ԱՆԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Ուզո՞ւմ էք լսել Արտաշէսի ու Սաթենիկի սիրոյ պատմութիւնը, տեսնել Երեւանը` չընդհատուող գծապատկերով, բացել չքնաղ զարդատուփը` անկրկնելի դաղդղաններ փորձելու, ափում պահել երկրագնդի ամենաատելի արարածին` ճանճին, ու աշխարհին նայել նրա աչքերով: Ուզո՞ւմ էք, դէ՛, ուրեմն, եկէք Նուռի ցուցասրահ:
Ամառային մի գեղեցիկ օր ես բացայայտեցի Երեւանի ամենատպաւորիչ արուեստագէտներից մէկին` Արման Նուռին` այցելելով Երեւանի սրտում բաբախող «Նուռ արթ Կալերի»: Զարդեր, գոյներ, կտաւներ, էլի՛ գոյներ, շարժուող քանդակներ եւ այդ ամէնի մէջ` պատմութիւն, բովանդակութիւն, խորութիւն:
Զարդեր` Անկրկնելի
Նուռի զարդերն անկրկնելի են բառիս փոխաբերական եւ ուղիղ իմաստով: Նա երբեք չի կրկնում այն, ինչ արդէն ստեղծել է, անգամ` ամենագայթակղիչ առաջարկի դէպքում:
Մինչ ցուցասրահը բացելը` անհատական զարդեր էր պատրաստում յատուկ անձանց համար: Ինքն էր որոշում` ինչ զարդ ստեղծել ու ինչպիսի՛: Գլխաւոր սկզբունքը մէկն էր` զարդը պէտք է կրի տուեալ անձի անհատականութեան դրոշմը:
«Ցուցասրահը բացելուց յետոյ ես հասկացայ, որ այդ յղացքը պէտք է ինչ-որ ձեւով պահպանուի, ու որոշեցի` պէտք է ստեղծագործեմ այն մարդկանց համար, որոնց համար կ՛ուզէի ստեղծագործել, բայց որոնց չեմ հանդիպել իմ ժամանակի մէջ»:
Այդ մարդկանցից մէկն էլ հանճարեղ Մոմիկն է, որին նուիրուած տղամարդու ոսկեայ զարդերի հաւաքածուն խորհրդանշում է Մոմիկի 4 եկեղեցիները, իսկ զարդանախշերի հիմքում եկեղեցիների յատակագծերն են:
Մոմիկի կողքին Քոքօ Շանելն է: Հաւաքածուից մնացել է ընդամէնը տղամարդու մի մատանի: Իսկ ի՞նչ կապ ունի տղամարդու զարդը Քոքօ Շանելի հետ: «Որովհետեւ Քոքօ Շանելն առաջին ձեւագծողն էր, որը տղամարդու նորաձեւութիւնը ներմուծեց կնոջ հագուստի մէջ: Ես էլ նրա համար ստեղծեցի հաւաքածու` նախատեսուած ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար»:
Հեղինակաւոր մարդկանց նուիրուած շատ հաւաքածուներ արդէն չկան, զարդերը գտել են իրենց տէրերին, իսկ նոյն անուններով այլեւս չեն ստեղծուի: Մնում է սպասել նոր անունների:
Ցուցասրահի ամենածանրակշիռ ու թանկարժէք զարդերից մէկը դեղին, սպիտակ ու կարմիր ոսկուց պատրաստուած հայոց այբուբենի տառերով թեւնոցն է` բնական ռուպիններով ու ադամանդներով զարդարուած: Զարդը «Մաշտոց» հաւաքածուից է:
Ոսկեայ ու արծաթեայ զարդերի մէջ աչքի են ընկնում յատկապէս չարը խափանող յատկութեամբ օժտուած հին հայկական դաղդղանները, որոնք Նուռի ձեռքով ժամանակակից տեսք են ստացել` պահպանելով, սակայն, բոլոր խորհրդանիշերը:
Զարդերի հաւաքածու ունի նաեւ հռչակաւոր Մարի Քիւրին: Գիտնականին նուիրուած հաւաքածուի զարդերը նոյնքան համեստ ու նուազապաշտական են, որքան ինքը` Քիւրին, որը գրեթէ երբեք զարդեր չի կրել: Զարդերի վրայ Քիւրիի իրական ձեռագրերից հատուածներ են ու բանաձեւեր` սեւի ու սպիտակի համադրութեամբ:
Խորհրդաւոր Զարդատուփը
Արտաշէս Ա. թագաւորը Սաթենիկի սիրտը հեշտ չնուաճեց: Նրանց սիրոյ պատմութիւնը, որ մեզ է հասել Խորենացու «Արտաշէս եւ Սաթենիկ» առասպելով, ոգեշնչել է Նուռին` դառնալով ցուցասրահի ամենամեծ ու բազմազան հաւաքածուն: Այն պատրաստւում է արդէն 4 տարի, եւս 2 տարի էլ պէտք է համալրուի: Ինչո՞ւ 6 տարի, որովհետեւ Սաթենիկը 6 տարի շարունակ մերժել է Արտաշէսին: Պատկերացնո՞ւմ էք, թէ այդ ընթացքում հայոց արքան ի՛նչ թանկարժէք զարդեր է իր սիրեցեալին նուիրել նրա սիրտը նուաճելու համար:
Ցուցասրահի մի անկիւնում գեղեցիկ ու խորհրդաւոր զարդատուփ կայ: Արտաշէսին ու Սաթենիկին է նուիրուած: Այն մշտապէս լի է զարդերով, որոնք գնում են, նրանց փոխարինելու են գալիս նորերը, բայց կայ երկու զարդ, որոնք անփոփոխ են ու երբեք դուրս չեն գալիս զարդատուփից: Դրանք դաղդղան վզնոցներ են` տղամարդու ու կնոջ, որոնք միաժամանակ բանալիներ են, առանց որոնց` հնարաւոր չէ բացել խորհրդաւոր զարդատուփը:
«Առաւօտեան Աստղ»
Երեք կտորից բաղկացած զարդերի հաւաքածուն, որ կրում է «Առաւօտեան աստղ» անունը, կարող է վերածուել 14 տարբեր զարդերի: Առաջին հայեացքից անհաւանական աճպարարութիւն թուացող, իսկ իրականում` տաղանդաւոր վարպետի ձեռքում հոգի ստացած երեք կտորանոց զարդը ձեռքի մէկ շարժումով դառնում է տարբեր չափի ու ձեւի վզնոցներ, թեւնոցներ, կաղազարդեր, ականջօղեր, քումքազարդեր ու կրծքազարդ: Աներեւակայելի է, չէ՞:
Իսկ պատկերացնո՞ւմ էք, օրինակ, արծաթեայ զարդը` կտաւի ու իւղաներկի համադրութեամբ: Այո՛, Նուռի արուեստում անհնարին ոչինչ չկայ: Այն, ինչ ստեղծում է երեւակայութիւնը, կարող է վերածուել իրականութիւն:
Բուրազարդ
Որոշ զարդեր արտաքուստ աներեւոյթ փական ունեն: Բացում ես ու յատակին թութունի փայտ նկատում: Դրա վրայ մի քանի կաթիլ օծանելիք ցանելու դէպքում զարդը բուրում է: Ի դէպ, Արման Նուռը նաեւ անուշահոտ պատրաստող է. նրա ստեղծած բոյրերը նոյնքան գրաւիչ են, որքան զարդերը, քանդակներն ու նկարները: Այստեղ էլ է Արտաշէսի ու Սաթենիկի սիրոյ պատմութիւնը Նուռին ոգեշնչել ու Արտամետի ծաղկած խնձորենիների բոյրը ստանալու համար հասցրել Վանայ լճի հարաւարեւելեան ափին գտնուող Արտամետ բնակավայր, որտեղից բերուած մի քանի տնկիներն արդէն ծաղկել են, իսկ Նուռը նրանց բոյրը վերածել է անուշահոտի:
«Չկայ մի բան, որ համադրելի չլինի այլ բանի հետ: Բնութիւնն ինքն այնքան խառը, միաժամանակ ներդաշնակ ու համահունչ է, որ արուեստագէտը պէտք է իր արուեստում փորձի նմանուել բնութեանը», ասում է Նուռը:
Նուռի զարդերից այսօր կրում են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք` են Անտրէ Աղասին, Շերը, Մայա Պլիսեցկայան, Մատլեն Օլպրայթը, Մոնսերաթ Քապալիէն, Էլ Ճերոն, Նինօ Քաթամածէն եւ ուրիշներ:
Ճանճը, Որն Ուզում Է Փոխել Աշխարհը
2017 թուականին Ֆլորանսի ժամանակակից արուեստի միջազգային երկամեայի գլխաւոր մրցանակը` Լորենցօ Մետիչիի ոսկէ մետալը, նուաճեց Նուռը` իր «Ճանճ» եւ «Ճանճ-Էւոլիւցիա» աշխատանքներով` հետեւում թողնելով 74 երկրի 417 արուեստագէտների շուրջ 1100 ստեղծագործութիւն:
Մի զզուելի արարած, որից խորշում են աշխարհի բոլոր ծայրերում, Նուռի ձեռքով դարձաւ հերոսուհի, անգամ գեղեցկուհի` գերելով իտալական քմահաճ արուեստասէր հասարակութեանն ու մրցոյթի դատակազմին: Սա աննախադէպ էր ոչ միայն ճանճի համար, այլեւ` Հայաստանի. Ֆլորանսի երկամեայի պատմութեան ընթացքում սա Հայաստանի առաջին յաղթանակն էր: Հեղինակը շեշտում է` յաղթեց ոչ թէ ճանճը, այլ` սէրը: Նուռը երկու ճանճ-քանդակ ունի` մեծ ու փոքր: Նրանք մշտապէս շրջագայում են աշխարհում` քարոզելով սէր ու մարդասիրութիւն: Հեղինակը համոզուած է, որ ատելութիւնը կարող է վերափոխուել սիրոյ, եթէ փորձես աշխարհին այլ աչքերով նայել, օրինակ` ճանճի, որի կենսաբանական տեսողութիւնը վերարտադրուած է փոքր ճանճ-քանդակում: Այն պտտուելով վերածւում է ակնոցի եւ հնարաւորութիւն տալիս տեսնել աշխարհը իրական ճանճի աչքերով` մտքի, երեւակայութեան եւ հոգու աներեւակայելի թռիչք պարգեւելով դիտողին:
Առաջին Անիմացիոն Քանդակն Ու Փութինի Առաջարկը
Միջազգային 29 «Կրան փրի», պատուաւոր տեղ համաշխարհային արուեստի գրացուցակ առաջին անիմացիոն (շարժանկար-animation-Խմբ.) քանդակ: «Սա իմ այցեքարտն է: Կարելի է ասել` այս քանդակներն ինձ աւելի շատ են կերտել, քան` ես նրանց», խոստովանում է Նուռը` ցուցադրելով «Հանճար» անիմացիոն քանդակների հաւաքածուն:
Մարդկային կերպարներով փոքրիկ արձանախումբը բաղկացած է 5 տարբեր մարդ-քանդակներից, որոնցից իւրաքանչիւրը կարող է ընդունել 5-7 դիրք` արտացոլելով տարբեր հոգեվիճակներ ու զգացողութիւն: Այլ կերպ ասած` այն հանճարի մասին պատմող 30-35 «քատր» ունեցող անիմացիա է:
Օրերից մի օր էլ անիմացիան համալրւում է եւս մէկ քատրով, այս անգամ` Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի մտքի թռիչքի շնորհիւ:
Տարիներ առաջ, երբ քանդակը ցուցադրւում էր Մոսկուայում, ցուցահանդէսին ներկայ էր նաեւ Փութինը: Երբ Նուռը ներկայացնում է արձանիկների փոփոխուող անիմացիան, որն աւարտւում է հանճարի վերելքով ու յաղթանակով, Ռուսաստանի նախագահը վերցնում է առաջին արձանիկն ու դնում այն դիրքում, որից պատմութիւնը սկսուել էր` առաջարկելով պատմութիւնն աւարտել այդպէս: «Այդ միտքն ինձ այնքան դուր եկաւ, որ ես խոստացայ այսուհետ անիմացիան հէնց այդպէս ներկայացնել»: Այսինքն, երբ թւում է` պատմութիւնն աւարտուած է, ու հանճարը իրականութիւն է դարձրել իր միտքը, նրան այցելում է նոր հանճարեղ միտք ու կրկին տակնուվրայ անում նրա ներաշխարհը: Եւ ամէն ինչ սկսւում է նորից:
Մի Քանի Հետաքրքիր Փաստ` Նուռի Քանդակների Մասին
Շատերն են տեսել Խնկօ Ապոր գրադարանի դիմացի «Ընթերցողը» յուշարձանը, բայց քչերը գիտեն, որ այն Նուռի ստեղծագործութիւնն է:
Իսկ որո՞նք գիտեն, որ Ազգային պատկերասրահի հարեւանութեամբ գտնուող «Եօթ աղբիւր» ցայտաղբիւրի նոր գլխիկների հեղինակը նոյնպէս Նուռն է: Ցայտաղբիւրի սկզբնական գլխիկները 90-ականներին գողացել էին եւ փոխարինուել վատ որակի գլխիկներով: 2010-ին Նուռը ոչ թէ վերականգնեց հինը, այլեւ ստեղծեց նորը, որի հիմքում հրապարակի ճարտարապետութիւնն է` հայկական աւանդական զարդանախշերով:
Նուռը նաեւ մի շարք յայտնի մշակութային մրցոյթ-փառատօների արձանիկների հեղինակն է:
Չընդհատուող Գիծ
«Չընդհատուող գիծ» հաւաքածուն, որը ստեղծուել է 2018-ին, նոր խօսք է նկարչութեան արուեստում: Չընդհատուող գծով նկարները սկսւում են մէկ կէտից ու առանց կտաւից պոկուելու` հասնում աւարտին: Եթէ անգամ նկարի ստեղծումը տեւի մէկ, մի քանի կամ նոյնիսկ տասը ժամ, միեւնոյն է` գիծը պէտք չէ ընդհատուի: «Դա աւելի շուտ խորհրդածումի գործընթաց է, ես այդ ընթացքում ժամերը չեմ զգում», ասում է Նուռը:
Հաւաքածուի ամենատպաւորիչ աշխատանքը հսկայական կտաւն է, որի սպիտակ խորապատկերին սեւ գծով պատկերուած է ողջ Երեւանը: Առաջին հայեացքից ոլորուն գծեր թուացող նկարը յանկարծ դիտողին կլանում, տանում է Երեւանի կեդրոն, պտտում հրապարակով, հասցնում «Կասկադ», յետոյ ցոյց տալիս Մատենադարանը, օփերայի շէնքը, «Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցին, «Ռոսիա» շարժապատկերի, համալիրը, Ծիծեռնակաբերդը եւ այլ տեսարժան վայրեր: Իսկ այդ ամէնի գլխավերեւում Արարատն է` ծագող արեւով: Նկարի կեդրոնը, որից սկիզբ է առնում չընդհատուող գիծը, Երեւանի զինանշանի խորհրդանիշ առիւծի գլուխն է: Չընդհատուող գծով նկարի ստեղծումը տեւել է 12 ժամ:
Բայց սա դեռ ամէնը չէ. պարզւում է` նկարի ողջ յօրինումի պատկերը կառուցուած է Երեւանի թամանեանական յատակագծի վրայ: Դա կարելի է նշմարել միայն աչքերը կիսափակ անելով: Նկարի մէջ կան նաեւ «թաքնուած» տառեր ու թուեր, որոնցով կարելի է գրել «Երեւան» բառը, ստանալ Երեւանի տարիքն ու ամէն տարի եւս մէկ տարով աւելացնել: Նկարում կան նաեւ մարդիկ, երեւանցիներ, առանց որոնց, ինչպէս Նուռն է ասում, Երեւանը Երեւան չէ:
Երեւանը Երեւան չէ նաեւ առանց իր տաղանդների, մարդկանց, որոնք Երեւանի համն ու բոյրն են, քաղաքի ու երկրի այցեքարտը, հայ մշակոյթի դեսպանն աշխարհում, ինչպէս Արման Նուռը` մեր քաղաքի ամենաիւրայատուկ, ամենաչկրկնուող, ամենաթեւածող արուեստագէտներից մէկը, որն իր արուեստում վարպետօրէն շաղախում է ազգային ու համամարդկային երանգներն ու նայում աշխարհին ամենաանհաւանական գոյներով:
«Ի՞նչ բառ կ՛ընտրես, որը կ՛արտացոլի արուեստդ», հարցնում եմ Նուռին: Պատասխանը չի ուշանում «Փոխել աշխարհը»:
«Բայց դա արդէն երկու բառ է», ծիծաղում եմ:
«Աշխարհափոխութիւն», անմիջապէս արձագանգում է Նուռը: