Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Ազատ Արցախ («Յուշապատումներ» Շարքից)

$
0
0

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Անմոռանալի է յիշողութեանս մէջ այդ օրը: Դա 2004 թուականի սեպտեմբերի 2-ն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը տօնում էր իր անկախութեան 13-րդ տարեդարձը: Ես` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում ծառազարդ, գեղատեսիլ հրապարակում էի: Եւ այդ ժամանակ իմ մէջ արթնացաւ անցեալ օրերի անմար յիշողութիւնը: Մեր կեանքում առկայ են երկու տարբեր հասկացութիւններ. ամբոխ եւ ժողովուրդ (քանակով նոյն, որակով տարբեր): Այս ընթացիկ տարիներին բացառիկ բան եղաւ. ես տեսայ ո՛չ թէ ամբոխ, այլ ժողովուրդ: 1988 թուականն էր, արցախեան ազատագրման ընթացքի սկիզբը – վերելքը Երեւանում: Ցուրտ ձմեռ էր: Միանալով հազարաձայն կոչին` գնացի օփերային մեծ հրապարակ: Այն լեցուն-եռուն էր: Ինչպէս ասում ենք մեր կենցաղային բարբառով` ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ նստած էին նաեւ շրջակայ շէնքերի տանիքներին, խոշոր ծառերի հաստոտ ճիւղերին: Օփերային թատրոնի շքամուտքի առջեւ բարձրախօսներ էին դրուած: Մէկը միւսի ետեւից դրանց առջեւ իրենց յուզումնալից, պահանջատիրական խօսքով կանգնում էին քաղաքական գործիչներ, առաջնորդներ, մտաւորականներ, երիտասարդներ, մայրեր: Սիրտ ու միտք, կամք ու հաւատ, յոյս ու կարօտ, խիզախութիւն, միասնականութեան բարձր ազգային գիտակցութիւն` այս ամէնը, ապրում-տրոխում էր իւրաքանչիւրի խօսքում: Երկա՜ր ժամեր էր տեւում այս ամէնը, եւ ոչ ոք չէր հեռանում հրապարակից, չէր խորշում ժամերով կանգուն իր վիճակից: Այդպէ՛ս էր ամիսներ շարունակ տեւող այս ցոյց-հաւաքների պատկերը: Ցուրտ, մութ գիշերներին նաեւ հազարաւոր երեւանցիներս մի սիրտ, մի բռունցք դարձած` երազում եւ պահանջում էինք այն, ինչը մերն էր պատմականօրէն, արդարացիօրէն: Միացո՜ւմ, Արցախը մե՛րն է, Ազա՜տ Արցախը մե՛րն է: Այդ հրապարակում ես տեսայ, զգացի անմոռանալի, յուզիչ բաներ, որ տակաւին չէի տեսած: Մի երիտասարդ տղամարդ մօտենալով Արցախը մերն է բացագանչող մի տարեց կնոջը, որը յոգնութիւնից ընկնում էր, բարձրացրեց նրան, եւ ինչպէս երեխաներին են դնում, այդպէս դրեց-նստեցրեց նրան իր ուսերին: Մէկ ուրիշ տղամարդ, որ կանգնած էր Ալեքսանդր Սպենդիարեանի արձանի պատուանդանին, բարձրացրեց իր մի ոտքը, դժուարութեամբ տեղադրեց արձանի վրայի մի փոքր ճեղքում եւ այդպիսով մի քիչ տարածութիւն բացելով, նստեցրեց այդտեղ մի երիտասարդ աղջկայ: Մի տղամարդ տեսնելով, որ տարեց կինը տաքացնելու համար անընդհատ շփում է իր սառած ձեռքերը, հանեց իր ձեռնոցները, մօտեցաւ եւ հագցրեց կնոջ մատներին այդ բրդեաները: Մի քանի կանայք բաժնեցին շուրջբոլորին իրենց տնից բերած կարկանդակները եւ ջրի փոքր շիշերը: Մի կին հանեց իր պայուսակից յատուկ բերած շալերը, եւ մօտենալով տարբեր տեղերում կանգնած միջին տարիքի երեխաներին` ծածկեց դրանցով նրանց ուսերը: Մեծ ծառի հաստ ճիւղին բազմած տղամարդը, տեսնելով, որ մի կին ձեռքը իր սրտին դրած, տանջահար է լինում, իջաւ եւ տուեց նրան իր ունեցած դեղահատը: Փաստացիօրէն այս բոլոր մարդիկ միմեանց անծանօթ էին, ո՛չ ազգական էին, ո՛չ բարեկամ: Պարզապէս Մարդ էին: Ո՛չ թէ ամբոխ էին, այլ` ժողովուրդ: Նրանց միացրել, հարազատացրել էր ազգային վեհ նպատակը` Արցախը մե՛րն է: Եւ այդ կոչը անդադրում հնչում էր ժամեր, օրեր շարունակ:

Այո՛, ես շատ բան տեսայ այդ ժամանակաշրջանում, եւ գիտակցեցի, որ մեր ժողովուրդը հարկ եղած դէպքում ի զօրու է յաղթահարել ամբոխային սահմանները` օժտուած լինելով ազգային ու մարդկային բարձր յատկանիշներով, ու նաեւ` նորասերունդ հիանալի զաւակներով: Հայաստանի բազմաքանակ երիտասարդ տղաներ իրենց վերջին ճամբորդութիւնը` դէպի երկինք ունեցան նոյնպէս այս հրապարակից, կրկին լեփ-լեցուն հազարասուգ երեւանցիներով, որոնք եկել էին քաջ զինուորների թաղման թափօրին` բերելով իրենց սէրն ու յարգանքը:

… Ինչպէ՞ս ապրէինք այդ օրերին` միայն հոգով, մտքով, բազում օր-գիշերներին հրապարակային ցոյցերով, Արցախը մերն է կոչով… Այդ ամէնը քիչ էր: Եւ մի օր մի քանի հոգով հաւաքուեցինք Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում եւ որոշեցինք երաժշտագէտ, փրոֆեսէօր Արմէն Բուդաղեանի ղեկավարութեամբ ստեղծել «Օգնութիւն Արցախին» հասարակական կազմակերպութեան (դա արդէն գործում էր Հայաստանում) մասնաճիւղը: Այդ դժուար կացութեան տարիներին Հայաստանում դիւրին չէր նիւթական կեցութիւնը, սակայն մենք սկսեցինք հաւաքել ուտեստեղէն, հագուստեղէն, մանկական գրքեր, խաղալիքներ, գրենական պիտոյքներ: Եւ այդ ամէնը ամբարելով երաժշտանոցի պահեստում, այդ տարիներին` 1988-1989 թ.ին սկսեցինք պարբերաբար տանել Արցախ եւ բաժանել ում հարկն է. կարիքաւորներին, դպրոցներին, զօրամասերին: Փոխադրումը դիւրին չէր: Սակայն բարեբախտաբար քիչ ժամանակ անց մեզ օգնութեան եկաւ ազգանուէր բարի մի մարդ: Նա` այն ժամանակ Երեւանում գործող «Էրեբունի» փոքր օդակայանի պաշտօնեայ էր եւ բարձր մասնագիտական ձիրք ունեցող օդաչու, այժմ լուսահոգի Քաջիկ Մնացականեանն էր: Իր անձնական կամքով, անվճար, ամիսը 2-3 անգամ ուղղաթիռով (դէպի Արցախ օդանաւի թռիչք չկար) տեղափոխում էր Երեւանից Արցախ այդ բոլոր ծանրաքաշ հաւաքածոները ու նաեւ մեզ: Իսկ մենք այդ օրերին` դա մեր երաժշտական խումբն էր 12 հոգուց: Մէկնում էինք Արցախ ու մեր համերգային ելոյթներով գնում էինք Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ: Երաժշտական ելոյթներից բացի` ունենում էինք նաեւ զրոյց-հանդիպումներ: Այս ամէնը լինում էր Արցախի դպրոցներում, հիւանդանոցներում, զօրամասերում: Խմբի մէջ էին երիտասարդ անուանի երաժիշտներ, նրանց թւում` յայտնի երգիչ Ֆորշը: Այդ տարիներին ունեցանք սրտահաճոյ, անմոռանալի ծանօթութիւններ, հանդիպումներ Արցախի մտաւորականութեան հետ, որոնց մասին պատմեցինք, արժեւորեցինք Հայաստանում: Նրանց թւում էին` Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի տնօրէնուհի Վիոլետտա Բաղդասարեանը, երաժշտահան Էդուարդ Ղազարովը (Ղազարեանց), բանաստեղծուհի, հետագայում «Արցախի կանայք» հասարակական կազմակերպութեան նախագահ Ծովինար Բաղդասարեանը, բանասէր, գրականագէտ Սոկրատ Խանեանը, գրող Մաքսիմ Յովհաննիսեանը, բանաստեղծներ Վարդան Յակոբեանը, Ռոբերտ Եսայեանը եւ այլք:

Անցան տարիներ: Որոշակի խաղաղութիւն տիրեց, իրականացաւ Ազատ Արցախ մեր հոգու կոչ-պատգամը: Հայաստանցիները, այդ թւում` նաեւ ես, շարունակում էինք մեր հարազատ կապը Արցախի հետ: Ունեցայ այնտեղ տարբեր մշակութային ձեռնարկներ` գրական, երաժշտական: Ուրախութիւն էր ինձ համար, որ 2009 թ.-ին ինձ ընդունեցին «Արցախի կանայք» հասարակական կազմակերպութեան պատուաւոր անդամ` պաշտօնական հանդիսութեամբ յանձնելով ինձ դրա շնորհագիրը:

Եւ հիմա անդրադառնալով այս յուշագրութեանս սկզբում նշուածս յիշարժան օրուանը` 2004 թուականի սեպտեմբերի երկուսին, պէտք է գրեմ հետեւեալը: Ես կանգնած էի Ստեփանակերտի հրապարակում եւ հայաստանցուս սրտով մաս էի կազմում Արցախի անկախացման տօնակատարութեանը: Այստեղ ես ականատես եղայ ուշագրաւ բաների: Շա՜տ շա՛տ երեխաներ կային` ամենափոքր տարիքից սկսած, ամէնքը ուրախ, ժպտադէմ, ձեռքերին Արցախի փոքրիկ դրօշակներ: Հանդիսաւոր արարողութեան պաշտօնական բացումից յետոյ հրապարակը լցուեց խանդավառ երգ-երաժշտութեամբ, պար-շուրջպարով: Եւ յանկարծ պայթեց հրետանու շատ ուժգին ձայնը: Առաջին վայրկեանին ես ցնցուեցի, սակայն պահ անց ամէնքի պէս հասկացայ եղածի իւրօրինակ իմաստը եւ խորհրդանշանակութիւնը: Սա արցախցու այո՛, իմաստութեան դրսեւորումն էր: Անշուշտ, մեծ հրետանու զօրեղ ձայնը պիտի լսուէր բաւականին մեծ տարածութեան մէջ, եւ սա «դաս» էր սահմանամերձ թշնամուն: Մեզ վրայ հրետանիով եկաք` դէ հիմա դուք լսէք մե՛ր հրետանու ձայնը, այն հրետանու, որով մենք այսօր տօնում ենք ձեր պարտութիւնը եւ մեր յաղթանակը: Ձեզ յաղթող մեր հրետանիով տօնում ենք մեր անկախութեան, մեր ազատութեան օրը եւ յիշեցնում ենք ձեզ, որ արդար կրակող հրետանին միշտ մեր արեան մէջ է` թէ՛ կռուի, թէ՛ յաղթանակի, թէ՛ առտնին, թէ՛ տօնական օրերին: Քիչ անց, հրետանու այդ ուժգին կրակոցից յետոյ ժողովրդին հիացրեց մէկ այլ բան: Հրետանու կրակոցային ձայները շարունակւում էին, սակայն արդէն նրա միջից բխում, թռչում էին երկինք (յատուկ տեղադրուածքի շնորհիւ) տօնական պայթուցիկների շքեղ, գոյնզգոյն սքանչելի պատկերներ: Արցախեան ազատ, խաղաղ երկնքում զուարթօրէն ծաղկում-թեւածում էին լոյսի ծաղկեփնջերը: Դուք` սահմանամերձ թշնամիներ, այսօր եւ միշտ լսեցէք մեր հրետանու նաեւ յաղթող-տօնական հուժկու ձայնը եւ տեսէք մեր խաղաղ երկնքում նրա տարածուող լոյսը: Եղիցի լոյս Ազատ Արցախին:

Այս ամէնը ես կարդում էի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում համախմբուած, մէկ գաղափարով հարազատացած Արցախի ժողովուրդի (ո՛չ ամբոխի) աչքերի եւ հոգու հայեացքում: Հիանալի՜ ժամեր ապրեցի այդ օրը: Շնորհակալ եմ, Արցա՛խ: Թող որ միշտ լսեմ քո հրետանու ե՛ւ յաղթող ե՛ւ տօնախմբող ձայնը:

Երեւան-Պէյրութ


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>