Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Յովսէփ Նալպանտեանի 22-րդ Հատորը` «Յուշարձան Մայրերուն»

$
0
0

ՄԱՐԻԱՄ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

Դարձեալ, հայրենի եզերքի ու իր պապերի արեան կանչով, Հայաստանում է հալէպահայ, ամերիկաբնակ գրող, գրականագէտ-մատենագէտ, թարգմանիչ, հրապարակագիր-խմբագիր, բարերար, Հայաստանի եւ Արցախի գրողների միութիւնների անդամ, ազգային-հասարակական գործիչ Յովսէփ Նալպանտեանը:

Այս թուարկումները, պատկերացրէք, բացարձակ իրականութիւն են: Եւ, ի հարկէ, ազգանուէր գործ անելու համար կարեւոր չէ, թէ մարդը որտեղ է ապրում:

Ապրել Ամերիկայում եւ լինել ու մնալ այդքան հայ, երեւի քչերին է յաջողւում: Յովսէփի իւրաքանչիւր այցելութիւն մայր երկիր վերածւում է հայ գրքի եւ գրատպութեան մի իւրօրինակ տօնի: Իւրաքանչիւր այցելութիւնից յետոյ երեւի շատերն են հարց տալիս իրենք իրենց` իսկ դու ի՞նչ ես արել հայ գրքի, մայրենի լեզուի տարածման գործում:

Նա, որ իր անձը նուիրել է մեր լեզուի եւ գրականութեան տարածմանը, արդէն գիտեն եւ համոզուել են շա՜տ շատերը: Եթէ Ամերիկայում անվերջ գրում է եւ աշխատում, պեղում ու հաւաքում վաղուց մոռցուած կամ չմոռցուած հեղինակների գործեր, ողջ էութեամբ, կարծես ի վերուստ յանձնարարութիւն ստացած, անցնում է հերթական ու հերթական նոր գրքի ստեղծման սուրբ գործին:

Վերջերս անծանօթներից մէկը, առաջին անգամ համացանցի միջոցով ծանօթանալով նրա գրական գործունէութեանը, կարդում է, որ միայն 19 տարուայ ընթացքում Յ. Նալպանտեանը գրել, խմբագրել, կազմել եւ հրատարակել է 22 գիրք (7581 էջ): Վերջինս, հաստատ համոզուած լինելով, որ համակարգչային սխալ է, այնուամենայնիւ, հարցնում է պրն. Նալպանտեանին.

– Երեւի 2 պէտք էր գրէիք, սխալմամբ 22 էք գրել, այնպէս չէ՞:

Բայց երբ լսում է ճիշդ պատասխանը, չի կարողանում թաքցնել իր զարմանքը: Դէ՛, զարմանում է անծանօթը, իսկ ծանօթները այլեւս չեն զարմանում:

Գուցէ շատերին անհաւանական թուայ ասածս, բայց Յ. Նալպանտեանը հայ գիրն ու գրականութիւնը տարածելու համար ներդրել եւ ներդնում է իր ողջ կարողութիւնը:

Նրան ճանաչողները գիտեն, որ դատարկաձեռն երբեք չի գալիս Հայաստան: Այս անգամ Յովսէփ Նալպանտեանի նուէրը մեր  հանրութեանը  «Յուշարձան  մայրերուն» գիրքն է (Երեւան, ապրիլ 2019, 350 հեղինակ, 543 էջ): Գիրք, որը մի իւրօրինակ ձօն է բոլոր մայրերին: Ի դէպ, երջանիկ զուգադիպութեամբ, այս օրերին հեղինակի մայրը` Անայիս Պարսումեան-Նալպանտեանը նշում է իր ծննդեան 90 ամեակը: Այս գիրքը, ըստ հեղինակի մատենաշարի, 42-րդն է: «Յուշարձան մայրերուն»-ը, ի դէմս Անայիս մայրիկի, բոլոր հայ մայրերի մասին է, ձօն է ու մայրերգութիւն…

Եւ պարզւում է` պատահական չէ, որ Յովսէփն այդքան նուիրուած է հայ գրականութեանն ու հայ գրքի տպագրութեանը, լեզուի պաշտամունքին: Այդ սէրը նրան անցել է մօրից, մի կնոջից, որն, ապրելով Հայաստանից հեռու` օտար ափերում, իր զաւակներին սեփական արեան կանչով ու մայրական դաստիարակութեամբ հայ է պահել, հայ դաստիարակել ու ներշնչել սէր` հայ գիր ու գրականութեան հանդէպ: Հայրը նոյնպէս կեանքի 49 տարին Հալէպում նուիրուել է տպագրական գործին, նաեւ ազգային գործիչ է եղել: Իսկ մայրը` տիկին Անայիսը, ողջ կեանքում զբաղուել է հայապահպանութեան ազգանուէր գործով: Նրա ջանքերով բազմաթիւ որբեր անվճար կրթութիւն են ստացել հայկական դպրոցում, կրթուել ու դաստիարակուել հայի ոգով: Այսօր էլ Յ. Նալպանտեանի ականջին շարունակ հնչում է մօր խօսքը, որը նա մանկութեան օրերին է լսել. «Այսօր ալ կրցանք քանի մը երեխայ փրկել, մեր դպրոցը պիտի յաճախեն անվճար»: Պարզ է դառնում, որ ոչ մի պատահական բան չի լինում կեանքում: Այն, ինչ անում է Յովսէփը, այդ ամէնի ծիլերը ջրել ու արեւին են տուել նրա ծնողները: Մօր սրտի խօսքը, ծնողների փափաքն է այսօր իրագործում Յ. Նալպանտեանը:

Գրքի մեծ մասը չափածոյ ստեղծագործութիւններ են, իսկ միւս մասը` արձակ:

Արձակ ստեղծագործութիւնների բաժնում զետեղուած է նաեւ հեղինակի արձակ խօսքը Անայիս մայրիկի մասին եւ վերնագրուած է հէնց մօր խօսքով` «Վնաս չունի, տղա՛ս»: Վերնագիրն արդէն ամէն բան ասում է ու խօսում մօր եւ նրա տուած դաստիարակութեան մասին: Ստեղծագործութեան շարունակութիւնն կարդալիս պարզ է դառնում, որ ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, սէրը հայերէնի հանդէպ` մօր կաթի հետ է անցել Յովսէփ Նալպանտեանին…

Միայն վերջին այցելութեան ժամանակ,  ընդամէնը 20 օրուայ ընթացքում, մայր Հայաստանում եւ Արցախում անցել է աւելի քան 1300 քիլոմեթր տարածք, այցելել եւ ելոյթներ է ունեցել 7 դպրոցներում եւ չորս տարբեր համալսարաններում: Հասել է Արցախի սահմանամերձ Մատաղիս գիւղ, այցելել գիւղի զոհուած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել նրանց, զրուցել հայ մամիկների հետ եւ իր որդիական ջերմութիւնը փոխանցել բոլորին:

Հասել է մինչեւ Ահնիձոր, եղել է Հրանդ Մաթէոսեանի տանը եւ նրա անունը կրող դպրոցում: Եղել է Վանաձորում, ապրել է Լեռնապատ գիւղում եւ Գիւմրիում:

Հանդիպել է քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Երեք հեռուստաելոյթ եւ երկու ռատիոելոյթ է ունեցել (Ստեփանակերտում եւ Երեւանում): Իր նոր հատորի համար կազմակերպել է երեք շնորհահանդէս, մասնակցել է իր մատենաշարով հրատարակուած երեք այլ գրքերի շնորհահանդէսներին: Շուրջ երեք հարիւր գիրք է նուիրել իր տարբեր հատորներից:

Ահա այսպիսին է օտար ափերում ծնուած, օտար ափերում բնակուող, բայց ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ համար ապրող իւրայատուկ ՀԱՅԸ:

Երեւան, 15 մայիս 2019

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>