Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13482

Ամենաշատը Չորս Օր (Կամ Էլ` Ոմանց Համար Քառօրեայ Մի Բան)

$
0
0

ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳԷՕԶԵԱՆ

Մի քանի օր առաջ մէկ անգամ եւս համոզուեցինք, որ ամէն բան կեանքում ժամանակաւոր է` րոպէ առ րոպէ դա ապրելով:

Ժամանակն անցողիկ է, ցաւերն անցողիկ են, երանութիւնն անցողիկ է, եւ յատկապէս կեանքն ինքն է անցողիկ: Այդ քառօրեայ ժամանակահատուածում, որը կարելի է կարճ համարել, հարիւրաւոր (իրական թիւը թերեւս երբեք էլ չիմանանք) երիտասարդներ իրենց կեանքի ամենածաղկուն շրջանում հողին յանձնուեցին: Միայն այն դէպքում կը հասկանանք, թէ այդ չորս օրուայ ընթացքում ո՞վ ի՛նչ է շահել, եւ թէ` կազմակերպիչներն ի՛նչ նպատակ են հետապնդել, երբ հասկանանք, թէ ՏԱՀԵՇ-ցիներն ինչ են շահել` անմեղ մարդկանց գլուխը կտրելով, եւ ինչ նպատակ են ունեցել: Իմ այս խօսքերն ի հարկէ վերաբերում են առօրեայ գործերով զբաղուած մարդկանց, այլապէս որոշ անձինք եւ ռազմական կողմերը բաւականին լաւ գիտեն, թէ ի՛նչ են ուզում:

Հաստատ է, որ մենք, եթէ անգամ հասկանանք էլ նրանց ուզածը, երբեք չենք կարողանայ ընկալել այդ պատճառների տակ թաքնուած բարոյականութիւնը, աւելի ճիշդ` վերջինիս բացակայութիւնը: Երեւանը մի արեւոտ շաբաթ առաւօտ յանկարծ սկսեց ցնցուել: Ամէն րոպէ նորանոր լուրեր էին ստացւում: Մի բան հաստատ էր. այս անգամ տեղի ունեցածն արդէն սովորական դարձած հրաձգութիւն չէր: Ազրպէյճանական բանակը յանկարծակիօրէն լայնածաւալ յարձակում էր սանձազերծել` ղարաբաղա-ազրպէյճանական սահմանի ողջ երկայնքով: Յանկարծակի՞: Նման յարձակումը թէեւ իրօք անակնկալ էր բոլորի համար, սակայն միթէ՞ կանխատեսելի չէր: Բազմաթիւ տեսակէտներ արտայայտուեցին առ այն, թէ ինչու էր Ալիեւը յարձակման հրաման տուել, սակայն այդ տեսակէտների հեղինակներից եւ ոչ մէկը չէր նշում, որ այդ  յարձակումը կանխատեսելի էր: Այնինչ դա Հայաստանի համար չափազանց լուրջ է, որովհետեւ տուեալներ կան, որ այդ յարձակումը կարող էր կանխատեսուել: Նախեւառաջ, ի հարկէ, կային Ալիեւի բազմիցս կրկնած այն սպառնալիքները, թէ Ղարաբաղը զէնքի ուժով յետ են վերցնելու: Որքան էլ որ անընդհատ կրկնուող, սակայն երբեք չիրականացուող խօսքերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ազդեցիկութիւնը, այնուամենայնիւ դրանք խօսքեր են, որ պէտք չէ անտեսուեն:

Ամէն դէպքում, քանի որ կարելի էր ենթադրել, որ չորեքշաբթիից յետոյ հինգշաբթին էր գալու, ապա հարկ էր անընդհատ հետեւել հակառակորդի գործողութիւններին, յատկապէս երբ յայտնի էր, որ այդ «հակառակ կողմը» վատ մտադրութիւններ ունի: Երբ նկատի ենք ունենում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները, ապա հասկանալի է դառնում, որ համապատասխան անձինք Հայաստանում թերացել են այդ հարցում: Օրինակ` վերջին տարիներին Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ տեղի ունեցած կարեւոր զարգացումների համատեքստում հարկ էր, որ Հայաստանն ու Ղարաբաղն աւելի աչալուրջ լինէին եւ շատ աւելի ուշադիր մօտեցում ցուցաբերէին հակառակորդի գործողութիւնների նկատմամբ: Վերջին մի քանի տարիներին տարածաշրջանում տեղի են ունենում հեռուն գնացող նպատակներ հետապնդող զարգացումներ, որոնք անմիջականօրէն առնչւում են Հայաստանի եւ Ղարաբաղի (ինչպէս նաեւ` այլ երկրների) անվտանգութեանը:

Դրանցից ամենաէականը 2013 թ. յունուարի 25-ին Պաքւում ստեղծուած Ռազմական կարգավիճակ ունեցող իրաւապահ մարմինների եւրասիական կազմակերպութիւնն է (TAKM), որի հիմնադրման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2011 թ.-ից: Այդ կառոյցի վերաբերեալ, որը պաշտօնապէս յիշատակւում է, որպէս զուտ «միջժանտարմական համագործակցութիւն», որը «ոչ մի երկրի կամ կազմակերպութեան դէմ» չի ստեղծուել, եւ որը, չգիտես, թէ ինչո՛ւ, թուրքական զանգուածային լրատուամիջոցներում յորջորջւում է որպէս «Թուրանական բանակ», բաւականին բացայայտ կերպով ընդգծւում էր, թէ այն իրականում շատ աւելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Սկզբնապէս ծրագրւում էր նաեւ սոյն կազմակերպութեանը Թուրքիայի, Ազրպէյճանի, Խըրխըզստանի եւ Մոնկոլիայի մասնակցութիւնը, սակայն որոշ թեքնիք պատճառներից ելնելով` Խըրխըզստանի եւ Մոնկոլիայի մասնակցութիւնը յետաձգուել էր, եւ անակնկալ կերպով 2015 թ. հոկտեմբերի 6-ին յայտարարուել էր Ղազախստանի մասնակցութեամբ սոյն կառոյցի վերստեղծման մասին:

Չնայած զգուշաւոր պաշտօնական յայտարարութիւններին` այս կազմակերպութեան իրական նպատակը մամուլում ի յայտ եկաւ ոչ պաշտօնական մեկնաբանութիւնների եւ տողատակերի շնորհիւ: Նշւում է, թէ «Թուրանական բանակն» ստեղծուել է որպէս այլընտրանք ՕԹԱՆ-ին, եւ որ` Եւրոպան ու Իսրայէլը խուճապի մէջ են` ընդամէնը չորս թուրքական պետութեան` 3 միլիոնի հասնող ռազմական ուժի պատճառով, եւ որ` թուրքական պետութիւններին ու մահմետական երկրներին սպառնացող արտաքին ուժերի դէմ բոլոր ռազմական հնարաւորութիւններն ի մի բերուելով` արտադրուելու են զարգացած զինատեսակներ, հրթիռներ, ռազմական օդանաւեր եւ ռազմանաւեր: Այս ամէնը յօրինուածք համարելը եւ լուրջ չընդունելը լրջագոյն սխալ կը լինի, քանի որ այն կենսական նշանակութիւն ունի Հայաստանի վիճակում գտնուող մի երկրի համար:

Սակայն սոյն հարցը սրանով չի սահմանափակւում: Ինչպէս այդ մասին իրենց առաջնորդողներում յայտարարել են նաեւ թուրքական պարբերականները, 2014 թ. ապրիլին «զուտ միջժանտարմական համագործակցութիւն» եղող այս «Թուրանական բանակը», որպէս իր գործունէութեան առաջին քայլ, զօրավարժութիւններ է կազմակերպել Նախիջեւանում, որին մասնակցել են նաեւ Թուրքիայի եւ Ազրպէյճանի զինուորական միաւորումները: Այդ զօրավարժութիւնները թերթերի առաջին էջերում բնութագրւում էին որպէս «Թուրանական բանակի ուժի ցուցադրում», իսկ «ի դէմս Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի»` բացայայտ կերպով նշւում էր, թէ ում դէմ էր այն հանդէս գալու: Սակայն գործը դրանով էլ չէր աւարտուել: Դէպքերը քայլ առ քայլ առաջ էին ընթանում եւ բացայայտում իրենց ուղղութիւնը: Աւելի՛ն. Օրհան Սարըքայա անուամբ մի քաղաքական մեկնաբան, որը Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան համակիրներից է, 2015 թ. հոկտեմբերի 19-ին հրատարակուած իր յօդուածներից մէկում որոշ տեղեկութիւններ տալով եւ որոշ էական կէտերի անդրադառնալով` բացայայտօրէն յայտնում է նաեւ, որ ռազմական կարգավիճակ ունեցող իրաւապահ մարմինների եւրասիական կազմակերպութեան գործունէութեան առաջին վայրը լինելու է Լեռնային Ղարաբաղը, եւ անգամ` նշում այդ գործողութեան ամսաթիւը:

Հարկ է ենթադրել, որ նման յստակ տուեալներ ներկայացրած անձն այդ տեղեկութիւնները ձեռք է բերել «վերեւների հետ» իր ունեցած սերտ յարաբերութիւնների շնորհիւ, եւ նոյնիսկ` հէնց նրանց ցանկութեամբ էլ դրանք բացայայտել: Սարըքայայի նշած ամսաթիւը եթէ անգամ մի փոքր վաղ է տրուել (յունուար), մի բան, որ շատ բնական է համարւում նման դէպքերում, այնուամենայնիւ, հետեւանքն ապացուցում է նրա տուեալների հաւաստիութիւնը: Ինչպէս տեսնում ենք, ռազմական փորձից առանց ամօթի դուրս եկած Հայաստանը թէեւ ռազմական հաղորդակցութեան առումով թերացել է, սակայն ինչպէս մեր պապերն են ասում` չկայ չարիք առանց բարիքի: Կասկած չկայ, որ Հայաստանն այս ամէնից դասեր կը քաղի: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ինչո՞ւ Ալիեւը հէնց հիմա յարձակուեց, ի՞նչ մտադրութիւններ ունէր նաեւ ի՞նչ կորցրեց ու ի՞նչ շահեց, պարզ է, որ մի քանի պատճառներ են եղել: Աւելի՛ն. միայն իր պատճառներից ելնելով չէ, որ յարձակուել է: Նախ, Ազրպէյճանի` իր յատուկ ջոկատայիններով եւ ամենանոր զինատեսակներով Ղարաբաղի պաշտպանութեան բանակի ամենաամուր դիրքերի վրայ յարձակումը կարելի է որպէս ուժերի ստուգում համարել:

Երկրորդն այն գաղափարն է, թէ յատկապէս նաւթի գների անկման հետ կապուած` վերջերս իր երկրում տեղի ունեցող խժդժութիւնները հնարաւոր է ճնշել իր ժողովրդի ուշադրութիւնը շեղելու, ժողովրդին արտաքին թշնամու դէմ հրահրելու միջոցով: Երրորդ` ստուգել, թէ որպէս կողմնակի ազդեցութիւն` իր երկրի փոքրամասնութիւնները ի՛նչ դիրքորոշում կ՛որդեգրեն նման դէպքերում: Իսկ չորրորդը դարձեալ նաւթի գների անկման պատճառով նուազած անձնական եկամտին մի նոր պատերազմի միջոցով ազդակ հաղորդելն է:

Ի վերջոյ եւ յատկապէս սոյն ցանկին պէտք է յաւելել նաեւ Ազրպէյճանի` Ուաշինկթընում հանդիպած բացասական մօտեցումը: Պէտք չէ մոռացութեան մատնել նաեւ Թուրքիան (թերեւս աւելի ճիշդ կը լինի ասել` Էրտողանին, քանի որ վերջինս է Թուրքիայի ամբողջ քաղաքականութիւնը որոշում): Թուրքիան, չկարողանալով Իրաքում եւ Սիրիայում իր նպատակներին հասնել եւ «նոր-օսմանիզմի» գաղափարախօսութիւնը կեանքի կոչել, այս անգամ արեւելք շրջուելով` ամենայն հաւանականութեամբ մտադրուել է ձեռք գցել Ռուսաստանի յետնամասի պարտէզին, երկիր, որի հետ յարաբերութիւններն արդէն իսկ վատթարացել են: Մինչեւ իսկ կարող է մտածած լինել Ղարաբաղի եւ հետեւաբար` Հայաստանի միջոցով մի հարուած հասցնել Ռուսաստանին: Դա է հաստատում նաեւ այն փաստը, որ ընդհարումները դաշոյնի հարուածի պէս ընդհատուեցին Ռուսաստանի միջամտութեան շնորհիւ: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ Ալիեւն ի՞նչ է շահել եւ ի՞նչ` կորցրել այս գործողութեան պատճառով, նախ հարկ է ընդունել, որ այդ կերպ նա շեղել է իր ժողովրդի ուշադրութիւնը ու նաեւ այլ քաղաքական ձեռքբերումներ ունեցել, սակայն պէտք է շեշտել, որ ռազմական տեսանկիւնից սոյն գործողութիւնը Ազրպէյճանի համար կատարեալ պարտութիւն եղաւ:

Այն հանգամանքը, որ վերջին 20 տարում իր ռազմական ծախսերը 30 միլիառ տոլարի հասցրած մի բանակ իրենից թէ՛ թուաքանակով, թէ՛ ռազմական ուժով եւ թէ՛ զինատեսակների որակով անհամեմատելիօրէն թոյլ եղող թշնամու դէմ կատարած անսպասելի յարձակման պատճառով կորցրել է ամենաորակեալ կրթութիւն ստացած շուրջ 200-300 հրամանատարներ, 24 հրասայլ, 6 զրահապատ մեքենայ, 1 «Կրատ» համակարգ, ԹՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգ, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, կարելի է որակել որպէս «30 միլիառանոց պարտութիւն»: Սոյն արկածախնդրութեան պատճառով Ազրպէյճանը զուտ ռազմական սարքաւորումների առումով կորցրել է շուրջ 1 միլիառ տոլար: Թէեւ Ազրպէյճանն իր զոհերի թիւը ներկայացրել է 12 հոգի, սակայն միայն Ղարաբաղի սահմաններում ընկած եւ ինքնութիւնը հաստատուած ազրպէյճանցի զինուորների թիւը հասնում է յիսունի:

Անդրադառնանք նաեւ հայկական կողմից: Թէեւ սոյն յարձակումը ազրպէյճանական հասարակութեանը միաւորելու նպատակ էր հետապնդում, այնուհանդերձ, այդ միաւորումն աննախադէպ եղաւ հայկական կողմում: Չնայած որ ո՛չ Ղարաբաղում, ո՛չ էլ Հայաստանում զօրահաւաք չէր յայտարարուել, սակայն նախ «ֆիտայիները» մէկտեղուեցին: Նրանք չնայած իրենց արդէն առաջացած տարիքին (այդ պատճառով ազրպէյճանական ու թուրքական մամուլում անտեղեակութեան պատճառով լուրեր էին հրապարակուել, թէ հայկական կողմում 60 տարեկաններն են բանակ զօրակոչուել)` բառիս բուն իմաստով մրցում էին իրար հետ` ռազմաճակատ մեկնելու համար: Սակայն նրանք ճակատ հասնելուն պէս մի անակնկալ դիմադրութեան հանդիպեցին: 18-20 տարեկան երիտասարդները վճռական էին` իրենց դիրքերն ուրիշին չզիջելու հարցում: Ողջ երկրով մէկ կամաւորականների փոթորիկ բարձրացաւ. ծեր թէ ջահել` բոլորը կամաւոր էին գրւում կամ շտապ հասնում Ղարաբաղ:

Աւելի՛ն. այդ ալիքը սփիւռքի վրայ էլ տարածուեց: Այն աստիճանի, որ մէկի պատկերաւոր խօսքի համաձայն` «Հայերը միակ ազգն են, որ խաղաղ ժամանակ արտագաղթում է, իսկ պատերազմի դէպքում` ներգաղթում»: Ի վերջոյ, կարելի է արձանագրել, որ անկախ այն հարցից, թէ Ալիեւն ի՛նչ էր ուզում անել, եւ որքանով դա նրան յաջողուեց, նա անկասկած մեծ ծառայութիւն մատուցած եղաւ հայոց աշխարհին: Եւ օդում կախուած մնացած մի հարց` Ալիեւին եւ նրա համախոհներին. մի՞թէ այս ամէնին արժէր այն, ինչին ուզում էիք հասնել կամ ինչին որ հասաք: Իրօք արդեօ՞ք դա արժէր այսչափ մարդկային կեանքեր, մարած օճախներ…

Թարգ. ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Ակունք»


Viewing all articles
Browse latest Browse all 13482

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>