Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13581

Մուսա Լեռ. Լորտ Ճէյմս Պրայս «Կապոյտ Գիրք» (Հայերի Վիճակը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1916 Թուականներին) (Անգլերէնից Հայացրեց Պօղոս Արմենակ Լագիսեան)

$
0
0

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Քալիֆորնիա, Հայ գրողների միութեան անդամ

p6-dewwe– Յաջորդ մի քանի օրերի ընթացքում թշնամին ոտքի հանեց բազմաթիւ մղոնների շառաւիղի ամբողջ մահմետական բնակչութեանը` թերեւս տասնհինգ հազարանոց հրոսակախումբ: Այդ խոշոր թուաքանակով նրանք ի վիճակի էին շրջապատել  լեռը`  ցամաքի կողմից պաշարելով Մուսա Տաղը: Նրանց ծրագիրը սովամահ կ՛անէր մեզ: Ծովի կողմից նաւահանգիստ չկար եւ ոչ էլ հաղորդակցութեան ուղիներ` որեւէ ծովային նաւահանգիստի հետ: Լերան զառիթափ բարձունքը ուղիղ դէպի ծովն էր իջնում: Մենք, լրիւ զբաղուած էինք մեր վիրաւորների խնամքով ու ճամբարին պատճառուած փլուզումների վերանորոգումով: Մինչեւ հիմա պատահած մեր փրկութեան համար ծիսական յատուկ արարողութիւններ էինք կատարում: Աստծուն շնորհակալութիւն էինք յայտնում, խնդրում էինք պահպանել մեր ընտանիքներն ու փոքրերը: Մարտական մկրտութեան այս տառապանքի մէջ,  լուսաւորչականներն ու բողոքականները միաձուլուել էին մէկ դաւանանքի ու ընկերակցութեան մէջ: Այդ ժամանակ էր, որ կինս ծնեց մեր անդրանիկ տղայ զաւակը:  Մի քանի օր յետոյ դէպի ծովի ուղղութեամբ իջնող վայրէջքի դժուարութիւնից շատ տանջուեց, ինչքան հնարաւոր էր` նեցուկ եղայ նրան: Փա՛ռք Աստուծոյ, նա հիմա  առողջական լաւ վիճակի մէջ է, այդպէս է նաեւ մեր տղան:

– Երբ յայտնաբերեցինք, որ մեր լեռը պաշարման մէջ է, սկսեցինք հաշուարկել մեր ունեցած ուտելիքի պաշարի չափը: Լերան բարձունքների վրայ գտնուելու առաջին շաբաթների ընթացքում արդէն սպառել էինք տնից մեր հետ բերած հացի, ձիթապտուղի եւ պանիրի պաշարները: Շատ քչերն էին ի վիճակի եղել իրենց հետ բերելու ալիւր կամ այլ հացահատիկ: Արդէն մէկ ամիս անց, մենք ապրում էինք մեր մանր եղջիւրաւոր անասունների հաշուին: Այծերի կաթը օգտագործում էինք փոքր երեխաների ու հիւանդների համար: Ամէն օր մորթում էինք մի քանի այծեր ու ոչխարներ: Մսեղէնի այդ անփոփոխ կերակրաբաժինը մեզ համար լաւ չէր: Սակայն խորապէս շնորհակալ էինք, որ ազատուել էինք սովի տառապանքներից: Մենք անասունների հօտի ստոյգ հաշուարկ կատարեցինք եւ գտանք, որ նոյնիսկ կրճատուած մսի մասնաբաժնի մեր պաշարը պիտի բաւականացնէր ոչ աւելի քան երկու շաբաթ: Այս անհանգստութեան ճնշման տակ սկսեցինք մտածել ծովով փախչելու ծրագրի շուրջ: Պաշարումը լրիւ օղակուելուց առաջ որոշեցինք սուրհանդակ ուղարկել նահանգի կեդրոն` Հալէպ քաղաք: Թրքական գիւղերի միջով անցնելով, ութսուն մղոն վտանգաւոր ճանապարհորդութիւն կատարելով` Հալէպի հիւպատոս պարոն Ճեքսոնին խնդրագիր ներկայացնել, հնարաւորութեան դէպքում ծովի ճանապարհով մեզ օգնութիւն տրամադրել: Սակայն երբեք հաւանական չէր, որ մեր սուրհանդակը երբեւիցէ կարողանար Հալէպ հասնել: Միտք էր ծագել, որ երեսունհինգ մղոն դէպի հիւսիս գտնուող Ալեքսանտրեթի նաւահանգստում կարող էր դաշնակից տէրութիւնների մի որեւէ ռազմանաւ խարսխած լինէր: Մեր երիտասարդ մարդկանցից մէկը, որը ուժեղ լողորդ էր, կամաւորագրուեց սողալով անցնել թրքական սահմանագծի միջով, գօտիի մէջ ամրացուած անգլերէն լեզուով հաղորդագրութիւնը փոխանցել նաւահանգստում խարսխած ռազմանաւին: Նրան յաջողուել էր  հասնել նաւահանգիստ: Բլուրների վրայից դիտարկել էր այն, տեսել, որ այնտեղ ռազմանաւ խարսխած չէր: Ապահով վերադարձել էր ճամբար: Նրա ծրագիրն էր` նաւահանգստում  խարսխած որեւէ ռազմանաւին հասնելու համար բաց ծով լողալ, Ալեքսանտրեթ տանող ճանապարհների թրքական ժամապահներից խուսափելու համար, շրջագծով ետ դարձ անել, մօտենալ ռազմանաւին:

– Այնուհետեւ, երեք օրինակներով պատրաստեցինք հետեւեալ կոչը: Որեւէ անցնող նաւի նկատմանբ մշտապէս աչալուրջ լինելու համար ծովափին երեք հերթապահ լողորդներ նշանակեցինք,: Որպէսզի հնարաւոր լինէր մօտենալ ծովածոցով անցնող նաւի, նրանց յանձնարարուել էր զարնուել փոթորկոտ ծովի ալիքներին, լողալով մի անկեան տակ` հասնել նաւին եւ պատրաստուած կոչը փոխանցել  հրամանատարին:

«Որեւէ անգլիական, ամերիկեան, ֆրանսական, իտալական կամ ռուսական ծովակալի, հրամանատարի, իշխանութեան ներկայացուցիչի, ում այս խնդրանքը կարող էր հասնէր, Աստուծոյ ու մարդկային եղբայրութեան անունով կոչ ենք անում.

«Մենք` հայկական վեց գիւղերի ժողովուրդը, բոլորը միասին մօտաւորապէս հինգ հազար հոգի, Մուսա Տաղի Տամլաճըկ կոչուած այս ծովեզերեայ հատուածում ենք գտնւում: Այն Սուէտիա վայրից դէպի  հիւսիս-արեւմուտքի ծովածոցի կողքով երեք ժամուայ ճանապարհ է:

«Մենք թրքական բարբարոսութիւնից եւ տանջանքներից ապաստան ենք գտել այստեղ, մեզանից շատերը մոլեգնած են մեր կանանց պատուի համար:

«Պարո՛ն, դուք պէտք է իմացած լինէք բնաջնջման այն քաղաքականութեան մասին, որ թուրքերը գործադրում են մեր ազգի նկատմամբ: Ըմբոստութիւնը կանխելու քողի տակ հայերին ցիր ու ցան են անում: Մեր ժողովուրդը վտարուած է իր տներից, զրկուած` իր պարտէզներից, իր այգիներից եւ իրենց բոլոր սեփականութիւններից:

«Այս վայրագ ծրագիրը արդէն կիրառուել է Զէյթուն քաղաքի եւ նրա երեսուն երկու գիւղերի նկատմամբ` Ալբուստան, Կիօքսուն, Եարփուղ, Կիւրին, Տիարպեքիր, Ատանա, Թարսուս, Մերսինա, Տէօրթեօլ, Հաճըն եւ այլն: Եւ նոյն քաղաքականութիւնը կիրառուել է Թուրքիայի տարբեր մասերի մէկ ու կէս միլիոն հայերի նկատմամբ: «Հիմակուայ գրողը մի քանի ամիս առաջ Զէյթունում Աւետարանչական եկեղեցու քարոզիչ-հովիւն էր, ականատեսը տարագրութեան ճանապարհներին պատահած անասելի դաժանութիւնների: Ես տեսայ ճանապարհի երկայնքով քշուած ութ կամ տասը անդամներից բաղկացած հովուական ընտանիքների: Նրանց վեց եւ եօթը տարեկան  անօթի ու ծարաւ բոպիկ երեխաները ճանապարհի յոգնեցուցիչ երթից ոտքերնին ուռած` քայլում էին տարիքոտ մեծ հայրերի ու մեծ մայրերի հետ: Ճանապարհի քայլքի ընթացքում լսւում էին անէծքներ ու աղօթքներ: Մեծ վախի ճնշման տակ մի քանի մայրեր Ճանապարհի կողքի մացառուտների մէջ ծնունդ տուին իրենց զաւակներին: Թրքական ուղեկցող պահակախմբի կողմից հարկադրւում էին անմիջապէս շարունակել տարագրութեան ճանապարհի երթը: Այն այնքան էր  շարունակւում, մինչեւ որ «բարի» մահը կը հասնէր իրենց տանջանքին վերջ տալու:

«Ժողովուրդի մնացած մասը, որոնք բաւական ուժ ունէին կրելու ճանապարհի երթի դժուարութիւնները, ուղեկցող ոստիկանների մտրակների տակ քշւում էին դէպի հարաւի տափաստաններ: Շատեր մահացան ծարաւից ու անօթութիւնից, ողջ մնացածները կողոպտուել էին ճանապարհի երթի ընթացքում: Շատեր վարակուել էին ճահճային տենդ հիւանդութիւնով, մահացածներին թաղում էին ճանապարհների եզրերին: Որպէս այս մութ ու գարշելի ողբերգութեան վերջին արար` արաբներն ու թուրքերը կոտորեցին բոլոր տղամարդկանց ու այրիներին: Աղջիկներին բաժանեցին իրենց տոհմերի միջեւ:

«Մօտաւորապէս քառասուն օր առաջ կառավարութիւնը տեղեկացրեց մեզ, որ մեր վեց գիւղերը պէտք էին տարագրուել: Մենք աւելի սիրով գերադասեցինք քաշուել մեր լեռները, քան` տարագրութեան հրամանին հնազանդիլ:  Հիմա մեզ մնացել է քիչ ուտելիք, թուրքի զօրքը շրջապատում է մեզ: Մենք հինգ կատաղի ճակատամարտեր ենք մղել, Աստուած մեզ  յաղթանակ է շնորհել, սակայն յաջորդ անգամ շատ աւելի խոշոր զինական ուժերի դէմ պիտի կանգնենք: Պարո՛ն, Քրիստոսի անունով կոչ ենք անում ձեզ:

«Մենք թախանձում ենք ձեզ, փոխադրել մեզ Կիպրոս կամ այլ ազատ երկիր: Մեր ժողովուրդը ծոյլ չէ: Մենք պիտի վաստակենք մեր հացը, եթէ աշխատանքով ապահովուած լինենք: Եթէ այդ շնորհելը չափազանց շատ կը լինէր, առնուազն մեր կանանց, երեխաներին ու ծեր մարդկանց փոխադրել, սպառազինել մեզ բաւարար զէնքերով ու զինամթերքով, մեր ամբողջ զօրութեամբ ձեզ հետ պիտի պայքարենք թրքական ուժերի դէմ: Բարի՛ եղէք, պարոն, մի՛ սպասէք այնքան, մինչեւ որ չափից աւելի ուշ լինի:

«Յարգանքով` ձեր ծառան, այստեղի բոլոր քրիստոնեաների անունից:

Սեպտեմբեր 2,

Տիգրան Անդրէասեան»

Օրերը անցնում էին, սակայն ոչ մի առագաստ չէր երեւացել: Պատերազմ էր եւ առափնեայ նաւարկութիւնը  նուազագոյն չափի էր կրճատուել: Իմ խորհուրդի համաձայն, մեր կանայք պատրաստում էին երկու վիթխարի դրօշակներ, որոնց մէկի վրայ տպագիր, խոշոր ու պարզորոշ անգլերէն գրերով գրեցի. «ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ ԴԺԲԱԽՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԵՆ»: Սեւ տառերով գրուած սպիտակ դրօշակ էր այն: Միւսը նոյնպէս սպիտակ էր, կեդրոնում կարմիր խոշոր խաչ էր: Մենք ամրացրինք այդ դրօշակները նորատունկ ծառերին ու նրանց ստորոտին: Հորիզոնը ուշադիր դիտելու համար արշալոյսից մինչեւ մայրամուտ հերթապահութիւն նշանակեցինք: Մի քանի օրեր անձրեւ ունէինք, ուրիշ օրերին էլ ուժեղ մառախուղ ու մշուշ էր, որոնք ընդհանրապէս գերիշխում էին մեր ծովեզերեայ  փոքր մասին:

Թուրքերը լերան տարբեր մատոյցներից նորէն յարձակուեցին մեզ վրայ: Ունեցանք մի քանի կատաղի մարտեր, սակայն երբեք ոչ այնպիսի մօտիկ ձեռնամարտ, ինչպիսին առաջին գլխաւոր ընդհարումն էր: Դիտարկման կէտերից մէկից հնարաւորութիւն ունեցանք գլաժայռեր գլորելու գահավէժ լերան կողն ի վար: Թշնամուն կործանարար վնասներ պատճառեցինք: Մեր վառօդն ու փամփուշտները նուազում էին: Թուրքերը ակնյայտ կերպով որոշ գաղափար ունէին այն կապանների մասին, որտեղ մենք էինք: Յանձնուելու համար նրանք սկսել էին վիրաւորական կոչեր արձակել: Դրանք տագնապալի օրեր ու երկար գիշերներ էին:

Մի կիրակի առաւօտ, մեր պաշտպանութեան յիսուներեքերորդ օրը,  զբաղուած էի մեր ժողովուրդին քաջալերելու ու գօտեպնդելու համար կարճ քարոզ պատրաստել: Խիստ ցնցուել էի մի մարդու ամբողջ ձայնով գոռալը լսելով: Մեր բանակատեղիի միջով արագ վազելով` եկաւ դէպի իմ խրճիթը: «Հոգեւո՛ր հովիւ, հոգեւո՛ր հովիւ» բացագանչեց նա, «մի ռազմանաւ է գալիս եւ պատասխանեց մեր ձեռքերով նշան անելու շարժումներին»: Շնորհակալութիւն Աստծուն, մեր աղօթքները լսուած էին: Երբ մենք շարժուեցինք կարմիր խաչով դրօշակի մօտ, ռազմանաւը պատասխանում էր ազդանշանային դրօշակները շարժելով: Նրանք տեսնում էին մեզ եւ նաւարկում աւելի մօտիկ ծովափին:

Պարզուել էր, որ  չորս ծխնելոյզանի Ֆրանսական Կիշէն  անունով նաւն էր այն: Մինչ ռազմանաւի նաւակներից մէկը ծովն էր իջեցւում, մեր երիտասարդ մարդկանցից մի քանիսը արագ վազեցին ծովափ եւ անմիջապէս սկսեցին դէպի բաց ծովում խարսխած փառահեղ նաւը լողալ: Թւում էր, որ Աստուծոյ կողմից էր այն մեզ ուղարկուած  լինէր: Տրոփող սրտերով աճապարեցինք ծովափ իջնել: Կացութիւնը բացատրելու համար ռազմանաւի նաւապետից հրաման եկաւ պատուիրակութիւն ուղարկել: Ռազմանաւի ծովակալը իր ենթակայութեան տակ գտնուող նաւատորմին անթել հեռագիր ուղարկեց: Շուտով հորիզոնում երեւաց նաեւ նաւատորմի դրօշակակիր` «Սենթ Ժան Տարք» նաւը, որին հետեւում էին ուրիշ ռազմանաւեր: Ծովակալը մխիթարական խօսքեր արտայայտեց մեզ, քաջալերեց, ապա հրաման արձակեց` համայնքի բոլոր մարդկանց նաւի վրայ վերցնել: Նաւ նստելը անշուշտ մի քիչ ժամանակ առաւ: Ժողովուրդին Եգիպտոս` Փոր Սայիտ տեղափոխելու համար նաեւ անգլիական մի ռազմանաւ հրաւիրուեց: Մենք չորս ֆրանսական ու մէկ անգլիական յածանաւերի վրայ էինք, չափազանց ազնուօրէն հոգատարուած էինք: Երկու օրուայ ընթացքում հասանք Փոր Սայիտ: Հիմա անգլիական իշխանութիւնների կողմից տրամադրուած հաստատուն ճամբարում ենք: Մենք  մասնաւորապէս երախտապարտ ենք պարոն Ուիլիըմ Ս. Հորմպլոըրին` այս ճամբարի գերազանց կազմակերպման համար եւ տիկին Փ. Ճ. Իլկուտին եւ օրիորդ Ռուսսելին` մեր նկատմամբ ցուցաբերած անխոնջ ջանքերի համար: Երախտապարտ ենք նաեւ վերջերս Գահիրէում կազմակերպուած` «Հայկական կարմիր խաչ» ընկերութեան պատուաւոր նախագահ, լուսաւորչական եկեղեցու եպիսկոպոսին, «Կոդակ» ընկերութեան տնօրէն Պարոն Ֆերմանեանին ու նրա քարտուղար փրոֆեսօր Գայեանին` երեք բժիշկներից ու երեք բուժքոյրերից  բաղկացած անձնակազմ ուղարկելու մեր ճամբար:

Ճշգրիտ վիճակագրութիւն էր կատարուել, այն ցոյց էր տալիս, որ վերապրողների թուաքանակը հետեւեալն է`

427` չորս տարեկանից ցածր մանուկներ ու երեխաներ
508` չորսից մինչեւ տասնչորս տարեկան աղջիկներ
628` չորսից մինչեւ տասնչորս տարեկան տղաներ
1441` տասնչորս տարեկանից բարձր կանայք
1054` տասնչորս տարեկանից բարձր տղամարդիկ
4058` Փրկուածների ընդհանուր թուաքանակը

Յուլիսի 13-ին թուրքերի առաջին մարտահրաւէրից յետոյ մենք ունէինք ութ օրերի իրաւախոհութիւն ու տարբեր պատրաստութիւններ տեսնելու ժամանակահատուած: Մենք յիսուներեք օրեր մեզ պաշտպանեցինք Մուսա Տաղի վրայ եւ սեպտեմբերի 14-ին երկու օրերի ճանապարհորդութիւնը մեզ հասցրեց Փոր Սայիտ: Մենք չենք մոռանում, որ ապաստանի ապահովութեան համար Փրկիչը իր մանկութեանը Եգիպտոս էր բերուել: Յովսէփի եղբայրակիցները ցորենի ու եգիպտացորենի մատակարարման համար չէին կարող աւելի երախտապարտ լինել քան մենք ենք:

Ֆրանսական Նաւատորմի Ռազմանաւերի
Յայտարարութեան Համաձայն,
Ներքոյիշեալը Կազմուած Է Եգիպտոսի
Լուսաւորչական Համայնքի Եպիսկոպոս Թորգոմի Կողմից

Գաղթականների թուաքանակը.

Ճշգրիտ վիճակագրութիւն էր կատարուել ռազմանաւերում, ըստ որի` գաղթականների թուաքանակը եղել է.

915 տղամարդիկ
1408 կանայք
702 տղաներ
539 աղջիկներ
639 երեխաներ
Ընդամէնը` 4200 հոգի

Գաղթականների ծագումը

Նրանք բոլորը եկել էին Սելեւկիայի գիւղերից, Հալէպի վիլայեթ, Անթաքիայի սանճաք, Լեքքիայի շրջան.

160 ընտանիք` Խըտըրպէկ գիւղից
228 ընտանիք` Եօղունօլուգ գիւղից
220 ընտանիք` Հաճի Հապապլի գիւղից
221 ընտանիք` Վագըֆ գիւղից
10   ընտանիք` Քէպուսիէ գիւղից
170 Պիթիաս գիւղից
Ընդամէնը` 868 ընտանիք

Սակայն այդ ընտանիքները չէին ներկայացնում ընդհանուր թուաքանակը այն ընտանիքների, որոնք բնակւում էին իւրաքանչիւր գիւղում.

240   ընտանիք` Քէպուսիէ գիւղում
2   ընտանիք` Եօղունօլուգ գիւղում
80    ընտանիք` Հաճի Հապապլի գիւղում
10    ընտանիք` Պիթիաս գիւղում
Ընդամէնը` 332 ընտանիքներ

Այսպիսով, 332 ընտանիքներ տանը մնացին, որոնք յետոյ տարագրուեցին թրքական կառավարութեան կողմից:

 

Կլենտէյլ, 2005 թ.

(Շար. 2 եւ վերջ)

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13581

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>