Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13218

Երկու Խօսք` Մեր Ծագումնաբանութեան Ու Անձնական Կապերի Մասին

$
0
0

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

Ընդ աստեղօք ի՜նչ կայ սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:

Մ. Պէշիկթաշլեան

Դատական շրջափակման անյաջող գործողութիւնը աւարտուեց տխուր եզրայանգումներով… դրանք, ցաւօք, մէկը չեն, ոչ էլ` երկուսը…Վարչապետի սահմանադրօրէն անթոյլատրելի երէկուայ յայտարութեանը հետեւեց այսօրուայ անթոյլատրելի արարքը մի քանի տասնեակ կիսագրագէտ ու պետական մտածողութիւնից զուրկ քաղաքացիների կողմից, ինչպէս նաեւ հնչեց մի նոր ելոյթ` ոչ հարիր ՀՀ ղեկավարին: Այդ ելոյթի ոչ խոհեմ եւ ոչ իրաւական ձեւակերպումների մասին կարելի է երկար խօսել, բայց ցաւալին միայն օրինականութեան հարթութեան մէջ չէ… Առաւել ցաւալին մեր ազգային միասնութիւնը խաթարող, լղոզուած ձեւակերպումների մէջ է. օրինակ` ի՞նչ է նշանակում «պարզել դատաւորի ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ ու անձնական կապերը». սա յստակ հասարակութեան պառակտման, «սեւ»-երի ու «սպիտակ»-ների բաժանելու ուղերձ է: Դէ, գնացէք ու պարզէք երկու եղբայրներ` Դաւիթ ու Գաբրիէլ Բալայեանների ծագումնաբանութիւնն ու անձնական կապերը. եղբայրներից առաջինին, որպէս դատաւոր, այսօր ամբոխը քաշքշում էր, միւսը` ամիսներ առաջ վարչապետի կողմից նշանակուեց պաշտպանութեան փոխնախարար… երրորդը` որպէս դեսպան, վաղը արտաքին աշխարհին, միջազգային կառոյցներին պիտի բացատրի, ինչ-որ մի պահի էլ գլուխը կախի այն բանի համար, որ այսօր տեղի է ունեցել իր երկրում, փորձի կատարուածի տակից դուրս գալ, վստահեցնել, որ մենք շարունակում ենք մնալ ժողովրդավար ու միջազգային պարտաւորութիւններին հաւատարիմ երկիր… Քա՛ւ լիցի, օրինակս Բալայեան եղբայրների զբաղեցրած պաշտօնների ու առհասարակ նրանց մասին չէ. ասածիս խորքը վարչապետի յայտարարած «ծագումնաբանութեան ու անձնական կապերի» մասին է… Այս եղբայրների ծագումնաբանութիւնն ու անձնական կապերը բնականօրէն շատ նոյնական ու խաչուած են, ինչպէս` այսօր քաղաքական տարբեր կամ նոյն հայեացքներ ունեցող շատ հարազատ ու բարեկամ, մտերիմ ու ընկեր մարդկանց… մի բուռ երկիր է, մի բուռ հայրենիք. կէս ժամ ում հետ զրուցես` բարեկամ է ու հեռու ազգական, մէկի պապը մէկի քաւորն է կամ քեռին, կամ գաղթել են իրար հետ կամ սովից փրկուել… բա եղա՞ւ. առանց այն էլ վերջին ամիսներին բազում ընկերներ ու բարեկամներ իրարից մի տեսակ խորթացել ու օտարոտի են դարձել, եթէ անգամ չեն վիճել, սիրտ էլ չունեն շփուելու, իրար հետ բան քննարկելու… ամենավատ բանը մարդկանց անձնական դաշտ մտնելն է. չկայ էս երկրում մի մարդ, որ դաշնակցական, հանրապետական կամ, վերջերս մոտա դարձած իմ քայլական (ՔՊ որպէս կուսակցութիւն գոյութիւն չունի) ընկեր-բարեկամ չունենայ… հիմա ի՞նչ` սկսեն իրար փնչացնել կամ պաշտօնի գնալու համար իրար հետ կը կռուեն… Չէ՛, դա լինելու կամ ասելու բան չէ. առաւել եւս` վարչապետի կողմից…

Եթէ ուզում ես իշխանութեան մարմիններից մէկի` այս դէպքում դատական իշխանութեան անդամների «ծագումնաբանութիւնն ու անձնական կապերը» նայես, նոյն յաջողութեամբ կարող ես նայել գործադիր եւ օրէնսդիր իշխանութեան անդամների ծագումնաբանութիւնն ու կապերը. սա ուղղակի կը նշանակի` վերջ. բոլորը պիտի կապեն ճամպրուկներն ու գնան… սկզբում` պաշտօնեաները, յետոյ ամբողջ ազգը: 100 տարուց աւել մենք չենք կարողացել նոյնքան արհեստական ներմուծուած «դաշնակի» (դաշնակցականի) ու «բոլշեւիկի» տարանջատումը մարսել, հիմա եկել, նոր բան ենք ներմուծում…չի կարելի. սա, մեղմ ասած, անթոյլատրելի է. եթէ սխալ եմ` խաչէք այս գիշեր, եթէ ճիշդ եմ, լսէք խորհուրդս, եթէ թքած ունէք ասածիս վրայ, ուրմեն ամէն բան կորած է, եթէ այլ ծրագիրներ ունէք` դուք կորած էք…

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13218

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>