ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Արդէն երկար ժամանակ հայրենի օրհներգը փոխելու առաջարկը կրկին անգամ շրջանառութեան մէջ է մտել եւ քանի դեռ շարունակւում է, նոյնիսկ` արդէն ժողովրդային քննարկման հարց դարձել, չէի կարող անտարբեր լռութեան մատնել այս յոյժ կարեւոր խնդիրը:
Թէեւ այս հարցը անգամներ, չգիտես` ինչո՞ւ, մեր իւրաքանչիւր նոր իշխանութեան օրակարգի առաջարկ է դառնում, որին անդրադարձել եմ նախորդ իմ գրութիւններով` սկսած ԼՏՊ-ից մինչեւ այսօր, սակայն ներկայ իշխանութեան ներկայացուցիչները առաջին իսկ պահից երկրի ամենահրատապ հարցն են դարձրել այն` անտեսելով մեր երկրի բազում անպատասխան, չգործադրուած, չլուծուած խնդիրները: Իսկ ամենակարեւորը` իրեն յեղափոխական հռչակած իշխանութիւնը հետեւում է նախկին ոչ յեղափոխական իշխանութիւնների քայլերին, առաջնորդւում նրանց արծարծած հարցերով:
Այս օրհներգում ի՞նչն է, որ այդպէս անհանգստացնում է մեր երկրի իշխանութիւններին, որ իւրաքանչիւր նոր կազմուած կառավարութիւն առաջնահերթ խնդիր է դարձնում օրհներգի փոփոխութիւնը:
Տգիտութիւնը սեփական պատմութեա՞ն, պետական մտածողութիւնից զուրկ լինելով յանկարծ իշխանութեան մաս կազմե՞լը, ժողովուրդների եւ յատկապէս իր ժողովրդի անցած ճանապարհին անտեղեակ լինելով` այն որպէս առաջադիմութիւն հրամցնե՞լը եւ կամ համոզուածութի՞ւնը, որ այս իշխանութիւնն է սկիզբ դնում մեր առաջին անկախութեան, ըստ որի, պարտաւոր ենք ամէն ինչ ջնջել ու իրենցից սկսել:
Այստեղ տեղին է կրկնել Վ. Տէրեանի հետեւեալ տողերը, որը նոյն հետեւութեան էր յանգել` ականատես լինելով ժողովրդային արժէքները ջնջողների եւ այն որպէս առաւել լուսաւոր հեռանկար մատուցող պոլշեւիկեան կառավարութեան քանդիչ աւերը տեսնելով.
«Չե՛մ հաւատում ճիչերին ձեր ցնծագին
եւ խանդավառ աղմուկներին այդ շփոթ,
գաղտնի մի թոյն կեղեքում է իմ հոգին
եւ ձեր խինդը սարսեցնում է, որպէս բօթ…»:
Այսօր մեզ ստիպում են նոյն հետեւութեան յանգել: Մեզ ստիպում են հարցնել` ո՞ւր մնաց, ո՞ւր անհետացան այն ցնծագին, ժողովրդի իրաւունքներին առաջնութիւն տուող խոստումները, թէ՞ հրապարակում հաւաքուած ժողովրդի բուռն փափաքով է առաջարկուող այս փոփոխութիւնը, որը միայն ԱԺ-ի փոխնախագահի ականջին փսփսացին:
Ողջ հայութիւնը ցնծութեամբ ընդունեց իշխանափոխութիւնը այն հաստատ հաւատով, որ վերջապէս կ՛ունենայ ազգային իշխանութիւն, որը ժողովրդի մարդկային իրաւունքների հետ համահաւասար կը պահպանի ազգային իրաւունքները: Այդ ազգային իրաւունքների մէջ մտնում են մեր անկախութեան բոլոր խորհրդանիշները, որոնց սկիզբը դրել են 100 տարի առաջ մեր երկիրը առաջին անգամ անկախացրած իշխանութիւնն ու ժողովուրդը, մեր հողատարածք-սահմանները ճշդել ու պահպանել են, մեր դէմ կատարուած Ցեղասպանութեան իրաւական պահանջների պետականօրէն հաստատել են, Արցախի անձեռնմխելիութեան հաստատել են:
Սակայն, պարզւում է, մեր այս նոր կառավարութեան համար ազգային իշխանութիւն նշանակում է ամէնից առաջ սրբել-նետել ազգի պատմութեան խորհրդանիշները, կտրել ժողովրդին իր իրական պատմութիւնից, աստիճանաբար նաեւ` նրա իրաւունքներից եւ պարտադրել իրենց համարել մեր սկիզբը:
Ուրեմն յեղափոխական ժողովրդային կառավարութիւն հաստատելը նշանակում է, որպէս առաջնահերթ խնդիր, ժողովրդից խլել 140-ամեայ մի օրհներգ, որին ժողովուրդը կապուել է ոչ միայն հոգու թելերով, այլ մի ողջ տարագիր հայութիւն ինքն իրեն ոտքի է կանգնեցրել, արիւն թափել այդ օրհներգը իր հայրենի հողում եւ ամէնուրեք հնչեցնելու համար: Մի օրհներգ, որը չի գրուել ոեւէ մէկի պատուէրով, այլ նախ սիրուել ու երգուել է ժողովրդի կողմից մօտ 40 տարի եւ ապա յարմար պահին դարձել խորհրդանիշ:
Իսկ ամենակարեւորը` ձգտում են ազգային օրհներգը փոխարինել խորհրդայինով, որը աղճատեց մեր ժողովրդին, ոչնչացրեց նրա մարդկային եւ ազգային իրաւունքները, իր շահերի զոհը դարձրեց մեր հողատարածքները: Այս ամէնը մոռանալով կամ կոծկելու համար վկայակոչում են Խաչատրեանի մեծութիւնը:
Չեմ կարծում, որ Խաչատրեանի տարողութեան աշխարհահռչակ մի մեծութիւն կարիք ունենայ ԱԺ-ի փոխնախագահի եւ նրա հետեւորդների մեծարմանը, որոնք նոյնիսկ չեն վերլուծում, թէ Խաչատրեանը ե՞րբ է գրել այն եւ ինչո՞ւ է այդքան անտեղի ուռճացուած ու «յաղթական»:
Իսկ չէ՞ որ այն գրուած է 1944թ., երբ Ստալինի պահանջով ամէն ինչ յաղթական ուռճացուած պիտի լինէր, պիտի շեփորահարուէր, որ «Հոկտեմբե՛րն է կործանումից մեզ փրկել եւ լուսաշող ապագայ պարգեւել»: Խաչատրեանի նման ուշադրութեան կեդրոնում գտնուող մի անուն չէր կարող այլ կերպ վարուել եւ իր տաղանդը չներդնել, իր տուրքը չմատուցել Լենինի եւ համայնավարութեան պանծացմանը:
Նախ մոռանում են, որ երաժշտութիւնները գրւում են խօսքերի վրայ, եւ յետոյ հարց է ծագում` քաղաքական ազատ պայմաններում արդեօ՞ք Խաչատրեանը կը գրէր այդ ամբողջովին խորհրդային երաժշտութիւնը: Խաչատրեանի նման մի մեծութիւն, որը պեղել էր մեր ժողովրդի հոգու խորին շերտերը, որը գիտէր իր ժողովրդի ներքին ձայնի իւրաքանչիւր կշռոյթը, դժուար թէ գրէր այդպիսի մի օրհներգ, փուչ հիմքի վրայ կառուցուած մի ցնծերգ, վկան` իր բոլոր լրջագոյն հոգու խորք մտնող ստեղծագործութիւնները:
Եթէ մեր հայրենի ժողովուրդը տառապում է յիշողութեան կորուստով, ապա յիշեցնեմ, որ հարիւր հազարաւոր հայեր, մինչեւ իսկ իրենց կեանքը հայրենիքի համար նուիրաբերած` գլխատուեցին, նոյնպէս հայրենադարձները դեռ չեն մոռացել, որ այդ երաժշտութեան խաբկանքի տակ հարիւր հազարաւորներ հայրենադարձուեցին Սիպիրներ, հեռաւոր Քամչաթքաներ աքսորուեցին ու ոչնչացուեցին: Հարիւր հազարաւոր հայեր անիծեցին այդ օրհներգը` երազելով ազատ հայրենիք, իրենց հոգում գաղտնի փայփայելով մեր ազգային, մեզ դէպի անկախութիւն առաջնորդած օրհներգը:
Ցաւալին այն է, որ ժողովրդի մի հատուած որոշ մտաւորականների հետ ձայնակցում է ԱԺ-ի փոխնախագահին եւ մեր օրհներգը նուաստացնում, այն անուանում նվնվոց, մահ գովերգող, ոչ հերոսական զգացում արթնացնող, վկայաբերելով այլ երկրների օրհներգերը, մոռանալով, որ ժողովուրդները ընդունում են իրենց օրհներգերը ոչ թէ կռուի կամ յաղթանակի զգացում գրգռելու համար իրենց մէջ, այլ որ այդ օրհներգի համար կեանքեր են զոհուել հաւատով ու նուիրաբերումով, որ` այն առաջնորդել է իրենց հայրերին, իրենց զաւակներին դէպի ներկան, որ այն իր մէջ ընդգրկում է մի անփոխարինելի պատմութիւն, իրենց անցեալը:
Մեր օրհներգի փոփոխութեան առաջարկի հետ բացայայտուեց վերջապէս այն առեղծուածը, թէ ինչո՛ւ մեր անկախութիւնը համարում են երրորդը, երբ իրականում ունեցել ենք միայն երկու անկախութիւն: Ուրեմն, ըստ ոմանց, խորհրդային բռունցքի տակ Հայաստանն էլ անկախ է եղել եւ ոչ թէ Խորհրդային Միութեան 15 գերիներից մէկը, այն էլ` մասնատուած իր դարաւոր տարածքներից եւ իր Արցախից, եւ հիմա կարօտախտն է նրանց մղում դէպի այդ երաժշտութիւնը: Անշուշտ մոռանում են, որ իւրաքանչիւր անգամ քծնանքով ու ստիպողաբար էին լսում, ոտքի կանգնում մեքանականօրէն, բայց զգօն, վախենալով, որ յանկարծ կողքինը չնկատի իր վերաբերմունքը եւ չմատնի, ուր որ հարկն է:
Ստիպուած եմ կրկնել. ինչո՞ւ կրկին անկախութեան ձգտեց ժողովուրդը, երբ արդէն անկախ էր, ինչո՞ւ այդ ծանր զրկանքներից անցաւ ժողովուրդը, երբ ապրում էր «ազատ ու անկախ Խորհրդային Հայաստանում»:
Իրապէս վիրաւորական է այս տգիտութիւնը, որը յատուկ միտումով դեռ շարունակւում է նսեմացնելու կամ մոռացութեան մատնելու, ջնջելու մեր առաջին անկախութեան պատմութիւնն ու խորհուրդը:
Մինչեւ օրս դեռ շարունակւում է մեր պատմութեան աղաւաղումը, շարունակւում է պոլշեւիկներից սկսած գրոհը Դաշնակցութեան եւ նրա հետ կապուած իւրաքանչիւր մասունքի ու գործունէութեան հանդէպ: Բոլորովին պատահական չէ, որ օրհներգի հետ միաժամանակ առաջարկւում է փոփոխել նաեւ մեր դրօշն ու զինանշանը:
Վստահաբար ԱԺ-ի փոխնախագահը անծանօթ է այն գրոհներին, որ տեղացել է այդ մասունքների գլխին 70 երկար տարիներ: Նա կարծում է` իր այդ քայլով մեր բազում կեղծուած պատմութեան մէջ մի նոր էջ է աւելացնելու ու հրամցնելու որպէս նոր յեղափոխութեան պարգեւ: Անծանօթ է, որ սփիւռք հրաւիրուած հայ նշանաւոր գրողներից շատերը մերժում էին կանգնել եռագոյնը պարզած բեմերում եւ Դաշնակցութեան զինանշանի տակ, իրենց այդ խորհրդայնանուէր քայլի համար երկիր վերադառնալով` պարգեւատրւում Քա. Կէ. Պէ.-ի մետալներով: Եւ ի՞նչ ստացուեց, այնուամենայնիւ 100 երկար ու ձիգ տարիներ դրանք պահպանեց հայրենանուէր մեր գիտակից ժողովրդի մի հոծ հատուած եւ հպարտօրէն փոխանցեց իր երկրորդ անգամ անկախացած երկրին:
Ժամանակին մի անուանի մտաւորականի հարցրի, թէ գիտէ՞ մեր առաջին անկախութեան օրհներգը: Նա հարցրեց. «Այսի՛նքն` Դաշնակցութեա՞ն օրհներգը»: Մինչեւ օրս այս մոլորութիւնը շարունակւում է եւ այն դարձնում հիմնականում Դաշնակցութիւնը ոչնչացնելու թիրախ:
Ո՛չ, սիրելինե՛ր, ժամանակն է տարբերէք` դաշնակցութեան օրհներգը «Մշակ, բանուոր»-ն է, իսկ ներկայ օրհներգը մեր առաջին անկախութեանն է, որը ծնունդ առաւ ոչ պատրաստի, ոչ դրսի ուժերի օգնութեամբ, այլ` մոխիրներից ու ծուատուած ժողովրդի հայրենատենչ անձնազոհութիւնից:
Այն ծնունդ առաւ Բաշ Ապարանից ու Սարդարապատից, այդ օրհներգի եւ մեր եռագոյն դրօշի առջեւ խոնարհուեցին ոչ միայն տառապած ու իր զաւակների արեան գնով պայքարած մի ողջ հայրենատենչ ժողովուրդ, այլ նաեւ` այնպիսի մեծութիւններ, որոնք անձեւ քաոսից ընդամէնը երկու տարում կերտեցին մեր Ա. հանրապետութիւնը, գիտական ու կրթական օճախները, աշխարհի 40 երկրներում դիւանագիտական ցանցեր` դեսպանատուներ բացեցին ու անյայտութիւնից Հայկական հարցը միջազգայնացրին: Եւ այդ նոյն պոլշեւիկ-համայնավարների ձեռքով, որի պատուէրով ստեղծուած օրհներգն էք ուզում ետ բերել, մեր անկախութիւնն ու մեր հարցերը խորտակուեցին:
Այս նորօրեայ յեղափոխութեան մոլեռանդ պաշտպանները իրար անցած` փորձում են նոր դրօշ արարել, հաւանաբար մուրճն ու մանգաղն էլ վերադարձնեն, սակայն առայժմ բաւարարւում են խաչերով ու գորշ գոյներով` մոռանալով, որ խաչակիրների դարը վաղուց պատմութեան արխիւն է նետուել: Մոռանալով, որ դրօշը փոխւում է միայն այն դէպքում, երբ երկիրը օտարի ներխուժումով պարտւում կամ գրաւում է եւ ներխուժողը իր դրօշն է պարտադրում, ինչպէս եղաւ պոլշեւիզմի պարագային: Մի՞թէ իրենք իրենց օտարների շարքին են դասում:
Մոռանում են, որ ազգային խորհրդանիշները արտացոլում են տուեալ ժողովրդի պատմութեան յաղթական վերելքը: Եւ այսօր, փոխանակ փայփայելու մեր սակաւ փառապանծ վերելքը` մեր առաջին անկախութիւնը, որի արդիւնքում մենք այսօր երկիր ունենք` եւ այդ երկրում մի մեծ առաւելութիւն է տրուել իրենց, ժամանակաւոր պաշտօններ զբաղեցնել երկրի կառավարման մէջ, դեռ ուզում են իրենց փոփոխութիւններով ի սպառ փոխել պատմութեան ընթացքը: Սա ահաւոր քայլ է, մտածումն անգամ` դատապարտելի եւ մեր նոր սերունդի վերջնական աղաւաղում:
Կարծում եմ, այսպէս որ շարունակուի, շուտով հերթը հասնելու է նաեւ մեր դիւցազնավէպին` յայտարարելով, որ յեղափոխական իրենց ոգուն չեն համապատասխանում, օրինակի համար, Ձենով Օհաններն ու Ցռան Վերգոները: Որ` Մսրայ Մելիքին պէտք է տայինք, ինչ որ պահանջում էր: Ո՞վ գիտէ, ամէն ինչ սպասելի է, երբ մարդը տգէտ է, երբ կորցնում է իր ազգային եւ քաղաքացիական պատասխանատուութիւնը:
Շատ երկար տարիներ խորհրդայինները ջանք ու դրամ չխնայեցին պառակտելու մեր ժողովրդին: Հարիւրաւոր հայորդիներ առեւանգուեցին եւ խոշտանգուեցին նրանց այդ տխրահռչակ քարոզչութեան հետեւանքով` տրամադրելով ժողովրդին Դաշնակցութեան դէմ, վարկաբեկելով եւ խեղաթիւրելով նրա պատմութիւնն ու իւրաքանչիւր քայլը: Անգիտակից ժողովրդին հեշտ էր պառակտելը, բայց այսօր այլ է դրութիւնը: Դաշնակցութիւնն ամէնուր է` որպէս ժողովրդային կուսակցութիւն, հսկայ մի սփիւռք նոյն փայփայանքով է կապուած իր խորհրդանիշներին` իր օրհներգին, դրօշին եւ զինանշանին, ինչպէս` անցած 100 տարիների ընթացքում, եւ աճող սերունդը պարծանքով է այն կրում օտար երկրների կործանիչ բռունցքի տակ:
Համացանցերով ու ժամանակակից արագ լրատուութեամբ ժողովուրդը տեղեկանում է աւելիով լուրերի, որքան էլ փորձեն թաքցնել իշխանութիւնները: Այդ արագ եւ բաց լրատուութեան շնորհիւ` ականատես եղանք մեր նոր կառավարութեան խորհրդարանական նիստին, ուր միայն քծնանքն ու մեծարումն էին տիրում, բայց ոչ` երկրի հրատապ հարցերը:
Մեր երկիրը եւ ժողովուրդը այսօր աւելի կարեւոր խնդիրներ ունեն իրենց առջեւ դրուած, որոնցից ճակատագրականը Արցախի եւ մեր երկրի ապահովութեան հարցն է: Ուստի ժողովրդին պառակտելու միջոցների, խօսքի ազատութիւնը կապանքելու ու սուտ պատճառաբանութիւնների փոխարէն աւելի օգտակար պիտի լինէր, որ պաշտօններ զբաղեցրած անձերը իրենց ժամկէտներում զգաստօրէն ծառայեն երկրին ու ժողովրդին` միշտ յիշելով, որ իրենք միայն ժամանակաւոր աթոռներ են զբաղեցնում, իսկ ժողովրդի փայփայած խորհրդանիշներն ու արժէքները յաւերժ են: