Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13224

Տնտեսական Պատժամիջոցները` Քաղաքական Լծակ

$
0
0

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Ակնկալիքներ, երբ տեսութիւնը չի դառնում գործ

Թերեւս երկու կարծիք լինել չի կարող այն հարցում, որ ներկայում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային յարաբերութիւնների անբաժանելի բաղադրիչը: Տեսականօրէն տնտեսական պատժամիջոցները կարեւորագոյն գործիք են միջազգային յարաբերութիւններում կայունութեան ու անվտանգութեան ապահովման համար: Մեր պատկերացմամբ, գործնականում տնտեսական պատժամիջոցներն, ըստ էութեան, ունեն մարդասիրական առաքելութիւն: Տնտեսական պատժամիջոցների գործառոյթները պէտք է ուղղուած լինեն հակամարտութիւնների ու ռազմական բախումների, միջազգային ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի սպառնալիքների զսպմանն ու չէզոքացմանը: Ըստ այդմ, թէ՛ տեսականօրէն, թէ՛ գործնականում տնտեսական պատժամիջոցների կենտրոնում մարդն է, անհատը, իսկ դրանց կիրառման անհրաժեշտութիւնը կարող է առաջանալ այն ժամանակ, երբ վտանգւում կամ կարող են վտանգուել մարդը, նրա իրաւունքներն ու ազատութիւնը: Այդ առումով, տնտեսական պատժամիջոցները ենթադրում են այդ թւում ընկերային կարեւորագոյն գործառոյթ: Միւս կողմից` որքան ընդլայնւում է տնտեսական պատժամիջոցների նշանակութիւնը եւ ազդեցութիւնը միջազգային յարաբերութիւններում, այնքան մեծանում է ոլորտի խոցելիութեան սահմանն ու խորութիւնը: Մեծանում է առանձին շահերով խմբի կամ խմբերի, կազմակերպութիւնների ու երկրների կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառման գայթակղութիւնը: Ըստ էութեան, ի տարբերութիւն այլ ճնշման, ազդեցութեան լծակների, տնտեսական պատժամիջոցների արդիւնաւէտութիւնն ու ՕԳԳ-ն անհամեմատ բարձր են, թիրախային: Դրանք համեմատաբար քիչ ծախսատար են, հնարաւորութիւն են տալիս խուսափելու ռազմական միջամտութիւնից ու դրա պատճառով առաջացող մարդկային, ֆինանսական ու նիւթական կորուստներից: Ասել է թէ, կրկին տեսականօրէն, տնտեսական պատժամիջոցներն իրենց գործառոյթներով ու էութեամբ դիւանագիտական կարեւորագոյն գործիք են:

Ելնելով առկայ ռիսքերից ու մարտահրաւէրներից` առաջնային կարեւորութիւն է ձեռք բերում տնտեսական պատժամիջոցների` բազմակողմանի ձեւաչափով կիրառման հարցը` հիմնուած բացառապէս միջազգային իրաւունքի վրայ: Ըստ այդմ, տնտեսական պատժամիջոցները կարող են սահմանուել միայն հաւաքական որոշմամբ` ելնելով միջազգային իրաւական հիմքերից: Միեւնոյն ժամանակ, ի հարկէ, սա չի բացառում տուեալ շահերով խմբի կամ խմբերի կողմից միջազգային իրաւունքի շրջանցման հնարաւորութիւն` այն  պարզ պատճառով, որ նոյն այդ միջազգային հարթակի որոշումների կայացման մեքանիզմները կարող են յարմարեցուել առանձին երկրի կամ երկրների շահերին: Օրինակ` անհրաժեշտութեան դէպքում տուեալ բանաձեւի անցկացման հարցում կարող են գործադրուել եւ գործադրւում են ուժային-քաղաքական ճնշման միջոցներ, կամ յետքուլիսային պայմանաւորուածութեան ձեռք բերումով ապահովւում է ձայների մեծամասնութիւն:

Գործնապաշտութիւն. ռէալփոլիթիք

Մերօրեայ միջազգային յարաբերութիւններում տնտեսական պատժամիջոցներ հիմնականում սահմանւում են միակողմանի սկզբունքով` առանձին վերցրած երկրի ղեկավարութեան համապատասխան որոշման հիման վրայ: Սա պայմանականօրէն կարելի է անուանել որպէս պատժամիջոցների սահմանման ուժային տարբերակ, քանի որ այդ որոշումը, ըստ էութեան, հակասում է միջազգային իրաւունքի սկզբունքներին: Որոշման կայացման հարցում հաշուի չեն առնւում միջազգային այլ իրաւատէրերի մօտեցումները: Տնտեսական պատժամիջոցների միակողմանի սահմանումը թէեւ ենթադրում է պատժամիջոցների ենթարկուող երկրի կամ իրաւատէրի առանձին շահերով խմբերի նկատմամբ տնտեսական բնոյթի սահմանափակումներ, այդուհանդերձ, իր էութեամբ այն քաղաքական որոշման արդիւնք է, ներկայանում է որպէս քաղաքական գործիք կամ ճնշման լծակ: Նշեալ իրողութիւնն իր հերթին մեծացնում է պատժամիջոցների սահմանման մարդասիրական, ընկերային հետեւանքների խոցելիութեան դաշտը` պայմանաւորուած պատժամիջոցները սահմանող երկրի ղեկավարութեան քաղաքական, որոշ դէպքերում` միանձնեայ, կամայական որոշումներով:

Մասնագիտական գրականութիւնում տնտեսական պատժամիջոցները, որոնք բաժանւում են երկու հիմնական խմբերի` ֆինանսական ու առեւտրային, կարող են հետապնդել մի քանի հիմնական նպատակներ, յաճախ ներկայանում են միասնական`

– Տուեալ ոլորտում կամ հարցում պատժամիջոցների ենթարկուած երկրի քաղաքական ուղեգծի փոփոխում, այդ թւում` իշխանափոխութեան միջոցով,

– Ներքին ու արտաքին լսարանի համար վճռակամութեան կամ քաղաքական կամքի ցուցադրում,

– Հակամարտութեան կամ ռազմական գործողութիւնների կանխարգելում կամ դադարեցում:

Վերջին տասնամեակների կտրուածքով` միակողմանի սկզբունքով տնտեսական պատժամիջոցների սահմանման ու կիրառման փորձը յայտնի է յատկապէս Միացեալ Նահանգներում: Բերենք օրինակներ: Իրանի ուղղութեամբ Միացեալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների միակողմանի սահմանման աւանդոյթը, տարբեր շեշտադրումներով, գալիս է դեռ նախորդ դարի 50-ականներից, որոնք շարունակւում են մինչ օրս: Այսօր թերեւս դժուար է հաշուարկել, թէ տասնամեակների ընթացքում Իրանի նկատմամբ սահմանուած զուտ ամերիկեան տնտեսական պատժամիջոցներն ի՛նչ տնտեսական հետեւանքներ են ունեցել: Սակայն այն, որ դրանք շօշափելի ազդեցութիւն են ունեցել երկրի տնտեսութեան ու հասարակութեան բարեկեցութեան վրայ, թերեւս դժուար է չհամաձայնել:

1960-ականներից սկսած` ամերիկեան տնտեսական պատժամիջոցներ գործում են Քուպայի նկատմամբ: Քուպայի պաշտօնական տուեալներով, աւելի քան 4 տասնամեակ տեւած ամերիկեան պատժամիջոցների պատճառով երկրի տնտեսութիւնն ունեցել է շուրջ 80 միլիառ տոլարի վնաս: Յիշեցնենք, որ ՄԱԿ-ը մէկ անգամ չէ հանդէս եկել Քուպայի նկատմամբ Միացեալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների սահմանումը դատապարտող յայտարարութիւններով ու բանաձեւերով, սակայն դրանք, որպէս կանոն, իրաւաքաղաքական ազդեցութիւն չեն ունեցել պատժամիջոցների վերացման հարցում:

Տասնամեակների պատմութիւն ունի նաեւ ամերիկեան պատժամիջոցների սահմանման գործընթացը Հիւսիսային Քորէայի նկատմամբ: Այդ փորձը մեկնարկել է 1950-ականներից:

Ընդհանուր առմամբ, Միացեալ Նահանգներ տնտեսական տարբեր տեսակի եւ թիրախների պատժամիջոցներ է սահմանել աւելի քան երկու տասնեակ պետութիւնների նկատմամբ: Յետխորհրդային տարածքում ամերիկեան պատժամիջոցներ սահմանուել են Պիելոռուսիոյ, Ուքրանիոյ ու Ռուսաստանի նկատմամբ: Պիելոռուսիայում, օրինակ, պատժամիջոցները սահմանուեցին 2004թ.-ին, ինչը պայմանաւորուած էր սպառազինութիւնների մատակարարումների վերաբերեալ տեղեկատուութեան տրամադրման եւ երկրում ժողովրդավարական գործընթացներին աջակցման, մարդու իրաւունքների հարցերով:

Հետաքրքիր կը լինէր հաշուարկել, թէ որքա՛ն է, առհասարակ, գնահատւում Միացեալ Նահանգների կողմից տարբեր երկրների, կազմակերպութիւնների ու անհատների նկատմամբ կիրառուած տնտեսական պատժամիջոցների պատճառած տնտեսական վնասների ծաւալը, ինչպէս նաեւ` հաշուարկել այն օգուտները, որոնք թողել են այդ պատժամիջոցները` ելնելով անվտանգային միջավայրի ապահովման հարցերից:

2018թ. օգոստոսի սկզբին Միացեալ Նահանգներ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ, ինչը Ուաշինկթընը կապում էր Թուրքիայում ամերիկացի հոգեւոր հովիւ Էնտրիւ Պրանսոնի ձերբակալութեան հետ: Փորձագէտներից շատերի կարծիքով, ամերիկեան կողմի համար դա ընդամէնը պատրուակ էր: Իրականում ամերիկեան տնտեսական պատժամիջոցների սահմանումն ուղղակիօրէն պայմանաւորուած էր Թուրքիայի կողմից ռուսական Էս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման մասին Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնութեան հետ: Ընդ որում, դրանք ամերիկեան առաջին պատժամիջոցներն էին, որ սահմանուեցին ՕԹԱՆ-ի անդամ պետութեան նկատմամբ: Աւելի՛ն. վերջերս Միացեալ Նահանգների ծերակուտական Պոպ Մենենտեսը բացայայտ յայտարարեց, որ եթէ Թուրքիան չհրաժարուի գնել ռուսական Էս-400 զենիթահրթիռային համալիրները, ապա Ուաշինկթընը պատժամիջոցներ կը սահմանի Թուրքիայի նկատմամբ: Ի հարկէ, ՕԹԱՆ-ի անդամ երկրի կողմից ռուսական Էս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքը հակասում է Միացեալ Նահանգների ռազմավարական շահերին եւ վերջինիս դիտանկիւնից ունի անվտանգային կարեւոր ուղերձ, այդուհանդերձ, ըստ էութեան, արդէն սահմանուած ու նախատեսուող հնարաւոր տնտեսական պատժամիջոցներն ունեն քաղաքական յստակ տողատակ ու բովանդակութիւն:

Ի դէպ, շատ յաճախ Միացեալ Նահանգների տնտեսական պատժամիջոցները ուղղակի կամ անուղղակի տարածւում են նաեւ այն երկրների, առանձին կազմակերպութիւնների կամ անհատների վրայ, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են ամերիկեան պատժամիջոցների տակ գտնուող երկրի, առանձին շահերով խմբի, կազմակերպութիւնների հետ: Այդ առումով եւս որքանո՞վ է արդարացուած նման տնտեսական պատժամիջոցների սահմանման հանգամանքը, եթէ այն առհասարակ արդարացուած կարելի է համարել:

Ի տարբերութիւն տնտեսական պատժամիջոցների սահմանման ամերիկեան միակողմանի փորձի, միջազգային իրաւունքի տեսանկիւնից համեմատաբար քիչ խոցելի են ԵՄ-ի կողմից տարբեր պետութիւնների կամ շահերի առանձին խմբերի նկատմամբ սահմանուած պատժամիջոցները, որտեղ հաշուի են առնւում ԵՄ անդամ բոլոր երկրների ձայները:

Տնտեսական սահմանափակումների լծակն օգտագործւում է այդ թւում Ռուսաստանի կողմից: Կէս տասնամեակում մասնաւորապէս մեծ կիրառութիւն է ստացել ՌԴ արդիւնաբերական արգելքը տարբեր երկրներից դէպի ռուսական շուկայ գիւղատնտեսական, արդիւնաբերական եւ այլ տեսակի արտադրանքների մուտքի հարցերում: Տնտեսական սահմանափակումները սկսել են գործել 2014թ. օգոստոսի սկզբին ընդունուած` ՌԴ նախագահի «ՌԴ անվտանգութեան ապահովման նպատակներով տնտեսական առանձին յատուկ միջոցառումների կիրառման մասին» հրամանի համաձայն: 2014թ.-ից ՌԴ-ի կողմից արդիւնաբերական արգելք է սահմանուել ԵՄ երկրների, Միացեալ Նահանգների, Քանատայի, Ուքրանիոյ, Վրաստանի եւ այլ երկրների նկատմամբ: Միայն 2013թ.-ին ՌԴ-ի կողմից արգելափակում էր սահմանուել այդ երկիր մատակարարուող, ընդհանուր առմամբ, շուրջ 9,1 միլիառ տոլարի ապրանքատեսակների նկատմամբ (2014թ. ընդունուած օրէնքը տարածւում էր 2013թ. ապրանքաշրջանառութեան վրայ): Փորձագէտների մի մասը համարում է, որ մասնաւորապէս Վրաստանի եւ Ուքրանիոյ նկատմամբ ՌԴ-ի սահմանած որոշ ապրանքատեսակների` ՌԴ շուկայ մուտքի արգելքն ունէր յստակ քաղաքական տողատակ` պայմանաւորուած ռուս-վրացական, ռուս-ուքրանական քաղաքական հարթութեան տարակարծութիւններով:

Հայեացք Հայաստանից

Հայաստանի տնտեսութիւնը քանիցս անուղղակի եւ ուղղակի կերպով տնտեսական վնասներ է կրել մասնաւորապէս Միացեալ Նահանգների կողմից Ռուսաստանի, Իրանի նկատմամբ սահմանուած տնտեսական պատժամիջոցների պատճառով: Սակայն այստեղ խնդիր կայ նաեւ այլ` անվտանգային հարթութիւնում, որն, ըստ մեզ, անհամեմատ շատ աւելի մեծ կարեւորութիւն ունի հայկական կողմի համար: Խօսքը վերաբերում է նրան, որ մինչ օրս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ որեւէ երկիր, եւ առաջին հերթին` Միացեալ Նահանգներն, անվտանգային նկատառումներից ելնելով, այդպէս էլ տնտեսական պատժամիջոցներ չնախատեսեց Ազրպէյճանի իշխանութիւնների ու նրա առանձին բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ` արցախա-ազրպէյճանական, հայ-ազրպէյճանական սահմանային միջադէպերի նախաձեռնման, խափանարարական ներթափանցման գործողութիւնների համար: Շատ աւելի անհասկանալի է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը 2016թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների առումով, որտեղ կան յստակ ապացոյցներ ռազմական յանցագործութիւնների մասին, այդ թւում եւ` քաղաքացիական անձանց նկատմամբ: Կարծում ենք, որ հայաստանեան փորձագիտական շրջանակներում նոյնպէս այդ հարցում տնտեսական պատժամիջոցների սահմանման նիւթը անհրաժեշտ կերպով ուսումնասիրուած չէ եւ չի բարձրացւում միջազգային ատեաններում: Շեշտադրումը պէտք է լինի այն հարցի վրայ, որ նման գործողութիւնների համար ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների արձագանգը պէտք է ունենայ իրաւական, տնտեսական պատժիչ յստակ գնահատականներ ու հետեւանքներ:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13224

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>