ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
Ես արդէն սկսել եմ կասկածել այն հանրայայտ ճշմարտութեանը, որ Նիկոլ Փաշինեանի ձախորդութիւնների բուն մեղաւորը նրա քաղաքական խմբակն է: Պարզւում է` դա այնքան էլ այդպէս չէ, եւ Փաշինեանն իր ծանրակշիռ ներդրումն ունի այդ գործում:
Կառավարութեան վերջին նիստում ահագին հետաքրքիր բաներ տեղի ունեցան, որոնց մասին կարելի էր մէկ-երկու տող բան գրել Դիմատետրում ու ժողովրդին առաւել հասկանալի լեզուով բացատրել, թէ այդ ի՛նչ աղմուկ էր այնտեղ, ի՛նչ պէտք էր արած լինէին, որ չէին արել, եւ ինչո՞ւ էր վարչապետն այդքան զայրացած: Բայց, արի ու տես, որ այդ նիստից Փաշինեանի վրայ մեծ տպաւորութիւն էր թողել միայն մէկ հարց` օրէնքի մի նախագիծ, որով առաջարկւում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպէս Քաղաքացու օր: Փաշինեանը որոշել է Դիմատետրում հէնց այդ «կարեւոր» օրինագիծը մեկնաբանել եւ գրել, որ դա արւում է «ի նշանաւորումն 2018 թուականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան յաղթանակի»: Հասկացանք, իսկ ինչո՞ւ է Փաշինեանը «ոչ» բառը գրել մեծատառով: Չլինի՞ արդէն ուզում ենք մեր յեղափոխութիւնը Ֆրանսական յեղափոխութեան կամ Հոկտեմբերեան յեղափոխութեան կողքին դնել: Իսկ գուցէ Շտապում ենք պատմութեան մէ՞ջ մտնել: Հայրենի կառավարութեանը մենք խորհուրդ կը տայինք դանդաղ շտապել, որովհետեւ սա շատ նուրբ հարց է, եւ չի բացառւում, որ պատմութեան մէջ մտնելու փոխարէն` հերթական յիմար պատմութեան մէջ ընկնենք:
«Իզմ»-եր չընդունող Փաշինեանն իր գրառման մէջ կտրուկ անցել է պոպուլիզմին (ամբոխահաճութեանը) եւ մօտաւորապէս հասկացրել, որ ինչ անում են` ժողովրդի համար են անում. «Սա ոչ թէ նոր կառավարութեան, այլ ժողովրդի ու ժողովրդավարութեան յաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնայ իրօք ժողովրդական տօն, այնպիսի տօն, ինչպիսին է՛ր բուն յեղափոխութիւնը»:
Ի պատիւ պոլշեւիկների` պէտք է նշեմ, որ Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ արկածախնդրութեան օրը` նոյեմբերի 7-ը (հին տոմարով` հոկտեմբերի 25), պաշտօնապէս տօն է յայտարարուել միայն 1927 թուականին: Մինչ այդ նոյեմբերի 7-ին ցաքուցրիւ միջոցառումներ էին տեղի ունենում Մոսկուայում եւ մի քանի այլ քաղաքներում: ԽՍՀՄ վերջին ղեկավարը, որ այդ օրը բարձրացել է Լենինի դամբարանի պատուանդան, եղել է Միխայիլ Գորբաչովը, որը, սակայն, 1917թ. արկածախնդրութեան անդրադառնալու փոխարէն` ճառ է ասել փլուզուող ԽՍՀՄ-ի տարածքում նոր միաւորի` ԱՊՀ-ի կազմաւորման մասին: Ինչո՞ւ սա յիշեցի: Հայաստանն, ի հարկէ, հսկայածաւալ ու բազմազգ ԽՍՀՄ չէ, բայց, ինչպէս Խորենացին կ՛ասէր, մեզանում էլ յիշատակութեան արժանի շատ բաներ կան: Եւ հիմա, երբ Փաշինեանը յեղափոխութեան տօն է ուզում պարտադրել, այն էլ` որպէս ժողովրդի ու ժողովրդավարութեան յաղթանակի օր, արդեօք համոզուա՞ծ է, որ այդ տօնը բոլորինն է եւ միանշանակ տօնուելու է Հայաստանի բոլոր անկիւններում, բոլոր բնակավայրերում, հասարակութեան բոլոր շերտերում, բոլոր մասնագիտութիւնների տէր մարդկանց ու բոլոր տարիքային խմբերի շրջանում: Եւ վերջապէս, ինչո՞ւ է Փաշինեանին թւում, որ «բուն յեղափոխութիւնը տօն» է եղել բոլորի համար:
ԽՍՀՄ մի շարք հանրապետութիւնների ուղղակի պարտադրել են նշել հոկտեմբերեան կարմիր արկածախնդրութեան օրը, որը նոյնիսկ կապ չի ունեցել այդ ժողովուրդների պատմութեան հետ: Հիմա նոյնը հայ ժողովրդի գլխին ՀՀ կառավարութիւնն է բերում` գաղափար չունենալով անգամ, թէ ինչպէս պէտք է նշել ինքնահնար այդ տօնը: Փաշինեանն է գրել. «Իսկ թէ յատկապէս ինչպէ՛ս է պէտք նշել այդ օրը, կարծում եմ, պիտի որոշուի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդիւնքում»: Զաւեշտ չէ՞ սա: Հնարաւոր է` այդ քննարկումներով որոշուի, որ մէկը ուսապարկով պէտք է գնայ Գիւմրի եւ այնտեղից, արագաչափերը փակելով, գայ Երեւան: Այլ տարբերակներ էլ կարող են քննարկուել: Օրինակ` ամէն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը փակել Երեւանի փողոցները եւ բեմականացնել յեղափոխութեան նշանաւոր դրուագներից մէկ-երկուսը: Հնարաւոր է նաեւ այդ օրը վերածել համապետական «սելֆիի» եւ յեղափոխական աքսեսուարների տօնավաճառներ կազմակերպել: Եւ պատկերացրէք, որ այս ամէնն իրականացնելուց յետոյ մենք եւս մի քանի տողով վեր կը բարձրանանք աշխարհի ամենաերջանիկ ազգերի սանդղակում` չնայած մեր ծով խնդիրներին, որոնցից եւ ոչ մէկին դեռեւս չի հասել, Փաշինեանի բնութագրմամբ, «… Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական» յեղափոխութիւնը:
Հետաքրքիր է նաեւ, որ Փաշինեանի կառավարութեան նախաձեռնութիւնն աջակցութիւն չի գտնում հայաստանեան առանցքային քաղաքական ուժերի կողմից: Հետեւաբար մեծ է վտանգը, որ «Քաղաքացու օր» կոչուող արկածախնդրութիւնը դառնայ բացառապէս «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլ»-ի քաղաքական մենաշնորհը: Այս տեսանկիւնից շտապելն առաւել քան հակացուցուած է օրուայ իշխանութեանը, որովհետեւ առաջին իսկ իշխանափոխութիւնից յետոյ այս իշխանութիւնն ստիպուած է լինելու իր հետ տանել նաեւ «Քաղաքացու օրը», ճիշդ այնպէս, ինչպէս պոլշեւիկները տարան իրենց նոյեմբերի 7-ը:
Ի պատիւ Փաշինեանի` նշենք, որ նա, ի տարբերութիւն իր խմբակի, նկատել է ապրիլի վերջին շաբաթ օրը տօն հռչակելու հետ կապուած անյարմարութիւնը: Նա իր գրառման յետգրութեան մէջ խօսել է նաեւ այդ մասին. «Եթէ ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կը նշուի ապրիլի վերջին կիրակի օրը»: Այո՛, ՀՀ նոր կառավարութեան օրօք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը լուրջ անյարմարութիւններ է ստեղծում ՀՀ քաղաքացու համար: Սակայն Փաշինեանի առաջարկած տարբերակը` խոյս տալ ապրիլի 24-ից եւ «ՔՕ»-ն նշել ապրիլի 25-ին, անընդունելի է, որովհետեւ ապրիլի 25-ին աշխարհի շատ երկրներում տակաւին ցուցադրում են Ծիծեռնակաբերդ գնացող մեր երթն ու պատմում Թուրքիայի հրէշաւոր յանցագործութեան մասին: Կարծում ենք` գեղեցիկ չէ, որ մենք այդ օրն այստեղ ուրախութեան նոպաներ ունենանք:
Նախապէս խօսւում էր քաղաքացու օրը Սերժ Սարգսեանի հրաժարականի օրուայ հետ «խօսեցնելու» եւ ապրիլի 23-ին նշելու մասին: Յետոյ հասկացան, որ դա էլ գեղեցիկ չէ, որովհետեւ այդ օրն անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան հսկումի օրն է` մոմավառութիւն, աւանդական ջահերով երթ դէպի Ծիծեռնակաբերդ, որն արդէն մէկ անգամ (2018թ.) տեղի չի ունեցել յայտնի իրադարձութիւնների պատճառով:
Փաշինեանի նախարարներն իրենց հարցազրոյցներում նշեցին, որ չեն ցանկանում լրացուցիչ ոչ աշխատանքային օր մտցնել տօնացոյց: Սա նշանակում է, որ նրանց յարմար չէ «տօնը» նշել ապրիլի 22-ին կամ 26-ին: 26-ը հեռու է 23-ից, իսկ 22-ն էլ, հակառակի պէս, Վլատիմիր Իլիչ Լենինի ծննդեան օրն է: Այս տիլեման է, որ, չնայած քաղաքացու հանդէպ իրենց անմնացորդ սիրուն, չեն կարողանում լուծել Փաշինեանն ու նրա խմբակը: Բայց մենք կարող ենք նրանց օգնել այդ հարցում: Քաղաքացու օր կարելի է հռչակել հոկտեմբերի 2-ը, որը կարելի է դասել մեր նորագոյն պատմութեան ամենախելայեղ օրերի թուին:
Իսկ ի՞նչ է մտածում քաղաքացին, որին, առհասարակ, չեն էլ հարցրել` դու քաղաքացու օր ուզո՞ւմ ես, թէ՞ չես ուզում: Քաղաքացին, կարծում ենք, կը պատասխանէր` այն երկրում, որի քաղաքացին եմ ես, Սահմանադրութեամբ բոլոր օրերն են իմը, եւ այնպէս չէ, որ պէտք է ուրախանանք այս «յատուկ շնորհի» համար: Աննախադէպ ամբոխավարութեամբ մեզ հաճոյանալու կարիք չկայ, պարոնա՛յք, իսկ եթէ շատ էք ցանկանում կարեւորել յեղափոխութիւնը, ապա ստիպուած էք սպասել, որովհետեւ դեռ շատ ժամանակ է պէտք` հասկանալու համար, թէ այս յեղափոխութեամբ իրականում ինչ է եկել մեր գլխին: