Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Իրանը Նախազգուշացնում Է

$
0
0

Գ. Մ.

Վերջին ամիսներին Իրանը յաճախակի է բարձրաձայնում երկրի դէմ ամերիկեան տարբեր կիպեռյարձակումների աշխուժացման մասին:

Գրեթէ կասկածից վեր է, որ Ուաշինկթըն-Թեհրան շահերի բեւեռացման այս փուլում կողմերը գործի են դնելու յաւելեալ եւ տարաբնոյթ լծակներ, առաջին հերթին` հետախուզական, խափանարարական ու կիպեռյարձակումներ, որպէսզի յօգուտ իրենց փոխեն դէպքերի ընթացքը: Եւ այստեղ որեւէ անակնկալ կամ զարմանք առաջացնող դրսեւորում չէր կարող լինել:

Առաւել ուշագրաւ էր այն, որ Իրանն իր հետախուզական-հակահետախուզական եւ այլ բնոյթի գործողութիւնների արագութեան ու արդիւնաւէտութեան շնորհիւ կարողանում է չէզոքացնել եղած սպառնալիքները: Ասուածի լաւագոյն վկայութիւնն էր, երբ  յունիսի 20-ին Թեհրանը յայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակագնդի կողմից ամերիկեան նաւատորմի MQ-4C Triton տեսակի ռազմավարական, հետախուզական նշանակութեան ԱԹՍ-ի խոցման մասին: Յատկանշականն այն է, որ ԱԹՍ-ն, որն իրականացնում էր հետախուզական կարեւոր առաքելութիւն, պէտք էր որ զինուած լինէր հակառատարային, քօղարկման համար անհրաժեշտ ժամանակակից արհեստագիտական միջոցներով, որն այլ կերպ յայտնի է որպէս stealth aircraft: Ասենք աւելին` MQ-4C Triton տեսակի ամերիկեան ԱԹՍ-ի 1 միաւորն արժէ 120 միլիոն տոլար:

Ստացւում է, որ Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնների ճգնաժամային այս փուլում, երբ կողմերն արդէն անցել են ուղիղ հարուածներ հասցնելու հռետորաբանութեան, եւ այնպիսի թէժ կէտում, ինչպիսին Հորմուզի նեղուցն է, թանկարժէք ԱԹՍ-ի կիրառումը պէտք էր որ ունենար ռազմավարական կարեւորութիւն ներկայացնող հետախուզական առաքելութիւն: Սակայն ստացւում է այնպէս, որ  ամերիկեան սարքը խոցւում է իրանական արտադրութեան Խորտատ-3 (Khordad) տեսակի զենիթահրթիռային համակարգով: Յիշեցնեմ, որ այդ համակարգերը կարողանում են միաժամանակ որսալ մինչեւ 4 թիրախ` 27 քմ բարձրութեան վրայ:

Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել Իրանի` հրթիռաշինութեան կամ, առհասարակ, ռազմարդիւնաբերութեան բնագաւառում ձեռք բերած նուաճումները, միեւնոյն ժամանակ, դժուար էր պատկերացնել նման միջադէպ: Այդ հարցում, առաջին հայեացքից, թերեւս տեղին էր գերագնահատել համաշխարհային առաջատար Ուաշինկթընի ռազմական ներուժը: Հակառակ դէպքում` մնում է միայն ենթադրել, որ գուցէ նախագահ Տոնալտ Թրամփին տրամադրուել են սխալ տեղեկութիւններ, որոնցում թերագնահատուել են Թեհրանի ռազմա-արհեստագիտական կարողութիւնները:

Թերեւս անհեթեթի ժանրից է շրջանառուող այն վարկածը, որը Ուաշինկթընն ի սկզբանէ ցանկանում էր հրահրել Թեհրանին, որպէսզի նա խայծը կուլ տայ, նեարդերը տեղի տան, եւ խոցի ամերիկեան արտադրութեան սարքը: Ըստ վարկածի, իբր դա կ՛ամրագրէր Իրանին ուղիղ ռազմական հարուածներ հասցնելու` Միացեալ Նահանգների միջազգային իրաւունքը: Սակայն տեսնում ենք, որ ամերիկեան ԱԹՍ-ի խոցումից անմիջապէս յետոյ Թրամփի շատ կտրուկ ու յարձակողապաշտ հռետորաբանութիւնը մեղմուեց յաջորդ յայտարարութիւններով: Միացեալ Նահանգներ նախագահն արդէն խօսում էր, որ այդ գործողութեան յետեւում գուցէ կանգնած չէ Իրանը` որպէս պետութիւն, եւ որ գուցէ չի եղել նման մտադրութիւն, դա հաւանաբար, ըստ նախագահ Թրամփի, ոեւէ իրանցի սպայի սխալ որոշման արդիւնք է: Սա խօսում է այն մասին, որ նշուած վարկածը, որ շրջանառւում էր որոշ փորձագիտական շրջանակներում, իսկապէս աւելին քան անհաւանական է:

Անցնենք առաջ. յունիսի կէսերին Թեհրանը յայտարարեց, որ բացայայտել է Միացեալ Նահանգներ Կեդրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) կիպեռլրտեսական նոր ցանց եւ ձերբակալել որոշ գործակալների: Յստակեցւում էր, որ Միացեալ Նահանգներ ԿՀՎ-ն կիպեռլրտեսութիւն ու կիպեռյարձակումներ է իրականացրել այլ երկրներում նոյնպէս:

Յուլիսի երկրորդ կէսին Թեհրանը հանդէս եկաւ Միացեալ Նահանգներ Կեդրոնական հետախուզական վարչութեան 17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան մասին յայտարարութեամբ: Իրանական աղբիւրների համաձայն, լրտեսների մի մասը դատապարտուել է մահապատժի: Այլ աղբիւրների հաղորդմամբ, նրանցից ոմանք արդէն ենթարկուել են մահապատժի: Իրանի հետախուզական տուեալներով, գործակալները վերապատրաստուել են Միացեալ Նահանգներ ԿՀՎ-ում, տեղեկութիւններ էին հաւաքագրում Իրանի ռազմավարական ու կենսական նշանակութեան կառոյցների, այդ թւում` միջուկային ու ռազմական ձեռնարկութիւնների վերաբերեալ: Արեւմտեան վերլուծական շրջանակներում Իրանի այս յայտարարութիւնը որակեցին որպէս քարոզչական հնարք` ուղղուած ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին լսարանին:

Սակայն այս ամէնում առանձնացնենք երկու անչափ կարեւոր հանգամանք: Առաջին` մեր սահմանակից երկրի շուրջ ծաւալւում են իրադարձութիւններ, բայց առ այսօր շարունակում է անհասկանալի մնալ ստեղծուած իրավիճակում Հայաստանի դիրքաւորումը: Հարց է առաջանում` նպատակայարմար չէ՞ր այդ կապակցութեամբ որեւէ դիրքորոշում յայտնել: Վերջին հաշուով, նոյնիսկ կարելի էր կողմերի միջեւ աշխուժացած այդ հետախուզական պայքարի անիւը պտտեցնել դէպի հարեւան Ազրպէյճան, որն արդէն առաջին տարին չէ, որ տրամադրել է իր տարածքը Իրանի դէմ Իսրայէլի կողմից հետախուզական գործունէութիւն ծաւալելու համար: Այդ մասին, ի դէպ, քանիցս մտահոգութիւններ յայտնել են Թեհրանում եւ` անթաքոյց կերպով: Եւ եկէք` չհամեմատուենք Ազրպէյճանի հետ այն առումով, որ եթէ այդտեղից յայտարարութիւններ չեն հնչել, ինչո՞ւ մենք աչքի ընկնենք:

Եթէ հիմնուենք այն բեմագրութեան վրայ, ըստ որի, Իրանի միջուկային ծրագրի, միջուկային կառոյցների վերաբերեալ նախագահ Թրամփին գաղտնի հետախուզական տեղեկութիւնների տրամադրման, ինչպէս նաեւ դրանց պարունակութեան հարցում անգնահատելի է իսրայէլական գործօնի դերը, ապա հայկական կողմն իսկապէս այստեղ անելիքներ ունի:

Յիշեցման կարգով ասեմ, որ 2018 թուականի ապրիլին Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն հրապարակեց Իրանի գաղտնի` «Ամատ» անուանումը կրող միջուկային նախագծի մանրամասները, որոնք յայտնի էին դարձել հէնց Իրանի տարածքում, եթէ չեմ սխալւում` բուն Թեհրանում` Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութեան համապատասխան գործողութեան արդիւնքում: Այդ ժամանակ խօսակցութիւններ էին պտտւում, որ այդ գաղտնի փաստաթղթերն Իսրայէլ են տեղափոխուել տարբեր ճանապարհներով, այդ թւում` Ազրպէյճանի տարածքով:

Կրկին յիշեցման կարգով` Թել Աւիւը չի էլ թաքցնում, որ գաղտնի տուեալներ է տրամադրում Թրամփի վարչակազմին. այդ գործողութեան հանրայնացման ժամանակ Նեթանիահուն չզլացաւ նաեւ նշել, որ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի վերաբերեալ Սպիտակ տանը փոխանցուած նիւթերը ամրապնդեցին Թրամփի որոշումը` դուրս գալ 2015 թուականին ստորագրուած` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրից (Joint Comprehensive Plan of Action):

Եւ այստեղ գալիս է բարձրացուած հարցի երկրորդ կողմը` իսկ ի՞նչ կը լինի, եթէ հակամարտող կողմերը Հայաստանը նոյնպէս սկսեն դիտարկել կամ գուցէ արդէն դիտարկում են որպէս դիմակայութեան հերթական թատերաբեմներից մէկը:

Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել մեր հետախուզական, հակահետախուզական ծառայութիւնների գործունէութեան բաւական բարձր մակարդակն ու հմտութիւնները` չմոռանանք, որ գործ ունենք համաշխարհային հիմնական խաղացողներից մէկի` Ուաշինկթընի, միւս կողմից` տարածաշրջանային տէրութիւն հանդիսացող Թեհրանի հետ:

Այս առիթով կրկին վերադառնանք յուլիսի երկրորդ կէսին Իրանի կողմից Միացեալ Նահանգներ Կեդրոնական հետախուզական վարչութեան  17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան դէպքին: Մասնաւորապէս ամսի 22-ին Իրանի հետախուզութեան նախարարութիւնը հանրայնացնում է վաւերագրական, փաստագրական ժապաւէն, որում ներկայացւում են Իրանի սահմաններից դուրս Միացեալ Նահանգներ Կեդրոնական հետախուզական վարչութեան լրտեսների նկատմամբ իրանցի հետախոյզների գործողութիւնները:

Իսկ ամենակարեւորն այն է, որ ժապաւէնում նկարահանուած գործողութիւնների ընթացքում ցուցադրւում են նկարներ, որոնք արուել են Հայաստանում:

Աղբիւրը` https://razm.info/137520

Եթէ հիմնուենք ժապաւէնի հաւաստիութեան վրայ, Իրանը վերջին շրջանում աշխուժացրել է իր հետախուզական, հակահետախուզական գործունէութիւնը մերձտարածաշրջաններում, առաջին հերթին` Պարսից ծոցի երկրներում, Մերձաւոր Արեւելքում, ինչպէս նաեւ` Հարաւային Կովկասի հանրապետութիւններում:

Աղբիւրը` https://razm.info/137520

Դա, ըստ երեւոյթին, զարմանալի եւ անհնար մի բան չէ` հաշուի առնելով նշեալ տարածաշրջաններում Իրանի զգալի ցանցային ազդեցութիւնը: Եթէ առաջնորդուենք այս ժապաւէնում ներկայացուած տեղեկութիւններով ու դրանց տրամաբանութեամբ, ապա ոչ պակաս տրամաբանական հարց է առաջ գալիս` ժապաւէնում ներկայացուած նկարները, որոնք արուել են Հայաստանում` Երեւանում, ինչպէ՞ս են ընկալւում Թեհրանում: Արդեօ՞ք հիմնաւոր է այն տեսակէտը, թէ մեր հարեւան երկրի իշխանութիւնները Հայաստանը կարող են մի պահ դիտարկել որպէս ոչ իւրային երկիր: Թէ՞ դա Թեհրանի հերթական տեղեկատուական-հոգեբանական ձեռնածութեան գործողութիւնն է, այս անգամ` ուղղուած Հայաստանի դէմ:

Սրանով չի սահմանափակւում մեր մտահոգութիւնը. կրկին հիմնուելով ժապաւէնի ներկայացրած տուեալների վրայ) արդեօ՞ք կարող ենք բացառել այն վարկածը, ըստ որի, ամերիկեան կողմը մտահոգուած է Իրանի սահմանակից երկրներում, այդ թւում` Հայաստանում ամերիկեան կողմի դէմ Թեհրանի հետախուզական գործունէութեան աշխուժացմամբ: Սակայն այս ամէնում ի յայտ է գալիս շատ աւելի խոր մի մտահոգութիւն, որ մեր երկիր է տեղափոխւում հակամարտող կողմերի հետախուզական պայքարը` դարձնելով այդ դիմակայութեան թատերաբեմ: Յամենայն դէպս, եթէ ուռճացնում ենք ստեղծուած իրավիճակը, ապա նուազագոյնը պէտք չէ բացառել այդ բեմագրութիւնը:

Խօսակցութիւններ են պտտւում, որ Իրանում զգուշաւորութեամբ են մօտենում Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեանը: Գուցէ մտավախութիւն կայ, որ մեր երկրում տեղի ունեցած յեղափոխական շարժումը գունաւոր յեղափոխութիւնների տրամաբանութեան մէջ է: Եթէ շարժուենք այդ տրամաբանութեամբ, ապա Իրանում կարող են զգուշանալ, որ Հայաստանում ուժեղացել է ամերիկեան գործօնը, կամ առնուազն կայ նման բեմագրութեան զարգացման նախադրեալ:

Անդրադառնանք յուլիսի 10-ին Հայաստանի ելեկտրահամակարգում տեղի ունեցած տատանումներին ու դրանց հնարաւոր պատճառների հարցին: Հայկական կողմի առաջ քաշած հիմնական վարկածներից մէկով, յաճախականութեան ուժեղ տատանումները կարող էին պայմանաւորուած լինել Իրանի ելեկտրահամակարգում տեղի ունեցած վթարով: Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Իրանի ելեկտրահամակարգերը սինքրոնիզացուած են, հետեւաբար յաճախականութեան տատանումները փոխադարձ ազդեցութիւն են թողնում:

Յիշեցնեմ, որ յաճախականութեան տատանումների պատճառով անջատուել էին Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ պլոքը, իսկ յետոյ` նաեւ Երեւանի ՋԵԿ-ը եւ աւելի փոքր կայաններ:

Խնդրի հետ կապուած փորձագիտական տարբեր հարթակներում քննարկումներ էին ընթանում, փորձում բերել միջադէպի հետ կապուած նաեւ այլ հնարաւոր բեմագրութիւններ: Առաջ քաշուած հիմնական բեմագրութիւներից մէկով, Հայաստանի ելեկտրահամակարգում յաճախականութեան տատանումները դիտւում էին որպէս Իրանի կողմից խափանարարութեան հետեւանք:

Եթէ կրկին առաջնորդուենք այն տրամաբանութեամբ, որ Միացեալ Նահանգներ-Իրան ճգնաժամում, ըստ Թեհրանի, Հայաստանը սկսում է դիտարկուել որպէս ոչ իւրային երկիր, որտեղ աշխուժացել է Միացեալ Նահանգներ ԿՀՎ-ի գործունէութիւնն ընդդէմ Իրանի, ուստի այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում է Երեւանին հնարաւոր վտանգների ու դրանց զսպման անհրաժեշտութեան մասին:

Յիշեցնեմ նաեւ, որ նախորդ տարուայ յուլիսի 3-ին խոշոր վթար էր տեղի ունեցել նաեւ Ազրպէյճանի Մինկեչաուրի ՋԵԿ-ում, ինչի պատճառով Ազրպէյճանը գրեթէ ամբողջութեամբ հոսանքազրկուել էր: Այդ ժամանակ նոյնպէս փորձագէտները վթարը կապում էին հնարաւոր խափանարարութեան հետ: Պատահականութի՞ւն էր, արդեօք, այն, որ Մինկեչաուրի ՋԵԿ-ում միջադէպը գրեթէ համընկել էր ընդամէնը օր առաջ` յուլիսի 2-ին Ազրպէյճանի կողմից նախաձեռնուած` զօրքերի տարբեր տեսակների մասնակցութեամբ լայնածաւալ զօրավարժութիւնների հետ: Այդ շրջանում նոյնպէս շրջանառութեան մէջ էր դրուել իրանական հետքը: Խօսւում էր այն մասին, որ կրկին Միացեալ Նահանգներ-Իրան դիմակայութեան զարգացման այդ փուլում Թեհրանը տրամաբանօրէն խուսափում էր իր սահմանակից հատուածներում ու երկրներում, ժողովրդական լեզուով ասած` սեփական քթի տակ, գործ ունենալ լարուածութեան նոր օճախի հետ: Գուցէ այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում էր Ալիեւին` զերծ մնալ իրավիճակի հնարաւոր ապակայունացման փորձերից: Եւ այստեղ հարց է առաջանում` արդեօ՞ք որեւէ կապ կայ Մինկեչաուրի ՋԵԿ-ի ու Հայաստանի ելեկտրահամակարգում տեղի ունեցած վթարների տրամաբանութիւնում: Գրեթէ չի խօսւում, որ գուցէ երկու դէպքում էլ աշխատել է նոյն ձեռագիրը:

Յետգրութեան փոխարէն. չար լեզուներն ասում են, որ  վերջին շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ մերձաւորարեւելեան մէկ այլ պետութեան` Իսրայէլի ուշադրութիւնը: Սակայն յանուն առարկայութեան արձանագրենք, որ այդ հետաքրքրութիւնն աշխուժացել էր մինչ յեղափոխութիւնը:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>