ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Յայտնի է, որ յետխորհրդային տարածքի հանրապետութիւններում հանրային պատկանելութեան տնտեսական եւ այլ կառոյցների սեփականաշնորհման, իրականում` սեփականազաւթման գործընթացը սկիզբ է առել անցեալ դարի 90-ականների սկզբներին` անկախութեան շքահանդէսից անմիջապէս յետոյ: Կարելի է ասել` այն արդէն գրեթէ աւարտին է հասել: Քանզի, նախ, ճակատագրի բերումով եւ եւս եղած խորհրդային հսկայ պետութիւնում եզրագծին է հասել «վայրի դրամատիրութեան» անցման շրջանը եւ ապա` նախկին միութենական ենթակայութեան, ներկայումս` անկախ, ինքնիշխան դարձած երկրներում այլեւս համարեա թէ չի մնացել անհատական կամ խմբային մասնաւորեցման պիտանի որեւէ անտիրական թիրախ:
Սակայն նոյնը չես ասի առանձին նորանկախ պետութիւնների տարածքում` նոյնպէս պատմական ճակատագրի բերումով անտիրական մնացած եւ այդ երկրների «տիտղոսակիր» յորջորջուած ազգերի եւ իշխանութիւնների կողմից այլազգի պատմամշակութային ժառանգութեան արժէքների սեփականաշնորհման, դարձեալ իրականում` սեփականազաւթման գործընթացի մասին: Խօսքս առանձնապէս վերաբերում է մեր հարեւան երկրին` Ազրպէյճանին, որի քաղաքական ու գիտական վերնախաւը, տառապելով իր «տիտղոսակիր» ազգային հանրութեան` ազրպէյճանական ժողովրդի «հինաւուրց պատմական անցեալի» ունայնութեան ախտանիշով, տասնամեակներ ի վեր, մանաւանդ` անկախ պետականութեան հռչակումից յետոյ, եռանդագին` մոլուցքով ջանում է որեւէ կերպ վերացնել այդ անյատակ վիհը` լցնելով այն հարեւան ժողովուրդների դարեր ի վեր ստեղծած ու բացառապէս նրանց պատկանող պատմամշակութային արժէքներով, փորձելով արհեստականօրէն վերակերտել սեփական «քաղաքակիրթ անցեալը», ընդ որում` նոյնքան հինաւուրց ու իմաստալից, որքան որ դրանց իրական տէրերի անցած ուղին է:
Փաստօրէն, պատմական ինքնազաւթման թիրախներ են հռչակուած տարածաշրջանի առանց բացառութեան բոլոր երկրները. հարաւում` Իրանը, հիւսիսում` Տաղստանը, հիւսիս-արեւմուտքում` Վրաստանը, արեւելքում` Հայաստանը եւ Արցախը միասին, ինչ խօսք, նաեւ բախտի չար կամօք նրա իրաւաենթակայութեան տակ մնացած ազգային փոքրամասնութիւնների` թալիշների, լեզգիների, աւարների, ցախուրների, ուտինների բազում դարեր ի վեր ստեղծած արժէքները: Չխորշելով բացայայտ կեղծարարութեան գայթակղութիւնից` «ազրպէյճանականացւում» են այդ երկրների ու ազգային հանրութիւնների ինչպէս անցած պատմական ուղին, նոյնպէս եւ նրանց կերտած քաղաքակրթութիւնները` ճարտարապետութիւնից մինչեւ խոհանոց: Բայց քանի որ այդ արժէքային համակարգերը ստեղծուել են մեծաւ մասամբ այսօրուայ Ազրպէյճանի տարածքից դուրս, ուստի եւ «ազրպէյճանականացւում» են նաեւ այն տարածքները, որտեղ դրանք ծնունդ են առել: Այս կերպ` «ազրպէյճանական» են հռչակւում Իրանի Ատրպատականը Թաւրիզ կեդրոնով, Տաղստանի Դերբենդ քաղաքն իր շրջակայքով, Վրաստանն իր Թիֆլիսի մայրաքաղաքով, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններն ամբողջապէս: Իսկ ահա վերը թուարկուած ազգային փոքրամասնութիւնները ոչ այլ ոք են, քան ազրպէյճանական ժողովրդի հեռաւոր նախնեաց` աղուանների «ժառանգորդները», հետեւապէս նրանց պատմական ձեռքբերումները նոյնպէս անվերապահ «պատկանում» են Ազրպէյճանին եւ ազրպէյճանական ժողովրդին:
Պաքուի վարած պատմամշակութային զաւթողական քաղաքականութեան վերջին ցայտուն դրսեւորումը, ինչպէս նշել եմ իմ վերջին յօդուածներից մէկում, կապուած էր վրաց-ազրպէյճանական միջպետական սահմանագծում գտնուող Դաւիթ Կարեճի վանական համալիրի պատկանելութեան խնդրի հետ: Վրացակա՞ն է այն, թէ՞ ազրպէյճանական: Ամբողջովի՞ն, թէ՞ մասամբ: Վերջին հարցը, հնարաւոր է, առաջին հայեացքից անհեթեթ թուայ, բայց իր իրական հիմքերն ունի: Բանն այն է, որ համալիրի մի զգալի մասը գտնւում է վրացական տարածքում, իսկ միւսը` համեմատաբար փոքր մասը, ազրպէյճանականում: Վրացական կողմը, ներկայացնելով համոզիչ պատմական վկայութիւններ ու փաստարկներ, ապացուցում է, որ այն վրաց ժողովրդի պատմամշակութային հնութիւն է, վաղուց ի վեր քրիստոնէական ուխտագնացութեան վայր: Միւս կողմից` Պաքուն պնդում է, որ այդ վանական համալիրը ոչ թէ Դաւիթ Կարեճի է կոչւում, այլ` Քեշիքչիտաղ եւ համարւում է իր քրիստոնեայ նախնեաց` աղուանից ժողովրդի, կառուցած աղօթատների շարան: Ընդ որում` որպէս իրաւական հիմք ներկայացնում է երկու նախկին միութենական հանրապետութիւնների` Վրացական ԽՍՀ-ի եւ Ազրպէյճանական ԽՍՀ-ի միջեւ խորհրդային իշխանութեան օրօք իրականացուած վարչական սահմանազատումների մասին որոշումները: Համալիրի ազրպէյճանական հատուածը մշտապէս գտնւում է ազրպէյճանցի սահմանապահների հսկողութեան ներքոյ, եւ վրացի ուխտագնացիներին միշտ չէ, որ թոյլատրւում է այցելել այն, ինչը հանրային բողոքների տեղիք է տալիս Վրաստանում, ընդհուպ մինչեւ սահմանագծի այդ հատուածում ազրպէյճանցի սահմանապահների հետ բախումների, ինչպէս դրանք տեղի ունեցան վերջերս` իրադարձութիւնների նոր զարգացումների ժամանակ, երբ վրաց զայրացած ուխտագնացները, ուժ գործադրելով` խլեցին սահմանապահ զինուորների զէնքն ու զինամթերքը: Միջադէպը, ի հարկէ, անարձագանգ չմնաց Պաքւում. արտաքին գործերի նախարարութիւն կանչուեց այդ երկրում Վրաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանը, վրացական կողմից պահանջուեց խիստ պատասխանատուութեան ենթարկել ազրպէյճանական տարածքի նկատմամբ չարամիտ ոտնձգութիւն թոյլ տուած սահմանախախտներին: Չմանրամասնեմ դէպքերի ողջ ընթացքը: Նշեմ միայն, որ Ուտապնօ բարձրադիր լերան վրայ գտնուող այդ վանական համալիրի համանուն եկեղեցու տարածքը Պաքուին պէտք է երկու նպատակով: Նախ` այդտեղից յստակ երեւում են վրացական Ռուսթաւի քաղաքն իր շրջակայ տարածքներով, հետեւապէս` այդ բարձունքը ռազմավարական նշանակութիւն ունի Վրաստանի հետ հնարաւոր ռազմական բախումների պարագայում: Եւ ապա` վանական այդ համալիրն Ազրպէյճանին օդ ու ջրի պէս պէտք է` ապացուցելու համար ազրպէյճանական ժողովրդի աղուանական ծագումը, ինչը, ըստ Պաքուի «վայ-գիտնականների», ամուր հիմք կարող է ծառայել Արցախի եւ Հայաստանի հինաւուրց պաշտամունքային ու պաշտպանական կառոյցները` եկեղեցիները, վանքերն ու ամրոցները, անգամ դրանց աւերակները նոյնպէս աղուանական համարելու համար:

Գիւլիստանի բերդի յատակագիծը
Անշուշտ պատահական չէ, որ վանական համալիրի շուրջ ծագած բանակռիւը դեռեւս չմարած, ազրպէյճանական մամուլն այս օրերին սկսել է աղմուկ բարձրացնել մէկ այլ պատմաճարտարապետական յուշարձանի` հիւսիսային Արցախի Գիւլիստան բերդի պատմական պատկանելութեան խնդրի շուրջ, այս անգամ եւս այն ներկայացնելով որպէս աղուանական ժողովրդի, այսինքն` իբր թէ իր քրիստոնեայ նախնեաց կողմից ժառանգութիւն մնացած պաշտպանական կառոյց:
Բայց նախքան այդ մասին ազրպէյճանական մամուլի աղմկայարոյց հրապարակումներին անցնելը, կարծում եմ, արժէ թէկուզ հակիրճ պատմական անդրադարձով պատկերացում կազմել, թէ ի՛նչ է ներկայացնում իրենից Գիւլիստանի բերդը, եւ որոնք են, որպէս նրա իսկական տէրեր, այն կառուցել ու պահպանել:

Գիւլիստան բերդի աւերակները (1)

Գիւլիստան բերդի աւերակները (2)
Եւ այսպէս. Գիւլիստանի կամ Վարդուտի բերդն նշանաւոր ամրոցներից մէկն էր, 17-րդ դարից եղել է Գիւլիստանի մելիքութեան վարչական եւ ռազմական կեդրոնը, Մելիք-Բեգլարեանների տոհմական նստավայրը:
Գտնւում է Արցախի Մարտակերտի եւ Շահումեանի շրջանների սահմանագլխին, գիւլիստան գիւղից 2 քմ արեւմուտք: Տեղակայուած է անտառապատ, ծովի մակերեւոյթից 1567 մ բարձրութեամբ սեպաձեւ քարաժայռի վրայ: Բերդապարսպի ներսում պահպանուել են հին դղեակների, բնակելի շէնքերի եւ եկեղեցու աւերակները:
Բերդն ունի պատկառելի չափսեր, զբաղեցնում է 7200 քառ. մ տարածութիւն: Երեք կողմից` արեւմուտքից, հիւսիսից, մասամբ արեւելքից Ինջա գետը շրջանցում է այդ բարձունքը` թերակղզու տեսք տալով նրան: Միակ քիչ թէ շատ մատչելի կողմը հարաւայինն է` զառիթափ բաց լանջը, որտեղից նոյնպէս մօտենալը շատ դժուար է: Բնական պաշտպանական յարմարութիւններին աւելացուել է բարձր, բուրգերով հզօրացուած, իսկ հարաւային կողմում` կրկնակի բերդապարիսպը, եւ ժայռը դարձել է անառիկ ամրոց: Բերդն ունեցել է դէպի գետն իջնող գաղտնի ստորգետնեայ ուղի: Բացի այդ` եղել են զօրանոցներ, զինանոցներ, պահեստներ, բազմաթիւ սենեակներ, մէկ եւ երկյարկանի տներ, ջրաւազան եւ այլն:
Բերդը 1633թ. վերանորոգել է Գիւլիստանի մելիք Բեգլար Ա.-ն: Միջնադարում եղել է Գիւլիստանի մելիքութեան հիմնական պաշտպանական ամրութիւնը, իսկ 1729-1731թթ. դարձել էր Արցախում հայ ազատագրական շարժման կեդրոնը, Արցախի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ստեղծուած հինգ ռազմական կազմաւորումներից մէկի` Չարաբերդ-Գիւլիստան սղնախի յենակէտերից մէկը:
Ժամանակին այստեղ մեծ համբաւ ու հեղինակութիւն էին վայելում յատկապէս Եսայի Եուզպաշին եւ Աբրահամ սպարապետը, որոնց յաջողուել էր յամառ դիմադրութեամբ ու ճկուն քաղաքականութեամբ երկրամասը զերծ պահել կովկասեան լեռնականների եւ թուրքական բանակի ասպատակութիւններից: Ամենայն հաւանականութեամբ, հէնց այդ ժամանակաշրջանում էլ` 18-րդ դարի առաջին կէսին, հիմնովին վերակառուցուել են ամրոցի պարիսպներն ու շինութիւնները, ներառեալ` միջնաբերդ-ապարանքը:
Սղնախական պայքարի անկումից եւ Աբրահամ սպարապետի մահից յետոյ 18-րդ դարի կէսերին ամրոցն անցել է գաւառի միւս նշանաւոր իշխանատոհմի` Մելիք-Յովսէփի իրաւասութեան տակ: Վերջինիս եւ նրա որդիներ Մելիք Բեգլարի ու Մելիք-Աբովի օրօք եւս բերդը երկրամասի հզօր պաշտպանական հանգոյցներից էր, անառիկ մնացել դարավերջին Շուշիի խաների ոտնձգութիւնների շրջանում: Յիշարժան են յատկապէս 1754 թ. օգոստոսի 26-ի դէպքերը, երբ ամրոցի մօտ տեղի ունեցած ճակատամարտում ջարդուեցին Փանահ խանի զօրքերը:
Գիւլիստանի բերդը հայ-ռուսական դիւանագիտական նամակագրութեան օճախներից մէկն էր Արցախում, ուստի պատահական չէ նաեւ այստեղ 1813թ. հոկտեմբերի 24-ի յայտնի Գիւլիստանի հաշտութեան պայմանագրի կնքումը 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի աւարտից յետոյ, համաձայն որի, Ռուսաստանին անցան Պաքուի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Ղուբայի, Դերբենդի ու Թալիշի խանութիւնները, Լոռու,Ղազախի, Շամշադինի, Իջեւանի, Շիրակի եւ զանգեզուրի շրջանները:
1992թ. ամրանը, ռուս-ազրպէյճանական զօրքերի համատեղ «Գեորանբոյ» ռազմագործողութեան արդիւնքում, Գիւլիստան բերդը, ինչպէս նաեւ մերձակայ համանուն գիւղը եւ Շահումեանի շրջանի միւս բնակավայրերը մնացին Ազրպէյճանի վերահսկողութեան գօտում: Եւ շրջանի ողջ բնակչութիւնը ստիպուած էր լքելու հայրենի բնօրրանը:
Միով բանիւ` Գիւլիստանի բերդն արցախահայութեան կառուցած եւ հետագայում ամրապնդուած անառիկ պաշտպանական շինութիւն էր` ռազմական ամրոց եւ, բնականաբար, որպէս այդպիսին, հանդիսանում է հայ ժողովրդի պատմաճարտարապետական ժառանգութիւնը: Բռնազաւթուած լինելով Ազրպէյճանի կողմից, այնուամենայնիւ, Գիւլիստանի բերդը, ինչպէս որ ամբողջ Շահումեանի շրջանը, համաձայն Արցախի սահմանադրութեան, հանրապետութեան տարածքի անքակտելի, բաղկացուցիչ մասն է կազմում եւ, իբրեւ այդպիսին, վաղ թէ ուշ ենթակայ է զատագրման:

Գիւլիստան գիւղը դիտակէտից
Եւ ահա այս տեսանելի հեռանկարն է, որ մտահոգում, ահաբեկում է Ազրպէյճանին` ստիպելով նախայարձակ ճամարտակել Գիւլիստանի բերդի եւ հիւսիսային Արցախի, առհասարակ, Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային յուշարձանների «ազրպէյճանական պատկանելութեան» մասին: Պաքուի մատուցմամբ, ինչպէս, մասնաւորապէս, ազրպէյճանական օխու.ազ լրատուական կայքին օրերս տուած հարցազրոյցում պնդում է այդ երկրի խորհրրդարանի` Միլլի մեճլիսի պատգամաւոր, ազգային ակադեմիայի անդամ, Պատմութեան հիմնարկի տնօրէն Եաղուպ Մահմուտովը. «Հայերը կեղծարարներ են եւ ոչ մի կապ չունեն ներկայիս Հայաստանի եւ բռնազաւթուած հողերի հետ»: «Հայերը,- շարունակում է նա իր «պատմական յղումները»,- մեր հողերում վերաբնակեցուել են 19-րդ դարի սկզբին` 1828 թ. Թուրքմենչայի եւ 1829 թ. Ադրիանապոլիսի պայմանագրերի պայմանով»: Այնուհետեւ, կորցնելով պատմական հոլովոյթի զգացողութիւնը, վայ-պատմաբանը, որպէս ամենաթարմ վկայութիւն, նշում է. «Անջատողական ֆաշիստներ Սերժ Սարգսեանը եւ Ռոպերթ Քոչարեանը Ղարաբաղում հայերի վերաբնակեցման 150-ամեակի կապակցութեամբ 1978թ. յուշարձան են կանգնեցրել Աղտերում (նկատի ունի Մարտակերտը, խմբ.): Եթէ հասարակ թուաբանական գործողութիւն կատարենք, ապա կը ստացուի, որ դա տեղի է ունեցել 1828 թուականին: Նրանք հէնց իրենք են դա հաստատում: 1988 թուականին քանդել են այդ յուշարձանը: Ի՞նչ հիմքեր կարող են լինել` յայտարարելու համար, թէ Գիւլիստանի բերդը պատկանել է հայերին, եթէ նրանք մեր տարածաշրջանում վերաբնակեցուել են 1828 թուականին»:

Գիւլիստան գիւղը հայկական դիրքերից
Երեւի թէ նկատեցիք, ազրպէյճանցի ակադեմիկոսի համար ամենեւին էական չէ, որ իր նշած անձինք այդ ժամանակ` 1970-ականներին, ընդամէնը շարքային ուսանողներ էին եւ հազիւ թէ իրաւասու լինէին նման քայլի դիմել` յուշարձան տեղադրել այն ժամանակ ինքնավար մարզի որեւէ վայրում: Պնդելով, որ Գիւլիստանն Ազրպէյճանի պատմական հողն է, Ղարաբաղի խանութեան տարածքը, իր իսկ յայտնութիւնից ոգեւորուած Մահմուտովը փորձում է փայլել համաշխարհային ու տարածաշրջանային պատմութեան իր իմացութեամբ: «Լաւ կը լինէր,- ասում է նա,- եթէ նրանք` հայերը, իրենց կորցրածը որոնէին Պալքանեան թերակղզում: Նրանք ընդհանուր ոչինչ չունեն ազրպէյճանական հողերի հետ: Հարաւային Կովկասում հայկական պետութիւնն ի յայտ է եկել 1918թ. մայիսի 29-ին` մեր տուած Իրեւան քաղաքում եւ մերձակայ 9 հազար քառակուսի քիլոմեթր տարածքում»:
Նոյն երգն է երգում նաեւ լրատուակայքի մէկ այլ, այսպէս ասած, «հեղինակաւոր» զրուցակից` դարձեալ պատգամաւոր, պատմութեան պրոֆէսէօր Ֆազայիլ Իպրահիմլին: Նոյնպէս մեղադրելով հայերին սադրանքի ու կեղծարարութեան մէջ` նա ասում է. «Մենք ունենք մեր պատմութեան, մեր արդի դարաշրջանի, Երեւանը, Ղարաբաղը եւ Գիւլիստանի բերդը մեզ պատկանելու մասին բաւականին հետեւողական, պատմական եւ ճշմարտութեան վրայ հիմնուած ապացոյցներ: Հայերը ոչ մի բանի չեն կարող հասնել իրենց սադրանքով»:
Իսկ հայերի «սադրանքը», որի մասին ընթերցողներին տեղեկացնում է լրատուական կայքը, եւ որին վրդովմունքով շարունակ յղում են կատարում նրա «անուանի» զրուցակիցները, համացանցի Ուիքիփետիա կայքի մի անգլերէն հրապարակումն է, որի մէջ Գիւլիստանը ներկայացւում է որպէս հինաւուրց հայկական ամրոց Լեռնային Ղարաբաղի տարածքում, ընդ որում` նշւում է նաեւ, որ բերդն այդ հանդիսացել է տեղի հայկական իշխանութեան ղեկավար Մելիք-Բեգլարեանի նստավայրը: Զինուած գիտական այրերի «սպառիչ» պատասխաններով, լրատուակայքը, որպէս հաւարտ սփոփանք իր ընթերցողներին, շտապում է հանգստացնել նրանց` հաւաստելով, որ` «Գիւլիստանի բերդը գտնւում է Ազրպէյճանի Գեորանբոյի շրջանում ու թէկուզ մինչեւ մեր օրերը լրիւութեամբ չի պահպանուել, բայց մնում են որոշ աշտարակներ, եւ որ հետազօտողները նրա շինարարութիւնը վերագրում են Կովկասեան Ալպանիայի (Աղուանքի, խմբ.) գոյութեան շրջանին»:
Լրատուական կայքի այդ հրապարակման մեխը, ինչպէս տեսնում են, Կովկասեան Ալպանիայի կամ, այլ կերպ, Աղուանքի յիշատակումն է: Այն ահա տասնամեակներ շարունակ փրկարար օղակ է ծառայում Ազրպէյճանի գիտական ու քաղաքական մտքի համար` ազրպէյճանական ժողովրդին նոյնպէս աշխարհի հինաւուրց ու քաղաքակիրթ ժողովուրդների շարքը դասելու սին ու պատիր յոյսով: Թէկուզ ո՞ւմ չէ յայտնի, անգամ Պաքւում քաջատեղեակ են միջազգային գիտական շրջանառութեան մէջ հաստատուն տեղ բռնած այն անժխտելի ճշմարտութեանը, որ ներկայիս ազրպէյճանցիների, իսկ մէկ դար առաջ` կովկասեան թաթարների կամ պարզապէս մուսուլմանների (իրենք իսկ այդպէս էին անուանում իրենց մինչեւ անցեալ դարի 30-ական թուականների վերջերը), նախնիք ներկայիս Ռուսաստանի Ալթայի երկրամասից միջին դարերում Հարաւային Կովկաս եկած գարագոյունլի եւ ագգոյունլի կոչուող քոչուորներն են: Նրանց բերած միակ քաղաքակրթական արժէքը պարզունակ խաշնարածութիւնն էր, մարդկային կերպի գլխաւոր յատկանիշը` աւարառու աւազակութիւնը, ինչը քանի դար ի վեր անփոփոխ շարունակւում է` ի ցաւ տարածաշրջանի բնիկ ազգերի եւ ազգութիւնների: Բայց եթէ այն հեռաւոր ժամանակներում նրանց առաջնորդում էր հիմնականում որկորային մտածողութիւնը, ապա այսօր այլ է այդ աւարառուների կտրական պահանջը քաղաքակիրթ մարդկութեանը. «Տուէք մեզ արժանավայել պատմութիւն, այլապէս ինքներդ կը մնաք առանց պատմութեան»:
«Ամէն ինչ պղծուած է եւ աւերուած, այստեղով թուրքն է անցել»: Մեծն Վիքթոր Հիւկոյի «այստեղ»-ը, անշուշտ, վերաբերում է նաեւ Հարաւային Կովկասի ժողովուրդների քաղաքակրթական արժէքների ողջ գանձարանին, որի միջով գարագոյունլի եւ ագգոյունլի բարբարոս ցեղախմբերի մերօրեայ ոչ պակաս բարբարոս ժառանգներն են, դարձեալ ամէն ինչ ոտքի կոխան տալով, անցնում:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար