Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Շատ Մեծ Է Մամուլի Դերը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Անշուշտ շատ մեծ է մամուլի դերը հայ ինքնութեան, մշակոյթի, լեզուի պահպանման գործում: Մամուլը հզօրագոյն զէնք է, որի ճիշդ, խելացի, տեղին աշխատանքը կարող է հսկայական դեր խաղալ վերոնշեալ թեմաների հարցում:

Իմ դիտարկումն այս առումով տխուր է, քանզի թԷ՛ հայաստանեան, թԷ՛ սփիւռքեան մամուլն այս հարցում ներկայումս նահանջ է ապրում. չկայ անհրաժեշտ զգօնութիւնը, նօսրացել են պայքարողների շարքերը: Բնականաբար` անհրաժեշտաբար, մամուլն աւելի մեծ տեղ է տալիս քաղաքական թեմաներին, ցնցող նիւթերին եւ, ցաւօք, յաճախ այն նմանւում է հետաքրքրասէր, բամբասող կնոջ… մինչդեռ այս դաշտը, այս մեծ ուժը, այս զէնքը պէտք է լաւագոյնս օգտագործել հայ ինքնութեան, մշակոյթի, լեզուի պահպանմանն ուղղուած նիւթերի հրապարակման համար: Այն, ինչ չեն կարող անել տասնեակ համալսարաններ, համաժողովներ, քննարկումներ, գրքեր, դա կարող է անել մամուլը, մամուլի ճիշդ օգտագործումը:

Առաջարկս այն է, որ մեր տպագիր մամուլը` թերթերը, հանդէսները, գրքերն աւելի շատ իրենցում ներառեն ազգային ոգի. դա մեզ համար պահպանման ու պաշտպանութեան հզօր վահան է, ինչո՞ւ չէ, նաեւ` առաջընթաց… Չմոռանանք, թէ ինչերի՜ միջով է անցել հայ ժողովուրդը եւ այսօր ի՛նչ մարտահրաւէրների առջեւ է կանգնած:

Ես կարծում եմ, որ նահանջ են ապրում մշակոյթը, լեզուն, առաւել եւս սփիւռքի մի շարք հատուածներում, ինչպէս օրինակ` Ռուսաստանի Դաշնութիւնում, Միացեալ Նահանգներում, Եւրոպայում, եւ դրա պատճառներից մէկը մամուլի դաշտի թուլացումն է:

Հարկաւոր է մամուլն առաւել նպատակաուղղուած դարձնել, իսկ մեր` հայութեան գերագոյն նպատակը պէտք է լինի մեր ինքնութեան պահպանումն օտար ափերում, լեզուի եւ մշակոյթի պահպանումը ինչպէս հայրենիքում, այնպէս էլ` հայրենիքից դուրս:

Մամուլը պէտք է հզօրանայ, կատարի առաջնորդի, փարոսի դեր: Մամուլը պէտք է համընթաց քայլի ժամանակի հետ, մամուլն ի՛նքը պէտք է մաքուր պահի իր լեզուն, մամուլը պէտք է թելադրի նաեւ ու սոսկ կատարողի դերում չլինի:

Մամուլն այսօր ինչ-որ տեղ դարձել է ինքնանպատակ, ասես` ննջած, հանգած մի հրաբուխ. ժամանակն է, որ այն դուրս ժայթքի եւ ոչ թէ ծառայի ամէն մի իշխողի, այլ լինի ազատ, անկախ, անաչառ, համարձակ, բայց ոչ` գռեհիկ, աննահանջ, բայց ոչ` անիմաստ նախայարձակ, կրթող ու սովորեցնող, ուղղորդող, բայց ոչ` ապակողմնորոշող: Մամուլը պէտք է բարձրանայ եւ բարձրացնի:

Այսքանը, յարգելի՛ գործընկերներ. պատրաստ եմ իմ մասնակցութիւնն ունենալ մամուլի հետ կապուած իւրաքանչիւր հարցի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացում:

Շնորհակալութիւ՛ն, բարի եւ արգասաբեր ընթացք:  Շնորհակալութիւն նաեւ Շաքէ Մանկասարեանին` այս նախաձեռնութեանը համար, որպէսզի տեսակէտս յղեմ:

—-

Կարինէ Աւագեան, ՀՀ, Երեւան, բանաստեղծուհի, լրագրող-խմբագիր, հրապարակախօս /աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ճիւղի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը / karine.av@mail.ru

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles