Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13251

«Ապառաժ»-Ի Խմբագրական. Տիմ Համակարգի Կայացումը` Ժողովրդավարութեան Զարգացման Նախապայման

$
0
0

ՀՅ Դաշնակցութեան գաղափարախօսութեան առանցքային դրոյթներից մէկը ժողովրդավարութիւնն է: Ըստ ՀՅ Դաշնակցութեան ծրագրի, «Ժողովրդավարութիւնը խարսխւում է մարդկային եւ քաղաքացիական իրաւունքները յարգելու վրայ»:

«… Ժողովրդավարութիւնը յատկանշում է անհատի ազատ եւ հաւասար քուէի իրաւունքով եւ ազատ քաղաքացիների` օրէնքի առաջ հաւասարութեամբ»: Միաժամանակ, Դաշնակցութիւնը համոզուած է, որ ժողովրդավարութիւնը եւ ընկերվարութիւնը համալրում են մէկը միւսին, եւ չի կարող մէկն ամբողջական իրականութիւն դառնալ առանց միւսի իրագործման:

Անշուշտ, ժամանակի ընթացքում, ինչպէս իւրաքանչիւր կենսունակ գաղափարախօսութիւն, իր զարգացման հոլովոյթն է ապրում նաեւ ժողովրդավարութիւնը: Մերօրեայ պետական համակարգում ժողովրդավարութիւնը ոչ միայն քուէի ազատութեամբ է սահմանափակւում, այլ նաեւ նրա իրականացման համար հանրութեան կառավարման տարբեր մակարդակներում ստեղծւում են կառոյցներ ու համակարգեր: Դրանք կարող են լինել արհեստակցական միութիւնները, հասարակական կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ` հանրամատչելի հասարակական նախաձեռնութիւնները, որոնք առիթ են ստեղծում հանրութեան մաս կազմող անհատներին իրենց առօրեան տնօրինելու եւ հանրային կեանք կառավարելու համար:

Դաշնակցութեան ներկառուցային կառավարման սկզբունքներից մէկն ապակենտրոնացումն է: Այդ առումով, մեզ համար հոգեհարազատ է նաեւ պետական համակարգում ապակենտրոնացուած կառավարումը: Ապակենտրոն կառավարումը ժամանակակից հասարակագիտութեան մէջ դասւում է առաջադէմ կառավարման համակարգերի շարքում: Իսկ երկրի կառավարման համակարգում արդիւնաւէտ է համարւում այն, յատկապէս` տեղական ինքնակառավարման մարմինների ասպարէզում: Միաժամանակ, ՏԻՄ համակարգը ինքնին վերը նշուած մասնակցային ժողովրդավարութեան իրացման լաւագոյն դրսեւորումն է: Մասնակցային ժողովրդավարութիւնը ենթադրում է իւրաքանչիւր անհատի անմիջական մասնակցութիւնը կառավարման գործին: Իսկ ՏԻՄ համակարգը ստեղծում է այն հնարաւորութիւնը, որտեղ աւելի շատ անհատներ կը կարողանան ապահովել իրենց մասնակցութիւնը:

Ցաւօք սրտի, պէտք է նշել, որ Արցախի պետական կառավարման մէջ ՏԻՄ համակարգը մինչ այժմ այդպէս էլ չի կայացել: Դրա պարզ վկայութիւնը բազմաթիւ համայնքներում աւելի քան երկու տարի ուշացած ՏԻՄ ընտրութիւններն են: Միւս կողմից, օրէնսդրական առումով, ՏԻՄ օրէնսգիրքը չի ապահովում հարկ եղած ապակենտրոնացման գործիքները, որով իւրաքանչիւր համայնք կը կարողանայ տնօրինել իր սահմաններում առկայ խնդիրներն ու լուծումներ գտնել նրանց համար:

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալու են ՏԻՄ ընտրութիւններ, որի արդիւնքում աւելի քան 200 համայնքներում ընտրուելու են համայնքի ղեկավարներ եւ աւագանու անդամներ: Վստահ ենք, որ ինչպէս եւ միշտ` Արցախում անցկացուած ընտրութիւնները կը լինեն օրինակելի: Եւ Արցախի բնակչութիւնը կ՛ապացուցի, որ պատրաստ է ժողովրդավարութեան տարրին ու ոգուն հաւատարիմ մի քայլ եւս կատարել պետութեան հիմքերի ամրապնդման ուղղութեամբ:

3 սեպտեմբեր 2019


Viewing all articles
Browse latest Browse all 13251

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>