ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ
Ուաշինկթըն-Անգարա հակասութիւնները պահպանւում են
Վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ արտաքին ճնշումները ոչ միայն պահպանւում են, այլեւ նկատելի են դառնում ճնշումների ընդլայնման միտումներ: Առանձնակի կարեւորութիւն է ներկայացնում յատկապէս Ուաշինկթընի ու Անգարայի միջեւ քաղաքական բնոյթի տարակարծութիւնների հարցը: Փորձագէտներից ոմանք առաջ են քաշում այն համոզմունքը, թէ հէնց Միացեալ Նահանգների հետ հակասութիւններն են էական ազդեցութիւն թողնում Թուրքիայի միջազգային ու տարածաշրջանային մեկուսացման գործընթացի վրայ: Յիշեցնենք, որ Ուաշինկթընը կիրառական քայլերի անցաւ եւ 2018թ. օգոստոսին տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Անգարայի նկատմամբ` պայմանաւորելով դա Թուրքիայում ամերիկացի հոգեւոր հովիւ Էնտրիւ Պրանսոնի ձերբակալութեամբ:
Միամտութիւն է կարծել, որ քահանայի ձերբակալութիւնն էր հիմնական առիթը կողմերի միջեւ լարուածութեան համար: Ըստ էութեան, Ուաշինկթըն-Անգարա հակասութիւնները շատ աւելի խորքային են եւ թերեւս չեն սահմանափակւում զուտ քաղաքական բնոյթով: Իրականում ամերիկացի քահանայի ձերբակալութիւնը երկկողմ խորքային անհարթութիւնների երեւացող դրսեւորումներից մէկն էր: Աւելի՛ն. թերեւս չենք սխալուի, եթէ հաստատենք, որ այդ տարակարծութիւններն անգամ չեն սահմանափակւում Թուրքիայի կողմից ռուսական Էս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցի կապակցութեամբ Ուաշինկթընի դժգոհութեամբ: Հարցի առնչութեամբ նշենք, որ ամերիկեան կողմը բացայայտ սպառնում է Անգարային պատժամիջոցներով, եթէ նա չհրաժարուի այդ գործարքից:
Հակուած ենք այն տեսակէտին, որ Միացեալ Նահանգների ու Թուրքիայի միջեւ տարակարծութիւնները Ուաշինկթընի մերձաւորարեւելեան ռազմավարութիւնում շեշտադրումների փոփոխութեան հետեւանք են: Ի հարկէ, այստեղ խօսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Սպիտակ տունը վերանայում է Մերձաւոր Արեւելքում իր ռազմավարական դաշնակցի հետ նախկին համագործակցային ձեւաչափը: Սակայն այն, որ Թրամփի վարչակազմում Մերձաւոր Արեւելքում ամերիկեան ռազմավարութեան «տեղայնացման» նախկին գործելակերպը դարձել է աւելի գործնապաշտական, «չոր» հաշուարկուած, երկու կարծիք լինել չի կարող: Ուաշինկթընում համարում են, որ, շահերի արագ փոփոխման տրամաբանութիւնից ելնելով, Մերձաւոր Արեւելքում երկկողմ ձեւաչափով նախկին ռազմավարական դաշինքները կարող են վերաձեւակերպուել:
Առաւելութիւն է տրւում բազմաձեւաչափ կամ, այլ կերպ ասած, քոալիսիոն սկզբունքով ստեղծուող դաշինքներին, որոնցում ներկայացուած են տարբեր շահեր: Նման դաշինքները հնարաւորութիւն են տալիս Ուաշինկթընին նուազեցնելու մէկ կեդրոնից կախուածութեան ռիսքերը, որոնք երբեմն խնդրայարոյց են երկկողմ դաշինքների դէպքում: Օրինակ` Ուաշինկթընում մեծ են ակնկալիքները հակաիրանական քոսալիսոնի ստեղծման հարցում: Միւս կողմից` Միացեալ Նահանգները քաղաքական զգալի աջակցութիւն են ցոյց տալիս Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս եռակողմ դաշինքին, որը փորձագիտական դաշտում յայտնի է հակաթուրքական առանցք անուանումով: Ակնյայտօրէն, Յունաստանն ու Կիպրոսը, որոնք ընկալում են Թուրքիան որպէս իրենց բնական հակառակորդ, դաշնակցային համագործակցութիւն են հաստատել Իսրայէլի հետ, մի երկրի, որը վերջին տարիներին նոյնպէս հակասութիւններ ունի Անգարայի հետ: Աւելի՛ն. այսօր Ուաշինկթընում բացայայտ խօսում են այն մասին, որ Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութիւնների սառեցման դէպքում Ուաշինկթընը կարող է Թուրքիայի Ինճիրլիք խարիսխում գտնուող ամերիկեան զօրքերը եւ սպառազինութիւնը տեղակայել Յունաստանում: Ի դէպ, ասուածի հաստատումն է այն, որ, խոշոր հաշուով, այսօր այլեւս դադարել է գործել Իսրայէլ-Թուրքիա երկկողմ ռազմավարական դաշինքը, որը ժամանակին կարեւորագոյն նշանակութիւն ունէր Ուաշինկթընի մերձաւորարեւելեան ռազմավարութեան ճարտարապետութիւնում:
Խնդիրներ` Սէուտական Արաբիա-Թուրքիա յարաբերութիւններում
Սէուտական Արաբիայի ու Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցութեան տրամաբանութիւնը չի արտացոլում երկկողմ գործակցութիւնը քաղաքական հարթութիւնում: Սէուտական Արաբիային մտահոգում է նաեւ Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի հեղինակութեան ու դերի մեծացման հարցը: Տարածաշրջանում երկու տէրութիւնները մշտապէս մրցակցել են արաբական, իսլամական աշխարհում առաջնորդութեան «տիտղոսի» համար: Այս ճամբարում Անգարայի դերակատարման հնարաւորութիւններն ընդլայնուել են` պայմանաւորուած Իսրայէլի հետ Անգարայի յարաբերութիւնների սառեցման հանգամանքով: «արաբական գարնան» ալիքը լաւ հնարաւորութիւն է Անգարայի համար` ամրապնդելու դիրքերը տարածաշրջանում: Մինչ վերջերս հարթ էին ընթանում ինչպէս Սէուտական Արաբիայի, այնպէս էլ Թուրքիայի ռազմավարական գործակցային յարաբերութիւնները Միացեալ Նահանգների հետ: Մինչ վերջերս երկու երկրներն էլ ամերիկեան սպառազինութիւնների մատակարարման խոշոր շուկաներից էին: Իրավիճակը որոշակիօրէն փոխուեց հէնց Թուրքիայի պարագայում. պաշտօնական Անգարան փորձում է տարբերակայնացնել սպառազինութեան մատակարարման ուղիները` մասնաւորաբար ոլորտում զարգացնելով երկխօսութիւնը Մոսկուայի հետ: Արդիւնաւէտ է ընթանում նաեւ Անգարա-Մոսկուա քաղաքական գործակցութիւնը:
Վերջին շրջանում կողմերի միջեւ յարաբերութիւնները սառեցին` կապուած 2018թ. հոկտեմբերի սկզբին Պոլսում Սէուտական Արաբիայի հիւպատոսութեան տարածքում սէուտցի լրագրող Ճամալ Խաշոկճիի սպանութեան հետ: Լրագրողն իր հրապարակախօսականներում քանիցս քննադատել էր ինչպէս Սէուտական Արաբիայի, այնպէս էլ Միացեալ Նահանգների ղեկավարութեանը: 2017թ.-ից Սէուտական Արաբիայի իշխանութիւնների ճնշումների պատճառով նա լրագրողական գործունէութիւնը ծաւալում էր Միացեալ Նահանգներում: Պէտք է նշել, որ Խաշոկճիի սպանութիւնը բացասաբար անդրադարձաւ նաեւ Սէուտական Արաբիայի ու Միացեալ Նահանգների փոխյարաբերութիւնների վրայ: Ուաշինկթընում չեն բացառում սպանութեան հարցում Սէուտական Արաբիայի իշխանութիւնների ներգրաւուածութիւնը: Շրջանառւում էր այդ երկրի գահաժառանգ Մոհամատ պըն Սալմանի անունը, որի հասցէին բացայայտ քննադատութիւն էր հնչեցնում սէուտցի լրագրողը: Կայ փորձագիտական կարծիք, որի համաձայն, Սէուտական Արաբիայի իշխանութիւնների նկատմամբ ամերիկեան դժգոհութիւնները նոր չեն, եւ Ուաշինկթընում տարբերակներ են քննարկւում այդ երկրում նոյնպէս յեղաշրջման ալիք «տեղայնացնելու» հնարաւորութիւն: Շրջանառուող այլ վարկածով, սէուտցի լրագրողի սպանութիւնը կազմակերպել են Թուրքիայի յատուկ ծառայութիւնները` Ուաշինկթըն-Ռիատ յարաբերութիւններում լարուածութեան հրահրման, տարածաշրջանում Սէուտական Արաբիայի դիրքերը թուլացման նպատակներով: Կարծում ենք, որ լրագրողի սպանութեանը Սէուտական Արաբիայի իշխանութիւնների մասնակցութեան հաւանականութիւնն այնքան էլ մեծ չէ: Հասկանալի էր, որ լրագրողի սպանութիւնն արժանանալու էր Ուաշինկթընի սուր քննադատութեանը: Սպասելի էր նաեւ, որ այդ քննադատութիւնների հասցէատէրը լինելու էին Սէուտական Արաբիայի իշխանութիւնները, որոնց քաղաքական օրակարգում չէր կարող լինել Ուաշինկթընի հետ յարաբերութիւնների սառեցման հարց:
Ինչեւէ, վերադառնալով Սէուտական Արաբիա-Թուրքիա հակասութիւններին, նշենք, որ վերջերս ՍԷուտական Արաբիայի իշխանութիւնները մեծացնում են Անգարայի նկատմամբ արտաքին ճնշումները` օգտագործելով Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրականացուած Ցեղասպանութեան ճանաչման հարցը: Ընթացիկ տարուայ ապրիլի սկզբին Լիբանանում Սէուտական Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարին այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարան, հանդիպում ունեցաւ Արամ Առաջինի հետ եւ Հայոց ցեղասպանութեան մատուռում յարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին: Ի հարկէ, դատապարտելի է, երբ հայերի դէմ իրականացուած ցեղասպանութեան ճանաչման հարցը դառնում է միջազգային յարաբերութիւններում քաղաքական գործիք եւ չի դիտարկւում հարցի լուծման համամարդկային, բարոյական կողմերից, այդուհանդերձ, արձանագրենք, որ Սէուտական Արաբիայի նման նախաձեռնութիւնը խորհրդանշական է, մի երկրի, որն այդպէս էլ չի ճանաչել Հայաստանի անկախութիւնը: Կարծում ենք, որ հայկական կողմի համար սա լաւ առիթ է Սէուտական Արաբիայի հետ քաղաքական երկխօսութիւն հաստատելու համար:
Անորոշ հեռանկարներ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցում
Պահպանւում է Թուրքիա-ԵՄ համագործակցութեան հեռանկարի անորոշութիւնը: Այս տարուայ փետրուարի 20-ին Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ընդունուած բանաձեւի նախագծով, Եվրոյանձնաժողովին եւ Եւրոմիութեան անդամ երկրներին առաջարկւում էր սառեցնել այդ կառոյցին Թուրքիայի անդամակցութեան հարցի շուրջ տարուող բանակցութիւնները: Նման որոշումը հիմնաւորւում է Թուրքիայում մարդու իրաւունքների խախտման, դատական համակարգի գործունէութեանը գործադիր իշխանութեան միջամտութեան, փտածութիւն եւ այլ պատճառներով: Պաշտօնական Անգարան ակնկալում է, որ մայիսին նախատեսուող Եւրոխորհրդարանի ընտրութիւնների արդիւնքում նոր կազմը դրական գնահատական կը տայ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացին:
Ամփոփում
Անհրաժեշտ է նշել, որ այս ամէնի պարունակում համեմատաբար հարթ են ընթանում Թուրքիայի քաղաքական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Կարծում ենք, որ դա կարող է պայմանաւորուած լինել երկու հանգամանքով` Թուրքիայի կողմից ռուսական Էս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման հարցի շուրջ ընթացող բանակցութիւններով եւ Անգարայի նկատմամբ Մոսկուայի «փափուկ» դիրքորոշմամբ: Ռուսական կողմի տեսանկիւնից` գործարքն ունի ոչ միայն ռազմա-զինատեսակային այլեւ ռազմավարական հետեւանքներ, եթէ հարցը դիտարկենք Թուրքիայի նկատմամբ Միացեալ Նահանգների, ՕԹԱՆ-ի ազդեցութեան նուազեցման հնարաւորութեան պարունակում: Մեր գնահատմամբ, նման հաւանականութիւնը բաւական ցածր է կամ, լաւագոյն դէպքում, իրավիճակային բնոյթ կ՛ունենայ: Եւ երկրորդ` Ռուսաստանը կարեւորում է Թուրքիայի մասնակցութիւնը սիրիական ճգնաժամի յաղթահարման գործին: Այդ ամէնով հանդերձ, նոյն սիրիական ուղղութեամբ թէեւ կողմերը ունեն գործակցային հիմքեր, առկայ են նաեւ քաղաքական, ռազմական անհամաձայնութիւններ. հակադրւում են կողմերի շահերը քրտերի, Սիրիայի նախագահ Պաշշար Ասատի իշխանութեան պահպանման եւ, առհասարակ, Սիրիայում դիրքերի ու ազդեցութեան ուղղութեամբ մրցակցութեան հարցերում: Մոսկուան բաւական ցաւոտ է ընկալում Սիրիայում ինչպէս Իրանի, այնպէս էլ Թուրքիայի դիրքերի ընդլայնումը, որի զսպման ուղղութեամբ Մոսկուան փորձում է զարգացնել գործակցութիւնը Իսրայէլի հետ:
Ամփոփելով վերը շարադրուածը` յաւելենք, որ միջազգային յարաբերութիւններում Թուրքիայի համար ստեղծուած ոչ այնքան բարենպաստ իրավիճակում հայկական կողմի համար հնարաւորութիւններ են բացւում աշխատանքներ տանելու հակաթուրքական բնոյթի գործընթացներում ու ճամբարներում: Միաժամանակ նշենք, որ որեւէ երաշխիք չկայ, որ այդ իրավիճակը կը պահպանուի առաջիկայում եւս: Ասենք աւելին` փոքր չէ հաւանականութիւնը, որ Անգարան ստեղծուած իրադրութիւնը կարող է «զարգացնել» Ուաշինկթընից առաւելագոյնը ստանալու ակնկալիքով: Ուստի, թէեւ կողմերի միջեւ պահպանւում է լարուածութիւնը, սակայն չենք բացառում յարաբերութիւններում կտրուկ շրջադարձի հնարաւորութիւն` յօգուտ Անգարայի:
Պակաս կարեւոր չէ նաեւ այն հարցը, որ հայկական կողմը կարող է եւ պէտք է մեզ համար ձեւաւորուող նման բարենպաստ քաղաքական, դիւանագիտական միջավայրն օգտագործել հակաթուրքական միտումներում Թուրքիայի հետ Ազրպէյճանի կապակցմամբ, ազրպէյճանական կողմի ներգրաւման քաղաքականութեան առաջ մղման համար: