքին քաղաքականութիւնը շատ հաւանաբար պիտի հեռանայ Արեւմուտքէն եւ աւելի մխրճուի ռուսական տիղմին մէջ: Վերջերս թրքական կողմը համաձայնեցաւ Ռուսիայէն գնել «Էս-400» հակաօդային համակարգեր, բան մը, որ զայրացուց ՕԹԱՆ-ի անդամները եւ մասնաւորապէս` Միացեալ Նահանգները, որոնք Անգարայի այս քայլը անընդունելի նկատեցին: ԱՇԿ-ն իր նախընտրական արշաւին ընթացքին բազմիցս քննադատեց ամերիկեան քաղաքականութիւնը Թուրքիոյ նկատմամբ եւ կոչ ուղղեց Ուաշինկթընին` միջամուխ չըլլալու թրքական ներքին հարցերուն: Եւրոպական Միութեան հետ յարաբերութիւնները ա՛լ աւելի պիտի սրին: ԱՇԿ-ն եւ ԱԲԿ-ի ծայրայեղական թեւը դէմ են եւրոպական կամ արեւմտեան արժէքներուն եւ ազատական-ժողովրդավարական կարգախօսներուն: Տեւլեթ Պահչելի` ԱՇԿ-ի նախագահը, իր նախընտրական քարոզարշաւին ընթացքին յայտնեց, որ Թուրքիան պէտք չէ Եւրոպական Միութեան անդամակցի, իսկ նախագահ Էրտողան բազմիցս քննադատեց Եւրոպական Միութիւնը` իբրեւ քրիստոնեայ երկիրներու ակումբ: Կիպրական հարցով ԱՇԿ-ն ոչ մէկ քաղաքական զիջումի կողմ է, բան մը, որ ԱԲԿ-ի եւ Յունաստանի միջեւ տարիներու երկխօսութիւնը կրնայ վտանգել Կիպրոսը վերամիացնելու հարցով: Հակառակ անոր որ Ռուսիոյ հետ բարելաւուած է յարաբերութիւնը, սակայն ԱՇԿ-ի համաթուրանական քաղաքականութիւնը, մասնաւորապէս Ազրպէյճանի եւ Կեդրոնական Ասիոյ թրքական պետութիւններուն նկատմամբ, մտահոգիչ է Քրեմլինի համար: Նոյն մտահոգութիւնը նաեւ կը կիսէ Չինաստանը` ույղուրներուն հարցով, որովհետեւ ԱՇԿ-ն վերջին տարիներուն Պոլսոյ մէջ զօրակցական ցոյցեր կազմակերպեց ույղուրներու եւ թուրքմեններու հետ` ընդդէմ արեւելեան Թուրքեստանի մէջ չինական քաղաքականութեան: Իսկ Սուրիոյ եւ Իրաքի մէջ ԱՇԿ-ն միշտ ալ նեցուկ կանգնեցաւ թուրքմեններուն, նոյնիսկ կամաւորներ ղրկեց այս երկիրներուն մէջ մարզելու եւ հիմնելու թուրքմենական ջոկատներ, որոնք հսկայ դերակատարութիւն ունեցան քրտական զինեալ ուժերուն դէմ կռիւներու ընթացքին: Վերջապէս, Հայաստանի հետ Թուրքիան ա՛լ աւելի կարծր քաղաքականութիւն պիտի վարէ մասնաւորապէս Հայկական հարցին մէջ եւ արցախեան հիմնահարցին շուրջ: Թրքական ժխտողական քաղաքականութիւնը եւ հակահայ դրսեւորումները պիտի տարածուին Միջին Արեւելքի մէջ եւ միջազգային բեմերուն վրայ:

Ինչ կը վերաբերի ներքին քաղաքականութեան, Թուրքիա ա՛լ աւելի կարծր քաղաքականութիւն պիտի վարէ ազգային եւ կրօնական փոքրամասնութիւններուն, մասնաւորապէս քիւրտերուն նկատմամբ եւ ճնշէ խօսքի ազատութիւնը: ԱՇԿ-ն կը հաւատայ, որ միայն զինեալ միջոցով կրնայ լուծել քրտական հարցը` ի նպաստ Թուրքիոյ. ան Էրտողանի կողքին կեցաւ, երբ վերջինս յայտարարեց Սուրիոյ մէջ Աֆրինի ռազմական գործողութեան մասին` ընդդէմ քրտական ջոկատներուն: Ճնշելով աշխարհիկ կուսակցութիւնները եւ մտածողութիւնները` կրօնամոլութիւնը պիտի շեշտուի թէ՛ կրթական եւ թէ՛ ընկերային կեանքին մէջ: ԱՇԿ-ի ընտրական յաղթանակը, հակառակ կուսակցական պառակտումին, ցոյց կու տայ, որ նորահաս թուրք երիտասարդը ա՛լ աւելի ազգայնամոլ եւ կրօնամոլ է, քան` նախկին սերունդը:

Այս դաշինքը կամ քաղաքական ամուսնութիւնը մեզի  պէտք է յիշեցնէ Թուրքիան Համաշխարհային Ա. պատերազմի նախօրեակին, որովհետեւ իսլամականներու եւ ազգայնամոլներու դաշինքին արդիւնքը հայերու, յոյներու եւ ասորիներուն ոչնչացումն էր Օսմանեան կայսրութեան սահմաններուն մէջ: Արդեօք ներկայ ԱԲԿ-ԱՇԿ քաղաքական դաշինքը վերջին հարուա՞ծը պիտի ըլլայ Թուրքիոյ մէջ քրտական երազներուն, թէ՞ Էրտողանի կայսրութեան փլուզման առաջին փուլը:

Yeghia.tash@gmail.com

 

 

Հարիւր Դէմք` Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին

$
0
0

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Ժողովուրդներու պատմութեան մէջ յաճախ կը յայտնուին անել կացութիւններ, որոնք կը պահանջեն խիստ յանդուգն կեցուածքներ, որոշումներ ու ակնթարթային դէպք մը: Դէպքերու ընդմէջէն է, որ հերոսներ կը ծնին, ծանրակշիռ պայմաններու ընթացքին ծնունդ կ՛առնեն: Անոնք մերթ ընդ մերթ կը ստանան այդ միջավայրին համակրանքը եւ կ՛անմահանան իրենց գործերուն ընդմէջէն ու ապա կը դառնան իտէալներ: Թէեւ իրենց կեանքի ընթացքին անոնք կ՛ըլլան աչքառու ղեկավարներ, սակայն միայն պատմութեան էջին մասնիկը ըլլալէ ետք կը վերածնին մեր միտքերուն մէջ` որպէս իտէալ հերոսներ:

Այս առումով, յաճախ հետաքրքիր միտքը հարցումներ կը յղանայ եւ կը հարցնէ, թէ արդեօ՞ք «հերոս» կը ծնին, թէ՞ «հերոս» կը դառնան: Ժառանգականութեան արդի՞ւնք է ան, կեանքի իրադրութիւններո՞ւ, դաստիարակութեա՞ն, թէ՞ ինչ: Դժուար է պատասխանել: Բնականաբար յիշուած բոլոր գործօնները ունին իրենց էական եւ նոյնիսկ վճռորոշ դերակատարումը: Հերոսը գերազանցօրէն ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ կրող անձն է` ազգին, հայրենիքին եւ հաւաքականութեան համար, որոնց հաւաքական շահին համար ան պատրաստ կ՛ըլլայ զոհելու ամէն ինչ, նոյնիսկ իր ամէնէն թանկը` սեփական կեանքը, անսակարկ եւ անհաշիւ: Այդ պատճառով ալ ան ծափի, շքանշանի կամ պատուոյ գիրի համար չէ, որ կը ծնի:

Պատերազմներու մէջ ծնող դիւցազուններու, կեանքի վերիվայրումներու մէջ հերոսներու յայտնաբերումով եւ ճակատամարտերու յաղթանակներու ընթացքին ռազմիկներու հերոսացումներուն կողքին, գոյութիւն ունին նաեւ խաղաղ ժամանակներուն մէջ ալ ծնունդ առած անձնուրացներ ու խոնարհ հերոսներ, որոնք ճակատագիրի տնօրինումով մը իրենք զիրենք կը գտնեն խաղաղ պայմաններու մարտին մէջ եւ իբրեւ զինուորագրեալ մարտիկներ` իրենց կեանքը կը նուիրեն ժողովուրդի զոհասեղանին` յանուն ազգային ինքնորոշման եւ ազգային ինքնաճանաչման, այլ խօսքով` յանուն մարդկային արժանապատուութեան պահպանման, միաժամանակ ազնուացնելով եւ բարձր պահելով իրենց անխոնջ աշխատանքը:

Պատմութիւնը վկայած է, որ բոլոր ժամանակներու հերոսներն ալ ընդհանրապէս եղած են նախ եւ առաջ բարոյականի տէր անձեր, սկզբունքի տէր, համադրող ու առաջամղիչ կամք ունեցող, ապա բազմակողմանի, լայնահորիզոն ու ստեղծագործող միտք ունեցողներ, ինչպէս նաեւ տեսանո՛ղ ու ներշնչո՛ղ` իբրեւ իրենց դասակարգի, իրենց ազգի եւ իրենց պետութեան կամքը, նուիրական տենչերը, սրբութիւնները, շահերն ու իտէալները մարմնաւորող, խորհրդանշող, կենսաւորող ուժեր:

Արդարեւ, նկատի առնելով, որ հարազատ հողը սրբութիւն է, հետեւաբար այդ սրբութեան համար կարելի է զոհել կեանքը: Վերոնշեալ լոյսին տակ անհրաժեշտ է լուսարձակի տակ առնել Հայաստանի անկախութեան եւ լինելութեան համար հազարաւոր հայորդիներու կեանքի նուիրաբերումով 28 մայիս 1918 թուականին տեղի ունեցած Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի արիւնահեղ դիւցազնամարտերը, որոնք յանգեցան 28 մայիսի պատմական, անմոռանալի իրադարձութեան:

28 մայիսը մեկնակէտն էր Հայաստանի անկախացումի գործընթացին, հայ ժողովուրդի միացեալ եւ ինքնիշխան ապրելու ձգտումին: Այդ ձգտումը իրագործումի չհասաւ գլխաւորաբար համայնավար Ռուսիոյ անդրկովկասեան քաղաքականութեան եւ Թուրքիոյ հետ քաղաքական համաձայնութեան պատճառով: Սակայն Հայաստանի Հանրապետութեան ստեղծումն ու գոյատեւումը ձախողութեան մատնեց թուրքերու համաթուրանական մեծ երազը, որ հիմնական նպատակակէտը եղած էր Մեծ եղեռնը կազմակերպողներուն: 28 մայիսի անկախութեան հերոսամարտը վերջակէտ մը դրաւ այն ճամբուն, որ Թուրքիոյ տարիներու երազն էր` Թուրանի ստեղծումը:

Սարդարապատը, Ղարաքիլիսան ու Բաշ Ապարանը եւ անոնցմէ ետք միատարր Հայաստանի մը ստեղծումը, գէթ երկար ժամանակի համար, ամբողջապէս պատուար կանգնեցուցին համաթուրանական յորձանքին դիմաց, որուն առաջին եւ գլխաւոր զոհը հայութիւնը պիտի ըլլար:

Այդ հողը` Հայաստանը հիմա ազատ է, բայց չմոռնանք, որ այդ ազատութիւնը կերտուեցաւ հազարաւոր ազատասէր ոգիի եւ կամքի տէր մարդոց մարտնչումի եւ արեան գնով: Իսկ արիւնը գին չունի: Արիւնը, եթէ սրտէն քամուած եւ ներծծուած է հողին մէջ, ամուր, ամո՜ւր յիշողութիւն ունի:

Այսպէս, 100 տարիներ առաջ ծնած մայիսեան յաղթանակի հերոսներն ու գործիչները կ՛անմահանան մեր պատմութեան մէջ: Այդ զոհաբերողներու կերտած ճամբան անքակտելի է հայոց պատմութենէն, քանի որ անոնց գործունէութիւնը հայ ժողովուրդին համար համազօր է հրաշքի եւ կ՛արտացոլայ արմատաւորման կարեւորագոյն շրջանին մէջ:

Օրհասական պահերուն մէջ ծնած հերոսները անկասկած կ՛ապրին մեր սրտերուն ու յիշողութեան մէջ: Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրման ճամբուն վրայ հայ ժողովուրդի քաջարի զաւակները բազմաթիւ են, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին առիթով այստեղ իգական եւ արական սեռի տարբեր խաւերու պատկանող փաղանգէն մենք կը ներկայացնենք 100 դէմքեր միայն` ֆետայական, զինուորական, քաղաքական, հոգեւորական, պետական, դիւանագիտական, հասարակական եւ այլ անձնաւորութիւններ, որոնք ծնան Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի բաց դաշտերուն վրայ, Արագածի փէշերուն եւ Զանգեզուրի երկնամերձ բարձունքներուն` «Ազատութիւն կամ մահ» նշանաբանով հայրենակերտման դժուարին ուղին հարթած ֆետայիներու սերունդին շնորհիւ: Զինուորներ էին անոնք, մարտիկները ցեղին ազնուագոյն արժէքներուն, ամենահամեստ հայդուկները` երեքհազարամեայ հայ արեան ամէնէն իրաւ ապրումներուն: Քաղաքական եւ դիւանագիտական նուիրեալներ էին նաեւ: Հայոց ինքնութիւնը կոփուեցաւ այդ բազմահազար դէմքերուն շնորհիւ:

Այստեղ ներկայացուած 100 դէմքերը կը ներկայացնեն կեանքը այն մտաւորականներուն եւ հայդուկներուն, որոնք գրիչով ու զէնքով, հաւասարապէս, կերտեցին հայկական ազատամարտը, եւ որուն արդիւնք է Հայաստանի Ա. Հանրապետութիւնը: Անոնք իրենց գերազանցութեամբ լաւագոյնս կ՛արտացոլացնեն Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան ընթացքը:

Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտիչներու, պետական դէմքերու եւ այլ նուիրեալներու փաղանգը բաժնուած է հետեւեալ երեք բնագաւառներու մէջ.

Առաջինը` անկուսակցական, ռուսական բանակին մէջ ծառայող զինուորականները, զօրավարէ սկսած մինչեւ համեստ զինուորը: Անոնցմէ շատերը իրենց փառաւոր յաղթանակներով դարձած էին զինուորական մեծահռչակ հեղինակութիւններ, ծնած եւ դաստիարակուած` օտարացած հայ ընտանիքներու մէջ, ռուսական զինուորական վարժարաններու մէջ կազմաւորուած, երբեմն` թրծուած ռուսական ոգիով, տարիներ ռուս պետական շահերուն ծառայած, երբեմն` նոյնիսկ անծանօթ` հայ իրականութեան, անհաղորդ` հայկական ցաւերուն: Կատարելապէս ռուսացած հայ զինուորականները, երբ քայքայուած ճակատի վերակազմակերպման համար Թիֆլիսի Հայ ազգային խորհուրդն ու հայ ժողովուրդը կարիքը ունէին իրենց, անոնք առանց տատամսելու` հայ ազգին հետ եղան պատերազմի դաշտին մէջ, առաջնակարգ դիրքերուն վրայ, հայօրէն նահատակուելու:

Ահա՛, ոչ մէկ հոսանքի թեքում ունեցողներ, պարզապէս` հայու հաւատարիմ արիւն կրողներ, որոնք համայն հայութեան զաւակներն էին, վերադարձած էին իրենց ժողովուրդին, եւ ամբողջ ազգը, դարերու մթին անջրպետէ մը ետք, իրենցմով վերականգնած էր, եւ իրենք վերականգնած էին սպարապետի, զօրավարի, հրամանատարի իրենց հինէն եկած փառքը:

Եթէ ռուսական դաստիարակութիւն ստացած զինուորականները հայօրէն պատրաստ էին նահատակուելու, ապա Արամ Մանուկեաններն ու Դրոները, Գարեգին Նժդեհներն ու Սասունիները եւ անոնց նմանները, որոնք մաս կը կազմէին Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան, իրենց երդումին հաւատարիմ` միայն ու միայն ծառայել իրենց ազգին, առանց փնտռելու փառք ու պատիւ, յանձն առին իրենց արեամբ ոռոգել հայրենի սուրբ հողը:

Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան)` հսկայ մը. քաղաքական կամ զինուորական ղեկավար ոչ մէկ դէմք Արամի նման իր դրոշմը ձգած է Հայաստանի անկախութեան պատմութեան վրայ:

Ճգնաժամային այդ օրերուն ժողովուրդը Արամին կը յանձնէ ամէն իշխանութիւն եւ զայն կ՛ընտրէ տիքթաթէօր, բայց իր ամբողջ կեանքը ժողովուրդին մէջ անցուցած ղեկավարը չի դառնար միապետ:

Արամ Մանուկեանի ներկայութեան չկար արեւելահայի եւ արեւմտահայի խնդիր, չկար նաեւ յարանուանական կամ կուսակցական խտրութիւն: Ան պահած էր հաւասարակշռութիւնը: Այս հաւասարակշիռ յստակատեսութեամբ է, որ ան ստեղծեց իր «տիքթաթէօրութիւնը»:

Արամ Մանուկեանին վիճակուեցաւ սեփական կնիքը պարտադրել պատմութեան ընթացքին:

Եթէ այսօր ուրախութեամբ եւ հպարտանքով կ՛ընդունինք, որ համայն հայութեան Հայաստանն է այսօրուան Հայաստանի Հանրապետութիւնն ու անոր գլուխը կանգնող նախագահը, ապա պէտք է արժանավայել ձեւով նշենք 28 մայիս 1918 թուականը ու մայիսեան յաղթանակներով պսակող Հայաստանի անկախ պետականութեան դարբինին` Արամ Մանուկեանին դերակատարութիւնը եւ յիշատակը, որովհետեւ 28 մայիս 1918 թուականը համազգային սեփականութիւն է, իսկ Արամ Մանուկեանը խորհրդանիշն է այդ սեփականութեան, մեր այսօրուան լինելութեան եւ ինքնութեան` իբրեւ գաղափարական մարդ, քաղաքական գործիչ, աննկուն յեղափոխական, կազմակերպական ղեկավար եւ համայն հայութեան Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր ՀԵՐՈՍ-ը:

Իսկ երրորդ բնագաւառին մաս կը կազմեն այն անձնաւորութիւնները, որոնք ընդհանրապէս եղած են քաղաքական, պետական, դիւանագիտական, կրթական, հասարակական գործիչներ` օրուան տարբեր կուսակցութիւններու անդամներ եւ կամ անկուսակցականներ, որոնք նոյնպէս հայ ազգի շահերը ամէն ինչէ վեր գերադասելով` յանձն առին շատ ծանր իրենց պարտաւորութիւնները:

Հայաստանի անկախութեան 100-րդ տարեդարձին առիթով, բնականաբար եւ ինքնաբերաբար, ազգովին պարտաւոր ենք յարգելու յիշատակը հայ ժողովուրդի բոլոր զաւակներուն, որոնք Հայոց ցեղասպանութենէն ճողոպրած` հաւատքով ու կամքով համախմբուեցան հայրենիքի կերտման շուրջ: Ուրեմն անհրաժեշտ է մնալ մայիս 28 կերտողներուն պատգամին հաւատարմութեամբ, որովհետեւ պատմութիւնը կը մնայ անջնջելի եւ անխախտ:

Հետեւաբար Հայաստանի անկախութեան, իրաւական հանրապետութիւն ըլլալու եւ հիմնադրման մէջ մեծ է դերը այն հազարաւոր հայ հերոսներուն, որոնք իրենց կեանքը ազատութեան, անկախութեան ու Հայ դատի զոհասեղանին մատաղ տուին: Անոնք իրենց հերոսական արարքներով անմոռանալի կը մնան մարդոց եւ հաւաքականութեան մտքերուն մէջ, որովհետեւ յստակ դրոշմ դրին շրջանի մը վրայ եւ կամուրջ կը հանդիսանան անցեալին եւ ապագային միջեւ:

Վերջապէս, հեռու զգացական մօտեցումներէ, անհրաժեշտ է յիշատակը վառ պահել այդ հերոսներուն, որովհետեւ անո՛նք դարերու համար կերտեցին դիմագիծը հայ միասնական սերունդներուն` խիզախ,  պատուախնդիր եւ անվեհեր` հիմնելու միացեալ, ազատ եւ անկախ Հայաստանը:

 

ՏԻԱՆԱ ԱԲԳԱՐ

Անահիտ Աբգարեան (Տիանա Աբգար)` մտաւորական, գրող, հասարակական եւ քաղաքական ականաւոր գործիչ, 1919-1920 թուականներուն Հայաստանի Ա. Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչը Ծայրագոյն Արեւելքի մէջ (Ճափոն), աշխարհի առաջին կին դեսպանը:

Իրականութեան մէջ Տիանային անունը Տայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերէն գրած է Տիանա, այժմ ընդունուած է այդ տարբերակը, իսկ անոր օրիորդական ազգանունը Աղաբեկեան է: Տիանայի ծննդավայրին հետ կապուած իրերամերժ տեսակէտներ կան` Պուրմայի մայրաքաղաք Ռանկուն, Նոր Ջուղա, Պոմպէյ, սակայն յստակ է, որ անոր նախահայրերը եղած են նորջուղայեցիներ:

Տիանան ծնած է 12 հոկտեմբեր 1859-ին: Կրթութիւնը ստացած է Կալկաթայի կանանց մենաստանին մէջ:

1890 թուականին Հոնկ Քոնկի մէջ ամուսնացած է ծնունդով նորջուղայեցի Միքայէլ Աբգարեանին (Մայքլ Աբգար) հետ, որմէ ետք որոշած են մշտական բնակութիւն հաստատել Ճափոն, ունեցած են երեք զաւակ:

Տիանա 1906 թուականին, ամուսինին մահէն ետք, ընտանիքը տեղափոխած է Եոքոհամա, ուր ան բացած է վաճառատուն եւ մեծ առանձնատուն գնած` Եոքոհամայի Եամատէ թաղամասին մէջ, որուն հիւրընկալ դռները միշտ բաց եղած են ինչպէս օտար բարձրաստիճան անձնաւորութիւններու, այնպէս ալ խոնարհ հայ գաղթականներու առջեւ:

Ա. Համաշխարհային պատերազմի նախօրեակին եւ այդ տարիներուն Տիանա Աբգարը հանդէս եկած է հայ ժողովուրդին նուիրուած դասախօսութիւններով, յօդուածներով, աշխատակցած է Եոքոհամայի «The Japan Gazette» անգլիալեզու ճափոնական թերթին: Այդ թերթի հրատարակութիւններուն մէջ անոր անգլերէն հրատարակած գիրքերէն են` «The Truth About the Armenian Massacres» («Ճշմարտութիւնը հայութեան ջարդերու մասին» (1910 թ.), «The Case of the Armenians» («Հայկական հարցը»), Betrayed Armenia («Դաւաճանուած Հայաստան», (1912 թ.), «In His Name» («Իր անունով», (1911 թ.), «The Peace of Europe» («Եւրոպայի խաղաղութիւնը»), «The Peace Problem» («Խաղաղութեան հարցը», (1912 թ.), «Peace and no peace» («Խաղաղութիւն եւ ոչ խաղաղութիւն», (1912 թ.): Ան նաեւ կատարած է ժամանակի հանրայայտ «Թայմզ», «Ֆիկարօ» եւ այլ թերթերու ու ամսագրերու պատուէրները` գրելով յօդուածներ Արեւելքի երկիրներու տնտեսութեան վերաբերեալ:

Տիանան, հայերէնի կողքին, տիրապետած է` պարսկերէնի, անգլերէնի, հնդկերէնի, ճափոներէնի ու չինարէնի:

Տիանան նաեւ բանաստեղծութիւններ գրած է, որոնք լոյս տեսած են եւրոպական ու ամերիկեան մամուլին մէջ: Անոր վերջին գործը եղած է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People», «Հազար պատմուածքներու գիրքէն», «Հայաստանի ու անոր մարդոց պատմութիւնները» պատմուածքներու ժողովածուն (2004 թ. Միացեալ Նահանգներու մէջ հրատարակած է անոր թոռնուհին` Լուսիլ Աբգարը): Տ. Աբգարի գրած նիւթերը ինք լսած եւ գրի առած է Ճափոն հասած հայ փախստականներէն:

Հայոց ցեղասպանութեան յաջորդող տարիներուն իր կրթութեամբ, հարստութեամբ ու հայրենասիրութեամբ մեծ համբաւ ու հեղինակութիւն վայելող Տիանան դրսեւորեց իր մեծ սէրն ու յարգանքը հայ ժողովուրդին հանդէպ: Ան կը փորձէր ամէն կերպով օգտակար ըլլալ ազգակիցներուն ու Հայաստանին:

Տ. Աբգարը լաւատեղեակ էր ինչպէս հայ ժողովուրդի ծանր վիճակին, այնպէս ալ եւրոպական երկիրներէն տրուող օգնութեան պակասին մասին: Ան ամէն ինչ ըրած է Եւրոպայի օգնութիւնը կազմակերպելու ուղղութեամբ, բայց` ապարդիւն:

1919 թուականին Տիանան մասնակցած է Խարբինի մէջ (Չինաստան) կայացած Սիպերիոյ եւ Ծայրագոյն Արեւելքի հայերու համաժողովին, ուր զայն ընտրած են պատուոյ նախագահ:

2 յուլիս 1920-ին Տիանա Աբգարը նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչ եւ գլխաւոր հիւպատոս Ծայրագոյն Արեւելքի մէջ, Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ճափոնի մէջ:

Տիանա Աբգարի դեսպան նշանակուելէ ետք, Ճափոնը տէ ֆաքթօ ճանչցաւ Հայաստանի Հանրապետութիւնը` հեշտացնելով Տիանայի մարդասիրական գործունէութիւնը եւ փախստականներուն տրուող օգնութիւնը: Անոր հովանաւորութիւնը վայելած են նաեւ Սինկափուրի եւ Ինտոնեզիոյ հայերը:

Տիանա Աբգարը, զարգացած ըլլալուն կողքին, եղած է կրօնասէր, քաղաքականապէս տեղեկացուած, գթառատ եւ յստակ գործող անձնաւորութիւն: Ան ունեցած է նաեւ շատ տպաւորիչ արտաքին ու հմայք, այդ պատճառով ալ բոլոր ազգերու դիւանագէտները միշտ ոտքի կանգնելով` յարգած են զինք:

Տիանա Աբգարի աշխատութիւնները ու 13 գիրքերը, որոնցմէ ինը նուիրուած են Հայոց ցեղասպանութեան, ճափոնական հասարակութեան ծանօթացուցած են հայ ժողովուրդին ու Եղեռնին: Միաժամանակ ան կրցած է նիւթական միջոցներ հայթայթել` օգնելով Ցեղասպանութենէն վերապրածներուն, ոմանց ալ տեղափոխելով Միացեալ Նահանգներ:

Տիանա Աբգարը Ճափոնի մէջ ապրած է 46 տարի: Ան կը մահանայ 8 յուլիս 1937-ին, Եոքոհամայի մէջ: Անոր աճիւնը ամփոփուած է տեղի օտարերկրացիներու գերեզմանատունը` ամուսինին շիրիմին կողքին:

(Շար. 1)


«Դրօշակ»-ի Խմբագրական. Ո՞վ Է Դաշնակցականը (Վերահարստացման Փորձ)

$
0
0

ՀՅ Դաշնակցութեան ստեղծած արժէքային համակարգին մէջ մեծ տեղ կը գրաւեն գաղափարական ու աշխարհահայեացքային պատկերացումները: Մեծ տեղ կը գրաւեն նաեւ նոյն այս գաղափարական մտածողութենէն բխած քաղաքական մտածողութիւնն ու ատոր արդիւնք` առաջադրանք-նպատակները:

Հսկայական գրադարան մը կը լեցնեն Դաշնակցութեան արտադրած գաղափարական թէ քաղաքական միտքի արգասիքը հանդիսացող տեսաբանական գործերը` Վարանդեանէն մինչեւ Ռուբէն, Ս. Վրացեանէն մինչեւ Նաւասարդեան, ու մինչեւ Հրաչ Տասնապետեան ու Սարգիս Զէյթլեան:

Այս բոլորին մէջ կարեւոր տեղ կը գրաւեն Դաշնակցականի (գլխագիր Դ-ով) կերպարը բնութագրող մտածողներ` Ռուբէնէն սկսեալ մինչեւ այն սերունդը, որ 1960-ականներու աւարտէն սկսեալ ու գրեթէ երեսնամեակ մը վարեց ՀՅ Դաշնակցութեան ղեկը: Այսինքն` Հրայր Մարուխեան, Հրաչ Տասնապետեան, տոքթ. Բաբգէն Փափազեան եւ Սարգիս Զէյթլեան, որոնք իրենց աշխատութիւններով, խմբագրականներով թէ հանրային ելոյթներով բնութագրեցին դաշնակցականի կերպարն ու անոր գաղափարական աշխարհը:

Մէկ խօսքով, դաշնակցականի մտակառոյցը, այդ անհատին ներքին էութիւնն ու կերպարը բնութագրող գաղափարական հարուստ ենթահող կայ: Այս բոլորը կը միահիւսուին ու կը բխին ՀՅ Դաշնակցութեան ոչ միայն Ծրագիրէն ու Կանոնագիրէն, այլ նաեւ` պատմութենէն, գաղափարաբանութենէն, աւանդութիւններէն, անգիր օրէնքներէն, դաշնակցականի իմացական թէ բնազդային դրսեւորումներէն, որոնք տասնամեակներու ընթացքին ստեղծած են ամուր հենք ու պատուանդան:

Այս նոյն հենքը, այսօրուան հայկական թէ միջազգային զարգացումներու լոյսին տակ, անհրաժեշտ է ոչ միայն պահպանելը, այլ նաեւ` զայն նոր տարրերով հարստացնելը: Տարբեր խօսքով, այս պատուանդանին վրայ նոր շերտեր աւելցնելու պարտաւորութեան տակ է դաշնակցական Միտքը: Ճիշդ է, սփիւռքի մէջ, յատկապէս 1970-80-ական տարիներուն մեր երիտասարդութեան գաղափարականացումը եւ քաղաքականացումը նոր փուլ նուաճեցին` շնորհիւ Հայ դատին ի նպաստ մղուող պայքարին: Ընդունելով հանդերձ, որ նոյն այդ մթնոլորտը եւ իմացական պատրաստուածութիւնը իրենց բարերար դերը խաղացին արցախեան ազատագրական շարժումին ընթացքին, այսուհանդերձ, մենք կը գտնուինք նոյն այդ Դաշնակցականի կերպարին գաղափարական խարիսխին վրայ քար մը եւս աւելցնելու անհրաժեշտութեան դիմաց:

Իսկ ի՞նչ են այս պարտաւորութիւնը ընդգծող ազդակները:

Վերջին երեսուն տարիներուն ընթացքին հայկական աշխարհէն ներս երկու շատ աչքառու դրական զարգացումներ արձանագրուեցան, որոնք դաշնակցական Միտքին վրայ տակաւին իրենց դրական, խորքային ու մանաւանդ համատարած հետքը չեն ձգած:

Առաջինը հայկական հողի, բռնագրաւուած հայրենի հողին ազատագրումին փաստն է` Արցախի ազատագրական շարժումին իբրեւ արդիւնք: Աւելի քան մէկ դարէ ի վեր առաջին անգամը ըլլալով հայ ժողովուրդը յաջողեցաւ հայրենի հող ազատագրել ու ընդարձակել հայրենիքին սահմանները` իբրեւ խարիսխ գալիք Միացեալ Հայաստանի: Ասոր մէջ ՀՅԴ-ի դերակատարութիւնը, գաղափարական, քաղաքական ու գործնական-մարտական առումներով, առանցքային պէտք է համարել: Սա վիճայարոյց հաստատում չէ:

Երկրորդը այսօր, 1991-էն ասդին, ՀՅԴ-ն դարձած է հայկական սեփական պետութեան մէջ գործող կուսակցութիւն` ի դէմս մինչեւ այդ թուականը միայն սփիւռքի մէջ սահմանափակուած ըլլալուն` շատ յստակ պատճառներով:

Դաշնակցական անհատին ներքին հոգեկերտուածքը, մտածողութիւնը կամ կերպարը անհրաժեշտ ու համապատասխան չափով չեն զարգացած այս երկու անկիւնադարձային իրադարձութիւններու բարերար ազդեցութեամբ:

Դաշնակցականի «սփիւռքեան» հոգեկերտուածքը, բնական թափով, ՀՅԴ-ի` Հայաստանի, հայրենիքի՛ մէջ գործունէութեան դաշտ մտնելու բերումով, ներմուծուած է անկախ պետական կառոյցով յատկանշուող Հայաստանի մէջ. այսինքն` ա՛յն Հայաստանի մէջ, ուր ի տարբերութիւն սփիւռքի, պետականութեան ենթադրած խաղի նոր կանոններ կան թէ՛ վարչական կառավարման, քաղաքական եւ թէ՛ մանաւանդ` պատասխանատուութեան իմաստներով: Բարեբախտաբար, 1991-էն ասդին, հայաստանաբնակ դաշնակցականի հոգեկերտուածքը կը գործէ (կամ առնուազն կը ձգտի գործելու) ըստ այս նոր խաղի կանոններուն: Սփիւռքի մէջ, սակայն, այս բարեշրջումին նշանները տակաւին շատ սաղմնային են, երբեմն ալ` անգոյ:

Հետեւաբար դաշնակցականի կերպարը հասարակ յայտարարի բերելու անհրաժեշտութիւնը շատոնց է որ կը զգացուի:

Երրորդ կէտը այն է, որ Խ. Միութեան փլուզումէն ետք, դրամատիրական աշխարհակարգը (իր նէօլիպերալ կամ նէօպահպանողական թեւերով. երկուքն ալ տեղ մը կը նոյնանան) հետզհետէ ստացած է աւելի վայրագ ու ընչաքաղց նկարագիր: Ասոր կը միանայ ելեւմտական դրամատիրութեան ներկայ ընթացքը, ուր աշխատաւոր-արտադրող դասակարգը լուսանցքէն դուրս մղուելու ընթացքի մէջ կը գտնուի:

Ասոր վրայ կ՛աւելնայ նաեւ նոյն այս աշխարհակարգի ապագաղափարական վարքագիծը, որ կը ձգտի համաշխարհային իմաստով «համահարթեցման»` գաղափարաբանութիւնները չէզոքացնելու ճամբով աշխարհը վերածելու միայն ու միայն մէկ ու մեծ շուկայի մը, ուր կարելի է բնական պաշարներէն օգտուիլ` նուազագոյն գիներով եւ արտադրութիւններ վաճառել առաւելագոյն գիներով: Մէկ խօսքով, «դրամատիրական պոլշեւիզմ»-ի դրսեւորումներու ճամբով համաշխարհային ընկերային-տնտեսական կարգուսարքը կը սպառնայ ազգերու եւ ժողովուրդներու ազգային, հոգեմտաւոր ու մշակութային ինքնուրոյնութեան: Ասոր դէմ պայքարի միակ գաղափարական հենքը կը մնայ ընկերվարութիւնը, հայկական իրականութեան մէջ` Դաշնակցութեա՛ն դաւանած ընկերվարութիւնը:

Այս ընդհանուր միջավայրը իր ժխտական ազդեցութիւնը կը ձգէ ոչ միայն հայութեան, այլ նաեւ դաշնակցական մարդու հոգեկերտուածքին վրայ: Տարբեր խօսքով, վտանգուած են դաշնակցական մարդու դիմագիծը, ներաշխարհը, մտակառոյցը, որովհետեւ ան (ինչպէս` ամբողջ հայութիւնը ու բազմաթիւ ուրիշ ժողովուրդներ) ենթակայ կը մնայ ապազգային ու վայրագ դրամատիրական ուժերու ուժեղ քարոզչութեան:

Հետեւաբար ՀՅ Դաշնակցութիւնը կը գտնուի ոչ միայն այս երեւոյթին դէմ պայքարին, այլ դաշնակցական մարդու հոգեկերտուածքի բիւրեղացումին լուրջ գործին դէմ յանդիման:

Տարբեր խօսքով, յենելով մեր գաղափարական ու հոգեմտաւոր հարուստ ժառանգութեան վրայ` մենք խնդիր ունինք նաեւ (ու մանաւանդ) հարստացնելու նոյն այդ ժառանգութիւնը` վերոնշեալ երեք հիմնական կէտերու լոյսին տակ:

Եւ ուրեմն, քննարկման այս սիւնակներով շեշտադրումը պիտի կատարուի մտածուած խօսք ու միտք փոխանցելու (ի հարկին` բանավէճով) գաղափարին վրայ:

Այս սիւնակով ալ կը սկսինք մեր երթը:

Անդրադարձ. Սպասելով Թրամփ-Փութին Վեհաժողովի Արդիւնքին

$
0
0

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

Այսօր ամբողջ աշխարհի ուշադրութիւնն ու բոլոր լրատուամիջոցներուն լուսարձակները կեդրոնացած են Հելսինքիի մէջ տեղի ունենալիք Թրամփ-Փութին վեհաժողովին վրայ, որուն ընթացքին Միացեալ Նահանգներու նախագահին հաւաստումով պիտի քննարկուին Ուքրանիոյ, Սուրիոյ, «Միջին Արեւելքի այլ հատուածներու, հիւլէական զէնքի տարածման կանխարգիլման (իմա Իրանի) հարցերը»:

Վեհաժողովի օրակարգին վրայ ներառուած հիմնականին մէջ միջինարեւելեան այդ հարցերով մօտէն շահագրգռուած երկիրներէն Թուրքիոյ եւ Իսրայէլի ղեկավարները անցնող շաբթուան ընթացքին իրենց շահերը ապահովելու կամ առնուազն կարելիի սահմաններուն մէջ մեծերու համաձայնութենէն իրենց կրելիք վնասները նուազեցնելու մետասաներորդ պահու ճիգով մը հաղորդակցութեան մէջ մտան Փութինի եւ Թրամփի հետ: Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահու չորեքշաբթի օր Մոսկուայի մէջ հանդիպում ունեցաւ Փութինի հետ, իսկ շաբաթ օր հեռաձայնային հաղորդակցութիւն մը` Թրամփի հետ: Էրտողան իր կարգին հեռաձայնային հաղորդակցութիւն մը ունեցաւ Փութինի հետ:

Փութինի օգնական Եուրի Ուշաքով շաբաթ օր յայտնեց, որ Թրամփ-Փութին հանդիպումին ընթացքին «պիտի քննարկուի սուրիական տագնապը, ներառեալ այնտեղ Իրանի ներկայութեան հարցը: Ատիկա սուրիական խնդիրի հիմնական մասերէն է»: Ռուսական կողմը այդպիսով իր պատրաստակամութիւնը յայտնեց այդ հարցին շուրջ բանակցելու:

Մինչ իրանեան ուժերու Սուրիայէն հեռացման հարցը իսրայէլեան հիմնական պահանջ մըն է, Թուրքիան այն մտավախութիւնն ունի, որ այդ հարցով ռուսական զիջումին գինը կրնայ ինք վճարել. Թրամփ իրանեան ուժերու հեռացման դիմաց կրնայ համամիտ գտնուիլ սուրիական բանակին Իտլիպ մուտք գործելուն: Թուրքիոյ նախագահական բանբերի մը համաձայն, հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին Էրտողան Փութինին յայտնած է, որ սուրիական բանակին կողմէ Իտլիպ նահանգին մէջ որեւէ յարձակում պիտի տապալէ Ասթանայի համաձայնութիւնը: Էրտողանի կատարածը զգուշացումէ մը եւ լափալիսեան ճշմարտութեան նշումէն աւելի թրքական խոր մտավախութեան մը արտայայտութիւնն է, որովհետեւ Իտլիպի նկատմամբ վերահսկողութեան կորուստը կը նշանակէ Սուրիոյ տագնապի լուծման հոլովոյթին վրայ Անգարայի ազդեցութեան ու բանակցութեան սեղանին վրայ աթոռին կորուստը:

«Մեծեր»-ը ո՞ր հարցերուն շուրջ պիտի համաձայնին, ի՞նչ պիտի ըլլայ այդ համաձայնութիւններուն տարողութիւնը, ինչպէս նաեւ ազդեցութիւնը «փոքրեր»-ուն վրայ. Ֆինլանտայի մայրաքաղաքէն ժամեր ետք տեղի ունենալիք հանդիպումին հրապարակուած արդիւնքները եւ անոնց նկատմամբ հակազդեցութիւնները թերեւս որոշ պատկերացում մը կու տան պատասխաններուն մասին:

 

 

 

Բարի Լոյս 37. Հաւատարիմ` Մայիս 28-ի Սերունդի Պատգամին

$
0
0

ՅԱԿՈԲ ՀԱՒԱԹԵԱՆ

Այսօր, երեկոյեան ժամը 8:00-ին, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին առիթով, ՀՅԴ «Ն. Աղբալեան» կոմիտէի նախաձեռնութեամբ տեղի պիտի ունենայ իւրայատուկ ձեռնարկ մը` Մըզհերի հայահոծ շրջանի մէկ պողոտան անուանակոչելով «Մայիս 28» եւ հոն կանգնեցնելով նաեւ յուշակոթող մը:

Անցնող երկու ամիսներուն լիբանանահայութիւնը մշակութային, մարզական, աշակերտական եւ ժողովրդային հաւաքներով ու համագաղութային տարողութեամբ նշեց Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը: Կեդրոնական մարմինին կողմէ կազմակերպուած նախաձեռնութիւնները առիթ հանդիսացան, որ նորահաս սերունդը մօտէն առնչուի Հայաստանի Ա. Հանրապետութիւնը կերտած սերունդի նուիրեալներուն հետ եւ հաղորդակից դառնայ անոնցմէ եկող մի՛շտ այժմէական պատգամներուն, յատկապէ՛ս հայութեան ու Հայաստանի ապրած ներկայ ժամանակահատուածի մարտահրաւէրներուն ու իրադարձութիւններուն դէմ յանդիման:

Կասկածէ վեր է ու պատմադրոշմ իրականութիւն, որ Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտումին մէջ Հայ յեղափոխական դաշնակցութեան դերն ու կշիռը ունի նշանակալից հանգամանք, եւ առ այդ` համազգային իրագործումի կենսաւորման ու նաե՛ւ անոր արժէքային համակարգին պահպանման համար, անցնող տասնամեակներուն ժողովուրդին կուսակցութիւնը մի՛շտ ալ առաջնորդուած է խարսխուած գաղափարական այդ հէնքին վրայ ու իրերայաջորդ սերունդներ դաստիարակած ազատ եւ անկախ Հայաստանի քաղաքական ու ազգային մտածողութեամբ եւ հայրենիքը մի՛շտ ամէն բանէ վեր նկատելու պատմական կենսափորձ նուաճած հասկացողութեամբ: Այս բոլորը անշուշտ միշտ ալ կատարուած են յանուն ազգային մեծ տեսլականի ու երազի իրականացման` ամբողջական հայութեամբ ամբողջական Հայաստանի կերտման ի խնդիր: Այս երազի իրականացման ու պայքարի երթը շարունակելու վճռակամութեամբ, վերջերս նաեւ խումբ մը նորահաս երիտասարդներ ու ուսանողներ Մայիս 28-ը կերտած սերունդի նուիրեալներու պանթէոնին դիմաց կատարեցին իրենց դաշնակցականի երդումը եւ յանձնառու դարձան նուիրուելու հայրենիքի ծառայութեան սուրբ գործին:

Այսօրուան ձեռնարկը իր կարգին կու գայ համալրելու 100-ամեակի նուիրուած նախաձեռնութիւնները, եւ անկախութեան կերտիչներէն Նիկոլ Աղբալեանի անունը կրող կոմիտէութիւնը վայել գիտակցութեամբ կու գայ մասնակից դառնալու 100-ամեակի համահայկական նշումներուն եւ կը կանգնեցնէ յուշակոթող մը Մըզհերի հայաշատ շրջանին մէջ: Վայրին ընտրութիւնը նաեւ այս պարագային ունի թելադրական խորիմաստ արտայայտութիւն` տրուած ըլլալով, որ յուշակոթողը կը կանգնի «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի եւ Համազգայինի «Մ. եւ Հ. Արսլանեան» ճեմարանի կողքին: Հայաստանի Ա. Հանրապետութեան կարճատեւ կեանքի փուլէն անմիջապէս ետք, երբ այդ անկախութիւնը կերտած անկրկնելի սերունդը վտարանդի դարձաւ իր հայրենիքէն եւ անմիջապէս եկաւ Եգիպտոս ու ապա Լիբանան, ան հիմնական դերակատարը դարձաւ կեդրոնական այս գաղութի կազմակերպման աշխատանքներուն` հիմնելով ակումբներ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւն, Հայ ճեմարան, հրատարակչատուն, մամուլ, ստեղծելով ազգային բեղուն կեանք ու տալով այս գաղութին կեդրոնական դեր ու նշանակութիւն` ի խնդիր հայութեան գոյերթի շարունակականութեան:

Այդ սերունդը բախտը չունեցաւ այսօրուան ազատ ու անկախ Հայաստանը տեսնելու, սակայն իր դաստիարակած իրերայաջորդ սերունդները եւ ցանած գաղափարական սերմերը կենարար աւիւն ներարկեցին Հայ դատի հետապնդման աշխատանքներուն, ազատ եւ անկախ Հայաստանի կերտումին եւ արցախեան ազատագրական պայքարին:

Այդ սերունդին նկատմամբ իր յարգանքն ու երկիւղածութիւնը արտայայտող պատուաբեր իրագործում մըն է ՀՅԴ «Ն. Աղբալեան» կոմիտէի նախաձեռնութիւնը եւ հայաշատ շրջանը պատմութեան հետ կամրջելու կարեւոր նախաձեռնութիւն մը: Հայ մարդը ամէն օր պիտի անցնի «Մայիս 28» պողոտայէն եւ հանդիպի յուշակոթողին, պահ մը կանգ առնէ ու իր մտածումներու թելը պահէ ամուր իր անցեալին եւ արմատներուն հետ: Այո, հաւաքական գործը խթանող ու Մայիս 28-ի համազգային սխրանքին յուշարարը հանդիսացող կոթող մըն է, որ կը կանգնի այսօր լիբանանահայութեան կարեւոր շրջաններէն մէկուն մէջ, եւ այդ մէկը ինքնին կու տայ հաւաքական փաստ ու վկայութիւն, որ կեդրոնական այս գաղութին համար Հայաստանի Ա. Հանրապետութեան արժէքը կը շարունակէ մնալ այժմէական եւ մեր հաւաքական կեանքը կենսաւորող պատգամ:

Հայրենի տաղանդաւոր քանդակագործ Կակոյի (Գագիկ Գէորգեան) ձեռակերտը հանդիսացող քանդակը խտացումն է 28 Մայիսի պատմական արժէքին, հայ ժողովուրդի միասնականութեան, պայքարի երթը շարունակելու վճռականութեան ու իւրաքանչիւր հայ անհատի կողմէ Հայաստանի դրօշի` իմա՛ ազգային արժանապատուութեան նկարագիրը անխախտ պահելու հաստատ վճռակամութեան:

Այս ձեռնարկին իւրաքանչիւր լիբանանահայու ներկայութիւնը հոգիի պարտք է եւ հպարտութեան եզակի առիթ: Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտիչներու յիշատակին ու վաստակին ընդառաջ, իւրաքանչիւր հայորդի պարտաւոր է պահ մը կանգ առնել այս յուշակոթողին դիմաց եւ վերանորոգել իր ուխտը` յանուն մեր մեծ երազի իրականացման: Հետեւաբար, բոլորս միասնաբար, պէտք է հաւաքական այդ ուխտի վերանորոգման պահը ապրինք եւ որոշենք շարունակել մեր երթը` նահատակ ցեղի անմահներու բացած ուղիով:

 

 

Գիրքի Մը Հրատարակութեան Առիթով

$
0
0

ՍԻՐՈՒՆ ՍԻՍԵՌԵԱՆ-ՀԱՃԷԹԵԱՆ

Ձեռքիս մէջ է արդէն «Պատմական Հայաստանի աւանդներու հետքերով» գիրքը, ինծի նուիրուած` ազնիւ բարեկամի մը կողմէ: «Ազդակ»-ի մէջ առօրեայ աշխատանքներուս ընթացքին, մանաւանդ` բացառիկներու մէջ, միշտ հանդիպած եմ յարգելի յօդուածագիր Յովսէփ Պարազեանին:

Բայց չէի գիտեր, որ ինծի առիթը պիտի տրուէր անձնապէս ծանօթանալու արժանաւոր այդ անձնաւորութեան` Յունաստանի Համազգայինի Շրջանային վարչութեան ատենապետին:

– Չէ՛, երբեք չէի սխալած, երբ օր մը ամբողջ Աթէնքի մէջ իր ընկերակցութիւնը վայելեցի, ան զիս ծանօթացուց այդ երկրի բոլոր մեծ ու փոքր բարեմասնութիւններուն, բարձունքներուն եւ ձորերուն, ինչպէս նաեւ բոլոր ակադեմական կառոյցներուն` չմոռնալով յիշել յետին մանրամասնութիւնները:

Չկրցայ պահել իմ զարմանքս:

– Ա՛յ տղայ, դուն «Լա Ռո՞ւս» ես, ի՛նչ ես:

Այո՛, Յովսէփ Պարազեան իսկական համայնագիտարան մըն է` մշակուած ուղեղի կարողութիւններով եւ իր անհատնում ծանօթագրութիւններով:

Հիմա, երբ կը կարդամ գիրքը, դէմս կը պարզուին Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններն ու բնակավայրերը իրենց աշխարհագրական ու պատմական տեղեկութիւններով: Այդ շրջաններուն մէջ ապրած մեր մտաւորականներն ու գրագէտները, պատմաբաններն ու ազնուական ընտրանի մը կը տողանցեն աչքիս առաջ: Յովսէփ Պարազեանի տեսողութենէն չէ վրիպած ոեւէ մէկը, որ կարեւոր դեր ունեցած է մեր պատմութեան մէջ` Խրիմեան Հայրիկէն մինչեւ Ներսէս Շնորհալի:

Գնահատելի աշխատանք մը, որ կարդալով` յանկարծ քեզ իր հետ կը տանի այդ բոլոր շրջաններու եւ անհատնում եկեղեցիներու ըմբոշխնումին:

Օգտաշատ գործ մը եւ խոհուն անձի մը նայուածքն ու թելադրանքը` մեր պահանջատիրութեան նկատմամբ:

«Մենք կը հանդիսադրենք Արեւմտեան Հայաստանի գոյքերու, ինչքի խլուած իրաւունքի հարց. հազարաւոր եկեղեցիներ յափշտակուած, հազարաւոր վանքեր բռնագրաւուած, վաճառուած ու վերավաճառուած են», կ՛ըսէ Պարազեան:

Այսպիսով, Յովսէփ Պարազեան կը հաստատէ հայուն պահանջատիրութեան պայքարը եւ խանդը` ազգային դիմագիծը պահելու եւ իր իրաւունքներու վերատիրացման:

Յովսէփ Պարազեան կը շեշտէ խտրականութեան յստակ քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ հասարակական զարգացման իմաստով, թուրք պետութիւնը վատ քաղաքականութիւն կը կիրարկէ Արեւմտեան Հայաստանի հողերուն նկատմամբ եւ մեծաւ մասամբ լքած ու տնտեսապէս անտեսած է տարածաշրջանը:

Այս գրքոյկով Յովսէփ Պարազեան օգտակար ու շահաւէտ ձեռնարկութիւն մը կ՛ընէ նոր սերունդի գիտելիքներու ճանաչման, ծանօթացման ու տարածման:

 

 

11 Յուլիսը Աշխարհի Բնակչութեան Օրն Է

$
0
0
Այսօր 7,6 Միլիառ Բնակիչ Հաշուող Երկրագունդը Կը Դիմագրաւէ
Մարդոց Քաղաքներու Մէջ Բնակեցման Ծանրագոյն Մարտահրաւէրը

Ն. ՊԷՐՊԷՐԵԱՆ

Յուլիս 11-ին քաղաքակիրթ մարդկութիւնը կը նշէ «Աշխարհի բնակչութեան օր»-ը:

Արդէն կ’ապրինք աւելի քան 7,6 միլիառ մարդ ապրեցնող երկրագունդի մը վրայ, որ կը դիմագրաւէ միաժամանակ`

– Մարդկութեան թուական աճը հակակշռելու եւ համահաւասար զարգացում ու բարեկեցութիւն ապահովելու հրամայականը,

– Երկրագունդը մարդ էակի գործած աւերներուն, ապականումներուն եւ մսխումներուն դէմ պաշտպանելու կենաց-մահու խնդիրը,

– Գիւղերէն դէպի քաղաք մարդոց անկասելի հոսքը հունաւորելու եւ մեծ քաղաքներու սրընթաց աճը քաղաքաշինական լուծումներով դիւրացնելու ծանրագոյն մարտահրաւէրը:

Առ այդ, երկրագունդը գալիքի բնակչագրական պայթումի ահաւոր աղէտին դէմ պաշտպանելու եւ քաղաքակիրթ մարդկութիւնը զգօն պահելու նախանձախնդրութեամբ` յուլիս 11-ը, ՄԱԿ-ի որոշումով, 29 տարիէ ի վեր կը նշուի իբրեւ «Աշխարհի բնակչութեան օր»-ը:

11 յուլիս 1987-ին, երբ երկրագունդի բնակչութեան թիւը անցաւ 5 միլիառը աւելի լաւ ու բարօր աշխարհի մը պահանջով թափ առած միջազգային շարժումները սկսան ճնշում բանեցնել ՄԱԿ-ի վրայ, որպէսզի կայացնէ աշխարհի բնակչութեան միջազգային օր մը հաստատելու որոշումը` զայն նուիրելով մարդկութեան ժողովրդագրական ապագան բարելաւելու առաջադրանքին:

Երկբեւեռ աշխարհակարգի փլուզման ժամանակաշրջանն էր: Երկու տարուան ճամբայ կտրած էր Խորհրդային Միութեան «կորպաչեւեան վերակառուցման» յուսահատական փորձը: Ամբողջ մարդկութիւնը կը տեսնէր ու կը գիտակցէր, որ խորհրդային ամբողջատիրութիւնը լրիւ սնանկացած էր` թէ՛ քաղաքական-գաղափարական, թէ՛ տնտեսական-ընկերային առումներով: Այսուհանդերձ, 1987-ին դեռ ոչ ոք վստահ էր, որ մէկ ձեռքի մատներուն վրայ համրուող տարիներ միայն մնացած էին «Չարիքի կայսրութեան» վերջնական փլուզումին համար:

Նախ` 1989-ին փուլ պիտի գար Եւրոպան եւ ամբողջ աշխարհը երկփեղկող Պերլինի պատը, որուն պիտի հետեւէր, 1991-ի դեկտեմբերին, Խորհրդային Միութեան պաշտօնական լուծարումը:

1987ին նոյնպէս տեսանելի էին նախանշանները «ամերիկեան կայսերապաշտութեան» ելեւմտական ճգնաժամին, բայց դարձեալ ոչ ոք ստուգապէս կը նախատեսէր, որ տնտեսական-ելեւմտական ինչպիսի՛ ահաւոր անկումի մը նախօրէին կանգնած էր ողջ մարդկութիւնը:

Ահա այդ պայմաններուն մէջ, ի տես արագօրէն աճող աշխարհի բնակչութեան թուաքանակին, յատկապէս անդրադառնալով աշխարհի բնակչութեան մեծ մասին սպառնացող ամէն կարգի առողջապահական եւ տնտեսական մահացու վտանգներուն, համաշխարհային տարողութեամբ թափ առած ընկերային շարժումները արդէն ի վիճակի դարձած էին իրենց օրակարգը պարտադրելու երկրագունդի ճակատագիրը ղեկավարող ուժերուն, որպէսզի այս վերջինները արմատական վերանայման ենթարկեն իրենց եսասիրութիւնը եւ անմարդկային անտարբերութիւնն ու անհոգութիւնը մարդկութեան լքեալ, անսնունդ, վատառողջ եւ մեծաքանակ մահացող մեծամասնութեան նկատմամբ:

Այդ ճնշումները արդիւնաւորուեցան 1989-ին, երբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար խորհուրդը իր թիւ 89/46 որոշումով ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին յանձնարարեց յուլիս 11-ը հռչակել «Աշխարհի բնակչութեան օր»:

Այդպէս ալ եղաւ` 11 յուլիս 1990-էն սկսեալ:

Այդ որոշումին արդիւնքը անմիջապէս զգալի դարձաւ նախ ժողովրդագրական հարցերուն ստացած առաջնահերթ նշանակութեամբ` ամբողջ միջազգային ընտանիքը տագնապեցնող ընկերային ու տնտեսական խնդիրներու օրակարգին վրայ: Նորածիններու մահացութեան արագընթաց յաղթահարումէն մինչեւ սովահարներու փրկութեան ուղղուած միջազգային օգնութեանց կազմակերպումը` անցնելով կենսոլորտի պաշտպանութենէն եւ յետամնացութեան մատնուած լքեալներուն համար զարգացման հնարաւորութիւններու ապահովումէն եւ հասնելով մեծաքաղաքներու բնակչագրական հարցերու բարւոք լուծման քաղաքաշինական լուծումներուն` միջազգային հանրութիւնը արագօրէն լծուեցաւ երկրագունդը ամբողջ մարդկութեան համար աւելի բարօր եւ արդար աշխարհի մը վերածելու հաւաքական ճիգին:

Նոյն այդ որոշումին արգասիքը եղաւ Հազարամեակի ծրագրին որդեգրումը, որ ահա շուրջ երեք տասնամեակէ ի վեր հետեւողականօրէն կ’աշխատի ի սպաս ոչ միայն երկրագունդի բարիքներուն աւելի արդար վերաբաշխումին, այլեւ` մարդկային քաղաքակրթութեան ձեռքբերումները հաւասարապէս բոլորին մատչելի դարձնելու նպատակին:

Կասկածէ վեր է, որ միայն ճամբուն սկզբնաւորութեան կը գտնուի մարդկութիւնը: Գաղթատիրութեան եւ կայսերապաշտութեան դարաշրջաններուն պատճառած չարիքները` իրաւազրկումները, կեղեքումները, անհաւասարութիւններն ու անարդարութիւնները այնքան խոր արմատներ նետած են երկրագունդի ողջ տարածքին, որ նոյնիսկ բարեացակամութեան լիարժէք առկայութեան պայմաններուն մէջ միջազգային ընտանիքը երկար ժամանակի եւ արմատական բարեկարգումներու կարիքը ունի, որպէսզի կարենայ շօշափելի նուաճումներ արձանագրել «Աշխարհի բնակչութեան օր»-ի առաջադրանքները իրականացնելու ճամբուն վրայ:

Այդ առումով, պերճախօս է եօթը տարի առաջ հրապարակուած` ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղարին 11 յուլիս 2011-ի ուղերձը, որ կը խտացնէ ոչ միայն օրուան խորհուրդը, այլեւ` միջազգային ընտանիքին դիմագրաւած մարտահրաւէրները: Պան Քի Մունը ատենին պատգամած էր.

«… «Աշխարհի բնակչութեան օր»-ը առիթ մըն է տօնելու մեր հասարակաց մարդկայնութիւնը եւ բազմազանութիւնը: Նաեւ յիշեցում մըն է մեր ընդհանուր պատասխանատուութեան` իրարու հան-դէպ եւ մեր մոլորակին նկատմամբ հոգատար ըլլալու:

«®Մեր ուշադրութիւնը միշտ պէտք է կեդրոնանայ մարդոց վրայ: Աւելի քան երբեք, անհատ մարդիկ այսօր ի վիճակի են տարբերութիւն իրագործելու` համացանցի ճամբով իրարու հետ միանալով եւ բարեփոխման համար գործելով: Այս տարի մենք ականատես եղանք բազում օրինակներու, որոնց ընդմէջէն ի յայտ եկաւ ահագին ուժը ժողովուրդներու, որոնք յուսալքութեան փոխարէն` ընդգրկեցին յոյսը եւ հետամուտ եղան արդար վերաբերումի արժանանալու իրենց իրաւունքը նուաճելու հոն, ուր խտրականութեան պատճառով կը տառապէին, պահանջելով արդարութիւնը` ընդդէմ բռնակալութեան:

«Այսօր ժողովուրդներ ոգեւորուած են` հասնելու եւ անխոնջ աշխատանքով նուաճելու տիեզերական այն իրաւունքները, որոնցմով կը հպարտանայ ՄԱԿ-ը:

«Երբ կը գործենք ի խնդիր մեր ընդհանուր արժէքներուն, սատարած կ’ըլլանք մեր հաւաքական ապագայի կերտումին: Աղքատութեան եւ անարդարութեան յաղթահարումը կ’օգնէ մարդկային անսպառ ներուժի շղթայազերծումին: Հազարամեակի զարգացման նպատակներուն յառաջ մղումը կը նպաստէ բարեկեցութեան եւ խաղաղութեան ծաղկումին: Եւ մեր մոլորակի բնապաշտպանութիւնը կ’ապահովէ այն բնական պաշարները, որոնք կը պահեն մեզ բոլորս:

«Այս տարուան (2011) վերջերուն եօթը միլիառերորդ մանուկը պիտի ծնի բարդութեան եւ հակասութեան մեր աշխարհին մէջ: Մենք բաւարար սննդանիւթ ունինք ամէնուն համար, այսուհանդերձ, մօտաւորապէս մէկ միլիառ հոգի անօթի կը մնան: Մենք միջոցները ունինք ջնջելու շատ մը հիւանդութիւններ, այսուհանդերձ, անոնք կը շարունակեն տարածում գտնել: Մենք ունինք պարգեւը` հարուստ բնական միջավայրի մը, այսուհանդերձ, անիկա ենթակայ կը մնայ ամէնօրեայ յարձակման եւ չարաշահումի: Խղճի տէր բոլոր մարդիկ կ’երազեն խաղաղութիւն, այսուհանդերձ, աշխարհի շատ մեծ մասը բախումի մէջ է եւ շատ խոր մխրճուած` զինարշաւի մէջ:

«Նման տարողութեամբ մարտահրաւէրներու նուաճումը պիտի պահանջէ մեզմէ իւրաքանչիւրիս մէջ գտնուող լաւագոյնը: Եկէք` օգտագործենք այս «Աշխարհի բնակչութեան օր»-ը` վճռական քայլեր նետելու, որպէսզի աւելի լաւ ապագայ մը կերտենք մեր աշխարհի եօթը միլիառերորդ բնակիչին եւ գալիք սերունդներուն համար:

«Մերօրեայ աշխարհին մէջ կ՛ապրի երիտասարդներու ամենամեծ սերունդը ողջ պատմութեան ընթացքին` 1,8 միլիառ երիտասարդներ, որոնց մեծ մասը զարգացող երկրներու մէջ է եւ կը տիրապետէ մարդկութեան առջեւ ծառացած խնդիրներու դէմ պայքարին նպաստելու ահռելի ներուժի, բայց չափազանց մեծաթիւ երիտասարդներ զրկուած են որակեալ կրթութիւն ստանալու, արժանապատիւ աշխատանք գտնելու եւ իրենց հասարակութեանց մէջ քաղաքական կեանքին մասնակցելու իրաւաչափ հնարաւորութիւններէ:

«Բնակչութեան միջազգային օր»-ը հնարաւորութիւն է, որպէսզի վերստանձնենք հասարակութեան մէջ յառաջընթացը խթանելու առումով երիտասարդներուն օգնելու մեր յանձնառութիւնը:

«Գործելու հրամայական կայ: Չափազանց մեծաթիւ երիտասարդներ չունին աղքատութիւնը յաղթահարելու անհրաժեշտ միջոցներ: Յատկապէս անհանգստացած եմ անչափահաս աղջիկներու հաշուոյն, որոնք կը բախին խտրականութեան, սեռային բռնութեան, վաղահաս ամուսնութեան եւ անցանկալի յղութեան խնդիրներուն»:

«Աշխարհի բնակչութեան օր»-ը 2018-ին կը նշուի «Մեծաքաղաքներու (megacities) խելայեղ ընդարձակումը հակակշռելու եւ կարգաւորելու» բնաբանով` շեշտելու համար, որ երկրագունտի յետամնաց, աղէտահար ու պատերազմական գօտիներէն տեղահաններու եւ տարագրեալներու, գաղթականներու եւ փախստականներու աննախատեսելի տարողութեամբ հոսքը դէպի մեծաքաղաքներ պէտք է հակակշռուի միացեալ ուժերով:

«Աշխարհի բնակչութեան օրուան գլխաւոր խնդիրներու ցուցակին վրայ առաջնահերթ իր տեղը կը շարունակէ զբաղեցնել «ապահով եւ կամաւոր ընտանիքի ծրագրում» ունենալը: Ատիկա նաեւ առանցքային նշանակութիւն ունի սեռերու իրաւահաւասարութեան եւ կիներու ուժեղացման համար: Անիկա նաեւ բանալի գործօն է աղքատութեան նուազեցման մէջ:

Արդարեւ, օրակարգի վրայ կը շարունակէ մնալ «Ընտանիքի ծրագրում 2020» միջազգային առաջադրանքին միացեալ ուժերով դիմագրաւումը: Ծրագիր, որ կ՛առաջադրէ յաւելեալ 120 միլիոն կիներու հաշուոյն միջոցներ հայթայթել, որպէսզի կամաւոր կերպով տիրանան «Ընտանիքի ծրագրում»-ով ընծայուող տնտեսական եւ ընկերային զարգացման հնարաւորութիւններու:

Ի դէպ, մինչ մեր երկրագունդը արդէն հատած է եօթը միլիառ վեց հարիւր միլիոներորդ բնակիչ մարդ էակ ունենալու սահմանագիծը, աշխարհի տարածքին աւելի քան 214 միլիոն կիներ ի վիճակի չեն ապահով եւ ազդու ընտանեկան ծրագրումով խուսափելու յղութենէ… կրելով առողջապահական ծանրագոյն հետեւանքները:

Առաւելաբար ամէնէն աղքատ երկիրներու մէջ բնակող այդ կիները ո՛չ անհրաժեշտ չափով իրազեկուած են յղութեան կանխարգիլման անվնաս միջոցառումներուն մասին, ո՛չ ալ այդ ուղղութեամբ անհրաժեշտ աջակցութիւնը կը ստանան իրենց ամուսիններէն կամ ընդհանրապէս իրենց պատկանած հաւաքականութենէն:

Այդ բոլորին լոյսին տակ այսօր եւս այժմէական կը հնչէ ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամին կողմէ ատենին հրապարակուած «Աշխարհի բնակչութիւնը 2011-ին» զեկոյցին այն հարցադրումը, թէ` «Մեր այժմեան քայլերէն է կախուած, թէ արդե՞օք մենք ապագային կ՛ապրինք առողջ, կայուն կենսոլորտով եւ բարգաւաճ կեանքով, թէ՞ դատապարտուած կ՛ըլլանք քաղելու անհաւասարութեան եւ տնտեսական անկումի պտուղները»:

«Ճիշդ ծրագրումի եւ մարդոց նպատակաուղղուած ողջմիտ ներդրումներու իրագործման պարագային, որոնց նպատակը պիտի ըլլայ ոչ միայն վերջիններուս, այլեւ աշխարհի տեսանկիւնէն ճիշդ որոշումներ կայացնելու անոնց ունակութեան զարգացումը, 7 միլիառանոց աշխարհի բնորոշ գիծերը կրնան դառնալ բարգաւաճ, կենսոլորտով կայուն քաղաքները,արդիւնաւէտ աշխատուժը, որ կ՛ապահովէ տնտեսութեան աճը, եւ` երիտասարդութիւնը, որ իր նպաստը կը բերէ հասարակութեան բարեկեցութեան», կ’ընդգծէր օրին ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի գործադիր տնօրէն դոկտոր Փափատունտէ Օսոտիմեհինին`  «Մարդիկ եւ հնարաւորութիւնները 7 միլիառանոց աշխարհին մէջ» ենթավերնագրով իր զեկոյցի նախաբանով:

Իրողութիւն է, որ այսօր մարդիկ աւելի երկար եւ առողջ կ՛ապրին ու ամբողջ աշխարհի մէջ աւելի ու աւելի շատ երեխաներու կեանքը կը յաջողուի փրկել: Բայց բոլորը չեն, որ կը կարենան օգտուիլ այս ձեռքբերումներէն կամ կեանքի աւելի բարձր որակէն:

Տակաւին շատ մեծ են ու խոր անհաւասարութիւնները երկրագունդի բնակչութիւնը կազմող տարբեր երկիրներուն եւ ցամաքամասերուն միջեւ:

Ամբողջ երկրագունդին իբրեւ մեր մեծ տունը նայելու եւ անոր հոգերուն ու հեռանկարներուն ըստ արժանւոյն ընդառաջելու հրամայականը շեշտող օրն է յուլիս 11-ը`  Աշխարհի բնակչութեան միջազգային օրը:

 

 

Հեքիաթանման Դէպք Մը` Անցեալէն Այսօր Աներեւակայելի Իրականութիւն Է Եղեր…

$
0
0

ԶԱՐՄԻՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ  

Ամառնային այս տաք օրերուն հետ աւելի եւս կը տաքնամ: Կարծես արեան ճնշումս կը կրկնապատկուի` հայրենի լուրերը կարդալով: Գաղթականութենէն վերապրած մեր խեղճ մեծ մայրերն ու մայրերը ինչպէ՜ս կը դաստիարակէին մեզ, որ մեր ընտանիքին ու ազգին պատիւը բարձր պահենք:

Արթուն պահակի պէս մեր գլխուն էին: Չըլլայ, թէ վատ արարքի մէջ գտնուինք, կամ` նոյնիսկ մեր միտքէն իսկ  չանցնէինք…

«Ձուի գող` ձիու գող»-ի պատմութիւնը որքան յաճախ լսուած է մեր մեծերէն: Հապա կախաղանի պարանը վզին օրօրուող որդի՞ն… որ իր վերջին փափաքը կը խնդրէ… եւ երբ իր մայրը կու գայ «լեզուդ դուրս հանէ, որ համբուրեմ», կ՛ըսէ եւ այնպէս մը կը խածնէ, որ… մօրը լեզուին կտորը գետին կ՛իյնայ` արիւնլուայ ձգելով կինը: Այն լեզուն, որ իր զաւկին չէր կրկնած մեր հին հայկական բարոյագիտութիւն ուսուցանող` «Ձուի գող` ձիու գող» առածը, երբ տղեկը դրացիին պարտէզէն ձու կը գողնար:

Եթէ մանկութեանս շրջանին այդ արիւնլուայ մօր եւ կախաղանէն ճօճուող կապտացած երիտասարդին տեսքը մղձաւանջի պէս աչքիս առջեւ կը պատկերանար, այս օրերուն լսածներուս համաձայն, քանի՜ քանի՛ մայրերու լեզուն պէտք էր կտրուէր` այդ չխօսող ու չդաստիարակող ծնողներուն զաւակները կախաղան չբարձրացած:

Այսօր ոչ միայն անհաւատալիին սահմանները անցած են լուրերը, այլեւ զարհուրելիօրէն ամօթալի է նոյնի՛սկ լոկ անդրադառնալ, որ անոնք նոյն ժողովուրդին կը պատկանին… հայրենակից են… անասնական ախորժակով ոչ մէկ անասունի ցեղին պատկանողներ են պարզապէս:

Կը յիշեմ` ինչպէ՛ս հայ դպրոցի տնօրէնութեանս օրերուն մեր 10-11 տարեկան վեցերորդ դասարանի աշակերտները իրենց տարեվերջի աւարտական պտոյտին համար սենթ առ սենթ, տոլար առ տոլար հաւաքած դրամը, որ հարիւրի իսկ չէր հասած, առանց իմ թելադրութեանս իսկ, եկան եւ ուզեցին նուիրել Հայաստանի Ֆոնտին:

Այսպէս, ամէն տարի համահայկական նուիրահաւաքը կը կատարուէր ինչ-ինչ զոհաբերութիւններով, հայ համայնքներէն քիչ մը ամէն տեղ, իրենց լումաներով, հայրենիքի համար դրամահաւաքի զօրակոչի կ՛ենթարկուէինք բոլորս:

Երբ այս օրերու լուրերը կը կարդամ, քիչ մըն ալ յանցաւոր կը զգամ կարծես, որ օրին լուսարձակի տակ չէի առած գոնէ տասնամեակ մը առաջ պատահած-ապրուած դէպք մը:

Հեքիաթային զուգադիպութեան մը պատմութիւնն է, որ պիտի պատմեմ:

Ամուսնոյս եւ իմ դպրոցական արձակուրդիս ամէնէն յարմար ժամանակը յուլիսի առաջին երկու շաբաթները յատկացնել էր շրջապտոյտի մը: Այսինքն` երկրէն դուրս անպայման նոր տեղ մը երթալու, մեր առօրեայէն լրիւ անջատուելու համար:

Այդ տարին մեր որոշումը Ալասքա երթալ էր:

Ալասքայի մշակոյթին, հսկայական ծառերու բունին վրայ արուեստի հրաշալի տարբերակները, ազգային-ընտանեկան պատմութիւն պատկերող սիւները տեսնելու, սառցակոյտերուն իւրայատուկ կապոյտով հիանալու եւ, մանաւանդ, ամէնէն թարմ սալմըն ձուկի խորովածը ճաշակելու:

Նաւուն վրայ խանդավառութեամբ կը մասնակցէինք տարբեր խաղերու եւ մանաւանդ` ելոյթներու տեսակաւորումներով: Կը փորձէինք մեր կարելին ընել` օգտուելու տրամադրելի խաղերէն: Ամուսինս կը սիրէր մասնակցիլ նաեւ գիշերները միայն տրամադրելի թղթախաղին: Ցերեկին ալ պինկոյի միասնաբար կը մասնակցէինք: Օր մը, շարքի անցած, կը սպասէինք մեր մուտքի տոմսը առնելու, սեղանին ետին կեցած սպիտակամորթ եւ խարտեաշ, գրաւիչ եւրոպացի երիտասարդուհին ականջ դնելով մեր իրարու հետ խօսակցութեան` հարցուց անգլերէնով.

– Are you speaking Armenian? Հայերէ՞ն կը խօսիք:

– Այո՛,- ըսաւ ամուսինս զարմացած:

Ես ալ մէջ մտնելով ըսի.

– Ինչպէ՞ս գիտես, որ այս լեզուն հայերէն է:

– Ես Երեւան աշխատած եմ ժամանակի մը համար,-պատասխանեց անգլերէն:- Չեմ կրնար խօսիլ, բայց քիչ մը կը հասկնամ:

Մեր խօսկցութիւնը ընդահատուեցաւ: Շարքը չէինք կրնար աւելի երկար պահել, մեր ետեւը շարքի կեցած անհամբերներ կային:

Մեր առօրեան շարունակուեցաւ:  Հանելուկ էր մեզի համար, թէ այս աղջիկը ուրկէ՞ ո՜ւր Հայաստան գտնուած էր աշխատելու, երբ տեղացիները կը գանգատին, որ` «գործ չկայ, հարկայիններէն ազատում չկայ, տզրուկի պէս մեր արիւնը ծծում են…. եւայլն» եւ` նման պատճառներով երկրէն հեռանալու:

Կը կարծէինք, որ …արդեօ՞ք ծուլութիւնն է, որ կը խօսեցնէր մեր հայրենակիցները անգործութեան մասին եւ «մահանաներ», պատճառաբանութեան ձեւեր էին, որպէսզի արտասահմանցիներէն աւելի շատ եւ շուտ-շուտ նպաստ ստանան:

Ամուսինս ըսաւ, որ այդ աղջիկը մէյ մըն ալ տեսնէինք` թէ ի՛նչ պայմաններով Հայաստան աշխատելու գացեր է: Որպէս նաւու վրայ աշխատողներու միշտ իրենց հերթապահութիւնը կը փոխուէր. ցերեկային խաղերէն քազինօ, կամ այլեւայլ յայտագիրներու կ՛երթային:

Քանի մը օր ետք, երբ նաւահանգիստ մը հասանք, արտօնութիւն ունէինք մեր ուզած տեղերը երթալու: Երբ գեղեցիկ խնամուած պարտէզներուն մէջ քալելէն յոգնեցանք, տաքն ալ նեղացուցիչ դառնալ սկսաւ, մօտակայ շուկայ մը մտանք, ամերիկեան կեանքի յատուկ «Mall» մը, զովանալու եւ քաղաքի բնիկներուն ծանօթանալու: Խանութ մը մտանք, ի՜նչ տեսնենք, նախկին երեւանաբնակ մեր գեղեցկուհի եւրոպացին հոն էր:

Այս անգամ հետաքրքրութիւնս չէի կրնար զսպել: Ինք ալ կարծես խօսակից կը փնտռէր… սովորական բարեւի փոխանակութենէն ետք ըսի.

– Do you mind to tell us what was your experience like in Armenia – was it your choice to go there? – Կ՛ուզէի՞ր մեզի պատմել, թէ ինչ էր Երեւանի մէջ աշխատանքի երթալու տպաւորութիւնդ, փորձառութիւնդ… Դո՞ւք ուզեցիք հոն երթալ…

Կարծես թէ առիթի կը սպասէր գաղտնիքի պէս ապրած իր երեւանեան օրերու փորձառութիւնը մէկու մը պատմելու իր մէջ կուտակուած զարմանքը ուրիշին փոխանցելու:

Եւ սկսաւ պատմութիւնը. «Մեզի` արեւելեան Եւրոպայի երիտասարդներուս գործի ընտրութիւններէն գլխաւորը եւ լաւ վճարուողը քազինոներու մէջ աշխատանքն է: Հայաստանը փոքրիկ երկիր ըլլալուն` ես ըսի, որ հոն կ՛երթամ:  Յատուկ դասընթացքի մը հետեւելէն եւ պայմաններուն ծանօթանալէն ետք գացի:

Չէի գիտեր, որ հոն այդքան մեծահարուստներ կան… մինչեւ հիմա ուր որ աշխատած եմ, չեմ հանդիպած այնպիսի տղամարդոց, որ այդքան մեծ գումարներով պեթ ընեն, այն ալ տեղական դրամով չէր, եւրոյով էր: Այս մարդիկը որքա՛ն հարուստ են, կ՛ըսէինք մենք մեզի քանի մը աղջիկներով: Չէինք գիտեր` ովքե՛ր էին, հեռատեսիլ դիտել արգիլուած էր մեզի, եւ քանի մը ամիսը անգամ մը մեզ կը փոխէին, որ նոյն դէմքերը չտեսնենք: Տուն վերադառնալէս ետք, երբ մեր երկրին մէջ լուրերը կը դիտէի, այդ դէմքերէն շատեր աչքիս առջեւէն տողանցել սկսան: Հայաստանի կառավարութեան մեծ-մեծ պաշտօնեաներու դէմքեր էին…»:

Խեղճ աղջիկը ուրախ էր, որ լաւ վճարուած էր, Հայաստանի մէջ հարուստ մարդիկ կան, որոնք ոչ միայն կրնան մեծ գումարներով պեթ ընել, այլ` բաւական առատաձեռն թիփեր ալ տալ…

Է՜՜հ..

Աղջիկը պատմութիւնը վերջացնելէ ետք «ժամանակս եկաւ, ես ձեզմէ առաջ պէտք է նաւուն վրայ ըլլամ», ըսաւ ու անհետացաւ:

Մենք երկուքով իր պատմութեան ազդեցութեան տակ քարացած մնացած` իրարու երես նայեցանք …

Աչքիս առաջ կրկին տողանցել սկսան մեր աշակերտներուն խմորեղէն ծախելով իրարու քով դրուած աղքատիկ գումարը. ո՜վ գիտէ այդ աղջկան թիփը աւելի մեծ թիւ էր, քան` մեր աշակերտներուն նուէրները..

Հապա մեր ոչ հայ բարեկամներուն առատաձեռն նուէրնե՞րը, այրի կիներուն լումանե՞րը, աշակերտներուն սրտէն բխող բանակի զինուորներուն գրուած նամակները, դպրոցականներուն համար դպրոցի պայուսակները լեցնող գրենական պիտոյքները, սահմանի զինուորներուն համար հիւսուած տաքուկ գուլպանե՞րը…

Այդ բոլորը թղթախաղի սեղանին մէկ նիստով մսխուող գումարներ ըլլալէն տեղեակ չէինք լսելէն ետք ալ, չհաւատացինք անգամ.. երիտասարդ աղջկան խանդավառ օրերու երեւակայութեան վերագրեցինք, չուզեցինք ալ տարածել, ամօթ էր մեր հայրենի աւագանիին մասին նման լուրեր տարածելը: Ասկէ ետք մեր աշակերտները ի՜նչ հպարտութեամբ շարել պիտի տանք` ողջունելու մեր հայրենի անխնայ կողոպտող կարգ մը «աւագանիներ»-ը,  երբ անոնք որոշեն ժամանել Նիւ Եորքի կամ Նիւ Ճըրզիի օդակայանը:

Տասնամեակ մը առաջ հեքիաթ թուացող երիտասարդուհիին պատմածը այսօր ապտակի հարուածներով կը ցնցէ ամբողջ աշխարհի հայութեան ողջ էութիւնը:

Խաղաղ յեղափոխութեան շնորհիւ` ահաւասիկ այսօր լուսարձակի տակ կը բացայայտուէր այն փտածութիւնը, որ քանի մը տասնամեակէ կը կրծէր մեր ժողովուրդին կեանքը:

Ալասքայի «Totem Pole» ընտանիքներու եւ ազգային ժառանգութեան պատմութիւնը կը պատկերեն: Ալասքայի արուեստագէտները կ՛ընտրեն այնպիսի ծառերու բուները, որոնք կրնան դիմանալ ժամանակի մաշումին եւ որդերու կրծած  փայտէն:

Հայաստանի կարգ մը մեծերու հոգիները ի՜նչ նիւթէ շինուած են, որ այսքան կարճ ժամանակի մէջ փտութիւնը ոչնչացուցած է ամէն տեսակի զգացում իրենց մէջ:

Ո՞ւր կրնանք թաղել այս աստիճանի փտածութիւնը:

 

 

 

Սուլթան Էրտողան Եւ Թուրքիոյ Տնտեսական Իրավիճակը

$
0
0

ՃՐՏԳ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՂՊԱՇԵԱՆ

Գաղտնի բան չէ, որ ներկայիս Թուրքիոյ տնտեսական ցուցանիշը որոշ չափով անկումի մէջ է, եւ այդ մէկը պարզ է երկրի դրամանիշի արժէքի կորուստներուն պատճառով: 2005-ին Թուրքիոյ պետութիւնը երկրի ազգային դրամանիշէն` լիրայէն վեց զերոներ ջնջելով` ստեղծեց Թուրքիոյ «նոր լիրա»-ն (Yeni Turk Liras). այդ օրերուն, երբ ամերիկեան տոլարը մօտաւորապէս մէկուկէս միլիոն լիրա կ՛արժէր, զերոներուն ջնջումով հաւասար եղաւ 1.344 նոր լիրայի: Սակայն լիրան չկրցաւ կայուն մնալ` հակառակ պետութեան թափած բոլոր ջանքերուն եւ յաճախ արժեզրկումի ենթարկուեցաւ ու տակաւին կ՛ենթարկուի` այդ երկրին տնտեսական վատ վիճակը ցոյց տալով: 2010-ին տոլարը 1.550 լիրա կ՛արժէր, իսկ 2015-ին` 2.189 լիրա, սակայն 2017-ի վերջերը անիկա 3,77 լիրա եղաւ, մայիս 2018-ին` 4,47 լիրա, իսկ յունիս 2018-ին (մէկ ամիս ետք) բարձրացաւ 4,68 լիրայի… եւ այսպէս, լիրան կը շարունակէ անկումի մէջ մնալ: Այս բոլորը տարիներու տնտեսական, դիւանագիտական եւ ռազմական անյաջող ու սխալ քաղաքականութիւններու հետեւանք են:

Ուստի, ի՞նչ վիճակի մէջ պիտի յայտնուի Թուրքիոյ տնտեսութիւնը յառաջիկայ տարիներուն: Արդեօք պիտի շարունակէ վատանա՞լ, թէ՞ պիտի բարելաւուի:

Անտարակոյս, Թուրքիոյ տնտեսութեան տկարութեան ամենամեծ պատասխանատուն ի՛նք` սուլթան Էրտողանն է… իր սուլթանական երազները, մենատիրական որոշումները, քիւրտերուն հետ ներքին խռովութիւնները եւ քիւրտերու հետապնդումը Սուրիոյ եւ Իրաքի մէջ, դրացի երկիրներու նկատմամբ վարած իր թշնամական քաղաքականութիւնը եւ ստեղծած պատերազմները, աւելի՛ն, իր նոր կայսրութիւնը հիմնելու տենչանքը եւ անոր իբրեւ հետեւանք` իր հիմնած զինուորական խարիսխները երկրէն դուրս` Իրաքի, Սուտանի, Սոմալիի եւ Քաթարի մէջ եւ անոնց հետ առնչուող ծախսերը, իր դիւանագիտական կոպիտ յարաբերութիւնները Եւրոմիութեան երկիրներու եւ այլ պետութիւններու հետ եւ այդ բոլորին հետեւանք եղող տնտեսական վնասները, «Իսլամ եղբայրներ»-ուն իր աջակցիլն ու Եգիպտոսի, Սէուտական Արաբիոյ, Միացեալ Էմիրութիւններու նման եւ այլ կարեւոր շուկաներ կորսնցնելը, Կիւլենի հարցով Ամերիկայի հետ փակուղի հասնիլն ու շատ այլ պատճառներով Ամերիկայի հետ իր յարաբերութիւններուն վատթարացումը, եւ` բազմաթիւ ուրիշ խնդիրներ…

Էրտողան կ՛երազէ երկիրը սուլթանական խալիֆայութեան վերադարձնել, իսկ ինք իսալամներու նոր խալիֆան ըլլալ: Անն Հոֆ այս առթիւ Middle East Quarterly-ի յունիս 1-ի թիւին մէջ գրած է. «Թուրքիոյ կառավարութեան ղեկավարած Կրօնական գործերու տնօրէնութիւնը («Տիանաթ») կը վճարէ երկրին 110.000 կղերականներու (իմամներու) աշխատավարձերը եւ կը վերահսկէ անոնց ուրբաթօրեայ քարոզներու բովանդակութեան»: Բնականաբար անոնք սուլթան Էրտողանը կը փառաբանեն` միաժամանակ մեծ բեռ հանդիսանալով երկրի տնտեսութեան վրայ: Միւս կողմէ` Էրտողանի կառուցած նոր պալատը հարիւրաւոր միլիոններու ծախս եղաւ պետութեան համար, միաժամանակ ան միլիոնաւոր լիրաներով կը սատարէ Թուրքիոյ պետական «TRT» հեռատեսիլի կայաններուն, որոնք դարձած են իր քարոզչութեան գլխաւոր աղբիւրը:

Նաեւ` Թուրքիոյ երկրագործութեան արտադրանքը պէտք է ապահովէ երկրին ամենամեծ եկամուտը` նկատի առած ընդարձակ հողերու գոյութիւնը, առատ ջուրը, յարմար կլիման, մարդուժի ներկայութիւնն ու այլեւայլ պատճառներ: Սակայն, իրական պատկերը այդպէս չէ՛… Թէեւ պետութիւնը միլիառներ ծախսած է եւ տակաւին կը ծախսէ` սկսած «Աթաթիւրք» ջրամբարէն մինչեւ վերջերս «Ալիսոյ» ջրամբարէն շինարարութիւնը եւ բացումը, նաեւ պարարտանիւթ կ՛ապահովէ եւ որոշ չափով հողագործութեան համար անհրաժեշտ մեքենաներ կը հայթայթէ, սակայն երկրագործութիւնը կը մնայ անկայուն վիճակի մէջ:

Ըստ թուրք լրագրող Մեհմետ Չետինքուլէքի, «Թուրքիոյ կառավարութիւնը քննադատութիւններու ենթարկուած է գիւղատնտեսութեան ոլորտի խառնաշփոթութեան պատճառով, որուն անկումով սննդամթերքի գիները աճած են, եւ պետութիւնը ստիպուած եղած է հիմնական սննդատեսակներ ներածելու, ինչպէս` ցորեն, լուբիա, միս եւ նոյնիսկ յարդ»: Այս անկումը սկսաւ վարչապետ Թորկութ Օզալի օրերէն` 1980-էն, երբ վերջինս տնտեսական ազատականութեան հաւատարիմ քարոզիչ մը ըլլալով` շարք մը գիւղատնտեսական ներածուող արտադրանքներու վրայ դրուած հարկերը զերոյի հասցուց. բան մը, որ տակաւին կը շարունակուի Էրտողանի օրով. թէեւ այդ միջոցառումը սննդամթերքի գիներուն աճը զսպած է, սակայն, միւս կողմէ, տարիներու ընթացքին տեղական արտադրութեան վրայ մեծ ազդեցութիւն ունեցած է եւ տակաւին կ՛ունենայ:

Կառավարութիւնը, օրինակ, միս կը ներածէ անոր գիները նուազեցնելու համար: Ըստ Թուրքիոյ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդային կուսակցութեան երեսփոխան Օրհան Սարիպեէլի, 2010 թուականէն սկսեալ Թուրքիա ներածած է 2,9 միլիոն եզ, 2,5 միլիոն ոչխար եւ այծ ու 236 հազար թոն կարմիր միս, որոնք միլիառներով ծախս եղած են պետութեան համար: Սարիպել, որ երկրագործութեան մասնագէտ է, ըսած է, թէ 2002-ին երկրի հողագործները կը կազմէին բնակչութեան 35 տոկոսը, իսկ ներկայիս այդ համեմատութիւնը նուազած է 19-ով:

Ինչ կը վերաբերի ճարտարարուեստին եւ արդիւնաբերական արտադրանքին, ապա Թուրքիա կ՛արտադրէ հիւսուածեղէն, պահածոյ սննունդ, մեքենաներ, ելեկտրոնային սարքեր, ածուխ, պղինձ, պողպատ, շինարարական նիւթեր, փայտ, թուղթ եւ այլն, սակայն կը ներածէ ծանր ու բարդ մեքենաներ եւ արդի ճարտարարուեստական իրեր: Թուրքիա ունի նաեւ ռազմական արտադրութիւն, սակայն անոր շուկան շատ սահմանափակ է, որովհետեւ ունեցածը սովորական զէնքեր են եւ կարողութիւնը չունի բարդ ու նոր տիպի զէնքեր արտադրելու:

Նաեւ` Թուրքիա կը մնայ խիստ կախուած` ներածուած քարիւղէն եւ կազէն. թէեւ ան կ՛օգտուի իր հողերէն անցնող խողովակներուն միջոցով Իրաքի քարիւղի արտածումէն, ինչպէս նաեւ աժան գինով կազ կը ստանայ Ազրպէյճանէն, իսկ վերջերս նաեւ տարածուած է այն լուրը, որ իբր թէ սուրիական քարիւղը եւս կը ստանայ ապօրինի ու աժան գիներով, սակայն այդ բոլորը բաւարար չեն 80 միլիոն բնակիչ ունեցող երկրի մը, որ իր սեփական քարիւղն ու կազը չ՛արտադրեր եւ պաշար չունի:

Ծառայութիւններ մատուցող ոլորտը ամենամեծն է Թուրքիոյ համար. մինչ երկրագործութիւնը երկրի եկամուտին միայն 6,7 տոկոսը կ՛ապահովէ, արդիւնաբերական արտադրանքը` 31,8 տոկոսը, ծառայութիւններու մարզը անոր տնտեսութեան 61,4 տոկոսը կ՛ապահովէ` ըստ 2017-ի տուեալներուն: Սակայն այս ոլորտը, ի մասնաւորի` զբօսաշրջութիւնը, մնայուն վտանգի մէջ է երկրին անկայուն վիճակին պատճառով:

Թուրքիոյ տնտեսութեան անկայունութեան ազդեցիկ պատճառներէն մէկը 15 յունիս 2016-ի յեղաշրջումն է, որմէ շատ օգտուեցաւ ինք` Էրտողանը, իր դիրքերը ամրապնդելու համար: Ան տասնեակ հազարներով պետական պաշտօնեաներ պաշտօնազուրկ ընելու կողքին, թրքական բանակի շարքերէն հեռացուց բոլոր կասկածելիները, անոնց մէջ ըլլալով նաեւ «F-16» ինքնաթիռի ռազմաօդաչուներ: Ըստ nationalinterest.org կայքին, Միացեալ Նահանգներու ռազմաօդային ուժերը գնահատած են, որ «F-35» ինքնաթիռին համար, զոր ունենալ կը ջանայ Թուրքիան, նոր օդաչու պատրաստելը 11 միլիոն տոլարի ծախս կը նախատեսէ իսկ վեթերան օդաչուներու տարիներու փորձառութիւնը ինքնին արդէն արժէքաւոր է: Այսպէս, ազգ մը, որ իր մարտիկ օդաչուները կը բանտարկէ, ոչ միայն գումար կը վատնէ, այլեւ` չափազանց արժէքաւոր հարստութիւն: Այնուամենայնիւ, քաղաքական հաշիւներով, Թուրքիոյ կառավարութիւնը վտարած կամ բանտարկած է մեծ թիւով օդաչուներ, եւ այդ պակասը լրացնելու համար Էրտողան ստորագրած է հրամանագիր մը, ըստ որուն, 330 նախկին քաղաքացիական օդաչուներ չորս տարի ժամկէտով պէտք է վերադառնան օդային ուժերու ծառայութեան, սպառնալով անոնց` հրամանին չենթարկուելու պարագային: Թուրքիոյ օդային ուժերու տկարութիւնը եւ «F-16» օդաչուներու թիւի կրճատումը պատճառ եղան, որ պետութիւնը մեծապէս շահագրգռուի ցամաքային օդային հրթիռներով, եւ այս մէկը եղաւ ռուսական «S-400» հրթիռներու գնման ու ֆրանսական-իտալական հրթիռներ արտադրող «Eurosam» ընկերութեան հետ հակաօդային զէնք արտադրելու պայմանագիրի կնքումին պատճառը: Այս բոլորը, սակայն, հսկայական բեռ եղան երկրի տնտեսութեան վրայ:

Թուրքիոյ տնտեսութիւնը այլ հարուած մըն ալ ստացաւ, երբ Ամերիկայի նախագահ Թրամփ պողպատի եւ ալիւմինիոմի ներածմանն համար հարկեր որոշեց: Թուրքիոյ պողպատի առեւտուրին դիմագրաւած դժուարութիւնները ասով ալ չսահմանափակուեցան. անիկա կը դիմագրաւէ օտարերկրեայ մրցակցութիւն` ի՛ր իսկ հողին վրայ: Ամերիկեան եւ եւրոպական շուկաներուն կողքին, անիկա Ռուսիոյ, Ուքրանիոյ եւ Իրանի աժան պողպատին դէմ կը պայքարի նոյնիսկ իր շուկային մէջ: Յիշենք նաեւ, որ Ամերիկայի եւ Թուրքիոյ միջեւ ընդհանուր առեւտուրը Միացեալ Նահանգներու օգտին է: Արդարեւ, 2017-ին Թուրքիոյ ներածումները Ամերիկայէն կազմած են 11,9 միլիառ տոլար, իսկ արտածումները` 8,6 միլիառ տոլար:

Նաեւ, ըստ www.cia.gov կայքին, 2017-ի տուեալներով, Թուրքիոյ ընդհանուր արտածումները կազմած են 157,3 միլիառ տոլար, իսկ ներածումները` 196,8 միլիառ. Թուրքիոյ արտարժոյթի եւ ոսկիի պահուստները եղած են 107,5 միլիառ, իսկ անոր արտաքին պարտքը` 429,6 միլիառ տոլար: Այս բոլորով հանդերձ, երբե՛ք կարելի չէ ակնկալել, որ Թուրքիոյ տնտեսական վիճակը պիտի վատթարանայ այն աստիճան, որ երկիրը քայքայուի: Այո՛, լիրայի արժեզրկումը կը շարունակուի` վնաս պատճառելով երկրի բնակչութեան եւ տնտեսութեան, սակայն Թուրքիան մեծ երկիր է եւ շատ միջոցներ ունի զարգացնալու, եթէ ժողովրդավա՛ր կառավարութիւն ունենայ:

Ըստ Պոլսոյ «Մարմարա» թերթին (տես «Ասպարէզ», 20 յունիս 2018), «Թուրքիոյ մասնագէտներ ու քաղաքագէտներ կր պնդեն, թէ Թուրքիա հասած է տնտեսական կործանման սեմին, մինչ Թուրքիոյ ղեկավարները կը պաշտպանեն այն տեսակէտը, որ երկիրը կ՛ընթանայ դէպի տնտեսական շատ փայլուն ապագայ»: Իր կարգին, համաշխարհային համբաւի տիրացած տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուն անխուսափելի կը նկատէ Թուրքիոյ մէջ տնտեսական ծանր տագնապ մը: «Կարելի չէ սպասել հրաշքի մը: Համայնապատկերը սեւ է, անխուսափելի է տագնապը: Բազմաթիւ ընկերութիւններ պիտի սնանկանան, անգործութիւնը աւելի պիտի սաստկանայ, եւ կը մաղթենք, որ աւելի գէշը չպատահի», ըսած է ան: Աճէմօղլու նաեւ Թուրքիոյ «Ճումհուրիյէթ» թերթին յայտնած է, որ` «Թուրքիոյ տնտեսութիւնը կը դիմագրաւէ կտրուկ անկումի վտանգը»:

Վերջապէս, մեծ երկիրները, ինչպէս` Ամերիկան, Ռուսիան, Չինաստանը եւ Եւրոմիութեան հզօր երկիրները (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսա, Իտալիա), ամենայն հաւանականութեամբ թոյլ պիտի չտան, որ Թուրքիան բոլորովին քայքայուի: Նախ` անոնցմէ իւրաքանչիւրը իր շահերը ապահովել կը ձգտի, ապա անոնցմէ ոմանք, դաշնակից ըլլալով հանդերձ, իրարու դէմ մրցակցութեան ելած են` թուրքերուն բարեկամութեան ձգտելով, ամէն տեսակէտով օգտուելու համար անկէ (երբ Գերմանիա Թուրքիոյ շուկայէն հեռանայ, Անգլիա աւելի՛ կը ներխուժէ): Նոյնպէս, երկու հակառակ քաղաքականութիւններ վարող կողմերը` Ամերիկան եւ Ռուսիան, կ՛աշխատին սիրաշահիլ Թուրքիան (երբ Ամերիկա մէկ քայլ հեռանայ, Ռուսիա երկու քայլ կը մօտենայ Թուրքիոյ). Չինաստանն ալ միշտ ներկայ է այնտեղ, իսկ Թուրքիան, լաւատեղեակ ըլլալով այս բոլորէն, ինչպէս նաեւ իր աշխարհագրական կարեւոր դիրքին` առաւելագոյնս կը փորձէ օգտուիլ բոլորէն:

hampomg@yahoo.com

Լոս Անճելըս
Յունիս 2018


Կատարեալ Կեղտոտ Պիզնես

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ընթերցողը, կարծում ենք, արդէն բաւականին տեղեկացուած է ՌԴ Պետտումայի մի խումբ պատգամաւորների եւ ռուսաստանեան քաղաքագէտների` վերջերս Ազրպէյճան կատարած այցի մասին, մասնաւորապէս` Չոճուղ Մարճանլի գիւղ, որտեղ անցել է «Մոսկուա-Պաքու աշխարհաքաղաքական առանցքը. Ազրպէյճանը` Հարաւային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» յաւակնոտ խորագրով գիտաժողովը: Պէտք է ասել, ԶԼՄ-ներում եւ ընկերային ցանցերում  ղարաբաղեան հիմնախնդրի եւ յատկապէս այցելուների գայթակղեցուցիչ արտայայտութիւնների շուրջ տարբեր քննարկումների ընթացքում այս կապակցութեամբ հնչած մեկնաբանութիւնների պակաս չկար: Ինչպէս ասում են, թեմային չի անդրադարձել գուցէ միայն նա, ով ծոյլ է, ուստիեւ մեր ուշադրութիւնը չկենտրոնացրինք դրա վրայ: Այդուհանդերձ, թեմային, այնուամենայնիւ, ստիպուած ենք վերադառնալ. նախ` քանի որ մեզ չենք դասում ծոյլերի շարքը, երկրորդ` այդ պատմութիւնն այնուհետեւ որոշակի շարունակութիւն ունեցաւ:

Բայց որպէս սկիզբ` յիշեցնենք, թէ ի՛նչ է տեղի ունեցել Ճոճուղ Մարճանլիում: Իսկ տեղի է ունեցել այն, որ ռուսաստանեան պատուիրակութեան անդամները` Միջազգային եւրասիական շարժման առաջնորդ Ալեքսանտր Տուկինը, Պետտումայի պատգամաւորներ Տմիթրի Սաւելեւը (ՌԼԴԿ) եւ Ալեքսէյ Եզուպովը («Ետինայա Ռոսիա»), քաղաքագէտ Մաքսիմ Շեւչենքոն ու «Նացիոնալնայա Օպորոնա» ամսագրի գլխաւոր խմբագիր Իկոր Քորոթչենքոն եւ ուրիշներ գիտաժողովի ընթացքում բաւականին վիրաւորական արտայայտուեցին Հայաստանի հասցէին ու առաջ քաշեցին ազրպէյճանա-ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման շուրջ սեփական առաջարկները: Չենք մէջբերի բոլոր այդ, ուղղակիօրէն ասենք, վարձու գործիչներին, նշենք միայն, որ նրանց առաջարկութիւնների էութիւնը, ինչպէս դժուար չէ կռահել, կայանում է նրանում, ինչը ձեւակերպուեց Սաւելեւի կողմից. «Լեռնային Ղարաբաղը եւ նրան յարակից` Հայաստանի կողմից բռնագրաւուած եօթ շրջանները պէտք է ազատագրուեն ու փոխանցուեն Ազրպէյճանին` առանց որեւէ լրացուցիչ պայմանների»:

Խոստովանենք, քաջածանօթ լինելով Տուկինին, Շեւչենքոյին ու իրենց բացայայտ հակահայկական դիրքորոշման համար Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից վաղուց արդէն կաշառուած ու շոյուած նրանց նմաններին, հազիւ թէ արժէ զարմանալ Պաքուի առաջ նրանց հերթական շողոքորթութեան համար` ազրպէյճանական պատուեգիների դիմաց աշխատանքով փոխհատուցելու իրենց ձգտմամբ: Բնականաբար սրանք տխմար մարդիկ չեն եւ որպէս ղարաբաղեան հիմնախնդրով ի պաշտօնէ զբաղուող մասնագէտներ` բաւարար չափով տեղեակ են ինչպէս Արցախի պատմութեանը, երկիր, որը, հակառակ Տուկինի կարծիքի, երբեք չի եղել Ազրպէյճանի անքակտելի մասը, այնպէս էլ հակամարտութեան պատմութեանը: Բայց սա կատարեալ կեղտոտ քաղաքական պիզնես է, ուրիշ ոչինչ. ազրպէյճանական նաւթատոլարների դիմաց, կրկնենք, փոխհատուցել է պէտք:

Կարծիքներ եղան, ընդ որում` ոչ միայն հայկական, այլեւ ռուսաստանեան քաղաքական գործիչների ու քաղաքագէտների կողմից, որ չարժէ առանձնապէս ուշադրութիւն դարձնել Ռուսաստանի այդ ներկայացուցիչների խօսքերի վրայ, քանի որ նրանք չեն արտայայտում Մոսկուայի պաշտօնական դիրքորոշումը, որի տեսակէտն ուրիշ է: Դա այդպէս էլ կայ, սակայն վտանգը մէկ այլ բանում է: Արդէն մէկ անգամ չէ, որ ռուսաստանեան որոշ գործիչների կողմից իրենց հայրենական հանրութեանն անգամ ոչ թէ աննկատելիօրէն, այլ բաց բնագիրով ներշնչւում է այն գաղափարը, որ Հայաստանը, իբր, դաւաճանում է Ռուսաստանի հետ իր դաշնակցային յարաբերութիւններին: Նմանատիպ պնդումներ սկսեցին աւելի ուժգնօրէն հնչել այն բանից յետոյ, երբ Հայաստանում իշխանութեան եկաւ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը, որին Մոսկուայի հակահայկական գործիչները փորձում են ներկայացնել որպէս արեւմտամէտ` Արեւմուտքի հետ մերձեցմանը միտուած ուղեգծով, ով խաթարում է ռուս-հայկական յարաբերութիւնները: Նոյն Շեւչենքոն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնն անուանել է ամերիկեան բեմագրութեան բաղկացուցիչ մաս, որի արդիւնքում «Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղւում խաղաղարար գործընթացից»: Անգամ այն դէպքում, երբ Հայաստանի վարչապետը բազմիցս յայտարարել է Մոսկուայի հետ դաշնակցային յարաբերութիւններին եւ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում իր յանձնառութիւններին Երեւանի հաւատարմութեան մասին:

Արժանին հատուցենք Ազրպէյճանին. Հայաստանի նկատմամբ ռուսաստանեան բացասական միտումն այստեղ որսացին ու որոշեցին դրա վրայ կառուցել սեփական խաղը: Հասկանալով, որ ղարաբաղեան խնդիրն իր բեմագրութեամբ լուծել չի յաջողւում, Պաքուն մտադիր է թուլացնել Հայաստանի դիրքերը` ջանքերն ուղղելով նրա հետ Ռուսաստանի յարաբերութիւնների վատթարացմանը: Պատահական չէ, որ վերջերս ազրպէյճանական քարոզչութիւնն աւելի յաճախ է Հայաստանից Ռուսաստանի թշնամի կերտում: Այդ խնդրի լուծմանն են ծառայում նաեւ վերը նշուած Ազրպէյճանի լոպիստների ռուսաստանեան ցամաքահանումի անդամները, ովքեր ջուր են լցնում նրա ջրաղացին: Բացի այդ, ռուսաստանեան քաղաքական գործիչների նման սադրիչ յայտարարութիւնները յարուցում են նաեւ Հայաստանում հակառուսաստանեան տրամադրութիւնների աճ: Մի խօսքով, պաշտօնական Պաքուի սիրուած ու ստոր քաղաքականութիւնը` օտարի ձեռքով կրակից շագանակներ հանել: Կը ցանկանայինք յուսալ, որ Մոսկուայում խելօք մարդիկ դա հասկանում են: Ինչպէս հասկանում են եւ այն, որ ռուսաստանեան քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների կողմից Ազրպէյճանի ռազմաշունչ դիրքորոշման անթաքոյց սատարումը խրախուսում է նրան` շարունակելու լարուածութեան սրացումը հակամարտութեան գօտում, որտեղ իրավիճակը նրա մեղքով պատերազմի սահմանագծին է, ինչպէս նաեւ հետագայում եւս անտեսելու միջազգային միջնորդների, ու ամէնից առաջ` Ռուսաստանի ջանքերը:

Որպէս դիտողութիւն. Ճոճուղ Մարճանլիում գիտաժողովի ռուսաստանեան մասնակիցների արտայայտութիւնների շուրջ քննարկումն իր շարունակութիւնն է գտել «Երեկոն Վլատիմիր Սոլովէովի հետ» հաղորդման եթերում` «Ռոսիա-1» հեռուստաալիքով: Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Սեմէոն Պաղտասարովը դիմել է ՌԼԴԿ առաջնորդ Վլատիմիր Ժիրինովսքուն` ՌԼԴԿ-ից պատգամաւոր Տմիթրի Սաւելեւի յայտարարութեան հետ կապուած հարցով` վերջինիս անուանելով դաւաճան եւ Ռուսաստանի Դաշնութեան թշնամի: Պատշաճը հատուցենք Ժիրինովսքուն` Պաղտասարովի փաստարկներին նա համաձայնեց: Իր հերթին, Պետտումայի պատգամաւոր, ԱՊՀ երկրների հիմնարկի տնօրէն Քոնսթանթին Զաթուլինն աւելի վաղ Սաւելեւի տեսակէտը որակել էր որպէս ոչ իրաւասու: Բայց ահա` ով պաշտպան կանգնեց Սաւելեւին, դարձեալ նոյն Տուկինն էր եւ Ազրպէյճանի շահերի միւս յայտնի «փաստաբան» ու նրա մշտական շահառու քաղաքագէտ Սերկէյ Մարքովը: Ըստ երեւոյթին, ազրպէյճանական ոսկեդրամների զրնգոցը խլացնում է բանականութեան ու խղճի ձայնը, եթէ այն, ի հարկէ, կայ:

 

 

Բռնակալ, Ազգայնամոլ Եւ Պատեհապաշտ Էրտողանի Դիմաց Պիղատոսները Թարանթելլա Կը Պարեն

$
0
0

Յ. ՊԱԼԵԱՆ

Մենք պարտութիւն մը կրեցինք`
առանց պատերազմ ունենալու:

Ուինսթըն Չըրչիլ

Ֆրանսական հեռատեսիլէն եւրոպական խորհրդարանի նախկին անդամ եւ 1968 մայիսի Ֆրանսայի ուսանողական ծաւալուն շարժման պարագլուխներէն Տանիէլ Քոհն Պենտիթը երկարաշունչ զրոյցի մը ընթացքին խօսեցաւ Թուրքիոյ ամենազօր ղեկավար Ռեճեփ Էրտողանի մասին: Մէկ առ մէկ պարզաբանեց անոր ազգայնամոլ եւ պատեհապաշտ ընթացքը, որ ձգտած է անհատականացուած իշխանութեան մը հաստատման, որ տեղի կ՛ունենայ աշխարհի աչքին առջեւ եւ կը շարունակուի` լռութեան դատապարտելով ընդդիմութիւն, ազատութիւն, ժողովրդավարութիւն, ինչպէս յաճախ ըսուած է, միտելով «օսման»-ի կայսրութեան վերահաստատման: Այդ մեծամտութեան որպէս խորհրդանիշ` ցոյց տալով նախագահական նոր ապարանքը:

Այդ մեծամտութիւնը կեր կը հայթայթէ ամբոխի մոլեռանդութեան, որ կը մղուի հանդուրժելու ամէն կարգի իրաւունքներու խախտումը` «մեծութեան փառք»-ի մը երազին յանձնուելով: Տանիէլ Քոհն Պենտիթէն առաջ լրագրողներ եւ գիտնականներ խօսեցան Ռեճեփ Էրտողանի կամայականութիւն եւ մենատիրութիւն, նորատեսակ սուլթանական իշխանութիւն հաստատելու հետեւողական քայլերուն մասին: Բայց ժողովրդավարութեան եւ մարդկային իրաւանց գեղեցիկ եւ գեղահունչ տարազներու ետին թաքնուող աշխարհի տարբեր երկիրներու ղեկավարութիւնները, վախկոտութեամբ կամ պարզապէս առեւտրական շահերով առաջնորդուելով, թոյլ տուին եւ թոյլ կու տան, որ Ռեճեփ Էրտողան շարունակէ իր ընթացքը: Նաեւ` այն ընթացքը, որ իր նախորդներէն ժառանգած էր, «պասքիւլի քաղաքականութիւն»-ը, որուն վերջին արարին ժամանակակից վկաներն ենք: Արեւմտեան ժողովրդավարութիւններուն հակադրուելով, Թուրքիա դարպասեց եւ մօտեցաւ իր պատմական թշնամիին` Ռուսիոյ: Ռուսիան, որ, իր կարգին, զինք Եւրոպայէն հեռու պահելու արեւմտեաններու քաղաքականութեան հակադրուելով` կարելի դարձուց այդ մերձեցումը:

Տարի մը առաջ, 21 յունիս 2017-ին, լրագրողի մը հետ զրոյցի մը ընթացքին պատմաբան Համիտ Պոզարսլանը կը նկարագրէր Թուրքիան որպէս երկիր մը` յանձնուած իր ռէյիս-ին, իր պետ-ին կամայականութեան` հակառակ քիւրտերու ընդդիմութեան: Աւելի ուշագրաւ եւ մտահոգիչ էր այն, բայց որո՞ւ կամ որո՞նց համար, որ Համիտ Պոզարսլանը կ՛ամբաստանէր արեւմտեան ժողովրդավարութիւնը` անձնատուութեամբ, այսինքն մեծխօսիկ Արեւմուտքը լեզուն կուլ տուած է ցարդ իր պաշտպանած Թուրքիոյ ղեկավարին` Ռեճեփ Էրտողանին` հասարակաց արժէքները ուրացող յանդգնութեան դիմաց, չըսելու համար` ամբարտաւանութեան:

Այս տեղատուութիւնը առանց կռիւի պարտութիւն է:

Հարց պէտք է տալ, թէ ո՞վ աւելի մեծ պատասխանատուութիւն ունի. ինքնիրեն ամէն բան թոյլ տուող Էրտողա՞նը, թէ՞ իր շահախնդրութիւններէն երբեք չհրաժարող Արեւմուտքը: Ի՞նչ է պատմութեան դասը:

Ոչ թէ կը մոռնանք հին համարուած անցեալը, այլ կամաւոր կուրութեամբ չենք տեսներ, ղեկավարներ չեն տեսներ անմիջական ներկան:

Թարմացնենք յիշողութիւնները եւ ըսենք, որ կամաւոր-ախտաւոր խլութիւնը արժէքներու պաշտպանութեան առաջնորդող ճիշդ քաղաքականութիւն չէ: Արդարեւ, 15 յուլիս 2016-ի «ձախողած» եւ լաւապէս «շահագործուած» զինուորական յեղաշրջումէն ի վեր քանդուած են բոլոր պատնէշները Էրտողանի կամայականութեան, փառասիրութեան, բռնատիրական եւ մոլեռանդական ախորժակներուն առջեւ: Թիւերը խօսուն են. 50.000 հոգի ձերբակալուած եւ բանտարկուած է, 100.000 հանրային սպասարկութիւններու պաշտօնեաներ հեռացուած են իրենց գործէն, թէեւ այս թիւերը իրականութեան բաղդատած` կրնան նուազ ըլլալ: Բանտարկուած են եւ դատարան յանձնուած են լրագրողներ, մտաւորականներ, որոնց շարքին` համալսարաններու դասախօսներ: Բոլորն ալ ամբաստանուած են Միացեալ Նահանգներ ապաստանած Ֆեթհիւլլահ Կիւլենի կազմակերպութեան կողմնակից ըլլալու մեղադրանքով: Ընդդիմադիր կամ Ժողովուրդներու ժողովրդավարական  քրտամէտ կուսակցութեան լրատուամիջոցներ փակուած են:

Այս լուրերը առատօրէն կը զբաղեցնեն արեւմտեան լրատուամիջոցները, հետեւաբար ոչ ոք կրնայ առարկել, որ տեղեակ չէ: Կը խօսին լրագրողները, մտաւորականները, բայց արեւմտեան քաղաքական ղեկավարութիւնը կը լռէ: Եւրոմիութեան ղեկավար շրջանակներէն մինչեւ անոր քսանեօթը անդամ երկիրներէն ոչ մէկը յանդգնեցաւ ըսել, որ պէտք է կասեցնել Էրտողանի սանձարձակ բռնապետական ընթացքը: Այդպէս ըրին Բ. Աշխարհամարտի նախօրեակին, երբ յաջորդական նահանջներով եւ ճապկումներով ուզեցին պատերազմը կանխել, յիշենք Միւնիխի վախկոտներու հաճոյակատարութիւնը, եւ ինկան աւելի մեծ աւերի մէջ: Այն ատեն ալ Անգլիոյ վարչապետը Միւնիխի անձնատուութիւնը յաղթանակ համարեց, բայց պատերազմը կանգնած էր դրան առջեւ:

Խաղաղութիւնը չի հաստատուիր անձնատուութիւններով, այլ` չարիքը կանխելու միտող հաւաքական կամքով:

Բ. Համաշխարհայինին նախորդող ամիսներուն պատմութիւնը կրնայ լուսաւորել այսօրուան առեւտրական հարցերով զբաղող եւ այդ մակարդակի վրայ մնացող ղեկավարներուն միտքերը: Անգլիոյ խորհրդարանին առջեւ, 5 սեպտեմբեր 1938-ին, երբ դաշնակից ֆրանսացիները եւ անգլիացիները խանդավառութեամբ դիմաւորած էին Միւնիխէն վերադարձող իրենց վարչապետները,  քաղաքական իրաւ ղեկավարի ճառ մը խօսած է Չըրչիլ` քննադատելով զիջումներով խաղաղութիւն պաշտպանելու անհեռատես քաղաքականութիւնը:

Քաղաքական իրաւ ղեկավարը գիտէ, որ իրատեսութիւն եւ ճշմարտութիւն միշտ ալ հաշտ չեն ընթանար ամբոխի ակնկալութիւններուն եւ տրամաբանութեան հետ: Չըրչիլի խօսքը «դպրոց» պէտք է ըլլայ դիրքի վրայ գտնուող եւ հոն հասնելու ցանկութիւն ունեցողներուն համար:

Ուինսթըն Չըրչիլ ըսած է հետեւեալը. «…Պիտի սկսիմ` ըսելով ամէնէն աւելի անժողովրդական եւ ամէնէն անցանկալի բանը…այն, որ ամէն ոք պիտի ուզէր մոռնալ կամ չտեսնել ձեւանալ, բայց որ այնուամենայնիւ պէտք է յիշուի, գիտնալ, որ մենք շառաչուն եւ ամբողջական պարտութիւն մը կրեցինք, որ` Ֆրանսան անկէ շատ աւելի պիտի տառապի, քան` մենք»: Այս խօսքերը կ՛արժէ տեղափոխել Բ. Աշխարհամարտի պատմութեան մէջ եւ վերյիշել հետեւանքները:

Այսօր հանդուրժել Եւրոպայի եւ ռուսական ռազմավարական ծայրամասերուն ծնունդ առնող եւ արագօրէն ծաւալող բռնակալական, ազգայնամոլական եւ կայսերական երազանքներով թրքա-օսմանեան նոր ուժը, Միւնիխ երթալու վերաբերումով, աւելի լաւ ապագայ մը նախատեսել չի տար ո՛չ ժողովրդավար Եւրոպայի եւ ո՛չ ալ իր հզօրութիւնը վերականգնող Ռուսիոյ համար:

Օրին Ուինսթըն Չըրչիլ յայտնատեսութիւն ունեցած էր: Ղեկավար էր: Ո՛չ նաւթի եւ ո՛չ ալ զէնքի վաճառական:

Արեւմուտքը ընդհանրապէս, ներառելով Ամերիկան, նոր մեծ ժողովրդավարութիւնները` Հնդկաստանը եւ Չինաստանը, պիտի ունենա՞ն ապագայատես նոր Ուինսթըն Չըրչիլ մը®

Այս անգամ եթէ համաշխարհային պատերազմի զառանցանքը իրականութիւն դառնայ, առաջինը եւ երկրորդը խաղ եւ խաղալիք պիտի համարուին:

Թուրքիան վերապրելու համար իր պատմութեան հետ հաշուի պէտք է նստի, եւ եթէ աշխարհի միւս պետութիւնները խաղաղութեան եւ արդարութեան իրաւ ցանկացողներ են, Թուրքիան պէտք է բերեն արդարութեան, ճշմարտութեան եւ համախոհութեան սեղանին շուրջ:

Որպէսզի «շառաչուն եւ ամբողջական պարտութիւն մը» չկրէ այսօր, աւելի քան երբեք, արդարութեան եւ խաղաղութեան կարիք ունեցող մոլորակը:

Նոր Միւնիխ չգացող Ուինսթըն Չըրչիլ մը կը փնտռուի:

Եւ պայման չէ, որ փոքրերը սպասեն մեծերու տեսանելի եւ անտեսանելի խաղերու եզրայանգումը: Փոքրերը իրաւունք եւ պարտականութիւն ունին խօսելու եւ յիշեցնելու ճշմարտութիւնը, մարդու, ազգերու եւ մարդկութեան իրաւունքները:

Այլապէս կ՛իյնանք Սիկմունտ Ֆրէօյտի նկարագրած ինքնաքանդումի ախտավարակ վիճակին մէջ:

Միջազգային օրէնք մշակելը եւ հրապարակելը  շատ լաւ են, բայց օրէնքը փուչիկ է, եթէ օրէնք  մշակողները անոր չընկերացնեն  գործադրութեան ուժը:

Միջազգային օրէնքը  չի դատապարտեր պետութիւններու ղեկավարները, որոնց կամայականութեան  պատճառով  գրողներ եւ լրագրողներ կը փախչին իրենց երկրէն` խուսափելու համար սարսափէ եւ սպառնալիքէ:

Կը պատահի,  որ տարիներու դատական հետապնդումներէ ետք պետութեան ղեկավարներ դատապարտուին Եւրոպայի Մարդկային իրաւանց ատեանին հատուցում վճարելու` տարիներով բանտ մնացածներու:

Յետոյ  ի՞նչ:  Լռեցման գինը  ինչպէ՞ս կը հատուցուի:

Այնպէս, ինչպէս`  աշխարհի զանազան երկիրներու կողմէ  մեզ խանդավառող եւ յուզող Ցեղասպանութեան ճանաչումները:

Ժամանակն է, որ վերջ  տրուի գրող եւ լրագրող լռեցնելու  չարիքին, ոճիրներու  ուրացման, եւ ճշմարիտ  բարոյականութիւնը  վերականգնի:

Այլապէս միջազգային օրէնք եւ օրէնքներ կը դառնան ամբոխ զուարճացնող դատարկաբանութիւններ:

9 յուլիս 2018, Նուազի-լը-Կրան

Ակնարկ. Քաղաքական Ֆութպոլ

$
0
0

Ամէն ինչ քաղաքական պրիսմակէ դիտելու կամ տարբեր ոլորտներու իւրաքանչիւր գործընթաց քաղաքականօրէն մեկնաբանելու համատարած երեւոյթը ֆութպոլի համաշխարհային մրցաշարքին առիթով ինքզինք աւելի տիրական դարձուց: Զանգուածային լրատուամիջոցներուն առընթեր ընկերային ցանցերը եւս գերյագեցած էին մեկնաբանութիւններով, ծաղրանկարներով, իւրաքանչիւր մրցումի արդիւնքին հետեւող քաղաքական վերլուծումներով:

Այս բոլորը առատ էին եւ օրինաչափ` այսօրուան համակարգի տրամաբանութիւններն ու զարգացման միտումները նկատի ունենալով: Առընթեր` միջազգային ամենալուրջ ու հեղինակաւոր լրատուամիջոցներու ո՛չ միայն մարզական, այլ նաեւ քաղաքական խմբագիրները հետեւութիւններ կը կատարէին այս բոլորի մասին:

Կային եւ դեռ կան անշուշտ քաղաքականօրէն մեկնաբանելի իրադրութիւններ, որոնցմէ կարեւորագոյնը պէտք է լոյսին բերել` նկատի ունենալով, որ վարագոյրը իջած է արդէն խաղադաշտերուն վրայ, այսուհանդերձ կը թուի, որ քաղաքական վերլուծումները պիտի շարունակեն պահել իրենց հնչեղութիւնը:

Նախ անշուշտ կազմակերպիչ երկրի խնդրայարոյց կարգավիճակը: Տնտեսաքաղաքական մեկուսացման  ենթարկուած Ռուսիան նախագահական բարձրագոյն մակարդակի վրայ յատուկ քաղաքականութիւն մշակած էր եւ կիրարկած իր երկրի դիմագիծը ամենափայլուն տեսքով ցոյց տալու աշխարհին: Ռուսիոյ ազգային խումբի յաջողութեան առաջադրանքէն աւելի Ռուսիոյ կարեւորագոյն փորձաքարն էր ներկայ ժամանակներուն մէջ ամենակազմակերպ կատարողականութեամբ հանդէս գալը:

Եւ պէտք է պատկերացնել, թէ ինչ պիւտճէներու մասին է խօսքը` խաղադաշտերու, կեցութեան, փոխադրութեան պայմաններու, տարբեր ազգերէ համակիր զանգուածներ ընդունելու, մարզական միջազգային ֆետերասիոններու ներկայացուցչութիւններէ մինչեւ պետական բարձրագոյն պաշտօններ զբաղեցնող անձնաւորութիւններ հիւրընկալելու եւ ամիս մը ամբողջ այս բոլորի ապահովութիւնը ստանձնելու:

Միայն այն փաստը, որ արտառոց որեւէ միջադէպ չարձանագրուեցաւ կամ ապահովական որեւէ ցնցում տեղի չունեցաւ այս բոլորի ընթացքին, Մոսկուային կու տայ կարեւոր առաւել մը:

Յայտնաբար  մեկուսացման միջազգային քաղաքականութիւնը ամբողջական չէր, որովհետեւ տնտեսական պատժամիջոցներուն կրնային ընկերակցիլ նաեւ մարզական մրցաշարքը խափանելու միջազգային այլ որոշումներ, եթէ կիրարկուէր ամբողջական մեկուսացումի մօտեցումը:

Պատահեցաւ նաեւ այնպէս, որ յատկապէս այս վերջին շրջանին որոշակիօրէն փոփոխութեան ենթարկուեցան Ուաշինկթըն-Մոսկուա յարաբերութիւնները, եւ փաստօրէն ֆութպոլի աւարտականի յաջորդ օրն իսկ կը կայանար հելսինքեան այնքան սպասուած միջնախագահական հանդիպումը: Ռուսական եւ ամերիկեան ջութակներու լարերը ներդաշնակելու նախադրեալներ կը պարզուին: Ֆութպոլի համաշխարհային մրցումի աւարտին եւ հելսինքեան հանդիպումի նախօրեակին նախագահ Թրամփ թուիթըրեան իր էջով կը շնորհաւորէ Մոսկուան, այս բոլորի բարձր կազմակերպման առիթով:

Միջազգային քաղաքականութեան կեդրոնացում խլած այլ ուղղութիւն մը այս առիթով բաւական մելան հոսեցուց եւ ելեկտրոնային տարածքներ նուաճեց:

Խնդիրը կը վերաբերէր գաղթականական միջազգային ալիքին: Արդէն ախոյեան խումբի բաղադրիչ տարրերու ծագումները նկատի ունենալով դիտարկումները անմիջապէս կը կեդրոնանային Ֆրանսայի ազգային խումբի կարեւոր հատուածի ծագումնաբանութեան վրայ` ընդգծելու համար, որ գաղթականական ալիքը խումբին շնորհեց աշխարհի ախոյեան ըլլալու հանգամանքը:

Հիմա բնականաբար նժարի վրայ կը դրուին բոլոր այն ոլորտները, ուր հասարակութեան գաղթական խաւը բերած է կարեւոր նպաստ եւ պատճառ հանդիսացած նոր նշաձողերու ապահովման, մինչ բանավէճերը կը թէժանան նժարին միւս կողմերու ներկայացումով: Հիմնականին մէջ այստեղ եւս քաղաքական մօտեցումները կը գերիշխեն եւ յաջողութիւններ կը վերագրուին գաղթականները ընդունած իրերայաջորդ իշխանութիւններուն, կամ` տնտեսական տագնապներու յաղթահարման փորձերը կը վերագրուին գաղթականներու ներհոսքը արգելակած իրերայաջորդ այլ տեսակի իշխանութիւններուն:

Ամփոփիչ պատկերը ֆութպոլի համաշխարհային մրցոյթին այն է, որ լատինամերիկեան բեւեռը 2018-ին զիջեցաւ եւրոպական ցամաքամասին եւ որոշ փուլէ ետք մոնտիալը վերածուեցաւ ըստ էութեան եուրոյի: Աւելի ճիշդը, ափրիկեան գոյներով բնութագրուող եուրոյի: Զուգահեռ` երեւցաւ նաեւ ապամեկուսացման փորձ կատարելու մէջ կազմակերպական փայլուն կատարողականութեամբ հանդէս եկած Մոսկուան:

Հերթը Քաթարին է: Այն Տոհային, որ ենթարկուած էր Ռիատի մեկուսացման քաղաքականութեան, դիւանագիտական սուր տագնապներէ ետք տակաւ վերագտած իր տնտեսական դերակատարութիւնը: Տոհան, որ այս անգամ մեկուսացման ենթարկուող այլ երկրի` Իրանի հետ կը կիրարկէ բնականոն յարաբերութիւններ եւ որ անպայման իր նախորդին նման պիտի աշխատի ֆութպոլը օգտագործել լիարժէք`  քաղաքական հարցեր լուծելու ճանապարհին:

«Ա.»

Մեր Առաջնահերթութիւնը Լինելու Է Հայերէնի Շահերի Պաշտպանութիւնը. Դաւիթ Գիւրջինեան

$
0
0

«ԱՆԿԱԽ»

Լեզուի պետական տեսչութիւնը վերակազմաւորուել է Լեզուի կոմիտէի: Եւ վերջին շրջանում ամենաքննարկուող թեմաներից է, թէ ի՛նչ ու ինչպէ՛ս կարող է անել կոմիտէն` հայերէնի շահերը պաշտպանելու, դիրքերը վերականգնելու համար: Հայոց լեզուի խնդիրների, լեզուաքաղաքականութեան ու ոլորտի առաջնահերթութիւնների մասին է «Անկախ»-ը զրուցել ՀՀ ԿԳՆ լեզուի կոմիտէի նախագահ Դաւիթ Գիւրջինեանի հետ:

Պարո՛ն Գիւրջինեան, որպէս Լեզուի կոմիտէի նախագահ արդէն ծանօթացել էք ոլորտի խնդիրներին, հանրութեան եւ պետութեան ակնկալիքներին: Որո՞նք են լինելու առաջնահերթութիւններն առաջիկայ ժամանակահատուածի համար:

Ճիշդ նշեցիք, որ ակնկալիքներ ունեն պետութիւնը մի կողմից եւ հասարակութիւնը` միւս կողմից: Լեզուի հարցերը միշտ գտնուել են հասարակութեան ուշադրութեան կեդրոնում: Հեռուստատեսային լեզուական ցանկացած մեղանչման դէպքում բոլորը, չգիտես` ինչո՛ւ, մեղադրում էին լեզուի ոլորտը տնօրինող պետական մարմինին: Հիմա էլ է այդպէս: Դեռ մի ամիս չկայ, որ այս պաշտօնին եմ, բայց բազմաթիւ նամակներ ու զանգեր եմ ստանում, մարդկանց եմ հանդիպում, որոնք, օրինակ, հարցնում են` ինչո՞ւ այսինչ պաշտօնեան գրագէտ հայերէնով չի խօսում, ինչո՞ւ պէտք է դասագրքերն այսպիսին լինեն, հայոց լեզուի շտեմարանները հարկաւոր է փոխել եւ այլն: Սա նշանակում է, որ կուտակուած բազմաթիւ հարցեր կան: Ես չեմ ասում, որ այդ խնդիրները չեն լուծուել: Դրանք միշտ եղել են, կան եւ կը լինեն, որովհետեւ լեզուն կենդանի օրկանիզմ է, եւ մարդիկ, այդ թւում եւ` պաշտօնեաները, կարող են սխալուել: Ուղղակի յստակ մօտեցում պէտք է ունենանք, թէ մենք` իբրեւ պետական մարմին, ինչպէ՛ս ենք հետեւում օրէնքի այն դրոյթի կատարմանը, ըստ որի,  Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է, պաշտօնական լեզուն` գրական հայերէնը: Ամէն ինչ բխում է այստեղից: Եթէ, օրինակ, հրապարակային գրուածքն օտարալեզու է, նշանակում է` հայերէնի շահերը ոտնահարուել են, եւ խախտողը պէտք է պատասխան տայ: Եթէ նախկինում դրա «պատասխանը» տուգանքն էր, հիմա աւելի շուտ պիտի փորձենք կանխարգելել սխալը: Պէտք է հասնենք նրան, որ կա՛մ օտարալեզու գրուածքի հեղինակը հայերէն ձեւաւորի այն, կա՛մ համապատասխան պետական մարմինը չգրանցի օտար անունները: Դրա համար քայլեր պէտք է արուեն: Դեռ մտածում ենք, թէ դա ի՛նչ ճանապարհով պէտք է արուի: Խիստ կարեւոր է լեզուաքարոզչութիւնը, ինչպէս եւ` խախտումները, սխալները կանխելու ուղիներ գտնելը: Մեր առաջնահերթութիւնը լինելու է հայերէնի շահերի պաշտպանութիւնը:

– Եթէ նախկինում տեսչութիւնը տուգանելու թէկուզ սահմանափակ հնարաւորութիւններ ունէր, ապա այժմ Լեզուի կոմիտէն նման գործառոյթներ ընդհանրապէս չունի: Ձեր կարծիքով, դա կարո՞ղ է բացասաբար ազդել կառոյցի գործունէութեան արդիւնաւէտութեան վրայ:

– Բայց պետութիւնը դա չի կարող բաց թողնել: Օրինակ` «Լեզուի մասին» օրէնքի դրոյթներից մէկն ասում է. «Հայաստանի Հանրապետութիւնում կրթութեան եւ դաստիարակութեան լեզուն հայերէնն է»: Մենք տեսնում ենք, որ նախկին ռուսական դպրոցների ցանցն այլեւս չկայ. Հայաստանում դպրոցները գերազանցապէս հայկական են` հայերէն ուսուցմամբ: Սակայն երբեմն լսում ենք, որ Հայաստանի որոշ քաղաքացիների երեխաներ սովորում են ոչ հայերէն ուսուցմամբ դպրոցներում կամ դասարաններում: Նախկինում լեզուի պետական տեսչութիւնը դրանով զբաղուել է: Լեզուի կոմիտէի աշխատանքի շեշտադրումներն են փոխուել` մասնակցել լեզուի բնագաւառում քաղաքականութեան մշակմանը եւ ապահովել այդ քաղաքականութեան իրականացումը, նաեւ ապահովել «Լեզուի մասին» օրէնքի պահանջների կատարումը եւ լեզուական քաղաքականութեան պետական ծրագրի իրականացումը: Մենք սրանք շատ ենք կարեւորում: Եթէ ճիշդ հիմքեր դնենք, կը խուսափենք զանգուածային խախտումներից, սխալներից, օտարամոլութեան ցցուն դրսեւորումներից:

– Մինչեւ Լեզուի կոմիտէի ձեւաւորումը Լեզուի պետական տեսչութեան հասցէին մեղադրանքներ հնչեցին, թէ արդիւնքները բաւարարող չեն: Պարո՛ն Գիւրջինեան, մտավախութիւն չունէ՞ք, որ սահմանափակ միջոցների եւ հնարաւորութիւնների պայմաններում Կոմիտէն էլ կարող է գործունէութեան արդիւնաւէտութեան խնդիր ունենալ:

– Պիտի ջանանք, որ այդպիսի կարծիք չձեւաւորուի: Մենք ապաւինում ենք նաեւ հասարակութեան աջակցութեանը: Երբ խօսում ենք քարոզչութեան մասին, յոյս ունենք, որ հասարակական ճնշումն էլ կը նպաստի, որ այս կամ այն ոլորտում խախտումները պակասեն: Մենք պէտք է յստակեցնենք մեր ուղին, ճշդենք մարտավարութիւնը եւ տարբեր լծակներով փորձենք շտկել իրավիճակը: Պետութիւնը, ի վերջոյ, դա անելու բազմաթիւ հնարաւորութիւններ ու միջոցներ ունի:

– Երկձեւութիւնների, օտարաբանութիւնների առումով, բաւականին ծանր վիճակ է ստեղծուած: Լեզուի կանոնարկման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկելու: Եւ քանի որ մեծ խնդիրներ կան այս ոլորտում, ձեր միջոցներով կարողանալո՞ւ էք նման լայնածաւալ աշխատանք իրականացնել:

– Մարդուժը կարեւոր է, այո՛: Կոմիտէն պէտք է ունենայ ուժեղ եւ բանիմաց աշխատակիցներ, որպէսզի կարողանանք ոլորտը տնօրինել: Ճիշդ էք, կուտակուած բազմաթիւ խնդիրներ կան: Հայերէնի բարձրագոյն խորհուրդը վերջին տարիներին չի գործել, եւ այդ անգործութեան հետեւանքները հիմա տեսանելի ու զգալի են: Հիմա պէտք է փորձենք բաց թողածը յաղթահարել կամ լրացնել: Նոր հասկացութիւնները, նոր երեւոյթները, առարկաները պէտք է անուններ ունենան: Դրանք, որպէս կանոն, օտար անուններ են ունենում, քանի որ դրսում են ստեղծւում: Հայերս պէտք է հասցնենք դրանց հայերէն համարժէքները ստեղծել: Այդ գործը, ի հարկէ, մենք չենք անում: Դրանով զբաղուողներ կան` տարբեր ոլորտների մասնագէտներ, գիտահետազօտական հիմնարկներ եւ այլն: Սակայն կուտակուած նիւթը քննարկւում եւ որոշում է կայացւում Հայերէնի բարձրագոյն խորհրդում, որը նախկինում կոչւում էր Տերմինաբանական կոմիտէ: Մեր կոմիտէի շրջանակներում պէտք է լինի այդպիսի մի խորհուրդ, որը յանձնարարականներ կը մշակի, թէ համարժէք բառերից որն է նախընտրելի, զուգաձեւութիւններից որն է յանձնարարելի, նրա գործածութեան ոլորտը որն է եւ այլն: Էլ չեմ ասում, որ չլուծուած խնդիրներ ունենք, օրինակ` տառադարձութեան բնագաւառում: Եթէ նախկինում որպէս Խորհրդային Միութեան մաս աշխարհին նայում էինք ռուսերէնի միջոցով, ապա Հայաստանը հիմա անկախ է, աշխարհը` բաց մեզ համար, մենք ուղղակի առնչութիւններ ունենք անգլերէնի, ֆրանսերէնի, արաբերէնի, պարսկերէնի եւ այլ լեզուների հետ: Ուստի տառադարձման խնդիրն առաջնային է դառնում: Օտար երկրի քաղաքացին Հայաստանի անձնագիր է ստանում, ինչպէ՞ս պէտք է տառադարձուեն նրա անունը, ազգանունը: Այս ոլորտում մենք շուտով քննարկումներ կը սկսենք շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ: Եւ կը փորձենք դա հասցնել ինչ-որ լուծման, որ այս հարցում միասնական մօտեցում ունենանք: Սա կը լինի արդիւնք, որը պետութիւնը կը գնահատի:

– Ճի՞շդ հասկացայ` Հայերէնի բարձրագոյն խորհրդի գործունէութիւնը կը դադարեցուի եւ նման խորհուրդ կը ստեղծուի կոմիտէի կազմում:

– Կարծում եմ` նման բան կը լինի:

– Պարո՛ն Գիւրջինեան, դուք ֆէյսպուքում վարում էք «Յանուն մեր նեարդերի» շարքը, որտեղ յաճախ հանդիպող սխալներին էք անդրադառնում: Կայ նաեւ «Մայրենի լեզուի դասեր» խումբը, որը մի շարք հարցեր է պարզաբանում: Սակայն համակարգուած եւ առաւել ընդգրկուն աշխատանքի կարիք կայ: Հնարաւո՞ր է, որ կոմիտէն ստանձնի այդ գործառոյթը եւ համացանցում մի իւրօրինակ շտեմարան ստեղծի: – Ապագայում նախատեսում ենք ունենալ կայք, որտեղ այդպիսի մի բաժին կը լինի, կը զետեղուեն Տերմինաբանական կոմիտէի, Հայերէնի բարձրագոյն խորհրդի ընդունած որոշումները, ընդունուելիք որոշումների նախագծերը, կը լինի քննարկումների բաժին, որի միջոցով կ՛իմանանք հասարակութեանը յուզող հարցերի մասին: Հասարակութեան հետ կապը չենք ուզում բաց թողնել, որովհետեւ մենք լուծում ենք հայերէն խօսող հասարակութեան խնդիրը: Մեր «Լեզուի կոմիտէ» ֆէյսպուքեան էջը ժամանակաւոր լուծում է` սահմանափակուած մէկ ընկերային ցանցի շրջանակներում: Տեսչութիւնը, դժբախտաբար, կայք չի ունեցել: Եթէ ունենար` կը վերակառուցէինք եւ կ՛օգտագործէինք: Հիմա ստիպուած ենք նորը ստեղծելու մասին մտածել եւ պէտք է փորձենք այնպէս անել, որ հասարակութիւնը մեծապէս օգտուի դրանից:

– Որպէս կանխարգելիչ միջոց` նշեցիք այն, որ քաղաքացին հայերէնը կարեւորի: Ինչպէ՞ս կարող ենք հասնել նրան, որ Հայաստանի շարքային քաղաքացին յարգանք ու սէր ունենայ մեր լեզուի նկատմամբ:

– Լեզուի նկատմամբ սէրն ու յարգանքը յուզական բաժակաճառեր ասելով եւ ասմունքելով չեն ձեւաւորւում: Մեր հեռուստաալիքները հայերէնին նուիրուած քանի՞ հաղորդում ունեն: Այնինչ պէ՛տք է լինէին ու տպաւորիչ լինէին: ԶԼՄ-ները մեծ դեր ունեն այս հարցում: Մենք այդ ոլորտը բաց ենք թողել եւ յետոյ հարցնում ենք, թէ ինչո՛ւ է այսպէս: 21-րդ դարում սոսկ տուգանելով յաջողութիւններ չենք գրանցի: Պիտի հասնենք նրան, որ Հայաստանի քաղաքացին գիտակցաբար օտարալեզու ցուցանակ չօգտագործի, պարզապէս նա ինքն իրեն դա պէտք չէ թոյլ տայ: Պէտք չէ յոյսը դնել, որ Լեզուի կոմիտէն մենակ կարող է այդ գործն անել: Ամէն քաղաքացի եւ պետական իւրաքանչիւր մարմին իր տեղում իր ներդրումը պէտք է ունենայ հայերէնի գերակայութիւնը երկրում ապահովելու եւ պետական լեզուի շահերը պաշտպանելու գործում:

 

 

 

Մոհամետ Մարգարէի Եւ Իր Յաջորդներուն Հրովարտակները` Տրուած Երուսաղէմի Հայոց Սուրբ Յակոբեանց Պատրիարքութեան

$
0
0

ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ

Տարիներ առաջ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի գրախանութ այցելութեանս ընթացքին ուշադրութիւնս գրաւեց, եւ գնեցի Կրեկորի Գրիգորեանին անգլերէն լեզուով հրատարակած «Through the eye of an Armenian needle» հատորը: Հեղինակը պատմականը կ’ընէր Երուսաղէմի հայոց պատրիարքութեան` անոր հիմնադրութենէն մինչեւ 20-րդ դար: Ան նաեւ կը յիշէր, որ իր աշխատասիրութիւնը ամփոփումն ու անգլերէնի թարգմանութիւնն էր Տիգրան Սայալանեանի «Երուսաղէմի պատմութիւն» երկու հատորով եւ 1385 էջերով ծաւալուն գիրքին, որ հրատարակուած էր Երուսաղէմի մէջ, 1931-ին: Կրեկորի Գրիգորեանը իր գիրքին առաջին հատորի սկզբնաւորութեան յիշատակած էր, որ Երուսաղէմի հայոց Աբրահամ պատրիարքը, 626-ին Մոհամետ մարգարէին այցելած է եւ անկէ ապահոված է ֆերման-հրովարտակ մը` ի պաշտպանութիւն հայոց պատրիարքարանին եւ իրաւունքներուն: Այս պատմական տեղեկութիւնը զիս տպաւորած էր օրին: Հետաքրքրութիւնս այս հարցով աւելի սրեցաւ, երբ քանի մը շաբաթ առաջ տեսայ մարգարէին տուած ֆերման-հրովարտակին լուսանկարը` «Armenian art treasures of Jerusalem» նկարազարդ հատորին մէջ, որ հրատարակուած էր Նիւ Եորք, 1979-ին: Ուստի որոշեցի իմ կարողութեանս սահմաններուն մէջ պզտիկ ուսումնասիրութիւն մը կատարել եւ յօդուած մը պատրաստել Մոհամետ մարգարէին եւ անոր յաջորդներուն կողմէ Երուսաղէմի հայոց պատրիարքութեան տրուած ֆերմաններուն մասին: Ահաւասիկ` Երուսաղէմի հայոց պատրիարքութեան հաստատման եւ Մոհամետ մարգարէին ու անոր յաջորդներուն կողմէ շնորհուած ֆերման-հրովարտակներու ամփոփ պատմութիւնը:

Երուսաղէմի հայոց պատրիարքարանը գոյութիւն ունեցած է դարերէ ի վեր: Ան ունի մօտաւորապէս 2000 տարուան պատմութիւն: Ան կարեւոր նշանակութիւն ունի հայ ժողովուրդի պատմութեան մէջ: Հայոց պատրիարքութիւնը մնացած է կանգուն եւ համահաւասար դիրքի վրայ`  600 միլիոնէ աւելի կաթոլիկ եւ 300 միլիոնէ աւելի  ուղղափառ հաւատացեալներու պատրիարքութիւններու հետ: Այս` շնորհիւ հայ կղերականներու աչալրջութեան, խոհեմութեան եւ ժրաջան աշխատանքին ու ջանքերուն:

Հայեր գտնուած են Երուսաղէմի մէջ Քրիստոսի ապրած տարիներուն եւ անոր խաչելութենէն առաջ: Քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակուելէն ետք, 301-ին մեծ թիւով հայեր Հայաստանէն սկսած են ուխտագնացութիւն կատարել դէպի Երուսաղէմ: Անոնցմէ ոմանք հաստատուած են հոն: Հայերու թիւը կամաց-կամաց բարձրացած է, եւ անոնք ապրած են համախումբ: Անոնք հաստատած են եկեղեցիներ, վանքեր, ուխտատեղիներ եւ կրթական հաստատութիւններ:

Երուսաղէմի Սուրբ Յակոբ վանք հաստատուած է Տրդատ թագաւորի օրով եւ միջոցներով: Երուսաղէմի հայկական բաժինը գոյութիւն ունեցած է Քրիստոսէ ետք 4-րդ դարուն:

Երուսաղէմի Սուրբ Յակոբ վանքին մուտքը

Խումբ մը հայ վանականներ եւ ուխտաւորներ կը հաստատուին Սիոն լերան մօտ, հոն, ուր այսօր Սուրբ Յակոբ վանքը գոյութիւն ունի: Սուրբ Յակոբ վանքին մէկ մասը շինուած է 420-ին: Երուսաղէմի մէջ 6-րդ դարուն գոյութիւն ունեցած են 66 հայկական եկեղեցական հաստատութիւններ:

Տեղեկութիւններ կան, որ նոյնիսկ 254-էն սկսեալ հայ եպիսկոպոսներ յոյն օրթոտոքս եկեղեցականներու հետ Երուսաղէմի մէջ որոշ աշխատանքներ կը տանէին պահպանելու համար Յիսուսի կեանքին կապուած վայրերը:

Հայաստանի նախարարական տուները եւ եպիսկոպոսական աթոռները Երուսաղէմի մէջ շինած են բազմաթիւ վանքեր` որպէս հայ ուխտաւորներու նստավայր եւ հանգստեան կեդրոններ:

Վլատիմիր Պօղոսեանը իր գրութիւններուն մէջ յիշած է, որ, ըստ Գրիգոր Տաթեւացիի եւ Յովհաննէս վարդապետի, Գրիգոր (Լուսաւորիչ) ուխտագնացութեան գացած է Երուսաղէմ, սակայն ինքզինք արժանի չէ գտած Քրիստոսի գերեզման-սրբատեղին մտնելու, ուստի ան եօթը տարի ապրած է մօտակայ քառայրի մը` մէջ աղօթելով: Ետքը ան կը մտնէ Յիսուսի գերեզման-սրբատեղին եւ կը խնդրէ Տիրոջմէն, որ վայրը լուսաւորուի ի նշան Յիսուսի համբարձման: Հրաշքով հոն գտնուող ջահերը կը վառին: Այս հրաշքով Գրիգոր կը դառնայ «Լուսաւորիչ» ոչ միայն հայերուն համար, այլեւ` բոլոր քրիստոնեաներուն:

Հայոց պատրիարքութեան հիմնադրութեան վերաբերեալ պատմաբաններ կը նշեն, որ Քրիստոսի համբարձումէն ետք առաքեալները` հաւաքուած են Երուսաղէմի մէջ եւ ընտրած են Յակոբոս առաքեալը, որպէս առաջին եպիսկոպոս Երուսաղէմի: Ան իր աթոռը հաստատած է Սիոն լերան վրայ: Այս վայրին վրայ ներկայիս կը գտնուի հայոց Սրբոց Յակոբեանց տաճարը: Կը յիշուի նաեւ, որ այս տաճարին մէջ պահուած է Յովհաննէս աւետարանիչի եղբօր գլխատուած զաւկին գլուխը:

Երուսաղէմի առաջին պատրիարքը եղած է Ս. Յակոբ առաքեալը:

381-ին Պոլսոյ երկրորդ միջեկեղեցական համաժողովի օրերուն Երուսաղէմի եպիսկոպոսը պատրիարք  կը հռչակուի:

Քրիստոսի խաչելութենէն մինչեւ Քաղկեդոնի ժողովը` 451, Երուսաղէմ ունեցած է մէկ համաքրիստոնէական պատրիարքական աթոռ, որուն հովանիին տակ կը գտնուէին հայ, յոյն, ասորի պատրիարքները, եւ ամէն ազգ ունեցած է իր սեփական վանքերն ու եկեղեցիները:

Քաղկեդոնի ժողովին ընդհանրական եկեղեցին ընդունած է Քրիստոսի երկբնակութեան բանաձեւը` մարդկային եւ աստուածային տարանջատուած բնութեամբ: Ըստ այս բանաձեւին, Քրիստոս թէ՛ մարդ էր եւ թէ՛ Աստուած: Հայերը հաւատարիմ մնալով առաջին երեք Տիեզերական ժողովներուն` Նիկիա 325-ին, Կ. Պոլիս 381-ին եւ Եփեսոս 431-ին, կը մերժեն Քաղկեդոնի բանաձեւը: Այս թուականէն սկսած է քրիստոնեայ եկեղեցւոյ երկփեղկումը: Երուսաղէմի միասնական աթոռը կը բաժնուի երկուքի` յոյներու պատրիարքութեան եւ հայոց պատրիարքութեան: Հայերուն կը միանան ասորիները, ղպտիները եւ եթովպիացիները, որոնք բոլորը հաստատ կը մնան Քրիստոսի միաբնակութեան, իսկ յոյները` երկբնակութեան:

Մոհամետի գալուստով եւ իշխանութեան տիրանալէ ետք իսլամական ուժերը կը յառաջանան դէպի Միջին Արեւելք, մասնաւորապէս` դէպի Դամասկոս եւ Երուսաղէմ, ուր արդէն քրիստոնեաներ եւ հրեաներ կ՛ապրէին: Մոհամետի իսլամական ուժերու յառաջխաղացքի ժամանակ հրեաները կը փորձեն բարեկամանալ այս ուժերուն հետ, որպէսզի տիրանան Երուսաղէմին եւ վտարեն քրիստոնեաները Երուսաղէմէն: Իսլամական ուժերը օգտագործելով հրեաներուն այս կեցուածքը` կը զօրացնեն իրենց յառաջխաղացքը դէպի Երուսաղէմ:

Այդ օրերուն Երուսաղէմի հայ համայնքին Աբրահամ պատրիարքը տեսնելով իսլամական արշաւանքի վտանգները եւ իսլամական ուժերուն հզօրութիւնը` կ՛որոշէ անձնապէս երթալ Մեքքէ եւ տեսնուիլ ու բանակցիլ Մոհամետ մարգարէին հետ` ապահովելու համար մարգարէին պաշտպանութիւնը: Աբրահամ պատրիարք խորհրդակցութիւններ կ՛ունենայ հայ երեւելիներուն հետ եւ 40 հոգիէ բաղկացած յատուկ պատուիրակութեամբ մը կը հասնի Մեքքէ: Մոհամետ մարգարէն սիրով, յարգանքով եւ ազնուութեամբ կ’ընդունի հայ պատուիրակութիւնը եւ կը լսէ Աբրահամ պատրիարքին առաջարկները: Հայ պատուիրակութիւնը, առաջնորդութեամբ Աբրահամ պատրիարքին, կը յայտնէ իր հպատակութիւնը մարգարէին: Աբրահամ պատրիարք կը ներկայացնէ իր առաջարկները Մոհամետ մարգարէին  եւ կը յայտնէ իր պատրաստակամութիւնը` գործակցելու իրեն հետ ու կը խնդրէ ունենալ իր պաշտպանութիւնը Երուսաղէմի հայ համայնքին, եկեղեցական հաստատութիւններուն եւ քրիստոնէական պաշտամունքի իրաւունքը` առանց կաշկանդումի:  Երկու կողմերը կը բանակցին եւ կը յանգին դրական որոշումներու: Մոհամետ մարգարէն կը հրատարակէ իր յատուկ Ֆերման-հրովարտակը, որուն մէջ մարգարէն կ’ըսէ.

«Ես` Մոհամետ, Ապտալլայի որդին, մարգարէն եւ ծառան Աստուծոյ, կու տամ իմ յարգանքս Աբրահամ պատրիարքին, կը պատուեմ զինք եւ Երուսաղէմի, Դամասկոսի եւ Արաբիոյ շրջակայ վայրերու բոլոր արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները եւ քահանաները,  այլ խօսքով` այն ժողովուրդները, որոնք ենթակայ են Երուսաղէմի, այսինքն` եթովպիացիները, ղպտիները, ասորիները: Կը ճանչնամ եւ կ’երաշխաւորեմ անոնց վանքերը, եկեղեցիները, կրթութեան կեդրոնները, կալուածները եւ հողերը: Ես` մարգարէ Մոհամետ, Աստուծոյ վկայութեամբ եւ իմ շուրջս գտնուող 30 անձերուն, իմ հովանաւորութիւնս եւ պաշտպանութիւնս կը շնորհեմ եւ իմ ողորմութիւնս կը բաժնեմ հայոց եկեղեցիներուն, ուր որ ալ գտնուին` Երուսաղէմի ամբողջ տարածքին, Քրիստոսի սուրբ գերեզմանին, Սուրբ Յակոբ եկեղեցիին, Բեթղեհեմի եկեղեցիին, բոլոր աղօթատեղիներուն, մենաստաններուն, Գողգոթայի ճանպարհին եւ սրբատեղիներուն: Նաեւ կ’ապահովեմ եւ կը վստահեցնեմ, որ իմ պաշտպանութիւնս կ’երկարի նաեւ քրիստոնեայ բլուրներուն, հովիտներուն ու քրիստոնեաներուն եկամուտի հաստատութիւններուն: Այս բոլորը կը յայտարարեմ իմ մարգարէի անունով եւ իմ հաւատացեալ իսլամներու անունով»:

Հայ պատուիրակութիւնը կը խոստանայ եւ կ՛երդնու, որ պիտի հպատակի Մոհամետ մարգարէին, պիտի ճանչնայ միայն իսլամ իշխանութիւնը, պիտի մերժէ բոլոր այլ իշխանութիւնները եւ պիտի կատարէ իր ու հայ համայնքին բոլոր նիւթական պարտաւորութիւնները` հանդէպ մարգարէին:

Մարգարէն իր յաջորդներուն պարտաւորութիւն կ՛արձանագրէ յարգելու համար իր` մարգարէ Մոհամետի այս յատուկ հրովարտակը եւ գործադրել անոր բոլոր մանրամասնութիւնները: Այս հանդիպման եւ հրովարտակի ստորագրութեան ներկայ կ՛ըլլայ Խաթթապի զաւակը` Օմար, որ պիտի դառնար մարգարէին յաջորդներէն մէկը եւ ինք պիտի հրատարակէր նոյնանման հրովարտակ մը եւ պիտի հաստատէր  մարգարէին  յատուկ հրովարտակը` տրուած Երուսաղէմի հայոց պատրիարքարանին եւ անոր հօտին: Մոհամետի հրովարտակին մէջ ներառուած են Քուրանէն որոշ հատուածներ եւ գրութիւններ:

Մոհամետ մարգարէին տուած հրովարտակը կը դառնայ հայոց պատրիարքութեան կարգավիճակը որոշող պաշտօնական փաստաթուղթերուն առաջինը:

Մոհամետ մարգարէին տուած հրովարտակին բնագիրը գոյութիւն չունի Երուսաղէմի հայոց պատրիարքարանի արխիւներուն մէջ: Սակայն այս հրովարտակին դեղնորակ թուղթով պատճէնը կը գտնուի պատրիարքարանի «Մարտիկեան» թանգարանին մէջ:

Հայ պատուիրակութիւնը կը վերադառնայ եւ կը վայելէ այս հրովարտակին բարի կամեցողութիւնը:

Մոհամետ մարգարէին շնորհած ֆերման-հրովարտակը

Մոհամետ մարգարէն կը մահանայ 632-ին եւ կը թաղուի Մետինէի մէջ: Անոր կը յաջորդէ Ապու Պեքիր, որ ինքզինք հռչակած է Աստուծոյ մարգարէին հետեւորդը եւ յաջորդը: Ան յառաջացած տարիք ունեցած է եւ չէ կրցած իր բանակը ղեկավարել: Ան բանակը յանձնած է բարձրաստիճան կարող զինուորական Ապու Օպէյտի: Ապու Պեքիր կ՛ապրի միայն երկու տարի եւ խալիֆայութիւնը կը յանձնուի Օմարի, 634-ին: Ապու Օպէյտ կը դառնայ Օմարի  զինուորական ընդհանուր հրամանատարը: Անոր զօրքերը կը յարձակին Դամասկոսի եւ Երուսաղէմի վրայ ու կը պաշարեն զանոնք,  կ՛արգիլեն ուխտաւորներուն Երուսաղէմէն դուրս գալը  եւ մուտքը: Այդ օրերուն Երուսաղէմի պատրիարքը` Սոֆրոնիոսը եւ հայոց Գրիգոր պատրիարքը համախորհուրդ կ՛որոշեն տեղի տալ: Ուստի կը տեսնուին Ապու Օպէյտի հետ եւ կը յայտնեն, որ Երուսաղէմի գրաւումը Աստուծոյ քով զայրոյթ պիտի յառաջացնէ, քանի որ Երուսաղէմը սուրբ քաղաք է: Երկու պատրիարքները պատրաստակամութիւն կը յայտնեն հպատակելու Օմարին:

Ապու Օպէյտ պատրիարքները լսելէ ետք  Օմարին կը յայտնէ երկու պատրիարքներուն մտածումները: Օմար Մեքքէէն ճամբայ կ՛ելլէ եւ եւ կը հասնի Երուսաղէմի մօտերը: Ան իր վրանը կը տնկէ Ձիթենեաց լերան վրայ: Յոյն պատրիարքին եղբայրը կը բանակցի Օմարին հետ եւ կը յայտնէ քրիստոնեաներուն հպատակութիւնը իրեն եւ իսլամ իշխանութեան: Ան նաեւ կը կը խնդրէ Մոհամետ մարգարէին տուած հրովարտակին գործադրութիւնը: Օմար լսելէ ետք քրիստոնեայ պատուիրակը կը հրատարակէ իր հրովարտակը, որուն մէջ կը վերահաստատէ մարգարէին տուած հրովարտակին ամբողջութիւնը եւ ինք իր կարգին նոյնաման հրովարտակ մը կը հրատարակէ: Շուտով կը բացուին Երուսաղէմի դռները: Օմար կը մտնէ Երուսաղէմ իր հետեւորդներուն եւ բարձրաստիճան անձնաւորութիւններուն հետ: Ան կը շրջագայի Երուսաղէմի բոլոր սրբատեղիները եւ կ՛այցելէ Քրիստոսի գերեզմանի տաճարը եւ կ՛աղօթէ հոն: Ան կը հիանայ տաճարին ճարտարապետութեամբ եւ կ՛առաջարկէ պատրիարքին` տաճարին կից հող մը ունենալ, որպէսզի հոն մզկիթ մը կառուցուի ապագային: Այդ մզկիթը կը շինուի 935-ին եւ կը կոչուի «Ալ Օմարիէ»: Օմար  քրիստոնեաներուն կը պարգեւէ քրիստոնէական պաշտամունքի ազատութիւն, սակայն կ՛արգիլէ եկեղեցիներուն զանգակներու գործածութիւնը: Ան կը դառնայ խաղաղասէր, արդարասէր եւ բարեսէր` հանդէպ քրիստոնեաներուն եւ հայերուն: Հայ ուխտաւորները ազատօրէն կ՛այցելեն Երուսաղէմ, սակայն` հետեւելով իսլամ կրօնի քաղաքացիական օրէնքներուն:

Օմարին շնորհած ֆերման-հրովարտակը

Օմար իր հրովարտակին մէջ կ՛անդրադառնայ Գրիգոր Ուրֆայեցի պատրիարքին  եւ Երուսաղէմի հայերուն իրաւունքներուն եւ կը շնորհէ անոնց ապահովութիւն, պաշտպանութիւն եւ քրիստոնէական պաշտամունքի ազատութիւն:

Այս հրովարտակի հրատարակումէն ետք Գրիգոր պատրիարքը իր հօտին կը յանձնարարէ Օմարին վճարել իրենց հարկերը եւ կատարել նիւթական պարտաւորութիւնը: Օմար իշխանութեան վրայ կը մնայ 10 տարի եւ վեց ամիս: Ան կը սպաննուի Մետինէի մզկիթին մէջ աղօթելու ընթացքին, մահափորձով, 645-ին, սպասաւորի մը կողմէ, որ Լուլու կոչուած է: Օմար կը թաղուի Մոհամետ մարգարէի դամբարանին կից:

Խալիֆա Ալիի իշխանութիւնը կ՛երկարի 656-661: Անոր տիրապետութեան ընթացքին Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը եւ հայ ժողովուրդը կ՛արժանանան Ալիի հոգատարութեան: Ալի իր կարգին հայերուն եւ Երուսաղէմի հայոց պատրիարքութեան կը շնորհէ իր ֆերման-հրովարտակը, որ նմանօրինակ կ՛ըլլայ Մոհամետ մարգարէի եւ Օմարի կողմէ տրուած ֆերմաններուն:

Ալիին կողմէ տրուած ֆերման-հրովարտակը

Օմարէն ետք, մինչեւ 1097, ամբողջ չորս դար, իսլամական յաջորդական խալիֆայութիւններու ընթացքին Երուսաղէմ կռուադաշտ կը դառնայ հակաքրիստոնէական արշաւանքներու: Քանի՜ քանի՛ անգամներ Երուսաղէմ կը գրաւուի, կը կործանի, եկեղեցիներ եւ սրբատեղիներ կը քանդուին եւ քրիստոնեայ ժողովուրդը կը հալածուի ու կը կորսնցնէ իր պաշտամունքի ազատութիւնը: Երուսաղէմի հայոց պատրիարքարանը եւ հայ ժողովուրդը նոյն դժբախտութիւններուն կ՛ենթարկուին, սակայն կը տոկան եւ կը դիմագրաւեն բոլոր դժուարութիւնները` խիզախութեամբ եւ հաւատքի ներգործութեամբ:

1097-ին կը սկսի խաչակիրներու արշաւանքը: Անոնք կու գան եւ կ՛ազատագրեն Երուսաղէմը: Քրիստոնեայ բնակչութիւնը կը վերագտնէ իր ազատութիւնը` որպէս քրիստոնեայ ապրելու երաշխիքը: Յաջորդ երկու դարերու ընթացքին խաչակիրները քանիցս կ՛արշաւեն եւ կը վերագրաւեն սուրբ Երուսաղէմը ու կ՛ազատագրեն անոր քրիստոնեայ ժողովուրդը:

1187-ին Սալահէտտին կը դառնայ Եգիպտոսի Այեուպեան իշխանութեան հիմնադիրը: Ան Երուսաղէմը կը գրաւէ  նոյն տարին: Սալահէտտին կը պարտադրէ Երուսաղէմի բնակիչներուն, որ լքեն Երուսաղէմը եւ դուրս ելլեն: Հարիւր հազար հաշուող բնակչութեան մեծ մասը դուրս կը վտարէ: Հոն կը մնան միայն 6000 հոգի, զորս կը ղրկէ Եգիպտոս` ծանր աշխատանքներ կատարելու: Սալահէտտին կը գրաւէ լատիններուն բոլոր եկեղեցիները եւ կ՛արգիլէ լատիններուն կատարել իրենց պաշտամունքը: Սակայն հակառակ այս բոլոր հակաքրիստոնէական կեցուածքներուն,

Սալահէտտին հայերուն մասնակի ազատութիւն կը շնորհէ եւ բարենպաստ մօտեցում կ՛ունենայ անոնց նկատմամբ: Այդ օրերուն Երուսաղէմի մէջ կ՛ըլլան 1000 հայ ուխտաւորներ, որոնք առանց տուրք վճարելու` դուրս կու գան Երուսաղէմէն: Երուսաղէմի գրաւման ժամանակ հայոց Աբրահամ պատրիարքը  կը հանդիպի Սալահ Էտտինին իրեն հետ ունենալով խումբ մը եկեղեցականներ: Հայոց պատրիարքը Սալահէտտինին կը ներկայացնէ  Մոհամետ մարգարէին կողմէ տրուած յատուկ հրովարտակը եւ փաստաթուղթերը, ինչպէս նաեւ Օմարին կողմէ տրուած հրովարտակը: Սալահ Էտտին լսելէ ետք հայ պատրիարքը եւ իրազեկ ըլլալէ ետք ներկայացուած հրովարտակներուն, 1180-ին ինքն ալ կը հրատարակէ իր հրովարտակը եւ կը վերահաստատէ մարգարէին, Օմարին եւ Ալիին կողմէ տրուած հրովարտակներուն վաւերականութիւնը: Սալահ Էտտին մասնաւորապէս կը մատնանշէ իր հրովարտակին մէջ հայերու իրաւասութիւնները` եկեղեցիներու, սրբավայրերու, սուրբ Յակոբ վանքի, Բերշաւանքի, Բեթղեհեմի եւ Նապլուսի եկեղեցիներուն, Սուրբ գերեզմանոցի սրբավայրը  եւ այլ սրբատեղիներուն ու մանաւանդ հայերու ազատ պաշտամունքի իրաւասութիւնը: Ան կը նուազեցնէ հայ վաճառականներուն եւ ուխտաւորներուն տուրքերը:  Սալահէտտինի հրովարտակը հիմք կը ծառայէ Երուսաղէմի հայոց պատրիարքութեան իրաւունքներուն եւ սեփականութիւններուն:

Սալահէտտինի կողմէ շնորհուած ֆերման-հրովարտակը

Սալահէտտին կ՛ունենայ 18 զաւակներ, որոնք իրենց հօր մահէն ետք կ՛ունենան մեծ եւ ծանրակշիռ հակառակութիւններ եւ պառակտումներ: Երուսաղէմը դարձեալ կռուախնձոր կը դառնայ հակամարտութիւններու: Քրիստոնեայ Երուսաղէմը երկար տարիներ կ՛ապրի խաւարի եւ բռնութեան մէջ: Հոս խաչակիրները դարձեալ կը յայտնուին եւ ի պաշտպանութիւն քրիստոնեայ Երուսաղէմին` կը հասնին օգնութեան:

1517-ին օսմանեան սուլթան Սելիմ կը գրաւէ Երուսաղէմը եւ կը հրապարակէ իր հրովարտակը` ֆերման, որ կը հաստատէ Մոհամետ մարգարէին, Օմարին եւ Սալահէտտինի կողմէ տրուած առանձնաշնորհումները` ի նպաստ Երուսաղէմի հայոց  սուրբ Յակոբեանց աթոռին:

Սուլթան Սելիմի յաջորդը` սուլթան Սուլէյման թագաւորական ստորագրութեամբ կը հրատարակէ իր ֆերմանը` հաստատելով հայերու իրաւունքները Երուսաղէմի մէջ:

Օսմանեան տիրապետութեան 4 դարերու ընթացքին հայերը օգտագործած են իրենց կապերը թրքական իշխանութիւններուն հետ եւ ամրապնդած են համայնքին իրավիճակը: Սակայն յաջորդ երեք դարերու ընթացքին Երուսաղէմի հայոց պատրիարքարանը եւ հայ համայնքը կ՛ունենան դժուարին եւ մտահոգիչ կեանք: Տեղի կ՛ունենան հայ-յոյն համայնքներու վէճերը: Յոյները քանիցս կը փորձեն տիրանալ հայերու սրբատեղիներուն եւ իրաւունքներուն` կաշառելով թուրք իշխանական խաւը: Յոյները թուրք իշխանութիւններէն քանի՜ քանի՛ անգամներ կ՛ապահովեն իրենց ի նպաստ հրովարտակներ: Սակայն Երուսաղէմի հայոց պատրիարքներուն եւ անոնց օգնական կղերներուն խոհեմ եւ յամառ կեցուածքներուն շնորհիւ` թուրք սուլթանները հրատարակած են  ի նպաստ հայերուն յատուկ հրովարտակներ: Այս հրովարտակներէն նշանաւորները եղած են` սուլթան Մեհմետ Չորրորդի հրովարտակը 1659-ին,  սուլթան Մահմուտ առաջինի հրովարտակը 1735-ին, սուլթան Ապտուլ Մեճիտի հրովարտակը 1853-ին, որ Երուսաղէմի հայերու իրաւունքները սահմանող հրովարտակներուն վերջինը կը նկատուի:

Մոնրէալ, 10 յուլիս 2018

 

Աղբիւրներ

  1. Akgunduz, Ahmed, Prof., The Ottoman model in Jerusalem, Netherland
  2. Gharibian, Lucine, Reopening of Armenian museum in Jerusalem is a possibility, Media Max.
  3. Ghazarian, Jacob G., Armenians in Islamic Jerusalem, University of Oxford, Journal of Islamic Jerusalem studies, 2008
  4. Hagopian, Harry, Dr., The Armenian church in the holy land.
  5. Jewish virtual library, Jerusalem attractions, the Armenian Quarter
  6. Krikoryan, Gregory, Through the eye of an Armenian needle, Antilias, Լebanon, 2002
  7. Narkiss, Bezalel, Stone E. Michael, Sanjian, Avedik, Armenian art treasures of Jerusalem, New York, 1979
  8. The Holy land. Net, Church of James
  9. Պօղոսեան, Վլատիմիր, Երուսաղէմի հայոց պատրիարքութիւն, Մերձաւոր Արեւելք-պատմութիւն-մշակոյթ-գիտութիւնների ազգային ակադեմիա, Արեւելագիտութեան հիմնարկ, Երեւան, 2009

 

 

Viewing all 12135 articles
Browse latest View live