Image may be NSFW.
Clik here to view.
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ
«Ժողովրդավարութիւն» ասելիս յաճախ հասկանում ենք եւրոպական քաղաքակրթութեան ժամանակակից կառավարման համակարգը, սակայն ներկայիս աշխարհը ցոյց է տալիս ժողովրդավարութեան տարբեր դրսեւորումներ, որոնք ունենալով պետական եւ քաղաքական կառավարման տարբեր մոտելներ` գտնւում են եւրոպական ժողովրդավարական մոտելից դուրս:
Որպէս ժողովրդավարութեան ակունք` առաջին հերթին յիշում ենք հին յունական ժողովրդավարութիւնը: Բազմաթիւ հետազօտողներ համարում են Աթէնքի ժողովրդավարութիւնը ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեան նախահայրը: Բայց եթէ ժողովրդավարութեան հիմնաքար համարենք քաղաքացիների կողմից ընտրական մեքանիզմով կառավարող վերնախաւի ընտրութիւնը, ապա պէտք է արձանագրենք, որ հին յունական ժողովրդավարութիւնը սահմանափակում էր մարդկանց ընտրելու իրաւունքը:
Ընտրելու եւ ընտրուելու իրաւունքից զրկուած էին կանայք, ստրուկները, ինչպէս նաեւ` նախկինում ստրուկ եղած մարդիկ: Ընդհանուր առմամբ, փաստացի, բնակչութեան մեծամասնութիւնը զրկուած էր ընտրութեան իրաւունքից, եւ ժողովրդավարութեան պտուղներից օգտւում էր միայն իւրաքանչիւր վեցերորդը: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ պետութեան բնակչութեան մեծ մասը ենթարկւում էր փոքրամասնութեան կողմից ընտրուած կառավարման համակարգի ներկայացուցիչներին: Այսինքն Աթէնքի ժողովրդավարութիւնը փոքրամասնութեան ժողովրդավարութիւն էր, որին ենթարկւում էր բնակչութեան մեծամասնութիւնը:
Թէեւ «ժողովրդավարութիւն» եզրոյթը քիչ է կիրառւում հետագայում պատմութեանը յայտնի պետութիւնների նկատմամբ, այնուամենայնիւ ընտրութեան որոշակի մեքանիզմներ առկայ էին տարբեր երկրներում եւ տարբեր դարաշրջաններում: Մարդկութեան պատմութեան ամենաերկարակեաց ու հզօրագոյն կայսրութիւններից մէկի` Բիւզանդիոնի կայսրի պաշտօնը նոյնպէս ընտրովի էր: Այս համակարգը իր հերթին որոշակի փոփոխութիւններով ժառանգուել էր Հռոմէական կայսրութիւնից: Կայսրի ընտրութեան կամ նշանակման համար գործում էին տարբեր եղանակներ, այդ թւում` բանակի, դիւանակալութեան եւ ժողովրդի հրապարակային աջակցութեան հաստատման միջոցով: Յատկապէս ուժեղ էր զինուորականութեան կշիռը: Այստեղ նոյնպէս պէտք է արձանագրենք, որ թէեւ այս կամ այն կերպով առկայ էր մեծ զանգուածի աջակցութեան հարցը, այնուամենայնիւ, թէ՛ ընտրողների թիւն էր սահմանափակ, թէ՛, ի հարկէ, հնարաւոր թեկնածուների թիւը: Այսպիսով, երկրի ղեկավարի նշանակումը ունենալով ընտրութեան տարրեր` նոյնպէս հանդիսանում էր փոքրամասնութեան ընտրութիւն` առկայ վերնախաւի կազմից:
Պետական կառավարիչների ընտրութեան հարցում որակական փոփոխութիւններ տեղի ունեցան վերջին դարերում, երբ հիմք դրուեց ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեանը: Դրամատիրութիւն զարգացումը, արդիւնաբերական յեղափոխութիւնը, մարդկանց ինքնագիտակցութեան աճը եւ քաղքենիական խաւի ձեւաւորումը անհնարին դարձրեցին նախկին «վերնախաւ» զանգուածի կողմից երկրի ղեկավարման մենաշնորհի պահպանումը: Անգլիայում, Հոլանտայում, Իտալիայում, Ֆրանսայում եւ եւրոպական այլ երկրներում բնակչութեան լայն զանգուածերը իրենց բողոքը արտայայտեցին աւատապետական կարգերի դէմ` յայտ ներկայացնելով մասնակցելու երկրի կառավարմանը: Իշխող վերնախաւի նահանջը եւ յեղափոխութիւնների յաղթանակը օրակարգային դարձրեցին լայն զանգուածների մասնակցութեան հարցը:
Նախկինում այս կամ այն կերպ պետականութիւն եւ վերնախաւ ունեցող պետութիւններում արդէն առկայ էր վերնախաւ, որը բաւարարում էր որոշակի չափանիշների: Եւ ժողովրդավարութեան յաղթանակը, եւ առաջընթացի ձգտումը թելադրում էին գոյութիւն ունեցող նշաձողի բաւարարումը կամ նոյնիսկ` գերազանցումը: Այսինքն հասարակութիւնն այսուհետ ստացաւ իրաւունք` ընտրել կառավարիչ վերնախաւին եւ այդ ընտրութիւնը պէտք չէր զիջեր այն չափանիշներին, որոնք առկայ էին հասարակութիւնում:
Այսպիսով, տարբեր վերնախաւերի` կրթական, մշակութային, գիտական, ֆինանսական եւ այլն, առկայութեան պայմաններում հասարակութիւնը ստացաւ իրաւունք` ընտրել նաեւ կառավարիչների վերնախաւ: Իսկ հետագայում գաղափարախօսութիւնների զարգացումը` ազատական, ընկերվարական եւ այլն, ձեւաւորեցին նման ընտրութեան համար անհրաժեշտ գաղափարական հիմքեր: Որոշակի փոփոխութիւններով ժամանակակից եւրոպական ժողովրդավարութիւնը շարունակում է գործել նոյն տրամաբանութեան մէջ` քաղաքական համակարգի ներսում են գաղափարական մի քանի վերնախաւային բուրգեր, որոնք գործում են ընդհանուր մեծ պետական կառավարման բուրգի մէջ:
Սակայն ժամանակակից աշխարհը չի սահմանափակւում ժողովրդավարութեան եւրոպական մոտելով: Ժողովրդավարութիւնների առանձնայատկութիւններ կարելի է տեսնել Չինաստանում, Վիեթնամում եւ այլ պետութիւններում (յիշենք նաեւ նախկին ԽՍՀՄ-ը), որտեղ ընտրութիւնը կատարւում է ոչ թէ տարբեր գաղափարական բուրգերի միջեւ, այլ` միեւնոյն գաղափարական բուրգի մէջ: Չէ՞ որ այդ պետութիւններում նոյնպէս գործում են ընտրական մեքանիզմներ, եւ թէ՛ կուսակցական, թէ՛ պետական վերնախաւը ձեւաւորւում է որոշակի համակարգի մէջ գործող ընտրական մեքանիզմների միջոցով:
Մի փոքր այլ է ժողովրդավարութեան մոտելը Իրանում: Այստեղ նոյնպէս առկայ է յստակ գաղափարախօսական բուրգ, իսկ ընտրութիւնները կատարւում են որոշակի արժէքային եւ գաղափարական համակարգի ներսում` մասնակցութեամբ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների:
Եւ ժողովրդավարութեան բոլորովին այլ մոտել գործում է Միացեալ Նահանգներում, որտեղ քաղաքական համակարգը երկբեւեռ է, ասել է թէ` ընտրութիւնը կատարւում է երկու վերնախաւի միջեւ:
Բոլոր վերը նշուած կառավարման բուրգերում ժողովրդավարութիւնը բնորոշւում է ընտրութեամբ` որոշակի վերնախաւի կամ վերնախաւերի մէջ: Թէեւ ընտրող քաղաքացիների շրջանակը կարող է սահմանափակուած չլինել, ինչպէս Հին աշխարհում, բայց ընտրուողների շրջանակը նեղ է:
Բայց այսօր աշխարհում ունենք ժողովրդավարութեան օրինակներ այնպիսի երկրներում, որտեղ յստակ ընդգծուած վերնախաւ չկայ: Իսկ վերնախաւ ասելով` այստեղ մենք հասկանում ենք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում որոշակի չափանիշներին բաւարարող եւ հանրութեան կողմից ընդունելի որոշակի դիրքի հասած անձանցից ձեւաւորուած կայուն եւ յստակ արժէքային համակարգի կրող շերտերին: Ինչպիսի՞ն է ընտրութիւնը այդ հասարակութիւններում, որտեղ չկայ արդէն քննարկուած մոտելի վերնախաւը, չկայ բարոյական բարձր չափանիշներով օժտուած եւ հեղինակութիւն հանդիսացող մտաւորականութիւնը, ոչ նիւթական արժէքներ ստեղծող կրթուած կայուն զանգուածը, արհեստագիտական մտքի շնորհիւ առաջընթաց ապահովող գիտական ներուժը կամ կառավարման ու հասարակական կեանքի կազմակերպման հարցում փորձառութիւն ու հմտութիւններ ունեցող քաղաքական վերնախաւը: Նման հասարակութիւններում փոքրամասնութեան ժողովրդավարութիւնը փաստօրէն փոխարինւում է մեծամասնութեան ժողովրդավարութեամբ: Սակայն լայն ընդգրկուածութեան պատճառով ժողովրդավարութեան թուացեալ բարձր մակարդակի պայմաններում գրանցուող արդիւնքները զիջում են փոքրամասնութեան ժողովրդավարութեան հասարակութիւններին:
Եւ կարեւոր հարցը, որի պատասխանը պէտք է փորձել ստանալ, հետեւեալն է. արդեօ՞ք կարող է լինել արդիւնաւէտ ժողովրդավարութիւն` առանց վերնախաւերի հասարակութիւններում: Երբ փորձ է արւում գնահատական տալ այս կամ այն երկրի կառավարման համակարգին, հարկաւոր է հասկանալ, թէ ի՛նչ ձեւափոխումների կ՛ենթարկուի տուեալ պետութիւնը այլ ընտրական ժողովրդավարութիւն ունենալու դէպքում: Եւ տալու՞ է այն աւելի լաւ արդիւնք տուեալ տարածքի բնակչութեան համար: Հետեւանքները, յատկապէս` միաբուրգ գաղափարական համակարգ ունեցող պետութիւնների համար, այն է`լ մեծաթիւ ազգաբնակչութեան պայմաններում, կարող են լինել ծանր ու անկանխատեսելի: Եթէ համեմատում ենք քաղաքական տարբեր կառուցուածք ունեցող, սակայն բուրգաձեւ վերնախաւով հասարակութեան ընտրութեան համակարգը` առանց նմանատիպ վերնախաւային կառուցուածքի պետութիւնների հետ, ապա կարող ենք հետեւութիւն անել, որ վերջիններս չեն մտնում աշխարհի զարգացած կամ արագ զարգացող պետութիւնների շարքի մէջ: Առանց վերնախաւի հասարակութիւնների կողմից կառուցած բացարձակ ուղղակի ժողովրդավարութեան պետութիւնների ընկերային ու տնտեսական վիճակը իր կայունութեամբ եւ կանխատեսելիութեամբ զիջում է «վերնախաւային» ժողովրդավարութեան երկրներին:
Հետեւաբար, եթէ փորձենք տալ պատասխան այն հարցին, թէ կարո՞ղ է լինել ժողովրդավարութիւն` առանց վերնախաւի հասարակութիւնում, ապա, այո՛, կարող է: Իսկ արդեօ՞ք նման հասարակութիւնն աւելի յառաջադէմ պետութիւն է կառուցում, քան` յաւելեալ զտիչ համակարգերի միջոցով վերնախաւ ունեցող հասարակութիւնները, ապա պատասխանն է` ո՛չ: Այդ պետութիւններն իրենց ընտրական համակարգով մշտապէս ձեւաւորում են ամբողջատիրական համակարգ, որտեղ կայ ժողովրդի կողմից ընտրուած ղեկավար կամ իշխանութիւն, իսկ այդ երկու օղակների միջեւ դատարկութիւն է: Եւ եզրակացութիւնը կարող է լինել միայն մէկը. կարեւոր չէ, թէ ի՛նչ ժողովրդավարութիւն ես կառուցում:
Աւելի կարեւոր է, որ հասարակութիւնն ունենայ համապատասխան զտիչ համակարգեր` տարբեր բնագաւառների լաւագոյններին բացայայտելու եւ լաւագոյնների կազմից ընտրութիւն կատարելու համար: Հակառակ դէպքում, տարերային ուղղակի ժողովրդավարութիւնները յանգեցնում են ամբողջատիրական իշխանութեան` առանց այլընտրանքի, առանց որեւէ արգելակների եւ սահմանափակումների, ինչի օրինակները շատ են թէ՛ պատմութեան մէջ, թէ՛ ներկայ կեանքում:
«Առաւօտ» օրաթերթ