Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13237

Բանաստեղծութիւններ

$
0
0

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Գարունը Աղջիկ Է

Իմ գիրկն է նա մտել պարտէզի ծաղկունքով,
Վարդագոյն այտերով մի աղջիկ.
Գարուն է անունը, բուրում է արբունքով,
Հագել է կուրծքը բաց մի շապիկ:

Ծոցի տաք լոյսը իմ աչքերն է ծակծկում,
Շուրթերը հասուն են դեղձի պէս.
Սրտագին իր սէրը վարդի հետ է ծաղկում,
Ասում է` քաղիր թէ ուզում ես:

Հիւթեղ է… ու հիւթը խմում եմ մեղուի պէս.
Ասում է` մի՛ խմիր, դա թոյն է.
Չգիտեմ` դա մա՞հ է, դա կեա՞նք է, թէ հանդէ՞ս,
Որի մէջ գլուխս դառնում է:

Անունը գարուն է, թափուել է իմ կրծքին,
Բուրաւէտ է, որպէս վարդիթեր.
Իմ շունչը կտրում է, փուշեր կան ձեռքերին,
Երբեմն էլ խայթում է խստամբեր:

Բայց յանկարծ դառնում է ուլունքի մի շարոց,
Կախւում է վզիցս, պսպղում,
Իմ ամբողջ հոգսերը դարձնում է մի հոգոց,
Հովին է տալիս ու քրքջում…

Շշնջում է մեղմիւ ականջիս ու ասում,
Գարնան ե՜րգ է ասում իմ համար.
Վարդագոյն այտերով աղջիկ է նա հասուն,
Հագինը` մի շապիկ ծաղկատար:

 Գարնանային Համերգ

(Բնապատկեր)

Գոյնզգոյն է շարշապիկը
Ու բուրում է ծաղկունքով,
Արթնանում է մանուկի պէս
Բարի ու ժպտուն:

Ջրերը հոսում են վարար,
Տենչերս որպէս.
Առուները սէր են փնտռում,
Իրար գիրկ ընկնում,
Գետակ ձուլած պսպղում են
Գրկում արեւի,
Սարերից ձոր գալար տալիս
Քրքիջով կանչում,
Եզերք, ժեռուտ լիզում, թացում,
Խուճապում տարտամ…
Հասնում ծովին,
Ընդարմանում,
Ձուլւում են նրան:

Ծերպի ծայրին դեռ անանուն
Մի կապոյտ ծաղիկ
Աչք է բացել
Ու հազիւ է արեւին գգւում:

Մէկ էլ մի ամպ
Թուխպ է անում,
Յօնքերը կիտում,
Մի յորդառատ շաղ է անում,
Կիսատ աւարտում:

Հովն էլ մի կերպ շուլալւում է
Ծառերի բունին,
Թէ շրշում է,
Թէ զնգրտում
Հեշտանքը ընկած.
Մինչեւ նորից արեգակը
Ծիկրակում է զենիթից,
Գարնանային մի համերգ է
Ցնծուն ու սրտբաց:

Գարուն Ու Ծիծեռնակներ

Գարուններ կան,
որ իրենց ծիծեռնակներն ունեն,
որ եղանակաւորում են
տարին, ժամանակը,
որ կեանքն է:

Կեանքը իր մեղեդին ունի,
իր երգը,
որ զրնգում է զանգի նման,
որ կախուած է մեր դպրոցում:

Նրա ղօղանջը
բախտաւորութեան մի խազ ունի,
եւ դուր է գալիս իմ սրտին:

Նոյն զգացումով եմ
զանգեր նկարում
ամանորեայ շնորհաւորաքարտերի վրայ…

Բախտաւորութեան մեղեդին եմ զրնգացնում,
որ սկիզբ է առնում մեր դպրոցից
ու տարածւում է,
հասնում է մերոնց ու ժամանակին,
որ մտնում ենք դասարան,
որ կեանքն է…

Ծիծեռնակները ծլվլում են
ու բոյն են շինում…

… Մենք ենք,
որ սիրաբանում ենք,
գաղտնի ժամադրութիւնների ենք գնում
ու առնում ենք համը…

… Որ ընտանիք ենք կազմում,
եղանակաւորում ենք համանուագը
հնչեղ խազերով,
ամանակով ու ժամանակով,
որ կեանքն է:

Կեանքն իր զեփիւռն ունի,
որ շրշում է մեր պարտէզում,
մեր դպրոցի բակում,
ու շոյում է ծառ ու ծաղիկ
ու վարդ,
որ աւելի բուրումնաւէտ են
քան երազը…

… Ծառ ու ծաղիկ ու վարդ`
մեր ունեցուածքը…

Դրանք մեր մտածումներն են,
մեր ցանկութիւններն են,
մեր յոյզերն են,
մեր սէրերը…

… Որ վայելում ենք ժամանակի ընթացքում,
որ կեանքն է,
եղանակաւորուած,
զրնգացող եւ շրշող…

Այդ բոլորով է,
որ սիրում եմ ծիծեռնակներին,
որ սիրում եմ գարունը:

Գարուն

Դու գալիս ես նրա դալար հետքերով,
արահետներով այն գալարուն ու սորուն,
որտեղից նա անցել է թեթեւ քայլերով,
բայց մխրճուել է սրտիս մէջ,
որպէս տաք ու լուսաւոր ճառագայթ,
որ արեանս հետ զգացումով է հոսում,
ու յորձանուտ անելով խորանում է,
խորանում:

Եւ խորքերից իմ սրտի
պայթում է վառ կոկոնի պէս,
բնութեան զարթնումի աւետիսով,
որպէս կապոյտ մի ծաղիկ,
որ երազի վառ ծուէն է,
արեւի տակ համեցող
սրտապնդող մի խոստում է,
որ շնչում է նրա բոյրով
ու շոյում է քունքերս.
իր ջերմութիւնն է քսում իմ շուրթերին
համբոյրի կարօտանքով:

Դու գալիս ես նրա քայլքով սէթեւեթ,
որ ճկում է մէջքը վտիտ
ու խուսափում է իմ գրկից,
որպէս ամպը, որ փարում է լուսնեակին,
բայց սայթակում է մահիկից,
ու կուտակւում է
յօնքերիս մութ մռայլութեամբ երազկոտ:

Դու գալիս ես ճամբաներով այն հեռաւոր,
որտեղից իմ երազներն են անցնում
անվերադարձ յուշերով.
յօրինում են կեանքիս հեքիաթը թաքուն,
գաղտնիքներով դիւթական,
արօտներով իղձերիս,
ուր ուզմունքներս են արածում,
որպէս ճերմակ գառնուկներ:
Տենչերս խայտում են յանց թիթեռներ,
որոնց թեւով ես գալիս:

Նրա թրթիռներով ես գալիս
ու մտնում ես սիրտս:

Ես երկրպագում եմ քո ծաղկունքին,
որի վարդաթերթերը
նա շաղ տուեց իմ կրծքին,
որպէս խանդաղատանք ու երջանկութիւն:

Երկրպագում եմ
քո նարգիսներին ոսկէբաժակ,
որոնց մէջ լցուած ցօղով
կարօտներիս սոխակները արբեցին,
փառերգութիւններ դայլայլելով նրան:

Ես երկրպագում եմ
մանուշակներին քրքումէ,
յասմիկներին սպիտակ,
որոնց զարդարանքով ես նմանւում նրան
եւ արժանանում ես իմ պաշտամունքին:

Առաւօտների խաղաղութեամբ
բեղմնաւորիր կարօտներս,
որ այս պաղատանքիս մէջ
համն առնեմ նրա համբոյրների.
խոնարհուեմ գեղեցկութեան պաշտամունքով,
հաւատարմութեան հաւաստիքով,
եւ զգամ հարազատութիւնը
սիրոյ ջերմութեամբ,
որով գալիս ես վերանորոգ կեանքով.
գալիս ես
շարունակութեան նման անփոփոխ,
եւ համ ու բոյր ես բաշխում,
որպէս անվերջանալի առատութիւն,
որպէս խորհրդաւոր մեկնումների
իմաստաւոր վերադարձ:

Գալիս ես,
մտնում ես սիրտս
ու ծաղկում ես:

Կլենտէյլ, Քալիֆորնիա


Viewing all articles
Browse latest Browse all 13237

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>