ԱՆԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Դուրս ես գալիս օդակայանից ու ջրի կաթիլներով լի քամին իսկոյն յիշեցնում է, որ դու Լիբանանում ես…
Մինչ ժամանելը բազմիցս զգուշացնում էին` արաբական փակ երկիր է, վտանգաւոր, մենակ դուրս չգաս, «հայերը գոռոզ են ու անբարեհամբոյր` հայաստանցիների մասին վատ կարծիքի», երբեմն միայն այցելում են Հայաստան, բողոքում տեղացիների բարքերից, վերադարձին գնում Արարատի նկար ու բերում հետ, կախում պատին: Եւ այդպիսիով սպառւում է հայրենիքի կարօտի չափաբաժինը:
Պատկերը լիովին այլ էր… Լիբանանն ինքնին չափաւոր քաղցր համով, ձիթապտուղի ձէթի մի քանի կաթիլներով քոքթէյլ է յիշեցնում` որտեղ միախառնուած են իսլամն ու քրիստոնէութիւնը, ցեղերը, մայրցամաքները, լեզուները: Եւ այդ միախառնումից հիւթեղ, անմոռանալի համով քոքթէյլը փափուկ իջնում է կոկորդիցդ ներս ու չի այրում ստամոքսդ: Լուսանկարչական գործիքով ազատ շրջում ի փողոցներով, նկարում` մզկիթներն ու եկեղեցիները, շիաներն ու սուննիներին, արաբներին, հնդիկներին, նիկերիացիներին, որոնք բնակւում են կողք-կողքի, որոշներ դեռեւս քաղաքացիական պատերազմի դրոշմը կրող շինութիւններում, առաւօտեան միասին շտապում աշխատանքի` բողոքելով խելայեղ երթեւեկութիւնից ու խցանումներից, իսկ երեկոյեան Միջերկրական ծովի ալիքների շառաչիւնի ներքոյ վայելում անկրկնելի համ ունեցող, սիրով պատրաստուող ու նոյնքան սիրով մատուցուող ուտեստներն ու աղանդները, որ գրեթէ անհնարին է գուշակել` ինչի՞ց եւ ինչպէ՞ս են պատրաստել, բայց համը երկար մնում է բերանումդ:
Ամէն անգամ ժպիտ էր գալիս դէմքիս ու տան զգացողութիւն էի ունենում, երբ տեսնում էի հայի ազգանուն, մեր եռագոյնը կամ հայերէն ցուցանակներ կամ էլ յայտարարութիւն, որ տուեալ հաստատութիւնը կամ խանութը փակ է լինելու ապրիլի 24-ին: Ոտքերս ամէն անգամ ինքնաբերաբար տանում էին դէպի Պուրճ Համուտ` գողտրիկ փողոցներով հայաբնակ շրջանը: Տեղացի հայերին, որ մէկը միւսին ուղնուծուծով գիտի, յաճախ կարելի է տեսնել հայալեզու թերթեր ձեռքներին, ժամանակակից հագած, մի քանի լեզուներով ազատ հաղորդակցուող, բարձր զարգացման տէր: Հայերի մեծ մասն այստեղ ճարտար լեզուով, աշխուժ ժեսթերով շփուող առեւտրականներ են, այդուհանդերձ, Լիբանանում մեծ թիւ են կազմում հայ անուանի քաղաքական, մշակութային գործիչներ, բժիշկները, գործարարները: Եթէ լսւում է վազվզող, բացագանչող, հայերէն բռնոցի խաղացող երեխաների ձայներ, ապա մօտակայքում կա՛մ դպրոց է, կա՛մ ճեմարան: Հայ մշակոյթի քաղցն այստեղ բաւարարում են Անթիլիասը, Զմմառը, Համազգային ճեմարանը, Հայկազեան համալսարանը, մի շարք հայկական մտքի այլ կաճառներ, որտեղ անկեղծօրէն ուրախանում են Հայաստանից ժամանած ցանկացած այցելու տեսնելիս:
Պուրճ Համուտի կենտրոնական հրապարակի սրճարանում դու քեզ տանուտէր ես զգում, երբ կողքդ հայ քանդակագործ Զաւէն Խտըշեանի աշխատանքն է, առջեւում` մեծ մենիւում նշուած ջերմուկը, իսկ քիչ հեռու` դրամատների եւ վարչական բոլոր շէնքերի վրայ աւելացուած հայերէն գրութիւնները` մասնաւորապէս «Պիպլոս պանքը»:
Բնութեան մի հրաշք է Այնճար քաղաքը, որն ամբողջովին բնակեցուած է հայերով: Այստեղ ամէն մի փողոց կրում է Մուսա Լերան հայկական մի գիւղի անուն, այստեղ ամէն տեղ խօսում ու լսում են հայերէն, այստեղ ինքնասածի, ազնիւ, ուժեղ մուսալեռցիների սերունդներն են, որ 1939 թուականին խիստ բարդ պայմաններում հիմնել են այս «հայկական կղզեակը», ուս-ուսի, զրոյից կառուցել տներ, տնկել ծառեր, հիմնել եկեղեցիներ ու դպրոցներ, որոնց բոլորի գերակայ առաքելութիւնը հայ ինքնութեան պահպանումն ու սերնդէ-սերունդ փոխանցումն է:
Առանձնայատուկ հիացմունքի են արժանի Լիբանանի հայ աղջիկներն ու կանայք, որոնք, լինելով շատ խնամուած, գեղեցիկ ու պաշտելի իրենց տղամարդկանց կողմից, աշխատում են, ունեն մի քանի զբաղմունք եւ, ամենակարեւորը, համատարած տիրապետում են հայկական ասեղնագործութեանն ու ժանեակին, հասցնում յաճախել ձեռագործի խմբակներ եւ դրանից յետոյ անգամ պահպանել քաղաքական աշխուժութիւնը` ներկայ լինելով կուսակցական ժողովներին:
Այնուհանդերձ, ինչպէս անկեղծօրէն խոստովանում էին հայերը, որքան էլ որ հաճելի է ամէն անգամ աջ ու ձախ կողմդ ծով տեսնելը, որքան էլ որ հաճելի է մանկուց մի քանի օտար լեզու սովորելը, հասու լինելը տարբեր քաղաքակրթութիւններին ու մշակոյթներին, հողը չունի այդ հարազատութիւնը, հայ հողի կանչն ու անյագ կարօտը կենդանի են այս մարդկանց երակներում, ու դա հնարաւոր չէ ջնջել կամ ոչնչացնել: Ովքեր որ երբեւէ եկել էին Հայաստան, շեշտում էին. «Շատ է փոխուել հայրենիքը, շատ է սիրունացել», իսկ ովքեր որ չէին եղել, փափաքում էին թէկուզ ամրանն ամէն գնով սեփական աչքերով տեսնել Երկիրը:
Այն ինչ տեսայ, լսեցի ու զգացի, թոյլ տուեց ինձ համոզուել` եթէ չլինէր 1915 թուականը, Արեւմտեան Հայաստանի գաւառներից թերեւս իւրաքանչիւրը մի Պուրճ Համուտ յիշեցնէր, գիւղերից ամէն մէկը մի Այնճար, որտեղ առաքելական, կաթոլիկ ու բողոքական հայերն ապրում են խաղաղութեամբ, որտեղ դպրոցի եւ ուսուցչի դերը խիստ կարեւոր է, որտեղ կանգուն ու ծաղկուն շինութիւններ են, կեանքը եռում է, հողը բերրի է:
«Վարձքդ կատար» բառերն ականջներումս, մի մեծ ու հաճելի պատասխանատուութիւն ուսերիս վերցրած ու մինչեւ մազերիս ծայրը ոգեշնչուած` վերադարձել եմ հայրենիք` գիտելիքների էլ աւելի մեծ պաշարով մի օր Լիբանանի հայութեանն այցելելու եւ «Ազդակ»-ի դուռն առանց թակելու ներս մտնել ու ու բոլորին ջերմօրէն նորանոր ծրագրերով ողջունելու յոյսով:
Յ. Գ.- Խորին շնորհակալութիւն եմ յայտնում ինձ Լիբանան հրաւիրելու համար, շնորհակալ եմ նաեւ Համազգայինին, տպարանին, Համազգային Ճեմարանին, Անթիլիասի կաթողիկոսութեանը, վերջինիս թանգարանին ու գրադարանին, Զմմառի վանքին, Հայկազեան համալսարանին, ԼՕԽ-ի ձեռարուեստի կենտրոնին, Ժիպէյլի թանգարանին, «Ազդակ» եւ «Արարատ» օրաթերթերին, Եղիշէ Մանուկեանի անուան քոլեճին, ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճիւղին եւ բոլոր միւս վայրերին ու կրթօճախներին ինձ ցոյց տուած ջերմ ու գրկաբաց ընդունելութեան համար: