Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13237

Ահաբեկչական Սպառնալիքները Եւ Հայաստանի Անվտանգային Միջավայրը

$
0
0

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Նոր Զելանտայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթների վրայ ահաբեկչական յարձակումները դարձեալ ցնցեցին ամբողջ միջազգային հանրութիւնը.  ահաբեկչութեան զոհ դարձաւ շուրջ 5 տասնեակ մարդ:

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մէկը համարուող Նոր Զելանտայում տեղի ունեցած ահաբեկչութիւնները վերահաստատում են, որ այսօր որեւէ պետութիւն, ինչպէս տեսականօրէն, այնպէս էլ` գործնականում, ապահովագրուած չէ ահաբեկչութիւններից: IHS Markit միջազգային փորձագիտական ընկերութեան Jane՛s (JTIC)` ահաբեկչութեան խնդիրների հետազօտութիւնների կեդրոնի զեկոյցի համաձայն, 2018թ. ընթացքում կեդրոնի կողմից արձանագրուել է ոչ կառավարական զինուած խմբաւորումների կողմից իրականացուած 15,321 ահաբեկչութիւն, որոնց պատճառով զոհուել է զինուորական չհանդիսացող 13,483 մարդ: Կեդրոնի փորձագիտական տուեալներով, 2017թ. համեմատութեամբ, 2018թ. ընթացքում գրանցուած ահաբեկչութիւնների թուաքանակը 33,2%-ով նուազել է: Ընդ որում` 2018թ. արձանագրուած ահաբեկչութիւնների թուաքանակը, ըստ զեկոյցի տուեալների, ամենացածրն է եղել 2011թ.-ից ի վեր:

«Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս» վարկանշային զեկոյցը. Հարաւային Կովկաս

Սիտնէյի համալսարանի Institute for Economics and Peace-ի «Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս» վարկանշային զեկոյցը (Global Terrorism Index) որոշում է երկրներում ահաբեկչութեան աշխուժութեան կամ ազդեցութեան մակարդակը (The impact of terrorism)` հիմնուելով 4 հիմնական չափորոշիչների վրայ: Դրանք են` ահաբեկչութիւնների քանակ, զոհերի թիւ, տուժածների թիւ եւ նիւթական վնասի մակարդակ: Հետազօտութեան փորձագիտական գնահատականներով, ահաբեկչութիւնը սահմանւում է որպէս ապօրինի զինուած խմբաւորումների, կազմակերպութիւնների կողմից սպառնալիք կամ ուժի իրական կիրառում, որոնք փորձում են հասնել իրենց քաղաքական, ընկերային ու կրօնական նպատակներին բռնութեան ու սպառնալիքի, վախի մթնոլորտի ձեւաւորման միջոցով: Զեկոյցի մեթոդաբանութեամբ, որքան բարձր է պետութեան ամփոփ դիրքային միաւորը, այնքան այն համարւում է ահաբեկչութեան ազդեցութեան տեսանկիւնից քիչ խոցելի:

«Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս- 2015թ.» վարկանշային զեկոյցում հարաւկովկասեան երկրներից ահաբեկչութեան ազդեցութեան ցուցանիշով ամենախոցելի մակարդակում էր Վրաստանը` զեկոյցում ներառուած 124 երկրների շարքում զբաղեցնելով 71-րդ հորիզոնականը: Վրաստանին վարկանշային արդիւնքով յաջորդում էր Ազրպէյճանը, որը 93-րդ դիրքում էր: Հարաւկովկասեան երկրներից ահաբեկչութեան ազդեցութեան ցուցանիշով լաւագոյն արդիւնքը Հայաստանինն էր` 116-րդ դիրքով: Կազմակերպութեան 2015թ. վարկանշային զեկոյցում մեր հարեւան երկրներից խիստ խոցելի խմբում էր Թուրքիան` 27-րդ դիրք: Նրան ոչ մեծ տարբերութեամբ զիջում էր Իրանը` 39-րդ հորիզոնական:

Կազմակերպութեան 2016թ. վարկանշային հետազօտութիւնում ընդգրկուած 130 պետութիւնների շարքում հարաւկովկասեան հանրապետութիւններից ահաբեկչութեան ազդեցութեան ցուցանիշով կրկին ամենաբարենպաստ դիրքում Հայաստան էր` 108-րդ հորիզոնական: Հայաստանին յաջորդում էր Ազրպէյճանը, որը զբաղեցրել էր զեկոյցի 106-րդ հորիզոնականը: Հարաւային Կովկասի երկրներից ամենախոցելի արդիւնքը կրկին Վրաստանինն էր` 87-րդ հորիզոնական: 2016թ. վարկանշային տուեալներով, Թուրքիան յայտնուել էր 14-րդ դիրքում:

2017թ. վարկանշային զեկոյցի տուեալներով, մեծացել է ահաբեկչութեան ազդեցութեան վտանգի աստիճանը Հայաստանի դէպքում: Զեկոյցում ընդգրկուած 130 պետութիւնների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ դիրքը,  Վրաստանը 77-րդն էր: Հարաւկովկասեան երկրներից լաւագոյն ցուցանիշը Ազրպէյճանինն էր` 95-րդ դիրքով: «Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս- 2017թ.» վարկանիշային զեկոյցում Թուրքիայի ցուցանիշը բացասական միտում է ունեցել` յայտնուել է 9-րդ հորիզոնականում: «Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս-2018թ.» զեկոյցում ներառուած 138 պետութիւնների շարքում Հայաստանը գտնւում է 83-րդ դիրքում` կրկին յայտնուելով հարաւկովկասեան երկրների շարքում ահաբեկչութեան ազդեցութեան վտանգաւորութեան ամենացածր մակարդակում: Հայաստանին յաջորդում են Վրաստանն ու Ազրպէյճանը` համապատասխանաբար 89 եւ 98-րդ հորիզոնականներով: 2018թ. զեկոյցում հարեւան Թուրքիան 12-րդ դիրքում է:

Պէտք է նկատել, որ վարկանշային այս զեկոյցների մեթոտաբանութիւնում, որպէս ահաբեկչական աշխուժութեան խթան հանդիսացող գլխաւոր գործօններից մէկը, դիտարկւում են հակամարտութիւնները: Կարող ենք ենթադրել, որ վերջին երկու տարիներին զեկոյցում Հայաստանին տրուած համեմատաբար ցածր ցուցանիշները ուղղակիօրէն պայմանաւորուած են արցախա-ազրպէյճանական, հայ-ազրպէյճանական սահմանային սրացումներով ու յատկապէս` ապրիլեան ռազմական գործողութիւններով:

Սա իր հերթին թոյլ է տալիս հետեւութիւն անել, որ հայ-ազրպէյճանական դիմակայութիւնում Պաքուի յարձակողապաշտ դիրքորոշումը եւ գործողութիւնները դիտւում են որպէս ահաբեկչութեան իրականացման հնարաւորութեան տեսանկիւնից հաւանական գործօններ կամ պարունակում են ահաբեկչութեան տարրեր, դրսեւորումներ: Այլապէս, առարկայականօրէն անհասկանալի է զեկոյցում, վերջին երկու տարիների կտրուածքով, Հայաստանի վարկանշային ցուցանիշների անկման միտումը` հաշուի առնելով Հայաստանի ներքին անվտանգութեան միջավայրի բաւական բարձր մակարդակը:

Մէկ այլ` Global Finance ամսագրի կողմից հրապարակուող «աշխարհի երկրների անվտանգութիւնը» 2019թ. վարկանշային զեկոյցով հարաւկովկասեան երկրներից ամենաանվտանգն է համարուել Վրաստանը, որը զեկոյցում ներառուած 128 պետութիւնների շարքում զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը: Վրաստանին յաջորդում է Հայաստանը` 62-րդ դիրքով: Հարաւային Կովկասի երկրների շարքում անվտանգութեան ցուցանիշով ամենաանբարենպաստ դիրքում յայտնուել է Ազրպէյճանը` 71-րդ հորիզոնական: Վարկանշային այս զեկոյցի մեթոտաբանութիւնը հիմնւում է 3 ցուցիչների վրայ` տուեալ պետութիւնում կամ առանձին տարածքում պատերազմի կամ խաղաղութեան գործօնը, անհատի անվտանգութեան գործօնը եւ բնական աղէտների վտանգը:

Տարածաշրջանը եւ Հայաստանի անվտանգութիւնը

Թէեւ Հայաստանն առարկայականօրէն կարող ենք համարել մեր տարածաշրջանի, ինչո՞ւ ոչ, նաեւ միջազգային մակարդակով ամենաանվտանգ երկրներից մէկը, այդուհանդերձ, միջազգային յարաբերութիւնների քաոսային իրադրութիւնը, մերձաւորարեւելեան տարածաշրջանում անկայունութիւնը, տարբեր շահերի խտացուածութեամբ աչքի ընկնող հարաւկովկասեան գործընթացները, ընդհանուր առմամբ, շարունակում են պարունակել անվտանգութեան տեսանկիւնից վտանգաւոր տարրեր ու միտումներ, որոնք կարող են անուղղակի կամ ուղղակի անդրադառնալ այդ թւում եւ Հայաստանի վրայ: Աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանութիւնում շարունակում է պահպանել այժմէականութիւնը, այսպէս կոչուած, թիթեռնիկի ազդեցութիւնը, որը բնութագրում է մի շարք քաոսային գործընթացների կամ համակարգերի առանձնայատկութիւնները: Ըստ այդ եզրի, համակարգի նկատմամբ աննշան ազդեցութիւնը կարող է ունենալ խոշոր եւ անկանխատեսելի հետեւանքներ լրիւ այլ վայրում: Այդ տեսանկիւնից, պէտք չէ բացառել, որ Նոր Զելանտայում տեղի ունեցած ահաբեկչութիւնները հետեւանքներ ունենան Մերձաւոր Արեւելք, Թուրքիա, զուգահեռաբար` նաեւ եւրոպական ուղղութեամբ` ենթադրելով դրսեւորումներ այլ հարթութիւններում ու երեւոյթներում: Աւելի՛ն. այսօր շատ է խօսւում այն մասին, որ սմորիական ճգնաժամի կարգաւորման հարցում դրական միտումների, հակահաբեկչական պայքարում որոշակի յաջողութիւնների արդիւնքում «Իսլամական պետութիւն» (ԻՊ) խմբաւորումը փորձում է ապակեդրոնացնել իր մարտավարութիւնը` ահաբեկչական գործողութիւնները տեղափոխելով այլ պետութիւններ:

Թերեւս այժմէականութիւնը չի կորցրել Վրաստանում ԻՊ ահաբեկչական խմբաւորման հնարաւոր ներթափանցման եւ գործունէութեան ծաւալման վերաբերեալ նիւթը: Արծարծւում էր Պանկիսի կիրճում ահաբեկիչների հնարաւոր տեղակայման, ռազմական ճամբարի առկայութեան հարցը: Գաղտնիք չէ, որ Պանկիսի կիրճում վերապատրաստուած եւ Սուրիոյ, Իրաքի ահաբեկչական գործողութիւններին աշխուժ մասնակցած` ահաբեկչական խմբաւորման «վրաստանեան» ներկայացուցիչներից շատերը բարձր դիրքեր են զբաղեցրել ԻՊ ղեկավար շրջանակում:

Խորհրդանշական էր 2015թ. նոյեմբերին G-20 գագաթնաժողովում ՌԴ նախագահ Փութինի յայտարարութիւնը, ըստ որի, ԻՊ-ը ֆինանսաւորւում է շուրջ 40 երկրից, այդ թւում`  քսանեակի որոշ պետութիւններից: Դրան յաջորդեց «Իզուեստիա» թերթում հրապարակուած յօդուածը, ուր խօսւում էր ԱՊՀ երկրներից, առաջին հերթին` Ղազախստանից ու Ազրպէյճանից ԻՊ-ին խոշոր ֆինանսական յատկացումների մասին: ԻՊ-ում Ազրպէյճանի քաղաքացիների ներգրաւմանը նպաստում են վերջին տարիներին հարեւան երկրում իսլամիստական արմատական հոսանքների աշխուժացման միտումները:

Հայաստանի դէպքում նախ մտահոգիչ են Թուրքիայի կողմից սահմանային խախտումների միտումները, մարտահրաւէրները: Ի հարկէ, ահաբեկչական հնարաւոր ներթափանցման հնարաւորութիւնները ցածր վտանգաւորութեան են հայ-թուրքական սահմանի ուղղութեամբ, նախ` այն պատճառով, որ ՌԴ սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանային վերահսկողութիւնն իրականացւում է բաւական բարձր արդիւնաւէտութեամբ: Այդուհանդերձ, նշեալ իրողութիւնը պէտք չէ թուլացնի հայկական կողմի զգօնութիւնը, մանաւանդ, որ վերջին շրջանում հայ-թուրքական սահմանախախտումների միջադէպերը յաճախակի են դարձել, ինչը պէտք է դիտարկել որպէս Հայաստանում յեղափոխական փուլում Թուրքիայի կողմից սահմանային անվտանգութեան մակարդակը, սահմանապահների զգօնութիւնը փորձարկելու հնարաւորութիւն: Յիշեցնենք, որ սահմանային խախտման դէպքերից մէկի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչութեան աշխատակիցների կողմից յայտնաբերուած սահմանախախտի բջիջային հեռախօսում առկայ էին պետական սահմանին տեղակայուած ճարտարապետական կառոյցների եւ պատնէշների լուսանկարներ ու թղթապանակներ:

Միւս կողմից` փորձագէտների մի մասը սահմանային անվտանգութեան տեսանկիւնից առաւել խոցելի է համարում հայ-իրանական սահմանը: Որպէս հիմք` դիտարկում են Իրանի տարածքից այդ երկրի քաղաքացի հանդիսացող` ազգութեամբ ազրպէյճանցիներից եկող հնարաւոր վտանգները, որոնք կարող են կապ ունենալ Թուրքիայի կամ Ազրպէյճանի յատուկ ծառայութիւնների հետ: Միեւնոյն ժամանակ նշենք, որ Հայաստանի սահմանապահ ծառայութիւնը, ինչպէս եւ ներքին ու արտաքին հետախուզութիւնը բաւական արդիւնաւէտ են իրականացնում իրենց ծառայողական պարտականութիւնները:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13237

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>