Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13232

Մուտք Եւ Ելք` Արցախեան Կարգաւորման Փակուղուց. Գուցէ Դո՞ւրս Գանք Պատրանքներից

$
0
0

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

Արցախեան
սահմանադրութեան պլեֆը

Ցանկացած երկրի համար սահմանադրութիւնը հիմնարար օրէնք է: Սակայն սահմանադրութիւնը ներքին գործիք է, եւ այնտեղ նշուած որեւէ դրոյթ չի կարող հիմք հանդիսանալ օտար պետութիւնների համար: Հայաստանի կամ Արցախի սահմանադրութեան դրոյթները այնքանով են արժէքաւոր ազրպէյճանցիների, թուրքերի կամ այլ օտարերկրացիների համար, որքան` մեզ համար Թուրքիայի կամ Ազրպէյճանի կողմից իրենց սահմանադրութիւններում ամրագրուած տարածքային ամբողջականութիւնը: Հետեւաբար ցանկացած սթափ գործիչ պէտք է ընկալի, որ Արցախի Հանրապետութեան սահմանադրութիւնը չի կարող որեւէ զսպող դեր ունենալ օտարերկրացիների համար: Իսկ եթէ մենք որպէս մեզ համար որդեգրուած սկզբունք ուզում ենք սահմանադրութիւնը վկայակոչելով հիմնաւորել Արցախի տարածքային ամբողջականութիւնը, ապա առնուազն պէտք է այն կարդանք: Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան սահմանների մասին 175-րդ յօդուածը ասում է հետեւեալը.

«Մինչեւ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը` հանրային իշխանութիւնը իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ»:

Սոյն յօդուածը արձանագրում է հետեւեալ երեք դրոյթները`

– Տարածքային ամբողջականութիւնը վերականգնուած չէ,
– Սահմանները վերջնական չեն եւ պէտք է ճշգրտուեն,
– Արցախի Հանրապետութիւնը հանրային իշխանութիւն է իրականացնում ՓԱՍՏԱՑԻ իրաւազօրութեան տարածքում:

Այսինքն վերականգնուող տարածքային ամբողջականութիւնը կարող է վերաբերել ԼՂԻՄ վարչական տարածքին եւ 1991 թուականի հանրաքուէի տարածքին, քանի որ այլ իրաւական հիմքի յղում պարզապէս ներկայացուած չէ, իսկ երկրի տարածքները ենթակայ են ճշգրտման, այսինքն` փոփոխութեան: Իսկ «փաստացի իրաւազօրութեան տարածք» հասկացութիւնը պարզապէս արձանագրում է Արցախի Հանրապետութեան պատասխանատուութիւնը իր տիրապետման տարածքների նկատմամբ: Սոյն յօդուածի որեւէ մեկնաբանութիւն չի կարող մեկնաբանուել որպէս յստակ ընդգծուած դիրքորոշում` ազատագրուած տարածքների նկատմամբ:

Հետեւաբար`

– Ներքին լսարանի համար սոյն յօդուածի մատնանշումը չի կարող պաշտպանութիւն ապահովել ոչ հայանպաստ դիրքորոշման համար,

– Սահմանադրութիւնը (յատկապէս` չճանաչուած պետութեան կողմից ընդունուած) որեւէ կերպ չի կարող կաշկանդել միջազգային միջնորդներին, առաւել եւս, երբ չի բացառում սահմանների ճշգրտումը:

Բանակցող կողմերի առասպելը

Միւս առասպելը, որից հարկաւոր է աստիճանաբար ազատուել, վերաբերում է այն հարցին, թէ որտեղ է աւարտւում ՀՀ իշխանութեան մասնակցութեան սահմանը եւ սկսւում Արցախի իշխանութեան իրաւասութիւնը բանակցութիւնների սեղանին:

Սոյն հարցի վերաբերեալ բոլոր տեսակի ձեւակերպումները ընդամէնը դիւանագէտների ՎԵՐՍԵՂԱՆԱՅԻՆ հրապարակային դրսեւորման հարցեր են: Եւ դրանց այս կամ այն ձեւակերպումը երբեք չի կարող հանդիսանալ կարգաւորման առանցքային բանալի:

Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանում է Արցախի Հանրապետութեան ռազմական, քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ բոլոր այլ տեսակների միակ յենարանը: Այս իրականութիւնը յստակ գիտակցւում է բոլորի կողմից, բացի` Հայաստանից: Արցախի Հանրապետութիւնը չի կարող միայնակ դիմակայել Ազրպէյճանին եւ ցանկացած հարցի քննարկում այն մասին, թէ ինչո՛վ պէտք է զբաղուեն ՀՀ իշխանութիւնները եւ ինչո՛վ Արցախի ղեկավարութիւնը, պարզապէս յօրինուած եւ կեղծ օրակարգեր են:

Աւելի՛ն. Հայաստան-սփիւռք-Արցախ միասնական դիրքորոշումը շատ աւելի կշռադատուած եւ հզօր բանակցային գործօն է ընդդէմ թուրք-ազրպէյճանական զոյգին, քան` «արցախցին է որոշում իր ճակատագիրը» եւ նմանատիպ այլ որեւէ քննադատութեան չդիմացող թեզեր:

Արդեօ՞ք հասկանում են հարցը
միջազգային գործընկերները

Արցախեան կարգաւորման կարեւորագոյն հարցերից է օտարերկրեայ գործիչների կողմից խնդրի ընկալումը: Ամենայն պատասխանատուութեամբ կարելի է յայտարարել, որ մեր գործընկերները չեն ընկալում խնդրի խորքային էութիւնը, որի պատճառներից է այն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենք են հեռացել հարցի էութիւնից` այն աւելի ու աւելի թաքցնելով բոլորից:

Սա պարզ տարածքային վէճ չէ, առաւել եւս` սա ինչ-որ ազգային փոքրամասնութեան ինքնորոշման խնդիր չէ:

Խնդիրը տարածաշրջանում հայ եւ թուրք ազգերի խաղաղ համակեցութեան բանաձեւի բացակայութիւնն է:

Զուտ ներըմբռնողական եւ ծինային մակարդակով այս ամէնի ընկալումը կայ հայերի եւ թուրքերի մէջ: Դա հասկանում են նաեւ Իրանում: Այլ ազգերի ներկայացուցիչների համար իրական խնդիրը հասկանալի չէ, իսկ տեղեկացուածութեան մակարդակը` շատ ցածր: Սակայն յատկանշական է, որ Թուրքիայում հարցը ընկալւում է նաեւ քաղաքական վերնախաւի կողմից, ինչը դժուար է ասել Հայաստանի պարագայում: Թուրքիան արդէն 26 տարի է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը եւ սահմանի բացումը պայմանաւորում է արցախեան հարցով, այնինչ հայ քաղաքական եւ հասարակական միտքը սեփական օրակարգը առաջարկելու փոխարէն` ընդունում է դէմքի բացարձակ պարզունակ արտայայտութիւն:

Խնդրի խորքային սխալ ընկալումը վերաբերում է նաեւ այնպիսի օտարերկրեայ արհեստավարժ կառոյցներին, ինչպիսիք են` այլ երկրների արտաքին գերատեսչութիւնները, այդ երկրների ղեկավարները, դիւանագէտները եւ այլն: Այսինքն նրանք արցախեան խնդիրը տեսնում են ոչ թէ այնպէս, ինչպէս այն իրականում առկայ է հայերի եւ թուրքերի մօտ, այլ այնպէս, ինչպէս այն տեղաւորւում է սեփական պատկերացումներում:

Երրորդ կողմի երկրների մօտ առկայ է խնդրի սեփական ընկալումը, որը որեւէ կապ չունի տարածաշրջանում խորքային արմատներ ունեցող հիմնահարցի հետ:

Ռուսաստանի Դաշնութեան համար դա նախկին խորհրդային հանրապետութիւնների զուտ ազգամիջեան հակամարտութիւն է, որը իրեն հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է ազդել իր տարածաշրջանային դիրքերի վրայ:

Ամերիկայի Միացեալ Նահանգները ընդհանրապէս նայում են Արցախի հարցին ողջ տարածաշրջանի նոր վերադասաւորումների, ինչպէս նաեւ ՌԴ եւ Իրանի դերի զսպման տեսանկիւնից: Ընդ որում, այդ բոլոր բեմագրութիւններում Հայաստանին վիճակուած չի վճռական դեր, քանի որ Հայաստանը երբեք նման յաւակնութիւններ չի դրսեւորել:

Եւրոպական Միութեան համար ազգամիջեան երկարատեւ բախումները սահմանափակւում են Ֆրանսայի եւ Գերմանիայի միջեւ դարաւոր հակամարտութեան հետ զուգահեռներով եւ կարգաւորման այդ մոտելի արդիւնաւէտ իրագործման ներկայացմամբ:

Աւելորդ է ասել, որ Արցախի հարցը որեւէ աղերս չունի պարզ տարածքային վէճի կամ ինչ-որ տարածքի բնակչութեան ինքնորոշման հետ:

Արցախի հարցը տարածաշրջանային ամենակարեւոր առանցքային հարցի փոքրիկ դրսեւորումն է: Այդ հարցը, ինչպէս արդէն նշեցինք, երկու` հայ եւ թուրք ազգերի համակեցութեան հարցն է:

Երբեք Ֆրանսան կամ Գերմանիան պատերազմի ժամանակ չեն դրել խնդիր իրականացնել միւս ազգի ամբողջական բնաջնջումը: Պատերազմները եղել են տարածքի, տնտեսական շահերի, Եւրոպայում գերիշխանութեան համար եւ այլն:

Մեր տարածաշրջանում առանցքային հարցը հայ ժողովրդի իրաւունքի հարցն է` ապրել սեփական հայրենիքում: Եթէ խնդիրը լինէր պարզ տարածքային, ապա թէ՛ Ազրպէյճանը եւ թէ՛ Հայաստանը վաղուց գտել էին համապատասխան լուծումը:

Այստեղ կայ քողարկուած հիմնախնդիր, որի մասին չի մատնանշում Հայաստանը, իսկ Ազրպէյճանի` Երեւանը գրաւելու անկեղծօրէն հռչակուած քաղաքականութիւնը միամտօրէն վերագրւում է ներքին ռազմատենչ հռետորաբանութեանը:

Խօսքը հետեւեալի մասին`

– Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զիջում Հայաստանի կողմից չի ապահովելու խաղաղ կարգաւորում: Հակառակը` թուրք ցեղը շարունակելու է Հայաստանը խեղդելու քաղաքականութիւնը` մինչեւ հայկական պետականութեան վերացումը:

– Ազրպէյճանի կողմից ցանկացած զիջում նշանակում է Հայաստանի վերելք եւ հնարաւոր վտանգ` Ցեղասպանութեան ճանաչման, հետեւանքների վերացման եւ հատուցման համար: Եւ հէնց այդ վտանգն է դրդում Թուրքիային` մշտապէս տաք պահել սոյն հակամարտութիւնը կամ լուծելու պարագայում առաւելագոյնս ստորացնել Հայաստանի Հանրապետութիւնը:

Հակամարտութեան էութիւնը ոչ միայն չի գիտակցւում միջազգային գործընկերների կողմից, այլ նոյնիսկ ընկալւում է որպէս հայերի եւ թուրքերի կողմից չափազանցուած պատմական բարդոյթ:

Առանց սոյն իրավիճակի խորքային եւ իրական ընկալման` ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ եւրոպացիները չեն գտնի այն բանաձեւը, որը կը բերի խաղաղ կարգաւորման:

Ո՞րն է հայ ազգի բանաձեւը

Սակայն ամենակարեւորը այն է, որ իրավիճակի ճիշդ գնահատականը տայ հայ ժողովուրդը` չվախենալով այն բարձրաձայնել: Այն է`

– Հայ ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ, քանի գոյութիւն ունի թուրք-ազրպէյճանական զոյգ` ընդդէմ Հայաստանի, որը մշտապէս սպառնալիք է լինելու հայ ազգի անվտանգութեան համար:

– Հայ ժողովուրդը չի կարող արցախեան հարցը լուծուած համարել, քանի արեւելքում գոյութիւն ունի ռազմատենչ, ֆաշիստական վարչակարգով, ատելութիւն սերմանող փոքրիկ կայսրութիւն, որը ենթակայ է ամբողջական կազմաքանդման:

– Հայ ժողովրդի եւ թուրք ժողովրդի միջեւ չեն կարող անկեղծ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատուել, քանի դեռ Թուրքիայի կողմից չի ճանաչուել Հայոց ցեղասպանութիւնը, չեն վերացուել դրա հետեւանքները, իսկ Թուրքիան չի հատուցել հայ ժողովրդի կրած կորուստները:

– Պարզ բարեկեցութիւնը, կենսամակարդակի աճը ոչ միայն չեն ապահովելու խաղաղութիւն, այլ նոյնիսկ աւելի են մեծացնելու յարաբերութիւնների սրումը, տարածաշրջանի ռազմականացումը եւ նոյնիսկ` խթանելու պատերազմը:

– Ցանկացած հայ, որն այսօր ձգտում է պաշտօնի, փողի, հարստութեան, կուտակում է տնտեսական եւ ֆինանսական հզօրութիւն, պէտք է յստակ գիտակցի, որ առանց ազգային անվտանգութեան խնդրի լուծման` իր, իր զաւակների, թոռների, ծոռների ֆիզիքական անվտանգութիւնը երաշխաւորուած չէ, իսկ կուտակած հարստութեանը տիրանալու են օտարները:

Ժամանակն է, որ թէ՛ մենք` հայերս ճշգրտենք մեր ազգային քաղաքականութիւնը, թէ՛ այդ քաղաքականութիւնը իրագործելու յստակ յայտ ներկայացնենք աշխարհին եւ մեր միջազգային գործընկերներին:

Իսկ եթէ չենք պատկերացնում, թէ ի՛նչ է լինում, երբ ազգային անվտանգութեան հարցերով զբաղուելու փոխարէն` տարւում ենք փառամոլութեամբ կամ տարւում հարստութիւն կուտակելով, ապա այցելէք Կոստանդնուպոլիս կամ Պաքու (եթէ, ի հարկէ, կարող էք) եւ տեսէք, թէ ովքե՛ր են ապրում հայերի կառուցած քաղաքներում:

Յ.Գ. Մի ժամանակ գոյութիւն ունէր հռչակուած հզօր բանաձեւ` արցախեան հարցը Հայ դատի բաղկացուցիչ մասն է: Ի՞նչ պատահեց, որ մենք այն մոռացանք:

«Առաւօտ»
(Շար. 2 եւ վերջ)


Viewing all articles
Browse latest Browse all 13232

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>