Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Որքան Կը Դիմակայի Իրանը. Տեղեկատուական-Հոգեբանական Գործողութիւններ

$
0
0

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Վերջին ամիսներին իրանա-ամերիկեան յարաբերութիւններում պահպանուող լարուածութիւնն անցել է նոր` ռիսքային փուլ: Ուաշինկթըն ընդլայնում է Թեհրանի նկատմամբ գործադրուած տնտեսական, քաղաքական ճնշումները: Նշենք, որ ընդգծւում են տեղեկատուական-հոգեբանական նշանակութեան գործողութիւնները:

Տեղեկատուական-հոգեբանական գրոհի դասական օրինակ կարելի է համարել ընթացիկ տարուայ փետրուարին նախագահ Թրամփի ուղերձն Իրանի հասարակութեանը, որը հնչեց պարսկերէն: Միացեալ Նահանգներ նախագահն ուղերձում մեղադրանքներ էր հնչեցնում Իրանի իշխանութիւնների հասցէին` 40 տարի շարունակ փտածութիւն, ճնշումներ ու ահաբեկչութիւն, նաեւ` նշում, որ Իրանի ժողովուրդն արժանի է պայծառ ապագայի:

Հասկանալի է, որ նման գործելակերպը նպատակաուղղուած է Իրանի հանրութեան շրջանում երկրի ղեկավարութեան նկատմամբ դժգոհութիւնների ալիք բարձրացնելուն: Խոշոր հաշուով, տեղեկատուական-հոգեբանական նման օրինակով Ուաշինկթընում հետապնդում են Իրանում յեղաշրջման փորձ իրագործելու նպատակ: Իրանի ղեկավարութիւնը, սակայն, լրջօրէն վերահսկում է երկրի ներքաղաքական իրադրութիւնը:

Յիշեցնենք, որ Իրանի հանրութեանը հասցէագրուած ուղերձով աւելի վաղ` 2018թ. յունիսին, հանդէս էր եկել Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն` անդրադառնալով Իրանի ջրային պաշարների անարդիւնաւէտ կառավարման ընկերային հետեւանքներին: Նա մասնաւորապէս նշել էր, որ «Իրանի ժողովուրդը դաժան վարչակարգի զոհն է` այն չի բաւարարում բնակչութեան` ջրային պաշարներից օգտուելու կենսական կարիքները: Իսրայէլը Իրանի ժողովրդի կողքին է»: Յիշեցնենք, որ Իսրայէլի ղեկավարութիւնը նախատեսում էր ստեղծել պարսկերէնով գործող կայքէջ, որտեղ կը ներկայացուէին ջրային պաշարների կառավարման իսրայէլական արհեստագիտութիւններն ու ռազմավարութիւնը:

Կարծում ենք, որ Իրանի ժողովրդին ուղղուած վերոյիշեալ ուղերձները Ուաշինկթընի ու Թել Աւիւի կողմից համատեղ մշակուած գործողութեան արդիւնք են: Սա հնարաւորութիւն է տալիս ենթադրելու, որ, ըստ ամենայնի, վերջին տարիներին Ուաշինկթընում ու Թել Աւիւում մշակուել է, Իրանում հանրային դժգոհութիւնների տարածմամբ, յեղաշրջման ճանապարհով իշխանափոխութեան բեմագրութիւն:

Ռազմական-Անվտանգային Ճնշման Լծակներ

Վերջերս Իրանի ուղղութեամբ Ուաշինկթընի  բանեցրած տեղեկատուական-հոգեբանական գրոհին աւելացաւ նաեւ ռազմական-անվտանգային բաղադրիչը: Սոյն տարուայ ապրիլին նախագահ Թրամփն Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների զօրամիաւորումը (ԻՀՊԶ) ներառեց ահաբեկչական կազմակերպութիւնների ցուցակում: Սպիտակ տունը նախատեսում է նաեւ քրէական պատասխանատուութեան ենթարկել` մինչեւ 20 տարի ազատազրկման, ֆիզիքական ու իրաւաբանական այն անձանց, որոնք կը շարունակեն համագործակցել ԻՀՊԶ-ի հետ:

Նշենք, որ այդ որոշումը նախադէպային էր այն առումով, որ Միացեալ Նահանգներ առաջին անգամ է ճանաչում այլ երկրի պետական կառոյց որպէս ահաբեկչական: Ընդ որում` սոյն որոշումը միանշանակ չընկալուեց նոյն Փենթակոնում: Ամերիկեան պաշտպանական գերատեսչութիւնում մտավախութիւն կայ, որ այդ քայլով վտանգի տակ են յայտնւում Մերձաւոր Արեւելքում տեղակայուած ամերիկեան զօրքերը: Եւ իսկապէս, մեծ է հաւանականութիւնը, որ Ուաշինկթընի ճնշումների ներքոյ իրանական կողմը, գլխաւորապէս անուղղակի կերպով, կը փորձի թիրախաւորել ամերիկեան զօրքերը:

Իսկ աւելի ուշ Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն տարածեց, որում յորդորում էր Պաղտատում Միացեալ Նահանգների դեսպանութեան եւ Էրպիլում Միացեալ Նահանգներ հիւպատոսութեան աշխատակիցներին` լքել դիւանագիտական գրասենեակները` նշելով Իրանի կողմից հնարաւոր յարձակումների վտանգը:

Թրամփի որոշմանը հետեւեց Թեհրանի համարժէք արձագանգը` Իրանում որոշում կայացուեց Միացեալ Նահանգների զինուած ուժերի Կեդրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) նոյնպէս ճանաչել ահաբեկչական կազմակերպութիւն: Թեհրանի պաշտօնական հաղորդագրութիւնում նշուած էր, որ ահաբեկչական են համարւում նաեւ այն խմբաւորումներն ու կազմակերպութիւնները, որոնք համագործակցում են Մերձաւոր Արեւելքում տեղակայուած Միացեալ Նահանգներ զինուած ուժերի հետ:

Ուաշինկթընում սկսեցին կիրառական քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ ռազմական բնոյթի ճնշումներն է՛լ աւելի ուժեղացնելու ուղղութեամբ: Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց օդանաւակիրների հարուածային խումբ ուղարկել Պարսից ծոց` Միացեալ Նահանգներ ՌԾՈՒ «Աբրահամ Լինքոլն» օդանաւակիրի գլխաւորութեամբ: Նշենք, որ օդանաւակիրները տեղակայում է շուրջ 50 ինքնաթիռ, 6 հազար անձնակազմ:

Դրան յաջորդեց Փենթակոնի այն տեղեկատուութիւնը, թէ պաշտպանական գերատեսչութիւնը մտադիր է շուրջ 120 հազար ամերիկեան զօրք տեղակայել Մերձաւոր Արեւելքում, եթէ Իրանը յարձակում նախաձեռնի ամերիկեան զօրքերի ուղղութեամբ: Երկար չանցած, սակայն, նախագահ Թրամփն իր մեկնաբանութեամբ փորձեց մեղմել այդ դիրքորոշումը:

Փորձագէտների մի մասն առաջ է քաշում այն վարկածը, որ այդ որոշման ընդունման հարցում զգալի է եղել յատկապէս Իսրայէլի արտաքին հետախուզութեան դերակատարումը, որի ղեկավարութիւնը աշխուժօրէն համագործակցում է, մասնաւորապէս, Միացեալ Նահանգների նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթընի եւ արտաքին գործերի նախարար Մայք Փոմփէոյի հետ: Յատկանշական էր ապրիլի կէսերին Պոլթընի ու Իսրայէլի Ազգային անվտանգութեան խորհրդի ղեկավար Պեն Շապաթի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցութեանը, Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին:

Չյապաղեց Թեհրանի պաշտօնական արձագանգը, ըստ որի, Պարսից ծոցում ամերիկեան օդանաւակիրի ներկայութիւնը Իրանում չեն համարում երկրի անվտանգութեան համար լուրջ սպառնալիք, ինչպէս դա նախկինում էր: Աւելի՛ն. ըստ հաղորդագրութեան, դա դիտւում է որպէս «հնարաւորութիւն»: Իրանական կողմի նման վստահութիւնը թերեւս խօսում է այն մասին, որ մերձաւորարեւելեան այդ երկրում ընդլայնուել են ամերիկեան ռազմական սպառնալիքների հակազդման հնարաւորութիւնները: Բարձրացել է նաեւ ռազմարդիւնաբերութեան արհեստագիտական բաղադրիչի արդիւնաւէտութիւնը:

Միեւոյն ժամանակ Թեհրանը յայտարարեց նաեւ, որ կարող է փակել ռազմավարական նշանակութիւն ունեցող Հորմուզի նեղուցը, որով տեղափոխւում է տարածաշրջանի նաւթի շուրջ 30%-ը:

Ինչպէս եւ ակնկալւում էր, Պարսից ծոցում ամերիկեան օդանաւակիրի հնարաւոր յայտնուելը չմնաց անարձագանգ. օրերս Միացեալ Նահանգների ափամերձ շրջանում յարձակման ենթարկուեցին Սէուտական Արաբիայի մի քանի նաւեր: Վարկածներից մէկի համաձայն, այդ գործողութիւններում կար իրանական հետք:

Հնարաւոր Հետեւանքներ

Փորձագիտական որոշ գնահատականներով, Իրանին ուղղուած ամերիկեան ճնշումների սրացման միտումը պայմանաւորուած է Մերձաւոր Արեւելքում Իրանի դերի մեծացմամբ: Դա նախեւառաջ դրսեւորւում է սիրիական զարգացումներում, պաղեստինա-իսրայէլեան ռազմական բախումներում: Մայիսի սկզբին, միայն մի քանի օրուայ ընթացքում, Իսրայէլի ուղղութեամբ Կազայի հատուածից արձակուեց շուրջ 450 հրթիռ: Սակայն այստեղ կարեւոր հանգամանքը միայն արձակուած հրթիռների զուտ քանակը չէ, այլ առաջին հերթին` դրանց թեքնիք ռազմավարական բնութագրիչները: Խնդիրն այն է, որ Իսրայէլի «Երկաթեայ գմբէթ» ՀՕՊ համակարգն արդէն չի կարողանում բաւարար կերպով խոցել դրանք ոչ միայն այն պատճառով, որ արձակուած հրթիռների քանակն է շատ: Պատճառներից մէկն էլ այն է, որ այդ հրթիռները պատրաստւում են ժամանակակից արհեստագիտութեան պահանջներին համապատասխան, որտեղ մեծ է իրանական կողմի անմիջական մասնակցութիւնը:

Իրավիճակը ռիսքային է նախ այն առումով, որ կողմերը ընկալում են միմեանց զինուած ուժերը որպէս ահաբեկչական միաւորներ, ինչն աննախադէպ պայթիւնավտանգ իրավիճակ է ստեղծում: Ուաշինկթընի համար բաւական բարդ է լինելու զսպել իրանական գործօնը տարածաշրջանում: Այդուհանդերձ, հակուած ենք ենթադրելու, որ կողմերը թերեւս կը խուսափեն գնալ ռազմական ուղիղ առճակատման` հաշուի առնելով դրա անդառնալի հետեւանքները տարածաշրջանի ու միջազգային անվտանգային կայունութեան պարունակում:

Հաւանական է այն բեմագրութիւնը, ըստ որի, կողմերը կարող են առաւելագոյնը փոխանակուել պրոքսի ռազմական գործողութիւններով, ինչպէս, օրինակ, դա տեղի ունեցաւ սէուտական նաւերի վրայ յարձակմամբ: Նման զարգացումներ սպասելի են Սիրիայում: Կանխատեսելի են նաեւ պաղեստինա-իսրայէլեան հատուածում սրացումներ ինչպէս սահմանի երկայնքով, այնպէս էլ` թիկունքում, ինչն արդէն աստիճանաբար դրսեւորւում է:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles