Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Վանական Համալիրը` Վրաց-Ազրպէյճանական Կռուախնձոր

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ  
Քաղաքական վերլուծաբան

Ասում են` հարեւանի այգու միրգն աւելի քաղցր է լինում: Այսպէս ասում են հիմնականում փորձառու բաղչագողները, որոնց աչքը ողջ կեանքում` մանկութ տարիներից ի վեր մինչ խոր ծերութիւն, աւանդոյթի ուժով, տնկուած է հարեւանի մրգառատ բաղչայի` այգու վրայ, չմտածելով, աւելի ճիշդ` ալարելով մտածել, որ հարեւանի այգին բերքառատ է ու միրգն այնտեղ շատ աւելի քաղցր է այգու տիրոջ` իր հարեւանի հոգածու խնամքի, քրտնաջան աշխատանքի շնորհիւ: Բայց էլի բարեբախտութիւն կարելի է համարել, եթէ բաղչագողի աչքը միայն հարեւանի այգու քաղցր մրգի, այլ ոչ ամբողջ այգու վրայ է` «այս սարն իմն է, այս ծառն իմն է» նկրտումով: Դարձեալ բարեբախտութիւն կարելի է համարել, եթէ այդ ախտով տառապում է ընդամէնը մէկ անուղղելի բաղչագող կամ, առաւելագոյնը, միայն նրա  ընտանիքը, այլ ոչ մի ամբողջ ժողովուրդ եւ նրան ներկայացնող պետութիւն` այգու պատկանելութեան հարցը դարձնելով միջպետական խնդիր` հնարաւոր աղէտալի զարգացումներով հանդերձ:

Ահա հէնց այսպէս, այս հիմքով է տասնեակ տարիներ ի վեր սահմանային կռուախնձորի վերածուած, վրացական անուանմամբ` Դաւիթ Կարեճի, ազրպէյճանական վարկածով` Քեշիքչիտաղ վանական համալիրը միմեանց ռազմավարական դաշնակից հռչակած երկու հարեւան երկրների` Վրաստանի եւ Ազրպէյճանի միջպետական յարաբերութիւններում:

Ուղղափառ եկեղեցու հետեւորդ Վրաստանը գիտական շրջանառութեան մէջ գտնուող պատմական յղումներով ու փաստարկներով պնդում է, որ համալիրը կառուցել են իր քրիստոնեայ  նախնիք` դարեր շարունակ այն օգտագործելով որպէս Բարձրեալի` Աստծոյ հետ հաղորդակցուելու սրբավայր, աղօթատեղի, ուր առ այսօր շարունակւում է  վրաց ուխտաւորների հոսքը: Իր հերթին` մահմետական Ազրպէյճանը հակադարձում է, որ նոյն այդ սրբավայրը պատմականօրէն աղուանական է, եւ քանի որ քրիստոնեայ աղուանները հետագայում մահմետականութիւն ընդունած ազրպէյճանական ժողովրդի նախնիք են, ուստի եւ խօսք անգամ լինել չի կարող, որ այն երբեւէ պատկանել եւ պատկանում է Վրաստանին ու վրաց ժողովրդին:  Առաւել եւս, պնդում են Պաքւում, խորհրդային իշխանութեան օրօք վրաց-ազրպէյճանական վարչական սահմանագիծն անցնում էր հէնց այդ սարահարթով եւ Ազրպէյճանական ԽՍՀ տարածքի մէջ էր ներառում ներկայումս միջպետական վէճի առարկայ դարձած վանական համալիրի մի որոշակի մասը:

Թէ ի՞նչ է իրենից ներկայացնում Դաւիթ Կարեճի վանական համալիրը, փորձենք ճշդել հակիրճ պատմական տեղեկանքի տեսքով: Համալիրը գտնւում է  Վրաստանի հարաւարեւելեան հատուածում եւ հարում է վրաց-ազրպէյճանական սահմանին: Ինչպէս նշում է արուեստագէտ Զարուհի Ա. Յակոբեանը «Դաւիթ Կարեճի. Սապերէէպի վանքի հայագիր որմնանկարները (Ժ. դար)» ուսումնասիրութեան մէջ, պատմա-աշխարհագրական տեսանկիւնից այդ տարածքը համապատասխանում է պատմական Աղուանքի Հերեթ (Հերեթ-կամբեճան) գաւառին եւ հանդիսանում է այն հանգուցակէտը, որտեղ, ինչպէս նշուած է Ստրաբոնի մօտ, Հայաստանը սահմանակցում է Իբերիայի եւ Աղուանքի հետ: Կարեճիի վանական համալիրի ստեղծման պատմութեան հիմնական աղբիւրը Դաւիթ Կարեճեցու (վրացերէն` Կարեճելիի) վարքն է, որ գրուել է 10-րդ դարի առաջին կէսին` ոմն Դաւիթի կողմից: Դաւիթ Գարեճեցին մէկն էր այն, այսպէս կոչուած, «13 ասորի հայրերից», ովքեր, աւանդոյթի համաձայն, եկել էին հիւսիսային Ասորիքից` փախչելով միաբնակների դէմ ուղղուած հալածանքներից: Ժամանակի ընթացքում Կարեճիիում ձեւաւորուել է անդրանիկ վանքը, նրա շուրջը գոյացել են բազմաթիւ այլ վանքեր` ստեղծելով մի ամբողջական համալիր, որը ձգւում է 25 քմ երկարութեամբ: Կարեճիի յայտնի վանքերից են Դաւթի մայրավանքը, Տոտոն, Ուտապնոն, Սապերէէբին, Պերտուպանին եւ այլն: Դա, փաստօրէն, 20 ժայռափոր, քարանձաւային վանքերից  բաղկացած համալիր է, որը` գտնւում է Թիֆլիսից դէպի հարաւ-արեւելք 60-80 քմ հեռաւորութեան վրայ: Կառուցուած լինելով Կարեճիի կիսաամայի բլրաշարի լանջին, ընդգրկում է Վրաստանի երեք շրջանի` Կարտապանու, Սաղարճի եւ Սիղնախի տարածքները: Գլխաւոր վանքը համարւում է Սուրբ Դաւիթ մայրավանքը, որը գտնւում է Վրաստանը եւ Ազրպէյճանն իրարից բաժանող լերան հիւսիսային լանջին: Լեռն այդ վրաց պատմաբանները կոչում են Ուտապնօ` նրա հարաւային սարալանջին եւ Ազրպէյճանի տարածքում` գտնուող վանքերից մէկի անունով: Բացի այդ, լերան նոյն այդ լանջին տեղակայուած է աւելի քան 100 քարանձաւ, որոնք օգտագործւում էին որպէս վանական խցեր: Սահմանից առաւել հեռու` մօտ 2 քմ-ի վրայ է գտնւում մէկ այլ վանք` Պերտուպանին, որը թուագրւում է 12-րդ դար:

Ըստ վրաց պատմաբանների, վանական համալիրը 6-րդ դարում հիմնել է սուրբ Դաւիթ Կարեճեցին, ում անունով էլ այն կոչւում եւ առ այսօր էլ համարւում է վրաց ազգային սրբավայր: Գործող աղօթարաններում պահպանւում են 8-14-րդ դարերի հազուագիւտ որմնանկարներ, որոնց շարքում են նաեւ  վրաց Թամար թագուհու եւ Դաւիթ Շինարար արքայի եզակի դիմանկարները:  Աւելի՛ն. վանական համալիրը հանդիսանում է վրաց ուղղափառ եկեղեցու գործող մայրավանքը:

Մինչդեռ, ըստ ազրպէյճանական վարկածի, Կարեճիի վանական համալիրն աղուանական ծագում ունի, այսինքն շատ աւելի հին է, քան ներկայացնում են վրացիները, քանզի Աղուանքի թագաւորութիւնը, որ միաւորում էր 26 ցեղախմբերի, ստեղծուած լինելով նք 2-րդ դարի վերջին- 1-ին դարի առաջին կէսին արեւելեան Այսրկովկասում, զբաղեցնում էր ժամանակակից Ազրպէյճանի, Վրաստանի եւ Տաղստանի տարածքների մի որոշակի մասը: Ազրպէյճանի պնդմամբ, հնադարում աղուանները քրիստոնէութիւն էին դաւանում, սակայն, հետագայում իսլամ ընդունելով, հետզհետէ կորցրել են հետաքրքրութիւնն այդ սրբավայրի նկատմամբ: Պաքւում նշւում է նաեւ, որ իբր թէ պատմական Ազրպէյճանում 12-13-րդ դարերում`  թուրք-ղփչաղեան ծագմամբ Աթաբեկների հարստութեան տիրապետութեան օրօք, որը գոյատեւել է ընդամէնը 90 տարի, վրաց տիրակալները նրա անկման շրջանում  վանական համալիրը միացրել են իրենց պետութեանը:  Ուստի եւ Պաքուն, իրեն յայտարարելով քրիստոնէական Կովկասեան Ալպանիայի (Աղուանից աշխարհի) պատմական ժառանգորդը, վանական համալիրը համարում է իր ազգային ժառանգութիւնը, հետեւապէս եւ` ազգային-պետական սեփականութիւնը:

Ի լրումն նշեմ նաեւ, որ լինելով վրացական միջնադարեան մշակութային օճախ, Կարեճիի վանական համալիրը միեւնոյն ժամանակ դարեր շարունակ կապուած է եղել հայ իրականութեան հետ: Մինչեւ 19-րդ դարի սկիզբը վանական համալիր են այցելել զգալի թուով հայ հոգեւորականներ եւ ուխտաւորներ` այնտեղ թողնելով իրենց արձանագրութիւնները: Կարեճիի համալիրի շրջակայքում պահպանուել են տեղանուններ, որոնք հաստատում են այդտեղ հայերի բնակութեան փաստը, իսկ Դաւիթի վարքից տեղեկանում ենք, որ նա, ի տարբերութիւն միւս սուրբ հայրերի, խօսել է նաեւ հայերէն: Եւ, վերջապէս, այդ մասին են վկայում Դաւիթ Կարեճիի մայրավանքից որոշակի հեռաւորութեան վրայ` համալիրի ծայր արեւելեան հատուածում գտնուող Սապերէէպի եկեղեցին եւ նրա հայագիր որմնանկարները:

Ներկայումս  Վրաստանի եւ Ազրպէյճանի միջպետական  սահմանը երկու մասի է կիսում Դաւիթ Կարեճի վանական համալիրը, որի հիմնական  մասը գտնւում է Վրաստանի, միւսը` երեք վանք, Ազրպէյճանի տարածքում` որոշակի դժուարութիւններ յարուցելով դէպի Ազրպէյճանի տարածքում յայտնուած Ուտապնօ վանք վրաց հոգեւորականների ու զբօսաշրջիկների ուխտագնացութեան համար, այդպիսով իսկ առաջ բերելով վրացական հանրութեան դժգոհութիւնն ու վրդովմունքը, աւելի՛ն, տեղիք տալով հանրային բողոքների, ազգային սրբավայրն իրական տիրոջը` վրաց ժողովրդին, լիովին վերադարձնելու յարաճուն պահանջների: Բողոքի ու պահանջատիրութեան այդ ալիքն առանձնապէս ուժգնացել է վերջերս` Վրաստանի նոընտիր նախագահ Սալոմէ Զուրապիշվիլու առաջին տարածաշրջանային` փետրուարի 27-ին Պաքու կատարած մէկօրեայ պաշտօնական այցից յետոյ: Ի շարս այլ յայտարարութիւնների, վրաց նախագահն ազրպէյճանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից յետոյ յայտարարել էր, որ Վրաստանը եւ Ազրպէյճանը պէտք է վերջապէս գծեն իրենց միջպետական սահմանը: Զուրապիշվիլու այդ յայտարարութեանն անսպասելի  հետեւել է Պաքուի կողմից սահմանի ազրպէյճանական հատուածի ամրապնդումը` Վրաստանից ուխտաւորների հոսքի խստիւ արգելակմամբ հանդերձ, ինչն առաջին անգամ արձանագրուել է ապրիլի 25-ին, երբ ազրպէյճանցի զինուած սահմանապահները կոշտ ու կոպիտ հատել են նրանց ճանապարհը: Օրեր անց, երկու երկրների դիւանագիտական գերատեսչութիւնների փոխհամաձայնութեան արդիւնքում, Ուտապնօ վանք ուխտաւորների մուտքի պայմանները համեմատաբար մեղմացուել են, սակայն դա չէր կարող լինել նրանց ազատ երթեւեկութեան խնդրի վերջնական լուծումը:

Դաւիթ Կարեճիի վանական համալիրի պատկանելութեան հարցն առաջին հայեացքից կարծես կրելով սոսկ տեղայնական բնոյթ,  հետզհետէ ընդլայնւում է աշխարհագրական առումով` վերաճելով փոխադարձ տարածքային պահանջների ինչպէս սահմանի այդ, նոյնպէս եւ միւս այլ հատուածներում: Ուշագրաւ է, որ այդ վէճերը երկու հարեւան երկրների միջեւ ժամանակագրօրէն  ամենեւին էլ նոր չեն ծագել եւ իրենց վաղեմութեամբ խորանում են մինչեւ 20-րդ դարի սկիզբները, որոշակիօրէն` 1918-1920 թուականները, երբ միմեանց տարածքային պահանջներ էին ներկայացնում «նորաթուխ» անկախ Վրաստանն ու Ազրպէյճանը: Այն ժամանակ Պաքուի եւ Թիֆլիսի միջեւ վէճեր էին ծագում մահմետականներով ու վրացիներով բնակեցուած տարածքների կապակցութեամբ, մասնաւորապէս Զաքաթալայի գաւառի, Կարայազի տափաստանի, Սիղնախի, Բորչալուի, Ախալցիխէի գաւառակների պատճառով: Առկայ են նաեւ Համկ(բ)Կ (Համառուսաստանեան կոմունիստական (պոլշեւիկեան) կուսակցութեան) Անդրկովկասեան պիւրոյի ոչ միանշանակ որոշումները Պաքուի եւ Թիֆլիսի միջեւ այն ժամանակ արդէն խորհրդային դարձած տարածքների` սահմանազատման մասին, որոնք, ըստ էութեան, դանդաղ գործողութեան հերթական ականներն էին Հարաւային Կովկասում (Արցախ, Օսեթիա, Աբխազիա, Հարաւային Տաղստան եւ այլն, որոնք տեղադրուած էին «բաժանիր, որ տիրես» հեռանկարային սկզբունքով: Այնուամենայնիւ, երկար ժամանակ համարւում էր, որ այդ տարածքային վէճերը վերջնականապէս կարգաւորուած են: Սակայն 20-րդ դարավերջին ԽՍՀՄ փլուզումից եւ Ազրպէյճանի ու Վրաստանի հերթական անկախացումից յետոյ պարզուեց, որ դա այնքան էլ չի համապատասխանում իրականութեանը: Վրաց-ազրպէյճանական տարածքային կնճիռներն առաւել քան շատ են, որոնց լուծումը փորձ արուեց գտնել երկու հարեւան երկրների սահմանագծման ու սահմանազատման` 1996 թուականին սկիզբ առած եւ առ այսօր աւարտին չհասած գործընթացի միջոցով:

Յայտնի է, որ Վրաստանը եւ Ազրպէյճանն ունեն, ըստ վրացական տուեալների  446 քմ, ըստ ազրպէյճանականի 480 քմ երկարութեամբ ընդհանուր պետական սահման, որից 180 քմ-ը կամ մէկ երրորդ մասը տակաւին սահմանագծուած ու սահմանազատուած չէ: Վրացի պատմաբանները յայտարարում են Էրեթի պատմական մարզի մասին, որի մի մասը գտնւում է ներկայիս Ազրպէյճանի տարածքում, ինչպէս նաեւ ներկայիս Ազրպէյճանի  Զաքաթալայի, Կախիի, Բելոկանի շրջանները համարում են վրացական Սաինգիլօ պատմական գաւառը, որտեղ վաղեմի ժամանակներից ի վեր ապրում են ինգիլոյցի կոչուող բնիկ վրացիները: Նրանց մի մասը, որ պահպանել է քրիստոնէական հաւատը, բնակւում է Կախիի շրջանում, իսկ միւս մասը, որ բռնի հաւատափոխութեան է ենթարկուել` դառնալով սիւննի մահմետական, Բելոկանի եւ Զաքաթալայի շրջաններում: Միեւնոյն ժամանակ, թէ քրիստոնեայ եւ թէ՛ մահմետական ինգիլոյցիները  խօսում են վրացերէն լեզուի իրենց` ինգիլոյական բառբառով:  Ազրպէյճանական կողմն արգելում է վրացական եկեղեցու գործունէութիւնն այդ տարածքում եւ բռնագրաւում տարածաշրջանի վրացական դպրոցների համար բերուած վրացերէն լեզուով դասագրքերը: Խիստ սահմանափակուած են նաեւ ինգիլոյցիների ազգային-մշակութային բնոյթի հանրային միջոցառումները:

Դրա հետ մէկտեղ, ի տարբերութիւն ազրպէյճանաբնակ վրացիների, իրավիճակը միանգամայն հակադարձ համեմատական է Վրաստանի ազրպէյճանական ազգութեան շուրջ կէս միլիոն քաղաքացիների կեանքում, որոնք օժտուած են մարդու բոլոր հիմնարար իրաւունքներով եւ ազատութիւններով` կրթութիւն են ստանում Պաքուից բերուած ազրպէյճաներէն դասագրքերով, ազատ դաւանում մահմետական կրօնը, մասնակից են երկրում տեղի ունեցող քաղաքական եւ հանրային գործընթացներին, զբաղեցնում են պետական պաշտօններ, ընտրւում խորհրդարանում ու տեղական կառավարման մարմիններում:

Ընդ որում` Վրաստանի ազրպէյճանական բնակչութեան  համար Պաքուից բերուող գրականութեան մէջ, մանաւանդ, կրթօճախների համար նախատեսուած պատմութեան դասագրքերում հետեւողականօրէն արծարծւում է Ազրպէյճանի գիտական շրջանակների կողմից առաջ մղուող այն թեզը, թէ Վրաստանն ամբողջութեամբ  ստեղծուած է ազրպէյճանական հողերի վրայ: Այսինքն` այն, ինչ սովորաբար ամենատարբեր ամպիոններից, անգամ Ազրպէյճանի նախագահի մակարդակով ասւում է Հայաստանի, Արցախի տարածքների իբր թէ պատմականօրէն ազրպէյճանական ժողովրդին պատկանելու մասին:

Սակայն եթէ Հայաստանի եւ Արցախի հասցէին նման տարածքային նկրտումների պարագայում Պաքուն ոչ մի կաշկանդուածութիւն չի զգում, քանզի ասում է որպէս պատերազմող կողմ իր թշնամու մասին, ապա այլ է բանը Վրաստանի` Հարաւային Կովկասում իր միակ ռազմավարական դաշնակցի հարցում: Ի վերջոյ, Վրաստանի տարածքով է, որ Պաքուն լուծում է արտահանման ենթակայ իր գլխաւոր արտադրանքի` նաւթի եւ կազի դէպի Եւրոպա տարանցման խնդիրը: Վրաստանի տարածքով է, որ անցնում է Պաքու-Թիֆլիսի-Կարս երկաթուղին` Ազրպէյճանը կապելով աւագ եղբօր` Թուրքիայի եւ նրա միջոցով` Եւրոպայի հետ: Ի վերջոյ, Վրաստանը շարունակում է մնալ թէկուզ մեռելածին, բայց, այնուամենայնիւ, ծննդեան վկայական ունեցող ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուքրանիա, Ազրպէյճան, Մոլտովա) ռազմավարական դաշինքի  անդամ, անհրաժեշտութեան պարագայում  միջազգային հարթակներում պաշտպանելով Ազրպէյճանի շահերը:  Այնպէս որ, այն կոշտ, բացայայտ թշնամական քաղաքականութիւնը, որ Պաքուն  վարում է Հայաստանի  եւ Արցախի նկատմամբ, հազիւ թէ նպատակայարմար ու կիրառելի համարի Վրաստանի հետ իր ներկայիս դաշնակցային ու գործընկերային յարաբերութիւններում:

Սակայն դժուար թէ այս ամէնը հիմք ծառայի ասելու համար, թէ Պաքուն միանգամայն անկեղծ ու կայուն նուիրուած է Թիֆլիսի հետ իր բարեկամական յարաբերութիւններում: Վրաստանը, փաստօրէն, գտնւում է թուրք-ազրպէյճանական տնտեսական յարձակման ճիրաններում: Բաւական է միայն նշել ուժանիւթի` նաւթի եւ կազի մատակարարումների խնդրում  Թիֆլիսի կախուածութիւնը Պաքուից, որպէսզի յստակ պատկերացում կազմուի այդ կախուածութեան աստիճանի մասին: Ամենայն հաւանականութեամբ անհիմն չեն այն վկայութիւններն ու պնդումները, որ ազրպէյճանական «ՍՈՔԱՐ» պետական նաւթային ընկերութիւնը փաստացի տէր ու տիրական է իրեն զգում Վրաստանում` լուծելով ինչպէս տնտեսական, նոյնպէս եւ քաղաքական, ընդհուպ մինչեւ համապետական ընտրութիւններում բնակչութեան կողմնորոշման հարցեր, ինչպէս դա վերջերս տեղի ունեցաւ նախագահական ընտրութիւնների ժամանակ: Վրաստանի տարածքում այդ ընկերութեանն են պատկանում փոխադրամիջոցների լիցքաւորման կայանների ու շտեմարանների մի ամբողջ ցանց, ինչպէս նաեւ վիթխարի նաւթային պահեստարան` սեւծովեան Քուլեւի նաւահանգստում, որի միջոցով իրագործւում է ազրպէյճանական նաւթի եւ նաւթամթերքի բեռնումն ու առաքումն աշխարհի շուկաներ:  Այդ ընկերութեան միջոցներով է, որ  Պաքուն լուծում է Վրաստանի ազրպէյճանաբնակ համայնքների կենսագործունէութեան ու զարգացման խնդիրները` առանձնապէս  խրախուսելով ու խթանելով այդ բնակավայրերում ազրպէյճանական ազգութեան բնակիչների տեսակարար կշռի աճը` հաշուի առնելով, որ Վրաստանում, ընդհանուր առմամբ եւ վրաց ժողովրդի շրջանում` մասնաւորապէս,  ցածր են ժողովրդագրական ցուցանիշները: Ուստի պատահական չէ ազրպէյճանական բնակչութեան  գերակշռութիւնը Վրաստանի հարաւ-արեւելեան շրջաններում` Քուեմօ-քարթլիի եւ Կախեթիայի տարածաշրջաններում, ինչը, բնականաբար, խիստ անհանգստացնում է վրաց հանրութեանը:

Այնուամենայնիւ, արդեօք Ազրպէյճանը զիջումների կը գնա՞յ  Դաւիթ Կարեճի վանական համալիրի հարցում` այն ամբողջութեամբ յանձնելով բարեկամ, ռազմավարական դաշնակից երկրի իրաւասու վերահսկողութեանը: Վերլուծաբանների կարծիքով` երբեք ոչ: Ինչու՞, հարց է ծագում,    մանաւանդ որ Ազրպէյճանի մահմետական բնակչութիւնը հազիւ թէ երբեւէ երես թեքի ներկայումս իր դաւանած կրօնից` իսլամից ու, եթէ իրօք աղուանցիների ժառանգներն են, ինչպէս պնդում են Պաքուի գիտական շրջանակներում ու պետական մարմիններում, վերադառնան նախնեաց հոգեւոր ակունքները` ապաշխարելով, Աստծոյ հետ հաղորդակցուելով դարեր ի վեր պահպանուած այդ աղօթարաններում: Ոչ ի հարկէ:Դաւիթ Կարեճի վանական համալիրը Պաքուին պէտք է միանգամայն այլ նպատակներով: Նախ,  խեղաթիւրելով պատմութիւնը եւ յաւակնելով հինաւուրց, իր իսկ պնդմամբ` աղուանական վանքին, Պաքուն փորձում է այդպիսով իսկ հաստատել Ազրպէյճանի, այսպէս ասած, «հինաւուրց» ծագումը: Ազրպէյճանի գիտական շրջանակների ու քաղաքական ղեկավարութեան տեսակէտով` Դաւիթ Կարեճիի համալիրը կարող է բանալի ծառայել Արցախի ու Հայաստանի պատմամշակութային յուշարձանների «աղուանական ծագումը բացայայտելու եւ հաստատելու» համար:

Ապա` Ազրպէյճանի համար այդ վանական համալիրն ունի զուտ ռազմական նշանակութիւն, քանզի ծովի մակերեւոյթից բաւական բարձր այդ տարածքից յստակ տեսանելի ու հասանելի են Սակարեճօ, Ռուսթաւի եւ վրացական այլ  բնակավայրերի արուարձանները: Դրանով իսկ Ազրպէյճանը հասկացնել է տալիս, որ ունի զաւթողական ծրագրեր` բուն վրացական տարածքի նկատմամբ:

Եւ վերջապէս. Ազրպէյճանը մշտապէս հակուած է իր տարածքն ընդլայնել  հարեւանների հաշուին եւ ունի ուրիշի հողերն իրեն միացնելու հարուստ փորձ, այդ պարունակում` անթաքոյց նկրտումներ հարեւան երկրների ու յարակից տարածքների` Իրանի, Տաղստանի, Արցախի, Սիւնիքի, Սեւանայ լճի աւազանի, նոյնիսկ Երեւանի, Թիֆլիսի նկատմամբ: Իրօք, բառիս բուն իմաստով բաղչագող է` պնդաճակատ ու անուղղելի, ինչը մենք` հայերս, վաղուց գիտենք ու քանիցս նրան, մեղմ ասած, «իջեցրել ենք» մեր այգու ծառերից` Արցախում լինի, թէ Հայաստանի սահմաններում:  Բայց ահա թէ ի՛նչ են մտածում տարածաշրջանի միւս այգետէրերը` Իրանը. Ռուսաստանը, Վրաստանը: Միթէ՞ պարզ չէ նրանց համար, որ անօգուտ, անիմաստ եւ անհեռանկար է նման մարդու, թէ պետութեան գլխին անվերջ խրատ կարդալը: Ի վերջոյ, հայկական առածը միայն մեզ` հայերիս չի յուշում հին իմաստնութիւնը, թէ` խեւին խրատն ի՞նչ անի, սեւին` սապոնը:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>