ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արցախի Հանրապետութեան
վաստակաւոր իրաւաբան
Ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութիւնն աւելի քան հարիւրամեայ պատմութիւն ունի` իր ակունքներով հասնելով մինչեւ 20-րդ դարասկիզբ, երբ 1905-06թթ. Գանձակի եւ Պաքուի նահանգներում բռնկուած հայ-թաթարական (մինչեւ 1936թ. ազրպէյճանցիներին անուանում էին «կովկասեան թաթարներ» կամ «կովկասեան թուրքեր») բախումները հազարաւոր մարդկանց կեանք են խլել: Սխալ կը լինէր այդ բախումներին կրօնական բնոյթ հաղորդելը. դրանք աւելի շուտ ցարական Ռուսաստանի` «Բաժանիր, որ տիրես» հին հռոմէական փորձուած մեթոտի իրագործումն էր ինքնակալութեան հպատակ ժողովուրդների նկատմամբ: Բացի այդ, ցարական իշխանութիւնները հայերին միշտ էլ դիտել են որպէս ազատական-յեղափոխական հակումներ ունեցող վտանգաւոր տարր: Այդ ողբերգական ընդհարումների ժամանակ հայերն անհամեմատ անպաշտպան էին, քանզի միւս կողմում` Կովկասի ամբողջ մահմետականութիւնն էր` զինուած եւ քաջալերուած ցարական իշխանութիւնների, ապա եւ օսմանեան Թուրքիայի կողմից: Բնական է, որ ահաւոր վտանգին դիմագրաւելու միակ միջոցն ինքնապաշտպանութիւնն էր, բայց դրա համար անհրաժեշտ էին կազմակերպող ուժ, դրամական միջոցներ, զէնք, զինամթերք, յանդուգն մարտական խմբեր: Եւ ինչպէս ցոյց են տուել դէպքերը, ընդհարումները ժամանակ առ ժամանակ շարունակուել են ընդհուպ մինչեւ Ազրպէյճանում եւ Հայաստանում խորհրդային իշխանութեան հաստատումը:
Պատմութիւնը, ինչպէս ընդունուած է ասել, պէտք չէ ընկալուի նեղ իմաստով: Դա աւելին է, քան` անցեալ գրականութիւնը, աւելին, քան` անցեալ տնտեսութիւնը: Դա մարդկային ինքնագիտակցութիւնն է, մարդկային ճիգը` հասկանալու համար ինքն իրեն` իր անցեալն ուսումնասիրելու միջոցով: Այդ շրջածիրում կը փորձեմ մտորումներս կիսել ընթերցողի հետ աւելի քան հարիւրամեայ պատմութիւն ունեցող մի լուսանկարի կապակցութեամբ, որում պատկերուած ձախակողմեան անձնաւորութիւնը մօրական պապս է: Քաջ իմանալով, որ մերձաւոր հարազատի մասին որեւէ բան գրելը գրեթէ հաւասարազօր է հեքիաթի կամ գովաբանութեան եւ վտանգաւոր երեւոյթ` պատմութեան համար, ուստի կ՛աշխատեմ հեռու մնալ գունագեղ խօսքերից` դէպքերն ու դէմքերը ներկայացնելով ինչպէս որ կան:
Լուսանկարի բնագրի ետնամասում զովազդային բնոյթի գրառումից նկատելի է, որ այն արուել է 1905թ., Պաքու քաղաքում, Տորգովայա (Առեւտրային, խմբ.) փողոցի (ներկայումս` Նիզամի փողոց) վրայ գտնուող լուսանկարչական արուեստանոցում, որը պատկանել է Վասիլ Բաբայեանին: Լուսանկարում պատկերուած է չորս տղամարդ` բոլորն էլ Շուշիի գաւառի Վարանդա գաւառակի Թաղավարդ գիւղի բնակիչներ: Նրանց հագուկապը, կեցուածքը, կրակոտ աչքերն ու հայեացքը եւ զինուածութիւնը վկայում են, որ հասարակ գիւղացիներ չեն, այլ ինչ-որ կարեւոր յանձնարարութիւն կատարողներ: Խօսքն այն մասին է, որ նրանք ՀՅԴ կուսակցութեան Շուշիի կառոյցի ցուցումով մեկնել էին Պաքու քաղաք` դրամական առումով ազգային տուրք պարտադրելու ծագումով ղարաբաղցի այն մեծահարուստ հայերին, որոնք անհիմն խուսափում էին այդ ազգանպաստ խնդրին իրենց մասնակցութիւնից: Անկասկած, խումբը` Բալասան Յովսէփեանի գլխաւորութեամբ, հասել էր իր նպատակին եւ, յաջողութեամբ խանդավառուած, յիշատակի համար լուսանկարուել: Պէտք է ենթադրել, որ հեռաւոր վայրից ուղարկուած խմբի` Պաքւում գործելու հանգամանքը` շրջապատի համար անճանաչելի լինելու եւ անվտանգութեան նկատառումներով, աւելի դիւրին է դարձրել առաջադրանքի կատարումը:
Ա. Աշխարհամարտի տարիներին Թուրքիան քաջալերել եւ զինել է իր հաւատակից եւ արիւնակից կովկասեան թաթարներին` քրիստոնեաների դէմ պատերազմ բորբոքելու եւ Պաքուի ու Գանձակի նահանգները փանթուրքիզմի կենտրոններ դարձնելու խնդրում, որտեղ հիմնական թիրախը հայ ժողովրդի արեւելեան հատուածն էր, որը հնարաւորինս միջոցներ է ձեռնարկել ինքնապաշտպանութեան դիմելու համար: Այդ գործում զէնքի եւ զինամթերքի ձեռքբերման աղբիւրներից մէկն էլ Կովկասում գտնուող ռուսական բանակն էր: Բալասան Յովսէփեանը, վաճառականի անուան ներքոյ, մի քանի անգամ եղել է ռուս-թուրքական ռազմաճակատում եւ զինուորականներից ձեռք բերած զէնքերը գնացքով` Կարս-Երեւան-Նախիջեւան-Եւլախ երկաթուղով, իսկ այնուհետեւ` ձիակառքով` Եւլախ-Շուշի խճուղով բարեյաջող տեղ հասցրել: Հերթական անգամ «բեռը» փոխադրելու ժամանակ (փետրուար 1918թ.), հասնելով Եւլախի երկաթուղային կայարան, նա նկատել է, որ ոստիկանութեան աշխատակիցները գնացքի վակոններից իջնող անձանց եւ նրանց բեռները մանրակրկիտ ստուգման են ենթարկում: Ի՞նչ անել, ինչպէ՞ս փրկել երկրամասի համար այնքան պահանջուած «բեռը»: Բալասանը դիմել է ռիսքի: Նա հագի շորերը փոխարինել է բեռնակրի արտահագուստով եւ փաթեթաւորուած փայտեայ արկղները ցած իջեցրել կառամատոյց: Երբ ոստիկանութեան աշխատակիցներն անմիջապէս մօտեցել եւ հարցրել են արկղների պարունակութեան մասին, նա սառնասրտօրէն պատասխանել է, որ ինքն ընդամէնը մի բեռնակիր է եւ մի պարոնի խնդրանքով Երեւան քաղաքի երկաթուղային կայարանում բեռը դրել է վակոնի մէջ, որն էլ խնդրել է, որ բեռը Եւլախի երկաթուղային կայարանի կառամատոյց իջեցնելու դէպքում` մէկ այլ պարոն կը մօտենայ եւ կը վերցնի այն: Հիմա ինքը սպասում է այդ պարոնին, եւ եթէ չյայտնուի, ապա բեռն ի պահ կը յանձնի կայարանի պահեստասենեակում: Ոստիկանութեան աշխատակիցները հաւատացել են նրան ու հեռացել:
Հայ ժողովրդի նկատմամբ իրագործած Ցեղասպանութեան պատճառով Հայկական Բարձրաւանդակի հիմնական մասը` Արեւմտեան Հայաստանը զրկուեց իր բնիկ տէրերից, արեւմտահայութեան ողջ մնացած բեկորներն աշխարհով մէկ ցիրուցան եղան: Սակայն թուրքերը դրանով չբաւարարուեցին` ձեռնամուխ լինելով «Մեծն Թուրան» ծրագիրը գործնական կեանքի կոչելուն, որին հասնելու համար պահը համարել են յարմար, քանզի պոլշեւիկեան Ռուսաստանը դուրս էր եկել պատերազմից` ցարական բանակը յետ կանչելով Արեւմտեան Հայաստանի գրաւած վայրերից: Նման պայմաններում թուրքերը ծրագրել էին հաշուեյարդար տեսնել Պաքուի, Գանձակի, Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Արարատեան դաշտի հայութեան հետ: Այդ հրէշաւոր ծրագրի իրագործումը թուրքերը սկսեցին արեւելքից, երբ կովկասեան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշան, շրջանցելով Արարատեան դաշտը, դուրս եկաւ Հայոց Արեւելից կողմանքի հարթավայրային գօտին, որտեղ գլխովին ոչնչացրեց Նուխու եւ Արէշի գաւառների 36 գիւղերի մօտ 49 հազար հայ բնակիչների:
Միջազգային խառնաշփոթ իրավիճակում Պաքուի Կոմունայի անկումը` Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ, դիւրացրել էր իսլամական բանակի եւ մուսաւաթականների մուտքը Պաքու (15.09.1918թ.), որտեղ էլ նրանք գազազած թաթար ամբոխի հետ 30 հազար հայերի կեանք խլեցին, որից յետոյ ուղղութիւն վերցրին դէպի հայաշատ Գանձակ եւ Ղարաբաղ: Անտարակոյս, թշնամու դէմն առնելու համար ուժերն անհաւասար էին, եւ արդէն 1918թ. սեպտեմբերի 26-ին տաճկական զօրքը մտաւ Ղարաբաղի սիրտը` Շուշի քաղաքը, որին առաջնորդում էր Ճաւիտ պէյը: Վերջինս ցրեց երկրամասի օրէնսդիր եւ գործադիր մարմինը` Ղարաբաղի Ազգային խորհուրդը եւ ձերբակալեց նրա բոլոր անդամներին ու քաղաքի առաջաւոր մտաւորականներին: Չնայած Շուշին ժամանակաւորապէս ենթարկուել է օտարին, բայց գաւառակների հայ բնակչութիւնն անկոտրում էր եւ պատրաստ` թշնամուն արժանի հակահարուած տալու:

Թաղավարդի Սուրբ Մեսրովբեան երկդասեայ երկսեռ դպրոցի շէնքը, որտեղ կազմաւորուել է զօրավար Դրոյի կողմից նշանակուած Ղարաբաղի ժամանակաւոր կառավարութիւնը եւ որտեղ հրաւիրուել են Ղարաբաղի հայութեան 9-րդ եւ 10-րդ համագումարները (շէնքը ներկայումս գիւղական ակումբ է)
Ճաւիտ պէյին ցուցում էր տրուած` հնազանդեցնել Ղարաբաղի հայութեանը եւ գաւառը փաստացիօրէն ու իրաւաբանօրէն կցել մուսաւաթական Ազրպէյճանին: Այդ նպատակով, 1918թ. հոկտեմբերի 17-ին, Շուշիից մի տաճկական զօրամաս է դուրս եկել` Վարանդա եւ Դիզակ գաւառակների հայութեանը ծնկի բերելու համար: Այնուհետեւ յաղթական զօրքը պէտք էր գրաւէր Հատրութ գիւղում տեղակայուած նախկին ցարական զօրանոցները եւ արշաւն աւարտէր Զանգեզուրի գրաւմամբ, դրանով իսկ վերացնելով թուրք եւ կովկասեան թաթար ժողովուրդների միջեւ խրուած հայկական սեպը:
Բայց նրանք մոռացել էին, որ ղարաբաղցին թուրքի առաջ երբեք չի փախչել եւ երբեւէ չի էլ փախչի: Մինչ օրս շարունակուող արցախեան գոյամարտը հէնց դա է ապացուցում, ինչը, անկասկած, իր յաղթական աւարտը կ՛ունենայ:
Վարանդայի եւ Դիզակի ինքնապաշտպանական ջոկատները, ժամանակին տեղեկացուած լինելով թուրքական զօրամասի շարժի եւ նպատակների մասին, կայացրին խիզախ որոշում` գլխովին ջախջախել թշնամու զօրամասը: Վերջինս հոկտեմբերի 17-ի գիշերը կանգ էր առել Վարանդայի Մսմնա գիւղում` յաջորդ օրն արշաւը շարունակելու համար: Վաղ առաւօտեան թշնամու զօրքը մտել է գիւղի մերձակայ ձորը` դոյզն իսկ չկասկածելով, որ ձորի մուտքն ու ելքը վերահսկւում են հայկական զինեալ ջոկատների կողմից, որոնց հետ էր նաեւ Բալասան Յովսէփեանը: Օրը մառախլապատ էր, եւ թեթեւ անձրեւ էր տեղում: Ազդարարուած հրացանազարկի պայմանական նշանից յետոյ ասպարէզը մնաց քաջերին: Թշնամին յանկարծակի եկաւ ու թէեւ կատաղի դիմադրութիւն էր ցոյց տալիս, բայց ի զօրու չէր կողմնորոշուել, թէ գնդակների տարափը որտեղից է գալիս: Սակայն տեղի տուեց` զգալով, որ յաղթանակը հայերի կողմն է: Կէսօրին թշնամին գլխովին ջախջախուել էր` ձորում ու նրա մերձակայքում թողնելով հարիւրաւոր դիակներ, վիրաւորներ, զէնք եւ զինամթերք ու ամբողջ գումակը: Այդ ճակատամարտում իրենց արժանի աւանդն են ունեցել Վարանդայի եւ Դիզակի գիւղական ջոկատների հրամանատարներ Արտեմ Պետրոսեանը, Ասլանիկ Մուրադեանը (1988թ. արցախեան շարժման առաջնորդ Իգոր Մուրատեանի պապը) եւ Դիզակի հեծեալ խմբի հրամանատար Թեւան Ստեփանեանը:
Սակայն պայքարը դրանով չաւարտուեց, քանզի Անգլիայի եւ Թուրքիայի ցնկնած մուսաւաթական Ազրպէյճանը չէր ուզում լսել անգամ, որ հայ ժողովրդի ղարաբաղեան հատուածի վերջնական նպատակը մայր հայրենիքի` Հայաստանի հետ միաւորուելն է:

Թաղավարդի այն տունը, որտեղ հանգրուանել է զօրավար Դրոն (տանը ներկայումս` բնակւում է Բալասան Յովսէփեանի թոռնուհին` Լարիսա Յովսէփեանը)
Բալասան Յովսէփեանը քաջածանօթ էր հռչակաւոր զօրավար Դրաստամատ Կանայեանին (Դրօ): Դա տեղի է ունեցել հետեւեալ պայմաններում. Շուշիի հայկական թաղամասերը, ինչպէս գիտենք, կովկասեան թաթարների ու քրտերի միացեալ ուժերը 1920թ. մարտի 23-ին հրոյ ճարակ էին դարձրել: Հանդուրժելը հաւասարազօր էր Ղարաբաղի կործանմանը, ուստի Հայաստանի Հանրապետութիւնը քայլեր էր ձեռնարկում` երկրամասին գործնական օգնութիւն ցոյց տալու համար: Այդ նպատակով զօրավար Դրոյի զօրաջոկատն ապրիլի կէսերին մտել է Վարանդայի գաւառակ, իսկ մի քանի օրից յետոյ Նժդեհը` Դիզակի գաւառակ: Ապրիլի 17-ին Դրոն ժամանել է Վարանդայի Թաղավարդ գիւղ, որի մատոյցներում նրան դիմաւորողներից մէկն էլ Բալասան Յովսէփեանն էր: Զօրավարը մի քանի օր հանգրուանել է Բալասան Յովսէփեանի տանը: Ըստ Բ. Յովսէփեանի` հարազատներին պատմած զրոյցների, Դրոն միջահասակ, պեխ ու մօրուսով, գեղեցիկ եւ ամուր կազմուածքով մի տղամարդ էր եւ բոլորին յորդորում էր, որ թշնամուն յաղթելու միակ միջոցը` միակամութիւնն ու համերաշխութիւնը պէտք է լինի: Ակամայից յիշում ես Դրոյի` 26.04.1920թ. Ղարաբաղի հայ ազգաբնակչութեանն ուղղուած կոչի հետեւեալ խօսքերը. «Ես եկել եմ այն համոզումով եւ հաստատ որոշումով, որ յենուած ձեր վճռակամութեան վրայ եւ միացած ձեր քաջարի զինուորներին` պէտք է յաղթենք թշնամուն: Ես վճռել եմ մնալ ձեր մէջ, կռուել ձեզ հետ եւ ազատութիւնն ու յաղթանակը տօնել այստեղ»: Դրոյի` Թաղավարդում գտնուելու բախտորոշ օրերին դէպքերը յաջորդել են մէկը միւսին: Գիւղում ապրիլի 18-ին տեղի է ունեցել հաւաք, որն էլ հաստատել է Դրոյի կողմից նշանակուած Ղարաբաղի կառավարութեան անդամների կազմը: Կառավարութեան որոշմամբ Հայաստանի Հանրապետութեան օրէնքները եւ յանձնարարականները գործողութեան մէջ դրուեցին Ղարաբաղում, շրջանառութեան մէջ առնուեց ՀՀ դրամը, ընդունուեց ՀՀ զինանշանը: Կառավարութիւնը, որը որպէս ժամանակաւոր նստավայր ընտրել էր Թաղավարդ գիւղը, ապրիլի 23-ին հրաւիրեց Ղարաբաղի հայութեան 9-րդ համագումարը, որտեղ հռչակուեց «Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետութեանը` որպէս նրա անբաժան մաս»: Դրոյի` «Ով տիրում է Շուշիին` նա էլ տիրում է Ղարաբաղին» իմաստուն խօսքերը կեանքի կոչելու համար նրա ղեկավարած զինուած ջոկատներն արդէն հասել էին Շուշիի մատոյցները, սակայն քաղաքի ազատագրումը յետաձգուեց աւելի քան 70 տարով, որովհետեւ քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխութեան պատ ճառով, այդ օրերին ռուսական պոլշեւիկեան 11-րդ Կարմիր բանակը մտել էր Ազրպէյճան, իսկ մայիսի կէսերին` Ղարաբաղ: Դրուած էր Ղարաբաղի խորհրդայնացման հարցը, որի կապակցութեամբ ռուսական բանակի հրամանատարութիւնը վերջնագիր ներկայացրեց Դրոյին: Վերջինս, մտածելով, որ ռուսական բանակի հետ կռուելն անիմաստ է, եւ որ մայիսի 26-ին Թաղավարդ գիւղում հրաւիրուած Ղարաբաղի հայութեան 10-րդ համագումարը երկրամասը յայտարարել է խորհրդային, ուստի իշխանութիւնը յանձնեց Ղարաբաղի հայ պոլշեւիկներին, ինչպէս նաեւ բաւարար քանակութեամբ զէնք ու զինամթերք` ղարաբաղցիներին եւ իր զօրամասով տեղափոխուեց Զանգեզուր:
Լեռնային Ղարաբաղի խորհրդայնացման հէնց առաջին օրերին պոլշեւիկները քաղաքական հետապնդումներ եւ ձերբակալութիւններ սկսեցին ազատութեան համար պայքարի ելած հայ ազատամարտիկների եւ մտաւորականների նկատմամբ: Բռնկուած հակապոլշեւիկեան ապստամբութիւնը ղեկավարել է Մսմնայի ճակատամարտի հերոսներից մէկը` Թեւան Ստեփանեանը, որին Դրոն Դիզակ գաւառակի հրամանատար էր կարգել: Նրան յաջողուեց երկրամասի հիմնական մասում վերացնել խորհրդային իշխանութիւնը, վերականգնել հին կարգերը եւ վերստին Արցախը համարել որպէս ՀՀ անբաժան մաս:
Թեւան Ստեփանեանի արծուաբոյնը` Դիզակ գաւառակի նրա հայրենի Տումի գիւղի թիկունքում վեր խոյացած Դիզափայտ լեռն էր: Ռուսական զօրքերին հրամայուած էր գրաւել Թեւան Ստեփանեանի անառիկ ամրոցը: Վարանդա գաւառակի Սարգսաշէն, Զարդանաշէն եւ Թաղավարդ գիւղերի միջեւ «Գեոկու» անունով մի բարձր սարահարթ կայ, որի վրայ մինչեւ այսօր էլ նշմարելի են մի հին գիւղատեղի աւերակները: Հէնց այդ վայրում, 1921թ. ապրիլի կէսերին, Թեւան Ստեփանեանի գլխաւորած ջոկատները, որոնց հետ էին նաեւ լուսանկարում պատկերուած չորս անձինք, ընդհարուեցին ռուսական զօրքերի հետ: Ռուսները կոտրեցին հայերի դիմադրութիւնը: Կռւում Բալասան Յովսէփեանը ծանր վիրաւորուեց` զէնքերը յանձնելով իր զինակից եւ արիւնակից Արսէն Յովսէփեանին (վերջինս «դաշնակ» պիտակի տակ, իր բազմանդամ ընտանիքով, 1949թ. աքսորուել է Սիպիր` Ալթայի երկրամաս): Գնդակն էականօրէն վնասել էր նրա մարսողական համակարգը, եւ պոլշեւիկների կողմից բռնուելու վախից ծպտեալ վիճակում գտնուող վիրաւորին ցոյց տրուած հեքիմական բուժումները բաւարար արդիւնքներ չտուեցին եւ 1925թ. կնքեց իր մահկանացուն: Ցաւօք, լուսանկարում պատկերուած միւս երեք անձանց հետագայ ճակատագրի վերաբերեալ աւելին ասել չենք կարող` նրանց հարազատներից եւ ազգականներից կենդանի չլինելու կամ հեռաւոր այլ վայրերում բնակուելու պատճառով:
ՀՅԴ կուսակցութեան անդամ Բալասան Յովսէփեանը 1904թ. ամուսնացել է Սոֆիա Մելիք-Շահնազարեանի (Շահնազարեան մելիքական յայտնի տոհմից) հետ: Կողակցի հետ յուղարկաւորուած է Թաղավարդ գիւղի գերեզմանատանը: Համատեղ կեանքում ունեցել են երեք զաւակ` Վարդիկը, Շուշիկը (տողերիս հեղինակի մայրը) եւ Բագրատը: Դուստրերի զաւակներից երեքը դեռ կենդանի են: Նոյն տեղում են ամփոփուած նաեւ դուստրերի աճիւնները: Հանգստութիւն` բոլորի ոսկորներին, խունկ ու մոմ` շիրիմներին:
Դառը ճշմարտութիւն է` խորհրդային իշխանութիւնները ոչ միայն հալածանքի են ենթարկել երկրամասի ազատութեան համար մարտնչած անձանց, այլեւ` խէթ աչքով նայել նրանց զաւակներին ու միւս հարազատներին: Այդ է վկայում, որ երբ Բ. Յովսէփեանի աւագ դստերը` Վարդիկին, որպէս առաջաւոր աշխատաւորուհու, պէտք էր ներկայացնէին պետական պարգեւի` չարակամ մարդիկ դէմ դուրս եկան` պատճառաբանելով նրա հօր դաշնակցական լինելու հանգամանքը:
Մեր նախնիները մեզ աւանդել են` հող հայրենին երբեք չյանձնել օտարին եւ չթողնել նրա ձեռքում. հայրենիքի զոհասեղանին կեանքը դնելուց եւ լաւ անուն վաստակելուց զատ` չկայ աւելի վեհ գործ, դաւաճանութիւն է հայրենիքը թշնամուն յանձնելը եւ, պանդխտութեան ցուպը վերցնելով, այլ երկրներում լաւագոյն կեանքի որոնումներով ապաստան փնտռելը: Արցախեան գոյամարտում ներկայ սերունդն ապացուցել է (եւ ապացուցում է) իր հաւատարմութիւնը նախնեաց պատգամներին: Առաջին կարեւոր քայլը կատարուած է: Համայն հայութեան ջանքերով ազատագրուած Արցախը այսուհետեւ պատկանում է հայ ժողովրդին` Հայաստան, Արցախ եւ սփիւռք: Իսկ որպէսզի հաստատուն եւ մշտական տեղ ունենանք հայրենի արեւի ներքոյ, դեռ շատ շղթայուած Արցախներ պէտք է ազատագրենք եւ ազգովի տէր կանգնենք մեր պատմական եւ հոգեւոր հայրենիքին: Ի հարկէ, դա շատ դժուարին ու երկարատեւ, բայց եւ բնական ու իրական գործընթաց է, որի համար արժանաւոյնս պէտք է պայքարեն նոյնիսկ մի քանի սերունդներ: Այդ դէպքում, անկասկած, կ՛ունենանք մեր երազած Հայրենիքը:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար