Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 13283

Անցումային Արդարադատութիւն

ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արցախի Հանրապետութեան
վաստակաւոր իրաւաբան

«Արդարադատութիւնն արդարութիւնն է
գործողութեան մէջ»:
ԺՈԶԵՖ ԺՈՒՊԵՐ
Ֆրանսացի գրող

Ի՞նչ է անցումային արդարադատութիւնը, որքանո՞վ է մեր հանրութիւնը տեղեակ նրա  էութեան, նպատակների, դրսեւորման իրաւական տարրերի եւ իրականացման գործիքակազմերի մասին,  կիրառուե՞լ եւ կիրառելի՞ է այն Արցախի Հանրապետութեան պետական շինարարութեան ոլորտում:

Արդարադատութիւնը պետական գործունէութեան տեսակ է, որի միջոցով դատական իշխանութիւն է իրականացւում: Այն «իրաւապահ գործունէութեան սիրտն» է, որովհետեւ նրա խնդիրներին է ենթակայ մնացած բոլոր իրաւապահ գործառոյթների կատարումը:

Արդարադատութեան բնութագրիչներից մէկն էլ արդարութիւնն է, աւելի ճիշդ` նրա հիմնական պահանջը:

Անցումային արդարադատութիւնը դատական եւ ոչ դատական, ձեւական եւ ոչ ձեւական, պատժիչ եւ վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառւում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնոյթ ունեցող հակամարտութիւններից կամ պատժիչ վարչակարգից` առաջացած հսկայածաւալ վնասը հատուցելու եւ խաղաղութիւն ու համերաշխութիւն հաստատելու նպատակով:

Համաձայն ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի 2004 թուականի բնորոշման, անցումային արդարադատութիւնն «Անցեալի լայնածաւալ ոտնձգութիւնների հետ հաշտուելու, հասարակութեան փորձին առնչուող գործընթացների եւ կառուցուածքների մի ամբողջ շարան է, որի նպատակն է ապահովել հաշուետուողականութիւն, ծառայել արդարադատութեանը  եւ հասնել հաշտեցման»: Հարցին համանման գնահատական է տուել անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնը, ըստ որի, անցումային արդարադատութիւնը համարւում է արդիւնաւէտ գործիք` ճնշումների դէմ պայքարի եւ արդարադատութեան, հաշտեցման եւ խաղաղութեան հաստատման համար:

Անցումային արդարադատութեան ակունքները ձեւաւորուել են Բ. Աշխարհամարտից յետոյ, երբ մեկնարկել են պատերազմի յանցագործների վերաբերեալ դատավարութիւնները Նիւրենպերկում եւ Թոքիոյում: Այն իրագործուել է լատինական Ամերիկայի, Հարաւային Ափրիկէի եւ Արեւելեան Եւրոպայի մի շարք երկրներում:

Անցումային արդարադատութեան կիրառման անհրաժեշտութիւնն առաջանում է անցումային փուլ ապրող այն երկրներում, որտեղ ճնշումների, հալածանքների եւ բախումնային իրավիճակների արդիւնքում մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների խախտումներն այնքան լուրջ են եւ մեծաթիւ, որ արդարադատութեան գործող համակարգն ի զօրու չէ ապահովել համարժէք լուծումներ: Այն իրականացւում է չորս գործիքակազմերի` քրէական արդարադատութեան, ճշմարտութեան որոնման, փոխհատուցումների եւ համակարգային բարեփոխումների միջոցով:

Անցումային  արդարադատութիւնն արդարադատութեան յատուկ ձեւ չէ: Այն, աւելի շուտ, ժամանակի մէջ անցում կատարող հասարակութեան եզակի պայմաններին հաւասարեցուած արդարադատութիւն է, որտեղ մարդու իրաւունքների խախտումը բնական երեւոյթ է համարւում: Որոշ դէպքերում այդ անցումը յանկարծակի է տեղի ունենում` թողնելով ակնյայտ եւ լուրջ հետեւանքներ: Ուրիշ դէպքերում այն կարող է տարիներ տեւել: Պարզ ասած`  այդ դրութիւնը ծայրայեղ միջոց է եւ անխուսափելիօրէն նահանջ` մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից, եւ եթէ պետութիւնը գնում է այդ քայլին, պէտք է համոզուած լինի, որ  տուեալ երկրի դատական մարմիններն ի վիճակի չեն իրենց սահմանադրական լիազօրութիւնները կատարել, եւ որ հասարակական համերաշխութեան հասնելու այլ ելք չկայ, քան` ստեղծել նոր մարմիններ եւ ընդունել նոր օրէնքներ, որոնք մինչ այդ չեն եղել տուեալ երկրի օրէնսդրութեամբ: Ճիշդ է` չարաշահումների պատճառով անցեալի բացասական հետեւանքները վերացնելու միասնական բանաձեւ չկայ, բայց անցումային արդարադատութեան մարմինները չեն կարող մրցակցել տուեալ երկրի դատական համակարգի  հետ կամ փոխարինել նրան: Այլապէս կը ստացուի մրից դուրս գալու` մրջուրն ընկնելու վիճակը:

Արցախի Հանրապետութիւնն անցումային արդարադատութեան հետ առնչուել է անկախութեան հռչակման հէնց առաջին տարիներին եւ, չնայած այդ հասկացութիւնը պետական իրաւագիտութեան մէջ չի  օգտագործուել, բայց պետութեան  կողմից ձեռնարկած քայլերը դրա մասին են վկայել:

Ազրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմը փորձութեան ենթարկեց նորաստեղծ Արցախի Հանրապետութեան հասարակական եւ քաղաքական կարգը, որից ժողովուրդը դուրս եկաւ պատուով եւ արժանապատուութեամբ: Պատերազմը, որը հազարաւոր մարդկանց կեանք խլեց, արմատապէս փոխեց երկրի ներքին քաղաքականութեան գերակայութիւնները եւ պատճառ դարձաւ նաեւ արդարադատութեան համակարգում խոր վերափոխումներ կատարելու համար: Փաստօրէն պետութեան բոլոր գործառոյթներն ուղղուեցին հող հայրենին աւարառու հրոսակներից մաքրելու եւ յաղթանակն աւարտին հասցնելու համար: Ամէն դէպքում, պետական շինարարութեան բնագաւառում իրաւական փոփոխութիւնների մեծ մասը պայմանաւորուած էին ռազմական դրութեամբ եւ պատերազմական ժամանակի օրէնքներով, որոնք էլ պատերազմի յաղթական աւարտից յետոյ վերացուեցին:

Պատերազմի տարիներին կիրառուած պատժիչ միջոցառումներն օրինականացնելու համար քրէական եւ քաղաքացիական արդարադատութեան բնագաւառի մի շարք հիմնարկներ կախուածութեան մէջ դրուեցին երկրի ամէնօրեայ քաղաքականութիւնից, քանի որ ռազմական դրութեան պայմանները պահանջում էին ամրապնդել պետական կարգապահութիւնը եւ հասարակական կարգը, զօրահաւաքի ենթարկել հասարակութեան բոլոր ուժերը:

Պետութեան կողմից իրականացուած առաջին պատժիչ միտումներն ուղղուած էին մարդու ու քաղաքացու մի շարք հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների սահմանափակմանը: Այդ կապակցութեամբ ԼՂՀ առաջին գումարման Գերագոյն խորհրդի նախագահութեան 1992թ. մարտի 4-ի որոշմամբ կազմաւորուեց «ԼՂՀ Պաշտպանութեան խորհուրդ» մարմինը, որին իրաւունք էր վերապահւում նաեւ պաշտպանութեան կարիքների համար ինչպէս ձեռնարկութիւններից, այնպէս էլ առանձին քաղաքացիներից կատարել փոխադրամիջոցների եւ անհրաժեշտ այլ գոյքի ժամանակաւոր առգրաւում:

Վերոնշեալ բոլոր հարցերի առնչութեամբ Պաշտպանութեան խորհուրդն իրաւունք ունէր արձակել ամբողջ բնակչութեան համար պարտադիր որոշումներ եւ դրանք չկատարելու համար սահմանել վարչական բնոյթի պատիժներ` մինչեւ 3 ամիս ժամկէտով ազատազրկում կամ տուգանք` մինչեւ 1500 ռուբլու չափով:

Յաջորդ կարեւոր քայլով  ԳԽ նախագահութեան 1992թ. օգոստոսի 13-ի հրամանագրով հանրապետութեան տարածքում մտցուեց ռազմական դրութիւն, եւ դա իրականացնող մարմինների կողմից կիրառուող պատժամիջոցները աւելի խստացուեցին` սահմանելով ազատազրկում մինչեւ վեց ամիս ժամկէտով կամ տուգանք մինչեւ 10.000 ռուբլու չափով:

Պատերազմական ժամանակի կարիքներին առնչուող արտադրական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով` արդիւնաբերութեան, փոխադրամիջոցների, գիւղատնտեսութեան եւ առեւտրի բնագաւառների բանուորների եւ ծառայողների համար սահմանուեցին օրական մինչեւ 5 ժամ տեւողութեամբ պարտադիր արտաժամեայ աշխատանքներ, թոյլատրուեց 14-ից մինչեւ 16 տարեկան անչափահասներին ներգրաւել օրական 3 ժամից ոչ աւել տեւողութեամբ պարտադիր արտաժամեայ աշխատանքների:

Հանրայայտ ճշմարտութիւն է, որ պատերազմն արհաւիրք է բոլոր ժողովուրդների համար: Դա այն դէպքում, երբ Արցախի դէմ պատերազմ էր սանձազերծել 7 միլիոնանոց բնակչութիւն ունեցող Ազրպէյճանը, որի կողմում կռւում են հազարաւոր աֆղան, չեչեն եւ այլազգի վարձկաններ: Գերի ընկած վարձկան մուժահետ Պախթիար Պապերզայիտը, որը «յանուն հաւատի»» կռւում էր «անհաւատ» հայերի դէմ, նշել է, որ Ազրպէյճանի բանակում 2500 հոգուց աւելի մուժահետներ կան, որից 250 հոգի կռուել են միայն Հորադիզի ուղղութեամբ: Իսկ Աղտամի ուղղութեամբ չեչեն վարձկաններին առաջնորդել է տխրահռչակ Շամիլ Պասայեւը:

Ուքրանիայի Հանրապետութեան քաղաքացի, ազրպէյճանական բանակի վարձկան Եու. Պելիչենքոն 1992թ. յուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 20-ը 16 թռիչք է կատարել ԼՂՀ տարածքի վրայ` ռմբակոծելով հանրապետութեան բնակավայրերը եւ կենսական նշանակութիւն ունեցող կարեւոր վայրերը: Նրա յանցաւոր գործողութիւնների պատճառով երկրին հասցուած վնասը կազմել է 231 միլիոն 620 հազար 437 ռուբլի: Մարտակերտի շրջանի Մեհմանա գիւղը ռմբակոծելու ժամանակ հայ հակաօդայինների կողմից խփուեց վարձկանի ինքնաթիռը, եւ նա անկարգելով իջնելու ժամանակ գերեվարուեց: Զինդատարանի դատավճռով Պելիչենքոն դատապարտուեց պատժի առաւելագոյն չափի` մահապատժի:

Վարձկանութեան դէմ պայքարն ուժեղացնելու համար ԼՂՀ քրէական օրէնսգիրքը լրացուեց ԱՊՀ երկրների մէջ իր նախադէպը չունեցող 631-րդ յօդուածով (վարձկանութիւն)` սահմանելով մահապատիժ վարձկանութեան համար:   Օրէնսգրքում մտցուած այս փոփոխութեանը  յետադարձ ուժ տրուեց:

Պետութեան կողմից իրականացուած արտակարգ քայլ հանդիսացաւ նաեւ, երբ ԼՂՀ պաշտպանութեան զինծառայողների խիստ կարիքաւոր ընտանիքներին, զոհուածների ընտանիքներին, ռազմական գործողութիւնների պատճառով տուժած կամ թշնամու գրաւած տարածքում տներ ունեցող հանրապետութեան բնակիչներին, փախստականներին եւ բնակարանային պայմանների բարելաւման կարիք ունեցող այլ անձանց բնակարանով շուտափոյթ ապահովելու նպատակով խորհրդարանի նախագահութեան 1993թ. դեկտեմբերի 14-ի հրամանագրով սահմանուեց կարգ, համաձայն որի, առանց տէրերին դրամական փոխհատուցում վճարելու, իբրեւ պետութեան սեփականութիւն առգրաւել հանրապետութեան տարածքում գտնուող այն բնակելի, ներառեալ համագործակցական, ինչպէս նաեւ անաւարտ շինարարութեամբ եւ չգրանցուած տները, որոնց սեփականատէրերը կամ նրանց ընտանիքի զինապարտ անդամները 1989թ. յունուարի 1-ից յետոյ ընկած ժամանակաշրջանում հեռացել են Արցախի տարածքից եւ մինչեւ 1994թ. ապրիլի 15-ը չեն վերադարձել հանրապետութիւն: Նշուած անձինք, ինչպէս նաեւ` նրանց զաւակները, զրկուել են Արցախի տարածքում գտնուող որեւէ գոյք, ներառեալ` տուն ժառանգելու իրաւունքից: Ակնյայտ է, որ այս պարագայում շրջանցուել եւ խախտուել են քաղաքացիական եւ բնակարանային օրէնսդրութեան բազմաթիւ կանոնների պահանջներ:

ԼՂՀ սահմաններից դուրս բնակութեան մեկնած քաղաքացիներին պատկանող բնակելի տների առգրաւման կարգը սահմանուեց ԼՂՀ Պաշտպանութեան պետական կոմիտէի կարգադրութիւններով: Համաձայն դրանց, բնակարանն առգրաւելու մասին որոշումը կատարւում էր ՊՊԿ շրջանային եւ Ստեփանակերտ քաղաքի լիազօր ներկայացուցիչների որոշմամբ` համապատասխան բնակարանային յանձնաժողովների եզրակացութեան հիման վրայ: Ի դէպ, ԼՂՀ ՊՊԿ լիազօր ներկայացուցիչների կարգադրութիւնները չկատարելու դէպքում մեղաւորները պատասխանատուութիւն են կրել պատերազմական ժամանակի օրէնքներով: Լիազօր ներկայացուցչի կարգադրութիւնը ԼՂՀ օրէնքներին, խորհրդարանի որոշումներին, ԼՂՀ ՊՊԿ որոշումներին եւ կարգադրութիւններին չհամապատասխանելու դէպքում կարող էր վերացուել կամ կասեցուել միայն ՊՊԿ նախագահի կողմից:

Խորհրդարանի նախագահութեան մէկ այլ հրամանագրով այն անձանց, որոնց զինապարտ զաւակներն անյարգելի պատճառներով խուսափել են Արցախի Պաշտպանութեան բանակում ծառայելուց, արգելւում էր ընտրովի եւ ղեկավար կամ այլ պատասխանատու պաշտօններ զբաղեցնել պետական, համագործակցական, գիւղատնտեսական եւ հասարակական հիմնարկներում, ձեռնարկութիւններում եւ կազմակերպութիւններում: Նման անձինք զրկուել են նաեւ ԼՂՀ օրէնսդրութեամբ սահմանուած արտօնութիւններից օգտուելու իրաւունքից:

Հաշուի առնելով, որ հանրապետութեան տարածքում իրենց գործունէութիւնն էին աշխուժացրել ԼՂՀ բնակչութեան պառակտմանը նպաստող, հանրապետութիւնում ներքին կայունութեան եւ բարոյահոգեբանական իրադրութեան ամրապնդմանը խոչընդոտող, ինչպէս նաեւ զինուորական ծառայութեան նկատմամբ անյարգալից վերաբերմունք քարոզող ԼՂՀ-ում չգրանցուած զանազան կրօնական կազմակերպութիւններ եւ աղանդներ, ԼՂՀ ՊՊԿ որոշմամբ, բացի Հայ առաքելական եկեղեցու արցախեան թեմից, արգելուեց սահմանուած կարգով չգրանցուած կրօնական խմբերի եւ աղանդների գործունէութիւնը հանրապետութեան տարածքում:

Չնայած վերոնշեալ օրէնքներն առաջին հայեացքից հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական են թւում, բայց դրանք պէտք է գնահատել ոչ թէ այսօրուայ, այլ այն դաժան ժամանակների դիրքերից, երբ ամէն ինչ դրուած էր ռազմական գծերի վրայ, իսկ հակառակորդը պատկերացնում էր, թէ ինչպէս է Ստեփանակերտում կիսալուսնի դրօշը ծածանում եւ Սեւանի քաղցրահամ ջրերում լողանում:

Ամէն դէպքում` ակնյայտ է, որ արցախեան գոյամարտի տարիներին պետական շինարարութեան եւ պատժիչ քաղաքականութեան հարցերում երկրի իշխանութիւնները հիմնականում աչքի առաջ ունեցել են Խորհրդային Միութեան` Բ. Աշխարհամարտի առաջին տարիների փորձը եւ ձեռնարկած քայլերը:

Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան 4-րդ յօդուածի համաձայն, պետական իշխանութիւնն իրականացւում է սահմանադրութեանը եւ օրէնքներին համապատասխան` օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների բաժանման եւ հաւասարակշռման հիման վրայ: Դատական իշխանութեան իրականացման հիմնական ձեւն արդարադատութիւնն է, որի հասցէատէրը դատարաններն են: Սահմանադրութիւնը նշում է, որ Արցախում գործում են գերագոյն դատարանը, վերաքննիչ դատարանը եւ ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանը: Օրէնքով նախատեսուած դէպքերում կարող են ստեղծուել մասնագիտացուած դատարաններ: Սահմանադրութեամբ արտակարգ դատարանների ստեղծումն արգելուած է:

Այսպիսով, սահմանադրութիւնից նկատելի է, որ, երկրում գործող դատարաններից բացի, մասնագիտացուած դատարանների ստեղծումը վերապահուած է օրէնսդիր մարմինին: Թէ դրանք ի՛նչ դատարաններ կը լինեն, ի՛նչ գործեր կը քննեն եւ ի՛նչ իրաւասութիւններ կ՛ունենան, պարզ կը լինի միայն համապատասխան օրէնքի ընդունման դէպքում: Ամէն պարագայում, մասնագիտացուած դատարանների ստեղծման անհրաժեշտութիւնը պէտք է պայմանաւորուած լինի նրանով, որ երկրում գործող դատական համակարգն ի վիճակի չէ պատշաճ արդարադատութիւն իրականացնել:

Իրաւական եւ ժողովրդավարական պետութիւնում ցանկացած վիճայարոյց  խնդրի իրաւական կարգաւորման ճիշդ ճանապարհը դատական  գործընթացներն են, հակառակը յանգեցնում է «գրպանային արդարադատութեան», որը ոչ այլ ինչ է, քան` դատական իշխանութեան իւրացում:

Անվիճելի է` օրէնքը  շատ լաւ բան է, իսկ լաւ օրէնքը`  աւելի լաւ բան, բայց դրանից յետոյ գալիս է օրէնքի կիրառումը, որն ամենակարեւոր գործընթացն է: Իւրաքանչիւր հասարակութիւն ինքն է իր սեփական ճանապարհն ընտրում:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 13283

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>