ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր
«Երազումս մի մաքի
Մօտս եկաւ հարցմունքի.
– Աստուած պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…»
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
Տողեր, բխած հանճարեղ Յովհաննէս Թումանեանի մտքից եւ սրտից, տողեր` տիեզերական անընդգրկելի ողբերգութիւն… Ողբերգութիւն, որն ըստ էութեան մեծապէս յարում է մայր արմատին, մօր սրտին: Մայրական յաւերժող ողբերգութիւն, որ ապրում է մարդկութեան հետ համաքայլ աշխարհի արարման օրից: Իր զաւակի կորստեան ոդիսականը: Մայրը ծնում, աշխարհ է բերում, սեփական կաթով սնում, ծաղկի պէս գուրգուրում, իր կեանքը զոհաբերում եւ ապա… կորցնում, կորցնում, կորցնում է իր ձագ-զաւակին: Կորցնում է պատերազմի ռազմադաշտում, «խաղաղ» զօրանոցներում, սպանդանոցներում, բանտերում, կորցնում է բանակ ճանապարհելիս, խոպան ուղարկելիս եւ դեռ այլ ու այլ…:
Յովհաննէս Թումանեանի վերը յիշատակուած տողերը` ծնողական, մայրական ողբերգութեան սեղմագիր են, հանճարեղօրէն արտայայտուած Այր Մարդու կողմից:
Ո՞նց էր համը իմ ձագի… Մարդկութեան գլխին յաւերժօրէն կախուած արդարամիտ հարց, որ ուղղուած է բոլոր ժամանակներին, բոլոր պետութիւններին, բոլոր պատերազմներին, ատոմային ռումբ եւ միջուկային զէնք ստեղծող-պայթեցնողներին, խաղաղ օրերի բանակների բարձր պաշտօնեաներին, որոնք յաճախ իրենց անբարոյական վարքով պատճառ են լինում զինուորների անձնասպանութեանը (այս մասին տարբեր երկրների յատուկ հիմնարկ-հաստատութիւնների բաց եւ գոց արխիւներում առկայ են վաւերագրական փաստեր): Հարցը ուղղուած է անուանումներով տարբեր, սակայն էականօրէն նոյն Սատանայի որոգայթից դուրս ելած կրօնական աղանդներին, զանազանակերպ ու բազմադիմակ «հաւատացեալներին», մարմնավաճառութեան եւ հաշիշամոլութեան «բիզնեսը» ջատագովներին, մանկապիղծներին: Հարցը ուղղուած է համաշխարհային Չարին: Ո՞նց էր համը իմ ձագի… Կերա՞ք, կշտացա՞ք: Բարի ախորժակ չի լինելու, բարի վայելում նոյնպէս, բարի մարսողութիւն` առաւելապէս:
Յովհաննէս Թումանեանի` համամարդկային այր մարդու այս խորիմաստ գրուածքը (որ չունի նմանը համաշխարհային գրականութեան մէջ) վերժամանակային է, վերանձնական, վերազգային: Աշխարհը իր դրական երեւոյթներով հանդերձ դաժան է ու անարդար: Մէկ դարուց, 100 տարուց աւելի հանճարեղ Յովհաննէս Թումանեանի հարցը կախուած է օդի մէջ… Ո՞նց էր համը իմ ձագի…
Աշխարհ, ե՞րբ պիտի տաս այս հարցի պատասխանը…:
Երեւան-Պէյրութ