Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13251

«Ապառաժ»-ի Խմբագրական. Կրկին Ռազմավարական Համաձայնագրի Անհրաժեշտութեան Մասին

$
0
0

Թէեւ, Հայաստանի վարչապետի վկայութեամբ, բանակցութիւններ չեն ընթանում Ազրպէյճանի եւ Հայաստանի իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ազրպէյճանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նուազել են:

Սակայն գարնանային առաջին ամսուայ առաջին կէսում դիւանագիտական շփման գծում փոխհրաձգութիւնները ծանր էին եւ բազմաբնոյթ: Նախ` մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսքի եռանախագահների կողմից հրապարակուեց յայտարարութիւն, որտեղ հերթական հաւասարակշռութեան պահպանման երկկողմանի կոչերից յետոյ սահմանուեց Ալիեւ-Փաշինեան կայանալիք հանդիպման օրակարգը: Մէկ անգամ եւս յիշուեցին Մատրիտեան սկզբունքները:

Այդ յայտարարութեան մէջ, ի հարկէ, բաւականին կոշտ արձագանգ եղաւ Հայաստանի կողմից բանակցութիւններին Արցախի մասնակցութեան հարցին, իսկ ինչպէս միշտ, զգուշացուեց ռազմաշունչ հռետորաբանութեան համար: Ի հարկէ, Ազրպէյճանը յայտարարութեան մէջ իր համար դրական կողմերն առանձնացրեց եւ ողջունեց եռանախագահների կողմից գծուած բանակցութիւնների սահմանները:

Հայկական կողմը շատ աւելի ծանր եւ մինչեւ այժմ չփորձարկուած «զէնք» օգտագործեց: Մարտի 12-ին Արցախում տեղի ունեցաւ ԱՀ եւ ՀՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ: Նիստում յստակեցուեցին մի քանի հարցեր: Նախ` բանակցութիւններին Արցախի մասնակցութեան հարցը հիմնաւորուեց` ժողովրդավարութեան սկզբունքից ելնելով: Իսկ միւս կարեւոր հարցը բանակցութիւնների օրակարգի յստակեցումն էր: Ըստ այդ յստակեցման, համանախագահների կողմից առաջադրուած օրակարգում պէտք է համընդհանուր հասկացողութիւն ձեւաւորուեն 3 սկզբունքների եւ 6 տարրերի շուրջ:

Անկախ այն բանից, որ արցախեան կողմի համար անընդունելի են Մատրիտեան սկզբունքները, պէտք է ընդունենք, որ շատ բան է կախուած հէնց այդ սկզբունքների մեկնաբանութիւնից: Ինչպէս ասում են` «սատանան մանրուքների մէջ է»: Միեւնոյն ժամանակ ընդհանրապէս որեւէ մեկնաբանութիւն պէտք է ունենայ իրաւական կողմ` օրինական հիմք: Հայաստանի եւ Արցախի միջեւ առկայ փոխյարաբերութիւններն ու գործնական շփումներն առաւելաբար իրերի հոլովոյթի արդիւնք են, իրավիճակներից դրդուած լուծումներ: Մի կացութիւն, որի մեկնաբանութիւնները խախուտ եւ անհիմն կարող են լինել, եթէ իր հետ չունենայ իրաւական հենք` օրինական դաշտ: Ահա թէ որտեղ է առաջ գալիս Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտութիւնը: Մի հարց, որ ՀՅԴ-ն դեռեւս նախքան 2016թ. ապրիլեան պատերազմը օրակարգային անհրաժեշտութիւն էր համարել: Մենք պէտք է իրաւական դաշտի վրայ ապացուցենք, որ երկու հայկական պետութիւնների անվտանգութիւնը համահիւսուած է: Պէտք է օրինական հիմք` երկու երկրների անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ գումարելու համար:

18 մարտ 2019թ.


Viewing all articles
Browse latest Browse all 13251

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>