Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13227

«Վէմ» Հանդէսի 2019-ի Առաջին Թիւը Արդէն Լոյս Տեսաւ

$
0
0

Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2019 թուականի 1-ին համարը` սովորականից մեծ ծաւալով (366 էջ): Պատճառն այն է, որ ներկայ տարեսկիզբը հարուստ է յոբելենական տարեթուերով, որոնց շարքում հանդէսը նախ եւ առաջ կարեւորել է 2019-ի յունուարին լրացած ՀՅԴ-ի հիմնադիրներից մէկի` Ռոստոմի մահուան 100-րդ տարելիցը պատշաճ կերպով ոգեկոչելու անհրաժեշտութիւնը:

Նախ` Ռոստոմի յիշատակին նուիրուած խմբագրականի միջոցով փորձ է արւում ընթերցողին ներկայացնելու նրա քաղաքական ժառանգութեան այն ուսանելի ու մնայուն շերտը, որն արդիական է նաեւ մեր օրերում: Այնուհետեւ, ՀՅԴ արխիւների լաւագոյն գիտակ Երուանդ Գ. Փամպուքեանի պատրաստած փաստաթղթերի ծաւալուն փաթեթի հրապարակման միջոցով շարունակւում է Ռոստոմի գաղտնի նամակ-հրահանգներից ՀՅԴ Կեդրոնական արխիւում մնացած սեւագրութիւնների տպագրութիւնը:

Հիմնարար բնոյթ ունի միւս երկու մեծ յոբելեարների` Յովհաննէս Թումանեանի եւ Լեւոն Շանթի կենսաիմաստասիրութեան քննութեանը նուիրուած` Արամ Գ. Ալեքսանեանի ուշագրաւ յօդուածը: Այստեղ հայ գրականագիտութեան մէջ առաջին անգամ ցոյց է տրւում, որ այդ երկու ականաւոր գրողների ու մտածողների աշխարհայեացի ձեւաւորման տեսական-փիլիսոփայական հիմքը գերմանացի մեծ մտածող Վիլհելմ Վունտթի պսիխոֆիզիկան է, ուստի սխալուել են բոլոր նրանք, ովքեր ժամանակին փորձել են նիցչէականութիւն փնտռել Յովհաննէս Թումանեանի եւ Լեւոն Շանթի կենսաիմաստասիրութեան խորքային շերտերում:

Թումանեանագիտութեան մէջ արժէքաւոր ճշգրտումներ է կատարել նաեւ Արարատ Մ. Յակոբեանը` բացայայտելով 1921 թ. Փետրուարեան ապստամբութեան օրերին Երեւան կատարած նրա այցի մանրամասները:

«Վէմ»-ի 2019 թ. 1-ին համարը խիստ հարուստ է արխիւային վաւերագրերի հրապարակումներով: Սկսուել է զօրավար Թովմաս Նազարբէկեանի անտիպ մնացած յուշերի տպագրութիւնը, աւարտուել է ժամանակին հայ ազգային-նարոդնիկական կազմակերպութիւններին մաս կազմած դաշնակցական գործիչների վերաբերեալ ցարական Ոստիկանութեան դէպարտամենտի հաւաքած փաստաթղթերի հրապարակումը, որի երկրորդ մասը հարուստ տեղեկութիւններ է պարունակում 1890-ին ձեւաւորուած ՀՅԴ առաջին Կեդրոնական վարչութեան անդամ Աբրահամ Դաստակեանի յեղափոխական գործունէութեան մասին:

«Վէմ»-ի 2019 թուականի 1-ին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ ուսումնասիրութիւններ ու հրապարակումներ: Ներկայացնում ենք նրա բովանդակութիւնն ու խմբագրականը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Ի՞ՆՉ Կ՛ԱՆԷՐ ՌՈՍՏՈՄԸ
3
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Աշոտ Ս. Աբրահամեան
ՆՇԱՆԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՉԱՐԼԶ ՓԻՐՍԸ
9
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Արսէն Կ. Շահինեան (Ս. Փեթերպուրկ)
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՒՈՐՈՒՄՆ ԻՐԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՄԱՐԶՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ
Բիւզանդիայի հետ հակամարտութեան աւարտական փուլում (Զ. դարավերջ – Է. դարասկիզբ)
30
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
Ալբերտ Ա. Ստեփանեան
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՊՈԷՏԻԿԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԸ
Մարք Պլոքի «Պատմութեան պաշտպանական կամ պատմաբանի արհեստը» երկի հայերէն թարգմանութեան առիթով
51
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Արամ Գ. Ալեքսանեան
ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ
Վիլհելմ Վունտթի պսիխոֆիզիկայի ուսմունքի հետ առնչութիւնների համաթեքսթում
67
Ազատ Կ. Եղիազարեան
ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԱԶԸ. ԼԵՐՄՈՆՏՈՎ – ԻՍԱՀԱԿԵԱՆ – ԱԼ. ՊԼՈՔ
Գրականագիտական էտիւդ
100
ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Արփինէ Մ. Աւետիսեան
ՆՈՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒ ՆԵՐԲՈՂՆԵՐՈՒՄ
109
Անահիտ Զ. Ադիլխանեան
«ԴՈՒ»/«ԴՈՒՔ» ԴԻՄԵԼԱՁԵՒԵՐԸ ՀԱՅԵՐԷՆԻ ԽՕՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏՈՒՄ
117
ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Արմինէ Ա. Գաբրիէլեան
ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԿԱԹՍԱՅԱՏԻՊ ԱՆՕԹՆԵՐԸ
128
Արծրունի Ս. Սահակեան, Աշոտ Գ. Մանուչարեան
Յակոբ Ս. Խաթլամաջեան, Սասուն Մ. Յարութիւնեան
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ՄԵԾ ՍԱԼԱ ԳԻՒՂԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Նոր մանրամասներ Սիմոն Վրացեանի տոհմի ծագման մասին
139
ՄՇԱԿՈՅԹ
Արթուր Տ. Վարդիկեան
ԱՐՏԱՒԱԶԴ ՓԵԼԵՇԵԱՆԸ ՀԱՅ ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ
156
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Արարատ Մ. Յակոբեան
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ
1921 թ. Փետրուարեան ապստամբութեան վերջալոյսին
169
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Վարդան Բ. Եսայեան
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ
Հայկական դրամատների եւ առեւտրաֆինանսական միւս հաստատութիւնների աճի դինամիկան 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին
197
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Արմէն Ց. Մարուքեան
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱԿ-ի 1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ՀՌՉԱԿԱԳՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Վերլուծութիւն եւ առաջարկներ փաստաթղթի ընդունման 70-ամեակի կապակցութեամբ
209
ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Սուրէն Դ. Դանիէլէան, Քնարիկ Ա. Աբրահամեան- Ալպերթ Մակարեան, «Կրկին Պարոնեանի հետ» (նոր ընթերցումներ)
223
Շուշանիկ Գ. Զոհրաբեան (Փարիզ) – Գայիանէ Առաքէլեան, «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արուեստը» 230
ԱՐԽԻՒ
Մկրտիչ Դ. Դանիէլեան
1880-1890-ական ԹԹ. ՀԱՅ ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ-ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Մաս երկրորդ: Նորայայտ վաւերագրեր Աբրահամ Դաստակեանի յեղափոխական գործունէութեան մասին
240
Ռուբէն Օ. Սահակեան
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԷԿԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ
Ռազմական գործողութիւնները Կովկասեան ճակատում 1914 թ. յուլիսից մինչեւ 1916 թ. ապրիլի 26-ը
264
ՅԱՒԵԼՈՒԱԾ
Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)
ՌՈՍՏՈՄԻ ՆԱՄԱԿ-ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԵՒԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Մահուան 100-ամեակին առթիւ 297
297
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ամէն անգամ, երբ ես մատնւում եմ դժուարութեան, երբ անլուծելի հարցեր մաշում են միտքս, ես ինձ հարց եմ տալիս` իմ տեղը ի՞նչ կ՛անէր Ռոստոմը այս պայմաններում: Եւ ինչ որ, իմ կարծիքով, պիտի անէր Ռոստոմը, անում եմ ես1:

Սիմոն Վրացեան

 

Ի՞ՆՉ Կ՛ԱՆԷՐ ՌՈՍՏՈՄԸ*

Բանալի բառեր – Ռոստոմ, ՀՅ Դաշնակցութիւն,

կենդանի գործ, դասական օրինակ,

ուտիլիտարիզմ, դրական օրինակ,

Սիմոն Վրացեան, ՀՅԴ սոցիալիստական

քաղաքականութիւն, տիրական հայեացք:

Ներկայ տարեսկզբից մեզանում իրար յետեւից նշուող հայ գրականութեան ու մշակոյթի երախտաւորների յոբելեանները

ստուերեցին 19-րդ դարի վերջերի 20-րդ դարի սկզբների մեր քաղաքական կեանքի հիմնական դերակատարներից մէկի`

Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան 100-ամեայ տարելիցը, եւ օրէցօր արագացող ժամանակի հեւքի մէջ կարծես թէ մոռացութեան մատնեցինք յիշատակն այն պայծառ անհատականութեան, ով իր անջնջելի հետքն է թողել հայոց պատմութեան մէջ:

Գաղտնիք չէ, որ Ռոստոմի տիրական ձեռքն է կրում զինանշանն այն կուսակցութեան, որն առաքելութիւն ունի հայ ժողովրդի առջեւ, ինչի սուր կարիքը վերջին 1 տարուայ ներքաղաքական վայր ի վերումների արդիւնքում ոչ թէ նուազել, այլ է՛լ աւելի է ընդգծուել: Որովհետեւ մեր երկրում արդարութեան հաստատման համար յեղափոխութիւն արած ժողովուրդը տեսականօրէն անգամ չէր կարող մերժել այդ արժէքների կրող ՀՅ Դաշնակցութեանը: Ուղղակի նա յիշեցրել է մեզ, որ դրանք ոչ թէ գիտելիքներ են մեզ համար, այլ` Ռոստոմի կազմած ՀՅԴ Հաւատոյ հանգանակի միջոցով կեանքի կոչուող կենդանի գործ:

Ուստի, յեղափոխութիւնից յետոյ ստեղծուած նոր իրավիճակում պարտաւոր ենք վերյիշել անցեալում մեզ բաժին ընկած ճգնաժամերը յաղթահարելու առաւել ուսանելի օրինակները: Իսկ Ռոստոմի փորձը յիրաւի դասական օրինակ է բոլոր ժամանակների եւ դաշնակցականների բոլոր սերունդների համար, քանզի ՀՅԴ

ներկուսակցական մշակոյթի հիմքն առաջին հերթին Ռոստոմի ստեղծած աւանդոյթների համակարգն է:

ՀՅԴ քաղաքական գործն առաջ տանելու ֆենոմենալ ունակութեան շնորհիւ Ռոստոմի կերպարն այնքան է միաձուլուել հարազատ կուսակցութեան անցած ուղու հետ, որ հետագայում եւս դժուար է եղել տարանջատել այդ իրողութիւնները: Իր անձնական Եսը կուսակցութեան նպատակներին ստորադասելու պատճառով հէնց Ռոստոմն է եղել լուռ, համեստ ու պարտաճանաչ խոնարհ հերոսների Խոնարհ առաջնորդը, ուստի սերունդների յիշողութեան մէջ նա մնացել է իբրեւ` «Դաշնակցութիւնը ինքը իր բովանդակ էութեամբ»2:

Երիտասարդ տարիներին Ռոստոմը նոյնպէս երբեմն յայտնուել է անելանելի թուացող իրավիճակների առջեւ, եւ այդ պահերին նրան օգնութեան է հասել իր աւագ ընկերը` Քր. Միքայէլեանը` «Եթէ դու էլ թուլանաս, ուրիշներից ի՞նչ պէտք է պահանջենք: Միթէ՞ «դաշնակցութիւն»-ը այժմ աւելի քիչ ես սիրում քան առաջ…»3,- 1900 թ. մարտի 22-ի նամակում Ռոստոմին ուղղուած Քր. Միքայէլեանի այս յանդիմանութիւնը ոչ միայն սթափեցրեց վերջինիս, այլեւ նոր լիցք հաղորդեց նրա գործունէութեանը:

Եւ Քր. Միքայէլեանից մինչեւ Ռոստոմ, իսկ Ռոստոմից մինչեւ սփիւռքեան 70-ամեայ տարագրութեան տարիները` մեր մեծերը երբեմն յանդիմանելով, իսկ երբեմն էլ ոգեւորելով մէկը միւսին, սովորեցրել ու նաեւ սովորել են չթուլանալու կամ «չթմրելու» գիտութիւնը: Պահանջկոտութեան ու ընկերական սիրոյ այս անբացատրելի համադրումի մէջ է ՀՅ Դաշնակցութեան կենսունակութեան գաղտնիքը, որովհետեւ ինչպէս Ռոստոմն ինքն էր ուսուցանում իր երիտասարդ զինակիցներին` «Դաշնակցութիւնը կարելի չէ բացատրել. պէտք է զգալ, ապրել եւ հաւատալ»4:

Արտաքուստ զգացական թուացող` Ռոստոմի այս պատգամին հասու լինելու համար մեզ հարկաւոր է վեր բարձրանալ վերջին զոյգ տասնամեակներում ուտիլիտարիզմի աստիճանի հասած մեր գերռացիոնալիզմից ու կրկին հաւատով լցուել սեփական գործի հանդէպ: Քանզի առանց Ռոստոմի կողմից մեր Հաւատոյ հանգանակում ամրագրուած` դաշնակցական գործչի տառապանքով ու զոհողութեամբ ձեռք բերուող դրական օրինակի հնարաւոր չէ կրկին դառնալ ժողովրդի մտքերի տիրակալն ու նրա դաստիարակը: Նման եղանակով ամրապնդուող` ՀՅԴ գործի հանդէպ հաւատն է եղել կուսակցական ծրագիրը ժողովրդի համար սրբութիւն դարձնելու միակ ուղին: Եւ նա նորից կը դառնայ այդպիսին, եթէ Ռոստոմի նման` կրկին խոնարհուենք հարազատ ժողովրդի իմաստնութեան ու հանճարի առջեւ:

«Մի օր,- վկայում է Ս. Վրացեանը,- երբ ես վրդովուած` գանգատում էի հայ մարդու տգիտութեան, ընչասիրութեան, խորամանկութեան եւ ուրիշ վատ յատկութիւնների մասին, Ռոստոմը հարցրեց անվրդով. – Դու Անին տեսե՞լ ես: – Անշուշտ, պատասխանեցի ես զարմացած: – Անին հայ մարդն է կառուցել: – Դու «Նարեկ» կարդացե՞լ ես: – Ի հարկէ կարդացել եմ: -«Նարեկ»-ը հայ մարդն է յօրինել: Դու Սասունցի Դաւիթը գիտե՞ս: – Գիտեմ, ի՞նչ խօսք: – Սասունցի Դաւիթը Հայ ժողովուրդն է ստեղծել: – Ասա, խնդրեմ, դու ինչո՞ւ համար դաշնակցական ես (ընդգծումը մերն է – Գ. Խ.)»5:

Այս փոքրիկ «Հարցաշարը» ու մանաւանդ` դրա աւարտին Սիմոն Վրացեանին ուղղուած Ռոստոմի յանդիմանութիւնը լուսարձակում են ՀՅԴ գոյութեան բուն իմաստը:

Իր առաջին իսկ քայլերից սկսած, որպէս հայ ժողովրդականների6 (նարոդնիկների) կողմից ստեղծուած կուսակցութիւն, ՀՅ Դաշնակցութիւնը եղել է ժողովրդի տրամադրութիւնների թարգմանը: Ուստի ժողովրդից բողոքելն ինքնին հարցականի տակ էր դնում ցանկացած անհատի, անգամ Սիմոն Վրացեանի նման մեծութեան դաշնակցականութիւնը: Իսկ ժողովրդի քաղաքական ընկալումների մէջ թափանցելու համար հարկ է գիտակցել, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր հայ իրականութեան մէջ ի՞նչ է ասում հարցը ընկալւում է միայն ու միայն ո՞վ է ասողը բանաձեւի շրջագծում, այսինքն որքանով է տուեալ խօսքը համապատասխանում նրա հեղինակի կենդանի գործին: Ռոստոմը մեզ սովորեցրել է սեփական նուիրումով ու պայքարով ձեռք բերուած քաղաքական որակներով ժողովրդի վստահութիւնը վաստակելու եւ այն որեւէ անցողիկ արժէքի հետ չփոխանակելու գիտութիւնը:

1905 թուականի գարնանից` Քր. Միքայէլեանի նահատակութիւնից մինչեւ իր մահը, լինելով ՀՅ Դաշնակցութեան ճանաչուած առաջնորդը, Ռոստոմը դարձել է հայ ժողովրդի տնտեսական ազատագրութեան համար պայքարը գործնական գետնի վրայ տեղափոխած ՀՅԴ սոցիալիստական քաղաքականութեան հիմնադիրը` իր իսկ նախաձեռնած «Կովկասեան նախագծի» եւ իր գլխաւորած 9-ի յանձնախմբի կազմած 1907 թուականի ծրագրի միջոցով: Քաղաքական կարգախօսից ամէնօրեայ կենդանի գործի վերածուած սոցիալիստական իտէալը բիւրեղացնելու եւ կենդանի գործի վերածելու համար նա ասպարէզ է բացել նոր սերնդի առջեւ` միաժամանակ իր հմուտ ու տիրական ձեռքով զսպելով վերջինիս աջակողմեան ու ձախակողմեան տատանումները: Աշխատանքի դատին հետամուտ այդ սերնդին Ռոստոմն ապահովել է գործելու ասպարէզ ու կարողացել է համոզել նրան, որ սին են ձախ կամ աջ թեքուելու միջոցով ՀՅ Դաշնակցութիւնից դուրս մի «Նոր Դաշնակցութիւն» փնտռելու փորձերը:

Միաժամանակ` իր ռազմավարական մտածողութեամբ ու դրան համապատասխանող մարտավարական հմտութեամբ եւ, ամենակարեւորը, վտանգներն ու մարտահրաւէրները կանխատեսելու զարմանալի ունակութեամբ` «Ձիու բնազդով», հէնց նա է եղել 20-րդ դարի առաջին տասնամեակների մեր ազգային-ազատագրական պայքարի ճանաչուած առաջնորդը: Եւ այն փոքրիկ երկիրը, որն ունենք այսօր, մեծապէս պարտական է Ռոստոմին` Արեւելեան Հայաստանը եւս հայաթափելու փորձերի ձախողման համար:

Առաջին անգամ դրանք ակնյայտ դարձան արտաքուստ միայն քաոսային` 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիւների շրջանում` Օսմանեան կայսրութեան կառավարիչների ու ռուսական առաջին յեղափոխութեան ալիքը սանձելու համար Կովկասեան Վանդէայի ձեւաւորման ծրագրերին ապաւինած ցարական Ռուսաստանի յետադիմական շրջանակների ընդհանուր նպատակների յետնախորքում: Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքից անհրաժեշտ տեղեկատուութիւն հայթայթած Ռոստոմի ռազմավարական մտածողութեան եւ դրան գումարուած ռազմական անհրաժեշտ նախապատրաստութիւնների շնորհիւ` յաջողուեց ոչ միայն կանխել այդ մահացու վտանգը, այլեւ լուրջ հակահարուած հասցնել երկու կայսրութիւնների մարդատեաց ու յետադիմական շրջանակների դաւադրութեան գործիքի վերածուած կովկասեան թաթարների խառնամբոխին:

Երկրորդ անգամ` ճակատագրական 1918 թուականին, Ռոստոմի ճշգրիտ ռազմավարական հաշուարկի շնորհիւ էր, որ Հոկտեմբերեան յեղաշրջումից յետոյ քաոսի մէջ յայտնուած Ռուսաստանի արեւմտեան ու հարաւ-արեւմտեան ռազմաճակատներից դէպի հայրենիք վերադարձող հայ զինուորականութիւնը

համախմբուելով ու բռունցքուելով Պաքւում` տարածաշրջան ներխուժած Օսմանեան կայսրութեան կանոնաւոր բանակի դէմ բացեց հայկական երկրորդ ճակատը եւ մինչեւ Ա. Աշխարհամարտի աւարտը ստիպեց հակառակորդին քարշ գալ Ապշերոնեան թերակղզու մատոյցներում ու Տաղստանի լեռներում: Դրանով իսկ կանխուեց մայիսեան հերոսամարտերից յետոյ ամենեւին էլ չվերացած` Երեւանը գրաւելու եւ Հայաստանի մանուկ անկախութիւնն իր բնի մէջ խեղդելու երիտթուրքերի նպատակադրման իրականացումը:

Այս երկու մահացու սպառնալիքների չէզոքացման գործում վճռորոշ դերակատարութիւն ունեցած քաղաքական գործչին ցանկացած երկրում տասնեակներով յուշարձաններ կը կառուցէին: Բայց մինչ օրս հայաստանեան պատմաբանները Ռոստոմին յիշում են միայն ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրների անուն-ազգանունները թուարկելու ընթացքում, իսկ երբեմն էլ գոհունակութեամբ արձանագրում են սոսկ այն փաստը, որ Պաքուի հերոսամարտի ընթացքում նա համագործակցել է պոլշեւիկ Ստեփան Շահումեանի հետ` մոռանալով, որ հայ զէնքի ու կամքի այդ անօրինակ խոյանքը հէնց Ռոստոմի քաղաքական հեռատեսութեան արդիւնքն էր:

Ուստի, երբ այսօր բաղդատում ենք Ռոստոմի ժամանակներից մեզ մէկ դար բաժանող ՀՅԴ անցեալի ու ներկայի քաղաքական առաջնահերթութիւնները եւ Հայաստանին ու հայութեանը բաժին ընկած արտաքին մարտահրաւէրները, ապա արձանագրում ենք այն փաստը, որ 1905-ին հէնց Ռոստոմի կողմից բարձրացուած աշխատանքի դատի համար պայքարի դրօշն ու Այսրկովկասում մեր զբաղեցրած տարածքների պաշտպանութեան խնդիրը ինչպէս 100 տարի առաջ, այնպէս էլ այսօր եղել ու մնում են բացարձակ առաջնահերթութիւններ:

Ու քանի որ դաշնակցական գործիչների յաջորդական սերունդները Ռոստոմի օրինակով են չափել սեփական գործերը, իսկ ամենածանր պահերին հարց են տուել իրենք իրենց` «Ի՞նչ կ՛անէր Ռոստոմը, եթէ յայտնուէր այս պայմաններում», ապա այսօր` Ռոստոմի մահուանից 100 տարի անց փորձենք իւրաքանչիւրս մեզ համար յստակեցնել, թէ ի՞նչ կ՛անէր Ռոստոմը, եթէ ապրէր մեր ժամանակներում:

Նախ եւ առաջ` Ռոստոմը կը տար «քաղաքական մոմենտի» իր սահմանումը. Հայաստանը ներքաղաքական առումով յայտնուել է հնի ու նորի դիմակայութեան յորձանուտում, որն իր շուրջը ծաւալուող վտանգաւոր զարգացումների համաթեքսթում ձեռք է բերել աշխարհաքաղաքական կերպաւորում: Ուստի նա մեզ կը յիշեցնէր 1918 թուականի ծանրագոյն պայմաններում հայկական երկրորդ ճակատի ստեղծման իր փորձառութեան իմաստը` «Ազրպէյճան» արհեստական պետութեան ձեռքով Հայոց ցեղասպանութիւնն Անդրկովկասում շարունակելու եւ իր աւարտին հասցնելու Թուրքիայի քաղաքական նպատակի ձախողումը: Եւ կրկին արձանագրելով թուրք-ազրպէյճանական միասնական քաղաքականութեան առկայութեան փաստը` նա մեր ներկայ սերնդից նոյնպէս կը պահանջէր մոռանալ առանձին վերցուած` Ազրպէյճանի հետ Ղարաբաղի հարցով փոխզիջման հասնելու պատրանքը, քանզի Թուրքիան է գծում «… ազրպէյճանցիների անելիքը, իսկ Տաճկաստանի նպատակը մեր ազգային հարցի տեսակէտից պարզ է: Տաճիկները ձգտում են հայ ազգի ֆիզիքական ոչնչացման…»7:

Ներքին ճակատում` հնի ու նորի պայքարի համաթեքսթում արձանագրելով, որ Հայաստանի նորացման անխուսափելիութիւնն ու անշրջելիութիւնը թելադրուած են առարկայական պատճառներով, Ռոստոմը վերջինիս կրողների անփորձութիւնն ու արհեստավարժութեան պակասն անպայման կը տարանջատէր նրանց վերագրուող «վտանգաւոր» նպատակներից: Որովհետեւ ՀՅԴ-ն որպէս ազգային եւ սոցիալիստական կուսակցութիւն` պարտաւոր է ինքն իրեն սահմանազատել

Ռոստոմի բնորոշումով` ազգայնութեան (եւ ոչ թէ` ազգայնականութեան) պահպանողական ու լիպերալ ընկալումներից` սեփականը հաստատելով աշխատաւորական հենքի վրայ: Ուստի, քաղաքական ասպարէզից հեռացած հներին բնորոշ ազգային պահպանողականութիւնը տարփողելու եւ այդ դիրքերից նորերի ծայրայեղ ազատականութիւնը դատափետելու փոխարէն` Ռոստոմը կը բացայայտէր մեր ազգայնութեան աշխատաւորական, այսինքն` առաջադիմական բնոյթը եւ կ՛առաջնորդուէր ոչ թէ անցեալն ու ներկան, այլ ներկան ու ապագան բաղդատելու սկզբունքով:

Ռոստոմն արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ արդար Հայաստանի մեր կարգախօսային ընկալումը կը վերածէր քաղաքականութեան եւ այն կեանքի կոչելու համար կոնկրէտ ու յստակ քայլերի միջոցով ասպարէզ կը հրաւիրէր նորահաս երիտասարդութեանը` ճիշդ այնպէս, ինչպէս վարուեց 1905-1907 թուականներին վրացեանների, ջամալեանների եւ ՀՅԴ անկախութեան սերնդի միւս ակնառու դէմքերի հետ եւ երիտասարդութեան գաղափարականացման ճամբով` կրկին կը քաղաքականացնէր կուսակցութիւնը «Դէպի երկիր» կարգախօսը լցնելով նոր ու թարմ արիւնով` «Դէպի ժողովուրդ» նշանաբանով:

Ռոստոմը մի մեծ ու թաւ գիծ կը քաշէր անդառնալիօրէն պատմութեան գիրկն անցած վերջին 20-ամեակի տակ եւ իր ուսերին կ՛առնէր ողջ պատասխանատուութիւնը` միաժամանակ իւրաքանչիւրիս ցոյց տալով իր տեղն ու դերը: Եւ այդ ամէնը կ՛անէր փոխադարձ անվստահութիւնը` անզօրութեան, իսկ անզօրութիւնը` բարեկամութեան վերածող իր տիրական հայեացքի կախարդական ուժով, եւ ինքներս անգամ չէինք նկատի, թէ ինչպէս ենթարկուեցինք նրա համոզիչ փաստարկներին:

Ուստի խոնարհուելով Ռոստոմի անմահ յիշատակի առջեւ` այսօր պարտաւոր ենք գիտակցել, որ 100-ամեայ հեռաւորութիւնից անգամ մեր հոգու խորքերը թափանցող նրա թովիչ, բայց փոքր-ինչ հեգնախառն ժպիտը ոչ միայն իւրաքանչիւրիս հանդէպ անսահման սիրոյ, այլեւ պահանջկոտութեան արտայայտութիւն է: Որպէս մեր ներկայ դրութեան հայելային արտացոլում` Ռոստոմի այդ տիրական հայեացքը յիշեցնում է մեզ, որ իրաւունք չունենք թուլանալու հարազատ ժողովրդի առջեւ ունեցած մեծ առաքելութեան իրականացման ճանապարհին:

ԽՄԲ.

 

1*.- Ընդունուել է տպագրութեան 23. 03. 2019:

Վրացեան Ս., «Կեանքի ուղիներով. դէպքեր դէմքեր ապրումներ», հատ. Բ, Պէյրութ, տպ. «Մշակ», 1960, էջ 170-171:

2.- Վրացեան Ս., Ռոստոմ «Ռոստոմ. մահուան վաթսունամեակին առթիւ», Պէյրութ, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, 1979, էջ 12:

3.- Քրիստափոր Միքայէլեանի նամակները, Պէյրութ, Համազգայինի ճեմարանի համակարգչային շարուածք, 1993, էջ 122:

4.- Վրացեան Ս., «Կեանքի ուղիներով. դէպքեր դէմքեր ապրումներ», հատ. Բ., Պէյրութ, տպ. «Մշակ», 1960, էջ 173:

5.- Նոյն տեղում, էջ 172-173:

6.- Տե՛ս ՀՅԴ քաղաքական նպատակն առաջին անգամ բանաձեւած «հայ ժողովրդականների մասնաժողովի» («Հայրենասէրների միութեան») առաջին թռուցիկը` «Վէմ», Եր., 2018, N 3, էջ 265-267:

7.- Մէջբերումը ըստ` Ալչուջեան Ա., «Ռոստոմը Պաքւում», «Հայրենիք» ամսագիր, Պոսթըն, 1956, N 7, էջ 6:


Viewing all articles
Browse latest Browse all 13227

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>