ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Առաջին իսկ հայեացքից այս տպաւորութիւնն է թողնում Ազրպէյճանի իշխանութիւնների ջղային արձագանգն Արցախում այս օրերին անցկացուող ֆութպոլի Եւրոպայի առաջնութեանը, որ իրականացնում է Անկախ ֆութպոլային ֆետերասիոնների քոնֆետերասիոնը` ՔՈՆԻՖԱՆ: Կարծես թէ Արցախի մարզադաշտերում խփուող անխտիր բոլոր կոլերն էլ խոցում են ոչ թէ մրցակից ֆութպոլային խմբերի մարզական, այլ բացառապէս Ազրպէյճանի քաղաքական դարպասները: Մոռանալով կամ պարզապէս անտեսելով, որ ֆութպոլն ընդամէնը զանգուածային մարզական խաղ է` հեռու քաղաքական կրքերից եւ ունակ ժողովուրդներին համախմբելու եւ միաւորելու ազգամիջեան համերաշխութեան ու համընդհանուր խաղաղութեան գաղափարի շուրջ, Պաքուն Արցախում անցկացուող առաջնութիւնն ընկալում է որպէս ոտնձգութիւն Ազրպէյճանի, այսպէս կոչուած, «տարածքային ամբողջականութեան» նկատմամբ: Ոչ այլ կերպ, քան հէնց այդպէս կարելի է բնութագրել այդ հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակ Լէյլա Ապտուլլայեւայի, ասել է թէ` նրա ներկայացրած արտաքին քաղաքական գերատեսչութեան բացասական վերաբերմունքն Արցախում անցկացուող առաջնութեան նկատմամբ: Ահա մի յատկանշական պատառիկ` նրա խօսքից, որ ասել է ի պատասխան լրագրողական հարցման. «Խաղերը, որոնք Ազրպէյճանի բռնագրաւուած տարածքներում անցկացնում է, այսպէս կոչուած, «քոնֆետերասիոնը», որը չի ճանաչւում որեւէ պաշտօնական ֆութպոլային կազմակերպութեան կողմից եւ իր շարքերում համախմբում է ոչ օրինական կառոյցների, այլ բան չեն, քան` ֆութպոլի փարոտիա»:
Կարելի է, ի հարկէ, հասկանալ Լէյլա խանումին, ով, հնարաւոր է, կեանքում երբեք ոտքով գնդակ չի խփել կեանքում, ուստի եւ չի էլ պատկերացնում, որ ֆութպոլը, կրկնում եմ, ոչ այլ ինչ է, քան` ընդամէնը մարզական խաղ, եւ որը դեռ մանկուց անչափ հաճելի զբաղմունք է աշխարհի շա՜տ ու շա՛տ մարդկանց համար` անկախ նրանց կեցութեան երկրից, նոյնիսկ անկախ նրանից` միջազգայնօրէն ճանաչուա՞ծ, թէ՞ չճանաչուած երկրներում են ապրում այդ մարդիկ: Ի վերջոյ, յուսանք, եթէ ոչ ինքը, ապա իր երկու դեռահաս զաւակները սեփական բակում լինի, թէ որտեղ, այնուամենայնիւ, երեւի նոյնպէս սիրում են ֆութպոլ խաղալ` ամենեւին չմտածելով անգամ, թէ ի՛նչ դարպասի են կոլ խփում` մարզակա՞ն, թէ՞ քաղաքական, ազրպէյճանակա՞ն, թէ՞ արցախեան, ճանաչուա՞ծ, թէ՞ չճանաչուած երկրի: Ի՞նչ կարեւոր է: Խաղ է, եւ վե՛րջ: Մինչդեռ ահա մարզական կեանքից, յամենայն դէպս, ֆութպոլային խաղից հեռու պալզաքեան տարիքի այդ խանումը եւ իր հետ միասին` նրա հայրենի արտաքին գործերի նախարարութիւնը թիւրիմացաբար կարծում են, թէ ֆութպոլ խաղում են ոչ թէ մարզական, այլ միմիայն քաղաքական դաշտում, եւ Արցախի մարզադաշտերում այս օրերին խփուող բոլոր կոլերի միակ թիրախն Ազրպէյճանի քաղաքական դարպասն է: Բացայայտ զաւեշտ է: Իրօք: Ոչ այլ բան:
Ի լրումն նշեմ նաեւ, որ դա Արցախում անցկացուող մարզական խոշոր միջոցառմանը խոչընդոտելու Պաքուի միակ փորձը չէր: Ինչպէս առաջնութեան բացմանը նուիրուած մամլոյ ասուլիսին յայտնել է ՔՈՆԻՖԱ-ի գլխաւոր քարտուղար Սաշա Տիւրքոփը` «Ազրպէյճանի դեսպանատունը Պերլինում կապուել էր մեզ հետ եւ խնդրել` չեղեալ յայտարարել առաջնութիւնը: Մենք պատրաստ էինք նրանց հետ հանդիպման, սակայն նրանք որեւէ խօսակցութիւն ունենալ մեզ հետ չէին ցանկանում: Խոչընդոտներ, ի հարկէ, կային, սակայն նրանց չյաջողուեց առաջնութեանը խանգարել: Մեր փիլիսոփայութիւնն այն է, որ քաղաքականութիւնը երբեք պէտք չէ մարդկանց դուրս թողնի մարմնամարզից: Մեր կարեւորագոյն ուղերձն է, որ առաջնութիւնը ոչ մի քաղաքական տողատակ չպարունակի: Մենք հաւատում ենք ազգերի ինքնորոշմանը եւ ամէն ինչ անելու ենք, որպէսզի մարդիկ ծածանեն այն դրօշը, որն ուզում են»:
Պարզւում է` Ազրպէյճանի միայն արտաքին քաղաքական գերատեսչութիւնում ու նրա արտասահմանեան դիւանագիտական ներկայացուցչութիւններում չէ, որ չեն հասկանում ֆութպոլի իրական, այսինքն` սոսկ մարզական նշանակութիւնը: Լէյլա Ապտուլլաեւի խօսքից յայտնի է դառնում, որ ֆութպոլ չեն սիրում նաեւ Արցախի, կամ, ինչպէս Լէյլա Ապտուլլայեւան է ներկայացնում, «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ազրպէյճանական համայնքում», որը բողոք է յայտնել Արցախում անցկացուող եւրոպական առաջնութեան կապակցութեամբ: Է՛հ, եղա՞ւ բա: Ե՛ւ իբր թէ ուզում են վերադառնալ ֆութպոլային խաղի աւանդոյթներով հարուստ Արցախ, որտեղից տասնամեակներ առաջ հեռացել են սեփական կամքով (յամենայն դէպս արցախցի ոչ մի հայ նրանց էշին «չու» չի ասել), ե՛ւ իրականում ֆութպոլ չեն սիրում: Հնարաւոր է` անգամ ատում են ֆութպոլը: Այդպէս չլինէր, երբ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ էին, հայերի հետ մէկտեղ նոյնպէս մաս կը կազմէին արցախեան ֆութպոլին: Պարտադիր չէ` մարզի հաւաքականի կազմում, գոնէ բակային կամ թաղային խմբերի մակարդակով:
Ասենք, բուն Պաքւում էլ` Ազրպէյճանի մայրաքաղաքում, ֆութպոլ մարզական խաղն այնքան էլ յարգի չէր ազրպէյճանցիների շրջանում: Այդպէս լինէր` Ազրպէյճանի «Նեւթեանիկ» կամ, ինչպէս յետոյ անուանափոխեցին` «Նեւթչի» խումբը երեւի թէ համալրուած չէր լինի հիմնականում հայ, ռուս, ուքրանացի, թաթար եւ այլազգի ֆութպոլիստներով` Մարգարով, Անդրէասեան, Միրզոյեան, Պանիշեւսքի, Թուայեւ եւ այլն, որոնք էլ իրենց վարպետ խաղով քանի՜ քանի՛ անգամ ապահովել են խմբի յաղթանակները սեփական կամ օտար մարզադաշտերում: Բայց ահա, երբ հայ ֆութպոլիստները ազրպէյճանական մարզաշխարհում առաջացած անհանդուրժողական մթնոլորտի պատճառով ստիպուած եղան հեռանալ Պաքուից` տեղափոխուելով Երեւանի «Արարատ» եւ այլ խմբեր, Ազրպէյճանի, այսպէս ասած, ֆութպոլային սայլը մէկէն սկսեց ճռռալ` ապարդիւն տեղապտոյտներ տալով պարբերական պարտութիւնների ճահճում: Ի դէպ, որպէս ականատես, կարող եմ վկայել. հէնց այդ ժամանակ` անցեալ դարի 60-ականների վերջերին ու 70-ականների սկզբներին էր, որ Ազրպէյճանում, առանձնապէս` Պաքւում, մէկէն ուժգնացաւ հայատեացութեան շեփորականչը, թէկուզ մինչ այդ էլ այդ նախկին խորհրդային հանրապետութեան մայրաքաղաքը, մեղմ ասած, չէր առանձնանում հայասիրութեամբ: Լաւագոյն դէպքում ասում էին` «Լաւ մարդ ես, շատ լաւ մասնագէտ, ափսոս միայն, որ հայ ես»: Ահա այդպէս` օրը ցերեկով, ուղիղ երեսին: Հէնց այդ մօտեցմամբ էլ գիտութեան, արտադրութեան եւ միւս այլ ոլորտներում մինչ այդ աչքի ընկած հայ մասնագէտները մէկ առ մէկ ազատւում էին զբաղեցրած պաշտօններից` լաւագոյն դէպքում նշանակուելով ազրպէյճանցի ղեկավարի տեղակալի կամ գլխաւոր ճարտարագէտի եւ կամ շարքային գիտաշխատողի պաշտօնների, գրեթէ կայծակնային արագութեամբ փակւում էին հայկական դպրոցները, լուծարուեց պետական մանկավարժական հիմնարկի հայկական բաժանմունքն իր երկու-երեք ճիւղերով, եւ հայկական շունչը հետզհետէ սկսեց մարել հայակերտ Պաքւում, Ազրպէյճանի միւս քաղաքներում: Եւ հայ բնակիչները, չդիմանալով յարաճուն հայատեացութեանն ու իրաւազրկութեանը, մանաւանդ նրանք, որոնք սկսել էին յստակ գիտակցել, որ անձամբ իրենց ու իրենց զաւակների համար անհեռանկար ու անիմաստ է մնալն Ազրպէյճանում, սկսեցին տեղափոխուել Հայաստան եւ կամ խորհրդային այլ հանրապետութիւններ: Այո՛, Ազրպէյճանում հայատեացութեան խթան դարձած Հայտար Ալիեւի միահեծան կառավարման օրօք էր դա: Ի հարկէ նրա որդին` Իլհամ Ալիեւը նոյնպէս պակաս միահեծան կառավարիչ ու հայատեաց չէ, բայց այն տարբերութեամբ, որ եթէ նրա հայրը, այսպէս ասած, բամպակի թելով էր խեղդում հայերին, այսինքն խեղդում էր առանց սուր ֆիզիքական ցաւ պատճառելու, ապա որդին բացառապէս անխնայ ֆիզիքական ոչնչացման է կոչում իր հպատակներին` հրթիռա-հրետանային կայանքների եւ այլ արդիական ու գերարդիական զինատեսակների կիրառմամբ, որոնք Ազրպէյճանին կա՛մ ժառանգութիւն են մնացել փլուզուած Խորհրդային Միութիւնից եւ կա՛մ հետագայում ձեռք են բերուել միլիառաւոր նաւթատոլարների ծախսմամբ:
Բայց ես կարծես թէ հեռացայ խնդրոյ առարկայ նիւթից: Ուստի վերադառնամ: Եւ այսպէս, Արցախում յունիսի 1-ին մեկնարկել է Անկախ ֆութպոլային ֆետերասիոնների քոնֆետերասիոնի` ՔՈՆԻՖԱ-ի եւրոպական առաջնութիւնը, որն առաջ է բերել մեր հանդէպ մշտապէս չարակամ ու թշնամական հարեւանի` Ազրպէյճանի խոր վրդովմունքը, եթէ չասեմ` ցասումը: Թէ ինչ միջազգային կառոյց է ՔՈՆԻՖԱ-ն եւ ինչ մարդասիրական գաղափարների ու նպատակների է հետամուտ, մենք` հայերս, այստեղ` Արցախում լինի, մայր Հայաստանում, թէ սփիւռքում, քաջ գիտենք ու, բնականաբար, ողջունում ենք: Բայց ահա նրանք, որոնք Արցախի սահմանից արեւելք ընկած տարածքներում, այսինքն` Ազրպէյճանում, ակնդէտ հետեւում են այդ միջազգային մարզական միջոցառմանը եւ ատամ կրճտացնում մեր դէմ, ըստ երեւոյթին, իրենց մթնժոռած կամ թանձր խաւարով պատած ուղեղները, ինչո՞ւ չէ,` նաեւ մեր բարիդրացիական օգնութեամբ լուսաւորելու, առանձնապէս անընդհատ կրճտոցից մաշուող հետզհետէ մաշուող, փչացող ատամները, աւելի ճիշդ` ժանիքները փրկելու կարիք ունեն: Այնպէս որ, հիմնականում հէնց նրանց եմ ուղղում ստորեւ ներկայացուող տեղեկատուութիւնը, լաւ իմանալով, որ այնտեղ` սահմանից անդին, համակ ուշադիր հետեւում են մեր անցուդարձին ու լրատուական հոսքին: Ասել է թէ` խօսքս հաստատապէս տեղ կը հասնի: Մնացածն իրենց գործն է` կ՛ուզեն կը նախանձեն, կ՛ուզեն, ինչքան կարող են, թող զազրախօսեն: Ուրախանալու մասին, բնականաբար, խօսք անգամ չի կարող լինել` Ազրպէյճանն այն ընկալունակ հարեւանը չէ:
Ուրեմն ասեմ. ՔՈՆԻՖԱ-ն ֆութպոլի միջազգային միութիւնների ֆետերասիոնի, յապաւմամբ ասած` ՖԻՖԱ-ի կազմ չմտնող ֆութպոլի, ֆուտզալի եւ լողափնեայ ֆութպոլի միութիւնների միջազգային կառավարող մարմին է: Հիմնադրուել է 2013 թուականին: Շահոյթ չհետապնդող համաշխարհային հասարակական կազմակերպութիւն է, որն աջակցում է ազգերի, փաստացի անկախ պետութիւնների, մարզերի, փոքրամասնութիւնների եւ մեկուսացած տարածքների մարզիկներին` դրսեւորելու իրենց կարողութիւնները, զարգանալու որպէս մարզիկներ եւ անհատներ: Քոնֆետերասիոնը նաեւ ֆութպոլի, մշակոյթի եւ ընկերութեան արժէքների միջոցով ազգերի ու մեկուսացուած տարածքների միջեւ կամուրջներ կառուցելու, ցեղապաշտութեան վերացման ու արդար մրցակցութեան տարածման, աշխարհում խաղաղութեան հաստատման նպատակ է հետապնդում: Կազմակերպութիւնն այսօր ներառում է 54 ֆետերասիոն եւ, համապատասխանաբար, 54 հաւաքական խմբեր եւ, փաստօրէն, ներկայացնում է 6 մայրցամաքներում ապրող աւելի քան 370 միլիոն մարդու: ՔՈՆԻՖԱ-ի առաջին գաւաթը խաղարկուել է 2014 թուականի յունիսի 1-ից մինչեւ 8-ը` շուէտական Էսթերսունտէ քաղաքում, իսկ երկրորդ գաւաթի խաղարկութիւնը կայացել է 2016 թուականի մայիսի 28-ից մինչեւ յունիսի 5-ը` Աբխազիայում: Արցախի ֆութպոլի հաւաքականը ՔՈՆԻՖԱ-ին անդամակցում է դեռ 2013-ից եւ յաջողութեամբ մասնակցել է նախորդ առաջնութիւններին: Որդեգրելով քոնֆետերասիոնի` գնդակի շուրջ տարբեր ազգութիւններին եւ ժողովուրդներին միաւորելու գաղափարախօսութիւնը, Ստեփանակերտը 2019 թուականի առաջնութիւնն Արցախում կազմակերպելու պատրաստակամութիւն է յայտնել: Պետական նախարար, առաջնութեան կազմկոմիտէի նախագահ Գրիգորի Մարտիրոսեանի տեղեկատուութեամբ, Արցախը ՔՈՆԻՖԱ-ի կազմկոմիտէ համապատասխան յայտ ներկայացրել էր անցեալ տարի: Նրա խօսքով. «Այդ ժամանակ մենք առաջնորդուել ենք այն կարգախօսով, որ Արցախն ամբողջ աշխարհին ներկայանում է որպէս մարզական, երիտասարդ, խաղաղ, զարգացող եւ ապագային միտուած երկիր: Ուրախ ենք, որ ընտրուել ենք որպէս կազմակերպիչ: Մեր նպատակները արտացոլուել են նաեւ առաջնութեան կարգախօսում` «Բաց դռներ, ամուր դարպաս», որը խօսում է արցախեան հիւրընկալութեան եւ ամուր դարպասների մասին»: Իսկ այս տարուայ յունուարի 27-ին Քրաքովում ՔՈՆԻՖԱ-ի ամէնամեայ ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել 2019-ի Եւրոպայի ֆութպոլի առաջնութեան վիճակահանութիւնը: Ըստ դրա արդիւնքների, խմբերը մրցելու են 4 խմբակներում: Ցաւօք, յայտ ներկայացրած ոչ բոլոր խմբերը կարողացան մասնակցել առաջնութեանը, եւ վերջնական ներկայացել է 8 խումբ` Աբխազիայի, Արցախի, Արեւմտեան Հայաստանի, Հարաւային Օսեթիայի, Չամերիայի, Սափմիի, Սեքէյի Լանտի, Փատանիայի հաւաքականները:
Արցախի պատմութեան մէջ ամենազանգուածային մարզական միջոցառման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռեւս մէկ տարի առաջ` երկիրն աշխարհին ներկայացնելու ընձեռուած հնարաւորութիւնը լաւագոյնս օգտագործելու համար: Ի պատիւ Արցախի իշխանութիւնների հարկ է նշել, որ ՔՈՆԻՖԱ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար հսկայական շինարարական աշխատանքներ են կատարուել` կապուած, առաջին հերթին, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու մարզադաշտերի հիմնանորոգման ու բարեկարգման հետ, որոնք արդէն կազմ ու պատրաստ հիւրընկալում են մրցակից խմբերին եւ որտեղ ընթանում են ֆութպոլային խաղերը: Զգալի աշխատանք է կատարուել նաեւ ժամանած խմբերի անդամների եւ ֆութպոլասէրների կեցութեան, սննդի, տեղաշարժի ապահովման, հիւրանոցային տնտեսութեան զարգացման, սպասարկման ոլորտի բարելաւման, տեղեկատուութեան կազմակերպման եւ յարակից այլ խնդիրների լուծման ուղղութեամբ: Ընդ որում` այդ ամէնն իրականացուել է ինչպէս պետական պիւտճէից կատարուած յատկացումների, նոյնպէս եւ բարերարների, առանձնապէս, ամերիկահայ գործարար Ալպերթ Պոյաճեանի զգալի նուիրատուութեան հաշուին: Յունիսի 1-ից մինչեւ 9-ը նախատեսուած մարզական միջոցառումը պատշաճ կազմակերպելու նպատակով նախաձեռնուել է կամաւորների հաւաք, որին արձագանգել է շուրջ 200 երիտասարդ` ինչպէս Արցախից, այնպէս էլ Հայաստանից եւ սփիւռքից: Ֆութպոլիստներին եւ նրանց երկրպագուներին, ընդհանուր առմամբ` 10 հազար մարդու, հիւրընկալելու համար ամրագրուել են Արցախում գործող գրեթէ բոլոր հիւրանոցներն ու պանդոկները: Բացի այդ` նաեւ գործարկուել է «Հիւրընկալ ընտանիք» ծրագիրը, որի շրջանակներում աւելի քան 200 ընտանիք արձագանգել եւ պատրաստակամութիւն է յայտնել իր յարկի տակ ընդունելու ժամանած հիւրերին: Այդ օրերին Արցախ այցելող զբօսաշրջիկների եւ ֆութպոլի երկրպագուների առօրեան յագեցած կազմակերպելու նպատակով իրականացւում են մի շարք մշակութային ծրագրեր ինչպէս Ստեփանակերտում, այնպէս էլ շրջաններում, ընդհանուր առմամբ` աւելի քան 50 մշակութային միջոցառումներ: Առաջնութիւնը լուսաբանելու համար հաւատարմագրուել է 100-ից աւելի լրատուամիջոց, որոնցից կէսը օտարերկրեայ է:
Առաջնութեան հանդիսաւոր բացումը, ինչպէս նախատեսուած էր, կայացել է Ստեփանակերտի Շահումեանի անուան մարզադաշտում, որը ծայրեծայր լեփլեցուն էր մարզասէրներով: Ինչպէս բացման արարողութեանն իր ունեցած ելոյթում նշել է նախագահ Բակօ Սահակեանը. «Մարմնամարզը, յատկապէս ֆութպոլը, այն բացառիկ բնագաւառներից է, որը պէտք է միաւորի ժողովուրդներին եւ մարդկանց, ամրապնդի նրանց միջեւ բարեկամութիւն եւ փոխադարձ յարգանք, նպաստի կապերի հաստատմանը: Մարմնամարզը, չի ճանաչում սահմաններ եւ սահմանափակումներ, խտրականութիւն եւ երկակի չափանիշներ: Այն խաղաղութեան խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, եւ յաղթում է նա, ով լաւ է պատրաստուած»:
Աշխարհի պետութիւններին, այդ թւում` տարածաշրջանի երկրներին, առանձնապէս Ազրպէյճանին հասցէագրուած տողատակի ուղերձ էր պարունակում նաեւ ՔՈՆԻՖԱ-ի նախագահ Փեր Անտրես-Պլինտի խօսքը բացման արարողութեանը. «Այսօր Եւրոպայի մայրաքաղաքը Ստեփանակերտն է: ՔՈՆԻՖԱ-ի ուղենիշ սկզբունքներից է ֆութպոլ խաղալու ազատութիւնը, այն հարթակ է, որ իւրայատուկ պատուհան է բացում դէպի մեծ աշխարհ: Այս հարթակը մեզ հնարաւորութիւն է ընձեռում ցոյց տալու աշխարհին մեր ժողովրդի, մշակոյթի, մեր ազգային ինքնութեան եւ մեր ժառանգութեան մեծութիւնն ու գեղեցկութիւնը: Մենք ներկայացնում ենք տարբեր երկրներ, որոնք ժառանգել են տարբեր մշակոյթներ, անցել պատմական տարբեր ուղիներ, այդուհանդերձ, այս առաջնութիւնը մեզ համախմբել է մէկ յարկի տակ` որպէս իւրայատուկ դեսպաններ հանդէս գալու եւ աշխարհին ներկայացնելու մեր ժողովրդներին, ցոյց տալու, որ, անկախ բոլոր հանգամանքներից, անկախ մեր ծագումից, մենք կարող ենք ստեղծել կենսատեւ բարեկամութիւն եւ կարող ենք սերմանել փոխադարձ յարգանք: ՔՈՆԻՖԱ-ն ձգտում է հասնել խաղաղութեան, լինել աւելի հանդուրժող, աւելի բարեհաճ աշխարհի հանդէպ»:
Շարունակելով գործընկերոջ արտայայտած միտքը` «Ֆութպոլային անկախ ընկերակցութիւնների Եւրոպայի քոնֆետերասիոն»-ի նախագահ Ալպերթօ Ռիքիոն իր հերթին ասել է. «Մենք բոլորս հաւաքուել ենք այստեղ կարեւորելու, արժեւորելու մարմնամարզի եւ, մասնաւորապէս, ֆութպոլի դերը մեր կեանքում: Մարմնամարզը օգնում է մարդկանց` հասնել նոր բարձունքների: Մարմնամարզը կարեւոր շարժիչ ուժ է հանդիսանում ընկերային հասարակութեան բոլոր խաւերի ներգրաւածութեան համար»:
Ըստ իմ դիտարկման, եւս մէկ ուշագրաւ հանգամանք: Լրագրողական հարցմանն Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակի պատասխանը Պաքուի մինվալ.ազ իշխանամէտ լրատուական գործակալութիւնն իր կայքում տեղադրել է կէսգիշերից փոքր-ինչ անց, աւելի ստոյգ` ժամը 24:05-ին, այսինքն` առաջնութեան հանդիսաւոր բացման արարողութեան աւարտից եւ մարզական հրավառութիւնից հազիւ մէկ ժամ անց: Դժուար չէ ենթադրել` Պաքւում նոյնպէս օգտուել են արբանեակային հեռարձակման թեքնիք հնարաւորութիւնից եւ ուղիղ կապով, արցախցու ասած, ծերից ծեր յաւէսով դիտել են Ստեփանակերտից հեռարձակուած Անկախ ֆութպոլային ֆետերասիոնների քոնֆետերասիոնի` ՔՈՆԻՖԱ-ի հովանու ներքոյ Արցախում մեկնարկած ֆութպոլային առաջնութեան հանդիսաւոր բացման ամբողջ արարողութիւնը: Անշուշտ, միայն ողջունել կարելի է մեր հարեւանների վերջին մի քանի տասնամեակում այդ երեւի թէ միակ ողջամիտ պահուածքը: Ինչ իմանաս, հնարաւոր է եւ ի վերջոյ խելքի գան:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար