ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Ապրիլեան չորսօրեայ պատերազմի դրդապատճառների քաղաքական երեւոյթները տեւական ժամանակ դեռ կը քննարկուեն, անշուշտ, առաջ կը քաշուեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական եւ այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ազրպէյճանը մի քանի հանգամանք յստակօրէն հաշուարկել էր: Անցած տարիների ընթացքում Ազրպէյճանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագոյն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահութիւն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց յաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտէին, որ հայկական կողմը եւս բաւականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռեւս ճանապարհին է: Եթէ սրան յաւելենք, որ ազրպէյճանական բանակի ծախսերը շեշտակիօրէն կրճատուել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշդ ժամանակն է փորձել արագ պատերազմ անել:
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլեան այս պատերազմը մանրամասնօրէն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդէն կարելի է վստահօրէն փաստել: Ակնյայտ է, որ ազրպէյճանական կողմը, վերջին երկու տարուայ ընթացքում իր ունեցած բոլոր խափանարարական-հետախուզական խմբերը, (կատարուել է առնուազն 150 խափանարարական ներթափանցման փորձ) ականային, հրետանային եւ այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնածաւալ մարտական գործողութիւններ սկսել: Ինչպէ՞ս անուանել այս մարտական գործողութիւնները: Այն, անշուշտ, լայնածաւալ պատերազմ չէ: Ոմանք այն անուանում են «հետախուզութիւն մարտով», որը որոշակիօրէն ճիշդ է: Սակայն դասական իմաստով այդպէս չէ: Դեռեւս 1990-ականների երկրորդ կէսից ռազմարուեստում կիրառւում է առկայ ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրաւման հիմնական հարուած հասցնելու մարտավարութիւնը: Ազրպէյճանը այս անգամ հէնց նման հարուած հասցրեց գործող շարուածքում առկայ ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ եւ որոշիչ հարուած հասցնել ծրագրաւորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ խորութիւն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բաւարարուելու, արդէն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնյայտ է մի հետաքրքիր առանձնայատկութիւն եւս: Ազրպէյճանական լրատուամիջոցները մինչեւ կէսօր լռում էին: Կէսօրին միանգամից անցան յարձակողական տեղեկատուական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքոյց հպարտանալով, որ իրենք յարձակուել են եւ գրաւել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատուական գործողութիւնները եւս նախօրօք ծրագրաւորուած են եղել` մարտական գործողութիւններին համահունչ բեմագրութեամբ: Ազրպէյճանական զօրքերի յաջողութիւնները պէտք է ուղեկցուէին համապատասխան տեղեկատուութեամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդուել ըստ նախնական մշակուած ծրագրի, չէին համընկնում մարտական գործողութիւններին: Ի դէպ, նոյնը արեց նաեւ թուրքական մամուլը, որը եւս հաւանաբար տեղեակ էր ծաւալուելիք գործողութիւնների մանրամասներին:
Այդ են վկայում հէնց երկու ուղղութիւնում կեդրոնանալը եւ այդ ուղղութիւնների համեմատաբար հարթավայրային մասերում հրասայլային ուժերով հիմնական հարուածները, օրինակ` Սէյսուլանի ուղղութեամբ ճեղքման հարուածը հրասայլերով ու հետեւակով: Հարուածների ուղղութիւնները ենթադրում են, որ հիւսիսից ու արեւելքից հասցուող հարուածները Արցախի հիւսիսում նպատակ ունէին գրաւելու Մարտակերտը` Սարսանգի ջրամբարով եւ այլն: Յաջողութեան դէպքում ազրպէյճանական զօրքերը համապատասխան զօրախմբերով պէտք է հարուածներ հասցնէին նաեւ այլ ուղղութիւններում: Ըստ ազրպէյճանական տուեալների, իւրաքանչիւր հատուածում գործի են դրուել առաջին զօրաբանակի մէկական գնդի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացուած են եղել յատուկ նշանակութեան ուժերով` ընդհանուր մինչեւ երկու գունդ յատուկ նշանակութեան խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, հրասայլային եւ հրետանային այլ ուժերով: Իւրաքանչիւր ուղղութեամբ նաեւ կուտակուել էին զգալի հրասայլային ուժեր:
Քանի որ այս դէպքում հասկանալի է, որ ազրպէյճանական կողմը շահագրգռուած է նուազեցնելու սեփական ուժերի թուաքանակը, ինչը հիմնաւորւում է նաեւ որոշ զինատեսակների կիրառութեամբ, որոնք դուրս են զօրամիաւորումների ենթակայութիւնից, ապա հասկանալի եւ ակնյայտ է, որ ուժերը առնուազն եղել են գնդերից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդէն կորպուսային ներուժ ունէր: Այդ մասին է փաստում նաեւ հակառակորդի կողմից հրետանային կրակի ուժեղ լինելը: Չորս օրուայ ընթացքում ըստ որոշ տեղեկութիւնների, հակառակորդը կիրառել է 120 մմ-ից բարձր աւելի քան 30 հազար հրետանային արկ, ինչը մէկ միջինից բարձր ռազմագործողութեան համար նախատեսուած զինամթերքի ծախս է:
Որպէս ելակէտային հաշուարկ` նշենք, որ մէկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշուարկւում է 60-80 արկ: Եթէ այս հաշուարկով դիտարկենք ու հաշուենք, որ մէկ հրանօթը կարող է կրակել օրական առաւելագոյնը մէկ մարտապաշար, ապա ստացւում է, որ մարտական գործօն չորս օրում իւրաքանչիւր հրանօթի առաւելագոյն արագութեամբ կիրառման դէպքում եղել է մօտաւորապէս 100 միաւոր 120 մմ-ից բարձր հրանօթ: Աւելի ցածր գործունէութեան դէպքում, ինչը աւելի հաւանական է, կիրառուել է աւելի քան 150 հրանօթ:
Ազրպէյճանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտութեան, որը մի քանի անգամ փայլուն է դրսեւորուել ռազմարուեստի պատմութեան մէջ: Հարուածող խմբաւորումների առաջին շարակազմում կիրառուել են միայն յատուկ նշանակութեան ուժեր, այդ թւում` փորձ` օդային զինուորներ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առաւօտեան խոցուած ուղղաթիռը հէնց այս փորձի ժամանակ է խոցուել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունէին գրաւել առաջին բնագծերը կամ բացուածքներ ապահովել այդ բնագծում եւ միաժամանակ թիկունքից հարուած հասցնել գումարտակային խորութեանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահահրասայլային միջոցները շարժական խմբերի հետ գործել են արդէն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակութեամբ: Գործելով այս կանոններով եւ ձգտելով քողարկել իրենց հարուածը, որպէսզի ապահովուի անակնկալի գործօնը, ազրպէյճանական զօրքերը նոր ուժերի ու միջոցների ներգրաւումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորութիւնում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին խափանարարական խմբերի գործողութիւնները լիարժէք յաջողութեան չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գիւղում եւ որոշ դիրքերի թիկունքում խափանարարներ եղել են, ապա հիմնական հարուածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն հիմնական հարուածային ուժերի ճանապարհը չի բացուել, ինչպէս ծրագրաւորուած էր: Այստեղից սկսուել է ազրպէյճանական հարուածային խմբաւորման ծրագրերի խափանումն ու ներդաշնակութեան կորուստը:
Միայն այս ուղղութեամբ շրջափակման մէջ ոչնչացուել է ազրպէյճանական յատուկ նշանակութեան ջոկատի առնուազն 30 զինուոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրայ յարձակումը յաջողութեամբ ետ են մղել կամ հակագրոհներով արագօրէն վերականգնել են կորցրածը:
Նոյն բեմագրութիւնը գրեթէ կրկնուել է երկու ճակատում` Մարտակերտի ուղղութեամբ էլ ոչնչացուել է 2 հրասայլ եւ 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն հայկական ստորաբաժանումներին յանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրայեղ մեթոտի, այսպէս ասած, ծրագիր «Բ.»-ի` հրետանային առատ կրակով գոնէ առաջին դիրքերը վերցնելու մարտավարութեանը: Ի հարկէ, նման առատ կրակով մի քանի տեղում հակառակորդին յաջողուել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ գործողութիւնը. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի յաջողութեան չհասնելով, անգամ մարտավարական որեւէ խորութիւն չգրաւելով, ստիպուած են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ եւս ձախողուելով` հակառակորդը ներգրաւել է նաեւ ծանր հրանետներ, որոնք ի սկզբանէ չէին կարող նախատեսուած լինել` հաշուի առնելով դրանց դանդաղաշարժութիւնը: Հակառակորդը, կիրառելով զրահամեքենաներ, հրետանային միջոցներ, այդ թւում` ՄՄ-21 («Կրատ») տիպի կայանք, յարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանութեան բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնուող խաղաղ բնակավայրերը:
Այս ուղղութեամբ Պաշտպանութեան բանակի հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցուել են հակառակորդի մէկ ռազմական ուղղաթիռ եւ 2 հրասայլ:
Փաստօրէն, ազրպէյճանական բանակը հիմնական հարուածային ներուժով տապալել է իր կայծակնային ռազմագործողութիւնը, որով պէտք էր ուժեղացուած գնդերով ճեղքէր վաշտային պաշտպանութիւնը եւ դուրս գար մարտավարական խորք:
Նոյնիսկ երկու մակարդակ բարձր ազրպէյճանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային յենակէտերի բնագծերում, ենթարկուել են ԼՂՀ Պաշտպանութեան բանակի գումարտակային ու գնդային պահեստայինների հակայարձակմանը եւ որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ազրպէյճանական բանակին յաջողուել է առաւելագոյնը ջոկի դիրք պահել, դա հնարաւոր է եղել միայն մեծ զօրամիաւորումների պահեստայինների ներգրաւմամբ:
Հաշուի առնելով այդ իրողութիւնը` Ազրպէյճանը յընթացս գործողութիւնները տեղափոխեց հիւծման հարթութիւն` հին մեթոտներով հրետակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը:
Սակայն քանի որ այս տարբերակը հաշուարկուած չէր ազրպէյճանական բանակի կողմից, այն վարւում էր աւելի վատ, քան նոյնիսկ` տապալուած գործողութիւնը: Սկզբից եւեթ իւրաքանչիւր տապալումից յետոյ ազրպէյճանական բանակը փորձել է թուաքանակով կատարել իր խնդիրը, սակայն չի յաջողուել: Իւրաքանչիւր միջոցի կիրառման անյաջողութիւնից եւ ամէն մի գրոհից յետոյ ձեռնարկելով նորանոր գրոհներ ու փորձելով անպայման յաջողութեան հասնել քանակական գերակշռութեան եւ սարքերի գործօնների հաշուին` ազրպէյճանական բանակը պատերազմը տեղափոխել է իր համար արդէն ոչ ձեռնտու հարթութիւն: Քիչ-քիչ մարտի մէջ են մտցւում հրանետներ, ծանր հրետանի եւ այլն, սակայն քանի որ ամէն ինչ վատ էր ծրագրաւորուած, անգամ նորագոյն համակարգերը, ինչպիսիք են մարտական ԱԹՍ-ները, կիրառւում են ոչ համակարգային, այլ անհատական, տալով ցածր արդիւնք: Յատկապէս զարմանալի էր «Սմերչ» համակարգերի բացարձակ անյաջող կիրառութիւնը:
Յատկապէս անհասկանալի էին մարտական ԱԹՍ-ներով հրասայլերի ու առանձին մեքենաների խոցման փորձերը: Դրանցով լուծուել են միայն մարտավարական խնդիրներ: Կիրառուել է մօտաւորապէս 15 հարուածային ԱԹՍ, որից միայն մէկն է եղել արդիւնաւէտ, այն էլ քաղաքացիական օթոպիւսին է հարուած հասցրել: Բացի դրանից` մնացած հարուածները կա՛մ եղել են անարդիւնաւէտ, կա՛մ ոչ նպատակայարմար, երկուսին էլ ՀՕՊ ուժերը խոցել են: Ի հարկէ, սրանք լուրջ գործնական խնդիրներ լուծելու համար նախատեսուած միջոցներ են, սակայն ճիշդ չեն կիրառուել:
Քանի որ այդ դիրքային մարտերը ազրպէյճանական բանակի համար արդէն վերածուել էին պատուի խնդրի, ապա ամէն ինչ նետւում էր մարտի` միայն թէ վաշտային յենակէտերն ու խրամատները գրաւուէին կամ գրաւածները պահուէին հայկական հակագրոհներից: Փաստօրէն, ազրպէյճանական ԶՈՒ-ն, բացի մարտական ինքնաթիռներից, կիրառեց բոլոր տեսակի այլ միջոցները, թէկուզ ոչ ամբողջական ծաւալով կիրառեց ամբողջ զինանոցը: Դրան հակառակ` հայկական կողմը առհասարակ այս ենթակայութեան ուժեր չի կիրառել, աւելին` անգամ բանակի պահեստայինները չեն ներգրաւուել:
Կայծակնային գործողութեան տապալումից յետոյ Ազրպէյճանը անցաւ հիւծման կռուի: Ազրպէյճանը, այո, ունէր թեքնիք որոշակի առաւելութիւն եւ դա ակնյայտ էր, սակայն այն այնքան մեծ չէր, որքան պատերազմի անցնող փուլում:
Շուրջ երկու օր տեւած հիւծման մարտերից յետոյ Ազրպէյճանը, սպառելով ստեղծուած այդ զօրախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանաւորուածութեան պահի դրութեամբ ազրպէյճանական կողմը կորցրել էր 24 հրասայլ, 1 ԹՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենայ, 1 ինժեներական մեքենայ, 1 «Կրատ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ եւ 12 անօդաչու թռչող սարք: Յատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մէկ ԱԹՍ: Արցախեան կողմի կազմածների յագեցուածութիւնը այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժուել, ինչն էլ ապացուցուեց կորուստների մեծ թուաքանակով: Դա ապահովուել էր նաեւ նրանով, որ զօրքերը նախկին լարումների հանգամանքներով, ինչպէս նաեւ հետախուզական տուեալների հիման վրայ գրեթէ լիովին բացազատուած էին իրենց բնագծերում:
Չորսօրեայ մարտական գործողութիւնները փաստեցին, որ ազրպէյճանական ԶՈՒ-ն, գնդային ուժեղացուած զօրախմբերով, ներառեալ` վերադասի կողմից տրուած ուժերն ու միջոցները, յարձակում ձեռնարկելով ըստ էութեան վաշտային յենակէտի վրայ` յընթացս չի կարողացել գրաւել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանութեան յենակէտի ամբողջ խորքը: Ազրպէյճանական զօրախմբերը մարտական գործողութիւնների երկրորդ օրը կիրառել են անմիջական գործողութիւնների ենթակայութեան ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները եւ «Սմերչ» համակարգերը անգամ գնդի վերադասի ենթակայութեան ներքոյ չեն, այսինքն կիրառուել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարութեան կողմից տրուած ուժեր եւ միջոցներ:
Փաստօրէն, ապրիլի 5-ին ազրպէյճանական ԶՈՒ-ն, արցախեան բանակի երկու վաշտային ոչ լիարժէք յենակէտ գրաւելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչեւ անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր եւ ստիպուած է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրաւելու համար, քանի որ լայնածաւալ համալրում եւ զօրաշարժեր չէր կարող կատարել:
Ազրպէյճանական բանակի գործողութիւնների առանձնայատկութիւնները.
1. Թոյլ էր ազրպէյճանական յարձակողական խմբաւորումների գործողութիւնների ծրագրաւորումը, եւ ցածր է ղեկավարման մարմինների պատրաստութիւնը:
2. Ազրպէյճանական բանակը ունէր ժամանակակից սպառազինութեան եւ ռազմական կազմածների յագեցուածութիւն, սակայն` դրանց ոչ նպատակային ու ճիշդ կիրառութիւն: Դա յատկապէս դրսեւորւում է մարտական ԱԹՍ-ների եւ ռատիոկազմածների զինուածութեան, ինչպէս նաեւ` մասնակի զինատեսակների առաւելութեան, հրասայլային, հակահրասայլային, հեռահար հրետանու եւ այլ սպառազինութիւնների հարցում:
3. Անգամ ոչ մեծ քանակով բացազատուած զօրամասերն ու միաւորումները ունէին ոչ յստակ փոխգործակցութիւն:
4. Մարտավարական ուժերի դէպքում ազրպէյճանական բանակը դրսեւորեց ռազմարուեստում դասական ու առաւել եւս նորարարական մօտեցումների իրականացման անպատրաստութիւն:
5. Ազրպէյճանական բանակը թոյլ տուեց մէկ ռազմավարական սխալ` ունենալով զինատեսակների առաւելութիւն, հետախուզահարուածային հնարաւորութիւններ, ի սկզբանէ զօրքերի կառավարման անյաջողութիւնների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` գնաց մարդկային միջոցներով յաջողութեան հասնելու մարտավարութեանը եւ տալով մեծ թուով զոհեր` ոչնչի չհասաւ:
6. Ազրպէյճանական հասարակութիւնը պատրաստ չէ հիւծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ազրպէյճանական մամուլը եւ հասարակութիւնը լիովին փակ են, չկայ ինքնաքննադատութիւն եւ սխալների ընդունում, գործում են քարացած մեթոտները:
Հայկական բանակի գործողութիւնների առանձնայատկութիւնները.
1. Հայկական ստորաբաժանումները արագ եւ ճկուն են գործում յատկապէս խուսավարման եւ բացազատման հարցերում, այնքան արագ ու ճիշդ, որ, օրինակ, «Սմերչ» համակարգերը առաջին օրը թիրախներ չեն գտել խոցելու համար: Հայկական զօրքերը աւելորդ կուտակումներ չեն առաջացրել: Մարտակարգերի վրայ դրանց կիրառութիւնը արդիւնաւէտ չի կարող լինել: Արձակուել է 1-2 համազարկ:
2. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողութիւնների համակարգը յղկուած է եւ գործում է անխափան: Բանակը իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
3. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսեւորել են զանգուածային քաջութեան դէպքեր: Դիրքեր են եղել, որոնք մինչեւ վերջ կռուել են ու զոհուել բազմապատիկ ուժերի դիմաց, ՊԲ-ի շարքային զինուորները, խոցել են երկու ուղղաթիռ եւ կան զինուորներ, որոնք մի քանի հրասայլեր են խոցել:
Հայկական բանակը, որոշակի զինատեսակների հարցերում զիջելով ազրպէյճանական կողմին, գերազանցում է յաղթանակ ապահովող երկու կարեւորագոյն գործօնով. զօրքերի եւ պահեստայինների մարտական բարձր ոգին եւ կառավարման բարձր մակարդակը` շնորհիւ պատրաստուած ու վճռական հրամանատարների ու լաւ փորձի: